ՆԱՎԱՍԱՐԴԸ  ՆԵՄՐՈՒԹՈՒՄ

IMG_0010

Նախաբան. Հայաստանում շատերը թյուր պատկերացում ունեն Թուրքիայի հանրապետության, Արևմտյան Հայաստանի մասին: Հաճախ եմ լսել կարծիքներ, թե իբր, Արևմտյան Հայաստանի հողերը գրեթե բնակեցված չեն, Թուրքիան հետամնաց, ագրարային երկիր էշտապեմ հիասթափեցնել:

Ցավոք, բոլոր առումներով մենք այսօր զիջում ենք Թուրքիայինայնտեղ ամենուր ընդարձակ, մաքուր ու կոկիկ ճանապարհներ, եվրոպական կարգի քաղաքներ են, ամենուր իդեալական մաքրություն է (թերևս բացի, Կարս և Բայազետ քաղաքները), պատմական հուշարձանների խնամք, սրճարաններում՝ հանդարտ լռություն, ուր մարդիկ գնում են միմյանց հետ հաղորդակցվելու, այլ ոչ ռաբիս երաժշտություն լսելու համար

Ճամփեզրերին, փողոցներում գրեթե չեք տեսնի աղբ, չեք տեսնի բարձր ձայնային ազդանշանով երթևեկող մեքենաներ, գիշերը չեք գտնի հեռահար լուսարձակները միացրած երթևեկող մեքենաներ

Այնտեղ ամենուր ազգային դրոշներ են, ամենուր ազգային գաղափարաբանության քարոզն է. Լեռնալանջերին, երևացող վայրերում գրված է՝ ,,Հայրենիքը սրբություն է,, և նմանատիպ այլ գրություններիսկ մե՞զ մոտխաչ, միայն խաչ

Եվ այս արժեհամակարգո՞վ ենք փորձում հետ բերել կորցրածը….

Բնավ Թուրքիայի գովքը չեմ անումքավ լիցիուղղակի՝ սրտի կսկիծով եմ արձանագրում, որ օտարը մեր երկիրն ավելի լավ է փայփայում, պահում, քան մենք մեզ բաժին հասած պատմական հայրենիքի այս փոքրիկ կտորը

 

301 թվականին Մեծ Հայքում կրոնական հեղաշրջումից հետո մեր հիասքանչ տաճարները կործանվեցին: Հատուկենտ մնացած հայոց սրբավայրերը անտերության մատնվեցին, քանզի մահվան սպառնալիքով արգելված էր այնտեղ որևէ ծես կատարել…

Հայոց տոնածիսական համակարգը փոխվեց, հարմարեցվեց նոր վարդապետությանը, և հայությունն աստիճանաբար խորթացավ իր ազգային ակունքներից…

Նավասարդը հայոց ինքնության տոնն է: Այդ օրը Հայոց ձորի ճակատամարտում Հայկ Նահապետը ջախջախեց Տիտանյան Բելին և հաստատեց հայի արարելու, ապրելու իրավունքը: Նավասարդը դարձավ հայոց գլխավոր տոնակատարություններից մեկը և հայոց պետական Ամանորը՝ Նոր տարին: Նավասարդի օրերին Նպատ լեռան լանջին հավաքվում էր հայոց Աշխարհաժողովը՝ ընտրովի մի մարմին, երբ արքայից մինչ ռամիկ հավասար իրավունքներով քննարկում էին երկրի կարևոր խնդիրները, որոշումներ ընդունում: Հայոց ազգը փառահեղ էր նշում Նավասարդը՝ խաղերով, երգ ու պարով, մրցումներով… Եվ ըստ էության՝ հայոց Նավասարդյան խաղերը նախատիպն են հանդիսացել օլիմպիական խաղերի…

301 թվականից հետո Նեմրութի հայոց աստվածների դիցարանում երկար ժամանակ հայեցի ծես ու տոն չէր կատարվել: 2014 և 2015 թվականներին մի խումբ արորդիներ ուխտագնացություն կատարեցին դեպի Նեմրութ՝ այնտեղ նշելով Արևափառը՝ Վահագն աստծու փառաբանման տոնը: Այս տարի էլ մի խումբ հայորդիներով ուղևորվեցինք դեպի Նեմրութ՝ այնտեղ դիմավորելու հայոց նոր տարին՝ Նավասարդը….

