ՄԵԼԻՔՍԵԴԵԿ  ԿԱԹՈՂԻԿՈՍ

Հայաստանյան իրականության մեջ ցավոք, քիչ չեն եղել գործիչները, որոնք իրենց բարոյական նկարագրով արատավորել են հայության և Հայաստանի անունը։

Բարոյազուրկ ու ապականված այդ գործիչներից է ամենայն հայոց Մելիքսեդեկ Գառնեցի կաթողիկոսը։

1590-1629 թվականներին, ամենայն հայոց կաթողիկոսն էր Դավիթ Դ Վաղարշապատցին։ Նա էլ իր նախորդների պես ընչաքաղց էր և ամեն կերպ ձգտում էր կողոպուտի ու կեղեքումի միջոցով հարստություն դիզել։ Դավիթ Վաղարշապատցին կարճ ժամանակում պարտքերի մեջ գցեց վանքը։ Որպեսզի կարողանա դուրս գալ տնտեսական նեղ վիճակից՝ Դավիթ Դ Մելիքսեդեկ Գառնեցի եպիսկոպոսին աթոռակից դարձրեց՝ իհարկե, որոշակի գումարի դիմաց և ամենամսյա գումար վճարելու պարտադրանքով։

Մելիքսեդեկը բարեկեցիկ հայ ընտանիքից էր, մեծահարուստ, բայց, Դավիթից շատ ավելի ագահ ու ընչաքաղց։ 1593 թվականին, Մելիքսեդեկն աթոռակից օծվեց Դավիթ Դ Վաղարշապատցուն։ Մինչ կաթողիկոս դառնալը, Մելիքսեդեկն Աղջոց վանքի վանատերն էր։

Երբ Շահ Աբասը 1603 թվականին գրավեց Հայաստանը, հայոց կաթողիկոսներից պահանջեց իրեն հանձնել այն հարկերը, որն Էջմիածինը պարտք էր մնացել թուրքերին։ Բազում թուրքեր փախուստից առաջ իրենց գույքն ու գանձերը պահ էին տվել Էջմիածնին։ Կաթողիկոսները շահին հանձնեցին այդ ամենը։

Պարսկաստան գնալով՝ Շահ Աբասն իր հետ Սպահան տարավ Դավիթ Դ Վաղարշապատցուն և Էջմիածնի կառավարումն ամբողջովին անցավ Մելիքսեդեկին։

Սա էլ արագ հայտնվեց մեծ պարտքերի մեջ և պարտապաններից խույս տալու համար, ամենուր թաքնվում էր։ Նա տեղից տեղ էր տեղափոխվում միայն գիշերները։

Ի վերջո, Էջմիածնի վանքի պարտքերը մարելու համար, Դավիթն ու Մելիքսեդեկը որոշեցին կաթողիկոս դարձնել նաև Սրապիոն վարդապետին՝ գումարի դիմաց։ 1602 թվականին նրանք Ջուղա հրավիրեցին Սրապիոնին և տանելով Էջմիածին՝ կաթողիկոս օծեցին։ Այսպիսով, այս ժամանակամիջոցում միաժամանակ վեց կաթողիկոսներ կային, որոնցից երեքն Արարատյան աշխարհում, մեկն Աղթամարում, մեկն Ադանայում, մյուսը՝ Սիսում։

Սրապիոնն էլ սկսեց կեղեքել հայությանը, ցանկանալով մարել Էջմիածնի վանքի,  Դավիթի ու Մելիքսեդեկի պարտքերը։

Երբ շահը Դավիթից ու Մելիքսեդեկից պահանջեց պարտքը, նրանք պարտքի մարումը գցեցին Սրապիոնի վրա։ Ապա մի կրոնավորի շահի զինվորների հետ ուղարկեցին Սրապիոնի մոտ։ Նրանք Ջուղայում բռնեցին Սրապիոնին, բանտարկեցին և շատ գանձեր էին պահանջում։ Սրապիոնը տվեց, որքան կարող էր։ Սակայն նրանք շատ ավելին պահանջեցին և Սրապիոնին ծեծի ու կտտանքների ենթարկեցին։ Մասնավորապես, Ջուղայի կենտրոնում նրան ոտքերից կախեցին և օրեր շարունակ սաստիկ բրածեծ արեցին։

Սրապիոնն իր մտերիմների միջոցով հավաքեց անհրաժեշտ գանձերը, փրկագին վճարեց ու գնալով իր հայրենի Ուռհա քաղաք՝ մահացավ երկու տարի անց։

