ՄՀԵՐԻ ՑԱՍՈՒՄԸ կամ՝ Ճամփորդական մտորումներ (իրապատում)

 

Արևմտյան Հայաստան կատարածս ուղևորությունների ընթացքում դու միշտ իմ ուղեկիցն ես եղել, Հա՛յ եղբայր, Հայուհի՛ քույր… Կապ չունի, թե ի՞նչ է քո անունը… Արամ, Հայկ, թե՞ Անահիտ կամ Աստղիկ… կամ, առհասարակ՝ Խիղճ կամ Բարեկամ…

Դու միշտ ինձ հետ էիր, իմ կողքին, ու մենք շարունակ զրուցում էինք, կիսվում տպավորություններով, մտորում, թե ի վերջո ե՞րբ, որտե՞ղ և ինչու՞ սխալվեցինք… թե ինչու՞ Մհերը փակվեց Ագռավաքարում, ու ե՞րբ դուրս կգա…

Երբ առաջին անգամ միասին որոշեցինք այցելել Արևմտյան Հայաստան, ուխտեցինք՝ լիակատար անկեղծ լինել մեկմեկու նկատմամբ, Բարեկա՛մ: Եվ այսպես՝ զինված անկեղծությամբ՝ ճամփա ընկանք…

Առաջին անգամ միմյանց աչքերի մեջ նայեցինք ու շիկնեցինք, երբ հասնելով  Բավրայի սահմանային անցակետ՝ տեսանք այն խայտառակությունը, որ ամեն օր տասնյակ, հարյուրավոր զբոսաշրջիկներ են տեսնում՝ այս անցակետով ոտք դնելով Հայաստանի հանրապետություն:

Դռան ապակին կոտրված էր: Սահմանապահներն այն փոխարինել էին… ցելաֆոնով, որն ամրացրել էին սկոչներով… ժամանակի ընթացքում քամին այն պոկել էր և… մեր սահմանային անցակետի դուռն իրենից ներկայացնում էր…  ցնցոտի… երբ սրա կողքին տեսանք դարձյալ ցնցոտի հիշեցնող եռագույնը… վատ տրամադրությունն արդեն ապահով էր…

Հետո, Բարեկամս, մենք անցանք վրաց-թուրքական սահմանն… ու տխուր, անթաքույց նախանձով նայեցինք մաքուր, կոկիկ ու արժանապատիվ այդ անցակետն ու շարժվեցինք դեպի… մեր անցյալը:

Ի դեպ. Հայ-վրացական սահմանին դեռ կանդրադառնանք: Երբ մենք հայտնվեցինք Թուրքիայի հանրապետության տարածքում, մեկեն, հոգոց հանեցիր, Բարեկա՛մ, ու…

-Սրիկանե՛ր, ստորնե՛ր… մեր հողերը…

Լռեցի. Դառն ժպիտ առաջացրին խոսքերդ: Իսկ Ջավա՞խքը, մի՞թե Ջավախքը պատմական հայրենիքիդ մասը չէ, մի՞թե Ջավախքը Հայաստանի հանրապետության կազմում է… ինչու՞ նման ցավ չապրեցիր, երբ հատեցինք հայ-վրացական սահմանը:

Փորձեցիր արդարանալ.

-Դե…

-Դե, Վրաստանն էլ Թուրքիան էլ՝ օտար են,- ընդմիջեցի ես,- երկու հողերն էլ՝ հայկական են: Երկուսն էլ՝ բռնակցված են: Երկուսն էլ՝ տվել ենք առանց պայքարի: Երկուսում էլ՝ հայեր են բնակվում… ուղղակի՝ Թուրքիայում հիմնականում մահմեդական հայեր են բնակվում, որոնց քո տեսակը չես համարում…

Փորձեցիր հակադարձել՝ Բայց… ու մտորումների մեջ խորասուզվեցիր…

Մտանք Անի: Քայլում ենք քաղաքի ավերակներով, խորհում լռելայն: Ավագ դուռը հսկող գլխավոր աշտարակի ճակատին տեսար վահագնական Կեռ խաչը՝ Խաչ պատերազմին: Զարմացար՝ Հիտլերի խաչը…

Ծիծաղելով պատմեցի հայկյան այդ խորհրդանշանի պատմությունը… զարմացած էիր. Որքա՜ն բան չգիտենք… ու մեր արժեքներին այսօր այլոք են տիրում…

Բայց, հաջորդ պահին՝

-Միևնույն է՝ պետք չէ այն օգտագործել: Գերմանացի ֆաշիստները պղծել են:

Հակադարձեցի, բարեկամս.

