ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ

ՄԻՔԱՅԵԼ ՀՈՎՍԵՓԻ ԱՐԱՄՅԱՆՑ

Նախաբան,
2010 թվականի օգոստոս. Արցախ, Ասկերանի շրջան, Նախիջևանիկ գյուղ:
Տիկին Վարիան սառը թան և ձմերուկ հյուրասիրեց, փոքր ինչ նստեցինք տանն ու ճամփա ընկանք: Շոգ էր. մեր վարձած Գազելում օդափոխություն չկար:
Պատերազմը գյուղից դեռ չէր հեռացել, ամենուր նրա հետքերն էին. ավերված տներ, գյուղի մատույցներում` խրամատների ու բլինդաժների հետքեր…
Փոշեխառն տոթը խեղդում էր: Գյուղամիջում, հուշարձանի մոտ Արսենն ասաց.
-Նայիր, տե՜ս, էս ծառերից Ախթալայում էլ կան…
Կիպարիսներ էին:
-Էս պապս` Նիկոլայն է էստեղ տնկել, – Թամարայի ձայնն էր:
Պարզ է. ևս մի կապող օղակ Ախթալայի հետ: Միքայել Արամյանցը Ճապոնիայից բերել տվեց այս կիպարիսները /ասում են` տնկիներին մեկին մեկ հարաբերությամբ ոսկի է վճարել/ և իր եղբոր որդուն` Նիկոլայ Աբրահամի Արամյանցին Ախթալայի կալվածքում գյուղատնտես ու կառավարիչ նշանակելով` կարգադրեց տնկել դրանք: Նիկոլային Մ. Արամյանցը սովորելու էր ուղարկել Մոնպելյե, ուր նա գյուղատնտեսություն է ուսանել: Եվ ահա Նիկոլայ Արամյանցը կալիֆորնիական սոճիները Ախթալայում տնկելով` չմոռացավ նաև հայրենի գյուղը…
Աղբյուրի մոտ կանգ առանք` ջրի պաշար վերցնելու: Շահենը` Վարիայի ամուսինն զգուշացրեց, որ Քյաթուկում կարող է ջուր չգտնենք: Ջուր խմեցինք, պաշար վերցրինք ու շարժվեցինք:
-Վահե՜, են աղբյուրի մոտ կանգնած կնոջը տեսա՞ր: Թուրքի հարձակման վախտ ժողովուրդը Քյաթուկ էր փախչում, սրա կեսրարը ծանր հիվանդ էր: Տանը թողում են, գնում: Ամուսինը` հիվանդի որդին, ճամփից ետ է դառնում, չի կարում հորը թողնել եդտեղ… թուրքերը հորն էլ սպանեցին, տղուն էլ…, – դարձյալ Շահենն էր:
Այո՜, պատերազմը Նախիջևանիկից դեռ չի նահանջում…
-Իսկ թուրքերը Քյաթուկ մտա՞ն:
-Չէ՜, չկարացին: Նախիջևանիկն առան ու կանգնեցին: Բայց էստեղից Ասկերանի վրա կրակ էին թափում: Խալխի մեծ մասը Քյաթուկում էր: Հմի ա, որ մարդ չկա ապրող…
Գազելը հևում էր. դժվարին վերելք էր: Չբարձրացավ, կանգ առավ: Շարժիչն էլ տաքացել էր:
-Վե՜րջ, չի գնում,- վարորդը` Արթուրը, խեղճացած ինձ նայեց:- Մի ժամ պիտի սպասենք:
-Չէ՜, եդքան ժամանակ չունենք, ոտքո՜վ գնացինք,-զվարթ հրահանգեցի ես, ու հանկարծ, նկատեցի Թամարայի, Ջուլիայի ու Վարիայի վախեցած հայացքները: Այս կանայք արդեն երիտասարդ չեն, ճանապարհն էլ` դժվարանցանելի է, շոգ, փոշի…
Բայց հաջորդ պահին Թամարան օգնության հասավ.
-Հա՜, գնանք, ի՞նչ է, կարող է էլ չենք գնացել:
Սրտավորվեցի, նայեցի Վարիային. նա տկար էր երևում: Բայց Վարյան խրախուսված քրոջ խոսքերով` թեթևացած ասաց. ՙԳնացի՜նք՚
-Քյաթուկը հեռու՞ է այստեղից, – հարցրեց շուշեցի երիտասարդ ուսուցչուհի Գեղանուշը, որի հետ Երևանում էի ծանոթացել և նա սիրով հանձն էր առել Արցախում ուղեկցել մեզ:
-Ութ կիլոմետր: Ճամփի կեսն էլ եկել ենք, մի չորս կիլոմետր կա դեռ, – ՙտեղեկանք՚ ներկայացրի ես:
-Որտեղի՞ց գիտես,- զարմացավ Կարենը:
Կարենն Ստեփանակերտից է, Թամարայի ու Վարիայի եղբայրը, Ստեփանակերտի համալսարանում դասավանդում է, ամբիոնի վարիչ է:
-Ո՞նց չգիտի, Արամյանցի ողջ կյանքն անգիր է արել Վահեն, – իմ փոխարեն պարզաբանեց Թամարան, – որի առաջարկով էլ կայացել էր արցախյան ուղևորությունը Միքայել Արամյանցի մանկության հետքերով…
… Ճանապարհ կոչվածը դժվարին վերելք էր: Անտանելի շոգ էր: Կարծես Արցախում չլինեինք, ծառերի նշույլ անգամ չկար: Ես Գեղանուշի հետ առջևից էի գնում. ճամփան մաքրելով օձերից ու կարիճներից: Ցածում Ասկերանն էր` իր հզոր ամրոցներով, որոնք սակայն, դարերի ընթացքում չկարողացան պահպանել քաղաքը թուրքից, բայց բնությունը, ամենազոր բնությունը պահպանեց: Նախիջևանիկի ու Ասկերանի ժողովուրդը բերդին չի ապավինել պատերազմի ժամանակ, այլ` բնությանը, այս դժվարանցանելի սարերին… Հեռվում հայացող Աղդամն էր: Իսկապես լավ տեղում է գտնվում Քյաթուկը: Այստեղից մեծ հորիզոն է բացվում դեպի Դաշտային Արցախ:
Վերջապես, հերթական ոլորանից հետո բնությունը կտրուկ փոխվեց: Ծառեր, ծառեր… անտառի մեջ ենք: Նստեցինք շունչ առնելու: Բայց ծարավը տանջում էր: Մեր վերցրած ջրի պաշարը շուտ սպառվեց:
-Արամյանցն ամեն օր էս ութ կիլոմետրը ո՞նց է գնացել – եկել Նախիջևան: Չէ՞ որ նա ենտեղ է դասի գնացել,- կատակով դժգոհեցի ես:
-Մենք էլ ենք շատ գնացել Վահե ջա՜ն,- Թամարան էր: Էստեղ հաճախ էինք գալիս երեխա ժամանակ, մեր պապերի գյուղն է…
Թամարան իր եղբայրների ու քույրերի հետ Ստեփանակերտում է ծնվել: Նրա հայրը Արցախում ճանաչված անձնավորություն էր` Սարգիս Նիկոլայի Արամյանը, որ Թիֆլիսում է ծնվել հեռավոր 1915-ին, Միքայել Արամյանցի տանը: Մ. Արամյանցը Սարգիսի հոր հորեղբայրն էր: Իսկ նրա հայրը եղել է Արամյանցի` Ախթալայի կալվածքի կառավարիչը: Սարգիսը շուրջ քսան տարի ղեկավարել է Լեռնային Ղարաբաղի մարզային ժողկրթբաժինը և այսօր յուրաքանչյուր հասակավոր արցախցի գնահատում է նրա վաստակը: Մի խոսքով` Սարգիս Արամյանը, որի երակներում հոսել են երկու նշանավոր գերդաստանների` Արամյանների ու Փիրումյանների արյունը, պատվով է ապրել ու պատվով է կատարել իր առաքելությունը` իր վաստակն ավելացնելով պապի` Մ. Արամյանցի բարի անվանը:
…Ճանապարհի դժվարություններն արդեն հետևում են: Հասնում ենք Քյաթուկ:
-Համ էլ, ենթադրենք ուխտի ենք եկել պապական տուն,- ժպտալով արտասանեց Կարենը:
-Ինչու՞ ենթադրենք, իսկական ուխտ է էլի,-լրացրեց նրան Թամարան:
Հասնում էինք գյուղամեջ, երբ մեքենայի ձայն լսեցինք: Գազելն էր: Արթուրին հաջողվել էր կարգի գցել մեքենան ու բարձրանալ:
Քյաթուկ գյուղը գտնվում է Արցախի սրտում` Վարանդայի տարածքում: Այն այժմյան Ասկերան քաղաքից 10 կմ հեռավորության վրա է`նշանավոր Նախիջևանիկից էլ բարձր` շրջապատված բարձրաբերձ սարերով ու անդնդախոր ձորերով: Եթե այժմ փորձեք Քյաթուկ բարձրանալ` ապա պետք է կամ ոտքով ուղևորվեք, կամ` ամենագնաց մեքենայի օգնությանը դիմեք: Անդնդախոր ձորերի լանջով վեր խոյացող ոլորապտույտը ձեզ ամայի ու չոր, տափաստան հիշեցնող տեղանքով կառաջնորդի դեպի սարերի սիրտը, ու հանկարծ, վերջին ոլորանից հետո, ձեր դեմ կբացվի Քյաթուկ կոչվող դրախտը:
Գյուղամիջում անդորր էր: Շուրջն անխնամ մնացած ընտանի ծառեր էին, լսվում էին միայն ժրաջան մեղուների բզզոցն ու թռչունների ծլվլոցը: Նստեցի ծառի տակ: Սպասեցի մինչ խումբը հավաքվեց: Տիկին Վարիայից հարցրեցի, թե ո՞րն է Արամյանցի տունը: ՙՀրե՜ն, ձորի այն կողմը՚, – դեպի արևելք ցույց տվեց Վարիան:
-Դե՜, առաջ շարժվեցինք,- հրահանգեցի ես:
Հանկարծ մոտակայքից ձայն լսեցինք: Մոտակա այգուց էր: Առաջացանք` հուսալով խմելու ջուր գտնել:
-Բարև եղբա՜յր,-ողջունեցի կիսամերկ, հաղթանդամ հնձվորին:
-Բարև՜,- ասես զարմացած ողջունեց նա:
-Ջուր ունե՞ս, ջուր կտա՞ս խմելու:
-Իհարկե՜: Համեցեք, հյուրն աստծոնն է:
Հագեցրինք ծարավներս, նստեցինք ընկուզենու տակ:
-Մենա՞կ ես էստեղ ապրում Գարեգի՜ն:
-Էստեղ չեմ ապրում, Ասկերանում եմ: Սեզոնին գալիս եմ, խոտ-բան եմ հնձում. ճանճերին նայում, իջնում: Ո՞նց ապրեմ, ողջ գյուղը դատարկ է… ասես լքված դրախտ լինի, – հոգոց հանեց նա:- Երևանի՞ց եք:
-Չէ՜, ավելի՜ հեռվից: Ախթալայից: Լսած կա՜ս:
-Հա՜, եդ Վրաստանի կողմերում չի՞, Լոռիու՜մ կարծեմ:
-Հա՜, ճիշտ ես:
-Բա ի՞նչ կա մեր կողմերում:
-Արամյանցի հետքերով ենք եկել: Միքայել Արամյանց լսա՞ծ ես: Ձեր գյուղացի է եղել:
-Հա՜, ասում են Քյոխանց տոհմից է եղել: Գյուղի հմա ջուր-բան է քաշել, ժամն ա սարքել…
Հրաժեշտ տվինք Գարեգինին ու շարժվեցինք դեպի եկեղեցի: Կիսավեր, անշուք կառույց էր:
Շահենն ասաց, որ խորհրդային տարիներին եկեղեցին որպես գյուղական ակումբ է ծառայել: Չկարողացա մոտենալ եկեղեցուն: Մոշենիները ծածկել էին նրան` ասես պաշտպանելով անկոչ հյուրերից: Եկեղեցու մոտ մի քանի գերեզմաններ կային` սպիտակ բազալտե տապանաքարերով: Դատելով տապանաքարերի վրայի գավազանակերպ նկարներից` այստեղ հոգևորականների աճյուններ են ամփոփված: Բայց տապանների արձանագրությունները վերծանել չհաջողվեց: Շատ էին հողմնահարված ու մաշված, և կեսօրյա կիզիչ արևն էլ խանգառում էր:
Եկեղեցուց դեպի հյուսիս փոքրիկ ձորակ կա: Հաղթահարեցինք այդ ձորակը, հայտնվեցինք առատ բուսականությամբ ծածկված մի տափարակի վրա:
-Ի՛նչ խոտ է, ափսոս է, կորչում է,-Շահենն էր:
-Ահա՜ Արամյանցի տունը,- քիչ հեռվում խոտերի ու մացառուտների մեջ կորած խարխուլ ու լքված շինությունը մատնացույց արեց Վերան:
Մոտեցանք. Շահենը գետնից փայտի կտոր վերցրեց, խոտերը ճեղքելով` ճանապարհ բացեց դեպի տուն:
Այս կիսախարխուլ, բայց ընդարձակ տանն է ծնվել Միքայել Արամյանցը: Հետագայում, երբ նա տեղափոխվել է Թիֆլիս, իր մոտ է տարել նաև եղբայրներին` հայրական տանը տիրություն են արել հորեղբայրները: Նրանց ժառանգներն էլ 1980 ականների վերջին լքել են այս տունը: Արդեն քսան տարուց ավելի է` այստեղ բնակվողներ չկան: Տարեկան մեկ-երկու անգամ Շահենն է Քյաթուկ բարձրանում, բացում տան դռները:
Տնտղեցի տունը: Պահարաններն ու կահույքն էի ստուգում` հետաքրքիր իր, մասունք գտնելու ակնկալիքով: Պահարաններից մեկում 1968 թվականի արտադրության հայկական կոնյակ գտա: Ուրախացած առաջարկեցի տեղում խմել:
-Քյոխանց տունը շեն ա եղել, հարուստ օջախ էինք, էստեղ շատ բան կգտնես Վահե ջա՜ն,-ասաց Թամարան` բաժակները սրբելով:
-Դե՜, Արամյանների տանը բաժակ բարձրացնենք, խմենք Ձեր տոհմի, գերդաստանի կենացը, ցանկանանք, որ էլ երբեք հայրական տունը լքող չլինի ու միշտ շեն կենաք, – խմեցինք:
Կարենն ինչպես միշտ լուռ էր ու խոհուն:
Կանչեց խորդանոցից.
-Էստեղ իրեր կան, քեզ պետք կգան:
Իսկապես պետքական իրեր էին. օղու, գինու տիկեր, կավե ամաններ, կենցաղային այլ իրեր: Լավ գտածոներ են: Չկարողացա զսպել ուրախությունս.
-Արսե՜ն, տես ինչ ենք գտել: Վերցրու սրանց, մեքենան դիր, հետներս պիտի տանենք…
Երեկոյան մեր հավաքածուն հարստացրեց Կարենի հորաքրոջ աղջիկը` բանասեր, Արցախի վաստակավոր ուսուցչուհի Նաիրա Թամազյանը, որ մեզ նվիրեց Մ. Արամյանցի Թիֆլիսի տնից բերած (Արամյանցի նվերն է եղբոր կնոջը) Կուզնեցովյան թանկարժեք սպասքը: Տիկին Նաիրան հայրենասեր է մինչև ողն ու ծուծը, և հպարտ է, որ իր երակներում կրում է Արամյանների ու Փիրումյանների արյունը:
Երեկոյան կողմ իջանք Քյաթուկից: Հոգնած էինք, բայց վաստակած հոգնություն էր…

