ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ… ԱԿՈՒՆՔՆԵՐ

 

mtnemrut

Արև… ջեմացրու ինձ, Արև… գիրկս եկ, Արև… ես ուխտի եմ եկել քեզ մոտ, քեզ համար, Արև… ես սիրում եմ քեզ, ես քոնն եմ Արև….

2015 թվականի հունիսի 20-ին, 27 ուխտավորներով Արորդաց ուխտի նախաձեռնությամբ կրկին մեկնեցինք Արևմտյան Հայաստան: Նպատակը  Էրգրի հեթանոսական սրբավայրեր այցելությունն էր, ինչպես նաև՝ տեղի հայության հետ շփումները: Նպատակ ունեինք նաև հունիսի 22-ի լուսաբացը՝ Արևափառը, դիմավորել Երիզայի Անահիտի տաճարում…

27 ուխտավորներ. Արևի կարոտ, Արևի հետևից ուղևորվեցինք Էրգիր:

Մեր խումբը հունիսի 20-ի գիշերը շարժվեց Երևանից: Անցնելով Բավրայի անցակետը՝ լուսաբացը դիմավորեցինք Ջավախքում…

Ջավախք… Գուգարաց աշխարհի այս գոհարը գերության մեջ է: Մենք արևագալը  դիմավորեցինք պարով՝ Արևին նվիրված պարով…խելահեղ պարով…  ապա առաջանալով՝ նախաճաշեցինք բնության գրկում՝ հենց ճամփեզրին…

Կեսօրին անցանք վրաց-թուրքական սահմանն ու հայտնվեցինք Կարսի մարզում՝ Արդահանի շրջանում…

Կարս… ցավոք, այս քաղաքի անունը չի կապվում հայոց պատմության փառահեղ էջերի հետ… Կարս՝ մռայլ, դժգույն պատմություն, տխուր տարեթվեր….

1055 թվականին Կարսի արքան քաղաքն առանց դիմադրության հանձնեց Բյուզանդիային ու հեռացավ արևմուտք…

1920 թվական… հայոց սպառազեն բանակն առանց կրակոց արձակելու Կարսում անձնատուր եղավ թուրքին. Թուրքին, ում նկատմամբ ուներ առավելություն թե զինատեսակով, թե թվաքանակով, թե՝ ռազմավարական դիրքով…

1921 թվական… այստեղ կնքվեց տխրահռչակ պայմանագիրը, որով վաճառքի հանվեց Հայոց հայրենիքը…

Հայոց հնամենի մայրաքաղաքը մեզ դիմավորեց գունագեղ մռայլությամբ. Կարսն այսօր մոտ 90.000 թուրք և քուրդ բնակիչներով կեղտոտ, ծուռումուռ փողոցներով քաղաք է: Մենք Կարսում կարճատև շրջայց միայն կատարեցինք, ապա ճաշեցինք ,,Անի,, ռեստորանում և առաջ շարժվեցինք:

Առհասարակ, այս ուխտագնացության ժամանակ լրացուցիչ բարդություն էր մեզ համար այն, որ ուխտի օրերը համընկան մահմեդականների ռամազանին: Ռամազանի ժամանակ հավատացյալ մահմեդականները ցերեկը չեն սնվում, և ցերեկվա ժամերին բաց, սպասարկող ռեստորան գտնելը դժվար էր….

Տխուր տպավորություններով Կարսից շարժվեցինք դեպի արևմուտք, դեպի մեր նպատակակետը, դեպի Արևը….

Մեր հաջորդ կանգառը Սարիղամիշում էր. Ոչ, մենք Սարիղամիշ քաղաք չմտանք: Կարս-Էրզրում ճանապարհին, Սարիղամիշ քաղաքի մատույցներում թուրքերը մի խորհրդանշական հուշարձան են կանգնեցրել՝ նվիրված 1914 թվականի Սարիղամիշի օպերացիային: Հուշարձանը երկու մասից է բաղկացած: Գրատախտակին  մարտական գործողությունների պլանն է: Մարտական գործողություններ, որի ժամանակ թուրքական բանակը ջախջախվեց: Թուրքերի ջախջախմանը նպաստեցին ռուսական բանակի կազմում կռվող հայ կամավորները, սպաները… Տասնյակ հազարավոր զոհեր տալով՝ թուրքերը նահանջեցին, իսկ բանակի հրամանատար Էնվեր փաշայի կյանքը փրկեց… թուրքական բանակում ծառայող հայ զինվորը… Ճակատագրի՜ հեգնանք… Ձախ կողմում պատկերված է ջարդված, բարոյալքված թուրք զինվորը, որ ոտքերը հազիվ քարշ տալով՝ փախուստի է դիմում մարտադաշտից…

