ՀՈՒՍԻԿ ՊԱՐԹԵՎ

347 թվականին Հայոց Տիրան Արշակունի արքայի հրամանով, Ծոփքի Բնաբեղ բերդում բրածեծ արվելով սպանվեց Ամենայն հայոց Հուսիկ Ա կաթողիկոսը։ Ո՞րն էր այդ դաժան հաշվեհարդարի պատճառը․․․

Ապագա կաթողիկոսը ծնվել է 295 թվականին, Հռոմեական կայսրության Կեսարիա քաղաքում։ Նա հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Պարթևի թոռն էր՝ Վրթանես կաթողիկոսի կրտսեր որդին։ Նախնական կրթությունը նույնպես ստացել է Կեսարիայում։

Երբ Գրիգոր Պարթևի հրամանով Վրթանեսը տեղափոխվեց Մեծ Հայք՝ նա իր հետ Հայաստան տեղափոխեց նաև իր ընտանիքը։ Պարթևները հաստատվեցին Արշակունիների արքունիքում։

301 թվականին, երբ Մեծ Հայքն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, թալանի, ավարառության, կողոպուտի և Տրդատ Գ արքայից ստացած նվիրատվությունների հաշվին, Հայաստանյաց Առաքելական եկեղեցին շատ արագ բարգավաճեց ու դարձավ երկրի խոշորագույն ֆեոդալը։ Պարթևները յուրացրել էին հայոց կաթողիկոսական աթոռն ու Դատավարության գործակալությունը՝ փաստորեն, հայոց արքայից հետո Մեծ Հայքում իրենց դիրքով ու ազդեցությամբ դառնալով երկրորդը։ Սակայն դա քիչ էր Պարթևների տոհմի ու եկեղեցու համար։ Օգտվելով Տրդատ Գ արքայի թուլակամությունից՝ նրանք փորձում էին երկրում նաև քաղաքական ազդեցություն ապահովել՝ այս պայքարում հաճախ հակադրվելով Արշակունի արքաներին ու հայոց պետականությանը։ Տրդատ Գ հաջորդած Խոսրով Գ Կոտակ և Տիրան արքաները եկեղեցու աճող զորությունից զգուշանալով՝ քայլեր ձեռնարկեցին նրա դեմ։ Սակայն, եկեղեցին միայնակ չէր գործում։ Նա փաստորեն, Հռոմի քաղաքական շահերի պաշտպանն էր Մեծ Հայքում և որոշ առումներով Հռոմն իր արևելյան քաղաքականությունն իրականացնելիս հենվելով եկեղեցու վրա՝ պատանդի կարգավիճակում էր պահում հայոց արքաներին։ Եվ Արշակունի արքաները կա՛մ պետք է լուռ ու մունջ համակերպվեին այս վիճակին, կա՛մ գործուն քայլեր ձեռնարկեին։ Եվ այդ գործուն քայլերից կարող էր լինել դարձը դեպի ազգային արժեհամակարգ, դեպի հեթանոսական դավանանք։

Հուսիկ Պարթևն իր եղբոր՝ Գրիգորիսի հետ մեծացել, հասակ է առել Արշակունիների արքունիքում։ Գրիգորիսը երկվորյակ եղբայրն էր Հուսիկի, և նրան, տակավին պատանի, պապը՝ Գրիգոր Պարթևը, Աղվանից կաթողիկոս նշանակեց և ուղարկեց քրիստոնեություն քարոզելու Մասքութաց երկիր։ Այստեղ նրան մահապատժի ենթարկեցին Վատնյան դաշտում և կաթողիկոսի անհեռատես քաղաքականության պատճառով մազքութները Սանեսան Արշակունի արքայի գլխավորությամբ արշավեցին Մեծ Հայք ու ասպատակեցին երկիրը։ Միայն մեկ տարի անց, Վաչե Մամիկոնյան սպարապետը Օշականի ճակատամարտում ջախջախեց թշնամուն և դուրս մղեց հայոց երկրից։

307 թվականին Հուսիկը տակավին պատանի՝ 12 տարեկան հասակում, ամուսնացավ Տրդատ Գ արքայի թոռնուհու՝ Խոսրով Կոտակի արքայադստեր հետ։ Հուսիկն ու հայոց արքայադուստրն ունեցան երկու զավակներ՝ Պապ և Աթանագինես։ Հետագայում նրանք հրաժարվեցին հոգևորական դառնալ և զինվորական գործն ընտրեցին։ Հուսիկը նրանց ամուսնացրեց սեփական հորաքույրերի՝ Խոսրով Կոտակի քույրերի՝ Վարազդուխտի և Բանբիշի հետ (մինչ օրս հայ կղերական պատմագիտությունը տարածում է սուտը, իբր, Հայաստանում մերձամուսնությունը վերացվել է Աշտիշատի եկեղեցական ժողովի արդյունքում։ Յոթ Պորտի սովորույթն ազգային էր, ու մերձամուսնության օտար բարքը Հայաստան է թափանցել հենց քրիստոնեության շնորհիվ, որի առհավատչյան հենց Հուսիկի իրականացրած ամուսնական ակտն էր)։

