Մորս…

 

Ամենատաք ու ապահով գիրկն եմ հիշում մորս կրկին,

Ու կաթնահոտ կրծքի արագ բաբախյունը պիրկ շուրթերիս,

Գորովալից ու խանդավառ հայացքը ջինջ մորս դեմքի,

Իր առաջին ե՛րգն ամոթխած, իմ մանկական օրորոցին….

 

Մորս կաթի հա՛մն եմ հիշում, ափի քնքուշ շոյանքն այտիս,

Մորս աչքի կաթիլն բյուրեղ իմ առաջին թոթովանքին,

Նաև քնքուշ համբույրն անգին, իր զավակի օրոր քայլին,

Խրախուսող, երանավետ ժպիտը ջինջ, դպրոցական օրագրին….

 

Մորս աչքի թախիծն անգամ, իմ առաջին չար կատակին,

Շատ հարազատ ու ցավագին ապտակն անգամ շիկնած այտիս,

Մորս գոգի հա՛մն եմ ուզում, իմ հոգնատանջ օրվա վերջին,

Ցորնահամ նրա ձեռքի հա՛ցն եմ ուզում, ամենօրյա իմ սեղանին…

 

Մա՛յր իմ, անգին, անդավաճան,  հավատարիմ, ներող, ի՛մ սիրտ,

Աղոթքներդ մաքրամաքուր, անկե՛ղծ, խոնա՛րհ, անշա՛հ, վտիտ,

Թող՛ համբուրեմ ճակատդ ջինջ, ձեռքդ՝ դալուկ, այտդ՝ թոշնած,

Թո՛ղ ջերմանամ քո հուր սրտում, ի՛մ մոխրացող Աստվածուհիս….38638_b

Facebooktwittergoogle_pluslinkedin