ՄԻՀՐԴԱՏ  ԵՎՊԱՏՈՐ

Portrait of the king of Pontus Mithridates VI as Heracles. Marble, Roman imperial period (1st century)

Կան օտարազգի գործիչներ, որոնք խոր հետք են թողել ոչ միայն իրենց երկրների, այլև Հայաստանի պատմության վրա։ Նրանցից է հին աշխարհի ականավոր զորավար, Պոնտոսի արքա Միհրդատ Զ Եվպատորը՝ Տիգրան Մեծ հայոց արքայից արքայի դաշնակիցն ու աները․․․

Պոնտոսի թագավորությունն ընդգրկում էր Սև ծովի հարավային և հյուսիսային ափերը՝ Ղրիմով հանդերձ։ Պետության մայրաքաղաքը Սինոպ քաղաքն էր, որտեղ էլ ծնվել է Միհրդատը։ Պոնտոսի բնակչության կազմը խառն էր՝ հույներ, հայեր, պարսիկներ, ասորիներ, փոքրասիական ժողովուրդներ։

Մթա 121 թվականին, 11 տարեկան հասակում, Պոնտոսի թագավորության գահ է բարձրանում հին աշխարհի ամենազորեղ, ամենահանճարեղ մարդկանցից մեկը՝ Միհրդատ Զ Եվպատորը։ Հոր կողմից նա ազգությամբ պարսիկ էր, մայրը մակեդոնուհի էր։

Նա ուժեղ հիշողության տեր անձնավորություն էր։ Տիրապետում էր 22 լեզուների։ Միհրդատը դեմքով ճանաչում էր իր 100 հազարանոց բանակի յուրաքանչյուր զինվորի, գիտեր նրանց անունները, հետաքրքիր մանրամասներ նրանց կյանքից։

Միհրդատը ֆիզիկապես տոկուն էր, ամրակազմ, ուժեղ։ Նրան այդպես կյանքն էր կոփել։

Միհրդատ Եվպատորը որդին էր Պոնտոսի թագավոր Միհրդատ Ե և Լեոդիսիա թագուհու։ Միհրդատ Ե սպանվեց իր կնոջ կազմակերպած դավի արդյունքում։ Կինը սելևկյան Անտիոքոս Դ Եպիփանես արքայի դուստրն էր։ Միհրդատ Ե մահից հետո քանի, որ արքայազնն անչափահաս էր, պետության կառավարումն անցավ թագուհուն։ Սակայն նա չէր սիրում թագաժառանգ Միհրդատին և փորձեց նրան թունավորելով սպանել, որպեսզի գահը հանձնի  կրտսեր որդուն՝ Միհրդատ Խրեստուսին։

Միհրդատ Եվպատորը հազիվ է փրկվում մահից ու փախչում է պալատից։ Նա երկար յոթ տարիներ թափառական կյանք վարեց՝ և ի վերջո հաստատվեց Փոքր Հայքում, ուր լավ ընդունելություն գտավ արքունիքում։ Նա Հայաստանում սովորեց լեզուներ, գիտություններ, զինավարժություն։ Քանի, որ մայրը նրան փորձել էր սպանել թույնի միջոցով, միշտ վախենալով թունավորվելուց՝ Միհրդատն իր օրգանիզմը վարժեցրել էր և անգամ ամենաթունդ թույնը նրա վրա չէր ազդում։

Մթա 111 թվականին նա վերադարձավ, գահընկեց արեց մորն ու եղբորը, երկուսին էլ բանտ նետեց ու այնտեղ սպանեց, ապա հանդիսավոր թաղում կազմակերպեց նրանց պատվին։ Միհրդատը գահ բարձրանալով՝ ամուսնանալով իր Լաոդիկա քրոջ հետ։

Հետագայում նա բաժանվեց Լաոդիկայից, քանզի վերջինս պարբերաբար դավաճանում էր Միհրդատին, երեք տարբեր տղամարդկանց հետ։ Արքան իմացավ, որ որ Լաոդիկան իր սիրեկանների հետ ցանկանում է թունավորելով սպանել իրեն։ Բայց քանի, որ իր օրգանիզմը սովոր էր թույներին, նա բոլորի աչքի առաջ հանգիստ կերավ մատուցված ուտեստը, ապա ստիպեց այն ուտել Լաոդիկային ու իր սիրեկաններին։ Բոլորը մահացան, բացի Միհրդատից։

Միհրդատն ատում էր հռոմեացիներին և երդվել էր կործանել Հռոմը։ Գահ բարձրանալով, նա հայտարարեց Հռոմի դեմ թշնամանքի մասին ու փորձեց իրականացնել իր նպատակը։