Ուխտագնացների մեր խումբը բաղկացած էր 18 հոգուց: Ծրագիրը հագեցած էր. Հայոց հինավուրց բնակավայրեր, պատմական կոթողներ, ամրոցներ, եկեղեցիներ …

Օգոստոսի 8-ի, լույս 9-ի կեսգիշերին ուխտագնացների մեր խումբը շարժվեց Երևանից: Լուսադեմին հատեցինք վրաց-թուրքական սահմանը՝ Կարծախ լճի մոտ՝ Չլդրի անցակետով…

Կարծախ լիճը՝ լեռնային այս գեղեցկուհին, ունի նաև մեկ այլ անուն՝ Խոզաբույն… որ տրվել է՝ նրա շամբերում վայրի խոզերի մեծ քանակի համար: Սահմանային այս լիճը փաստացի, չի օգտագործվում… մինչդեռ այն կարող էր լինել ոչ միայն հանգստի գեղեցիկ գոտի…

Արևմտյան Հայաստանում մեր այցելության առաջին վայրը քաղաքամայր Անին էր:

Հաճախ եմ Անի այցելում: Բայց, ամեն այցիս դժվարանում եմ զսպել հուզմունքս… Սմբատաշեն խրոխտ պարիսպներն անգամ չկարողացան պաշտպանել հայոց գեղանի մայրաքաղաքը… չկարողացան, քանզի թշնամին, ոսոխը ներսից էր՝ 1045 թվականին ամենայն հայոց Պետրոս Գետադարձ կաթողիկոսի դավաճանությամբ հայոց քաղաքամայրն անցավ նենգ բյուզանդացու ձեռքը…

Ամեն անգամ, երբ Անի եմ այցելում՝ ավերակների մեջից կարծես լսում եմ մեր նախնիների, անեցիների ճիչն ու անեծքը՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ կաթողիկոսին… ինչպե՞ս կարողացավ, ինչու՞…

Բարձրացանք Անիի միջնաբերդ: Ահա, այստեղ, իմ ոտքերի տակ Բագրատունյաց զորեղ արքաների պալատներն էին… շքեղ, գեղեցիկ, նրբաճաշակ… այսօր ավերակներ են միայն…. Մտովի տեղափոխվեցի 1000 տարի առաջ… ի՞նչ չքնաղ տեսարան է բացվել միջնաբերդից…մի կողմում՝ Ախուրյանի հովիտը Աղջկաբերդով, մյուս կողմում՝ ընդարձակ սարահարթի վրա բազմած քաղաքը….

Անիի ավերակները լքեցինք, ու այցելեցինք հայոց հինավուրց մյուս մայրաքաղաք՝ Կարս…

Տխուր տեսարան է հիշեցնում Կարսը: Ծուռ, կեղտոտ փողոցներ, անխնամ ու ավերակ տներ… այդ տներից մեկում Եղիշե Չարենցն է ապրել… լքված, կիսախարխուլ պատեր, իսկ ներսում… ճահիճ ու աղբանոց…

Բարձրացանք Կարուց բերդը: Այս ամրոցը, որ Բագրատունյաց փառքի ականատեսն է եղել, այս ամրոցի հզոր պարիսպների տակ գրվեց հայոց պատմության ամենախայտառակ էջերից մեկը. Կարսի անկումը, որ բախտորոշեց Հայաստանի առաջին հանրապետության կործանումը… Բայց Կարսի հետ կապված էլի սև էջ ունենք մեր հիշողության մեջ ամփոփված. 1921 թվականի հոկտեմբերին այստեղ կնքվեց ռուս-թուրքական բարեկամության պայմանագիրը, որով հերթական անգամ բզկտվեց մեր արյունոտ հայրենիքը:

Իջանք Կարսի բերդից, այցելեցինք մզկիթի վերածված Առաքելոց հոյակերտ եկեղեցի, անցանք Վարդանի կամրջով և ուղևորվեցինք Բայազետ…

Անցանք Արաքսի հովտով… կամուրջներ չհանդուրժող Մայր գետի ջրերը պղտոր էին: Այստեղ, Բագարան մայրաքաղաքի մոտ միախառնվում են Արաքսն ու Ախուրյանը և հոսում հարավ՝ բաժանելով Մայր երկիրը երկու մասի՝ արևելյան և արևմտյան… ոչ… հայկական և թուրքական մասերի… Մայր գետը՝ բաժանարար…տխուր է, չէ՞:

Այս վայրում՝ Արաքսի հովտում, տեղակայված են հայոց մայրաքաղաքներ Բագարանը, Երվանդաշատը, Երազգավորսը… հայոց վաղեմի փառքի ավերակ վկաները…

Դեռ Իգդիր քաղաքից երևաց Մասիսը… ո՞վ է ասում, թե Մասիսը գեղեցիկ չէ հակառակ կողմից: Նույնքան վեհ է ու խրոխտ… միաժամանակ՝ թախծոտ… գերյալն ուրախ լինել չի կարող:

Հասանք Բայազետ: Բարձրացանք Դարոյնքի բերդը: Հազարամյակներ ի վեր խրոխտ ժայռերին միաձուլված այս կառույցը դեռ ուրարտական ժամանակներից հայոց փառքի ականատեսն է եղել… Նրա դեմ-դիմաց կանգնած է թուրք Իսակ փաշայի մարմարե պալատը, որի տեղում ժամանակին Արշակունի պայազատների պալատն էր… պալատ չմտանք: Հրաժեշտ տվեցինք Այրարատ աշխարհի Կոգովիտ գավառին ու շարժվեցինք դեպի Վասպուրական:

Բարձրանում ենք Թոնդուրեկի լեռնանցքը… 1441 թվականին այստեղ ժայթքել է Հայկական բարձրավանդակի վերջին հրաբուխը… Լեռը կարծես հիմա էլ տնքում է՝ խուլ հառաչանքով պատմելով հայի ցավը….

