ՄԱՅԻՍԻ 9-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ

Մայիսի 9 առանձնահատուկ է հայության համար։ Եվ իրավ, մեր պապերը կռվել են ու ԽՍՀՄ կազմում հաղթել են Հայրենական պատերազմում, իսկ մեր հայրերն ու եղբայրներն իրենց մաքառումով Շուշին ազատագրեցին։

Սակայն ցավոք, այս տոներից յուրաքանչյուրն իր խորհրդին համապատասխան իր տեղը չի գրավել մեր արժեհամակարգում։

Շուշիի փառապանծ հաղթանակը վերջին հարյուրամյակի մեր ամենամեծ ձեռքբերումն էր։ Շուշի՛ն հաղթանակի դուռ բացեց Արցախյան ազատամարտի հաղթական ավարտի համար։

Բայց․․․ արդյո՞ք մենք անկեղծ ենք, արդյո՞ք հավուր պատշաճի փառաբանում ենք ու խնկարում մեր հերոսներին։

Այսօր երբ նայում եմ ՀՀ ազգային հերոսների ցանկը, ներեցեք անկեղծությանս համար, նողկանք եմ ապրում։ Արժանիների կողքին այնպիսի անուններ, որ ամոթի զգացում են առաջացնում։

Առանձին ,,հերոսների,, մասին շատ եմ գրել, այսօր կխոսեմ երևույթի մասին։ Նախ, լումայի արժեք չունի այս ամենը, այս տոնակատարությունները, քանի դեռ ՀՀ Ազգային հերոսի կոչում չունի Շուշիի հաղթանակի կերտողը՝ Կոմանդոսը։

Այս առումով հանցապարտ են թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները։

Օրեր առաջ մի ռուս ղանջղի անունը կրող գեղասահքի մարզադպրոցն անվանափոխվեց, քանի որ նա մասնակցել էր Բաքվում հակահայ հավաքին։ Իսկ որ ՀՀ Ազգային հերոս (ո՞ր լավ բանի համար) Նիկոլայ Ռիժկովը 2-3 տարի առաջ հայտարարեց, թե Արցախն Ադրբեջանի մաս է՝ թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները դեռ համապատասխան արձագանքի չեն արժանացրել․․․

Քծնանք, քծնանք․․․

Այս ամենն անարժեք է, քանի դեռ հաղթանակ կերտած ազատամարտիկը դեղի ու հացի փող չունի, նրա զավակն ուսման վարձի գումար չունի։ Քանի դեռ ՀՀ Ազգային Ժողովում ․․մոռանում,, են շնորհավորել տոնը․․․ Երկար կարող եմ գրել այս մասին, բայց կրկին անդրադառնամ Ազգային Հերոս երևույթին։

Մենք այսօր նվաստացնում ենք մեր արժեքները՝ Արցախի Հերոս կոչումով։ Ստացվում է՝ փառապանծ մի հրամանատար Արցախում հերոս է, արտոնյալ, իսկ երբ անցնում է Բերձորի անցակետը՝ դառնում է սովորական ՀՀ քաղաքացի՞։

Սա ծաղր է, հարգելիներս։

Չկա՛ Արցախի Ազգային հերոս։ Չկա ՀՀ Ազգային Հերոս։ Կա Հայո՛ց ազգային հերոս։

Իսկ Կոմանդոսը․․․ խոնարհումս Քեզ, քա՛ջ ու խելացի, աննկուն հրամանատար։ Դու ինձ համար հերոսների հերոսն ես։

Անարժեք են այս կենացները, հրավառությունները․․․ քանի դեռ մենք մեր խղճի առաջ մաքուր չենք, քանի դեռ չենք ապտակում այն լրբի բերանին, ով հայտարարում է, թե Իրեն Արցախ պետք չէ, ով հայտարարում է, թե Արցախը Հայաստան չէ։

Անարժե՛ք է այս ամենը․․․

Հայրենական պատերազմում մեր պապերը քաջաբար կռվեցին, հերոսացան, հաղթանակ կերտեցին։ Բայց չմոռանանք, որ այդ հաղթանակը մերը չէր։ Այնքան մերը չէր, որքան որ մերը չէր օսմանյան, պարսկական, բյուզանդական բանակներում կռված ու հաղթած մեր նախնիների հաղթանակները։ Այս հաղթանակից շահեցին ռուսը, բելառուսն ու ուկրաինացին։ Թող նրա՛նք հատուկ շնորհակալ լինեն մեզ ու մեր պապերին, այլ ոչ մենք օտար լաթակտորով ,,զարդարենք,, մեր կուրծքը։

Ես չեմ կարող մոռանալ ռուս զինվորի հայաջինջ բարբարոսությունը 1915-ին, 1990-1993 թվականներին․․․․

Եթե իմ պապի քաջության ու հաղթանակի արդյունքում օտարն է շահել, սա իմ հաղթանակը չէ՛։ Սա միայն պատմություն է։

Չմոռանանք նաև, որ շուրջ 50 հազար մեր պապեր մարտնչում էին Գերմանական Ռեյխի զորքերի կազմում։ Ի դեպ, մարտնչում էին ոչ Հանուն Հիտլերի (Զա Ռոդինու, Զա Ստալինու), այլ՝ հանուն Հայրենիքի։ Մարտնչեցին ու պարտվեցին։

Եկեք պատմությանը վերաբերվենք սոսկ որպես պատմություն ու դաս՝ մերօրյա իրականությունը կերտելու համար։ Եկեք այսօրվա մեր հերոսներին խնկարենք։

Ի վերջո՝ Նա, ով տիրապետում է պատմությանը, տիրապետում է ապագային․․․

Facebooktwittergoogle_pluslinkedin