Նա նախ գրավեց Փոքր Հայքն ու Կողքիսը, ապա նավատորմ ուղարկելով հյուսիս՝ գրավեց Ղրիմը։

Միհրդատը դաշինք կապեց Բութանիայի արքա Նիկոմիդեսի հետ և օգտվելով առիթից, որ Հռոմը պատերազմում է արևմուտքում՝ նրանք ներխուժեցին Պափլոգոնիա և միմյանց միջև բաժանեցին այն։ Ապա Միհրդատը գրավեց Գալաթիան և ներխուժեց Կապադովկիա։ Կապադովկիայի թագուհին հենց Միհրդատի քույրն էր՝ Լեոդիսիան, ով ամուսնացել էր Արիարատես Զ արքայի հետ։ Չկարողանալով գրավել Կապադովկիան, Միհրդատը կազմակերպեց իր փեսայի՝ Արիարատեսի սպանությունը, և իր քույր Լեոդիսիան այնտեղ կառավարեց որպես որդիների խնամակալ։ Այսպիսով Կապադովկիան ժամանակավորապես անցավ Պոնտոսի ազդեցության տակ։

Սակայն դա երկար չտևեց։ Շուտով Միհրդատի քույրն ամուսնացավ Բութանիայի արքա Նիկոմեդոս Գ հետ, իսկ Կապադովկիայում Միհրդատը թագավոր կարգեց իր ութնամյա որդուն՝ Արիարատես Թ։ Բայց Կապադովկիան Հռոմի դրդմամբ ապստամբեց և Միհրդատի զորքին դուրս մղեց երկրից։

Մ․թ․ա․ 94 թվականին Միհրդատը դաշինք առաջարկեց Մեծ Հայքի արքա Տիգրան Բ։ Դաշինքն ամրապնդվեց Միհրդատի դստեր՝ Կլեոպատրայի և հայոց արքայի ամուսնությամբ։ Դաշնակիցներն իրար մեջ բաժանեցին ապագա նվաճումների տարածքներն ու մ․թ․ա․ 94 թվականին հայկական բանակը մտավ Կապադովկիա։ Տիգրանը հարուստ ավար ու երեք հարյուր հազար ռազմագերի վերցրեց, իսկ երկրամասը հանձնեց իր աներոջը՝ Միհրդատին։

Ապա Միհրդատը Հռոմից նվաճում է Բութանիան և գահընկեց անում իր փեսային՝ Նիկոմեդեսին։

Մ․թ․ա․ 90 թվականին սկսվեց Առաջին Միհրդատյան պատերազմը։ Հռոմեացիները զորքով մտան Կապադովկիա, , ապա այնտեղից հարձակվեցին Պոնտոսի վրա։ Իր հերթին Միհրդատը ներխուժեց Կապադովկիա։

Պատերազմում Միհրդատն ուներ զգալի առավելություն, ինչը վստահություն էր հաղորդում նրան։ Մասնավորապես, պոնտացին իր հրամանի տակ ուներ 250 հազար հետևակ, 40 հազար այրուձի, Փոքր Հայքի 10 հազար ընտիր այրուձին։ Միհրդատն ուներ նաև 130 մարտակառքեր, 400 նավեր։

Հռոմն այդ պատկառելի ուժի դեմ հանել էր 120 հազար հետևակ, 12 հազար հեծյալ և Բյութանիայի թագավորությունից օգնություն ստացած ևս 50 հազար հետրևակային և 6000 հեծելազոր։

Մ․թ․ա․ 89 թվականին Միհրդատը հաղթարշավով ներխուժեց Բութանիա և հռոմեական Ասիա պրովինցիա՝ գրավելով այն։ Նա հրամայեց մեկ գիշերվա մեջ կոտորել 80 հազար հռոմեացիների, որով Հռոմին հայտարարեց իր հավակնոտ ծրագրերի մասին։ Միհրդատը դաժանորեն պատժում էր թշնամիներին և դավաճաններին։

Մասնավորապես, Մանիուս Ակվիլիուսին արծաթասիրության համար պատժեց՝ նախ ձիուն թարս նստեցրած ողջ Ասիան իր բանակի հետևից շրջագայեց, ապա՝ հրամայեց նրա կոկորդը հալած ոսկի լցնել․․․

Միհրդատի հրամանով սպանվեցին իր դեմ ապստամբած որդիները՝ Արիարաթն ու Քսիֆարը։ Հետագայում, նրա դեմ ապստամբեցին նաև Մախար ու Փառնակ որդիները։

