ՈՐՈՏՆԱՎԱՆՔ

Որոտնավանքը գտնվում է Սյունիքի մարզում, Որոտան գետի ձախակողմյան բարձունքին, Երևանից 220 կմ հեռավորության վրա:

Վանական համալիրը ներկայիս տեսքով կառուցել է Սյունաց Շահանդուխտ թագուհին, ով հայտնի է իր շինարարական գործունեությամբ: Մասնավորապես, Սյունաց Գրիգոր Առաջին թագավորի կինը կառուցապատել ու շենացրել է նաև Վահանավանքը:

Որոտնավանքում սակայն, եկեղեցի հիմնվել է դեռևս չորրորդ դարի սկզբին: Ավերված հեթանոսական տաճարի տեղում հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչն այստեղ հիմնել է Սուրբ Գրիգոր եկեղեցին:

Որոտնվանքը միջնադարում հայտնի էր օձի խայթը բուժելու հատկությամբ և դրա շնորհիվ նշանավոր ուխտատեղի էր:

Միջնադարյան հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը գրում է. «…ինչպես որ Փարպու եկեղեցին է բուժում մարդու եւ անասունի անբուժելի կատաղի ցավը: Այստեղ հենց այժմ էլ տեսնում ենք անպատմելի հրաշքներ. թունավոր զեռուներից խայթված, սեւացած ու պայթելու աստիճան ուռածներին հանում են բարձրադիր լեռները, ցույց են տալիս վանքը կամ եկեղեցուց մի քիչ հող են հասցնում, մակարդված թույնն իսկույն քայքայվում է, ու հիվանդը բուժվում է»:

Քանի, որ հայոց առասպելաբանության մեջ օձն ու վիշապը հաճախ նույնանում են, և Վիշապի պաշտամունքն անմիջականորեն առնչվում է հայոց դիցարանում Վահագն ռազմաստծու պաշտամունքի հետ՝ կարելի է ենթադրել, որ Որոտնավանքի տեղում հենց Վահագնի տաճար է եղել նախաքրիստոնեական Հայաստանում: Տեսակետի օգտին է խոսում նաև Վաղատնի գյուղի անվանումը, որտեղ գտնվում է Որոտնավանքը: Գուցե Վաղատնին դա Վահագնի աղավաղված ձև՞ն է:

Սուրբ Գրիգոր եկեղեցին ավերվել է երկրաշարժից և հետագայում այն վերանորոգվել է Ստեփանոս ճգնավորի կողմից:

1000 թվականին Շահանդուխտ թագուհին այստեղ կառուցել է Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, տնտեսական շինություններ, աղոթարան, պահեստներ, արհեստանոցներ: Թագուհին նաև պարսպապաատել է վանական համալիրը: Բոլոր շինությունները կառուցված են տեղական բազալտով:

Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին խաչաձև կենտրոնագմբեթ, եռաախորան եկեղեցի է, որի չորս անկյուններում ավանդատներ են: Եկեղեցին զարդարված է որմնանկարներով: Հուշագրավ է հատկապես հյուսիսային խորանի որմնանկարը, ուր պատկերված է աստղազարդ կապույտ երկինք, կենտրոնում՝ հրեշտակ:

Հետագայում, թագուհու որդին՝ Սունաաց Սևադա արքայազնը 1006 թվականին այստեղ կառուցեց Սուրբ Կարաապետ եկեղեցին և նրա կամարակապ գավիթը:

1326 թվականին, Օրբելյան իշխանների կողմից վանական համալիրի տարածքում նաև հյուրատուն է կառուցվել:

Որոտնավանքը կառուցապատել ու շենացրել են նաև Բուրթել և Բուղդա Օրբելյան իշխանները:

Թե՛ Շահանդուխտ թագուհին, թե՛ նրա որդին՝ Սևադա արքայազնը, թաղված են Որոտնավանքում:

Որոտնավանքը նաև գիտական մեծ կենտրոն է եղել միջնադարում: Այստեղ բարձրագույն տիպի դպրոց-վարդապետանոց է գործել, ուր դասավանդել է անվանի գիտնական Հովհան Որոտնեցին, ով Գլաձորի համալսարանից տեղափոխվեց և գործեց Որոտնավանքում:

Որոտնաավանքում գործել է նաև Հովհան Որոտնեցու նշանավոր աշակերտը՝  միջնադարյան մեծագույն իմաստասեր, աստվածաբան, Սուրբ Գրիգոր Տաթևցին։

15-րդ դարում այստեղ գործել է նաև եկեղեցական, մշակութային գործիչ, մանկավարժ Թովմա Մեծոփեցին:

1931 թվականին Որոտնավանքն զգալիորեն տուժել է երկրաշարժից և վերանորոգվել 21-րդ դարում:

 

Վահէ Լոռենց

Facebooktwittergoogle_pluslinkedin