ՄՈՒՏՔ
Իսկապես գեղեցիկ է Քյաթուկը: Գյուղը գտնվում է մի կողմից` խոր ու կուսական անտառների, մյուս կողմից` Թառթառի հովիտը եզերող լեռնալանջերի միջև: Գյուղի տեղանքը հարմար է ոչ միայն երկրագործության ու անասնապահության զարգացման համար: Քյաթուկի անառիկ դիրքը, լեռնային ռելիեֆն ու դժվարանցելի տեղանքը մարդու համար ավելի ապահով կացարան են, քան քիչ հեռվում գտնվող Ասկերանի հռչակավոր բերդը:
Բնությունն առատորեն պարգևատրել է Քյաթուկին իր բարիքներով. Գյուղն անտառաշատ վայրում է գտնվում և այստեղ վառելափայտի, ջրի, արոտավայրերի առատ պաշարներ կան, ու թվում է, ոչինչ չի խանգառում բնակավայրի ծաղկմանն ու բարգավաճմանը: Իսկապես, Քյաթուկը բազմամարդ համայնք է եղել: 1
Մեր օրերում բնակավայրը լքվել է. տարբեր պատճառներով, այսօր այնտեղ հիմնական բնակիչներ չկան, բայց հուսանք, մի գեղեցիկ օր Արցախի այդ չքնաղ անկյունը դարձյալ կբնակեցվի ու մարդաշատ կդառնա:
Բնության այս չքնաղ անկյունում էլ ծնվել է Միքայել Հովսեփի Արամյանցը:
Արամյանների ազնվական գերդաստանի արմատները դարերի խորքից են գալիս`սերելով Արցախի քաջ մելիքական տներից:
Գերդաստանը Քյաթուկում բնիկ չէ: Արամյանների ակունքները գալիս են հյուսիսից` Գյուլիստանից: Նրանք սերում են Գյուլիստանի մելիքներից` մելիք Արամի որդի Հովսեփ բեկից, որ հանգամանքների բերումով լքելով հայրենի բնակավայրը` եկավ, հաստատվեց Վարանդայում:
Արամյանների տոհմն ի սկզբանե կոչվել է Իսաև. այդ են վկայում ՀՀ Պատմության պետական արխիվում պահպանված Քյաթուկ գյուղի ծխամատյանները:2
Իսայը Հովսեփ անվան թուրքականացված ձևն է: Հետագայում, 1885 թվականից հետո Միքայել Արամյանցի հայրը` Հովսեփն, ընդունում է Արամով ազգանունը: 3
Արամյանների գերդաստանը մեծ հարգանք ու բարձր դիրք է գրավել ողջ Արցախում: Այս գերդաստանի անդամները ժառանգաբար եղել են Քյաթուկի տանուտերերը: Հովսեփ բեկի որդին Արամն էր, որ ծնվել և ապրել է 18 – րդ դարում: Սա ուներ երեք որդի. Արամ, Ղարաման և Քյարամ: Այս Քյարամից հետագայում առանձնացավ Քյարամյանների տոհմը: Արամը մեր դիտարկումներով, քահանա է եղել և սերունդ չի ունեցել: Ղարամանն ուներ երկու որդի` Եսայի և Հարություն: Հարությունը հետագայում ունեցավ Նիկոլայ որդուն: Եսայը մեծ հարգանք էր վայելում Արցախում. սա հայտնի էր իր կտրուկ և իշխող բնավորությամբ: Եսայը հորից հետո դարձել էր Քյաթուկի տանուտերը (քյոխվան), և այդ ժամանակներից էլ Արամյանների տոհմը Արցախում հայտնի է Քյոխանց մականունով:
Եսայու մահից հետո գյուղի տանուտիրությունն անցնում է նրա Հովսեփ որդուն: Հովսեփն ամուսնացած էր Նախիջևանիկի տանուտիրոջ դստեր` Մելիք – Անջելիկի հետ, որ նշանավոր Փիրումյանների տոհմից էր: (Այս տոհմից են սերում ականավոր զորավարներ, Սարդարապատի հերոսներ Դանիելբեկ և Հովսեփբեկ Փիրումյանները):
Այս ընտանիքում էլ 1843թվականի մայիսի 4-ին ծնվեց Միքայել Արամյանցը: ա/53, գ/77
Հովսեփն ու Մելիք – Անջելիկն ունեին չորս արու զավակ` Աբրահամ, Իսահակ, Կոնդոր (Ջումշուդ) և Միքայել:
Աբրահամի կինը Մոխին էր: Նրանք ունեին Սարգիս, Բախշի, Դավիթ, Իշխան (հետագայում` իրավաբան, Մ. Արամյանցի հավատարմատարը), Արշակ որդիները և Նուբար դուստրը:
Իսահակն ամուսնացավ քյաթուկցի Ղուրուշի հետ և ունեին Ալեքսան, Հայրապետ, Հովհաննես, Դանիել, Բաբա, Նիկոլայ (հետագայում` Մ. Արամյանցի կալվածքների գլխավոր գյուղատնտեսը) որդիները և Խալո, Զարի դուստրերը:
Ջումշուդը (Կոնդոր) տառապում էր հոգեկան հիվանդությամբ և ողջ կյանքում չամուսնացավ:
Քյոխվա Հովսեփի կրտսեր որդին` Միքայել Արամյանցը, գրաճանաչ դարձավ Քյաթուկի դպրոցում` ուր դասավանդում էր գյուղի ծխատեր Ներսես քահանան: Սակայն շուտով Ներսես քահանան կնքում է իր մահկանացուն և նրան փոխարինում է Նախիջևանիկի քահանան` տեր Կարապետը, որ շաբաթական երկու անգամ հաճախում էր Քյաթուկ և ժամերգություն կարդում գյուղացիների համար: Այդ ժամանակ Քյաթուկի եկեղեցին զանգ չուներ (այն հետագայում պատրաստել տվեց Արամյանցը) և ժողովուրդը եկեղեցում հավաքվում էր դռնից կախած կոչնակի զանգով. քահանան վերցնում էր կոչնակի երկու տախտակներն ու միմյանց զարկելով` հրավիրում էր մարդկանց ժամերգության: Միքայելն ուսումը շարունակելու համար հաճախում է Քյաթուկից յոթ վերստ հեռավորության վրա գտնվող Նախիջևանիկի դպրոց, ուր շաբաթական երկու անգամ դասավանդում էր Կարապետ քահանան: Վատ եղանակի դեպքում հյուրընկալ քահանան իր տանն էր պատսպարում փոքրիկ Միքայելին:
Միքայելի հայրը` քյոխվա Հովսեփը, պատվական մարդ էր և ողջ Վարանդան էր նրան ճանաչում: Սովորաբար Քյաթուկ այցելող թե՜ պաշտոնական անձինք, թե՜ օտարական անցորդներն իջևանում էին նրա տանը: Ահա 1857 թվականին մի այդպիսի պատահական այցելություն վճռական եղավ Միքայելի ճակատագրում: Քյաթուկում ծանր հիվանդությունից վախճանվել էր Դանիել Հովհաննիսյան անունով մի երիտասարդ, որ ուսում էր առել Շուշիում և ուսումնառության տարիներին ապրել էր շուշեցի պատվական այր Սարգիս – ջան Ապեր Մթովենցի տանը: Ահա այս Սարգիս – ջան Ապերն այցելում է Քյաթուկ` այդ երիտասարդի թաղմանը, և կանգ է առնում տանուտեր Հովսեփի տանը: Երբ տանտերն իր այգում սփռոց է բացում և հյուրասիրություն կազմակերպում պատվավոր հյուրի համար, վերջինս ձեռքն առնելով իր երկար ծխամորճը, կանչում է պատանի Միքայելին և քանի որ լուցկի չկար` խնդրում է պատանուն` կրակ բերել իր համար: Լսելուն պես` Միքայելը վազում է և օջախից վառարանի կրակխառնիչով մի կտոր ածուխ է բերում Սարգիս – ջան Ապոր համար: Ծերունին ուշադիր զննելով Միքայելի դիմագծերը` տանուտեր Հովսեփին ասում է. «Հովսե՜փ, էս երեխին ղրկի ուսման, ժիր ու աչքաբաց է երևում, ժամանակին մարդ կդառնա…՚
Այդ օրից Միքայելը հորը հանգիստ չի տալիս, և արցունքն աչքերին միշտ խնդրում է նրան, որ իրեն ուսման ուղարկի: Եվ ահա 1858 թվականին տանուտեր Հովսեփն իր ավագ որդի Աբրահամի հետ Միքայելին ուղարկում է Շուշի` Սարգիս – ջան Ապեր Մթովենցի տուն, որպեսզի իր վաղեմի բարեկամը հոգա որդու մասին և ուսման տա նրան:
Միքայելը Սարգիս – ջան Ապոր երկու տղաների հետ հաճախում էր տեր Հարություն քահանայի ուսումնարանը, ուր սովորում էին քառասուն աշակերտներ: Որպես ուսման վարձ Միքայելը Սարգիս – ջան Ապորից ստանում էր քառասուն կոպեկ,և վճարում էր տեր Հարությունին:
Շատ չանցած` Միքայելը տեղափոխվում է Շուշվա գավառական ուսումնարանը, որի տեսուչը Բելկինն էր, ուսուցիչները` Բաղինով, Աթաբեկով, տեր Հարություն, մոլլա Փերի: Շուտով սակայն, դպրոցի առջև նոր ասպարեզ է բացվում. այստեղ ուսուցիչներ են նշանակվում և Միքայելին դասավանդում նշանավոր այրեր. Պետրոս Շանշիև (տեսուչ), Գարեգին Մուրադյան (հետագայում արքեպիսկոպոս), Պերճ Պռոշյան, Աղափիրյան, Փափազյան և ուրիշներ…
ՈՒսումնարանից հետո Միքայելը ցանկանում էր շարունակել ուսումը Թիֆլիսի գիմնազիայում, բայց հանգամանքներn այլ կերպ տնօրինեցին նրա ճակատագիրը: Նա դարձավ վաճառական մահտեսի Համբարձում Թառումյանի աշակերտը, նրա հետ գնաց Թավրիզ և երկու տարի այստեղ սովորեց առևտրական և հաշվապահական գործ:
Թավրիզում ապրած տարիները հարուստ փորձ տվեցին Միքայելին: Նա հմտացավ հաշվապահության, առևտրի, վաճառականության մեջ: Այստեղ Միքայելը ծանոթացավ Ալեքսանդր Մանթաշյանցի հետ: Այս ծանոթությունը երկու երիտասարդների համար էլ ճակատագրական եղավ:
Ալեքսանդր Մանթաշյանցը ծնվել է Թիֆլիսում` 1842 թվականին, վաճառականի ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի հռչակավոր գրագետ Գալուստ վարդապետ Փափազյանի մասնավոր դպրոցում: Այստեղ նա ջանադրությամբ սովորում է վրացերեն, ռուսերեն լեզուները: Ալեքսանդրի հայրn իր տակավին պատանի որդու մեջ տեսնում էր ապագա վաճառականին և ջանք չէր խնայում` նրան ուսման տալու:
Մանթաշյաններն ապրում էին Թիֆլիսի Գաննովսկայա փողոցի մի համեստ տան մեջ, բայց պատանի Ալեքսանդրը իր մտքի թռիչքներում երազում էր եվրոպական մեծ քաղաքների մասին:
1868 թվականին Ալեքսանդրի հայրը որդուն ճամփորդության տարավ Եվրոպա: Աչքաբաց երիտասարդն արդեն ընտրել էր իր կյանքի ուղին: Շուտով նա հայտնվեց Պարսկաստանում, ուր բարձր պաշտոնյա էր քեռին` Խոսրով խանը: Այստեղ Ալեքսանդրը կարճ ժամանակում լայն գործունեություն ծավալեց և ճանաչում ձեռք բերեց: Նա արժանացավ անգամ Թեհրանի հայ վաճառականության պարագլխի` «Թաջիբ բաշու» ուշադրությանը: Թաջիբ բաշին ինքը շուշեցի էր (Ալեքսանդր Բեգ) և տեսնելով Ալեքսանդրի խիզախ, համարձակ գործունեությունը` միշտ աջակցում էր նրան:
Արդեն 20 տարեկանից Ալեքսանդրն իր ձեռքն էր վերցրել իրենց առևտրական տան գործերը և հոր մահից հետո, նրա թողած 200000 ռուբլի դրամագլխով սկսեց իր լայն գործունեությունը` կարճ ժամանակում իր կարողությունը բազմապատկելով, հասցնելով միլիոնների` նա դարձավ ոչ միայն Կովկասի, այլ ողջ Ռուսական կայսրության ամենահարուստ մարդկանցից մեկը:
Ահա և Թավրիզում Միքայել Արամյանցի և Ալեքսանդր Մանթաշյանցի ճանապարհներն առաջին անգամ խաչաձևվեցին. նրանք ծանոթացան և ընկերներ դարձան:
Ապա Միքայելը, արդեն որպես հմուտ վաճառական և հաշվապահ, Թառումյանի մահից հետո` 1866 թվականին կառավարիչ նշանակվեց Հովհաննես Խուբլարյանի մանուֆակտուրային գործարանում: (Խուբլարյանը ագուլեսցի էր և մանուֆակտուրային գործ էր դրել Շուշիում):
Միքայելը չորս տարի ապրեց Դարբանդ քաղաքում (Հյուսիսային Կովկաս), այստեղ տորոնի և մանուֆակտուրայի առևտրով էր զբաղվում: Նա որպես աշխատավարձ ստանում էր տարեկան 600 ռուբլի և իրավունք ուներ իր դրամագլուխը նույնպես գործի մեջ դնելու և շահույթ ստանալու:
Եվ ահա 1871 թվականին 3000 ռուբլի դրամագլխով Միքայել Արամյանցը տեղափոխվում է Թիֆլիս և սկսում իր առևտրական գործունեությունը: Կովկասի մեծագույն քաղաքն անմիջապես կլանում է Արամյանցին: Նա, որ արդեն բավական հմտություն ու փորձ ուներ առևտրի, վաճառականության ասպարեզում, առանց հապաղելու ձեռնամուխ է լինում գործի:
19-րդ դարում Թիֆլիսն իրենից հայկական քաղաք էր ներկայացնում: 1803 թվականին այստեղ կար 2700 տուն, որից վրացիներին էր պատկանում սոսկ 18-ը:
1821 թվականին Թիֆլիսում կար 3368 ծուխ, որից 2951 հայկական էին, 417- ը` վրացական: (Братская помощь пострадавщим в Турции армянам» Москва-1897, стр. 661)
1854 թ. Թիֆլիսում ապրում էին 4173 ծուխ հայեր, 1142 ծուխ վրացիներ, 192 ծուխ ռուսներ և 96 ծուխ թուրք – թաթարներ: («Кавказскии календарь на 1855 г.» стр. 277)
1865 թվականին քաղաքում բնակվում էին 71051 մարդ, որից` 31180 հայ, 14787 վրացի, 12462 ռուս, մնացածը` այլ ազգեր: (Д. Бакрадзе, Н. Берзенов. «Тифлис в историческом и экономическом отнощениях» СПБ-1870, стр-132)
1916 թվականին Թիֆլիսում ապրում էին 149294 հայ, 91997 վրացի, 27584 ռուս: (Խ. Դադայան. «Ոսկե կապիտալ» Երևան – էջ – 55)
Թիֆլիսում Արամյանցն զբաղվում է շաքարի տրանզիտ առևտրով. Մարսելից էժան գնով բերված շաքարը վաճառում էր Թավրիզ, Ռաշտ, Թեհրան և Մազանդարան քաղաքներում, այստեղից բերում էր փրիզոն, մետաքս, բուրդ և վաճառում Թիֆլիսում: Ընդամենը հինգ տարվա ընթացքում Արամյանցի կապիտալը աճեց ավելի քան 300 անգամ և 1876 թվականին նա արդեն ուներ մեկ միլիոն ռուբլի դրամագլուխ:
(Փողի գնողունակության մասին պատկերացում կազմելու համար բերենք հետևյալ տվյալները. 1875 թվականին 1 արծաթ ռուբլին = 4.50 ֆրանսիական ֆրանկի = 0,75 ԱՄՆ դոլարի: 1913-1914 թվականներին Երևանի շուկայում մեկ փութ (16 կգ) կարտոֆիլն արժեր 50 կոպեկ, 1 փութ տավարի միսը` 2.50 – 3 ռուբլի, 1 կգ թարմ կարագը` 12 կոպեկ: ա/59)
Սակայն վրա հասած 1877 թվականի ռուս – թուրքական պատերազմը և Արամյանցի գործընկերներից Խաչատուր Միրզաջանը սննկացրին Միքայելին և նրա մեկ միլիոն ռուբլուց մնաց ընդամենը 7000 ռուբլի և Նաբերեժնի թաղամասի սեփական տունը: Սակայն չհուսահատվելով` Արամյանցը 1879 թվականին վերսկսում է բոժոժի առևտուրը և 1883 թվականին արդեն կուտակել էր 40000 ռուբլի կապիտալ:
Այս տարիներին Միքայելն ամուսնացավ. Նրա կինը թիֆլիսահայ Եղիսաբեթ Շոլկոյանցն էր: Վերջինս ծնվել է 1859 թվականին: ՀՊՊԱ ֆ-56,ց-3,գ-4169
Թիֆլիսի Նորաշենի սբ. Աստվածածին եկեղեցու ծխամատյանի 1876 թվականի գրառումներում գրանցած է Արամյանց ամուսինների պսակը: «Շուշվա գավառի Քյաթուկ գյուղի բնակիչ Միքայել Հովսեփի Արամյանց, 26 տարեկան, ամուսնացավ (առաջին օրինական ամուսնությունն է) Թիֆլիսի բնակիչ Սողոմոն Շալկոյանցի Եղիսաբեթ դստեր հետ. (18 տարեկան, առաջին ամուսնությունն է), Սբ. Նշան եկեղեցում: Ամուսնական ծեսը անցկացրեց հոգևորական Հովսեփ Մամուլյանցը 1876 թվականի փետրվարի 9-ին: Խաչեղբայրը Միրզաջան Խաչատրյանցն էր»:
ՀՊՊԱ ֆ-56, ց-3, գ-4169
1884 թվականի հոկտեմբերի 4 – ին Մ. Արամյանցը կնոջ` Եղիսաբեթի և որդու` Սողոմոնի հետ հաստատվեց Բաքվում: Արամյանցին Բաքու էին բերել նավթարդյունաբերության ծագող հեռանկարները: Մանուֆակտուրային առևտուրը այլևս փոքր էր նման մտահորիզոն ունեցող գործարարի համար:
Այստեղ Արամյանցը և ևս երեք արցախցիներ` արդեն վաղուց Բաքվում հաստատված և նավթարդյունաբերությամբ զբաղվող Առաքել Ծատուրյանը, Գրիգոր Առաֆելյանը և Հովսեփ Թումանյանը կազմում են «Բալախանյան ընկերությունը»: Այս ընկերությունը 130.000 ռուբլով գնեց Առաֆելյանի և Թումաևի նավթի վերամշակման գործարանն ու սկսեց գործել: Այդ ժամանակ Բաքվում միայն երեք ընկերություններ ունեին սեփական նավթամուղը. Նոբելը, Միրզոևը և Կասպյան ընկերությունը: Այս վերջինիս ծառայություններից էլ օգտվում էր Արամյանցի ընկերությունը, վճարելով յուրաքանչյուր փութ նավթի տեղափոխման համար 2 կոպեկ: Ե/77
Առհասարակ, այդ տարիներին Բաքվում արդեն իսկական նավթային բում էր: Այստեղ տիրապետող օտարերկրյա կապիտալի կողքին (Նոբել, Ռոտշիլդ, Ռագոզին…) արագ աճում էին նաև հայկական նավթային ընկերությունները` Ղուկասյան եղբայրներ, Միրզոև եղբայրներ, Եղիազարյան, Լիանոզով… Առհասարակ, 19-րդ դարի վերջին տասնամյակում Բաքվում արտադրված նավթի արժեքը կազմում էր ավելի, քան 124 միլիոն ռուբլի, որի 40 տոկոսը պատկանում էր հայ կապիտալիստներին: («Վրաստան» թիվ 81-82, (15044) 2002թվ.)
Սակայն նավթաշխարհում ոչինչ հեշտ չէր տրվում: Հիմնական դժվարությունները կապված էին բեռնափոխադրումների հետ: Առհասարակ, նավթի հանույթն ավելի էժան էր նստում, քան փոխադրումը, որ կատարվում էր տիկերով:
Եվ ահա Արամյանցն ու իր ընկերները որոշում են ունենալ սեփական նավթամուղը, որի համար, սակայն, հարկ էր ներդնել 150.000 ռուբլի:
Նավթամուղ ասածը, տվյալ դեպքում` ցիստերներն էին, որ ավելի կհեշտացներ բեռնափոխադրումների գործը երկաթուղով: Արամյանցը միաժամանակ ցանկանում էր ցիստերները վարձով տալ այլ նավթարդյունաբերողների և լրացուցիչ շահույթ ստանալ: Սակայն, քանի որ ընկերության ողջ կապիտալը նավթահանման գործի մեջ էր` գումար չկար նավթամուղը ձեռնարկելու համար, և այդ պատճառով էլ Միքայել Արամյանցը ուղևորվեց Թիֆլիս և դիմեց իր վաղեմի բարեկամին և ընկերոջը` Ալեքսանդր Մանթաշյանցին:
Մանթաշյանցին Արամյանցը ճանաչում էր դեռ Թավրիզյան կյանքի տարիներից, երբ Ալեքսանդրը այստեղ հոր հետ վաճառականությամբ էր զբաղվում: Հետագայում, հոր մահից հետո, երիտասարդ Մանթաշյանցն իր ձեռքն էր վերցրել առևտրական տան գործերը և կարճ ժամանակում բազմապատկել էր հորից իրեն մնացած 200.000 ռուբլի ժառանգությունը: Մանթաշյանցին էին պատկանում Թիֆլիսի շուկայի ամենամեծ և ամենաարդյունավետ տաղավարները, նրանն էր Թիֆլիսի առևտրային բանկը…
Ինքը` Մանթաշյանցը վաղուց էր ուզում Բաքու գնալ և մտնել նավթի աշխարհ, բայց հարմար պահ մինչ այժմ չէր եղել:
Արամյանցի առաջարկը լսելուց հետո Մանթաշյանցը նախ տակտիկական նկատառումներից ելնելով` մերժում է: Ապա, Արամյանցն առաջարկում է ոչ թե փող տալ իրեն պարտքով, այլ 40.000 ռուբլի դրամագլխով միանալ իրենց ընկերությանը որպես փայատեր: Մանթաշյանցի ուզածն էլ հենց այդ էր. սակայն հետևում է դիվանագիտական պատասխան. «Է՜հ, Միքել ջա՜ն, ի՞նչ անեմ, շատ ես ստիպում, ինչ կուլի, կուլի, մի 40.000 էլ քո խաթեր թող Կասպից ծովը գցեմ…» Եվ ահա Մանթաշյանցն էլ միացավ գործին և նոր ընկերությունը 200.000 ռուբլի դրամագլխով գործի անցավ:
1885 թվականին Մանթաշյանցը գնեց Առաֆելյանի մասնաբաժինը 45.000 ռուբլով և նրան հանեց բիզնեսից:
1887 թվականին 70.000 ռուբլով գնեց Թումանյանի, իսկ 1892-ին` 620.000 ռուբլով նաև Ծատուրյանի մասնաբաժիններն ու նրանց ևս հեռացրեց բիզնեսից: Երբ Մանթաշյանցը ցանկացավ նույն կերպ վարվել նաև Արամյանցի հետ` հին ընկերները կյանքում առաջին և միակ անգամ կանգնեցին դեմ դիմաց և վիճեցին. «Չե՞ս ամաչում Ալեքսա՜նդր, չէ՞ որ ես եմ քեզ Բաքու բերել…» Արամյանցի խոսքն ազդու էր. Մանթաշյանցն ազդվեց և խոստացավ. «Ճիշտ ես ասում Մուքել ջան…»
Արդյունքում` կազմվեց նոր ընկերություն` «Ալ. Մանթաշյանց և ընկերություն», որի 66% մասնաբաժինը Մանթաշյանցինն էր, մնացածը` Արամյանցինը:
1897 թվականին Ալ. Մանթաշյանցն ու Մ. Արամյանցը որոշում են վաճառել իրենց նավթային բիզնեսը: Անգլիական մի ընկերություն նրանց 22 միլիոն ռուբլու առաջարկ է անում: Մինչ գործընկերները մտածում էին այդ մասին, Պետերբուրգում, կառավարական շրջաններում անհանգստություն էին արտահայտում, որ Բաքվի նավթաշխարհում տիրապետող է դառնում արտասահմանյան կապիտալը: Շուտով ընկերները առաջարկ են ստանում նաև ռուս կապիտալիստներից: Մանթաշյանցը, որ արդեն փոշմանել էր և չէր ուզում այլևս վաճառել բիզնեսը` մերժեց անգլիացիներին, իսկ ռուսների առջև այնպիսի պայմաններ դրեց, որ նրանք հրաշարվեն ընկերությունը գնելու մտքից: Մանթաշյանցը հրաժարվում էր ողջ ընկերությունը վաճառելուց, բայց Արամյանցի հետ համաձայնության գալով` պատրաստակամություն հայտնեց վաճառել գործի 1/3-ը միայն` դրանով իր ձեռքում պահելով նաև ընկերության կառավարումը: Ընդ որում` նրանք այդ 1/3 մասը գնորդին` Արտաքին առևտրի ռուսական բանկին վաճառեցին 20 միլիոն ռուբլով:
Նոր պայմաններով, 1899 թվականի հունվարին կազմվեց ՙԱլեքսանդր Մանթաշյանցի նավթարդյունաբերական և առևտրական ընկերությունը՚: Ընկերության ընդհանուր դրամագլուխը 22 միլիոն ռուբլի էր, բաժանված 88000 ակցիաների վրա, յուրաքանչյուրը` 250 ռուբլի արժեքով: Այս գումարից 2 միլիոնը շարժական հիմնադրամ էր, իսկ 20 միլիոն ռուբլով պիտի վճարվեր ՙԱլեքսանդր Մանթաշյանց և Ընկերներ՚ առևտրական տան ողջ գույքը գնելու համար: Ե/109
Ընկերության նախագահն էր Ալեքսանդր Մանթաշյանցը, փոխնախագահը` Միքայել Արամյանցը, խորհրդի անդամներ էին Մանթաշյանցի մորեղբոր որդին` Դավիթ Խարազյանցը, Բաքվի գործերի կառավարիչ Արշակ Հունանյանը և ռուսական կողմից` Անդրեյ Պոմերը:
Այս 20 միլիոնի ակցիաներից Մանթաշյանցն ու Արամյանցը վաճառեցին միայն1/3 մասը կանխիկ դրամով, իսկ 2/3 մասը պահեցին իրենց ձեռքում: Գործարքն անչափ հաջող էր. Ալ. Մանթաշյանցը գործարքից մաքուր գանձեց 5340000 ռուբլի, իսկ Մ. Արամյանցը` 1330000 ռուբլի: Բացի այդ` Մանթաշյանցին բաժին ընկան 10665000 ռուբլու, իսկ Արամյանցին` 2665000 ռուբլու ակցիաներ:
Այս գործարքի մասին Մ. Արամյանցի հուշերն է մեջբերում Ա. Սարուխանը. ՙԱրտաքին առևտրի ռուսական բանկի կառավարիչը արժեթղթերի ժողովածուն դնում է սեղանին և Ալ. Մանթաշյանցն սկսում է բաժանել այն. ամեն մեկից չորս հատ ինքն է վերցնում, և մեկ հատ տալիս ինձ: Այդ ձևով բաժանեցինք նոր ընկերության բաժնետոմսերը և մեծ զվարճություն պարգևեցինք ռուս դրամատերերին՚ Գործի վերջում Մանթաշյանցը հայերեն դիմում է Միքայել Արամյանցին. ՙՄիքե՜լ, իշավարի հարստացանք…՚ Ե/109-110
Արամյանցը Բաքվում բնակվում էր քաղաքի կենտրոնում, ուր մի շատ շքեղ տուն էր կառուցել, որի մի մասում իր ընտանիքն էր ապրում, իսկ մյուս հարկաբաժիններում` Բաքվի հարուստ հայտնի ընտանիքներ: Ե/81
Այստեղ նա ակտիվ հասարակական կյանքով էր ապրում. մասնակցում էր ազգային կյանքին, բարեգործություն էր անում, Բաքվի մարդասիրական ընկերության ակտիվ անդամներից ու նվիրատուներից էր: Նա իր շուրջն էր հավաքել Բաքվի հայոց մտավորականությանը, նրան շրջապատում էր նավթաշխարհի ողջ էլիտան:
Բայց շուտով Արամյանցն իր մասնաբաժինը վաճառեց 10 միլիոն ռուբլով և տեղափոխվեց Թիֆլիս: Այստեղ սկսվում է Միքայել Արամյանցի կյանքի նոր` թիֆլիսյան շրջանը, որ ավելի շատ աչքի է ընկնում իր բարեգործություններով, քան բիզնեսով:
Բացի նավթից` Արամյանցին էին պատկանում Թիֆլիսում մի քանի եկամտաբեր շենքեր ու շինություններ, շուկայում մի քանի խանութներ, Կիսլովոդսկի (առողջարանային քաղաք հարավային Ռուսաստանում) հանքային ջրերի ամենամեծ տաղավարը:
ՙՎրաստան» թիվ 81-82, (15044) 2002թվ.
Միքայել Արամյանցը հետագայում փորձեց մտնել նաև հանքարդյունաբերական ոլորտ. նա Ախթալայի մոտ` Գադա տափի մոտակա Ղրախանի ձորում պղնձի հանք է գտել, դիմել պետությանը, որ շահագործման թույլտվություն ստանա, բայց թույլտվություն չի ստանում:
1898 թվականին Արամյանցը վրաց իշխան Մելիքովից Ախթալայում գնեց հողամաս և այնտեղ ագարակ ստեղծեց: Նույն թվականին Արամյանցը վրաց իշխան Բարաթովից գնեց դարձյալ Ախթալայում 2700 դեսյատին հողամաս և այստեղ շվեյցարական ոճով դղյակ կառուցեց: Արամյանցը Եվրոպայում ճամփորդելիս տեսել էր նմանատիպ դղյակ շվեյցարական Ալպերում և ցանկացավ նմանատիպն ունենալ Ախթալայում: Դրա համար նա թիֆլիսահայ ճարտարապետ Բուզօղլուն ուղարկեց Եվրոպա, որն էլ, Ախթալայում կառուցեց այդ հրաշալի կոթողը: Բարաթովից Ախթալայի կալվածքի գնման պատմությունը հետևյալն է. Վրաց իշխանը պարտքեր ուներ և կալվածքը գրավ էր դրել պետական հողային բանկում: Չկարողանալաով մարել պարտքերը և չկամենալով էժան կորցնել կալվածքը` Բարաթովը դիմում է Մ. Արամյանցին`նրանից մեծ գումար է փոխառնում` բանկի պարտքը մարելու համար: Բայց Բարաթովը, որ խաղամոլ և վատնող էր` այդ գումարն էլ է փոշիացնում և բանկի տոկոսները չի վճարում: Պետական բանկն այս ամենի պատճառով աճուրդի է հանում կալվածքը: Որպեսզի իր տված գումարը չկորչի` Արամյանցը վճարում է բանկի տոկոսները, փաստորեն` գնում է կալվածքը: Գործարքը մեծ աղմուկ է բարձրացնում Կովկասում. մինչ այդ մի քանի հայ կապիտալիստներ վրացիներից կալվածքներ էին գնել. մասնավորապես` Ալեքսանդր Մանթաշյանցը վրաց Բագրատունիների շառավիղներից գնել էր Թիֆլիսի կենտրոնում գտնվող, արքայական զարմին պատկանող շքեղ տունը և այնտեղ հայ կապիտալիստների համար բացել էր ՙԹիֆլիսի ակումբը՚: Նույնպես, վրաց Բագրատունիների արքայական շառավիղների վերջին կալվածքներն ու տունը գնել էր բաքվեցի մեծահարուստ մի հայ… Վրաց ազնվականությունը բողոքում է, թե հայ կապիտալիստները յուրացնում են իրենց ունեցվածքը: Գործին միջամտում է նաև Կովկասի փոխարքա Գոլիցինը, որ հայտնի էր իր հայատյացությամբ և որին հետագայում հնչակյանները դաշյունահարեցին, ինչն էլ պատճառ եղավ նրա Կովկասից փախուստին: Գոլիցինն իր ներկայացուցչին ուղարկում է Արամյանցի մոտ և պահանջում, որ նա ետ վարադարձնի կալվածքը Բարաթովին, կամ` վճարի երկու անգամ ավելի գին, քան ծախսել էր Արամյանցը: Մ. Արամյանցը բնավ չվախենալով Գոլիցինի կարգադրությունից` ասում է, որ չի պատրաստվում կալվածքը վերադարձնել Բարաթովին, ոչ էլ` հավելավճար տալ, բայց եթե Բարաթովը կարողանա իր տված գումարը վերադարձնել` կզիջի Ախթալայի կալվածքը նրան: Բարաթովը չի կարողանում գումարը վերադարձնել, և այդպիսով` Արամյանցը տեր է դառնում այս կալվածքին, որի ընդհանուր մակերեսը 32 հետկար է կազմում: Ե/82
Նա կալվածքում բնակեցնում է տասնյակ արևմտահայ գաղթականների, բաժանում է նրանց աշխատանքային գործիքներ, աշխատավարձ է նշանակում, սկսում է հողի մշակությունը: Կալվածքում գյուղատնտես է նշանակում իր եղբորորդուն` Նիկոլայ Աբրահամի Արամյանցին, որին մինչ այդ ուսման էր տվել Ֆրանսիայում` Մոնպելյեի գյուղատնտեսական ակադեմիայում: Կարճ ժամանակում Նիկոլայ Արամյանցը այստեղ մեծ ագարակ ու եկամտաբեր տնտեսություն է հիմնում: Ագարակում աշխատում էին տասնյակ անձինք Ախթալայից, Ճոճկանից և Շնողից: Արամյանցը նաև Ախթալայում ջրաղացներ սարքեց, որ ծառայում էին ոչ միայն իր, այլև բնակիչների կարիքներին: Ջրաղացները շահագործման համար հանձնել էր Արևմտյան Հայաստանից 1896 թվականին Ախթալայում հաստատված Նիկողոսյանների գերդաստանին: Այդ պատճառով էլ, մինչ օրս Ախթալայում գերդաստանը հայտնի է Ջաղացպանանց անվամբ:
Չբավարարվելով դրանով` մեծ բարերարը հանքերում աշխատող բանվորների երեխաների համար Ախթալայում 1905 թվականին դպրոց բացեց, Ախթալայում և Նեղոցի տարածքում ծառատունկ կատարեց, նռնենիներ տնկեց:
Արամյանցը կալվածքն ու դղյակը շքեղությամբ ու գեղեցկությամբ է շրջապատում: Դղյակի բոլոր սենյակները կահավորում է Եվրոպայից բերած գեղեցիկ կահ կարասիով, ճոխ սպասքով: Կալվածքն ամբողջությամբ զարդարում է գեղեցիկ ծառերով: Կալվածքում կառավարիչ է նշանակում իր եղբորորդի Իշխան Աբրահամի Արամյանցին: Սա փեսան էր ժամանակի գիտական, հասարակական անվանի գործիչ Գրիգոր ավագ քահանա Մանդակունյանցի:
Արամյանցը Ախթալայի դղյակում հաճախ էր իր շուրջը հավաքում ժամանակի անվանի, նշանավոր մշակութային գործիչներին: Այստեղ հաճախ էր կազմակերպում գրական, մշակութային երեկոներ: Ախթալայում Արամյանցի հրավերով հանգստացել և որսի են եկել Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյանը, գրողներ Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, նկարիչ Վարդգես Սուրենյանցը, Ֆեոդոր Շալյապինը, Վսեվոլոդ Մելիխորը…
Մ. Արամյանցը իշխան Բարաթովից գնել էր նաև նրա Հաղբատի կալվածքը: Հաղբատցիները և վանքը հողային վեճ ունեին Բարաթովի դեմ: Անգամ 1903 թվականին Հաղբատի գյուղացիները քահանա Հ. Երզնկյանի, գյուղի ակտիվիստներ Ս. Անթանեսյանի (Այնալու), Ս. Էվոյանի, Ա. Սոխիկյանի և Հաղբատի կոմբջիջի առաջնորդությամբ զինված ապստամբություն բարձրացրին, որ, սակայն, դաժանությամբ ճնշվեց: Ահա, երբ Բարաթովի Հաղբատի կալվածքներին տեր դարձավ Արամյանցը, Էջմիածնի Սինոդը, որ դատական հայցով հանդես էր գալիս Բարաթովի դեմ` պատվիրակություն է ուղարկում Արամյանցի մոտ: Պատվիրակության անդամներն էին Ալ. Մանթաշյանցի գործերի հավատարմատար Առաքել Սարուխանը, ՙՄշակ՚ թերթի խմբագիր Ալեքսանդր Քալանթարը, Էջմիածնի Սինոդի փաստաբան Հովհաննես Սպենդարյանը և մի հայ ճարտարապետ: Պատվիրակությունը Արամյանցին հանդիպելու համար այցելում է Ախթալայի կալվածք: Արամյանցը, որ Ա. Սարուխանին լավ ճանաչում էր դեռ Բաքվից` նրանից իմանում է առաքելության նպատակը և խնդրում, որ գործի մասին բացարձակ չխոսեն: Այդպես էլ անում են: Լավ հյուրասիրությունից հետո Արամյանցն իր հյուրերին հետ է ուղարկում և ապա կատարում Էջմիածնի Սինոդի խնդրանքը` վերադարձնելով Հաղբատի վանքին 500 դեսյատին հող:
Կյանքի այս փուլում Միքայել Արամյանցը փաստորեն, դադարել էր բիզնեսով զբաղվել և իր ողջ ժամանակն ու միջոցները տրամադրել էր բարեգործություններին: Նրա բարեգործությունները ոչ թե անհատական, այլ հասարակական բնույթ էին կրում և ուղղված էին ազգի բարգավաճմանը, հայ ինքնության պահպանմանը:
ՀՅԴ պատմագիր Միքայել Վարանդյանի հավաստմամբ` (որ Միքայել Արամյանցի քրոջ որդին էր) Միքայել Արամյանցը ֆինանսավորում էր ՀՅԴ զանազան ծրագրեր, որ ուղղված էին Արևմտյան Հայաստանում ազատագրական պայքարին :
Նա պատրաստակամ Հայոց ազգային խորհրդին էր տրամադրում ոչ միայն ֆինանսներ` տարբեր միջոցառումների կազմակերպման համար: Ազգային խորհուրդը որպես կանոն` Արամյանցի տանն էր հավաքվում և գումարում իր ժողովները: Եվ 1918 թվականի մայիսի 28 – ին, հայ ժողովրդի համար թերևս ամենաբախտորոշ որոշումը` Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը, տեղի ունեցավ հենց Միքայել Արամյանցի տանը` Թիֆլիսի Սերգիևսկի 4 հասցեում: Հիրավի` հպարտանալու փաստ է: (Սակայն այսօր այնտեղ չկա այդ մասին ազդարարող գոնե հուշատախտակ):
Որպես մեծ հայ և իր ժողովրդի ցավով ապրող անհատ` Արամյանցն անմասն չէր մնում հասարակական կյանքից: Հասարակական վայրերում, ակումբներում, այլուր` միշտ մասնակցում էր պատերազմող հայ կամավորական ջոկատների ապահովման, վիրավորների բուժման, ռազմաճակատի կարիքների հոգածության համար կազմակերպվող միջոցառումներին: Առատաձեռնություն էր ցուցաբերում կազմակերպված հանգանակությունների ժամանակ` օրինակ ծառայելով այլոց:
Նա Թիֆլիսի Հայ բարեգործական ընկերության անդամ էր և ընկերության շրջանակներում բազմաթիվ էին նրա կատարած նվիրատվություններն ու դրամական օժանդակությունները: Բ/92
1903 թվականին, երբ ցարական Ռուսաստանը փակում էր հայկական դպրոցները և ուժեղանում էին ճնշումները հայ ժողովրդի դեմ, Մ. Արամյանցը գնեց 500 դեսյանտին անտառ և վարելահող, նաև` Կայան բերդն իր շրջակայքով և նվիրեց Հաղբատի վանքին: Հաղբատի չքավոր գյուղացիներին սերմացու և աշխատանքային գործիքներ բաժանեց, նույնը արեց Ախթալայում, Արամաշենում, Բորչալուի թուրքական գյուղերում, Ճոճկանում, այլուր…
Բոլնիսի մոտ, Ալղեթի գետի ափին հայ փախստականների համար անվանի գյուղատնտես Կոստանդին Շահնազարյանցի նախագծով մեծ համայնք ստեղծեց, ուր բարետես և նորակառույց տներում բնակվում էին շուրջ 80 ընտանիքներ: Գյուղացիներին զինեց աշխատանքային գործիքներով, սերմացուով… Երախտապարտ գյուղացիները ի պատիվ մեծ բարերարի` համայնքը կոչեցին Արամաշեն: Գյուղի տանուտերը Մ. Արամյանցի եղբորորդին էր` Դավիթը:
Ահա թիֆլիսահայ մամուլի արձագանքներից մի պատառիկ.
«Միքայել Արամյանցի կալվածքում (Բորչալուի գավառ), ուր բնակված են հիմնականում թուրքերը, վերջին չորս տարվա ընթացքում մի նոր հայկական գյուղ հիմնվեց Արամաշեն անունով, Ալգեթ գետի ափին:
1908 թվի սկզբներին եկան մոտ 10 տուն հայ և 4 տարի անց, թիվը հասավ 75 տուն: Արամյանցը շինեց նաև գյուղացիների համար լավ տներ` 2 սենյակից բաղկացած կարգով, համահավասար լայն փողոցներով:
(«Հորիզոն» 1912 թվ. թիվ 115)
Դեռ 1899 թվականին, հիմնականում Արամյանցի միջոցներով հիմնովին վերակառուցվեց Թիֆլիսի երկրորդ արական գիմնազիայի շենքը: Նույն թվականի մայիսի 25-ին գիմնազիայի նոր շենքի հանդիսավոր բացումն էր. Դահլիճում ճոխ սեղաններ էին գցված, պատվավոր հյուրեր կային, և առաջին բաժակը բարձրացվեց… Մ. Արամյանցի կենացը…
Գիմնազիայի վերանորոգմանը մասնակցել էին այլ բարեգործներ ևս` Չիխատովը, Էմինովը, Ա. Կուրինովը, Մանդեպովը, Ե. Ակոպովան… բայց ամենամեծ ներդրումը` 50000 ռուբլի, կատարել է Մ. Արամյանցը: Իսկ շինությունն ինքնին ճոխ էր. բացի ուսումնական մասից` այստեղ կային տնտեսական հարկաբաժին, կացարաններ ուսանողների և աշխատողների համար, առանձին սենյակներ… Գ/79-80
Սա, փաստորեն, Մ. Արամյանցի առաջին մեծ բարեգործությունն էր: Բայց ամեն ինչ դեռ առջևում էր:
Մ. Արամյանցը մեկենաս էր հրատարակչական գործերի: Նա իր ծախսերով հայ գրողների ստեղծագործություններն էր տպագրում: Շատ հայ գրողներ օգտվեցին նրա առատաձեռնությունից: Թիֆլիսում բացեց «Էսպերանտո» տպարանը, ուր բացարձակապես անվճար տպագրում էր հայ գրողների ստեղծագործությունները:
Արամյանցի ուշադրությունից դուրս չմնաց նաև իր ծննդավայրը` Քյաթուկը, ուր չքնաղակերտ եկեղեցի կառուցեց, եկեղեցական սպասք գնեց: Արամյանցը Քյաթուկում ցանկանում էր «Արամյան դպրոց» բացել, սակայն այդ ծրագիրը չիրականացավ` ուսուցչական կադրերի սակավության պատճառով:
Գործուն մասնակցություն ունեցավ «Բաքվի Հայոց մարդասիրական ընկերության» հիմնադրման աշխատանքներին: Ընկերության հիմնադրեքի ժամանակ Արամյանցը Գրիգոր Թումայանցի հետ դրամագլխի նվերները հավաքեց, ինքն էլ տարբեր դրամահավաքների ժամանակ 10.000 ռուբլի նվիրեց ընկերությանը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյանի, Թիֆլիս կատարած այցի ժամանակ Արամյանցը նվիրահավաք հանձնաժողովի գանձապահ ընտրվեց և 7.000 ռուբլի իր գրպանից նվիրեց: Նույն թվականին դրամական օժանդակություն ցուցաբերեց Պոլսի Հայոց պատրիարքությանը:
Մ. Արամյանցը ավելի քան քսան տարի Ռուսաստանի և Եվրոպայի տարբեր բուհերում ուսանողներ է գործուղում, նպաստներ և կրթաթոշակներ նշանակում` ազգի առաջադիմության համար:
1903 թվականին 1000 ռուբլի նվիրեց սովից տանջահար թուրքական գյուղերի բնակիչներին:
1903 թվականին Ներսիսյան դպրոցին նվիրեց 2500 ռուբլի:
1907 թվականին հայրենի Քյաթուկ գյուղի սովյալներին նվիրաբերեց 1000 ռուբլի: Գյուղացիների համար սերմացու և աշխատանքային գործիքներ գնեց, գյուղում նոր ջրագիծ քաշեց:
1907 թվականին Բաքվի սովյալներին 4000 ռուբլի նվիրաբերեց:
1907 թվականին Փոթիի հայ եկեղեցուն կից գործող սղոցարանի համար 37.500 ռուբլի արժողությամբ գործիքներ բերել տվեց արտասահմանից, նվիատվություններ արեց եկեղեցուն:
1910 թվականին Թիֆլիսի Հավլաբար թաղամասում կառուցեց հիվանդանոց: Հիվանդանոցի շինության վրա ծախսեց 100.000 ռուբլի: Հետագայում էլ հիվանդանոցը պահում էր իր ծախսերով. այնտեղ հետազոտումն ու բուժումը անվճար էր և անգամ բժիշկների աշխատավարձը վճարում էր իր գրպանից: բ/92 Հիվանդանոցում գործում էին թերապևտիկ և վիրաբուժական բաժիններ: Մեկ տարի անց Գերմանիայից բերել տվեց առաջին ռենտգեն ապարատը Կովկասում և տեղադրեց հիվանդանոցում: Հիվանդանոցը միաժամանակ կարող էր սպասարկել 120 հոգու: Երախտապարտ ժողովուրդը ցայսօր հիվանդանոցը կոչում է մեծ բարեգործի անունով` Արամյանցի հիվանդանոց: Այժմ դա Թբիլիսիի թիվ 1 քաղաքային հիվանդանոցն է: Հիվանդանոցի շինարարը անվանի ճարտարապետ Պ. Զուրաբյանն էր: (Այսօր հիվանդանոցի մոտ որևէ հիշատակություն Արամյանցի մասին չեք գտնի)
Հիվանդանոցի կառուցման մասին միտքը նրան հուշել է Թիֆլիսի քաղաքային դումայի անդամ Ա. Մ. Արղության – Երկայնաբազուկը: 1902 թվականին Բաքվում նա հանդիպում է Մ. Արամյանցին և նրանց միջև սկսում է խոսակցություն Թիֆլիսի կարիքների մասին:
– Ինչի՞ կարիք ունի հիմա Թիֆլիսը, – հարցնում է Արամյանցը:
– Քաղաքը շատ բանի կարիք ունի, բայց գլխավոր հոգսը հիվանդանոցն է: Միխայլովյան հիվանդանոցը սպասարկում է ողջ նահանգին և այն ի վիճակի չէ ապահովել անգամ պահանջարկի 10 տոկոսը: Քաղաքը միջոցներ չունի նոր հիվանդանոց կառուցելու համար:
1903 թվականի ապրիլի 14 – ին Արամյանցը նամակով դիմում է Թիֆլիսի այն ժամանակվա քաղաքապետ իշխան Ն. Վ. Արղությանին.
«Ձերդ պայծառափայլությանը պատիվ ունեմ հայտնելու, որ քաղաքային հիվանդանոցի կառուցման համար զոհաբերում եմ 100000 ռուբլի…»
Արամյանցը նամակում ցանկություն էր հայտնել, որ հիվանդանոցը կարողանա միաժամանակ սպասարկել մինչև հարյուր հիվանդի, ունենա վիրահատական, թերապևտիկ և հոգեբուժական բաժանմունքներ: Նա նամակի վերջում ցանկություն էր հայտնել, որ հիվանդանոցը կրի իր անունը: («Тифлисскии листок» 1909)
Հիվանդանոցի բացումը կատարվեց 1910 թվականի փետրվարի 2 – ին: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին պատվավոր հյուրեր. Կովկասի փոխարքայի կինը` կոմսուհի Վորոնցովա – Դաշկովան, Վրաստանի էկզարխ Ինոկենտին, Վիրահայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գարեգին Սաթունյանցը, գեներալ Շատիլովը կնոջ հետ, Անդրկովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդը և ուրիշներ:
1912 – 1915 թվականներին Թիֆլիսում կառուցեց «Մաժեստիկ» հյուրանոցը: (Այժմյան «Մարիոթ – Թբիլիսի»), որն, իրավամբ, ոչ միայն Թիֆլիսի, այլև ողջ Կովկասի շքեղաշուք շինություններից է: Հյուրանոցի կառուցողը անվանի ճարտարապետ, հետագայում` ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի թղթակից անդամ, Վրաստանի վաստակավոր շինարար Գ. Տեր Միքելովն էր, որ Արամյանցի ճաշակը հագեցնելու համար երկու տարի ճամփորդեց Եվրոպայում և եվրոպական ոճի այդ ճոխ կառույցը կանգնեցրեց Ռուսթավելի պողոտայում: Այն հիմա էլ իր ներքին և արտաքին հարդարմամբ հիացմունք է պատճառում:
Թիֆլիսի Գաննովսկի փողոցում կառուցեց «Պալլաս օտելը», որ վերակառուցվեց կինոթատրոնի և ստացավ «Արֆաստօ» անունը: (Անվանումը բաղկացած էր Արամյանցի զավակների անունների առաջին տառերից. Արամ, Ֆլորա, Աննա,Սողոմոն, Տոմա (Թամարա` Հովհաննեսի կինը) և Հովհաննես): Այս շինությունը հետագայում ծառայեց որպես «Սպարտակ» կինոթատրոն, ապա, մինչ օրս` Վրաստանի պետական թատերական ինստիտուտ:
Առհասարակ, Մ. Արամյանցը Թիֆլիսում ուներ չորս բնակելի տուն. դրանք էին.
Նախկին Օլգինսկայա (այժմ` Կոստավա) թիվ 12 տունը, որ Արամյանցը կառուցել է Եվգենիա Շխիյանցի համար:ա/58 Այս տարածքը Արամյանցը գնել է 1904 թվականին իշխան Բեհբութովից և հանձնարարել անվանի ճարտարապետ Պողոս Զուրաբյանին` եռահարկ տուն կառուցել: Մեկ տարի անց` հոյակապ շենքը կառուցված էր և այն Արամյանցը նվիրվեց Եվգենիա Շխիյանցին:
Նույն փողոցի վրա (թիվ 23) 1910 թվականին Արամյանցի պատվերով ճարտարապետ Ա. Օզերովը գոթական ոճով շենք է կառուցում:
Գոլովինսկի փողոցի հարավային մասում, (թիվ 19), (այժմ` Ռուսթավելի պողոտա), ճարտարապետ Ա. Օզերովը կառուցեց ՙՊալլաս օթելը՚: Այստեղ նախկինում գտնվում էր իշխան Ջամբակուր Օրբելյանի տունը: Այս շինությունը 1915 թվականին արժանացավ ՙԼավագույն ֆասադ>> /ճակատ/ մրցանակին: Այժմ այստեղ տեղակայված է Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտը:
Մյուս շինությունը դա ճարտարապետ Գաբրիել Տեր – Միքելովի գլուխգործոցն է` ՙՄաժեստիկը>>, այժմ` ՙՄարիոթ – Թբիլիսի>> հյութանոցը: Այն 2000 թվականին Վրաստանում ճանաչվեց որպես քսաներորդ դարի լավագույն շինություն: /Թ/