Մ․թ․ա․ 88 թվականին պոնտական բանակը ներխուժեց Հունաստան։ Խոշոր պոլիսները, այդ թվում՝ Աթենքն ու Սպարտան, դաշնակցեցին Միհրդատին։ Հունական քաղաքներն ազատ հռչակվեցին ու 5 տարով ազատվեցին ամեն տեսակ հարկերից։

Հռոմից Հունաստան ժամանեց զորավար Լուցիուս Կոռնելիուս Սուլլան։ Մ․թ․ա․ 86 թվականին նա գրավեց Աթենքը։ Բայց Հունաստանը գրավել չկարողացավ։ Իր կողմից, Միհրդատը մեծ բանակ ուղարկեց Թրակիայով Հունաստան, որդու՝ Արկաթիոսի հրամատանարությամբ։ Սակայն Սուլլային հաջողվեց բեկել պատերազմի ընթացքը։ Քերոնիայի ճակատամարտում Միհրդատի բանակը ծանր պարտություն կրեց։  Սուլլան  կարողացավ Միհրդատի զորքերից մաքրել Հունաստանը և պատերազմը տեղափոխել Փոքր Ասիա։ Միհրդատի պարտության պատճառներից մեկն էլ այն էր, որ նա հունական պոլիսների նկատմամբ փոխեց վերաբերմունքն ու սկսեց կոշտ քաղաքականություն վարել՝ ծանրացնելով հարկային բեռն ու հաճախ զորահավաքներ կազմակերպելով։ Մ․թ․ա․ 85 թվականին Դարգանոս քաղաքում Միհրդատ Եվպատորը հաշտություն կնքեց Սուլլայի հետ․ Պոնտացին հրաժարվեց Կապադովկիայից, Բութանիայից, Ասիա պրովինցիայից և Հռոմին վճարեց 3000 տաղանդ ռազմատուգանք։ Միհրդատը հռչակվեց Հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ։

Քիչ անց, Միհրդատը Սուլլայից պահանջեց գրավոր վավերացնել Դարգանոսի բանավոր հաշտությունը, վերջինս հրաժարվեց դա անել։ Սուլլայի մահից հետո Հռոմի սենատն էլ հրաժարվեց պայմանագիր կնքել Միհրդատի հետ։

Այդ պատճառով այս հաշտությունը երկար չտևեց և մ․թ․ա․ 83 թվականին սկսվեց Երկրորդ Միհրդատյան պատերազմը։ Սակայն սա էական ոչինչ չտվեց կողմերին։

Ճակատագրական եղավ Միհրդատյան Երրորդ պատերազմը։  Միհրդատը հսկայական բանակ էր ստեղծել՝ կազմված 140 հազար հետևակից, 17000 հեծյալներից և 400 նավերից։

Պատերազմի առիթ դարձավ այն, որ Բյութանիայի թագավոր Նիկոմեդեսը Հռոմի ստիպմամբ իր թագավորությունը մահից հետո կտակել էր Հռոմին։ Դա բնավ Միհրդատի շահերից չէր բխում և նա Նիկոմեդոսի մահից հետո անմիջապես անցավ նրա որդու «շահերի պաշտպանությանը»։

Մ․թ․ա․ 75 թվականին Բյութանիային տիրելու համար Միհրդատի զորքերը հարձակման անցան։ Սկսվեց ծանր, փոփոխական հաջողություններով պատերազմ։ Հռոմեական զորավար Լուկուլլոսը կարողացավ Միհրդատին մի քանի ծանր պարտության մատնել։ Միհրդատն այս պատերազմում ակնկալում էր Մեծ Հայքի տիրակալ Տիգրան Մեծի գործուն աջակցությունը, սակայն Տիգրանը հապաղեց։ Պոնտեսի տիրակալն ստիպված էր անցնել Փոքր Հայք, իսկ այն բանից հետո, երբ իր որդին, Ղրիմի տիրակալ Մաչանեսը դավաճանեց հորն ու դաշինք կնքեց Հռոմի հետ՝ Միհրդատն ստիպված ապաստանեց Հայաստանում։

Լուկուլլոսը հայոց արքայից պահանջեց իրեն հանձնել Միհրդատին, բայց Տիգրանը մերժեց։ Այնժամ Լուկուլլոսի զորքերը ներխուժեցին Հայաստան։ Հռոմեացիները գրավեցին Հայաստանի մայրաքաղաքը, բայց մ․թ․ա․ 68 թվականին Տիգրանը Միհրդատի օգնությամբ հաղթեց Լուկուլլոսին ու վտարեց Հայաստանից։ Ապա Տիգրանը հայկական զորքով մտավ  Կապադովկիա, իսկ Միհրդատը դարձյալ հայկական զորքով, Զելայի մոտ ջարդեց հռոմեական բանակին ու մտավ Պոնտոս։ Այս ճակատամարտում Միհրդատին դավադրաբար, ծանր վիրավորեց նրա հռոմեացի ստրուկը։

