ՀԵԹՈՒՄ Բ

Հայաստանի պատմության մեջ շատ են քաջակորով արքաներն ու տիրակալները, որոնք ամեն բան արել են հանուն հայրենյաց փառքի։ Ցավոք, քիչ չեն նաև գահակալները, որոնք իրենց անկարող տկարությամբ ու անհագուրդ կրոնամոլությամբ կործանման են հասցրել հայրենիքը։

Հեթում Բ արքան որդին էր Լևոն Գ Հեթումյանի (1269-1289) և Կեռան թագուհու։ Նա ծնվել է 1265 թվականի մայիսի 4-ին, Կիլիկիայի հայոց թագավորության մայրաքաղաք Սիսում։ Դեռևս գահաժառանգ Հեթումը կաթոլիկություն է ընդունել և վանք մտել՝ կրոնավոր դառնալով Ոտնկա վանքում։ Նրա ուսուցիչն էր քաղկեդոնական կրոնավոր Վահրամ Րաբունին, ով Լևոն Գ արքայի արքունիքի ատենադպիրն էր։ Արքայազն Հեթումն, ով կրոնավոր էր դարձել, Կիլիկիայում գլխավորում էր լատինասերների հոսանքն ու քայլեր է ձեռնարկում՝ հայոց երկրում կաթոլիկ եկեղեցու գերագահության հաստատման համար։  Հոր մահից հետո՝ 1289 թվականին, Հեթում Բ դարձավ հայոց թագավոր։ Հետաքրքիր է՝ Հեթումը գահ բարձրանալով՝ պաշտոնապես չի թագադրվել, չի օծվել, քանզի կրոնավոր էր։  Նա օծվեց միայն 1271 թվականի հունվարի 6-ին։ Հեթումի գահակալման շրջանը ծանր էր հայոց թագավորության համար։ Արևելքում տիրում էին մոնղոլները։ Նրանք գրավելով բուն Հայաստանը, կանգ առան Կիլիկիայի հայոց թագավորության դարպասների առաջ։ Մոնղոլների բուն նպատակը Եգիպտոսի նվաճումն էր։ Եվ այն իրականացնելու համար մոնղոլներին դաշնակից էր հարկավոր։ 1254 թվականին Կիլիկիո գահակալ Հեթում Ա (1226-1270) դաշինք կապեց մոնղոլների հետ։ Մոնղոլների զորության շրջանում այն արդյունավետ էր հայոց պետության համար, քանզի այդ դաշինքը Կիլիկիյան Հայաստանին զերծ էր պահում սելջուկյան և եգիպտական ոտնձգություններից։ Սակայն մոնղոլական աշխարհակալությունը շուտով ճեղքեր տվեց։ Կիլիկիայի գահակալները երկընտրանքի առաջ էին կանգնած․ մի կողմից մոնղոլներն էին, մյուս կողմում, արևմուտքից թափանցած խաչակիրները։ Եվ այս պայմաններում դիվանագիտական նուրբ ճկունություն և քաջություն էր պետք՝ երկիրը վտանգներից զերծ պահելու համար։ Ցավոք, Հեթում Բ չուներ անհրաժեշտ որակներն այս պայմաններում կառավարելու համար։ Նա լինելով կրոնամոլ՝ իր հայացքը հառեց արևմուտք՝ փոխելով պետության քաղաքական կուրսը և դարձավ Հռոմի Պապի և եվրոպական պետությունների շահերի ներկայացուցիչն Արևելքում։

Լևոն Գ արքայի մահից հետո, նրա յոթ որդիները գահին տիրանալու համար ներքին սուր պայքար սկսեցին, ինչը երկիրը հաճախ քաղաքացիական պատերազմի էր հասցնում։

Դեռևս 1281 թվականին Հոմսի ճակատամարտում, երբ հայ-մոնղոլական զորքը ծանր պարտություն էր կրել Եգիպտոսի բանակից, հայոց թագավորության և Եգիպտոսի միջև հայերի համար ծանր պայմաններով կնքվել էր 10-ամյա հաշտություն։ Սակայն Հեթում Բ լատինամոլ պահվածքի պատճառով, 1292 թվականին, Եգիպտոսի Աշրաֆ սուլթանը չեղյալ հայտարարելով պայմանագիրը՝ հարձակվեց հայոց երկրի վրա։ Եգիպտական բանակը չմտավ երկրի խորքերը, այլ արշավեց Հռոմկլա կաթողիկոսանիստ բերդի վրա։ Հայոց բանակն անկարող եղավ պաշտպանել Հռոմկլան։ Եգիպտացիները գրավեցին բերդը, թալանեցին կաթողիկոսանիստը, մեծ ավար ստացան։ Հեթում Բ արքան խուսափելով ռազմական բախումից՝ մեծ զիջումների գնաց։ Նա բերդեր ու հողատարածքներ հանձնեց Եգիպտոսին՝ խաղաղության դիմաց։ Իսկ Գրիգոր Է Անարվազեցի կաթողիկոսն ստիպված էր կաթողիկոսանիստը հաստատել Սիս մայրաքաղաքում։