Հուշարձարձանի մյուս մասում այլ պատկեր է՝ հաղթանակած ու խրոխտ ասկյարը՝ զինավառ, պատրաստ մարտի՝ հանուն հայրենիքի ու պատվի…

Հիրավի, ուսուցողական հուշարձան է. Թուրքերն անգամ պարտությունը կարողանում են դաստիարակչական նկատառումներով օգտագործել. Իսկ մենք… բարոյական հաղթանակներ ենք փառաբանում միայն, մոռանալով մեր պատմության փառահեղ էջերը…

Մենք շարունակեցինք մեր ճամփան դեպի Արևը…

Հասանք Բասեն գավառ՝ Արաքսին: Կանգ առանք Հովվի կամրջի մոտ:

Ավանդույթը պատմում է, որ ըմբոստ Արաքսն իր ճանապարհին կամուրջներ չի հանդուրժել: Եվ բազում փորձեր են արվել այստեղ կամուրջ կառուցելու: Ի վերջո, հերթական փորձի ժամանակ այստեղով հովիվ է անցնում, ում շինարարները խնդրում են կամրջի հիմքի քարն ինքը դնի, որպեսզի այն ամրակուռ լինի…. Եվ կամուրջը կանգուն է մինչ օրս…

Հովվի կամուրջը բազմաթռիչք գեղեցիկ կառույց է: Նրա տակ խառնվում են Արաքս և Մուրց գետերը…չքնա՜ղ տեսարան… Արաքսի պղտոր ջրերում ձուկ էր խաղում…

Մինչ 1915 թվականը Հովվի կամրջի մոտ Դալիբաբա հայաբնակ մեծ գյուղն է եղել: Այժմ Հովվի կամուրջը կանգնած է մենակ, մեկուսի, ականջալուր Արաքսի խուլ տնքոցին…

Հասանք Բասեն. Բասենն այժմ 320.000 բնակչությամբ քաղաք է: Քաղաքի գլխամասում Բասենի բերդն է՝ հզոր, անպարտ, անառիկ… Ցավոք, անցյալ դարասկզբին այս ամրությունն էլ առանց պայքարի, առանց կրակոցի թշնամուն հանձնեցինք: Այսօր, որպես անարգանք, Բասենի բերդի գլխին փողփողում է թուրքական կիսալուսինը…

Շարունակեցինք մեր ուղին դեպի Արևը…

Ճանապարհին՝ սարեր, լեռնաշղթաներ, գեղեցիկ հովիտներ… հրա՜շք երկիր, իսկական դրախտավայր… ու՞մ թողեցիք մեր երկիրը պապեր, ինչու՞ մոռացաք նախնյաց ավանդը, ինչու՞ ուրացաք հայկյան պատգամը, ինչու՞ ուրացաք սուրը…

Ավտոբուսում հնչեց Գուսան Հայկազունի երգը՝ Պիտի գնանք վաղ թե ուշ….

Գնում ենք, բայց դեռ գնում ենք ոչ որպես այս երկրի տերը, գնում ենք որպես ուխտավոր, որպես զբոսաշրջիկ….

-Կորցրեցինք մեր հողերը, երբ մեր ազգը թուլացավ,

Բահ ու գրիչ շատ սիրելուց զենք բռնելը մոռացավ….

Իմաստու՜ն խոսքեր….

Ճանապարհն անցնում է Կարնո դաշտով… խոսում էինք Կարինի փառահեղ, հայկական անցյալի մասին, խոսում էինք Սանասարյան վարժարանի մասին, փառաբանում Մկրտիչ Սանասարյանին՝ իր կատարած մեծագույն գործը, համեմատում նրա կերպարը մերօրյա մեծահարուստների հետ… համեմատում, ու լռում…

Առաջին գիշերը նախատեսել էինք անցկացնել Երզնկայում: Երզնկան այժմ Երզինջան է կոչվում: Ունի 120,000 բնակիչ՝ թուրքեր և քրդեր: Գեղեցիկ քաղաք է՝ ուղիղ, ձիգ փողոցներով… Երզնկայում են ծնվել միջնադարյան հայ անվանիներ՝ բանաստեղծ, իմաստասեր Հովհաննես Երզնկացի Պլուզը, տաղերգու Կոստանդին Երզնկացին, հայ իմաստասեր, մատենագիր Կիրակոս Երզնկացին, իմաստասեր, քերական, բանաստեղծ, թարգմանիչ Հովհաննես Ծործորեցին, այլոք….

