ՂԱԶԱԽՍՏԱՆ. ԱՆԱՊԱՏԻ ՈՒ ԾՈՎԻ ԱՐԱՆՔՈՒՄ

 


Գործընկերուհուս՝ Ժաննա Երանոսյանի հետ մեքենայով ուղևորվեցինք հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետ. Երեկոյան 8-ն էր: Մտավախությունս, թե վրացական սահմանը հատելիս ամբողջ ուղեբեռը կիջեցնեն մեքենայից և ստիպված կլինենք ծանր բեռը տասնյակ մետրեր քարշ տալ՝ իզուր էր. Երևի, մաքսակետի աշխատակիցներն էլ հոգնել էին ծանր աշխատանքային օրվա ընթացքում ու մեզ հեշտությամբ Բարի ճանապարհ մաղթեցին:
Թբիլիսիի օդանավակայանում էլ ամեն ինչ հեշտ էր. Ճիշտ է, մոտ 5 կգ ավել ուղեբեռ ունեինք, բայց մաքսավորներն աչք փակեցին դրա վրա ու լրացուցիչ մաքս չգանձեցին:
Դեպի ղազախական Ակտաու քաղաք թռիչքն ընդամենը 1.5 ժամ տևեց: Փոքրիկ, կարծես խարխլված օդանավը հևալով պոկվեց տեղից, արևմուտքից արևելք կտրեց Կասպից ծովն ու… վայրէջք կատարեց անապատում:
Իսկ թռիչքը… օդանավում միայն երկուսով էինք հայ. Մնացյալ ուղևորներն ադրբեջանցիներ էին: Բնականաբար, մտածել հաճելի թռիչքի մասին, ավելորդ էր…
Օդանավակայանում մեզ առաջին անակնկալն էր սպասում. Անհամբեր սպասում էինք, որ ռետինե ուղու վրա կերևան մեր իրերը, երբ մեր կողքին հայտնվեց Տանյան՝ Ժաննայի ընկերուհին: Պարզվում է, Ղազախստանում այսօր էլ հնարավոր է ,,մարդ մեջ գցելով,, գրեթե ամեն ինչ անել…
Տանյան կապուտաչյա, շիկահեր, միջին տարիքի… հայուհի է: Ժամանակին աշխատել Ղազախստանի առաջին տիկին Սառա Նազարբաևայի դպրոցում որպես ակադեմիական գծով փոխնախագահ: Ակտաու քաղաքի իշխանավորները գրեթե բոլորը ճանաչում են Տանյային, հաճախ՝ հաշվի նստում հետը, ինչում մենք առիթ ունեցանք համոզվելու…
Տանյան մեր հյուրընկալն էր: Ծնվել է Ադրբեջանի Գանձակ հայաքաղաքում, բայց մանկուց բնակվել է Ղազախստանում՝ Ալմաթիում: Վերջին տարիներին մշտական բնակության է տեղափոխվել Ակտաու քաղաք:
Տանյան օդանավակայանից իր մեքենայով մեզ առաջնորդեց իր տուն: Մինչև քաղաք, ճանապարհն անցնում էր մերկ անապատի միջով: Գիշեր էր, գրեթե ոչինչ հնարավոր չէր տեսնել: Տանյան ժամանակն օգտագործեց՝ մեզ ծանոթացնելու Ակտաու քաղաքի պատմությանը: Պարզվում է՝ այս երիտասարդ քաղաքի հիմնադրման մեջ իրենց մասնաբաժին ունեն մեր հայրենակիցները…
Մեր հյուրընկալը մեզ համար գիշերային շրջայց կազմակերպեց քաղաքում և համառոտ ներկայացրեց Ակտաուի պատմությունը:
Ակտաուն Մանգիստաու մարզի կենտրոնն է. Քաղաքն ունի ավելի, քան 200,000 բնակչություն, որի մոտ 70 տոկոսը ղազախներ են, ապա մեծամասնություն են կազմում ռուսները, ադրբեջանցիները: Քաղաքում մոտ 1500 հայ է բնակվում, որոնք աշխատում են նավթարդյունաբերության կամ շինարարության ոլորտներում:
Ակտաուն հետաքրքիր առանձնահատկություն ունի. Քաղաքի փողոցներն անվանակոչված չեն. Ողջ քաղաքը բաժանված է միկրոշրջանների, որով էլ որոշվում են հասցեները. Նրանք շատ հաճախ հեռախոսահամար են հիշեցնում. Օրինակ՝ 5-12-36. Սա նշանակում է՝ հինգերորդ միկրոշրջան, 12 շենք, 36 բնակարան…