«Նովոյե Աբազրենի» թերթի գոյության համար նվիրաբերեց 35.000 ռուբլի:
Թիֆլիսի Կույրերի ուսումնարանին նվիրեց 1500 ռուբլի:
Գորիս – Շուշի ճանապարհի շինարարությանը նվիրաբերեց 2000 ռուբլի:
Գորի քաղաքի հայոց եկեղեցու վերանորոգման համար նվիրաբերեց 1000 ռուբլի:
Շուշվա թեմական դպրոցի 70 ամյակի կապակցությամբ դպրոցին նվիրեց Շուշիում գտնվող 45.000 ռուբլի արժողությամբ իր տունը:
Թիֆլիսում Մցխեթի տաճարի վերանորոգման համար դրամական օժանդակություն ցուցաբերեց…
Երբ Թիֆլիսի քաղաքապետ Գ. Գ. Եվանգուլովը դիմեց հարուստ թիֆլիսցիներին, խնդրանքով միջոցներ հատկացնել վրացական Մցխեթի տաճարի վերանորոգման համար, հանգանակության ժամանակ առաջինը գումար վճարեց Մ. Արամյանցը:
Ճոճկանի կարի արտելին դրամական օժանդակություն ցուցաբերեց…
Մ. Արամյանցը նաև Թիֆլիսի Հայ բարեգործական ընկերության հիմնադիր անդամ էր և ընկերության կազմում անհամար բարեգործություններ ու նվիրատվություններ է կատարել:
Մ. Արամյանցը ֆինանսավորել է Նիկ. Մառի Անիում կատարած պեղումները: Գ/88
Նա նաև Բաքվի Հայոց մարդասիրական ընկերության անդամ էր և իր նվիրաբերություններով նպաստեց նաև Բաքվի հայության կյանքի բարելավմանն ու քաղաքի շինարարությանը:
Անթիվ են Մ. Արամյանցի կատարած բարեգործությունները, և դրանք ամբողջը թվարկել ուղղակի հնարավոր չէ:
1910 թվականին, ի երախտավորումն Արամյանցի գործի, Թիֆլիսի քաղաքային դումայի որոշմամբ Միքայել Հովսեփի Արամյանցին շնորհվում է Թիֆլիսի պատվավոր քաղաքացու կոչում:
Մ. Արամյանցը նախաձեռնողն ու հոգեբարձուն էր Թիֆլիսի «Հայ ազգագրական ընկերության»: Իր նախաձեռնությամբ ստեղծելով ընկերությունը` Արամյանցը ֆինանսավորեց ընկերության կողմից իրականացված բազում ձեռնարկներ, որոնք նպատակ էին հետապնդում կործանումից ու մոռացումից հանել հայ ազգային արժեքները: Նա ֆինանսավորեց շատ գիտնականների աշխատությունների տպագրությունը, Հայաստանի տարածքում իրականացվող հնագիտական պեղումներ և ուսումնասիրություններ, պատմական արժեք ունեցող իրերի, նյութերի հավաքագրման աշխատանքները, և Ազգագրական ընկերության հիմքով այսօր մենք ունենք աշխարհում լավագույններից մեկը համարվող Պատմության պետական թանգարանը: Այսինքն` մեր ազգը այս առումով էլ պիտի երախտահատույց լինի մեծ հայորդուն, քանզի այն խառնակ ժամանակամիջոցում հիրավի հերոսություն էր նման մեծամաշտաբ գործ ձեռնարկելը և այսօր տեսնելով դրա փայլուն արդյունքը` դժվար է գերագնահատել Մ. Արամյանցի կատարած գործը:
1921 թվականի փետրվարին Վրաստանում հաստատվեց խորհրդային իշխանություն: Բոլշևիկներն ամբողջովին փոշիացրին Արամյանցի աշխատանքը: Նրա ողջ ունեցվածքը բռնագրավվեց: Հաշվի չառնվեցին նրա վաստակը, աշխատանքը, տարիքը…Արամյանցը ծաղր ու ծանակի ենթարկվեց, ստորացվեց: Բարբարոսները ներխուժելով նրա տուն` հաշված րոպեների ընթացքում ամեն ինչ ավերեցին, թանկարժեք կահ-կարասին ջարդեցին, արվեստի լավագույն գործերը փչացրեցին ու դուրս շպրտեցին: Նրա տունն անգամ բռնագրավեցին ու Արամյանցին հատկացրին իր հան մի անկյունը միայն, ուր նա կյանքի վերջին, դժբախտ օրերն անցկացրեց դստեր` Ֆլորայի ու նրա երեխաների` Մոլլիի ու Միկայի հետ:
Սերգիևսկի 4 հասցեում բնակվող հնաբնակներից մեկը` Վիլիկը, հետագայում պատմում էր. ՙԵրբ տանտերը հիվանդ էր, խոտը փռում էին փողոցում, որպեսզի կառքերն անաղմուկ անցնեին: Իսկ խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Արամյանցը գնում – նստում էր իր կառուցած հյուրանոցի տակ և ցավով ասում էր. ՙԷհ, ինչ ժամանակներ էին…>>
ՙԿովկաս – Փակտորի>> թիվ 8, 08-14.04.2004