Իսկ Մելիքսեդեկ կաթողիկոսն այս ընթացքում ամեն կերպ հարստանալու մոլուցքով տարված՝ միջոցների մեջ խտրականություն չէր դնում։ Նա անգամ սրբապղծություններ էր գործում։ Մասնավորապես, կաշառք վերցնելով Հիսուսյան աղանդավորներից, թույլ տվեց, որ նրանք մտնեն Հռիփսիմյաց կույսերի վկայարանն ու հափշտակեն նշխարները։

Նա գումար էր վաստակում, ինչպես կարող էր՝ վաճառում էր սրբությունները, նշխարները, վաճառում էր պաշտոնները, ապօրինի պսակ էր անում, բազմակնություն էր թույլատրում, ապօրինի ամուսնալուծում էր․․․

Ժամանակակից պատմիչ Առաքել Դավրիժեցին 1604 թվականի արհավիրքը՝ Շահ Աբասի իրականացրած գաղթի մեղավորներին համարում է հենց Դավիթ և Մելիքսեդեկ կաթողիկոսներին։

Պատմիչի հավաստմամբ՝ չկարողանալով ազատվել պարտքերից և օսմանցիների հետապնդումներից՝ Մելիքսեդեկ և Դավիթ կաթողիկոսները դիվային միտք հղացան։ Նրանք Սպահան գնացին և Շահ Աբասին համոզեցին գրավել Հայաստանն ու հայերին այնտեղից Պարսկաստան տեղափոխել՝ որպեսզի այս միջոցով ազատվեն օսմանցիների պարտքերից։

Շահ Աբասի ծրագրերի մեջ էր մտնում Արևելյան Հայաստանի ամբողջական գրավումը։ Նա կաթողիկոսներից մանրամասն տեղեկացավ վիճակի մասին ու պատրաստվեց մեծ պատերազմի։

«Խորհուրդ արին, բայց ոչ տիրոջ միջոցով, ըստ գրվածի, ի կորուստ իրենց և ի կործանում և տապալում երկրի, ի բնավ ջնջում իրենց ազգի, քանզի որոշեցին իրենց միջև արված հաստատությամբ. Որպեսզի գնան Սպահան պարսից թագավորի մոտ»: Ապա նաև Մելքիսեթի մասին գրում է.«Շահին բերեց հայոց աշխարհը, ամբողջ երկիրը ավերեց, ծագեծագ անմարդաբնակ դարձրեց»:

«Երբ շահը այդ լսեց և հասկացավ հոգով ցնծաց, մտքով ուրախացավ, մարմնով զվարթացավ, որովհետև այդ օրը նրա ուրախությունը ավելի մեծ եղավ, քան իր ամբողջ կյանքի ընթացքում էր եղել….նրանց մտերիմ ցույց տվեց, մինչև որ նրանց սրտերի բոլոր գաղտնիքները դուրս քաշեց, նրանց երկրների վերուդիր և իշխանավոր անձանց իմացավ: Եվ երբ իմացավ, որ իրոք նրանց սրտինը այն է, ինչ որ բերանով խոսում են, հրաման տվեց իր զորավարներին զորքը պատրաստել մեկնելու համար»:

Արդյունքում՝ Արարատյան երկրից Պարսկաստան քշվեցին ավելի, քան 300 հազար հայեր։

Դավթի ու Մելիքսեդեկի միջև հարաբերությունները թշնամական էին։ Իրավունքով առաջնությունը Դավիթինն էր, բայց Մելիքսեդեկը ձգտում էր խլել առաջնությունը։ Դավիթ կաթողիկոսը գնաց Սպահան, շահի մոտ և ամբաստանեց Մելիքսեդեկին։ Շահը վերջինիս շղթյակապ իր մոտ բերել տվեց, զրկեց կաթողիկոսական աթոռից և կարգադրեց չհեռանալ մայրաքաղաքից՝ կաթողիկոսական գործերը հանձնելով Դավթին։ Իր հերթին, Երևանի Ամիրգունա խանը պաշտպանում էր Մելիքսեդեկին, քանզի նա իրեն շատ ավելին էր վճարում, քան Դավիթ կաթողիկոսը։

Շահը շրջում էր Հայաստանում, Երևանից Վայք, ապա Նախիջևան, և նրա հետևից տանում էին շղթայակապ Մելիքսեդեկին։ Ի վերջո, Մելիքսեդեկը կարողացավ համոզել շահին, որ վերականգնվի իր կաթողիկոսական իրավունքները, դրա դիմաց շահին խոստանալով հսկայական՝ 300 թուման կաշառք։