-Իսկ որ թուրքը եկեղեցի է պղծում, մի՞թե այնտեղ այլևս աղոթք չես անում…

Գլխիկոր կարմրեցիր…

Անիում քեզ պատմեցի Բագրատունյաց թագավորության կործանման պատմությունը: Պետություն, որ օտարին նվիրվեց Հայ առաքելական եկեղեցու դավաճանության արդյունքում. Իսկ դավաճան կաթողիկոսն այսօր մեր եկեղեցու նվիրյալների թվում է…

Զարմացար, զայրացար… բայց… զայրույթդ մի հայհոյանք էր լոկ, Բարեկամս…

Գնացինք Կարս… հայոց հնագույն մայրաքաղաքում շրջեցինք: Հին շենքերի ճակատին հայկական գրություններ էիր որոնում, եթե գտնում էիր՝ հրճվում էիր, ուրախանում… անցանք Չարենցի տան մոտով, Վարդանի կամրջով, բարձրացանք Կարուց բերդը: Կարսում մեր պատմության ամենասև էջերը գրվեցին. 1054 թվականին առանց կռվի Վանանդի թագավորությունն ու Կարսը հանձնեցինք Բյուզանդիային: 1920 թվին՝ նույնկերպ առանց կռվի՝ թուրքին անձնատուր եղանք… 1921 թվականին այստեղ կնքվեց ամոթալի պայմանագիրը…

-Բա՛վ է,-գոչեցիր զայրացած: – Բավակա՛ն է… չեմ եկել այդ զզվելի պատմությունները լսելու: Ես ոգևորող պատմություններ եմ ուզում լսել: Ես չե՛մ ուզում ամաչել, գլխիկոր լինել: Ինձ նման բաներ մի՛ պատմիր:

Տխուր, շատ տխուր նայեցի աչքերիդ մեջ, Բարեկա՛մս.

-Քեզ համար վարձու թամադա ճարիր: Ես չեմ պատրաստվում քեզ հաճոյանալ, քեզ խաբել՝ առավել ևս: Եվ այն անձը, ազգը, էթնոսը, որ պատրաստ չէ առերեսվել իր պատմությանը, ուրեմն իրեն դատապարտում է կրկնել կատարած սխալները, մեր դեպքում՝ դատապարտում է կրկին ցեղասպանվել… դու պատրաստ չես, դու վախենում ես, փախչում ես քո իսկ ստվերից…

Լուռ քայլեցինք առաջ: Տեսար Առաքելոց եկեղեցին. Չէ՝ մզկիթը: Հայհոյեցիր. Ես ձեր մերը… մեր եկեղեցին մզկիթի են վերածել:

-Շնորհակալ եմ թուրքերին, որ մեր եկեղեցին մզկիթի են վերածել: – Դու զայրացած նայեցիր աչքերիս, Բարեկամս, – նրանք կարող էին և քանդել: Այսպես գոնե պահպանել են…

-Բայց մենք նման բարբարոսություն չէինք անի,-հակադարձեցիր:

-Արե՛լ ես: Երևանում հարյուր տարի առաջ երկու տասնյակից ավելի մզկիթներ կային… գրեթե նույնքան էլ՝ եկեղեցիներ: Եվ, դա՛ չէ կարևորը… դու չնկատեցիր, որ հայոց հնամենի մայրաքաղաք Կարսում հյուր ես, զբոսաշրջիկ, դու չնկատեցիր Կարուց բերդի գլխի թուրքական դրոշը, բայց դու անմիջապես նկատեցիր որ եկեղեցին՝ մզկիթ է… արդյո՞ք առողջ է քո բանականությունն ու արժեհամակարգը, Բարեկա՛մս…, – լռեցիր գլխիկոր…

Բայազետում էինք: Հայոց Դարոյնքը թուրքի դեմ բազմիցս ապստամբեց… երբ դա անհրաժեշտ էր ռուսին: Երբ ռու՛սն էր կռիվ տալիս թուրքի դեմ՝ իր ոտքը հայոց սրբազան հողում հաստատելու համար… հայը ապստամբեց՝ հանուն ռուսական շահի: Բայց 1915 թվականին… հայը…

Զանգեզուր հայաբնակ թաղամասը բերդին հարակից թաղամասն է՝ գերիշխող դիրք ունի քաղաքի նկատմամբ: Ցայսօր պահպանվում են հայոց թաղամասի ավերակները Դարոյնքի բերդի ստորոտում, Իսահակ փաշայի պալատի պատուհաններից…

Դու այս պատմությունն էլ լսել չկամեցարչ, բարեկա՛մս… չկամեցար լսել նաև Բայազետից ոչ շատ հեռու գտնվող Շահապիվան գյուղի մասին հայոց պատմիչների ավանդածը….

444 թվականի այստեղ եկեղեցական ժողով գումարվեց և հայ եկեղեցին դեռ եվրոպական ինկվիզիցիայից հազար տարի առաջ որոշեց ամենաբիրտ մեթոդներով այստեղ ամրապնդել օտարի դավանանքը… անգամ մարդկանց շիկացած երկաթով խարանում էին, կտրում ոտքերի ջլերը…

Դու չհավատացիր այս պատմությանը Բարեկամս, ու դեմքիդ տհաճ արտահայտություն տալով՝ նետեցիր…

-Դե, ձեզ թող ձեր Մհե՛րը փրկեր… գնաց, փակվեց ժայռում ու քանի հազար տարի է՝ դուրս չի գալիս, – քո շուրթերից մի հաղթական քրքիջ դուրս եկավ…