ԴԱՏԱԿԱՆ

Միքայել Արամյանցի ներկայացրած հայցադիմումը դատարան.
«Տոհմային պատվավոր քաղաքացի Միքայել Հովսեփի Արամյանցից. բնակվող Թիֆլիս քաղաքում, Սերգիևսկի փողոցի սեփական տանը. Դիմում.
1876 թվականին ես ամուսնացել եմ օրիորդ Եղիսաբեթ Սողոմոնի Շոլկոյանի հետ: Պսակի արարողությունը կայացել է Թիֆլիսի Սուրբ Նշան եկեղեցում, 1876 թվականի փետրվարի 9-ին: Ավելորդ չէ ասելը, որ մեր ամուսնությունը սիրով էր, քանզի Եղիսաբեթ Շոլկոյանցը ոչ մի կարողություն չուներ: Ես կնոջս շրջապատել եմ ամենայն ուշադրությամբ և ապահովել եմ բարեկեցիկ կյանքով, որ ինքն անգամ չէր պատկերացնում: Ինքս ակնկալում էի ունենալ հանգիստ ընտանեկան կյանք:
Կնոջս առաջին ոչ պատշաճ և անմիք քայլերը ես վերագրեցի նրա անփորձությանն ու երիտասարդությանը, և, աշխատում էի շտկել վիճակը ընկերական խորհուրդներով` բնական, հարգալից վերաբերմունքով:
Ցավոք, իմ ջանքերն ապարդյուն անցան: Նրա կենսակերպը քանի գնում, անհեթեթ և անբարո բնույթ էր կրում, որն ի դեպ, նա չէր էլ փորձում թաքցնել: Ի վերջո` ինքս համոզվեցի այն բանում, որ շրջապատին վաղուց հայտնի էր. կինս դավաճանում էր ինձ:
Ես հուսով էի, թե նա դարձի կգա, խնդրեցի մտերիմներիս, որ փորձեն ազդել նրա վրա, բայց ապարդյուն. որքան գնում, այնքան խորանում էր նրա բարոյական անկումը և կապը տարբեր անձանց հետ, որ գաղտնիք չէր ոչ մեկի համար:
Փորձելով փախչել նույն քաղաքում նրա հետ ապրելու տհաճությունից` ես տեղափոխվեցի Թիֆլիս, բայց նա ևս տեղափոխվեց այստեղ և հաստատվեց «Հյուսիսային համարներում»`բացարձակապես բացահայտ շարունակելով իր անբարո կեցությունը:
Թույլ տվեք թվարկել հետևյալ փաստերը` հավաստելու համար վերոգրյալը.
ա. Կոչումով իմ կինը` Եղիսաբեթ Արամյանցը, 1904 թվականի հոկտեմբերի 5-ին ողջ գիշերն անց է կացրել «Ֆանտազիա» այգում` Թիֆլիսում, Վերայում, մի անձի հետ, որի հետ կապի մեջ էր և մինչ օրս էլ կապի մեջ է:
Վկաներ` երգիչ Ադիկո և ոմն Կոստյա, որ ապրում են այնտեղ:
բ. 1904 թվականի հոկտեմբերի 7-ին գիշերել է դարձյալ Վերայում, «Այգեբաց» այգում, առանձնասենյակում:
Վկա` ոմն Գեորգի
գ. 1904 թվականի հոկտեմբերի 8-ին Եղիսաբեթ Արամյանցը նույն անձի հետ, որին միշտ կարող եմ մատնացույց անել, Թիֆլիսում գնացել է Վորոնցովի փողոցում գտնվող «Ֆանտազիա» բաղնիք, և այնտեղ համար վարձելով` մնացել են երեկոյան 9-ից մինչև կեսգիշեր:
Նրա անբարոյականությունն այն աստիճան է հասել, որ նրանք մերկ նստել են նախասրահում և ընթրել` չամաչելով անգամ սպասավորի ներկայությունից: Այդ սպասավորի անունը Զուրաբ է և նույն Զուրաբն էլ հաջորդ առավոտ «Հյուսիսային համարներ» է տարել սպիտակեղենը, որ Եղիսաբեթ Արամյանցը մոռացել էր բաղնիքում և հանձնել է նրան: Վկա Զուրաբի հասցեն է` Վորոնցովի փողոց, «Ֆանտազիա» բաղնիք:
Ի հավելումն թվարկածիէ հարկ եմ համարում մեջբերել հետևյալ փաստաթղթերը, որ վերաբերվում են Եղիսաբեթ Արամյանցին.
ա. Եղիսաբեթ Արամյանցի նամակը Ժորժին, գրված 1902 թվականին:
բ. Նրա նամակը նույն Գյորգի Գյորգևիչին, գրված 1902 թվականին:
գ. Նամակ հայերեն լեզվով` ուղղված նույն Գյորգիին, առանց ամսաթվի:
դ. Նամակ` ուղղված Գյորգիին, գրված 1903 թվականին:
ե. Նամակ` գրված այցեքարտի վրա` Գյորգիի անվամբ:
Ելնելով վերոնշյալից, մեղադրելով կնոջս` Եղիսաբեթ Արամյանցին անհավատարմության մեջ` խոնարհաբար խնդրում եմ քննություն կատարել, ճանաչել մեղավոր Եղիսաբեթ Արամյանցին և մեր պսակը, որ կատարվել է 1876 թվականի փետրվարի 9-ին Թիֆլիսի Սուրբ Նշան եկեղեցում` լուծել:
Տիկին Եղիսաբեթ Սողմոնի Արամյանցը բնակվում է Գերմանիայի Վյուցբուրգ քաղաքում:
Միքայել Հովսեփի Արամյանց. 21մարտի, 1906 թվական»:
ՀՊՊԱ ֆ- 56,ց-3,գ-4169

Մ. Արամյանցը դատարան է ներկայացրել նաև իր կնոջ սիրային նամակները` ուղղված Ժորժին` Գևորգ Շալայանցին:
«Թանկագին Ժորժ.
Արդեն մեկ ամիս է, ինչ ես Բաքվում եմ և քեզնից ընդամենը երկու նամակ եմ ստացել: Արդյոք չես խղճում քո դժբախտ Լիզային: Ես գիտեմ, որ դու շատ ես զբաղված աշխատանքով, բայց հո կարող ես շաբաթվա ընթացքում գեթ մեկ ժամ հատկացնել ինձ և ուրախացնել ինձ… դու հո գիտես որ ուրախ կլինեմ…
Ախ ինչու թևեր չունեմ, որ թեկուզ մեկ րոպեով թռչեի քո մոտ,քեզ գրկեի, համբուրեի և վիշտս ու արցունքներս թափեի քր կրծքին:
Հոգյակս, դու գիտես, թե որքան դժբախտ եմ ես, և ինչքան վիշտ ունեմ… Ես ձանձրացել եմ, էլ չեմ ուզում ապրել այս աշխարհում: Ճիշտ է, ես շատ հարազատներ ունեմ. ամուսին, երեխաներ, քույր, եղբայր, մայր…բայց ես միայնակ եմ: Բայց ես պիտի ապրեմ ի հեճուկս ամուսնուս, որպեսզի վրեժ լուծեմ նրանից, այլապես վաղուց մահացած կլինեի: Ես այլևս չեմ ուզում Բաքվում ապրել, ինձ արդեն ձանձրացրել է Բաքուն…»
ֆ-56, ց-3, գ-4169
«Թանկագին Գյորգի.
Ինչես է քո թանկագին առողջությունը: Ինչպես անցկացրիր գիշերը: Ես շատ վատ քնեցի և առավոտյան 5-ին արթնացա: Ողջ գիշեր քո մասին եմ մտածել: Դու երեկ բարկացրիր ինձ, բայց ես ներում եմ քեզ, քանի որ դու դեռ երիտասարդ ես: Չեմ համբերում և ուզում եմ ողջությունդ իմանալ: Եթե չամաչեի մեր հյուրերից, որ մեր տուն են գալու, կգայի քեզ մոտ, որպեսզի տեսնվեինք այսօր: Ցտեսություն մինչ վաղը ժամը 12-ը: 100 անգամ համբուրում եմ աչքերդ: Քեզ սիրող Լիզա»:
« Թանկագին Գյորգի Գյորգևիչ.
Երբ կկարդաք նամակս, խնդրում եմ անմիջապես պատռել այն:
Ես բարեհաջող Բաքու հասա երեկ ցերեկվա ժամը 2-ին: Երբ կայարանից տուն գնացի` ամուսինս տանը չէր: Նա երեկվանից տուն չի եկել, այնպես որ ես նրան դեռ չեմ տեսել և ոչինչ չենք խոսել, հետևաբար դեռ չգիտեմ թե ինչ է լինելու մեր գործերի վիճակը:
Թանկագին Գյորգի Գյորգևիչ.
Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան տխուր է այստեղ այն օրերից հետո, որ ես Ձեզ հետ անցկացրի: Այդ երջանիկ օրերից հետո ես դարձյալ Դժոխք ընկա: Իմ տունն ինձ համար Դժոխք է:
Չգիտեմ ինչ է կատարվում ինձ հետ: Երազում Ձեզ եմ տեսել. Դուք կանգնած էիք իմ դեմ` ձեռքիդ գավաթ, և ձեր ձայնն իմ ականջում հնչում է մինչ այժմ: Ես երբեք չեմ մոռանա այն քաղցր օրերը. մանավանդ գիշերային զվարճանքները և Ձեզ հետ անցկացրած ժամանակս: Ես Ձեզ կհիշեմ և կսիրեմ մինչ գերեզման, բայց Դուք, հավանական է, արդեն ամեն ինչ մոռացել եք, իսկ ես սիրում եմ և կսիրեմ Ձեզ ուր էլ լինեմ:
Թանկագին Գյորգի Գյորգևիչ. ինչպես եք ապրում և ինչպես և որտեղ եք անցկացնում Ձեր ժամանակը ինձնից հետո: Իմ քույրը այցելում է Ձեզ թե ոչ, առանց ինձ նրա համար տխուր կլինի:
Կներեք, որ այս անգամ չեմ ուղարկում իմ լուսանկարները, որովհետև ամուսինս այստեղ է: Ամուսինս գնա, ես կուղարկեմ, խնդրում եմ Դուք էլ ուղարկեք: Ամուսինս գնալու է մայիսի 2-ին: Եթե իմ որդի Արամը չլիներ, ես Բաքու չէի գա: Թիֆլիսը լավ է ինձ համար: Անպայման հարկ է այնպես անել, որ մենք ապրենք Թիֆլիսում, այլապես ձանձրացել եմ Բաքվից: Մանավանդ` Ձեզ հետ ծանոթանալուց հետո չեմ ուզոիմ Բաքվում բնակվել:
Ցտեսություն. հաճախակի նամակ գրեք: Միթե Դուք շաբաթվա մեջ գեթ մեկ ժամ ժամանակ չունեք ինձ համար: Համբուրում եմ Ձեզ. Ձեր Լիզա:
Կարծում եմ, ձմռանը Թիֆլիսում կապրեմ: Բավականէ. որքան ժամանակ է` տանջվում եմ Բաքվում: Ահա իմ Արամ որդին դասերն ավարտում է և չգիտենք ինչ կլինի:
Հոգիս. սպասիր Թիֆլիսում, ես կգամ, կխոսենք, ես Թիֆլիս կգամ հունիսի 11-ին: Մերոնք, այսինքն երեխաներս, գնալու են Բորժոմի ամառանոց, ես էլ նրանց հետ կգնամ Մանգլիս: Ես կգամ երկու շաբաթով:
Իմ Արամ որդին խոստումնալից է, տեսնենք ինչ կլինի ապագայում: Ես Պետերբուրգից սպասում եմ ավագ որդուս, նրանք նույնպես ամռանը Բորժոմում կլինեն: Հոգիս, հաճախ գրիր ինձ, ցտեսություն- Ուղարկում եմ Ձեզ 1000 համբույրներ:
Ցմահ` քո Լիզա:
25.04.1902»
ֆ-56, ց-3, գ-4169
«Թանկագին Գյորգի.
Ճաշից հետո մի քնիր, արի ինձ մոտ, կարևոր գործ կա` Մուրադովներին ծանուցագիր է եկել դատարանից: Ինձ կանչել են վաղը ժամը 10-ին: Անպայման, ճաշից հետո շտապ արի: Քո Լիզա»:

Քանի որ տիկին Եղիսաբեթը Արամյանցին մեղադրում էր իրենց երեխաների դայակի հետ սեռական կապի մեջ` Արամյանցը դատարան է ներկայացնում նաև իր ձեռքի տակ եղած նամակները` մատնանշելով, որ դրանց մեջ սիրահարական ակնարկ անգամ չկա.
Դատի ժամանակ տիկին Եղիսաբեթ Արամյանցը մեղադրում է ամուսնուն թե նա սիրային կապի մեջ է իրենց երեխաների դայակի հետ: Մ. Արամյանցը հերքում է դա և մեջբերում է իր և դայակի միջև նամակագրությունը, ասելով, որ նրանց մեջ սիրային ակնարկ անգամ չկա:
«Պարոն.
Ինձ թույլ եմ տալիս Ձեզ տեղյակ պահել արտասահմանից իմ վերադարձի և Ձեր ընտանիք ներկայանալու մասին: Ես զգուշացրի տիկնոջը և խնդրեցի այդ մասին տեղեկացնել Ձեզ, բայց վախենամ` նա մոռացած լինի այդ մասին և մտածեցի, որ ավելի լավ է ինքս Ձեզ հայտնեմ այդ մասին: Ասում են, Բաքվում կրկին խոլերա կա, հուսով եմ, այդ լուրերը կեղծ են: Ես չգիտեմ, թե տիկինը երբ Բաքու կգա: Տիկինը չգիտի, որ ես Ձեզ տեղյակ եմ պահել իմ վերադարձի մասին: Հուսով եմ, այս նամակը Ձեզ կգտնի լրիվ առողջ:
Ձեզ հարգող` Հենրիետա»:
Ահա ևս մեկ նամակ.
ՙՄ. Հ. Արամյանցին. Քաղաք Թիֆլիս:
Սա, ամենայն հավանականությամբ, վերջին նամակն է, որ կստանաք ինձնից: Ես ուզում եմ միայն Ձեզ տեղյակ պահել իմ վերադարձի մոտավոր ժամկետների մասին: Շատ ցավում եմ, որ արդեն ճանապարհին չեմ, քանզի Անետն իր յուրաքանչյուր նամակում ինձ համոզում է շտապ վերադառնալ: Բայց ես իմ ուշացման պատճառը նշել եմ Տիկնոջն ուղարկած նամակներիցս մեկում: Ես չեմ կարող հիմա ճանապարհվել: Բացի այդ, այստեղ հիմա շատ են ճանապարհային տհաճությունները խոլերայի պատճառով, և քանի որ ես պիտի միայնակ ճամփորդեմ` ինձ համար առավել դժվար կլինի: Համենայնդեպս հուսով եմ, որ թե Դուք, թե երեխաները չեք կորցնի համբերությունը, եթե ես Ձեզ մոտ ժամանեմ սեպտեմբերի վերջին:
Տիկին Արամյանցն ինձ միայն մեկ նամակ է ուղարկել, այն էլ շատ շուտ: Ես հիմա բացարձակ տեղյակ չեմ, թե ինչ է նա անում, ուր ` գնում, կմնա նա որոշ ժամանակ Թիֆլիսում թե ոչ: Ես կցանկանայի իմ ընտանիքով Բաքու գնալ: Հուսով եմ, որ բոլոր վտանգները Ձեզնից հեռացան և Կովկասում այլևս անվտանգ է: Տեր աստված, որքան դժվարություններ եղան այս խոլերայի պատճառով: Ես Ձեզնից այլևս նամակ չեմ սպասում, քանի որ երկու շաբաթից լքում եմ Մյունխենը: Հուսով եմ, ստացել եք իմ երկու բացիկները: Առաջինը ես ուղարկել եմ Ձեր սիրալի նամակն ստանալուց առաջ, որի համար շնորհակալ եմ, երկրորդն ուղարկել եմ քույրերիցս մեկի հետ նախաճաշելուց հետո. այստեղ այդպիսի մի սովորություն կա. նամակ ուղարկել հետևյալ ձևով. ՙԲարևներ Մյունխենից՚:
Քանի որ այլևս չեմ կարող Ձեզնից նամակ ստանալ և անչափ շատ կլիներ, որ Ձեզ խնդրեի հեռագրով հայտնել ինձ Ձեր որպիսությունը կամ մի փոքրիկ հանգստացնող բառ, ուրեմն ընդունեք իմ անկեղծ ողջույնները:
Ձեզ հավատարիմ` Հենրիետա:
Մյունխեն, 8 սեպտեմբերի, 1892 թվական՚:
«Միքայել Հովսեփի Արամյանցին. Թիֆլիս, 8 հոկտեմբերի, 1892 թվական.
Մեծարգո պարոն.
Ներեցեք ինձ, որ անհանգստացնում եմ Ձեզ իմ նամակով, բայց այս անգամ պարտավոր եմ տեղեկացնել, որ լքում եմ իմ աշխատանքը: Ինձ համար դժվար է պատճառների մասին խոսել, դրանք մանրուքներ են: Չցանկանալով մեղադրել ոչ ոքի` ես գերադասում եմ ամեն ինչ իմ վրա վերցնել:Եթե կուզեք մանրամասներ իմանալ` դիմեք Անետին:
Ես անչափ շնորհակալ եմ Ձեզնից պարոն, այն բարության համար, որ միշտ դրսևորել եք իմ հանդեպ, և հավատացեք` ցավով եմ լքում աշխատանքս, ուր, հույս ունեի, երկար մնալ իմ թանկագին աշակերտների հետ: Բայց ուրիշներն արեցին այնպես, որ ես ավելորդ համարվեցի, և ստիպված էի զիջել և հեռանալ: Բարի եղեք Ձեր մոտ պահեք իմ անձնական իրերով զամբյուղը, մինչ հնարավոր լինի տանել այն: Ես չեմ ուզի ինչ որ իր կորցնել կամ փչացնել: Ինչ վերաբերվում է փողին, որ թողել եմ Ձեզ մոտ, բարի եղեք խնդրում եմ և ուղարկեցեք ինձ, քանի որ դրանք ինձ պետք են: Ապա խնդրում եմ ուղարկեք նաև վարձի մնացորդը, որ հասնում է ինձ…
Ես մնացել եմ մինչև հունիսի 10-ը, ապա վերադարձա արտասահմանից սեպտեմբերի 23-ին, ապա հեռացա երեկ` հոկտեմբերի 7-ին: Ընդհանուրը կազմում է 24 օր, որի համար Դուք պարտք եք ինձ:
Ես նաև տիկնոջ համաձայնությամբ գնել եմ 5 ռուբլի արժողությամբ ֆրանսիական գրքեր, և 98 կոպեկ, որ նա պարտքով վերցրեց ինձնից` իմ գնալու ժամանակ:
Ես Ձեզ գրել եմ, ինչպես նաև գրել եմ Հովհաննեսին, բայց պատասխան չեմ ստացել, և կարծում եմ` Դուք չեք ստացել նամակս, այդ պատճառով` սույն նամակն ուղարկում եմ պատվերով:
Եթե տիկինը դժգոհ է, որ դիմում եմ Ձեզ` ապա նա իրավացի չէ, քանի որ հեռանալիս նա չհարցրեց, թե ինձ փող պետք է, թե ոչ: Ես նրան երկու անգամ ցտեսություն ասացի, բայց նա ինձ չպատասխանեց, անգամ չթեքեց գլուխը` շարունակելով բարձրաձայն կարդալ:
Ես հյուրանոցում եմ, բայց ուղարկեք խնդրում եմ իմ հասանելիքը պարոն Ստանիսլավ Չարախչիչկովի անունով:
Ողջունում եմ. Հենրիետա Լաշել»:

Դատական արձանագրություններից քաղվածք.
Վկա Գեորգի Արջևանի Ճարաշվիլի. վրացի, ուղղափառ, 43 տարեկան: Դատվածություն չունի, Արամյանց ամուսինների հետ որևէ ազգակցական կապ չունի: Երդում ընդունելով` վկան ասեց.
«1893 թվականին որպես Արամյանցների տան աշխատող` նրանց հետ գնացի Աջիքենդի ամառանոց: Տիկին Արամյանցի եղբայրը ապրում էր նրանց հետ: Տիկին արամյանցը միշտ ուշ գիշերին էր տուն վերադառնում: Մի անգամ նա վերադարձավ առավոտյան ժամը 4 ին: Հաջորդ օրը եղբայրը վիճեց նրա հետ և ասում էր. «Չես ամաչում, դու ընտանիք ամուսին, երեխաներ ունես:Ինչու ես քեզ այդպես պահում»:
Այդ վեճի ժամանակ տիկին Արամյանցը անգամ փայտով հարվածեց իր եղբայր Գրիգորին:Երբ նրանք ապրում էին Բաքվում, տիկնոջն այցելում էր ոմն տիկին` Նինա Ասկարովան: Նրանք միասին շամպայն էին խմում, միս էին տապակում, և նրանք երբեք ինձ իրենց մոտ չէին թողնում, ասելով, իբր, ես մատնում եմ իրենց: Ընթրիքի ժամանակ նրանց մոտ էր գալիս Բաքվի նահանգապետի համհարզը, որի անունը չգիտեմ, ազգանունը Վառլամով է: Տիկինն ինքը երեկոյան այցելում էր Վառլամովին: Մի անգամ նա ինձ տվեց մի գավաթ սուրճ, նույնն արեց և երկրորդ անգամ, որպեսզի ես այն մատուցեմ պարոն Արամյանցին: Բայց քանի որ նա սուրճը պատրաստել էր իր ննջարանում, ես կասկածեցի և առաջինը թափեցի պատուհանից, երկրորդը թափեցի լվացարանի մեջ:
Նինա Ասկարյանցը հաճախ էր այցելում նրանց: Պարոն Արամյանցը քանի անգամ դուրս է արել վերոհիշյալ Նինային տնից: Անգամ փողոցում նրան հանդիպելով` Արամյանցը նրան ասում էր, որ վերջինս այլևս իր տուն չայցելի:
Երբ տանը գողություն կատարվեց, ես առաջարկեցի ձերբակալել ողջ ծառայողական անձնակազմին, այդ թվում` և ինձ: Ի վերջո` ձերբակալեցին սոսկ մեկին, իսկ մյուսներին ազատ արձակեցին:
Իր բացակայության ժամանակ պարոն Արամյանցը տան կառավարումը ինձ էր հանձնարարում: Մի անգամ ես ականատեսը եղա, թե ինչպես տիկին Արամյանցն ու վերոհիշյալ Նինա Ասկարյանցը բացեցին բանալիով փակված պահարանը և այնտեղից հանեցին ողջ պարունակությունը: Բանալիները գտնվում էրն պարոն Արամյանցի մոտ և ես չգիտեմ, թե նրանք որտեղից էին վերցրել: Նրանց բանալին ես վերցրի սեղանի վրայից և ծովը գցեցի, որպեսզի մյուս անգամ պահարանը չբացեն և պարոնը չկասկածի ինձ, քանի որ նրանք ինձ մի բանալի էին վստահել:
Թե որ թվականից էր Վառլամովն այցելում տիկնոջը` չեմ հիշում: Լսել եմ, որ Ջումշուդը վիրավորել է տիկնոջը, բայց պատճառը չգիտեմ…»
ՀՊՊԱ ֆ-56, ց-3, գ-4169

Ոմն Զոհրաբ Մոսոյանց, որ աշխատում էր «ֆանտազիա» բաղնիքում, ցուցմունք է տալիս, որ 1904 թվականին տիկ. Արամյանցը մի երիտասարդի հետ եկավ բաղնիք, այստեղ նրանք ժամանակ անցկացրին մինչև կեսգիշեր, ապա գնացին: Առավոտյան վկան բաղնիքում թողած նրանց սպիտակեղենը տարել և հանձնել է նրանց «Հյուսիսային համարներ» հյուրանոցում, որի համար տիկինը նրան պարգևատրել է 20 կոպեկ վարձավճարով:
ՀՊՊԱ ֆ-56, ց-3, գ-4169

Ոմն Մկրտիչ Կարապետով ցուցմունք է տալիս, որ երբ աշխատում էր Մելիք-Սարգսյանցի մոտ, միասին գնացել էին Թաիրովի այգի: Այստեղ պարոն Սարգսյանցը ուզում է իր գրասենյակը մտնել, բայց տեսնելով որ փակ է` կարգադրում է պահակին` բացել դուռը: Երբ պահակը բացում է` այնտեղից դուրս են գալիս կին և տղամարդ: Մելիք-Սարգսյանցը ձեռքով բարևում է երկուսին էլ: Նրանց հեռանալուց հետո պարոն Սարգսյանցը տխուր ասում է, որ այդ կինը Արամյանցի կինն էր:
ՀՊՊԱ ֆ-56, ց-3 գ-4169

Հետագայում Նինա Ասկարյանցը դատարանում ցուցմունք տվեց, թե իբր, Արամյանցի եղբայր Ջումշուդը իր հորն ասել է, թե Միքայելը համոզում է իրեն, որ սպանի կնոջը:
ՀՊՊԱ ֆ- 56, ց-3, գ-4169