Իսկ Հուսիկի ամուսնության ձեռնարկողը հայրը՝ Վրթանես կաթողիկոսն էր: Հուսիկը չէր սիրում իր կնոջը: Երբ կինը հղիացավ և ծնեց Պապին և Աթանագինեսին, նա լքեց կնոջը: Դա ինչ խոսք, անարգանք էր արքայական տանը: Սակայն Տիրանը ոչինչ անել չէր կարող: Ավանդազրույցը պատմում է, որ ամուսնական առաջին գիշերը Հուսիկը երազ տեսավ, թե զույգ զավակ կունենա, որոնք սակայն, կհրաժարվեն հոգևոր ծառայությունից։ Եվ Հուսիկը այդ երազից հետո հրաժարվում է կնոջից։ Նրա կինը շուտով մահացավ։

Դեռ մինչև կնոջ մահը, Հուսիկի հարաբերությունները լարված էին արքայական ընտանիքի հետ։ Նա վատ էր վերաբերվում իր կնոջը։ Ժամանակակից պատմիչը գրում է, որ Հուսիկը առ ոչինչ էր համարում արքայի սերը կամ ահը․․․

341 թվականին, Վրթանես կաթողիկոսի մահից հետո, Տիրան արքան իր փեսային՝ Հուսիկին, 13 ազդեցիկ նախարարների հետ, Վաղարշ հազարապետի առաջնորդությամբ, Կեսարիա ուղարկեց՝ կաթողիկոս ձեռնադրվելու։

Ձեռնադրվելով կաթողիկոս՝ Հուսիկը վերադարձավ հայրենիք։ Հայոց Տիրան արքան արքունական ճոխ շքախմբով նրան դիմավորեց մայրաքաղաք Արտաշատի մատույցներում՝ Տափերական կամրջի մոտ ու առաջնորդելով մայրաքաղաք Արտաշատի Մայր եկեղեցին՝ բազմեցրեց կաթողիկոսական գահին։ Բայց դա էլ չփոխեց Հուսիկի վերաբերմունքը արքայի նկատմամբ։

Հայ կղերական պատմիչները Հուսիկին ընդդիմացող Տիրան արքային վերագրում են բազում մեղքեր՝ անգամ՝ պոռնկություն, արվամոլություն․․․ Իրականում Տիրանն առաջին արքան էր, որ եկեղեցու օրեցօր հզորացող և հայոց պետականությունը խարխլող զորության դեմ ըմբոստացավ։ Նա եկեղեցուն հակադրեց հայ ազգային հեթանոսությունը։ Արդյունքում՝ հայ կղերականությունը արքային մեղադրեց ուրացության մեջ։

Մյուս կողմից՝ Փավստոսը գովեստի խոսքեր չի խնայում Հուսիկ կաթողիկոսի հասցեին․ «…Ամբողջությամբ և ամեն բանի մեջ հրեշտակակրոն կենցաղ կը հայտնաբերեր, ամեն ինչ Աստուծո պարբևներուն և շնորհածի համաձայն կը կատարեր: … Ս. Հոգին խոսքը իբրև սուր կը գործածեր իր մեջքին»:

Պատմիչների հավաստմամբ, երբ Տիրան արքան ցանկացավ եկեղեցում տեղադրել Հուլիանոս Ուրացողի պատկերը, Հուսիկը նրան հանդիմանեց և արքայի հրամանով սպանվեց՝ բրածեծ արվելով։

Սակայն պատմիչների մեջբերումները վերլուծելով՝ հստակ է, որ կայսեր դիմանկարի խնդիրը չէ ամենևին։ Մասնավորապես, Փավստոսը ոչինչ չի գրում Տիրանի ու Հուլիանոսի որևէ կապի մասին։ Երբ արքան ցանկացել է եկեղեցի մտնել՝ Հուսիկ կաթողիկոսն արգելել է, ասելով․-Արժանի չես, ինչու՞ ես եկել, ներս մի՛ գա։

Ըստ ամենայնի՝ Հուլիանոս Ուրացողի նկարի պատմությունը հերթական հորինվածքն է հայ կղերական պատմիչների կողմից։

Արքան կարգադրեց կաթողիկոսին բրածեծ անել հենց եկեղեցու մեջ ու ջարդված մարմինը թողնել այդտեղ։  Ապա արքայի հեռանալուց հետո Հուսիկի կիսամահ մարմինը տարել են Թորդան ավան, որտեղ էլ նա մահացել է ու թաղվել պապի՝ Գրիգոր Պարթևի կողքին։

Նույն ճակատագրին արժանացավ նաև Հուսիկի տեղապահը՝ ազգությամբ ասորի Դանիել քորեպիսկոպոսը, որն սպանվեց Տիրանին հանդիմանելու համար, Աղձնիքի Բառաէջ ավանում՝ արքայի հրամանով խեղդամահ արվելով։

Տիրան արքայի այս դաժան վճռի պատճառն իհարկե մեկ դիպվածով անկարելի է բնութագրել։ Դա տարիներ ի վեր կուտակված ատելության ու հակամարտության արդյունքն էր, որը հայոց արքան փորձեց լուծել՝ սանձահարելով Պարթևների կաթողիկոսական տան հավակնությունները։

Հայ եկեղեցին Հուսիկ Ա Պարթևի հիշատակը տոնում է Սուրբ Ծննդյան երրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը, կամ Վարդավառի երրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը` Սուրբ Գրիգոր Լուսավորչի «որդւոց և թոռանց» հիշատակի հետ: Կաթողիկոսական գահին Հուսիկ Ա Պարթևին Տիրան արքայի հրամանով հաջորդել է Փառեն Ա Աշտիշատցին՝ հայոց քրմական Աղբիանոսյան տոհմից:

 

 

Վահե Լոռենց

 

Facebooktwittergoogle_pluslinkedin