Ու՞ր եք մեծանուն հայեր, ու՞ր եք… ու՞ր են սավառնում հիմա ձեր ոգիները… հայոց Երզնկայում հիմա թուրքն է տիրում, հայոց Երզնկայում հիմա ձեր կերտած փառքը չէ թևածում, ու՞ր եք…

Գիշերեցինք Երզնկայում…

Վաղ առավոտյան ուղևորվեցինք Երիզա: Երիզան այժմ կոչվում է Ալթըն թեփե: Մեծ բլուրի վրա է տեղավորված հայոց Աստվածների դիցարանը: Վաղնջական ժամանակներից Երիզան է համարվել հայոց հոգևոր կենտրոնը: Այստեղ էին Վահագն ռազմաստծու, Մայր Անահիտի, Իմաստուն Տիրի, հյուրընկալ Վանատուրի, սիրառատ ու գեղանի Աստղիկի, ընտանեկան օջախի պահապան Նանեի, տարերքի տիրուհի Ծովինարի, արդարադատ ու լուսատու Միհրի, հայոց մյուս Աստվածների տաճարները….

Երանի՜ ժամանակներ, երբ հայն աղոթում ու փառաբանում էր իր Աստվածներին, երբ հայի համար պաշտամունքն օտար չէր, երբ Հայրենիքն էր գերագույն սրբությունը, երբ հայը թշնամուն սիրելու փոխարեն իր զավակաց հայրենատիրություն էր պատգամում, երբ ապտակող ձեռքին մյուս այտը դեմ տալու փոխարեն սուր ճոճել էր սովորեցնում, երբ միշտ ամուր էր հայի բազուկն ու սուր՝ Թուր-Կեծակին… Երանի՜ ժամանակներ…

Երիզան ցանկապատած էր. Մենք, 27 ուխտավորներով հաղթահարեցինք այդ արգելքը, բարձրացանք սրբավայր:

Երիզայի սրբավայրը մի տեսակ որբացած, բայց հպարտ դիմավորեց մեզ: Շուրջ 1700 տարի այստեղ ուխտավորներ չէին բարձրացել,  շուրջ 1700 տարի այստեղ հայի աղոթք չէր հնչել, հայի Աստվածներին փառաբանող չէր եղել…

Արորդաց ուխտի քրմերը ծես կատարեցին Անահիտի տաճարում, ջահավառում արեցին: Մենք, երջանիկ ուխտավորներով Արևափառը նշեցինք: Կանգնել եմ ամենաբարձր կետում, ուր պետք է որ Տիրի տաճարը կամ աստղադիտարան եղած լիներ, ձեռքերս պարզած՝ գրկել եմ Արևը…

Արև… ջեմացրու ինձ, Արև… գիրկս եկ, Արև… ես ուխտի եմ եկել քեզ մոտ, քեզ համար, Արև… ես սիրում եմ քեզ, ես քոնն եմ Արև….

Ուժ ու զորություն եմ խնդրում Վահագնից, սեր եմ խնդրում Աստղիկից, առողջություն ու բարություն՝ Մայր Անահիտից, խոհոմություն՝Նանեից, արդարություն՝ Միհրից, զվարթուն միտք ու պայծառություն՝ Տիրից, առատաձեռնություն՝ հյուրընկալ Վանատուրից, իսկ հոգուս փոթորիկն ու տարերքը վստահում եմ Ծովինարին….

Փա՜ռք ձեզ, հայոց Աստվածներ, Հավերժ Փառք….