Հռոմը պարտված Լուկուլլոսի փոխարեն, Արևելքում զորավար նշանակեց Գնեոս Պոմպեոս Մեծին։ Միհրդատը հասկանալով, որ ուժերն անբավարար են պատերազմը շարունակելու համար, դեսպաններ ուղարկեց Պոմպեոսի մոտ՝ հաշտություն խնդրելով։ Սակայն վերջինս անվերապահ անձնատվություն պահանջեց։ Պատերազմը վերսկսեց, բայց այն անփառունակ վախճան ունեցավ թե՛ Միհրդատի, թե՛ Տիգրանի համար։

Պոմպեոսը կարողացավ ծնկի բերել թե՛ Տիգրան Մեծին, թե՛ Միհրդատ Եվպատորին։ Վերջինս փախավ Ղրիմ, սակայն այստեղ նրան դավաճանեց որդին՝ Փառնակը։

Կյանքի մայրամուտին Միհրդատը զրկվեց փեսայի՝ Տիգրան Մեծի աջակցությունից։ Վերջինս կասկածում էր, որ իր որդուն՝ Տիգրան Կրտսերին իր դեմ ապստամբության է դրդել հենց պապը՝ Միհրդատը։ Եվ երբ Միհրդատը դարձյալ ցանկացավ Հայաստան մտնել, Տիգրանը նրա գլխի համար 100 տաղանդ պարգևավճար սահմանեց։

Մ․թ․ա․ 63 թվականին, միայնակ ու թշվառ վիճակում նա ինքնասպան եղավ՝ չցանկանալով գերվել որդու կողմից։ Նա միայնակ էր մնացել։ Նախ սպանեց իր կանանոցը և դուստրերին, որպեսզի թշնամու ձեռքը չընկնեն, ապա ուժեղ թույն ընդունեց։ Սակայն օրգանիզմը սովոր էր թույների և դա չազդեց։ Այնժամ, Միհրդատի հրամնով նրան սրով սպանեց իր հավատարիմ կելտ ծառան։

Միհրդատն արվեստների սիրահար էր և հովանավոր։ Նա իր արքունիքում էր հավաքել ժամանակի լավագույն արվեստագետներին ու արվեստի գործերը։

Պոնտացին վեց կին ուներ։ Առաջինը քույրն էր՝ Լաոդիկան, որը Միհրդատին 4 որդի և երկու դուստր պարգևեց։ Նրանցից մեկն էր հայոց թագուհի Կլեոպատրան։ Երկրորդ կինը մակեդոնուհի էր, ով Միհրդատին դուստր պարգևեց՝ Մոնիման, որը հետո դարձավ Կապադովկիայի Արիոբարզան Բ արքայի կինը։

Երրորդ կինը՝ Բերենիկան, որն ազգությամբ հույն էր, զավակ չի պարգևել Միհրդատին։ Չորրորդ կինն էլ հույն էր՝ Ստրատոնիկան։ Նա որդի ծնեց՝ Քսիֆարին, որը հետագայում սպանվեց Միհրդատի հրամանով։

Միհրդատի հինգերորդ կինը շուտ է մահացել։ Անունն անհայտ է։ Իսկ վերջին կինը դարձյալ հույն էր՝ Գիպսիկրատիան։

Միհրդատը նաև բազում սիրելի հարճեր ուներ։ Նրա ամենասիրելի հարճը Ադոբոգիոնան էր՝ ազգությամբ կելտ։ Նա Միհրդատին պարգևեց երկու զավակ՝ տղա և աղջիկ, որոնք անվանակոչվել են հենց ծնողների անունով։

Մյուս հարճերից Միհրդատն ուներ Կյուրոս, Քսերքսես, Դարեհ, Արիարաթ, Արտաֆերն, Օկսատր, Ֆենիկս, Էկսիպոդրաս որդիներին և Նիսա, Եվպատրա, Կլեոպատրա, Միհրդատուհի, Օրսաբարիսսա դուստրերին։ Նրանց մի մասին Միհրդատն իր մահից առաջ անձամբ սպանեց։

 

 

Վահե Լոռենց

 

Facebooktwitterlinkedin