ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ  ՍԱՐԿԱՎԱԳ

Հովհաննես Իմաստասեր Սարկավագի փառքը հայրենիքի սահմաններից անդին էր։

Ըստ Վարդան Արևելցու՝ Հովհաննես Սարկավագը Արցախի Փառիսոս գավառից էր, Շամքոր գետի ափին գտնվող Փիփ գյուղից։ Որոշ ուսումնասիրողներ նշում են Փառիսոսի Մանճար գյուղի անունը։ Ծնողները նորածին մանկանը Սարգիս են անվանակոչել։ Հետագայում, քահանա ձեռնադրվելիս նա ընդունեց Հովհաննես անունը։ Ապագա գիտնականի ծննդյան հստակ թվականն անհայտ է։ Ծնվել է 1044-1054 թվականների միջակայքում։

Նա կոչումով վարդապետ էր, բայց անհայտ պատճառով, կրում էր Սարկավագ մականունն ու պատմության մեջ ընդմիշտ մնաց այդ անունով։ Ժամանակակիցները նրան կոչել են նաև Հռետոր, Մեծն Սոփեստոս, Պուէտիկոս պատվանուններով:

Սարկավագի հայրը գյուղի ծխական քահանան էր, և Հովհաննեսն էլ մանկուց բռնեց այդ ուղին։ Նա ուսում է առել հենց գյուղի ծխական դպրոցում՝ հոր մոտ, ապա ուսումը շարունակել է Փառիսոսում՝ Հովհաննես Ուռճացի վարդապետի մոտ։ Ձեռնադրումից հետո Հովհաննես Սարկավագն ուսումը շարունակել է Սանահինի վարդապետանոց-համալսարանում։ Սանահինի վարդապետանոցն ավարտելուց հետո տեղափոխվել է քաղաքամայր Անի, դասավանդել Անիի բարձրագույն դպրոց-համալսարանում։ Հետագայում Սարկավագը Անիից տեղափոխվեց Հաղբատ, որն այն տարիներին Հայաստանի և Արևելքի խոշորագույն գիտակրթական ու հոգևոր կենտրոնն էր։

Սարկավագը դառնալով Հաղբատավանքի վանատեր՝  իր կյանքի ու գործունեության մնացյալ հատվածը հիմնականում բնակվել ու դասավանդել է Հաղբատում, որ Հայաստանի ամենանշանավոր հոգևոր ու գիտամշակութային կենտրոնն էր այդ տարիներին։

Վրաց զորեղ արքա Դավիթ Շինարարը շատ էր սիրում և հարգում Հովհաննես Սարկավագին։ Արքան հաճախ էր այցելում Հաղբատ, հրավեր ուղարկում Սարկավագին, որ այցելի արքունիք։ Նրան սիրում էր որդիական սիրով։ Պատմիչների հավաստմամբ՝ հաճախ էր զրույցի բռնվում նրա հետ, փարվում նրան ու ունկնդիր լինում խորհուրդներին։

Հայ-վրացական դավանաբանական վեճերի ժամանակ վճռական էր Սարկավագի խոսքը։ Նա մեծ հեղինակություն էր վայելում նաև վրաց հոգևորականության շրջանում։

Դավիթ արքան Թիֆլիսում եկեղեցական ժողով էր հրավիրել, որի ընթացքում բանավեճ էր ծագել. Հաղթողը պետք է դառնար վրաց տիրակալի խոստովանահայրը։ Մի կողմից վրաց եպիսկոպոս Արսենն էր՝ Արսեն որդի Վաչէի՝ Մաղաշվիլի, Իղալթոյեցին, մյուս կողմից՝ Հովհաննես Իմաստասեր Սարկավագը:  Վերջինս հաղթում է և Դավիթը որպես խոստովանահայր ընտրում է Սարկավագին, ապա մեծ պատիվների արժանացնում նրան:

Հովհաննես Իմաստասերը գրական մեծ ժառանգություն է թողել։ Գիտական գործունեության առանցքն իմաստասիրությունն էր։ Նա մեկնել է անտիկ և միջնադարյան հեղինակների գործեր, գրել իմաստասիրական, բնագիտական, գեղարվեստական, բարոյախրատաբանական, աստվածաբանական, տոմարագիտական բնույթի աշխատություններ։ Հովհաննես Սարկավագը նաև պատմական երկ է հեղինակել, որը ցավոք, մեզ չի հասել, սակայն նրանից իր պատմության մեջ որոշ մեջբերումներ է կատարել աշակերտը՝ միջնադարյան անվանի պատմիչ Սամուել Անեցին, ով հայոց Գագիկ Ա Բագրատունի արքայի պալատական պատմիչն էր։։

Պահպանվել է Սարկավագի մաթեմատիկական աշխատություններից մեկը՝ «Յաղագս անկիւնաւոր թուոց»։

Նա զբաղվել է նաև հայոց տոմարի կարգավորմամբ։ 1080 թվականին լրացել է Հայոց Մեծ թվականի առաջին պարբերաշրջանը, Հովհաննես Իմաստասերը կազմեց առաջիկա 532 տարիների տոմարը։

Չնայած հոգևորական լինելուն և միջնադարյան ժամանակաշրջանին, Սարկավագն ամենևին էլ կաղապարված միտք չուներ նաև արվեստի լորտում։ Նա գտնում էր, որ անհատը բարձրագույն արվեստին հասնելու համար պետք է հնարավորինս մոտ լինի բնությանը։ Նաև՝ բանականությունն է արվեստի բարձրագույն վիճակը։ Սարկավագն ընդունում էր խոսքի բացարձակ ազատության գաղափարը։

Հովհաննես Իմաստասեր Սարկավագը նաև հրաշալի երաժիշտ ու երգահան էր։ Նա երաժշտությունը համարում է մարդկանց, բնությանը նմանվելու և բնությունից սովորելու մարդկային ձգտման անմիջական արդյունք։ Սարկավագը ոչ միայն ծիսական նշանագրերն է դասավանդել Հաղբատի համալսարանում, այլև բազում սաղմոսների և շարականների հեղինակ է։ Բարձրարվեստ երաժշտական գործ է Ղևոնդյաց հիշատակին նվիրված նրա  «Անճառելի բանդ Աստուած» գործը։

Սարկավագը նաև շատ աղոթքներ է հեղինակել, որոնք ամփոփել է իր «Աղոթամատույց» աշխատության մեջ։

Արվեստի մասին Իմաստասերը հեղինակել է «Բան իմաստութեան ի պատճառս…» 188-տողանոց չափածո երկը։ Նրանում ականավոր գիտնականը գրում է, որ բնությունն է արվեստի ակունքը, և մարդ որքան շատ մոտենա բնությանը, այնքան կատարյալ կլինի արվեստը։

Իմաստասերը նաև որպես գրիչ վերարտադրել է բազում աղճատված, անընթեռնելի ձեռագրեր՝ դրանք փրկելով սերունդների համար։

Հաղբատի համալսարանում Հովհաննես Իմաստասերի աշակերտներն են եղել նշանավոր գիտնականներ Սամուել Անեցին, Անձրևիկը, Անանիա Սանահնեցին, Երեմիան․․․

Մեծանուն գիտնականը մահացել է 1129 թվականին, թաղված է Հաղբատավանքի զանգակատան հարևանությամբ։

 

Վահե Լոռենց

 

 

 

 

 

Facebooktwittergoogle_pluslinkedin