Հայի լավագույն տեսակը՝ ֆեյսբուքահայն է…

Հայի քանի՞ տեսակ կա…. Հայաստանցի հայ, արցախցի հայ, վիրահայ, սփյուռքահայ, քրիստոնյա հայ, աթեիստ հայ, մահմեդական հայ, հեթանոս հայ… բայց հայի ամենալավ տեսակը՝ ֆեյսբուքահայն է: Հա, հայի բոլորովին նոր՝ երիտասարդ տեսակ է: Չկարծեք, թե գենետիկ շեղում է, ընդհակառակը, բոլոր տեսակի հայերին միացնող, հայի միասնական ու ամենալավ տեսակն է:

Ահավասիկ. Հայերիս չեն միավորում ո՛չ լեզուն, ո՛չ կրոնը, ո՛չ մշակույթը, ոչ էլ՝ հայրենիքը… հայերիս միավորող մեկ գործոն կա՝ ֆեյսբուքը:

Ամեն հայի սրբազան պարտականությունն է՝ ֆեյսբուքում էջ ունենալ: Երբեմն՝ մեկից ավել էջեր… դե հայ ենք, ինչքան շատ՝ էնքան լավ…

Ֆեյսբուքահայը հայի ամենալավ տեսակն է: Նա միշտ հայրենասեր է, նա պայքարող է, նա անզիջում կռիվ է տալիս ամեն վատ երևույթի դեմ, նա ֆեյսբուքում չի աղտոտում մթնոլորտը, բնությունը, նա բարձր ձայնային ազդանշանով գլուխ չի ցավեցնում, ֆեյսբուքում համեստ է այնքան, որ անգամ իր ծննդյան օրը հրավառության փոխարեն բավարարվում է շամպայնի նկարով…

Տեսնու՞մ եք, ինչ լավն է ֆեյսբուքահայը… Հայի լավագույն որակներն ունի նա:

Բայց ֆեյսբուքահայն էլ իր խնդիրներն ունի. Մեկ-մեկ՝ լատինատառ է գրում, բայց դա ներելի մեղք է, դա արվում է հանուն միջազգային հանրության հետ համերաշխության: Մեկ-մեկ՝ հայհոյում է, բայց դե՝ էդքան պլյուսի հետ մի մինուս չլինի՞…

Ֆեյսբուքահայը քաջ է, հոխորտացող: Նա իր ազգի, հայրենիքի, պատվի ու արժանապատվության պաշտպանն է… չեք հավատու՞մ, հապա փորձեք տրորել նրա վիրտուալ ոտքը, և ոնց կհոխորտա՝ Ախպեր, հլա համարդ գրի…

Ու քաջ ու առաքինի այդ այրը նաև կնամեծար է: Եթե կյանքւոմ շատերը ծայրահեղ իրավիճակներում թաքնվում են կանանց ու մայրերի փեշերի տակ, նա այստեղ չի խառնում փափկասուն տիկնանց իր խնդիրներում… ուղղակի՝ չքվում է…

Ամենաառաքինի հայն էլ ֆեյսբուքահայն է…

Այստեղ բոլորը հավասար են: Ճիշտ է, մեկ-մեկ ճոխ ավտոներով նկարներ են ցուցադրում, բայց դա ինչ է, որ… դրա փոխարեն այստեղ համեստ ու առաքինի են անգամ հանրապետականները, հեզաբարո են տերտերները, իսկ նախարարների և պատգամավորների զավակների ձայնը առհասարակ չի լսվում… ամենադեմոկրատական հայն է ֆեյսբուքահայը…

Հա, այստեղ սոցիլական շերտավորում էլ չկա… բոլորի համար ազատ է ամբիոնը, բոլորը միատեսաակ ու միակերպ են… ամենակոմունիստ հայն է ֆեյսբուքահայը:

Կանայք այստեղ ավելի գեղեցիկ են… չէ՞ որ շպարվելու և հագուստ ընտրելու հարցում շտապել պետք չէ… մի հաջողված նկար՝ և լայքերի առատությունն ապահովված է… հա, պակաս կարևոր գործոն չէ՝ այդ մրցակցությունը…ազնիվ ու անաչառ… ոչ մի ընտրական հանձնաժողով չի կարող կեղծել ձեր ռեյտինգը… ֆեյսբուքահայն ամենաանաչառն է. Քո  լայքերի մրցավազքով որքան կուզես՝ չափվիր, թեկուզ՝ Քիմ Քարդաշյանի հետ…

Ի դեպ՝ այստեղ չեն կարող ինչքան ուզեն՝ խփեն… ամեն մի ֆեյսբուքահայ ունի ընդամենը մեկ լայքի հնարավորություն, ինչը կեղծել չի կարող անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Տեսնու՞մ եք, ինչ լավն է, ֆեյսբուքահայաստանը, և ինչքն լավն է ֆեյսբուքահայը…

Facebooktwittergoogle_pluslinkedin