Ակտաուն գեղեցիկ քաղաք է. Այն իրավամբ, գտնվում է ծովի և անապատի արանքում: Հաջորդ օրերին մենք բախտ ունեցանք տեսնել Կասպից ծովը փոթորկի պահին: Քաղաքում ամռանը ջերմաստիճանի սանդղակը հաճախ անցնում է 45 աստիճանը…
Կեսգիշերն անց վայելեցինք Տանյայի մոր՝ տիկին Անյայի պատրաստած համեղ տոլման ու քուն մտանք…
Հաջորդ օրը մեզ սպասվում էր հանդիպում Ակտաուի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քաղաքային ԶԱԳՍ-ի շենքում մի ընդարձակ սենյակ են վարձակալել հայերը և այնտեղ են անցկացնում հավաքույթներն ու ժողովները:
Հայ համայնքի ժողովին ներկա էին մոտ 40 հոգի. Գրեթե բոլորը՝ գործարարներ: Այստեղ պատահական հանդիպեցի բանաստեղծուհի, Հայաստանի գրողների միության անդամ Շողեր Սիրունյանին: Նա գործընկերուհու հետ Ռուսաստանից այցելել էր Ղազախստան, շրջագայելով հայաշատ քաղաքներում՝ հայկական մամուլի համար նյութեր էր հավաքում:
Ժողովի հիմնական թեման հայոց ցեղասպանության տարելիցի նշումն էր: Հայ համայնքի ջանքերով ռուս ուղղափառ եկեղեցու բակում խաչքար էր կանգնեցվել, որի օծումը պիտի կատարվեր ապրիլի 30-ին, Աստրախանից ժամանած քահանայի կողմից:
Համայնքը նախատեսել էր երթով գնալ ռուսական եկեղեցի, այնտեղ 100 հատ սև փուչիկներ օդ բաց թողնել, մոմ վառել: Սակայն քաղաքային իշխանությունների կողմից անուղղակի ակնարկել և զգուշացրել են, թե երթի անցկացումը ցանկալի չէ և առաջարկել ցեղասպանության տարելիցը նշել աննկատ, առանց աղմուկի…
Քաղաքային իշխանությունների պահանջը երկընտրանքի առաջ է կանգնեցրել համայնքին. Սակայն, ամենայնիվ, կարծիքների բախում չեղավ և քննարկման արդյունքում որոշվեց աննկատ, փոքր խմբերով այցելել ռուսական եկեղեցի…
Ցավալի է, բայց այս է իրողությունը…
Առհասարակ, իմ դիտարկումներով, նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներում հայերն առանձին անհատներ որպես, ամենն էլ ուժեղ են, կայուն, ազդեցիկ, իսկ այ, հավաքական կերպար որպես, անկայուն ենք ու թույլ, անկազմակերպ… այնքան թույլ ու անկազմակերպ, որ անգամ մեր վիշտը չենք կարող արտահայտել բացեիբաց…
Իմ այդ դիտարկմանը հայ համայնքի ներկայացուցիչները պարզաբանեցին, թե Ղազախստանը մահմեդական երկիր է և այստեղ ամեն ինչ այլ է: Դարձյալ հին հայկական ցավը. Ամեն ինչ պայմանավորել կրոնով: Իհարկե, համաձայնվել չեմ կարող. Նախ, Ղազախստանը աշխարհիկ պետություն է, ապա՝ ամբողջ արևելքի մահմեդական երկրներում ունենք լավ կազմակերպված հայկական համայնքներ…
Ես առաջարկեցի ռուսական եկեղեցի գնալու փոխարեն մի սրահում եղեռնի թեմատիկ նկարներ փակցնել, ընդունելություն կազմակերպել և հրավիրել քաղաքի մտավորականներին, ղազախների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, քաղաքային և մարզային իշխանություններին… առաջարկը չընդունվեց:
Իսկ մեկ օր անց քաղաքային իշխանություններն արդեն հետաքրքրվել էին Երևանից ժամանած հյուրերով…
Հաջորդ օրը ուղևորվեցինք Ալմաթի.