Մոտեցանք Բերկրիի ջրվեժին: Մութ էր արդեն… բայց լուսավորություն կար: Ուխտագնացները հիացան Բերկրիի զուլալ ջրերով, որ շառաչյունով ճեղքում են ժայռը, ճամփա հատում դեպի Վանա լիճ: Կարճատև հանգստից հետո շարունակեցինք մեր ուղևորությունը դեպի Վան….

Լճին հասանք կեսգիշերին մոտ… լուսնի արտացոլանքը սփռված էր լճի վրա, ու կարծես Բզնունյաց ծովը մեզ օրոր էր ասում….

Վաղ լուսաբացին ուխտագնացներով Մհերի դռանն էինք: Մագլցեցինք ժայռը: Ձեռքով շոյում ենք Ագռավաքարի տաք ժայռերը, մտովի ձայնում Մհերին: Ու՞ր ես, Մհեր, դուրս եկ, ու՞ր ես, եկ արդարություն հաստատիր այս անիրավ աշխարհում… Լռում է Մհերը… դեռ պահը չէ Հայի…. Դեռ ինքներս անելիք ունենք, մաքրվելու, շտկվելու, շիտակվելու՛ կարիք ունենք… և այդ հավատով, որ մի գեղեցիկ օր Միհրական լույսն է Հայոց աշխարհում փայլատակելու՝ գնացինք Վանի կատուների բուծարան….

Պետք է տեսնել այս կենդանիներին… սպիտակամազ, նուրբ, խաժ աչքերով… Ցավոք, արգելված է Վանա կատուների արտահանումը Թուրքիայի հանրապետությունից:

Կեսօրին Վանա տառեխ համտեսելուց հետո նավարկեցինք Աղթամար կղզի: Գագիկ Արծրունի արքայի կառուցած Սուրբ Խաչ եկեղեցին հիրավի, հայոց ճարտարապետական գլուխգործոցներից է: Ինչի՛ ասես ականատես է եղել այս եկեղեցին… Այս պատերի տակ ժամերգություն ու պատարագ է հնչել՝ նվիրված  հայոց փառքին, հաղթանակներին, այս  պատերի տակ ժողովուրդը նզովել է հայոց պատմության խայտառակ էջերը կերտողներին…

1021 թվականին, Վասպուրականի Սենեքերիմ Արծրունի թագավորն այս խորանի առաջ աղոթելո՛վ ծախեց հող-հայրենին Բյուզանդիային, 1045 թվականին ա՛յս եկեղեցու առաջնորդ Պետրոս Գետադարձը կործանեց հայոց Բագրատունյաց թագավորությունը…. Խուլ տնքում է Գագիկ Արծրունու ոգին այս պատերի տակ, բայց այդ տնքոցը կլանում են, լսում են Վանա ծովի ջրերը միայն….

Լողացանք Վանա կապուտակ, տաք ջրերում և շարունակեցինք մեր ճամփան դեպի Մուշ…

Հաջորդ կանգառը Սուլուխի կամրջի մոտ էր: 1907 թվականի մայիսի 27-ին այստեղ զոհվեց քաջարի հայդուկ Գևորգ Չաուշը: Թուրքական կառավարությունը գնահատելով արի հայդուկի քաջությունը՝ նրան զինվորական պատիվներով թաղեց: Բայց ցավոք, այսօր անհայտ է Գևորգի շիրիմը, և դրա փոխարեն ուխտատեղի է դարձել զոհվելու վայրը: Գլուխդ բարձրացրու, Գևորգ… ոգի ու ուժ տուր մեզ, մենք պա՛րտք ունենք մարելու քեզ և մյուս հերոսներին…

Գիշերեցինք Խարբերդում և առավոտյան Մալաթիայով անցնելով՝ բարձրացանք Նեմրութ:

Բայց նախ այցելեցինք Խարբերդի բերդը: Ծոփաց աշխարհում գտնվող միջնադարյան այս զորեղ կառույցն այժմ էլ վեհություն է ներշնչում: Բարձրաբերձ ժայռի վրա տեղակայված ամրոցը գրավելու համար թշնամին շատ ջանք պետք է թափեր… Ինչպե՞ս տվեցինք մեր հայրենիքը ոսոխին, ինչու՞… հարցեր, հարցեր… ինչու՞ նման բերդեր ու ամրոցներ ունեցող ազգը մեկեն թուլացավ և անձնատուր եղավ օտարին…