Երիզայի տաճարից ուղևորվեցինք դեպի Դերսիմ: Ըմբոստ այս լեռնաշխարհում  ալավիներ, զազաներ, քրդեր և իսլամացած հայեր են ապրում:

Ասել, թե ճանապարհը չքնաղ էր՝ նշանակում է ոչինչ չասել… գեղեցիկ սարեր, ոսկե դաշտեր, գետեր… գետեր, որ աչքի են ընկնում իրենց փիրուզե գույնով, զուլալ մաքրությամբ…

Դերսիմը բազմիցս ապստամբել է Թուրքիայի հանրապետության դեմ:  Քաղաքի կենտրոնում կանգնած է դերսիմցիների ապստամբության առաջնորդ Սայիդ Ռզայի արձանը. Այո, դերսիմցին չի վախենում, դերսիմցին այսօր էլ ապստամբ է…

Դերսիմում մենք կարճ շրջայց կատարեցինք դերսիմահայերի առաջնորդ Միհրան Փրկիչի հետ ու ճանապարհվեցինք Մնձուր…

Ճանապարհը շատ նման էր Լոռվա ձորին… բայց Դեբեդի կեղտոտ, աղտոտված ջրերի տեղ մեր ուղեկիցը Մնձուր գետն էր… Միհրան Փրկիչը հանձն առավ մեր զբոսավարի դերն ու պատմում էր տարածաշրջանում նախկինում եղած պատմական հուշարձանների մասին…

-Այստեղ եղել է սուրբ Կարապետ եկեղեցին, այստեղ՝ սուրբ Հակոբը….

Հիշեցի Գուսան Հայկազունու երգի խոսքերը.

-Հույսը միայն աստծու վրա՝ զենք բռնելը մոռացանք….

Ներիր սիրելի Գուսան, ուզում եմ խմբագրել երգիդ բառերը՝

-Հույսը օտա՜ր աստծու վրա…

Հասանք Մնձուր՝ արևմտահայ անվանի գրող Հակոբ Մնձուրու ծննդավայրը: Մնձուրում է գտնվել հայոց հեթանոսական գլխավոր սրբավայրերից մեկը՝ Անահիտի աղբյուրները:

Ավանդույթը պատմում է, թե Անահիտի աղբյուրի ջուրը սկիզբ է առնում Մայր դիցուհու ստինքներից, ու այն բուժական է, սրբազան է համարվում: Մինչ օրս տեղի հայերը, քրդերը, ալավիներն ու զազաները՝ իսլամ, քրիստոնյա թե հնադավան, չեն լողանում այդ սուրբ ջրերում, ջուրն օգտագործում են միայն խմելու և բուժական նպատակներով, անգամ ակունքների մոտ մոմ են վառում… զարմանալի է, բայց՝ փաստ…

Մնձուրում հանդիպեցինք Դերսիմի տեղական հեռուստաընկերության ներկայացուցիչ երկու կանանց, նրանցից մեկը հայուհի էր՝ շիկահեր, կապուտաչյա… մյուսը՝ ալավի… երկար զրուցեցինք: Խոսեցինք տեղացիների դավանանքի մասին. Պատմեց, թե իրենք Արև են պաշտում: Արևն ամեն առավոտ ծնվում է ջրից, ապա երեկոյան թաքնվում ժայռի մեջ. Արևը գերված է ժայռի մեջ, ու երկրի վրա լույս ու արդարություն կհաստատվի, երբ Արևն ազատվի քարե կապանքներից…

Տեսնու՞մ եք, որքան նման է  Միհրի պաշտամունքին… գրեթե կրկնօրինակն է… Սա էլ լրացուցիչ փաստարկ է, որ ալավիները, զազաները ծագումով հայեր են. Հայեր, ովքեր 301-ին չընդունեցին օտարի պաշտամունքը, կղզիացած ապրեցին մինչև մեր օրերը…

Մնձուրում երգեցինք, պարեցինք տեղացիների հետ, ու վերադարձանք Դերսիմ…

Դերսիմում, Սայիդ Ռզայի արձանի մոտ դարձյալ երգեցինք. Երգեցինք հայրենիքի մասին, կարոտի մասին, պայքար մասին… հարյուրավոր տեղացիներ հավաքված մեր շուրջ՝ ողջունում էին մեզ, ծափահարում, միանում…

Դերսիմում հնչեցին Գուսան Հայկազունի, Արսեն Համբարյանի, Գրիգոր Համբարյանի, Վարուժան Աղաջանյանի երգերը… ոգևորությունը մեծ էր…

Դերսիմից հեռացանք տխուր… 1915 թվականին ու՞ր էր ձեր ոգին պապեր, ինչու՞ դերսիմցու, վանեցու, ուրֆացու, շապինգարահիսարցու պես չմաքառեցիք, ինչու՞…

Շարժվեցինք դեպի Նեմրութ. Քյահթա քաղաքում ընթրեցինք տեղացի հայի ռեստորանում ու գիշերեցինք:

Առավոտյան բարձրացանք Նեմրութի դիցարան. Ո~վ հայոց աստվածներ,,,ձեր բարձունքից հսկում եք Հայկական լեռնաշխարհը, Հայոց հավիտենական հայրենիքը, Ո~վ Հայոց աստվածներ, Ձեր գլխատված արձանները վկաներն են մեր ողբերգության. Մեր ամոթի, մեր Պարտքի…

Նեմրութից ուղևորվեցինք Ուրֆա…

Ուրֆայի միջնադարյան անունը Եդեսիա է, Ուռհա… դեռ վաղնջական ժամանակներում Հյուսիսային Միջագետքի այս քաղաքը կրոնների, մշակույթների յուրօրինակ խառնարան է եղել…

Ասում են, Ալեքսանդր Մակեդոնացին ժամանելով Եդեսիա՝ հիացած քաղաքի գեղեցկությամբ՝ գոչել է. Էդ-սե, որ նշանակում է՝ շատ եմ սիրում…

Ուրֆայի անունը 1915 թվականից հետո ահ ու սարսափ էր ներշնչում ամեն մի թուրքի: Եղեռնի դժնդակ օրերին ուրֆահայությունը (շուրջ 35.000 մարդ), հրաման է ստանում արտագաղթել… հայ երիտասարդությունը զինվում է և տենդագին պատրաստվում պատերազմի: Դրան զուգահեռ, հայ հոգևորականությունը փոխանակ առկա միջոցներով զենք գնելու՝ հանգանակած գումարը տալիս է թուրքերին իբրև կաշառք, որպեսզի նրանք չպատուհասեն հայությանը: Թուրքերը վերցնում են ընծան ու… սկսում կոտորածը:

Բայց քաջ ուրֆացիք Մկրտիչ Յոթնեղբայրանի հրամանատարությամբ դիմադրություն են կազմակերպում: Քաղաքում հայուհիների երեք զինավառ խումբ էր գործում, որ պակաս սարսափ չէր տարածում ոսոխի վրա:

Հայերն Ուրֆայում զոհվեցին. Բայց զոհվեցին պատվով, կռվով, տասնյակ հազարավոր ոսոխների դիաթավալ անելով. Նրանք տանջամահ չեղան Դեր Զորի անապատներում, նրանք չնահատակվեցին անմեղ գառնուկի պես, նրանք կռվեցին արիաբար ու ընկան որպես քաջեր՝ պատվով ու արժանապատվությամբ: Բայց սրբադասվեցին ոչ այդ արժանավորները, սրբադասվեցին խաչով ու աղոթքով Դեր Զոր քայլողները….

Գեղեցիկ է իսկապես Ուրֆան՝ հայոց Ուռհան… Մենք քայլեցինք քաղաքով, քաղաք, ուր 100 տարի առաջ արյան գետեր հոսեցին, ուր 100 տարի առաջ հայը դարձյալ ապացուցեց ինքն իրեն. Առանց զենքի չկա փրկություն…

Կրկին մտովի երգեցի Գուսանի երգը…

-Թույլ ազգերին չեն սիրում…

Թույլ տուր դարձյալ խմբագրել քեզ, սիրելի Գուսան. Թույլ ազգերին չեն ներում…

Գնացինք Ուրֆայի կենտրոն՝ հռչակավոր Աբրահամի աղբյուրները: Ուրֆան բիբլիական Աբրահամի ծննդավայրն է համարվում: Քաղաքի կենտրոնում գեղեցիկ լայն զբոսայգի է՝ ավազաններով, ուր սրբազան ջուր է՝ սրբազան ձկներով: Ամենուր կանաչ է՝ խնամված, մաքուր, կոկիկ, և ամենուր՝ հանդարտ լռություն….

Առավոտյան բարձրացանք Պորտասար. Պորտասարի հնավայրը վերջերս է հայտնաբերվել. Պեղված է տարածքի սոսկ տասերորդ մասը: Բայց… այն հեղաշրջում է առաջացրել համաշխարհային հնագիտության մեջ: 10-12000 տարեկան Պորտասարի հնավայր-տաճարը հնագույնն է ոչ միայն հայկականների մեջ, այլև՝ աշխարհում… Այստեղ, մեծ սալաքարի վրա պատկերված է Վահագնի ծնունդը՝ եղեգան փողից. Ճիշտ այնպես, ինչպես մեզ ավանդել է Քերթողահայր Խորենացին:

Հետդարձի ճամփան անցնում էր Տավրոսի լեռնազանգվածով… անցանք Դիարբեքիր-Տիգրանակերտ: Ոչ, չշփոթեք այս Տիգրանակերտը Տիգրան Մեծի մայրաքաղաքի հետ: Սա Տիգրան Երվանդյան հայոց արքայի կառուցած քաղաքն է, որ այժմ համարվում է ենթադրյալ Քրդստանի կենտրոնը:

Այցելեցինք Դիարբեքիրի սուրբ Կիրակոս եկեղեցի, որ ամենամեծն է ողջ Մերձավոր Արևելքում: Այստեղ մեզ դիմավորեցին տեղի հայության ներկայացուցիչները: Միասին ճաշեցինք, երգեցինք, պարեցինք դարձյալ Արևի պարը, գրկեցինք իրար, գոռացինք, չարացանք, լռեցինք…ցավեցինք…

Եկեղեցու նկուղում հայերը գինի են արտադրում. Հայոց արևահամ խաղողի գինին, որ ճաշակեցինք, այդ գինուց վաճառում են տեղում, համեղ էր…

Այցելեցինք քաղաքի մեծ մզկիթ, որի ճակատին դեռ կանգուն է վահագնական կեռխաչը, որ սյունաշար գեղեցիկ վահագնական տաճար է եղել ժամանակին, փոքրիկ շրջայց կատարեցինք Տիգրանակերտով և ուղևորվեցինք… Մուշ:

Մուշում էլ մեզ դիմավորեցին տեղի հայության ներկայացուցիչները…

Ընթրիքից հետո ես և Վարդան Օնանյանը եղանք Մուշ քաղաքի հայերի կենտրոնում… երկար խոսեցինք Թուրքիայում հայերի կացության, առկա խնդիրների մասին: Մեզ տեղեկացրին, որ միայն Մուշում շուրջ 10.000, իսկ Մուշի շրջանում՝ 40.000 հայեր են բնակվում, իսկ ողջ Թուրքիայի տարածքում հայերի թիվն անցնում է 10 միլիոնը… չափազա՞նց է…. Չգիտեմ…

Հայապահպանության, հայերի ինքնագիտակցության և ազգային զարթոնքի մասին մեր հարցերին ի պատասխան՝ տեղի հայերը ասացին, որ ամենամեծ խոչնդոտը հայ առաքելական եկեղեցին է, քանզի կղերականները անգամ ՀՀ քաղաքացիության դիմում ստանալու համար տեղեկանք չեն տալիս, որ իրենք հայ են, մատնացույց անելով կրոնը… Իսկ Թուրքիայում սահմանադրությամբ չկան ազգեր. կան կրոնական համայնքներ, և այդպիսով մեր եկեղեցին կամա թե ակամա՝ նպաստում է իսլամացած հայերի վերջնական ձուլմանը….

Գլխիկոր հեռացանք հայերի կենտրոնից. Գլխիկոր, քանզի նրանք այդ սուղ, դաժան ու դժվարին պայմաններում դպրոց են բացել, հայահավաք են կազմակերպում, հայերեն են սովորում, ուզում են հայության գիրկը վերադառնալ, բայց նրանց խոչնդոտում են ՀՀ իշխանությունները և եկեղեցին…

Լուսաբացին Սուլուխի կամրջում էինք: Սուլուխ… մեծանուն հայի՝ Գևորգ Չաուշի անվան հետ է կապված Սուլուխի կամրջի անունը: Մեղրագետի ջրերը տխուր հոսում էին՝ ձայնակցելով մեզ…

-Ելիր Գևորևգ ելիր, դուշմանը շատ է,

Հայոց ազգի համար, կռվելը փառք է…

Մենք երգում էինք, կոչում միլիոնավոր հայ նահատակներին: Ելեք հայեր, ելեք, վերածնվեք ձեր զավակաց, թոռների, ծոռների մեջ, վերածնվեք ու սուր վերցրեք, ուղղենք միասին մեր սխալները, հրով ու սրով սրբագրենք, թշնամու արյամբ սրբագրենք, ու վստահաբար պատգամենք. Հրով լինի, սրով լինի, պիտի գնանք, դեպի Հայոց հավիտենական հայրենիք…

 

Վահե Լոռենց

Տպագրվել է ,,Անկախ,, շաբաթաթերթում 2015 թվականի հուլիսի 9-ին

 

Facebooktwittergoogle_pluslinkedin