Շնորհավոր տոնդ, Ուսուցի՛չ…

Շնորհավոր տոնդ, Ուսուցի՛չ…

Սիրելի ուսուցիչներ. Այսօր Ձեր մասնագիտական տոնն է:  Շնորհավորում եմ, խոնարհվում Ձեր առաջ, Ձեր վաստակի առաջ, Ձեր վեհության առաջ:

Շնորհավորում եմ ու խորին երախտիքով հիշում ուսուցիչներիս՝ Արփիկ Մկրտումյանին, Թերեզա Փարսադանյանին, Սեդա Բաբայանին, Սվետա Ավետյանին, Սիլվա Հոբոսյանին…

Բոլորիդ անունները մեկ-մեկ չեմ թվարկի… բայց երախտիքիս զգացումը փոխանցում եմ բոլորիդ:

Դուք ավագ ընկեր էիք, հոգատար ծնող, սրտացավ մասնագետ, Ուսուցի՛չ…

Ուսուցի՛չ, այլ ոչ՝ դասատու…

Բախտ եմ ունեցել սովորելու Ախթալայի թիվ մեկ միջնակարգ դպրոցում, որ այն տարիներին Ալեքսանդր Մյասնիկյանի անունն էր կրում: Մեր դպրոցը լավագույններից մեկն էր ՀԽՍՀ Թումանյանի շրջանում: Հարյուրավոր աշակերտներ էին սովորում՝ տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ հայեր, հույներ, ադրբեջանցիներ, ռուսներ… և բոլորիս մեջ սուր մրցակցություն կար… Սովորե՛լ…

Շնորհավոր տոնդ, Ուսուցի՛չ…

Դուք եք նաև կերտել ինձ: Ձեր տված գիտելիքով, Ձեր հոգատար վերաբերմունքով, Ձեր վսեմ հոգեկերտվածքով…

Շնորհավոր տոնդ, Ուսուցի՛չ…

Ապա, եկան ուսանողական տարիները…

Դասախոսներ, որոնց շատերին Ուսուցիչ էի կոչում…

Պատմաբան Պավլիկ Չոբանյան, արաբագետ Ալեքսան Խաչատրյան, կովկասագետ Պարույր Մուրադյան… ցավոք, նրանք այլևս չկան: Ինչպես որ չկան ուսուցիչներիցս շատերը:

Բայց նրանց դրած սաղմերը հոգումս, մտքիս մեջ ծիլեր են տվել՝ Անաչառություն, Անկեղծություն, Ազնվություն, Աշխատասիրություն…

Շնորհավոր տոնդ, Ուսուցի՛չ…

Մինչ օրս, երանությամբ եմ հիշում հեռավոր 1982 թվականի սեպտեմբերի մեկը, երբ լուսահոգի մայրս ձեռքս բռնած ինձ դպրոց առաջնորդեց:

Շնորհավոր տոնդ, Մա՛յր իմ: Դու էիր իմ ամենաիսկական ուսուցիչը: Դու՛ ես ինձ արարել, կերտել, սովորեցրել… աշխատել ու վայելել աշխատանքի բերկրանքը:

Շնորհավոր տոնդ, Պա՛պ… դու իմ առաջին ուսուցիչն էիր: Դու՛ ինձ սովորեցրիր կարդալ բնության գիրքը, դու՛ ինձ սովորեցրիր սիրել հող հայրենիս…

Շնորհավոր տոնդ, Ուսուցի՛չ..

 

Facebooktwitterlinkedin