Մեծ քաղաք, որի մի ծայրն անապատում է մյուս ծայրը՝ Տյան-Շանի գեղատեսիլ լեռների ստորոտից է սկիզբ առնում:
Ալմաթիում չեք գտնի որևէ գեղեցիկ շենք, շինություն, որևէ ճարտարապետական կառույց… Նորակառույցներն էլ հիմնականում ապակեպատ են. Մի խոսքով՝ անհրապույր քաղաք, սակայն՝ միաժամանակ շատ մաքուր ու լայն, ընդարձակ փողոցներ:

Մենք եղանք Նազարբաևի անվան զբոսայգում: Հեկտարներ ընդգրկող այգի է. Կանաչապատ, ծաղկազարդ, շատրվաններով զարդարված, ընդարձակ ու գեղեցիկ: Շշմեցուցիչ մաքրություն, կոկիկ հարդարանք… Այգու տարածքում, ինչպես և հասարակական այլ վայրերում ծխելն արգելված է:
Ալմաթիում ևս առիթ ունեցանք հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Առանձնակի վառ տպավորություններ ստացանք Ղազախստանում ՀՀ առաջին դեսպան Էդուարդ Խուրշուդյանից. Մարդ, ով դեսպանի պարտականությունները վայր դնելուց հետո այսօր գիտությամբ ու ձեռներեցությամբ է զբաղվում: Խուրշուդյանն իրանագետ է և ուսումնասիրում է արևելքը, արևելքի պատմությունը, մշակույթը, հայ-իրանական առնչությունները…
Կարծում եմ, տեղին կլիներ նման մտավորական, գիտակ ու նվիրյալ հայերով էլ համալրել համայնքային կառույցների ղեկավար կազմը….
Հայեր Ալմաթիում շատ կան. Նրանք բացի շինարարությունը, զբաղվում են նաև ռեստորանային բիզնեսով, արտադրությամբ…
Առհասարակ, Ալմաթիի հայ համայնքն ամենահարուստն է Ղազախստանում. Մի քանի հայազգի գործարարների կարողությունը միլիոնավոր դոլարների է հասնում: Գործարաններ, խանութներ, ռեստորաններ, անգամ՝ սեփական էլիտար թաղամաս Ալմաթիում…
Ցավոք, Ալմաթիում, առհասարակ ողջ Ղազախստանում, հայկական դպրոցներ չկան. Ժամանակին եղել են կիրակնօրյա դպրոցներ Ակտաուում և Ալմաթիում… Չեն գործում…
Ալմաթիում տարիներ առաջ հայկական եկեղեցի կառուցվեց գործարար Արտյուշա Կարապետյանի կողմից…. Հայաստանից հոգևորական հրավիրեցին, Հայկական կենտրոնն էր գործում… Սակայն, հայ հոգևորականը ծխական գործերով զբաղվելու փոխարեն փորձեց խառնվել հայ գործարարների միջանձնային հարաբերություններին, համայնքում խարդավանքներ հյուսել առանձին գործարարների դեմ… Արդյունքում՝ Արտյուշա Կարապետյանը փակեց եկեղեցին, իսկ քահանան ստիպված հեռացավ Ղազախստանից… Այսօր չի գործում նաև Հայկական կենտրոնը….
Տխուր իրականություն…
Եթե Ղազախստանի խոշոր քաղաքների ամեն համայնք բանկում ընդամենը 100.000 ԱՄն դոլարի չափով անշարժ կապիտալ ունենա, միայն դրա տոկոսներով կարելի է թե կիրակնորյա դպրոցներ բացել, թե հայապահպան ծրագրեր իրականացնել….