Ազատ արձակված Մելիքսեդեկը շրջեց նախ Թիֆլիս, ապա՝ Թավրիզ և Սպահան քաղաքներով՝ գումար հանգանակելու և շահի պարտքը մարելու նպատակով։ Սակայն հայությունը բարեհաճությամբ գումար չէր տալիս, քանզի Մելիքսեդեկն անպատիվ էր ու վատահամբավ։ Կաթողիկոսին շրջագայության ժամանակ ուղեկցում էր մեծ շքախումբ՝ կազմված հոգևորականներից, շահի զինվորներից ու պալատականներից, որոնք ուղեկցում էին՝ պարտքը տեղում գանձելու համար։

Այս շքախմբի ողջ ծախսը, զեխությունների, ապրուստի համար վճարում էր ժողովուրդը։ Իսկ շքախումբն ամենևին էլ համեստ ու ժուժկալ չէր ապրում։ Մի խոսքով՝ կաթողիկոսի շքախումբն ամենուր կեղեքում էր ժողովրդին։ Կաթողիկոսն ինքն էր շահի մարդկանց ձեռքը մատնում բազում հայերի՝ աշխարհիկ թե հոգևոր, որպեսզի զինվորները գումար կորզեն նրանցից։ Սակայն, հավաքված ողջ գումարը հազիվ բավականացնում էր կաթողիկոսի շքախմբի ընչաքաղցությունն ու ագահությանը հագուրտ տալուն։ Կաթողիկոսի պարտքերը ոչ միայն չպակասեցին, այլև՝ աճեցին։

Կաթողիկոսն սկսեց կողոպտել հայոց վանքերը, վաճառքի հանել սրբազան մասունքները, եկեղեցական պաշտոնները․․․ Մասնավորապես, Մելիքսեդեկը մահմեդականների մոտ գրավադրեց Արիստակես Պարթև կաթողիկոսի աջը, Աղջոց վանքում պահվող Սուրբ Ստեփանոսի աջը, այլ մասունքներ։

Գումար հայթայթելու նպատակով Մելիքսեդեկ կաթողիկոսը հայացքը հառեց Մովսես Խոտանացի վարդապետին։ Վերջինս ազգանվեր գործիչ էր և մեծ հեղինակություն էր վայելում թե՛ հայերի, թե՛ պարսիկների շրջանում։ Մովսես Խոտանացին Երևանում էր բնակվում, Կոզեռն թաղամասի եկեղեցու վանատերն էր։ Նա մի քանի դպրոցներ էր բացել Արարատյան աշխարհում և վայելում էր բոլորի սերն ու համակրանքը։

Մելիքսեդեկն առաջարկեց Մովսես վարդապետին՝ գումարի դիմաց կաթողիկոս օծվել։ Սակայն Մովսեսը հրաժարվեց։ Այնժամ, կաթողիկոսը դիմեց խարդախության։ Փող հավաքելու նպատակով, որպեսզի շատ մարդիկ հավաքվեն Էջմիածնում, նա հայտարարեց, թե մյուռոնօրհնեքի արարողության ժամանակ ներկա է լինելու Մովսես վարդապետը։ Վերջինս առարկեց, ասելով, թե այդ արարողությանը կարող է ներկա լինել միայն եպիսկոպոսաց դասը։ Բայց բարձրաստիճան հոգևորականները համոզեցին նրան և եպիսկոպոս օծեցին։ Իսկ մյուռոնօրհնեքի ժամանակ կաթողիկոսն օգտվելով Մովսեսի հեղինակությունից ու ներկայությունից՝ հանգանակության կոչ հնչեցրեց։

Մովսես վարդապետը երբ ընդդիմացավ կաթողիկոսին, վերջինս փակել տվեց նրա բացած բոլոր դպրոցներն ու հալածանքներ սկսեց Խոտանացու դեմ։ Մելիքսեդեկը կեղծ պարտամուրհակ պատրաստել տվեց Մովսես Խոտանացու անունով։ Վերջինս իհարկե, հրաժարվեց վճարել, բայց ամբողջ երեք տարի ստիպված էր խանական պալատում դատարանի միջոցով վիճարկել այդ մուրհակը։ Ի վերջո՝ դա հաջողվեց անել։

