Հիմա ես հուսահատ խենթի եմ նման…

Կեսգիշերն անց է: Դրսում անդորր է: Լուսնյակի աղոտ լույսն անգամ ներս չի թափանցում վարագույրների թանձր շղարշի միջով:
Սենյակիս մեջ էլ անդորր է: Վառել եմ ավանդական զույգ մոմերը աշխատասեղանիս ձախ անկյունում ու դանդաղ գրում եմ՝ միայնության մեջ ըմբոշխնելով սիգարի թանձր ծուխն ու կոնյակի քաղցրահամը: Անկյունում իմ հնամենի ձայնարկիչից ճչում է Ջո Դասսենը:
Լավ միջավայր է, չէ՞: Խավարը հազիվ ցրող մեկ զույգ մոմ, հանդարտ միայնություն և… ցածրաձայն, ճչացող երաժշտություն:
Դա օգնում է ինձ կենտրոնանալ:
Այսօր ողջ օրը մտովի քեզ հետ էի: Հիշեցի մեր հանդիպումը: Սիրահարվեցի քեզ առաջին ակնթարթից…
Ու… առաջին անգամ կյանքում անձնատուր եղա զգացմունքներիս՝ չփորձելով գոնե չափավորել դրանք: Առաջին անգամ զգացի, որ իմը չեմ, որ բանականությունս չի իշխում ինձ, ու խենթանալու աստիճան քեզ եմ պատկանում:
Հիմա ես հուսահատ խենթի եմ նման…
Հատված հին Հուշատետրիցhushatetr

Facebooktwittergoogle_pluslinkedin