Մեզ բախտ վիճարկվեց լինել հայկական ռեստորանում: Ռեստորանը կոչվում էր Խորովածի պալատ՝ Դվարեց շաշլիկա: Սեփականատերը երևանցի հայ էր: Մեծ սրահը զարդարված էր հայկական ոճավորմամբ, Մասիսի նկարով… Ավելի քան 100 սեղան ունեցող սրահում ասեղ գցելու տեղ չկար:
Ոչ երաժշտություն, ոչ՝ հատուկ սպասարկում… ինչպես բացատրեց սեփականատերը՝ մարդիկ այստեղ գալիս են սոսկ խորոված ուտելու և հաղորդակցվելու… մենք էլ համտեսեցինք գառի, խոզի և հորթի մսից պատրաստած խորովածը. Իսկապես, համեղ էր: Այս ռեստորանի հարևանությամբ սեփականատերն այժմ քառահարկ շքեղ, էլիտար ռեստորան է կառուցում, որի բացումը նախատեսված է հունիսին…
Ղազախները սիրում են զվարճանալ: Երեկոյան քաղաքի ռեստորանները, սրճարանները մարդաշատ են. Ի տարբերություն Երևանի՝ աղմկոտ չեն, սրճարանի տարածքից դուրս բարձր երաժշտություն չես լսի… բարձր երաժշտություն չես լսի նաև երթևեկող մեքենաներից, տների բակերում…
Մենք եղանք նաև ադրբեջանական ռեստորանում. Չնայած, այն իրականում այնքան էլ ադրբեջանական չէ. Շալախո անունը կրող ռեստորանի ճաշացանկը հիմնականում հայկական ուտեստներից է կազմված. Ճիշտ է՝ սեփականատեր կախեթցի ադրբեջանցին չի մոռանում այն ներկայացնել որպես իրենցը՝ ադրբեջանական: Մենք մեր հյուրընկալի՝ Կարեն Երանոսյանի հետ ստիպված էինք ավելի, քան կես ժամ սպասել դրսում, մինչ սեղան կազատվի… Իսկ ներսում… կովկասյան երաժշտություն, ծննդյան շնորհավորանքներ, պատվերով երաժշտություն և… շաբաշներ, շաբաշներ… փողի կապոցներով. Այդ ներկայացման հեղինակներն էլ հիմնականում ադրբեջանցիներն էին, որ գինովցած իրենց հարստությունն էին ի ցույց դնում և… ռուս աղջիկներին հետապնդում…
Առհասարակ, տեղում ազգամիջյան լարվածություն բացարձակ չկա: Ռուսաստանի շատ քաղաքներում ես զգացել եմ հայ-ադրբեջանական ազգամիջյան լարվածություն. Եթե անգամ լարվածություն չի եղել, իսպառ բացառվել է սովորական շփումն անգամ: Այլ է Ալմաթիում:
Հայերն ու ադրբեջանցիները այստեղ կողք-կողքի հաշտ ու համերաշխ ապրելուց զատ, նաև աշխատում են միասին, ընկերություն են անում, կան նաև խառնամուսնություններ…
Ալմաթիում ծանոթացանք գործարար տիկնոջ՝ Ռիմա Սաքանյանի հետ: Նա ծնունդով Գանձակից է, վաղուց է հաստատվել Ղազախստանում, հաջողակ գործարար է: Տիկին Ռիման քաղաքի կենտրոնում Արվեստ անունը կրող ցուցասրահ ունի: Ապրիլի 24-ին այնտեղ միջոցառում էր կազմակերպել.
Ցուցասրահի պատերը հայոց ցեղասպանության վավերագրերով էին պատված: Կային հյուրեր հայ համայնքից, ներկա էին նաև մի քանի այլազգիներ… Հայկական կարմիր գինի և դուդուկ…
Երկու ելույթներ եղան… իհարկե, բանախոսներից մեկը՝ Ղազախստանի պառլամենտի պատգամավոր, չմոռացավ ելույթում Նազարբաևի գովքն անել ու կոչ հղել հայությանը՝ երկու օր անց կայանալիք ընտրություններում ձայն տալ գործող նախագահին…
Մի խոսքով… Ղազախստան, ընդարձակ երկիր, որ տարածքով իններորդն է աշխարհում, 16 միլիոն բնակչությամբ, ուր քսան հազարից ավել հայ է բնակվում, գրեթե բոլորն էլ՝ բարեկեցիկ, ապահովված աշխատանքով…
Ուր յուրաքանչյուրը որպես անհատականություն ուժեղ է, սակայն ցավոք, չկա միասնություն, չկա ազգային համահավաք արժեհամակարգ և գիտակցություն….
Վահե Լոռենց

Տպագրվել է ,,Անկախ,, շաբաթաթերթում 2015 թվականի մայիսի 21-ին

Facebooktwittergoogle_pluslinkedin