ՄՈՒՍՏԱՖԱ  ՔԵՄԱԼ  ԱԹԱԹՈՒՐՔ

Թուրքիայի հանրապետության գրեթե բոլոր քաղաքացիներն իրենց բնակարաններում ունեն այս մարդու լուսանկարը: Նրան սիրում են, երբեմն՝ պաշտում: Լեռնալանջերին նրան փառաբանող տողեր են, շենքերի պատերին՝ նրա դիմանկարները, մեծ բնակավայրերում՝ արձանը: Իսկ Կարսում, հայոց հնամենի մայրաքաղաքի վրա հսկող Բագրատունյաց բերդի վրա դարձյալ նրա պատկերն է՝ գրությամբ. Հայրենիքը պարտական է քեզ…

Ո՞վ է Մուստաֆա Քեմալը, ում թուրքերն Աթաթուրք՝ թուրքերի հայր կոչեցին, ով վայելում է բոլոր թուրքերի սերը, և ում պարտական է իր հայրենիքը…

Եվ իրավ, թուրքերը գիտեն մեծարել իրենց հերոսներին: Իսկ Մուստաֆա Քեմալն իսկապես հերոս է՝ թուրք ժողովրդի հերոսը: Նա մոխրացած, մասերի բաժանված ու պատերազմի արդյունքում ծնկի եկած Թուրքիայի բեկորները հավաքեց ու նոր, զորեղ պետություն կերտեց:

Մուստաֆա Քեմալը (Ալի Ռըզաօղլու Մուստաֆա) ծնվել է 1881 թվականի մայիսի 19-ին, Հունաստանի Սալոնիկ քաղաքի Խոջա Քասըմ փաշա թաղամասի Իսլահանե փողոցում գտնվող տանը, ուր այժմ նրա անվան թանգարան է գործում: Քեմալ պատվանունը, որ նշանակում է Կատարյալ, նրան հետագայում տվել է մաթեմատիկայի ուսուցիչը, քանզի դպրոցում Քեմալը մեծ առաջադիմություն էր ցուցաբերում:

Քեմալի հայրը ոստիկան էր: Նրանց ընտանիքը Հունսատան է տեղափոխվել 19-րդ դարավերջին, հավանաբար, Փոքր Ասիայից: Շատ պատմաբաններ պնդում են, թե Քեմալը հրեական արմատներ ունի, ոմանք էլ պնդում են, թե սլավոնական արմատներ ունի՝ որպես փաստարկ բերելով կապույտ աչքերն ու մազերի բաց գույնը: Գերիշխող է տեսակետը, որ Քեմալը սերում է Իսպանիայից Թուրքիա տեղափոխված և իսլամ ընդունած հրեական տոհմից:

Մոր խորհրդով, պատանի Քեմալը նախ կրոնական դպրոց է հաճախում: Ապա, չցանկանալով հոգևորական դառնալ, թողնում է և մասնավոր աշխարհիկ դպրոց հաճախում: Հայրը հանձինս Քեմալի՝ ապագա վաճառականի էր տեսնում:

Ի վերջո, Քեմալն ինքն է ընտրություն կատարում և ծնողներից գաղտնի, 1893 թվականին ընդունվում է  Սալոնիկի ռազմական դպրոց, ապա՝ երեք տարի անց, Մոնաստրիի ռազմական ակադեմիա: Իսկ 1905 թվականին նա ավարտում է Ստամբուլի Օսմանյան ռազմական քոլեջը:

Դեռ ուսումնառության տարիներին Քեմալն աչքի ընկավ հակամիապետական հայացքներով: Նա քոլեջն ավարտելուն պես ձերբակալվում է, սակայն շատ չանցած, միջնորդությամբ ազատ է արձակվում և որպես կապիտան ծառայության անցնում Դամասկոսում գտնվող թուրքական զորամասերից մեկում: Այստեղ էլ շարունակում է ընդհատակյա գործունեությունը:

1907 թվականին անդամակցելով Միություն և առաջադիմություն կուսակցությանը, նա առաջիններից մեկն էր, որ արձագանքելով երիտթուրքերի կոչերին, ըմբոստացավ Աբդուլ Համիդի վարչակազմի դեմ և անցավ թուրքական հեղափոխության կողմը:

Հեղափոխությունից հետո Քեմալն աչքի ընկավ Լիբիայում և Ստամբուլում հակահեղափոխական շարժումները ճնշելու գործում:

1911 թվականին սկսվեց իտալա-թուրքական պատերազմը: Քեմալն իր հրամանի տակ ունենալով ընդամենը 28.000 սվին, հաջողությամբ դիմագրավում է հնգապատիկ առավելություն ունեցող իտալական զորքերին:

Այս պատերազմում Քեմալը վիրավորվեց և մասամբ կորցրեց ձախ աչքի տեսողությունը:

Ապա Քեմալն աչքի ընկավ Բալկանյան պատերազմում, որի ավարտին ստացավ փոխգնդապետի զինվորական կոչում:

1915 թվականի մարտին փայլեց Քեմալի աստղը: Երբ անգլիացիները ձեռնարկեցին Դարդանելի օպերացիան, Մուստաֆա Քեմալն իր ստորաբաժանումով Գալիպոլիի ճակատամարտում ջախջախեց անգլիական զորքն ու փրկեց Ստամբուլը ներխուժումից, դրանով իսկ փրկելով Թուրքիան:

Գալիպոլիի ճակատամարտից հետո Քեմալը նետվեց Կովկասյան ճակատ: Զորեղ  հակագրոհով վերցրեց Մուշն ու Բիթլիսը, ռուսական բանակի համար ստեղծելով շրջապատման վտանգ:

1917 թվականին Քեմալն է ուղեկցել ապագա սուլթան, արքայազն Մեհմեդ Վահիդեդդինին, դեպի Ավստրո-Հունգարիա և Գերմանիա կատարած ճանապարհորդության ընթացքում:

1918 թվականին Քեմալը որպես բանակի հրամանատար, Սիրիայում պատերազմում էր անգլիացիների դեմ: Նա կարողացավ Հալեպի մատույցներում կանգնեցնել անգլիացիների առաջխաղացումը:

Ի դեպ, Մուստաֆա Քեմալը միակ թուրք զորավարն էր, ով պարտություն չի կրել առաջին աշխարհամարտի ժամանակ:

Սակայն, ամենայնիվ, Թուրքիան պարտվեց պատերազմում: 1920 թվականի օգոստոսի 10-ին  Անտանտի երկրները ֆրանսիական Սևրում ստորագրեցին պայմանագիր, որով Թուրքիան մասնատվում էր Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի և Հայաստանի միջև:

Դա Թուրքիայի օրհասական պահն էր և թվում էր՝ ոչ ոք և ոչինչ այլևս չեն փրկի կործանվող  կայսրությանը:

Մանավանդ, անգլիական, ֆրանսիական, հունական զորքերը գրավել էին  Ստամբուլը, Իզմիրը…

Բայց, այսժամ ասպարեզ իջավ հերոսը, ով նախաձեռնեց ազգայնական շարժումը: Մուստաֆա Քեմալն իր շարժումն սկսեց հայոց Կարինից, երբ Սանասարյան վարժարանում ժողով հրավիրեց՝ նախկին օսմանյան բանակի ազգայնական սպաների և գործիչների մասնակցությամբ: Ներկայացնելով իր ծրագիրը՝ բոլորին զենքի կոչեց ու սկսեց պայքարը:

Մինչ այդ, դեռ 1919 թվականին նա հեռացավ օսմանյան բանակից, հայտարարելով, որ պետությունը վտանգի մեջ է և իշխանությունները կործանման են տանում Թուրքիան: Անգամ դատարանը նրան հեռակա մահվան դատապարտեց: Բայց Քեմալը չընկրկեց:

1919 թվականի սեպտեմբերի 4-ին նա Սվասում համաժողով հրավիրեց: Կազմեց Ազգային Ուխտը, որ Քեմալին իրավասություն հաղորդեց հետագա գործունեության:

1919 թվականի դեկտեմբերին, Քեմալի նախաձեռնած շարժումը հաղթեց Օսմանյան կայսրության վերջին ընտրություններում: Նա պառլամենտում ընդունել տվեց Ազգային Ուխտի մասին բանաձև, ապա լուծարեց պառլամենտը՝ ձևավորելու Թուրքական Ազգային Մեծ ժողովը: Թուրքիայում երկիշխանություն հաստատվեց: Սակայն սուլթանական կառավարությունը դատապարտված էր: Քեմալը հաղթանակ հաղթանակի հետևից տարավ:

Ձեռնարկած պատերազմի արդյունքում Մուստաֆա Քեմալը կարողացավ հաղթել թե՛ ֆրանսիացիներին, թե՛ անգլիացիներին, թե՛ հույներին ու հայերին: Նա կարողացավ դիվանագիտական կարևոր պայմանագիր կնքել Խորհրդային Ռուսաստանի հետ, որի արդյունքում Լենինի կառավարությունից ստավավ մեծ օգնություն՝ զենք-զինամթերք, հանդերձանք, նյութական այլ միջոցներ:

Միայն 1920 թվականին, Մոսկվան քեմալականներին մատակարարեց 6000 հրացան, ավելի քան 5 միլիոն փամփուշտ, 17.600 ռումբ, ինչպես նաև՝  2006 կգ ոսկե ձուլակտոր: 1921-1922 թվականներին Մոսկվայի տրամադրած օգնության ծավալները մեծացան

Ի փոխհատուցում ռուսների տրամադրած օգնության՝ Քեմալի կարգադրությամբ, 1920 թվականի սեպտեմբերին թուրքական բանակը ներխուժեց Հայաստանի հանրապետություն:

Ցավոք, ՀՀ իշխանություններն անկարող եղան արժանի դիմադրություն կազմակերպել և թուրքերն առանց դժվարության առաջ խաղացին ու գրավեցին Կարսը, Ալեքսանդրապեոլը: Հատկապես ամոթալի էր Կարսի խայտառակ անկումը, երբ թշնամուց գերակա ուժերով ու լավ սպառազինված հայոց բանակն առանց կռվի հանձնեց Կարսի բերդը:

Քեմալն իր նվաճումներն ամրագրեց 1921 թվականին Ռուսաստանի հետ կնքած Մոսկվայի և Կարսի Եղբայրության և Բարեկամության պայմանագրերով:

Աթաթուրքի նպատակը Թուրքիայում աշխարհիկ զորեղ պետության ստեղծումն էր: Նա հռչակեց թուրքական հանրապետության ծնունդն ու բարեփոխումների ենթարկեց երկիրը: Մեծ ուշադրություն դարձրեց կրթական խնդիրներին: Մասնավորապես, տարրական կրթությունը Թուրքիայում հռչակվեց պարտադիր և անվճար: Նա հազարավոր դպրոցներ բացեց երկրի տարածքում:

Մուստաֆա Քեմալը կանանց տվեց տղամարդկանց հետ հավասար իրավունքներ, ինչպես նաև՝1934 թվականին՝  ընտրական իրավունք: Ի դեպ, այս առումով Թուրքիան առաջ անցավ եվրոպական շատ երկրներից:

Նրա երազանքը աշխարհիկ ու ազգայնական Թուրքիայի կերտումն էր:  Երբ բացահայտվեց Քեմալի դեմ կազմակերպված մահափորձը, նա հայտարարեց. – Իմ մահկանացու մարմինը կվերածվի փոշու, բայց Թուրքիայի հանրապետությունը հավերժ կմնա:

1923 թվականին, Լոզանի պայմանագրով, աշխարհի զորեղ երկրները ճանաչեցին Քեմալի իշխանությունն ու թուրքական պետության ինքնիշխանությունը:

1923 թվականի հոկտեմբերի 29-ին, Թուրքիան հռչակվեց հանրապետություն: Դա թուրքերի ազգային տոնն է:

Աթաթուրքը Թուրքիան փորձեց դարձնել ազգային պետություն՝ ձուլման քաղաքականություն վարելով հայերի, քրդերի, մյուս ազգային փոքրամասնությունների նկատմամբ:

Թուրքիայում ընդունված օրենքով, երկրի բոլոր քաղաքացիները համարվեցին թուրքեր: Կան  միայն կրոնական փոքրամասնություններ, որոնց թվում դասվեցին նաև երկրի քրիստոնյա հայերը: Սրա նպատակն իսլամի միջոցով մահմեդական բնակչությանը թուրքերի մեջ տարալուծելն էր:

Թուրքական հասարակությանը եվրոպականացնելու համար նա անգամ հագուստի մասին օրենք ընդունեց, որով սահմանեց պետական պաշտոնյաների և ուսանողների համար հագուստի չափորոշիչներ՝ պարտադրելով հրաժարվել ֆեսից, արևելյան հագուկապից:

Աթաթուրքը մահացավ 1938 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 9-05 րոպեին, Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում գտնվող, հայազգի Պալյանների կերտած, Թուրքիայի ամենամեծ պալատում՝ Դոլմաբախչեում, լյարդի ցեռոզից: Այսօր էլ, եթե այցելեք թանգարանի վերածված այդ պալատը, պատերն կախված բոլոր ժամացույցները ձեզ կազդարարեն Աթաթուրքի մահվան ժամը…

Աթաթուրքի կտակի համաձայն, կարողության մեծ մասը փոխանցվեց  Թուրքական լեզվաբանական ընկերությանն ու Թուրքական պատմական ընկերությանը։

Քեմալի կյանքի մեծ սերն իր խորթ հոր քրոջ դուստրն էր՝ Ֆաքրիեն:  Երբ ֆաքրիեն ամուսնալուծվեց, նրանք հանդիպեցին, սիրեցին միմյանց, բայց չամուսնացան:  Հետագայում Քեմալը հանդիպեց ու սիրահարվեց եվրոպական փայլուն կրթություն ստացած Լաթիֆեին: Նրանք ամուսնացան: Իսկ Ֆաքրիեն վշտից ինքնասպան եղավ:

Չնածած Լաթիֆեն թուրքական հասարակության սիրելին դարձավ՝ իր եվրոպական հագուկապով, կեցվածքով, Քեմալը երջանկություն չգտավ Լաթիֆեի գրկում: Նրանք 1925 թվականին ամուսնալուծվեցին:

Քեմալը երեխաներ չուներ: Նա որդեգրել է 13 մանուկների՝ 1 տղայի և 12 աղջկա: Նրանց մեջ նաև հայուհի կար, ով դարձավ Թուրքիայի առաջին կին օդաչուն՝ Սաբիհա Գյոկչենը, և հայտնի էր իր հայատյացությամբ:

Իսկ վերջում՝ զավեշտի մասին:

1981 թվականին, Աթաթուրքի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխարհում հայտարարեցին Աթաթուրքի տարի՝ Աթաթուրքին հռչակելով գաղութարարության դեմ պայքարի առաջամարտիկ:

Իսկ Հունաստանի նախկին վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը 1934 թվականին առաջադրել է Աթաթուրքի անունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար:

 

Վահէ Լոռենց

Տպագրվել է ,,Անկախ,, շաբաթաթերթում, 2018 թվականի հուլիսի 26-ին:

 

 

Facebooktwittergoogle_pluslinkedin