Մելիքսեդեկը աթոռակից կաթողիկոս օծեց իր եղբորորդուն՝ Սահակին։ Նա խնդրեց Ամիրգունա խանին, հաստատել Սահակին կաթողիկոսական աթոռին և միջնորդել, որ շահը նույնպես հաստատի։ Սահակը խոստացել էր հորեղբորը, որ կօգնի դրամ հայթայթելու և պարտքերը մարելու գործում։ Սակայն կաթողիկոս դառնալով՝ նա հորեղբոր պես, միայն կեղեքում էր ժողովրդին։

Շահի հետապնդումներից խույս տալու համար, Մելիքսեդեկը որոշեց փախչել։ Նա նախ անցավ Կարին, ուր տեղի հայությունը սառն ընդունելություն ցույց տվեց։ Ապա անցավ Պոլիս, սակայն այստեղ էլ նրան չընդունեցին։ Ի վերջո՝ Մելիքսեդեկ կաթողիկոսն անցավ Լեհաստան՝ Իլով (Լվով) հայաքաղաք։

Լեհաստանի հայոց գաղութն այն տարիներին ամենամեծն ու ամենահարուստն էր ողջ Եվրոպայում։ Լեհահայերի թիվը մի քանի հարյուր հազարի էր հասնում։ Նրանք Լեհաստանում ունեին ներքին լայն ինքնավարություն, հարուստ վաճառականներ էին, արդյունահանողներ, գիտնականներ․․․ Եվ լեհերից հետո իրենց տեսակարար կշռով ու ազդեցությամբ երկրորդն էին երկրում։

Լեհահայերը ցնծությամբ դիմավորեցին կաթողիկոսին։ Սակայն, նա այստեղ մեծ գումարի՝ 150 ղուռուշի դիմաց լեհահայերի առաջնորդ կարգեց 22 ամյա մի վաճառականի՝ Նիկոլ Թորոսովիչին, պայման կապելով նրա հետ, որ պետք է լեհահայոց վրա ավելացնի հարկերն ու ամեն տարի կլոր գումար վճարի կաթողիկոսին։ Գործարքը կայացավ։

Լեհահայերն ընդվզվեցին Նիկոլի դեմ։ Վերջինս հարկերը գանձելու խնդրանքով դիմեց ճիզվիտների օգնությանը՝ խոստանալով, որ օգնության դիմաց կաթոլիկություն կընդունի։ Հայությունը շրջափակեց Իլով քաղաքի Մայր եկեղեցին, թույլ չտալով Նիկոլի մուտքն այնտեղ։ Սակայն ճիզվիտները զինվորների օգնությամբ բացեցին եկեղեցու դուռը։

Նիկոլը կաթոլիկություն ընդունեց և տուգանք նշանակեց այն հայերի նկատմամբ, ովքեր չէին ցանկանում կաթոլիկություն ընդունել։ Ճիզվիտների օգնությամբ նա կարողացավ ճնշումներ գործադրել և հաջողության հասնել։

Հետագայում, Նիկոլ Թորոսովիչը ներողություն խնդրեց Պոլսում գտնվող Փիլիպոս կաթողիկոսից։ Վերջինս ,,մեծահոգաբար ներեց,, նրան։ Որից հետո Նիկոլը Իլով քաղաքում կաթողլիկ դպրոց բացեց՝ հայությանը լատին հոգով կրթելու համար։  Նիլոլի կիսատ գործը վերջանականապես ավարտին հասցրեց իր աշակերտը՝ կրոնավոր Վարդան Հունանյանը։ Նա 1689 թվականին հրապարակեց լեհահայերի վերջնական միությունը Վատիկանի հետ։ Այսպիսով, Մելիքսեդեկի անմիջական ջանքերով լեհահայոց հարուստ ու ստվարաթիվ գաղութն ուրծացավ ու ձուլվեց լեհերին։

Կաթողիկոսը այդ դեպքերից հետո երկար չապրեց․ իր մեղավոր հոգին ավանդեց  օտարության մեջ․․․

Լեոն Մելիքսեդեկ կաթողիկոսի մասին գրել է. «Այսպիսով հեռացավ մի բարձրաստիճան եկեղեցական հանցագործ, որը հայ հոգևորականության անկման ամենաբարձր խտացումն էր ներկայացնում ու մարդկային ցած կրքերի զոհ էր բերում ամբողջ հայ ժողովրդի դարավոր աշխատանքի պտուղը…»:

Վահէ Լոռենց

 

Facebooktwitterlinkedin