Լռելայն նայեցի աչքերիդ մեջ…

Վանում էինք… բերդի բարձունքից նայում էինք Քաղաքամեջ թաղամասի ավերակներին…

-Երանի ողջ հայությունը վանեցու կամքն ու քաջությունն ունենար 1915-ին, – հոգոց հանեցի…

Գիտե՞ս Բարեկամ, 1021 թվականին, այս քաղաքի ու հզոր ամրոցի տերը աղոթելով, առանց կռվի այս հողերը հանձնեց հույնին, հանձնեց նաև 8 քաղաք ու… 400 թեմաբերդ և հեռացավ, փախավ… գիտե՞ս որ դրանից շատ չանցած, առանց կռվի, մեր եկեղեցու առաջնորդի դավաճանության արդյունքում ընկավ Անին…

-Եկեղեցին, էլի՛ եկեղեցին,- նետեցիր երեսիս… քո Մհերի դուռն էլ գնացինք… ու՞ր էր, դու՛րս կգար…

-Բայց դու, դեռ 1700 տարի առաջ երես թեքեցիր Մհերից, դու՛ նրան ժայռում փակեցիր…,-անվերջանալի վեճը վերսկսեց:

Ձեռքդ թափ տվեցիր, խմեցիր ձեռքիդ թանն ու տարրան… ձգեցիր գետնին;

-Ինչու՞ ես աղտոտում տարածքը:

-Թուրքի հող է, ի՞նչ կլինի, որ:

-Թուրքի հող չէ, ի՛մ հողն է, իմ տու՛նն է:

-Հարյուր տարի է՝ թուրքն է տերը, մե՞զ ինչ, – անտարբեր թոթովեցիր ու ծխախոտիդ մնացորդն էլ նետեցիր ճամփին, նստեցիր մեքենան, ոգևորված շարունակեցիր.

-Մենակ խոսում եք՝ հայրենասեր ենք… հայրենասեր եք՝ եկեք ազատեք էս հողերը,-խնդացիր քահ-քահ..

-Գանք, ազատենք, ի՞նչ կանես,-հարցրեցի: Մի՞թե երազանք չունես այս հողի նկատմամբ:

-Կուխտեմ, որ բոլոր եկեղեցիները վերականգնեմ. Ամեն սարի գլխին՝ խաչ դնեմ…

-Հա՛, այլոք հողն ազատեն, դու՝ քո աղտոտած հողի վրա խաչ կանգնեցնես… աշխարհ, անարդար աշխարհ…

Դու Աղթամարում խնդրեցիր թուրք ոստիկանին, որ հետդ լուսանկարվի: Կիսագրկած նկարվեցիք: Երևի ֆեյսբուքյան էջդ կզարդարի՛ այդ նկարը:

-Պապիդ նա՛ է սպանել, գնա  ամու՛ր գրկիր,-թունոտ նետեցի ես:

-Նա մեղավոր չէ… 100 տարի անցել է, նա մեղավոր չէ իր պապերի արածի համար,-անհոգ պատասխանեցիր…

Հետագայում, երբ Համշենում ճամփորդելիս հանդիպեցինք հայախոս հայերի, հետաքրքրությամբ շփվեցիր նրանց հետ, բայց, միևնույն է՝ դեմքդ ծամածռելով ասացիր՝ Մուսուլման են, էլի…

Նստած ենք Նեմրութի հայոց աստվածների դիցարանում… մեր դեմ Ծոփաց աշխարհն է, Եփրատի հովիտը:

-Ինչու՞ կորցրինք այս երկիրը, Բարեկա՛մս…

-Որովհետև՝ հեռացանք Աստծուց,-անվարան պատասխանեցիր դու:

-Որովհետև՝ հայը հեռացավ Հայից, իր նախահորից ու օտար զորություններ պաշտեց,-ընդհատեցի ես: – Որովհետև՝ մե՛նք Մհերին Ագռավաքարում փակեցինք ու խրախճանք սարքեցինք օտարի հետ, որովհետև մե՛նք անինքնասեր վարք որդեգրեցինք ու օտարին Հայր ու Տեր կոչեցինք, որովհետև՝ կես միլիոն քառակուսի կիլոմետր տարածք ընդգրկող հայրենիքում 1915 թվին միայն երեք քաղաք Պատվի ու Արժանապատվության զգացում ցուցաբերեց ու կռիվ տվեց…

Ու էսօր սպասում ենք, որ մեր հողի վրա օտարը տուն սարքի, հյուր գանք, սպասում ենք, որ այլոք մեր երկիրն ազատեն, մենք նրա հողում դարձյալ խաչ կանգնեցնենք… ու…

Մհերի ցասումի՛ց վախեցեք… Մհերի ցասումից… նա միևնույն է, կճեղքի՛ այս ժայռերը, դու՛րս կգա Ագռավաքարից, ու վա՜յ այն հային, ով պատրաստ չեղավ Մհերի գալստյանը: Վա՜յ այն հային, ով արժանացավ նրա ցասմանը…

Վահէ Լոռենց

Տպագրվել է ,,Անկախ,, շաբաթաթերթում 2017 թվականի հոկտեմբերի 5-ին

Facebooktwittergoogle_pluslinkedin