Հեթումի թույլ ու անդեմ քաղաքականության պատճառով հայ իշխանների մի ստվար մասն ըմբոստացավ նրա դեմ։ Արքան ստիպված էր 1294 թվականին հրաժարվել գահից և կրոնավոր դառնալով՝ Հովհաննես անունով վանք մտավ՝ գահը հանձնելով եղբորը՝ Թորոս Գ։ Հեթում արքան կաթոլիկ էր՝ Ֆրանցիսկյան միաբանության անդամ։ Հեթումը Հովհաննես անունն ընդունեց ի պատիվ կաթոլիկ միսիոներ, ֆրանցիսկեան միաբան Հովհաննէս դե Մոնտե Կորվինոյի, որը 1288-1289 թվականներին այցելել է Կիլիկիա եւ մտերմացել Հեթումի հետ։ Ընդհանուր առմամբ՝ Հեթումն իր տասնամյա կառավարման ընթացքում վեց անգամ հրաժարվել է գահից, բայց փոշմանելով՝ դարձյալ վերադարձել արքունիք։

Սակայն անսկզբունքային գահակալը, որ իրականում խաղալիք էր դարձել հայ արևմտամետ իշխանների ձեռքին՝ 1295 թվականին նրանց դրդմաբ թողեց վանքը և իր աջակիցների օգնությամբ մտնելով Սիս մայրաքաղաք՝ գահազուրկ հայտարարեց իր եղբայր Թորոս Գ, դարձյալ զբաղեցրեց թագավորության գահը։

Հեթում Բ փորձեց վերանորոգել դաշինքը մոնղոլների հետ։ Նա փորձեց նաև լավ հարաբերություններ հաստատել Բյուզանդական կայսրության հետ՝ խնամիանալով կայսեր հետ։

Սակայն Հեթում Բ չկարողացավ ամրապնդել իր իշխանությունը։ 1296 թվականին նա երկրի խնամակալությունը հանձնեց իր կրտսեր եղբայր Սմբատին և Թորոսի հետ մեկնեց Կոստանդնուպոլիս՝ իր քույր Ռիթայի հարսանիքին, որին կնության էր առել Բյուզանդիայի կայսր Անդրոնիկոս Բ-ի որդի Միքայելը։ Նրա մեկնելուց հետո  հայ իշխանների աջակցությամբ արքայի դեմ ապստամբեց եղբայրը՝ Սմբատը և գրավելով գահը՝ Պոլսից վերադարձած իր եղբայր Թորոսին մահվան դատապարտեց խեղդամահության միջոցով, իսկ Հեթում արքային բանտարկեց Բարձրաբերդում՝ կուրացնելով՝ աչքերի մեջ վառվող ձյութ լցնել տալով։ Ապա Սմբատը մեկնեց մոնղոլ խանի մոտ՝ իր իշխանության համար հաստատում ստանալու։ Բայց Կիլիկիայում քաղաքական կրքերը չհանդարտվեցին։ Սմբատի դեմ ապստամբեց մյուս եղբայրը՝ Կոստանդինը։ Երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Կոստանդինը հաղթեց ու գահ բարձրացավ 1298 թվականին։

Օգտվելով հայոց երկրում քաղաքացիական պատերազմից՝ Եգիպտոսի սուլթանի զորքերը ներխուժեցին Կիլիկիա և և գրավեցին մի շարք բերդաքաղաքներ ու հողեր։ Սա դժգոհության մեծ ալիք բարձրացրեց հայ իշխանների շրջանում։ Նրանք գահազուրկ հայտարարեցին Կոստանդին Բ-ին և 1299 թվականին կրկին գահ բարձրացրին Հեթում Բ, որի տեսողությունը մասամբ վերականգնվել էր։ Հեթումն իր եղբայրներ Սմբատին ու Կոստանդինին արտաքսեց երկրից՝ առաջինին Էվբեա կղզի, երկրորդին՝ Կոստանդնուպոլիս։