Մեր թվարկությունից առաջ առաջին դարում, Անտիոքոս Երվանդունի արքայի կանգնեցրած Հայոց աստվածների արձանախումբը վեհ է… Լեռան գլխից սքանչելի տեսարան է բացվում դեպի Եփրատի հովիտը: Լերկ, ծառազուրկ լեռներ, որոնց գլխին՝ ամենաբարձր կետում Հայոց աստվածների արձաններն են, որ արդեն ավելի, քան 2000 տարի հսկում են Հայոց աշխարհը: Հսկում են՝ իրենց քարե սառն հայացքով դատապարտում սերունդներին, մեր անիրավության, թուլության, ստրկահոգության համար… Աստվածների գլխատված արձաններն ասես քարե սառն հայացքով ամեն անգամ նախատիք են թափում՝ որ թողել-հեռացել ենք այս սրբազան լեռնաշխարհից, որ օտարին ենք թողել պապենական մեր տունը, որ այսօր էլ անտերության ենք մատնել պատմական հայրենիքի այն փոքր կտորը, որ մեզ է բաժին հասել…

Նեմրութը գտնվում է ծովի մակերևույթից 2100 մետր բարձրության վրա: Անտիոքոս Երվանդունին ևս 50 մետր բարձրացրել է լեռը՝ անշաղախ, մանր քարեր լցնելով գագաթին… Ներմրութի դիցարանն իրավ, համարվում է աշխարհի ութերորդ հրաշալիքը:

Նավասարդը նշեցինք Նեմրութի աստվածների դիցարանում: Փառաբանեցինք հայոց աստվածներին, նրանցից զորություն և կամք խնդրեցինք՝ պայքարելու, մաքառելու, վերադարձնելու Հայկ աղեղնավորին ունեցած մեր պարտքը, որ ժառանգել ենք մեր ոչ հեռավոր նախնիներից, ուխտելով, որ կգանք, էլի կգանք, ու կգանք որպես այս սրբազան հողի տերեր…

Հետդարձը տխուր էր…Ներմրութը ձգում էր, Նեմրութը կանչում էր հետ… գիշերեցինք Բինգյոլում՝ հայոց Բյուրակնում…

Այստեղ հաճելի անակնկալի ականատես եղանք: Հյուրանոց հասանք ուշ՝ գիշերվա 11-ին: Հյուրանոցը գտնվում է կենտրոնական փողոցներից մեկի վրա: Գիշերվա այդ ժամին տասնյակի չափ մեքենաներ բարձր ձայնային ազդանշաններով անցնում էին փողոցով… այդպես մեզ մոտ լինում է վերջին զանգի արարողության ժամանակ: Մեր զարմացած հարցին հյուրանոցի քուրդ աշխատակիցը պատասխանեց, որ հայի հարսանիք է…

Էրգրում, հայրենիքում բնակվում են միլիոնավոր հայեր, և ապրում են իրենց բնականոն կյանքով: Հայի կենցաղով, հայի նիստուկացով, հայի ավանդույթներով… շատերն արդեն մայրենին են յուրացնում… բայց… ուրիշ հայեր են… ոչինչ, որ նրանք ավելի հայրենապաշտ են, ավելի ոգով, ավելի հայեցի… կառչած այս հողին… բայց, քանի, որ տարբերվում են մեզնից նրանով, որ մահմեդական են… օտար ու խորթ են մեզ համար… ցավոք, շատերը չեն գիտակցում, որ, քրիստոնեությունն էլ ազգային չէ… հետևաբար՝ այսօր կրոնի պատճառով վանել, մեզնից օտարացնել հայրենի հողին կառչած մեր եղբայրներին՝ նշանակում է ջուր լցնել թուրքի ջրաղացին…

Հետդարձի ճամփան անցնում էր Կարինով և Տայքով: Տայոց աշխարհի ամեհի ժայռերն ու լերկ լանջերը տպավորիչ էին… ահա Թորթումի լիճը… լեռնային գեղեցկուհին գերող է… իսկ Թորթումի ջրվեժն իսկապես հիասքանչ էր: 70 մետրից գետի ջրերը ամեհի շառաչյունով թափվում են գետնին, զարկելով ժայռերին՝ ցրիվ գալիս՝ ջրվեժի տակ փոքրիկ լճակ գոյացնելով: Լողացանք ջրվեժի տակ… թոթափեցինք հոգնությունն ու… երազ երկրից վերադարձանք իրականություն…

Վահէ Լոռենց

Facebooktwittergoogle_pluslinkedin