Հարսանիք դժոխքում

Թող հավիտյան անիծյալ լինի թուլակամությունը, հոգու տկարությունը, ներողամտությունը: Թող անիծյալ լինի մեծահոգության քողի տակ շպարված թուլասրտությունը: Չի ներվի երբեք և ոչ մի ստորություն, և ոչ մի նենգություն: Ամեն ինչ իր վարձն ունի կյանքում, ու ես վարձահատույց կլինեմ լիուլի:
Ես կներեմ՝ միայն պատժելուց հետո. Ես կներեմ միայն այնժամ, երբ լսեմ, վայելեմ ցավից ծնված ոչ թե հեկեկոցդ, այլև ոռնոցդ… ցավից ու նվաստացումից կրծքիցդ դուրս պրծած ճիչդ… դու արժանի ես դրան:
Դու ժպտացիր, ծիծաղեցիր իմ տառապանքի վրա, դու լկտիաբար ու ստորաբար խաղացիր ու հարվածեցիր թիկունքից:
Բայց ես ապրեցի. Ապրեցի, վերածնվեցի ու ահա կանգնած եմ քո դեմ-դիմաց: Ես չեմ նենգի, չեմ հարվածի թիկունքիդ. Ես կզարկեմ ուղիղ ճակատիդ՝ անթարթ նայելով աչքերիդ մեջ:
Ու դու կանիծես այն երջանկությունը, որ երազել ես, այն երջանկությունը, որ ստի ու կեղծիքի, այլոց տառապանքի վրա ես փորձել կառուցել:
Ու դու կզգաս, կապրես այն դժոխքը, որ այլոց համար ես միշտ պատրաստել…
Ու քանի որ պատրաստվում ենք հարսանիքի՝ թող որ այս խաղը կոչվի Հարսանիք դժոխքում…
hushatetr

Facebooktwittergoogle_pluslinkedin