Արամյանց ամուսինների ամուսնալուծության գործը շատ ձգձգվեց: Այս կապակցությամբ Մ. Արամյանցը բողոք է հղել Սբ. Էջմիածին.
Մ. Արամյանցի նամակը` ուղղված Էջմիածնի Սինոդին:
«Սբ. Էջմիածնի Սինոդին.
Թիֆլիսի տոհմային պատվավոր քաղաքացի Միքայել Հովսեփի Արամյանցից.
Այս տարիների ընթացքում համոզվելով, որ անհնար է համակերպվել կնոջս բնավորության և անհավատարմության փաստի հետ` ես ստիպված էի բաժանվել նրանից և ահա 14 տարի է` մենք առանձին ենք ապրում:
Դրա հետ մեկտեղ, տեսնելով, որ կինս անվանարկում է Արամյանց ազգանունը, պախարակում է իմ անունը, ես ցանկացա նրանից վերցնել իմ ազգանունը օրենքի ուժով և ընդմիշտ ազատվել նրանից: Փաստաթղթերը, նամակները, նրա անհավատարմության ապացույցները ես հանձնել եմ Թիֆլիսի Հայոց Կոնսիստորիային, որով ես խնդրել եմ լուծել մեր ամուսնությունը:
Իմ երկարատև համբերությունը փոխվեց զարմանքի: Ահա արդեն չորրորդ տարին է` մեր ամուսնալուծության գործը ձգձգվում է: Միթե չարժե հետաքննել այս դանդաղման պատճառները:
Ինձ հայտնի է դարձել, ու Կոնսիստորիան իմ կնոջից բացատրություն է պահանջել, իսկ նա բացատրության փոխարեն գրել է, որ սեպտեմբերին կգա և անձամբ բացատրություն կտա, իսկ հիմա, իբր, հիվանդ է և այլն, և այլն…
Ի վերջո` Կոնսիստորիան ստանում է բացատրագիրը և իր եզրակացությամբ, գործն ուղարկում է Սինոդին: Հիմա էլ իմացա, որ կինս Սինոդի հետ էլ նույն խաղն է սկսել, ինչ որ խաղում էր Կոնսիստորիայի հետ: Գործի հետաձգման նպատակով նա խնդրել է Սինոդին «չընդունել որոշում, մինչ իր անձամբ ներկայությունը»:
Ում է անհրաժեշտ նրա անձնական ներկայությունը, երբ գոյություն ունեն փաստաթղթեր, նամակներ, և նա ինքը չի ժխտում, որ դրանք գրված են իր իսկ ձեռքով…
Կնոջս կողմից` գործի քննարկման հետաձգման մասին խնդրանքը անհիմն է, և առհասարակ, անմեղ կողմը ինքը պետք է շահագրգռված լինի ներկա գտնվելու, և տարիներով չի ձգձգի հանգուցալուծումը: Դիմելով Սինոդին` խնդրում եմ նշանակություն չտալ կնոջս նենգ դիտավորություններին, բավարարվել եղած փաստերով և շուտափույթ որոշում ընդունել: Թող հայտարարվի թե մեզնից ով է մեղավոր և արագ ավարտվի մեր ամուսնալուծության գործը, որի ձգձգումը համարում եմ իմ խայտառակությունը»:
ՀՊՊԱ ֆ-56, ց-3, գ-4169
1907 թվականի հոկտեմբերի 19-ին Թիֆլիսի Հայոց հոգևոր կոնսիստորիան ամուսնալուծեց Արամյանց ամուսիններին, Մ. Արամյանցին տալով նոր ամուսնության իրավունք, տիկ. Եղիսաբեթին զրկելով այդ իրավունքից:
Սակայն տիկ. Եղիսաբեթը բողոքարկում է Էջմիածնի Սինոդին և Սինոդը 1909 թվականի հուլիսի 29-ին թիվ 1845 որոշումով ամուսնալուծում է Արամյանց ամուսիններին` նրանց երկուսին էլ տալով նոր ամուսնության իրավունք:
Սինոդի որոշման մեջ գրված է.
«Սինոդը լսեց Տոհմիկ պատվավոր քաղաքացի Միքայել Հովսեփի Արամյանցի ամուսնալուծության գործը իր կնոջից` Եղիսաբեթ Սողոմոնի Արամյանցից. /գրանցման մատյանում հաշվառված է թիվ 421 համարի տակ, սույն թվականի հունիսի 15 – ին/: Համաձայն Թիֆլիսի Հայոց Կոնսիստորիայի եզրակացության` Սինոդը որոշեց լուծել Արամյանց ամուսինների պսակը, թույլատրելով ամուսնուն` սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես նոր ընտանիք կազմել, իսկ կնոջը` թույլատրել նոր ամուսնության` եկեղեցական մեղքաթողության եռամսյա ժամկետից հետո»:
ՀՊՊԱ ֆ-56, ց-3 գ-4169
Եղիսաբեթ Արամյանցը բնականաբար, համաձայն չէր Սինոդի որոշման հետ և նա բողոքարկեց որոշումը.
Տիկ. Եղիսաբեթ Արամյանցը Էջմիածնի Սինոդին իր բողոքում գրում է.
«Ես միայն 1909 թվականի նոյեմբերի 19-ին իմացա Կոնսիստորիայի` իմ և ամուսնուս միջև պսակը լուծելու որոշման մասին: Բանից պարզվում է, ը, որ Կոնսիստորիան լուծել է մեր պսակը առանց իմ տեղեկության և անգամ հարկ չի համարել այդ մասին տեղյակ պահել ինձ: Կոնսիստորիան որոշումը փոխանցել է Սինոդին, Սինոդն այն հաստատել է և նոր միայն ինձ տեղյակ են պահել նման որոշման մասին` այն էլ «սիրալի» ձևով տեղեկացնելով, որ ինձ իրավունք է վերապահված կրկին ամուսնանալու:
Եթե ուշադրություն դարձնենք, որ ես հինգ երեխայի մայր եմ, վաղուց արդեն տատիկ եմ և համարյա 60 տարեկան` ապա նոր ամուսնության մասին այդ որոշումը ցինիզմ եմ համարում, որ սազական չէ եկեղեցուն և իր սպասավորներին:
Ամուսինս` Միքայել Հովսեփի Արամյանցը, հարուստ է: Նրա կարողությունն անցնում է 20 միլիոն ռուբլուց: Գրիչի մի հարվածով լուծելով մեր պսակը` Կոնսիստորիան աչքաթող է արել, որ ինձ փողոց է շպրտել` դատապարտելով սովամահության, հաշվի չառնելով, որ ես ունեմ ընտանեկան գույքի և միջոցների ժառանգման իրավունք: Միաժամանակ ես իրավունք ունեմ իմ բաժինը պահանջելու ամուսնուս հսկայական կարողության. նրա մահվան պարագային ես կարող եմ պահանջել երեք միլիոն ռուբլի:
Ամուսինս ինձ լքել է 10 տարի առաջ, իսկ առհասարակ միասին չենք ապրում, արդեն ավելի քան 15 տարի: Բացահայտ ապրելով այլ կանանց հետ` նա միշտ ձգտել է ազատվել ինձնից: Բայց դա նրան չհաջողվեց` անգամ իր միլիոնավոր կարողությունների առկայությամբ: Եվ միայն հիմա, օգտվելով առիթից, որ կաթողիկոսական գահը թափուր է, և իր միլիոններից դուրս եկած առավել «համոզիչ փաստարկներով» ամուսինս ստացավ ամուսնալուծության մասին որոշումն ու նոր ամուսնության իրավունքը: Բայց Կոնսիստորիայի և Սինոդի նման որոշումը անօրինական է և ընդունված է մի շարք իրավախախտումներով: Նշյալ իրավախախտումները հետևյալն են.
1. Ամուսնուս կողմից հայցը ներկայացվել և վարվել է նրա անձնական հավատարմատար Սպանդարյանի կողմից, որը չուներ որևէ իրավական լիազորություն:
2. Ոչ մի անգամ չի եղել դատական նիստ` իմ մասնակցությամբ:
3. Վկաները հարցաքննվել են առանց իմ տեղեկության և առանց իմ ներկայության:
4. Վկաներն իմ դեմ ոչ մի ցուցմունք չեն տվել:
Կոնսիստորիան իր 1907 թվականի հոկտեմբերի 26-ի որոշման մեջ նշում է, որ հարցաքննված վկաները ինձ վարկաբեկող ոչ մի նյութ չտվեցին` դավաճանության մեջ մեղադրելու համար: Հմենայնդեպս` Կոնսիստորիան ամուսնալուծության որոշում ընդունեց` հիմք ընդունելով երկու փաստարկ. ա. Իմ նամակները ազգականիս` Գյորգիին, բ. Իմ կողմից ապացույցներ և վկաներ չներկայացնելը:
Սակայն նամակներում ոչինչ չի ասվում իմ անհավատարմության մասին, իսկ իմ կողմից վկաներ և ապացույցներ չներկայացնելը զենք դարձնել իմ դեմ` տարօրինակ է և անհասկանալի:
Բայցևայնպես այս ամենը դեռ հիմք չեն տալիս Կոնսիստորիային` վարկաբեկելու ինձ որպես կին և զրկելու ինձ իմ հասանելիք գույքից:
1907 թվականի հոկտեմբերի 26-ի որոշումը ինձ հայտնեցին այնպես, իբր, այն բոլորովին էլ ինձ չէր վերաբերվում: Այդ փոքրիկ ձևականության մասին հիշել են միայն Սինոդի դատական բաժնում, ուր ուղարկված էր այդ թիվ 163 որոշումը 1908 թվականի հունվարի 23-ին: Այստեղ ինձ միայն հարցաքննեցին ամուսնուս վարքագծի մասին և այդպես էլ ինձ ոչ ոք չհայտնեց նման որոշման առկայության մասին…
Հիմա էլ, իմ բողոքների արդյունքում, փոխանակ նոր անաչառ քննություն անցկացնելու` Կոնսիստորիան լրացուցիչ քննություն է կազմակերպում, ստուգելու համար, թե. ա./ Իսկապես ամուսինս ապրել է Եվգենիա Շխեյանցի հետ: բ./ Որպեսզի պարզաբանի իմ և Ժորժի միջև եղած ազգակցական կապը:
Իր արձանագրություններում կոնսիստորիան նշում է, որ Եղիսաբեթ Արամյանցի վկայությունները կեղծ են և սուտ: Եվ դա նշում է ոչ թե ամուսինս, որ դատարանում հանդես է գալիս որպես հակառակ կողմ, այկ Կոնսիստորիան…
Ամուսինս, ինքը խախտելով ամուսնական հավատարմությունը, իրավունք չուներ հայցով հանդես գալու իմ դեմ, որպես անհավատարիմ կնոջ: Եթե անգամ ենթադրենք, թե ես խելագար եմ դարձել օր ծերության, մի ոտքս գերեզմանում է, այդ ժամանակ անգամ ամուսինս` Մ. Հ. Արամյանցը, չէր կարող ամուսնալուծության հասնել` իր անթույլատրելի վարքագծի պատճառով:
Սինոդի անդամները լավ գիտեն այդ իրավական նորմը: Բայց նրանք միայն հարցնում էին, թե ապրել է ամուսինս Եվգենիա Շխիյանցի հետ:
Կոնսիստորիայի անդամները լավ գիտեն Մ. Արամյանցին, ճանաչում են նրան, բազմիցս եղել են նրա տանը, հաճախ հանդիպել և շփվել են Եվ. Շխիյանցի հետ: Այդ փաստերը հայտնի են ողջ Թիֆլիսին: Ինքը` ամուսինս իր ցուցմունքներում բազմիցս հայտարարել է, թե «Եվգենիա Պետրոսի Շխիյանցի հետ ինչպես այր և կին ապրել ենք ամբողջ 14 տարի»: Այդ մասին փաստել է նաև Թիֆլիսի Հայոց Կոնսիստորիան:
Շնորհիվ հոգևոր դատարանի կողմից իմ քաղաքացիական իրավունքների ոտնահարման` ես խայտառակված եմ որպես կին և ուղղակի փողոց եմ շպրտված: Ես, որ միլիոնատիրոջ կին եմ, բառացիորեն սովահար եմ լինում: Միթե ես արդարադատություն չեմ գտնելու…»
ֆ-56, ց-3, գ-4169
Այն, որ տիկ. Եղիսաբեթը ծանր սոցիալական դրության մեջ էր հայտնվել` երևում է նաև նրա նամակներից: Նա պարբերաբար գումար էր խնդրում իր երեխաներից: Մեջբերում ենք Եղիսաբեթի նամակն` ուղղված Հովհաննես որդուն.
«Վանո ջան, իմ թանկագին որդիս.
Ես ստացա քո նամակն ու 250 ռուբլի փոխանցումը: Ես երկու անգամ հեռագիր եմ ուղարկել քեզ և հարցրել առողջությունդ, բայց պատասխան չեմ ստացել: Միթե Թամարան չէր կարող 50 կոպեկ ծախսել` ինձ հանգստացնելու համար: Վանո ջան, ինչպես է հիմա քո առողջությունը: Ինչն էր հիվանդությանդ պատճառը: Դու խոստացար Կովկաս գալ, բայց չեկար: Ամռանը գոնե մեկ ամսով կգայիր Ժելեզնովոդսկ բուժվելու, ինչու ես տանջվում: Պահպանիր քո առողջությունը երեխաներիդ և ինձ համար:
Վանո ջան, ես ուզում եմ նոյեմբերի առաջին օրերին Պետերբուրգ գալ: Ուղարկիր 100 ռուբլի ճանապարհածախսի համար իմ անունով, հենց որ ստանաս այս նամակը: Իվան Իվանիչը գնում է Մոսկվա` Նադյայի մոտ, ուզում է բերել նրան, և ես չեմ կարող այստեղ մնալ, քանզի եթե Նադյան եկավ` ինձ համար ազատ սենյակ չի լինի արդեն: Բացի այդ` այստեղի խոնավությունը իմ հիվանդության համար լավ չէ:
Խնդրում եմ, անմիջապես ուղարկիր 100 ռուբլի: Այն փողերը ես ծախսել եմ` գնելով երեք վերմակ: Դրանք գործել եմ մետաքսով, և երկուսը արել եմ Արամի համար: Ուզում եմ նաև կովկասյան պանիր գնել և ուրիշ իրեր, ես շատ վատառողջ եմ և ուզում եմ Պետերբուրգում լրջորեն բուժվել: Ջրերում ինձ լավ էի զգում: Բայց դու գիտես, որ ուրիշի տանը չես կարող ոչինչ անել:
Վանո ջան, ինչես է Թամարի ու երեխաների առողջությունը: Խոլերան այդտեղ վերջացավ թե չէ: Ինչ եք անում այդտեղ: Թերթերը գրում են, որ այդտեղ շատ են մահանում… այստեղ նման բան չկա:
Ձեզ ողջունում են մորաքույրը, Իվան Իվանիչը, Յաշան, Գիգո դյադյան, Ալյան Վլադին: Համբուրիր իմ կողմից Թամարին, Օսիկոյին, Կատյաին:
Սպասում եմ նամակիս շտապ պատասխանին: Քեզ ամուր համբուրում եմ. մայրդ. 21 հոկտեմբերի 1908 թվական: Խնդրում եմ, անմիջապես ուղարկիր 100 ռուբլի»:
Տիկին Եղիսաբեթը բողոքարկեց Սինոդի որոշումը Ս. Պետերբուրգ` Սենատին.
«Իմ անունը Եղիսաբեթ Սողոմոնի Արամյանց է, 48 տարեկան եմ, հայ – լուսավորչական: Միքայել Արամյանցի հետ ամուսնացել եմ 1876 թվականի փետրվարի 9-ին, Թիֆլիսի Սբ. Նշան վանքում: Ունեմ 9 երեխա: Արդեն 15 տարի է, ինչ Միքայել Արամյանցը հեռացել է ինձնից: Արամյանցն ինձ հետ ամուսնացել է` հրապուրվելով իմ գեղեցկությամբ և ինքն է հրաժարվել օժիտից: Ինքն անձամբ այն ժամանակ հարուստ չէր: Ամբողջ 17 տարի մենք ապրել ենք սիրով ու խաղաղությամբ:Ամուսնական անհավատարմության ոչ մի դեպք չի եղել: Հասարակության մեջ էլ իմ ամուսնական անհավատարմության մասին ասեկոսներ չեն եղել, համենայն դեպս` այդ մասին ինձ ոչինչ հայտնի չէ:
Ամուսինս` Միքայել Արամյանցը, իր անբարո պահվածքով խախտել է մեր ընտանեկան անդորրը: Նա անօրեն կապի մեջ էր տան աղախինների և երեխաների դաստիարակների հետ: Միաժամանակ, նա մեղավոր կապի մեջ էր մեր երեխաների կնքամոր` Եվգենիա Շխիյանցի հետ: Իսկ ինձ սկսեց ատել այն աստիճան, որ ուզում էր ուրիշների միջոցով սպանել ինձ: 1894 թվականի սեպտեմբերի 23-ին Բաքվում, Լալաևների տանը ամուսնուս եղբայրը սպանելու նպատակով վիրավորեց ինձ:
1904 թվականի հոկտեմբերի 5-ի գիշերը ես Թիֆլիսի «Ֆանտազիա» այգում չեմ եղել: Ինչպես նաև չեմ եղել «Լուսաբաց» այգում 1904 թվականի հոկտեմբերի 7-ին: 1904 թվականի հոկտեմբերի 8-ին ոչ մի տղամարդու հետ չեմ գնացել «Ֆանտազիա» բաղնիք: Այդ ամենը լրիվ սուտ է և հորինվածք:
18 տարի է, ինչ ամուսինս հեռացել է ինձնից և բացահայտ, ողջ աշխարհի աչքի առջև ապրում է տիկին Շխիյանցի հետ: Ամուսնուս հեռանալուց հինգ տարի հետո ես բժշկական և իրավական առումով իրավասու էի ապրել ուրիշի հետ, բայց հանուն երեխաներիս հանդեպ սիրո` ես այդպես չվարվեցի: Ինչ վերաբերվում է նամակներին, որ կցված է գործին, խոստովանում եմ, որ հայերեն լեզվով գրված և Գևորգին հասցեագրված նամակն իմն է, գրել եմ այն ժամանակ, երբ բնակվում էի Թիֆլիսում, մորս մոտ, այլ ոչ «Հյուսիսային համարներում»: Այս Գևորգը հայրական կողմից իմ բարեկամն է և ես նրան կանչում էի իմ մոտ, որովհետև նա պարտք էր նամակում հիշատակված Մուրադովին, և վերջիս նրան հրավիրում էր զրույցի: Երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ նամակները, որ գրված են ռուսերենով, ինչպես նաև այցեքարտը, դարձյալ իմն են: Դրանց վերաբերյալ բացատրություններ չունեմ: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում. ամուսինս առաջինը հեռացավ և սկսեց ապրել ուրիշի հետ, նա առաջինը դավաճանեց ինձ, նա ինքը պղծեց ընտանեկան սրբությունը: Այս մասին կարող են փաստել բոլոր նշանավոր բաքվեցիները: Իսկ նրա կենակցությունը Եվգենիա Շխիյանցի հետ` հայտնի է ողջ աշխարհին: Իմ խիղճը մաքուր է և ես համաձայն չեմ ամուսնալուծությանը:
Հարգանքներով` Եղիսաբեթ Սողոմոնի Արամյանց»
ՀՊՊԱ ֆ-56, ց-3 գ-4169
Սենատը քննարկելով Ե. Արամյանցի բողոքը` չեղյալ հայտարարեց Սինոդի որոշումը:
Սենատի որոշման մեջ ասվում էր.
«Սենատը քննելով Արամյանց ամուսինների ամուսնալուծության գործը` որոշեց. Սինոդի 1909 թվականի հունիսի 15- ի որոշումը համարել չեղյալ` իր բոլոր հետևանքներով և Արամյանց ամուսինների պսակը համարել ուժի մեջ»
Սենատը իր որոշման մեջ չի նշում, թե Սինոդը սխալ որոշում է կայացրել, այլ փաստում է, որ տիկին Եղիսբեթն իր բողոքի մեջ բերել է փաստեր, որոնց չի անդրադարձել Սինոդը` ամուսնալուծության գործը քննելիս»:
Մ. Արամյանցը վերջնականապես ամուսնալուծվեց 1911 թվականի դեկտեմբերի 23-ին: Այդ մասին Էջմիածնի Սինոդը նրան տեղեկանք է տվել, ուր գրված է.
«Տեղեկանք. Տրվում է Թիֆլիսի տոհմային պատվավոր քաղաքացի Միքայել Հովսեփի Արամյանցին առ այն, որ Էջմիածնի Սինոդի 1911թվականի դեկտեմբերի 23-ի որոշումով նա ամուսնալուծվել է Եղիսաբեթ Սողոմոնի Արամյանցից: Այդ որոշումը ուժի մեջ է մտել»:
Մ. Արամյանցը տեղեկանքը վերցրել է 1912 թվականի հունիսի 4-ին: Տեղեկանքը համարակալված է թիվ 1123 համարով:
ֆ-56, ց-3, գ-4169
Իհարկե, Եղիսաբեթ Արամյանցը բողոքարկեց այս որոշումը նույնպես.
«Էջմիածնի Սինոդին. Եղիսաբեթ Սողոմոնի Արամյանցից.
Վիրահայոց Կոնսիստորիան 1911 թվականի հունիսի 15-ի որոշումով լուծել է իմ և ամուսնուս` Միքայել Հովսեփի Արամյանցի պսակը: Այդ որոշումը ես համարում եմ անօրինական և բեկանման ենթակա հետևյալ պատճառներով.
ա. Առաջին հերթին պետք է ի նկատի ունենալ, որ քրիստոնեական պսակը գաղտնի է, Աստծով սահմանված և օրենքով պահպանված: Ամուսնալուծությունը պիտի արվի միայն ծայրահեղ բացառությամբ: Սրանից հետևում է, որ ամուսնալուծության համար բերված փաստերը պիտի ապացուցված լինեն և ապացուցված` վկաների ցուցմունքներով: Յուրաքանչյուր կասկած` պիտի ուղղված լինի միայն ամուսնության պահպանմանը և բոլոր տեսակի ենթադրություններն ու գուշակությունները պետք է դուրս մղվեն գործից: Բացի այդ` հոգևոր դատարանի յուրաքանչյուր գործունեության պետք է իրազեկված լինեն կողմերը և իրավասու` հերքելու առաջադրված մեղադրանքները: Այս էլեմենտար կանոնները անտեսվել են Թիֆլիսի Կոնսիստորիայի կողմից և Կոնսիստորիան քննել է գործը միակողմանիորեն` նախապես որոշելով, որ մեր ամուսնությունը պիտի լուծարվի:
Ահա առկա սխալները.
ա. Հոգևոր Կոնսիստորիան պետք է քննարկեր Մ. Արամյանցի 1906 թվականի մարտի 21-ի հայցը միայն, այն մեղադրական կետերով, որ կային այդ հայցադիմումի մեջ: Այս հայցադիմումով իմ դեմ դրվեցին փաստեր, որ գործի հետ առնչություն չունեն: Պարզվում է, երեք տարի առաջ, առանց իմ գիտությամբ հարցաքքնվել են նոր վկաներ:
բ. Այս վկաներից ոչ մեկը ինձ հանցանքի վայրում ոչ միայն չի տեսել, այլ բացարձակ չեն տեսել ինձ և ներկայացնում են ուրիշի խոսքերը, ինչպես բամբասանք: Իսկ նման վկաների, Մ. Արամյանցը իր ուժով և ազդեցությամբ կճարի, որքան կամենա: Մի խոսքով, այդ վկաներն էլ ոչինչ չապացուցեցին: Դրա հետ համաձայն է նաև Կոնսիստորիան, այլապես հարկ չէր լինի նոր վկաներ կանչել և հարցաքննել, ինչպես արեց տեր հայր Մարտիրոսյանցը 1911 թվականի հունիսի 4-ին: Նա ինձ մեղադրեց արարքների մեջ, որ, իբր, գործել եմ սրանից 20 – 23 տարի առաջ: Եվ արդյունքում` հոգևոր Կոնսիստորիան ինձ ճանաչեց մեղավոր ոչ թե նրանում, իչ որ մեղադրում էր ամուսինս, այլ արարքներում, որ, իբր, գործել եմ քարորդ դար առաջ:
Կարող եք ասել, թե անհավատարմությունն անհավատարմություն է և էական չէ, թե երբ է կատարվել: Դա իսկապես այդպես է, բայց այդ դեպքում ես որպես կին և որպես մեղադրյալ պետք է իմանամ, թե ինչում են ինձ մեղադրում: Չէ որ ինձ մեղադրանք չեն ներկայացրել քարորդ դար առաջ ամուսնուս դավաճանելու համար: Ոչ միայն նման մեղադրանք չկա, այլև չկա անգամ մեկ արձանագրություն, ուր ամուսինս ինձ մեղադրում է անհավատարմության մեջ` 20-23 տարի առաջ: Բայց հանկարծ հայր Մարտիրոսյանի մոտ են հայտնվում չորս վկաներ, որ ցուցմունք են տալիս ինձ չառաջադրված մեղադրանքների մասին: Բայց չէ որ կան օրենքներ, կանոններ, վերջին հաշվով` տրամաբանություն, ըստ որի` նախ պետք է լինի մեղադրանք, նոր միայն վկաներ և ապացույցներ:
Այստեղ խախտվել են իմ իրավունքները: Եթե ես նախապես իմանայի նման վկաների գոյության մասին` կարող էի պաշտպանվել և հերքել նրանց ստերը: բայց իմ իրավունքները քննության ողջ ընթացքում խախտվել են: Հայր Մարտիրոսյանը հայտարարեց, թե իրավունքը նրա կողմն է, ուր դրամապանակը լի է փողերով: Ամուսնուս ներկայությունը նրան լրիվ շեղել է ճշմարիտ ուղուց:
Նա արգելեց ինձ հարցեր տալ վկաներին: Նա նաև հրաժարվեց արձանագրության մեջ ամրագրել իմ հավատարմատար Գյորգի Բեժանովիչ Գվազավայի նկատողությունները: Ես այդ մասին բողոքեցի կոնսիստորիային, բայց Կոնսիստորիան անսաց իմ բողոքը:
Բայց անօրինականությունները դրանով չավարտվեցին. այս տարվա հուլիսի 15 ին ինձ կանչեցին Կոնսիստորիա, ընդ որում` կանչի մեջ գրված չէր, թե ինչի համար են կանչում, և, ի զարմանս ինձ, այնտեղ ինձ հայտնեցին, որ մեր պսակն արդեն լուծված է: Որոշումն ընդունվել է առանց իմ վկաների հարցաքննելու, առանց իմ հավատարմատարի:
Ես Ձեզ վաղուց եմ ասել, որ մեր ամուսնալուծության պատճառը պարոն Արամյանցն էր, որ բացահայտ, անօրինաբար ապրում էր Տիկ. Շխիյանցի հետ: Իսկ իմ հավատարմատարը անպայման պիտի դատին ներկա լիներ, քանի որ նրա մոտ են գտնվում իմ փաստաթղթերը, որ շատ կարևոր են դատական գործի համար: Օրինակ` Մ. Արամյանցի ստորագրությունը, որով նա խոստովանում է իր մեղավորությունն իմ հանդեպ դեռ 1903 թվականին և պարտավորվում է ամսեկան ինձ վճարել 500 ռուբլի: Ինչպես նաև Թիֆլիսի դատական պալատի որոշումը, որով Մ. Արամյանցը պարտավորված է ինձ վճարել տարեկան 24000 ռուբլի: Այդ բոլոր փաստաթղթերը դատարան չներկայացվցին այն պատճառով, որ իմ հավատարմատարին չկանչեցին դատական նիստին, չնայած` իմ տված լիազորագիրը կցված էր գործին:
…Նամակների մասին: Կոնսիստորիան մեծ նշանակություն է տալիս ինչ որ կասկածելի նամակների, որոնք, հայտնի չէ, թե երբ են գրվել: Ինչու է Կոնսիստորիան մտածում, թե նամակները վերաբերվում են իմ ամուսնության ժամանակաշրջանին: Միգուցե դրանք գրված են մինչ իմ ամուսնությունը: Այդ նամակներում իմ ձեռքով ամսաթիվ գրված չէ:Բացի այդ, նամակներում փաստեր չկան, այդտեղ Այդ կան միայն խոսքեր, իսկ խոսքերը կարող են և չհամապատասխանել իրականությանը: Նամակներում չկա բացահայտ ցուցում իմ դավաճանության և անհավատարմության մասին: Այո, կան փաղաքշական բառեր, անգամ համբույր կա, կա ցանկություն հանդիպելու, բայց դրանք ընդամենը բառեր են: Դա նման է երաժշտական ռոմանսի, որի բառերն ու երաժշտությունը չեն կարող պատճառ լինել ընտանիքի քայքայման կամ բաժանման: Եվ այդ ամենը չի ապացուցում իմ բարոյական անկումը, ընդամենը ոմանց առիթ է տալիս մտածել իմ մասին ինչ կամենան:
Նաև տարօրինակ եմ համարում Կոնսիստորիայի պնդումը այն մասին, որ ես պարզաբանեմ, թե ով է Ժորժը: Պարզաբանեմ, թե ինչ ազգակցական կապ ունի ինձ հետ: Եթե այդ նամակները ապացուցում են մեր միջև սեռական կապը, ինչ իմաստ ունի բացատրությունը, և կամ միթե միևնույն չէ, թե ով է նա: Միևնույն է, բարեկամական կապը տվյալ դեպքում ավելի է խորացնում մեղքը: Իսկ եթե այդ նամակները չեն ապացուցում սեռական կապի առկայությունը, ապա դարձյալ ում է պետք այդ բարեկամական կապի բացահայտումը…»:
ֆ-56, ց-3, գ-4169
Մեջբերում ենք Մ. Արամյանցի բերած բացատրությունը` ուղղված Թիֆլիսի Հայոց կոնսիստորիային` իր ամուսնալուծության պատճառների մասին, գրված 1911թվականի մայիսի 12-ին:
«Ես ամուսնացել եմ տիկին Եղիսաբեթ Արամյանցի հետ 1876 թվականի փետրվարի 9-ին: Այսինքն` ամուսնության մեջ ենք գտնվում արդեն 36 տարի: Ապրում ենք առանձին ավելի քան 18 տարի: Բաժանման առիթը տվել է ինքը` տիկին Եղիսաբեթը: Մի կողմ թողնելով այն, որ նա անհնազանդ է, սկանդալային, նա նաև տնտեսուհի չէ. ինձնից գաղտնի գրավ էր դնում տնային իրերը, վատնում էր դրամը, ինձնից գաղտնի պարտքեր էր անում առանձին անձանցից, ստախոս է, թեթևամիտ, անկուլտուրական է, անդաստիարակ: Նա գաղտնի վաճառում էր տնային իրերը և վատնում էր գույքը: Եվ այդ ամենը նա ժխտում է: Այս ամենը սակայն, մի կողմ թողնելով` ցույց կտամ լոկ երկու պատճառ. նրա անհավատարմությունն ու անբարոյականությունը: 1893 թվականին վերադառնալով արտասահմանից, այն բանից հետո, երբ եղբայրս կրակել էր նրա վրա, իմացա, որ կինս մեղադրել է ինձ, իբր, ես դրդել եմ եղբորս, որ վերջինս սպանի նրան: Դա իմ և կնոջս միջև առիթ հանդիսացավ սոսկալի վեճերի: Եվ քանզի նա կարող է կասկածել ինձ քրեական հանցագործություն կատարելու մեջ, որ ես կարող եմ սպանության պատվիրատուն լինել` նշանակում է նա իր ամուսնուն համարում է արյունարբու ոսոխ և կամա թե ակամա, ինքս պետք է նրան համարեի իմ թշնամին և մտածել, թե նա ցանկանում է իմ բանտարկությունը: Այստեղից էլ պետք է ենթադրել, որ մեր համատեղ կյանքն անհնարին է և հարկավոր է բաժանվել: Ինչպես տեսնում եք, մեր ամուսնալուծության պատճառը կինս է, որը դատական ատյաններում անխիղճ ձևով հարձակվում է իմ վրա:
Երկրորդ պատճառը մեր ամուսնալուծության` դա նրա անբարոյականությունն է: Ես երբեք նպատակ չեմ ունեցել և չեմ դրդել իմ եղբայր Ջումշուդին` սպանել կնոջս: Միջադեպի ժամանակ ես արտասահմանում էի: Դա սարսափելի սուտ է: Շատ եմ ափսոսում, որ եղբայրս ողջ չէ, այլապես նա ինքը կբացահայտեր իր վարմունքի իսկական դրդապատճառը: Իսկ ես չեմ ուզում եղբորս հիշատակի պատճառով, ասել իրական պատճառը, որ նա ինքը ինձ բացատրեց` բանտից դուրս գալուց հետո: Պատճառ, որը ապացուցում է կնոջս անբարոյականությունն ու այն, որ նա պղծել է մեր ընտանեկան օջախի սրբությունը: Այդ ամենը տեսնելով` ես հասկացա, որ մեր համատեղ կյանքը անտանելի է և անիրականալի: Մենք արդեն երկար տարիներ առանձին ենք ապրում: Մեր բաժանվելուց երկու տարի անց ես և Եվգենյա Շխիյանցը համաձայնվեցինք միասին ապրել, ինչպես ամուսիններ և ամուսնալուծման հաստատումից հետո մենք պիտի օրինականացնեինք մեր միությունը: Այդ էր մեր նպատակը: Ինչ վերաբերվում է գերմանուհի Լաժելին` ապա նա եղել է մեր երեխաների դաստիարակը: Նա մի տգեղ, անատամ կույս էր, բայց լավ դաստիարակ: 1892-ին նա էր խնամում մեր երեխաներին: Ես երբեք սիրային կապ չեմ ունեցել նրա հետ և չեմ որոնել նման բան: Որպես հաստատումն դրա` Ձեզ եմ ներկայացնում մեր միջև նամակագրությունը ֆրանսերեն լեզվով, իրենց թարգմանություններով, որպեսզի Դուք էլ համոզվեք, որ այնտեղ չկան ինտիմ և սիրային արտահայտություններ:
Թիֆլիսի տոհմային պատվավոր քաղաքացի` Միքայել Հովսեփի Արամյանց»
ՀՊՊԱ ֆ- 56,ց-3,գ-4169

Մ. Արամյանցը դատարանին ներկայացրեց նաև իր և կնոջ` Եղիսաբեթ Արամյանցի միջև կնքված համաձայնագիրը.
ՙ1903 թվական, ապրիլի 14: Ես, ներքոստորոգրյալս, Տոհմային պատվավոր քաղաքացի Միքայել Արամյանցի կին Եղիսաբեթ Արամյանցս, տալիս եմ իմ ստորագրությունը ամուսնուս` Միքայել Հովսեփի Արամյանցին, որ ապրում է ինձնից առանձին, հետևյալի մասին. ստանալով նրանից երաշխիք` Թիֆլիսի նոտար Ֆյոդորովի վավերացմամբ , որ ամուսինս պարտավորվում է ինձ վճարել ամսեկան 500 ռուբլի` մեր միջև նշված պայմանավորվածության համաձայն, իսկ ես պարտավորվում եմ դատական ատյաններում և այլուր այլևս հայց չներկայացնել` նրանից մեծ գումարներ ստանալու պահանջով: Հակառակ դեպքում` մեր միջև կնքած համաձայնագիրը իր ուժը կորցրած է համարվում և ամուսինս իրավասու է նման պարագայում չվճարել ինձ՚:
ֆ-56, ց-3, գ-4169
1903 թվականի ապրիլի 14-ին Թիֆլիսի Հավաննայի փողոցի թիվ 3 տանը գտնվող նոտար Ա. Զավրիևի գրասենյակում Մ. Արամյանցը կնոջ` տիկին Եղիսաբեթի հետ կնքեց հետևյալ համաձայնագիրը.
«Ես, ներքոստորոգրյալս` տոհմային պատվավոր քաղաքացի Միքայել Հովսեփի Արամյանցս, տալիս եմ իմ ստորագրությունը կնոջս` Եղիսաբեթ Սողոմոնի Արամյանցին, որ ապրում է ինձնից առանձին, առ այն, որ ես պարտավորվում եմ նրան ցմահ ամսեկան կանխիկ վճարել (յուրաքանչյուր ամսի մեկին, սկսած ընթացիկ տարվա մայիսի մեկից) 500 ռուբլի` իր գոյությունը պահելու համար, պայմանով, որ նա իրավունք չունի պահանջելու ավելի մեծ գումար, և իրավունք չունի պահանջ ներկայացնելու գույքի և կայքի: Այն դեպքում, եթե նա դատական կարգով պահանջ կներկայացնի ավելի մեծ գումարի` սույն պայմանագիրը կորցնում է իր իրավական ուժը: Այս պայմանագիրը կորցնում է ուժը նաև մեզնից որևէ մեկի մահվան պարագայում»:

ՙԹիֆլիսի Հայոց Կոնսիստորիայի անդամ, քննիչ սրբազան հայր Հովհաննես Մարտիրոսյանցին, Թիֆլիս քաղաքի Միխայիլովյան պողոտայում բնակվող Եղիսաբեթ Սողոմոնի Արամյանցից.
Ես ստացել եմ ամուսնուս երկու հայցադիմումների պատճեները, որ գրված են 1910 թվականի սեպտեմբերի 15-ին և 1911 թվականի հունվարի 25-ին: Այս պատճեները հայերեն լեզվով են և կնիքված չեն: Նրանցում պարոն Արամյանցը խնդրում է Սբ. Սինոդին քննել մեր ամուսնալուծության գործը, իսկ Դուք, ձերդ սրբազանություն, ինձնից պահանջում եք ներկայացնել գրավոր բացատրություն և վկաների ցանկը: Այդ ամենը ես սխալ եմ համարում: Ես ինչպես հասկացա հրամանագրից, Սենատը ոչնչացրել է մեր ամուսնալուծության գործին առնչվող փաստաթղթերը: Այդ գործն այլևս գոյություն չունի, իրավաբանորեն գոյություն չունեն նաև այն բոլոր կեղծ փաստերն ու հանգամանքները, որոնց վրա առաջ հիմնվում էր ամուսինս: Այդ փաստաթղթերը իրավական առումով Սենատի կողմից համարվել են անվավեր: Այս պայմաններում ես չեմ հասկանում, Ձերդ սրբազանություն, ինչ բացատրություն եք ուզում ինձնից, ինչի մասին և ինչի դեմ: Ակնհայտ է` պարոն Արամյանցի վերոնշյալ երկու հայցադիմումները այլևս քննարկման ենթակա չեն և պիտի թողնվեն առանց հետաքննության, ինչի մասին և ես խնդրում եմ: Նաև հարկ եմ համարում հայտարարել, որ ամուսնուս գրած հայցադիմումների բոլոր պատճեները չեմ ստացել: Բացի վերոնշյալները, ես այլ պատճեներ չեմ ստացել և անտեղյակ եմ ամուսնուս առաջադրած նոր մեղադրանքներին: Բայց լավ իմանալով ամուսնուս հնարավորություններն ու հակումները դեպի խարդավանքները, ավելորդ չեմ համարում որոշ բացատրություններ տալ:
16 – 17 տարի առաջ ամուսինս լքեց ինձ, մեր երեխաների գերմանացի դայակի հետ մեկնեց արտասահման, իսկ իր եղբորը հանձնարարեց գնդակահարել ինձ ատրճանակով: Գնդակն անցավ այտիս մոտով, պատճառելով ահավոր վնասվածք բերանիս մասին: Բարեբախտաբար, ես ողջ մնացի:
/Մ. Արամյանցի եղբայր Ջումշուդը տիկին Եղիսաբեթի վրա մահափորձ է կատարել 1904 թվականի հոկտեմբերի 5-ին, Բաքվում, Լալաևների տան մոտ, սակայն միայն կարողացել է վիրավորել տիկնոջը:
ՀՊՊԱ ֆ-56, ց-3, գ-4169/
Որոշ ժամանակ անց ամուսինս Բաքու վերադարձավ: Ես պատրաստ էի ամեն ինչ ներել և վերականգնել ընտանեկան համատեղ կյանքը, ես անգամ ներեցի նրան, երբ նա մեր երեխաների կնքամոր` Եվգենիա Շխիյանցի հետ Թիֆլիս եկան և սկսեցին համատեղ ապրել: Այս փաստը ամենին է հայտնի և չի ժխտում անգամ ամուսինս: Նրանք միասին ապրեցին 14 տարի` ինչպես ամուսիններ: Այն ժամանակ ես ամուսնուս հետևից Թիֆլիս գնացի, կանգ առա մորս մոտ և աշխատում էի նորից վերականգնել մեր ընտանիքը: Բայց իմ ջանքերն ապարդյուն անցան: Ամուսինս լսել անգամ չէր ուզում այդ մասին: 1903 թվականի ապրիլի 14-ին մեր միջև կնքվեց համաձայնագիր, համաձայն որի` նա ամսեկան ինձ հատկացնում էր 500 ռուբլի` որպես ապրուստի միջոց: Իսկ հետո, երբ սկսեց ամուսնալուծության գործը` ամուսինս դադարեց ինձ նպաստ վճարել: Ասվածից երևում է, որ լքված և տուժող կողմը ես եմ և ոչ մի մարդկային խիղճ չի կարող ներել ամուսնուս` իմ տանջանքների ու արցունքների համար:
Վերջում, խնդրում եմ ինձ տալ մեկ ամիս ժամանակ, ապացույցների ներկայացման համար, եթե դրանք դեռ անհրաժեշտ են:՚
ֆ-56, ց-3, գ-4169

Արամյանցի ավագ որդու անունը Հովհաննես էր: Նա սովորել է Պետերբուգի համալսարանում, ավարտել է նախ իրավաբանության, ապա` հնագիտության ֆակուլտետները: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա. տղա և աղջիկ. Հովսեփ և Կատյա: Հովհաննեսը հիվանդ էր թոքախտով և մահացավ 31 տարեկան հասակում: Հայտնի է նրա կնոջ անունը` Թամարա, Արիստակեսի Պատվականովա, որին մինչ իր մահը Մ. Արամյանցը որբ երեխաների հետ հոգաբարձություն արեց:
Թամարայի և իր երեխաների մասին մեր ունեցած վերջին տեղեկությունները վերաբերվում են 1922 թվականին: Հայտնի է, որ այդ ժամանակ Թամարան իր երեխաներով բնակվում էր Թիֆլիսում, այժմյան Մաչոբելի թաղամասում: Նրա ժառանգների որոնումները շարունակվում են:
Երկրորդ որդու անունն Արամ էր. նա Պետերբուրգում գյուղատնտեսական կրթություն է ստացել, ամուսնացած էր… 1921 թվականին Արամը իր ընտանիքի հետ տարագրվել է Եվրոպա:
Երրորդ որդու անունը Սողոմոն էր: նրան 1906 թվականին դրամաշորթները դպրոցից վերադառնալիս փախցրին: Արամյանցը որդուն փրկեց մեծ փրկագնով միայն: Սողոմոնը ամուսնացած էր. Մոսկվայի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետն է ավարտել: Կնոջ և երեխաների մասին առայժմ տեղեկություններ չունենք: 1921 թվականին տարագրվել է Եվրոպա:
Սողոմոնն ամուսնացած էր թիֆլիսցի Սաթենիկ Կասյանի հետ: Նրանք երեք երեխա ունեին: Ավագը` տղան, Հրաչյան, 1936 թվականին դարձավ Ստալինյան ռեժիմի զոհերից. նա գնդակահարվել է: Երկրորդ զավակը` Արփենիկը, չկարողանալով տանել այդ սարսափները` հոգեկան խանգարում ստացավ: Սողոմոնի մյուս դստեր անունը Գոհար էր: Նա ամուսնացել է Թիֆլիսում, ժառանգների մասին տեղեկություններ չկան…
Աղջիկներից ավագը Աննան էր, որ ավարտել է Թիֆլիսի օրիորդաց գիմնազիան, ապա ինը տարի կրթությունը շարունակել է Գերմանիայի Մյունխեն քաղաքում, վերադառնալոց Թիֆլիս` ամուսնացել է հայտնի ինժեներ Ալեքսանդր Ռոտինյանցի հետ: Աննան և Ռոտինյանցը ունեցել են երկու զավակ` Գևորգ անունով տղա և Դեզի անունով աղջիկ: Աննան ակտիվ հասարակական կյանքով էր ապրում և հոր` Միքայելի նման հաճախ էր բարեգործություններ կատարում: Քսաներորդ դարի երրորդ տասնամյակում Ռոտինյանցների ընտանիքը տարագրվեց Պետերբուրգ: Այժմ Մոսկվայում բնակվում է Աննա Արամյանցի թոռը` Դեզիի որդին: Դեզին ամուսնացել է ազգությամբ լեհ մի պարոնի հետ և մոսկվաբնակ որդի ունեն: Գևորգ Ռոտինյանցի մասին առայժմ տեղեկություններ չունենք: Աննայի ժառանգների որոնումները շարունակվում են:
Արամյանցի կրտսեր դուստրը Ֆլորան էր: Նա սոսվրել է Ավստրիայում` Զալցբուրգի մոտ գտնվող Լեոպոլդս Կրոնի գեղարվեստի ակադեմիայում, ապա` Պետերբուրգի համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Ֆլորա Միխայիլովնան /այդպես էին նրան դիմում ժամանակակիցները/ Արամյանցի կյանքի վերջին` դաժան օրերի ականատեսն է եղել: Նա կիրթ, գրագետ կին էր. տիրապետել է 12 լեզուների. ազատ շփվել է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով: Մտերիմ է եղել Ֆեոդոր Շալյապինի, այլևայլ նշանավոր անձանց հետ: Ֆլորան ամուսնացած էր ցարական բանակի գնդապետ Հովհաննես Ղորղանովի հետ: Վերջինս զոհվել է 1918 թվականին հյուսիասյին Լոռիում` Շուլավերի մատույցներում, թուրքական զորքերի դեմ առճակատումներից մեկի ժամանակ:
Ղորղանովների ազնվական ընտանիքը շատ նշանավոր այրեր է տվել մեր ազգին: Նրանք հիմնականում զինվորականներ էին ու արվեստի մարդիկ:
Հովհաննես Ղորղանովի պապի եղբայրը` Գրիգոր Ղորղանովը, ծովային հետևակազորի սպա էր, զոհվել է 1904 թվականին` ռուս – ճապոնական պատերազմի ժամանակ:
Ստեփան Ալեքսանդրի Ղորղանովը ցարական, ապա` Հայաստանի հանրապետության բանակի սպա էր, գեներալ: Կարսի նահանգապետն էր և նրա անկման դժբախտ ականատեսը:
Գեներալ Հովսեփ Հովհաննեսի Ղորղանովը (Ֆլորայի ամուսնու հայրը) մասնակցել է 1877 – 1878 թթ ռուս – թուրքական պատերազմին, մասնակցել է նաև Կովկասյան լեռնականների դեմ պատերազմին: Նա ուներ երեք որդի և վեց դուստր: Նրա զավակներից առավել աչքի ընկան Եվգենիա Ղորղանովան (դաշնակահար, երգահան, մանկավարժ), Ելենա Տերյան – Ղորղանովան և Նինա Դարիալին (Նունե Ղորղանովա) (օպերային երգչուհի, երգահան):
Այս տաղանդավոր քույրերն իրենց հմայքով ու անզուգական ձայնով գերել են հանդիսատեսին եվրոպական շատ նշանավոր բեմերում: («Արծվի Բախչինյան. «Ծագումով հայ են» Երևան – 1993)
Ֆլորա Արամյանցն ու Հովհաննես Ղորղանովը երկու երեխա ունեին` Լյուդմիրան /Մոլլի/ և Միքայելը /Միկա/: Ֆլորան մահացել է Թիֆլիսում` իր հայրական տանը, խոր ծերության մեջ` 102 տարեկանում:
Մոլլին` Լյուդմիլա Հովհաննեսի Ղորղանովան, ծնվել է 1906 թվականին: Նա մոր նման զարգացած և կիրթ անձնավորություն էր, տիրապետում էր մի քանի եվրոպական լեզուների: Մոլլին մասնագիտությամբ բանասեր էր, մինչև խոր ծերություն դասավանդում էր: Նա երբեք չի ամուսնացել, մահացավ 90 անց հասակում, միայնակ…
Ավելորդ չենք համարում մեջբերել 1991թվականի փետրվարի 16-ին ՙՎրաստան՚ թերթում Ռեմ Դավիդովի տպած հարցազրույցը Մոլլի` Լյուդմիլա Կորգանովայի հետ:
ՙՀանրահայտ գեներալ Կորգանովի դուստր, խոշոր նավթարդյունաբերող, կապիտալիստ և մեկենաս, Թիֆլիսի պատվավոր քաղաքացի Միքայել Հովսեփի Արամյանցի թոռ, տիկին Լյուդմիլան, սրտաբաց ընդունեց ինձ: Ոչ ես, ոչ էլ համոզված եմ, մեկ ուրիշը նրան 84 տարի չէինք տա: Առույգ, ամուր, բարեկազմ, բաց պայծառ դեմքով մի կին, որի շուրթերից, մեր, համարյա երկու ժամ տևող զրույցի ընթացքում չէր կորչում ժպիտը, հագին մարզական կոստյում, շարժումները` արագ: Մի խոսքով: Նա շատ ավելի երիտասարդ էր երևում իր տարիքի համեմատ:
-Շատերն ասում են, որ իմ մեջ ինչ-որ բան կա պապիցս, – ասում է մորաքույր Մոլլին, – ինչպես սիրով կոչում են Լյուդմիլա Կորգանովային:- Իսկ պապս ապրել է 85 տարի, և էլի կապրեր, եթե… Սիրել է որս անել, ձի քշել, ամբողջ կյանքում զբաղվել է սպորտով: Պինդ տղամարդ էր, լավ պահպանված, իսկ ուժը հո… քարը սեղմերէ քարից ավազ էր թափվում:
Այո, դեռ էլի կապրեր նա, եթե…
-Ինչի մասին է խոսքը,- հետաքրքրվեցի ես:
-Արդեն ասեցի, որ պապս Թիֆլիսի պատվավոր քաղաքացի էր: Այդ կոչումը քչերին էր տրվում, միայն նրանց, ովքեր օգուտ էին բերում քաղաքին, առանց ազգային խտրականության հոգ տանում համաքաղաքացիների նկատմամբ, փոխարենը ոչինչ չպահանջելով: Իսկ պապս մեր քաղաքի մեծ բարեկամն էր ու ջատագովը: Նա կառուցել և քաղաքին է նվիրել հիվանդանոց, որտեղ հիվանդներին ձրի էին բուժում, պապս էր վճարում հիվանդների և բուժման, և սննդի համար: Բուժանձնակազմը և մյուս աշխատողները վարձատրվում էին պապիս գանձարանից: Ըստ որում, երեք հիվանդի համար նախատեսվում էր մեկ բժիշկ և մեկ բուժակ: Այսօր այդ հիվանդանոցը կոչվում է ՙՔաղաքային առաջին հիվանդանոց՚, բայց մարդիկ, ինչպես ի սկզբանե, ՙԱրամյանցի հիվանդանոց՚ են ասում:
Պապս կառուցել է նաև մոդեռն ոճի ՙՄաժեստիկ՚ /այժմ` ՙԹբիլիսի՚/ հյուրանոցը /նախագիծը` հանրահայտ թբիլիսցի ճարտարապետ Տեր – Միքելովի/: Պապս ցանկանում էր, որ հյուրանոցը ամենագեղեցիկն ու ամենաբարեկարգը լինի ամբողջ Անդրկովկասում: Ուստի Փարիզից բերել տվեց թանկարժեք կահույք, ամանեղեն, գորգեր, սպիտակեղեն: Այդ ամենը գտնվում էր Մաչաբելի /նախկին Սերգեևսկի/ փողոցի տան նկուղներում, այսինքն` այն տան, որտեղ մենք ենք այժմ զրուցում: Տանը հիմնականում ապրում էին պապս ու մեր ընտանիքները: Իմանալով այստեղ եղած հարստությունների մասին, մեր տուն ներխուժեցին բոլշևիկներն ու սկսեցին թալանել: Նրանք ջարդում էին կահույքը, հախճապակին ու ճենապակին, ամանեղենը, փողոց նմետում սպիտակեղենը, գորգերը: Իզուր էր պապս դիմում նրանց խղճին: Նրա աղաչանք – պաղատանքը, բանականության վկայակոչելը ոչ մի ազդեցություն չունեցան: Նրան ծաղրում էին, կեղտոտ բառեր նետում հասցեին: Եվ պատկառելի մարդու, մեծ բարերարի սիրտը չդիմացավ այդ ահավոր վայրագություններին: Հենց դա էլ նրա մահվան պատճառ դարձավ: Դա 1922 թվականին էր:
-Ես լսել եմ, թե Արամյանցը մահացել է չքավորության մեջ և շատ համեստ է թաղվել:
-Այդ մասին ես էլ եմ լսել, – դառնացավ տիկին Լյուդմիլան: – Բայց դա ճիշտ չէ: Նա մահացավ ոչ թե չքավոր, աղքատ, այլ վիրավորված ու վշտացած, սնանկացած: Չէ որ, սովետը մեզանից խլեց ամեն ինչ, նույնիսկ այն տունը, ուր բնակվում էինք մենք, բոլորիս լցնելով մեն – մի սենյակ:
Իսկ թաղումը հանդիսավոր էր: Երբ իմացան Արամյանցի մահվան լուրը, ամբողջ քաղաքը եկավ նրա հուղարկավորությանը:
Պապս մահացավ` շրջապատված հարազատներով, որոնց թվումն էին իմ մայր Ֆլորան, ավագ որդու այրի Թամարա Արիստակեսի Պատվականովան, թոռները` Հովսեփը, Եկատերինան և Լյուդմիլան /այսինքն` ես/, մեր եղբայրները: Տարիներ անց, երբ Խոջիվանքի գերեզմանոցի տեղում զբոսայգի գցվեց, նրա գերեզմանը կորավ:
-Դուք գիտեք, կարող եք պատմել, ինչպես Արամյանցը դարձավ միլիոնատեր:
-Իհարկե կարող եմ: Նա ծնունդով Լեռնային Ղարաբաղից էր: Թբիլիսի էր եկել տրեխներով: Գրպաններում` ոչ մի կոպեկ: Սկզբում մի խանութպանի մոտ աշակերտ է եղել, թել ու ասեղ, մատնոց վաճառել, ապրել է տիրոջ տանը` մի նեղ խցում, մոմի լույսի տակ գրագիտություն սովորել: Շուտով նա արդեն շատ լավ գլուխ էր հանում հաշվից, ազատ կարդում ու խոսում վրացերեն, ռուսերեն, սկսել էր ֆրանսերեն սովորել: Որոշ գումար հավաքելով` այժմ ինքն է խանութ դնում, հետո` մեկ ուրիշ խանութ, ծանոթանում հարուստների հետ, իսկ Ալեքսանդր Մանթաշովի հետ բարեկամանում է: Հենց Մանթաշովն էլ հսկայական դեր է խաղում նրա հետագա կյանքում:
Մանթաշովի հրավերով պապս մեկնում է Բաքու, նրա հետ միասին զբաղվում նավթի գործով,նավթահանքեր գնում: Մեկ անգամ Մանթաշովի հետ միասին մեկնում է Փարիզ, և հենց այնտեղ էլ իմանում, որ իր նավթահանքում նավթի շատրվան է խփել: Իսկ երկրաբանների հետազոտությամբ հաստատվել է, որ այդտեղ նավթի պաշարները միլիոնավոր տոննաների են հասնում:
-Դե Միքայել ջան, դու էլ միլիոնատեր դարձար, – ուրախ – ուրախ բացականչում է Մանթաշովը:
Իսկապես, պապս շուտով դառնում է միլիոնատեր:
Չմոռանանք, որ նա նաև մեկենաս էր: Տասնյակ ուսանողներ, հիմնականում թբիլիսցի հայեր ու վրացիներ, պապիս միջոցներով սովորել են Պետերբուրգի, Մոսկվայի, Կիևի, Օդեսայի, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի մայրաքաղաքների բարձրագույն ուսումնական հաստատություններում:
-Իսկ Դուք որտեղ եք սովորել:
-Պապս շատ էր սիրում ինձ և չէր համաձայնվում, որ գնար այլ քաղաքում ուսանելու:Ես ավարտել եմ Թբիլիսիի ֆրանսիական լիցեյը, որը գործում էր ներկա Ջափարիձե և Էնգելսի փողոցների անկյունում գտնվող տանը: Մի ժամանակ այդտեղ տեղավորված էր Կալինինի շրջխորհրդի գործկոմը: Նաև անգլերենի մասնավոր դասեր եմ առել:
-Ուրեմն անգլերեն էլ գիտեք:
-Այո, թերևս ավելի լավ, քան մեկ այլ լեզու: Ես անգլիական հարուստ գրականություն ունեմ:
-Նույնիսկ ավելի լավ, քան հայերեն:
-Ցավոք, հայերենին այնքան էլ լավ չեմ տիրապետում, չնայած և պապս, և հայրս և մայրս շատ լավ գիտեին մայրենի լեզուն: Սակայն հոգով ու սրտով հայ եմ, տառապում եմ իմ ժողովրդի ցավերով ու աղետներով: Գիտեք, ցավն այն է, որ ես միշտ շրջապատված եմ եղել հիմնականում ռուսներով, վրացիներով, իսկ հայերենի լավ տիրապետող հայերի հետ քիչ եմ շփվել: Եվ Հայաստանը, ինչպես և իմ սիրտն են, սերն իմ:
-Ես պատին տեսնում եմ Շալյապինի մեծ դիմանկարը, Դուք նրա երկրպագուն եք:
-Ես երկրպագում եմ ամեն գեղեցիկը` լինի դա երաժշտություն, պոեզիա, թե կերպարվեստ: Երբ Շալյապինը լինում էր Թբիլիսիում, ապա մեր տան հաճախակի հյուրն էր նա: 1915 թվականին, մեկնելով Թբիլիսիից, այս դիմանկարը նվիրեց մորս` հետևյալ մակագրությամբ. ՙՖլորա Միխայլովնային: Հեռանում եմ Թիֆլիսից, հետս տանելով Ձեր սրտագին ուշադրությունը՚: Կարծում եմ մակագրությունը շատ բան է ասում:
Լյուդմիլա Արամյանց – Կորգանովան` ի վկայություն պոեզիայի նկատմամբ իր սիրո, ցույց է տալիս բանաստեղծությունների տասնյակ ժողովածուներ:
-Պաշտում եմ պոեզիան, իսկ ժամանակակից բանաստեղծներից` Ալեքսանդր Մեժիրովին, որի հետ անձամբ ծանոթ եմ, և որը նույնպես Արամյանցի տան հաճախակի հյուրն է եղել:
Նա ցույց է տալիս նաև իր պապի հոյակապ կերտված մարմարե կիսանդրին, լուսանկարները, տարբեր դարաշրջանների նկարիչների հազվագույտ գործեր:
-Արվեստը հոգուս սրբության սրբոցն է, – խոստովանում է տիկին Լյուդմիլան, – իմ այն միակ զենքը, որով դեռ կարողանում եմ պայքարել ժամանակի, միայնության և մահվան դեմ:
Մենք խոսում ենք, խոսում, զրուցում արվեստի շուրջ, նա հիշողություններ է պատմում պապի, Թբիլիսիի մասին: Իսկ պատուհանից դուրս աղմկում է քաղաքը` նրա կյանքի քաղաքը, քաղաք, ուր նա ծնվել ու ապրում է, որը սիրում է անհունորեն, ճիշտ այնպես, ինչպես սիրել է իր պապը` Թիֆլիսի պատվավոր քաղաքացի Միքայել Արամյանցը՚:
Միքայել Հովհաննեսի Ղորղանովը մասնագիտությամբ ինժեներ էր: Նա վախճանվեց երիտասարդ հասակում, անժառանգ:
Տիկին Ֆլորայի և նրա զավակների շիրիմները գտնվում են Թբիլիսիում:
Առհասարակ, Արամյանցը դժբախտ էր անձնական կյանքում: Կա վկայություն, որ Արամյանցի եղբոր` Կոնդորի և կնոջ միջև սաստիկ լարված են եղել հարաբերությունները: Անգամ, հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող եղբայրը մահափորձ է կատարել տիկին Եղիսաբեթի վրա, հրազենով կրակելով նրա ուղղությամբ: Անհարթ էին նաև Արամյանցի և կնոջ հարաբերությունները….
Բաքվում Մ. Արամյանցը հանդիպում է իր մեծ սիրուն` Եվգենյա Շխիյանցին, որ իր երեխաների կնքամայրն էր / ՀՊՊԱ ֆ-56, ց-3, գ-4169/: Նրանց միջև մեծ կիրք, ապա` անմեռ սեր է ծնվում: Հետագայում, երբ Մ. Արամյանցը փաստացի ամուսնալուծվեց կնոջից, միացավ տիկ. Շխիյանցին և նրանք երկար տարիներ ապրում էին համատեղ:
1906 թվականի մայիսի 19-ին Գերմանիայի Վյուցբուրգ քաղաքից տիկին Արամյանցը Թիֆլիսի հայոց Կոնսիստորիային գրում է.
«Ես վերոհիշյալ Ժորժին կամ Գևորգին, ճանաչում եմ ընդամենը չորս տարի, իսկ ամուսինս 15 տարուց ավելի է` անօրինական ապրում է Եվգենյա Շխիյանցի հետ: Նա անգամ այքան հեռուն է գնացել, որ արտասահմանում նրան ներկայացնում է որպես իր կին…»
ՀՊՊԱ ֆ-56, ց-3 գ-4169
Արամյանցը Շխիյանցի համար Թիֆլիսի Օլգինսկայա փողոցում մեծ ու շքեղ տուն է կառուցում, այն գեղեցիկ զարդաքանդակներով է պատում: Եվրոպայից բերել է տալիս հետագայում Թբիլիսիի խորհրդանիշը դարձած զույգ եղնիկների բրոնզաձույլ քանդակները և տեղադրում է Շխիյանցի տան առջև:
Եղնիկների արձանը Արամյանցը պատվիրել է Փարիզում և այն պատրաստել է անվանի վարպետ Ա. Ռուդյեն: հետագայում արձանը 1935 թվականին տեղապոխեցին Կոմերիտմիության այգի,որտեղից էլ մեր ժամանակներում անհետացավ: Գ/90
Թիֆլիսի քաղաքային դումայի որոշմամբ այդ փողոցը ի պատիվ Արամյանցի մեծ սիրո` վերանվանեց Եվգինևսկայա:
Սակայն Արամյանցի և Շխիյանցի հարաբերություններն էլ հարթ չեն ընթացել: Բայց ավելի լավ է լսենք իրեն` Միքայել Արամյանցին: 1909 թվականի հունվարի 15-ին, Ս. Պետերբուրգի 23-րդ տեղամասի դատական քննիչը իր առանձնասենյակում հարցաքննեց Միքայել Արամյանցին: Ահա արձանագրության քաղվածքը.
«Միքայել Հովսեփի Արամյանց, 62 տարեկան, տոհմային պատվավոր քաղաքացի, բնակվում եմ Ս. Պետերբուրգում, Սերգիևսկի փողոց, 15 տուն, բնակարան 1 հասցեում: Հայ – լուսավորչական հավատքով:
Եվգենիա Պետրոսի Շխեյանցի հետ ապրել եմ 14 տարի` ինչպես այր ու կին: Նրա քույրը ամուսնացած էր բժիշկ Գրիգորի Արտեմի Հախվերդովի եղբոր հետ: Այդ պատճառով էլ բժիշկ Հախվերդովը երբեմն հյուր էր գալիս Շխիյանցին, որպես բարեկամ: 1908 թվականի սկզբին Եվգենիա Շխիյանցը տեղափոխվեց Թիֆլիս, Իզմայլովյան փողոցի տունը, որ ես գնել և հատկացրել էի իրեն: Ինքս, չնայած մշտապես այցելում էի նրան, բայց բնակվում էի ուրիշ տան մեջ: 1908 թվականի սկզբին ես նկատեցի, որ բժիշկ Հախվերդյանը մշտապես այցելում է Ե. Շխիյանցին և այնտեղ մնում է մինչ կեսգիշեր: Ես կասկածեցի, որ նրանք ինտիմ կապի մեջ են: Այդ առումով բացատրություն պահանջեցի թե բժիշկ Հախվերդյանից, թե Եվ. Շխիյանցից: Նրանք ինձ ասացին, թե իրենց անտեղի և անարդարացի եմ մեղադրում, որ ոչ մի հարաբերություններ իրենց միջև չկան: Իսկ բժ. Հախվերդյանն ասաց ինձ, որ ինքը հաճախ է լինում Շխիյանցի տանը, որովհետև վերջինս դատապարտված է շուտափույթ մահվան և ցանկանում է զվարճացնել նրան ու գունավորել կյանքի վերջին օրերը: Բժ. Հախվերդյանին քաջ հայտնի էր, որ Եվ. Շխիյանցը հիվանդ է կրծքի քաղցկեղով: Նրա հիվանդությունը բացահայտվեց 1907 թվականին: Ինքը, բժ. Հախվերդովն ինձ դեռ 1907 թվականի վերջին ասաց, որ Շխիյանցին քիչ ժամանակ է մնացել ապրելու, ոչ ավելի քան կես տարի: 1908 թվականի փետրվարին թե մարտին իմ ներկայությամբ ասաց Եվգենիա Շխիյանցի քրոջը` Նինա Պետրոսի Հախվերդովային, թե ինչու է վերջինս համբուրվում հիվանդ Եվգինիայի հետ, ասաց, որ քաղցկեղը վարակիչ հիվանդություն է:
Եվգինիա Շխիյանցն անձամբ չգիտեր, որ հիվանդ է քաղցկեղով: Նրանից թաքցրել էին, քանզի ինքն անձամբ խնդրել էր, որ իրեն ոչինչ չասեն, եթե իր մոտ անբուժելի հիվանդություն կհայտնաբերեն:
Մինչ 1908 թվականի մայիսը Շխիյանցը թաքցրեց ինձնից իր մտերմիկ հարաբերությունները բժիշկ Հախվերդովի հետ, երևի թե նրա համար, որպեսզի ինձնից ստանա իմ նշանակած ամսեկան ապրուստի համար նպաստը: 1908 թվականի ապրիլի վերջին Եվգինիա Շխիյանցը մեկնեց Պետերբուրգ, որպեսզի խորհրդակցի բժիշկների հետ, թե արժե բուժման նպատակով Բեռլին մեկնել: Բժիշկ Հախվերդյանը համոզել էր նրան, թե Բեռլինում կարող են նրան բուժել ռադիումի ճառագայթներով և հանձն էր առել անձամբ ուղեկցել տիկ. Շխիյանցին: Ես հասկացա, որ բժ. Հախվերդյանն ուզում է փախցնել նրան և հրաժարվեցի որպես ճանապարհածախս տրամադրել 1000 ռուբլի, պայման դնելով, որ նա Բեռլին կգնա յուրաքանչյուր այլ բժշկի հետ, բայց ոչ Հախվերդյանի:
1908 թվականի հունիսին ես ես Եվգինիա Շխիյանցից նամակ ստացա, որով նա հայտնում էր, թե շուտով ամուսնանալու է բժիշկ Հախվերդովի հետ և խնդրում էր իմ օրհնությունը: Այդ նամակը ևս, թե գտնեմ, կկցենք գործին: Եվգինիա Շխիյանցը Պետերբուրգում իսկապես պատվիրել էր տոնական հագուստ հարսանիքի համար: Դեռ մինչ այդ նամակը, 1908 թվականի մայիսին նա Պետերբուրգից հեռագիր ուղարկեց, թե մեր միջև ամեն ինչ վերջացած է: Հեռագիրը շատ կարճ էր: Եթե գտնեմ` այն նույնպես կհանձնեմ Ձեզ: Իսկ նամակը, որով Շխիյանցը իմ օրհնությունն է խնդրում, Թիֆլիսում ստացա, ուր ես բնակվում էի այդ ժամանակ: Շխիյանցը Պետերբուրգից վերադարձավ մայիսի 25-ին: Ես խզեցի իմ կապերը Շխիյանցի հետ նրա հեռագիրն ստանալուն պես: Դրանից հետո ես նրա հետ չեմ տեսնվել և նյութական աջակցություն չեմ ցուցաբերել: Կյանքի վերջին ամիսները նա ապրեց իր խնայած միջոցներով: Նա ուներ և փող, և պարտատոմսեր, քանի որ ինձ հետ ապրելով` նա ոչ մի բանի կարիք չուներ: Նրա արժեքավոր իրերի և թանկարժեք զարդերի ցանկը ես չունեմ, բայց կարոց եմ թվարկել մի քանիսը, քանի որ դրանք նվերներ էին. ադամանդյա զարդերի կոմպլեկտ, փիրուզյա զարդեր, մարգարտյա զարդեր, շատ առանձին զարդեր մարգարիտից, այլ թանկարժեք քարերից, շատ ոսկյա իրեր, ոսկյա պայուսակ, ոսկյա ժամացույց զանգակա տեսքով: Մոտ 20000 ռուբլու միայն թանկարժեք զարդեր ուներ:
Ուներ շատ արծաթյա իրեր` 3 – 4 հազար ռուբլի արժողությամբ, թանկարժեք հագուստ էլ շատ ուներ. մոտ 7000 ռուբլու: Միայն մեկ սամույրի վերարկուն արժեր 3500 ռուբլի:
Ավետիս Սերգեյի Չեկպովերովից և ուրիշներից լսել եմ, որ բժիշկ Հախվերդյանը Եվգինիա Շխիյանցի թանկարժեք զարդերը պահ է տվել բանկում, բայց ում անունով` չգիտեմ: Իր դրամները Շխիյանցի անձամբ էր տնօրինում: Գիտեմ, որ 10000 ռուբլի ուներ Փիթոևների Առևտրական տանը, բացի այդ, նա չորս թե հինգ տարի առաջ, 12000 ռուբլով ինձ և Կարլ Զայդիցին (այժմ հանգուցյալ) վաճառեց հորից ժառանգություն մնացած հողաբաժինը: Բացի այդ, անցյալ տարի վաճառեց նաև իր տոհմային կալվածքի մի մասը, մյուս մասը 18000 ռուբլով գրավ դրեց Թիֆլիսի Վարկային ընկերությունում: որտեղ էր պահում այդ գումարները և առհասարակ ինչ քանահությամբ դրամ ուներ` չգիտեմ, բայց համոզված եմ, որ նա մեծ չափի գումար ուներ, քանզի մեր համատեղ կյանքում բոլոր ծախսերը ես էի կատարում»:
ֆ-56, ց-3, գ-4169
Եվգինյա Շխիյանցը մահացել է քաղցկեղից 1908 թվականին…
Արամյանցի կյանքի վերջին տարիները դաժան էին ու ողբերգական դրվագներով լի: 1918 թվականին նախ թուրք զավթիչները, ապա` վրացական բանակը թալանի ու ավերածությունների ենթարկեց նրա Ախթալայի և Բորչալուի կալվածքները: Ապա, 1919 թվականին Վրաստանի հանրապետության կառավարությունը էկզուկեցիայի ենթարկեց Արամյանցին ու շատ ուրիշ մեծահարուստ հայերի: 1918 թվականի հայ – վրացական պատերազմը հակահայկական մեծ հիստերիա էր բարձրացրել Թիֆլիսում, և վրացական կառավարությունը ուղղակի տեռորի էր ենթարկում հայ բնակչությանը: Կառավարության որոշումով Արամյանցի տանն են տեղակայվում Թիֆլիս մտած Անտանտի զորաբանակների /անգլիական զորք/ որոշ ստորաբաժանումներ: Վրաստանի կառավարությունը Թիֆլիսում գտնվող 2000 անգլիացի զինվորներին տեղավորեց հայերի տներում, մասնավորապես` զորքերի բազմության մեծ մասը տեղակայված էր ՙՄաժեստիկում՚ /ՙՄշակ՚ 05.01.1919. թիվ 4/
1921 թվականի փետրվարին Վրաստանում հաստատվում է խորհրդային իշխանություն: Բոլշևիկյան սոված գայլերի ոհմակը անմիջապես հարձակվում է մեծահարուստների վրա: Մի քանի ժամվա ընթացքում Արամյանցի հսկայական ժառանգությունը փոշիացվում է. տան գույքը, կահ-կարասին, հայտնվում են փողոցում, ավերվում…
Պետությունը «ազգայնացնում» է Արամյանցի տները…նրան ապրելու համար փոքր սենյակ են հատկացնում…իր իսկ տան նկուղում…
Արամյանցը, որ Կովկասի ամենահարուստ մարդն էր այդ ժամանակ, զրկվելով ապրուստի բոլոր միջոցներից` սովի է մատնվում…
Այդպես էլ լքված բոլորի կողմից և զրկված ամեն ինչից` Արամյանցը մի քանի ամիս ընդամենը քաշ տվեց իր գոյությունը:
Նման թշվառ վիճակում էլ կնքում է մահկանացուն 1922 թվականի դեկտեմբերի 18 – ի, լույս 19 – ի գիշերը: Խորհրդային ռեժիմից ու տեռորից ահաբեկված` մարդիկ ու մտերիմները միայն գիշերն են գալիս Արամյանցի հոգեհանգստին:
Մ. Արամյանցը մահկանացուն կնքեց 1922 թվականի դեկտեմբերի 18 – ի լույս 19-ի գիշերը: Մարմինը դեկտեմբերի 21-ի առավոտյան ժամը 10-ին տնից սպիտակ դիակառքով դուրս հանեցին, տարան Մուղնու եկեղեցի, որտեղից էլ` Խոջիվանքի գերեզմանատուն: Ողջ քաղաքը հավաքվել էր Մ. Արամյանցի հողարկավորությանը:
Հիմա սակայն չի պահպանվում անգամ նրա շիրիմը: Վրաստանի իշխանությունները գերեզմանատան տարածքը զբոսայգու վերածեց ու հարյուրավոր հայ մեծերի ոսկորների հետ անհաետացավ նաև մեծ հայորդու շիրիմը:

ՎԵՐՋԱԲԱՆ
Օգոստոս, 2010 թվական, Թբիլիսի:
Երեկոյան Թբիլիսին իսկապես գրավիչ է: Քայլում ենք Ռուսթավելու պողոտայով: Զարմուհիս` Քրիստինան, որի հայրը հայ է, մայրը` վրացի, հարցրեց.
-Վահե, Երևանն է սիրուն թե Թիֆլիսը,-երբևէ Երևանում չի եղել:
-Թիֆլիսը սիրուն է իր բնությամբ ու կոլորիտով,-չէի կարող անկեղծ չլինել,-Երևանը Թբիլիսիի հետ համեմատած` ճոխ քաղաք է:
Իջանք գետափ: Քայլեցինք` հիանալով Թբիլիսիի գեղեցկությամբ: Աջից այգի էր: Մտանք: Քրիստինան ցույց տվեց Հեյդար Ալիևի կիսանդրին, այսպիսի մակագրությամբ. ՙԹբիլիսիի պատվավոր քաղաքացի Հեյդար Ալիևին, եղբայրական վրաց ժողովրդից՚: Զավեշտ է չէ…
Ամեն ժողովուրդ, իշխանություն իրավունք ունի ցանկացած արձան ու կիսանդրի կանգնեցնելու, ցանկացած մակագրությամբ… բայց, ինչպես կարելի է անտեսել Թիֆլիսի, հիրավի իսկական երախտավորներին: Այսօր ողջ քաղաքում չեք գտնի մի հուշատախտակ անգամ, ուր փաստած կլինի, որ այս կամ այն շենքը պատկանել է, կառուցվել է որևէ հայի կողմից:
Թբիլիսիի քաղաքային առաջին հիվանդանոց. Ժողովուրդը մինչ օրս հաստատությունն անվանում է Արամյանցի անվամբ: Երկար չարչարվելուց հետո վերջապես մտա ադմինիստրատիվ տնօրենի մոտ: Ներկայացա: Ասացի, որ Հայաստանից եմ եկել, Արամյանցի վերաբերյալ մասունքներ, իրեր են հետաքրքրում….միգուցե ինչ որ բան պահպանվել է: Թեկուզ հին լուսանկարներ: Տնօրենը սիրալիր չեղավ, անգամ չհրավիրեց նստելու:
-Ոչինչ չգիտեմ, ոչինչ չի պահպանվել, – դեպի ինձ հազիվ երկու բառ նետեց և ձեռքով դուրս հրավիրեց:
Հիվանդանոցի հին շենքից դուրս եկա վիրավորված, ճնշված: Քրիստինան էլ զգաց տնօրենի անհարգալից վերաբերմունքը. չէր խոսում, կարծես ամաչում էր նրա փոխարեն:
-Ոչինչ, միգուցե վաղը հյուրանոցիում մի բան գտնենք…
ՙՄարիոթ – Թբիլիսի՚ հյուրանոցի աշխատակիցը պայմանավորված ժամից ուշացավ … երկու ժամ: Սիրալիր հրավիրեց հյուրանոցի շքեղ նախասրահում նստելու, սիրալիր լսեց մեզ և նույնքան սիրալիր պատասխանեց, որ Արամյանցի մասին ոչինչ ինքը չգիտի, հյուրանոցի հին իրերից ու նկարներից ոչինչ չի մնացել, ամենը թալանվել ու ոչնչացվել է քաղաքացիական պատերազմի ժամանակ:
Գնացինք Արամյանցի տուն: Դուռը բացեց միջին տարիքի, համակրելի արտաքինով տանտիկինը: Ներս հրավիրեց: Իրա Նիկոլիշվիլին կիսով չափ հայուհի էր, մայրը Թումանովների ազնվական գերդաստանից է: Սուրճի սեղանի շուրջ զրուցում էինք երկար: Բարեհամբույր տիկինն ասաց, որ ցավոք, ոչինչ չի պահպանվել իր տանը, և մեղ ուղեկցեց տան մյուս մասնաբաժինը: Մեզ դիմավորեց մոտ 60 տարեկան բարեհամբույր մի անգլուհի` Լիդիա Վեստը` ֆրանսիական Կոնյակ քաղաքից: Տիկին Վեստը դասավանդում է Թբիլիսիի Բայրոնի անվան դպրոցում: Ասաց, որ լսել է, թե ինչ նշանավոր հայի տան է բնակվում ինքը: Տիկինն ուրախացարեց մեզ` ասելով, որ երբ գնել է այս բնակարանը, հին լուսանկարներ շատ են եղել, բայց ինքը դրանք Ֆրանսիա է տեղափոխել: Բարեհամբույր անգլուհին խոստացավ անպայման ուղարկել այդ մասունքները:
Թիֆլիսում հանդիպեցի Մայա մայրիկին: Նրա մայրը Արամյանցի երեխաների դայակն է եղել, իսկ ինքն աշխատել է Ֆլորա Արամյանցի մոտ, դայակն է եղել Մոլլիի և Միկայի…
Մայա մայրիկը հայտնություն էր. նրա տանը շատ իրեր կային Արամյանցից պահպանված: Խեղճ կինը դողացող ձեռքերով ցույց էր տալիս Արամյանցից մնացած մասունքներն ու արդարանում.
-Ինչ անեմ, թոշակս չի հերիքում, ոչ ոք չունեմ, ապրում եմ սրանք վաճառելով…
Թիֆլիսից վերադարձա` մտորելով վրացի մտավորականի արտասանած բառերի շուրջ.
-Երբ վրացիներն իրենց փողերն էին քամուն տալիս ռեստորաններում ու խաղատներում, հայերը Թիֆլիսն էին սարքում….
-Գենացվալե, Գիվի, կեցցես, արդարադատ մարդ ես, քո կենացը:
-Ողջ լինես, սիրում եմ հայերին եղբայր, առանց նրանց մենք…
Գիվին /անունը փոխած է/ թանգարանի տնօրեն է: Նրա աշխատասենյակում ես իր Կախեթի սպիտակ գինին էի վայելում, նա` իմ տարած հայկական կոնյակը:
-Գենացվալե հայ եղբայր, ձեր ազգի կենացը, Արամյանցի հիշատակի կենացը, թող նրա նմանները շատ լինեն, թող սարքեն ու շենացնեն…
-Չէ, կանգ առ. Գիվի, կանգ առ: Արամյանցի նմանները թող շատ լինեն, բայց ամեն մարդ թող իր երկիրը շենացնի, ամեն մարդ թող իր տունը սարքի: Հերիք է, ինչքան ուրիշներինը սարքել ենք: Տեսնում ես` Թիֆլիսն էլ սարքեցին…
-Գենացվալե եղբայր, ճիշտ ես, գենացվալե…

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. 1886 թվականին այնտեղ հաշվառված էր ծուխ ` բնակչով: ՀՊՊԱ ֆ – 93, ց- 1,գ – 231
2. ՀՊՊԱ ֆ – 93, ց- 1,գ – 231
3. ՀՊՊԱ ֆ – 93, ց- 1,գ – 231

Aramyanc cover

Facebooktwittergoogle_pluslinkedin