Հեթումը նորոգեց դաշինքը մոնղոլների հետ և նրանց օգնությամբ եգիպտացիներից  ազատագրեց հայոց բերդաքաղաքները։ 1299 թվականի դեկտեմբերի 23-ին, Վադի ալ-Ղազանդարի ճակատամարտում դաշնակից մոնղոլները, հայերը, Կիլիկիայում հաստատված Հիվանդախնամների, Տաճարականների և Տևտոնականների միաբանությունների ասպետները, Կիպրոսի թագավորության բանակը գլխովին ջախջախեցին եգիպտացիներին։

Սակայն, Հեթում Բ միևնույն է, չկարողանալով ճիշտ քաղաքական դիրքորոշում բռնել՝ շարունակ Հռոմի Պապից և խաչակիրներին խնդրում էր միջամտել Արևելքի գործերին։ Իսկ Հեթումի վրա ճնշում էին գործադրում երկրի ներսում։ Ի վերջո, 1301 թվականին, Հեթումը դարձյալ հրաժարվեց գահից։ Նա քաշվեց Դրազարկի վանք, որպես կրոնավոր։ Հայոց գահը ժառանգեց նրա սպանված Թորոս եղբոր որդին՝ Լևոն Դ (1301-1307), քանի, որ Հեթումի Կոստանդին որդին մահացել էր մանկահասակ տարիքում։ Լևոն Դ մանկահասակ էր՝ 15 տարեկան։ Եվ նրա քաղաքական կուրսն իրականում վանքից իրականացնում էր կրոնավոր թագավորը։

Լևոն Դ պաշտոնական թագադրումը կատարվեց միայն 1306 թվականի հունիսին։ Այնպես որ, իրական գահակալը դեռևս Հեթումն էր։ Հենց Լևոնի անունից նա Սիսում և Ադանայում եկեղեցական ժողովներ հրավիրեց և Հայաստանյաց Առաքելական Եկեղեցուն պաշտոնապես ընդունել տվեց կաթոլիկությունը։ Երկրում դարձյալ քաղաքական-կրոնական պատերազմ ծագեց՝ ունիթորների՝ կաթոլիկների և հակաունիթորների՝ առաքելադավանների միջև։

1303 թվականին Հեթումը մոնղոլների կոչով հայոց զորք ուղարկեց Ասորիք և Դամասկոսի ճակատամարտում ջախջախեցին մամլուքներին։ Սակայն 1304 թվականին, Ղազան խանի մահից հետո հայ-մոնղոլական դաշինքը փաստացի դադարեց գոյություն ունենալ։ Հեթում Բ դարձյալ հայացքն ուղղեց արևմուտք՝ ցանկանալով մահմեդականների դեմ ստեղծել քրիստոնյա պետությունների դաշինք։

Մոնղոլները չէին կարող հաշտվել հայոց արքունիքի լատինամոլ այս կուրսի հետ և նրանք խզեցին հայ-մոնղոլական պայմանագիրը։ Մոնղոլ զորավար Փիլարղուն Անարզաբա, բանակցությունների հրավիրեց հայ ազնվականությունն ու բոլորին սրակոտոր արեց։ 1307 թվականի նոյեմբերի 17-ի նախճիրին զոհ գնաց նաև դժբախտ գահակալը՝ Հեթում Բ հայոց արքան և Լևոն Դ։ Հայոց գահը ժառանգեց Հեթումի կրտսեր եղբայրը՝ Օշինը (1308-1320)։ Իսկ Հեթումի մյուս եղբայր Ալինախի հորդորով մոնղոլ խանը պատժեց հայերի դահիճ Փիլարդուին։

Հեթում Բ արքայից մեզ է հասել նրա Ճաշոցը, գրված 1286 թվականին, Սիսի գրչատներից մեկում։ Գրքի մանրանկարիչն ու գրիչն անհայտ են։ Հայկական միջնադարյան մանրանկարճության ու ձեռագրության ճոխ գործերից է։ Բացի Ճաշոցից, մեզ են հասել նաև նրա պատվերով 1295 թվականին գրված Աստվածաշունչը, Կոստանդին կաթողիկոսի կողմից Հեթումի համար Թորոս Ռոսլինին պատվիրած Ավետարանը։

Հեթում Բ պատվերով հայերեն են թարմանվել Փիլոն Ալեքսանդրացու ճառերը, Գևորգ Սկևռացին նրա պատվերով գրել է Եսայու մեկնությունը, Հովհաննես Երզնկացին Մեկնություններ գործը։

Ինքը՝ Հեթում Բ որպես գրիչ, ձեռագրեր է արտագրել և աստվածաբանական թեմաներով ոտանավորներ գրել։

 

Վահե Լոռենց

 

 

Facebooktwittergoogle_pluslinkedin