«ՀԱՅԻ ԱՄԵՆԱԻՍԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄԸ ՄԻԱՅՆ ԻՆՔԸ ՀԱՅՆ Է»

10923842_1385426938425871_5101628745283329755_n

Ընդամենը մեկ օր անց` մայիսի 28-ին, կրկին կնշենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը: Եվ այսօր ճիշտ ժամանակն է` ոչ միայն տոնի խորհուրդն ընկալելու, այլեւ պատմությունից դասեր քաղելու: Ի վերջո, ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այսօր աշխարհաքաղաքական բավական լարված իրավիճակ է տիրում, իսկ Հայաստանն Արեւմուտքի եւ Արեւելքի ազդեցության արանքում պայքարում է հանուն իր անկախության պահպանման եւ գոյատեւման: Ներկայացնենք պատմաբանների տեսակետները այս ամենի մասին:

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ ԻՐԱՐ ՀԵՏ ՉՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՑԻՆ»

Թե ընդամենը երկու տարի տեւած Առաջին հանրապետության քաղաքական սխալները որոնք էին, ինչը գոնե այսօր չպետք է կրկնենք, նախ պարզեցինք պատմաբան, գրող, հրապարակախոս ՎԱՀԵ ԱՆԹԱՆԵՍՅԱՆԻ կարծիքը. «Առհասարակ, Առաջին հանրապետության խորհուրդը մենք չընկալեցինք:
Ամենամեծ սխալը ի սկզբանե եղավ այն, որ ռազմական ուժը եւ քաղաքական միտքը իրար հետ չհամագործակցեցին: Եվ արդյունքում, չօգտվելով Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսամարտերի տված հնարավորություններից` Ազգային խորհուրդը հունիսի 4-ին կնքեց Թուրքիայի հետ հաշտություն, որով, փաստորեն, պարտված Թուրքիան մեզ «նվիրեց» անկախ հանրապետություն»: Շեշտելով Առաջին հանրապետության թույլ տված մյուս սխալները` պարոն Անթանեսյանը նշեց. «Այդպես էլ այդ կարճ ժամանակամիջոցում մեր ժողովուրդը չգիտակցեց, որ առնվազն հազարամյա ընդմիջումից հետո անկախ պետականություն ստեղծվեց: Գուցե եղածը հետեւանքն էր նրա, որ այդ պետականությունը չստեղծվեց համազգային ջանքերով: Ես այդ պետականության ծնողին համարում եմ մեկ մարդու` Արամ Մանուկյանին, բայց ամբողջ ազգը չէր պայքարում»:

«ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏՐՎԵՐ, ՈՐ ԹՇՆԱՄԻՆ ԱՅՍՔԱՆ ՄՈՏԵՆԱՐ»

Շարունակելով թեման` ԵՊՀ դասախոս, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ ընդգծեց. «Մենք խոսում ենք մայիսյան հաղթանակների` Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի ճակատամարտերի կարեւորության մասին, բայց, ցավոք, չենք խոսում այն մասին, թե ինչու թույլ տվեցինք, որ թուրքական բանակը հասավ, փաստորեն, Հայաստանի մայրաքաղաքին: Մինչդեռ մենք հնարավորություն ունեինք էրզրումի գիծը պահելու կամ եթե գոնե Էրզրումը չէ, ապա Կարսի գիծը պահելու եւ թշնամուն այսքան մոտ չթողնելու: Սա շատ կարեւոր հարցադրում է, որը վերջին շրջանում անընդհատ շրջանցում ենք»: Իսկ ինչ վերաբերում է ազգային պայքարին` պարոն Մելքոնյանը հավելեց. «Այո, միայն վերջին պահին, երբ այլեւս տեղ չկար փախուստի, ժողովուրդը որոշեց համախմբվել եւ պայքարել: Իհարկե, մայիսյան հաղթանակները մեզ համար հպարտություն են, բայց այստեղ շատ կարեւոր հարցեր կան` դասեր քաղելու առումով: Համենայնդեպս, չպետք է թույլ տրվեր, որ թշնամին այսքան մոտենար այն դեպքում, երբ մենք հատկապես Կարսի ամրոցում ունեինք բավականին մեծ ռեսուրսներ` մի քանի ամսվա պաշարներ, զինվորականներ, որոնք, պարզապես, զոհ գնացին քաղաքական խարդավանքներին»:

«ՄԵԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ»

Վերադառնալով մերօրյա խնդիրներին` մասնավորապես Արեւմոտքի ազդեցությանն ու ռուսական գործընկերությանը, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրին, պատմաբանները տվեցին իրարամերժ մեկնաբանություններ: Ըստ Վ. Անթանեսյանի. «Այսօր մենք պատմությունից դաս չենք առնում եւ, փաստորեն, հանրությունը բաժանված է երկու հիմնական մասի` ռուսամոլներ եւ արեւմտամոլներ: Եվ ընդամենը մի չնչին հատվածն է, որ, իսկապես, մտածում է հայության մասին ու հայակենտրոն է: Անկախ մեր կողմնորոշումից` մեծ քաղաքականության մեջ յուրաքանչյուր պետություն իր շահերից ելնելով է վարում իր քաղաքականությունը, եւ հավերժական դաշնակից չունենք: Ռուսի լավ բարեկամ լինելը միֆ է: Հայի ամենաիսկական բարեկամը միայն ինքը հայն է ու իր զորությունը»: Մինչդեռ, Գ. Մելքոնյանը վստահ է, որ այսօր իրավիճակը բոլորովին այլ է. «Այն պետությունները, որոնք չունեն մեծ ռեսուրսներ, այդ թվում եւ մեր հանրապետությունը, բնականաբար, չեն կարող, այսպես ասած, ինքնուրույն լինել միջազգային ասպարեզում: Հետեւաբար, մեր պես հետխորհրդային պետություններին բնորոշ է, որ պետք է ունենան դաշնակիցներ, ռազմավարական գործընկերներ: Եվ կարծում եմ` այս առումով այսօրվա իրավիճակը Առաջին հանրապետության իրավիճակին ընդհանրապես նման չէ: Համենայնդեպս, մենք մեր անվտանգության հարցում այսօր ունենք հստակ երաշխիքներ եւ համագործակցության հիմքեր: ՌԴ-ի հետ իսկապես այժմ ստեղծվել են ռազմավարական խոր հարաբերություններ, ինչը չկար Առաջին հանրապետության տարիներին: Ժամանակին, փաստորեն, բանակցություններ վարում էին դաշնակցական իշխանությունները Մոսկվայի հետ, եւ Ադրբեջանը կարողացավ ճիշտ կողմնորոշվել: Սա էր պատճառը, որ նրանք կարողացան նվաճել Նախիջեւանը, Արցախը: Իհարկե, ցավոք սրտի, թե բարեբախտաբար, մեծ պետությունների շահերը չեն փոխվել»:

«ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ Է»

Իսկ թե ի՞նչ է փոխվել այսօր քաղաքական առումով, որպես վերջաբան` Մելքոնյանն ասաց. «Իրավիճակը նաեւ տարբերվում է նրանով, որ այսօր առայժմ քաղաքական պայքարը, փառք Աստծո, չի մտել բանակ: Առաջին հանրապետության հայկական բանակի պարտության պատճառն այն էր, որ քաղաքական հոսանքները շատ արագ սողոսկեցին բանակ, եւ այն քաղաքականացվեց: Եվ, օրինակ, 1920 թվականին Կարսի անկման պատճառը ոչ թե պարենի պակասն էր, այլ համարձակության պակասը: Բանակը ենթարկվել էր քաղաքական հոսանքների, եւ ասում էին, որ բոլշեւիկներին հարող թուրքերին չենք կրակի, կամ էլ առանձնացնում էին` մենք դաշնակցական ենք կամ հակադաշնակցական: Այդպիսով` բանակը բաժանված էր մի քանի քաղաքական խմբերի: Իսկ այսօր` անկախ քաղաքական կուրսից, քաղաքական կուսակցությունների դիրքորոշումից, բանակի հարցում բոլորը միանշանակ կարծիք ունեն, եւ մեր բանակը ապաքաղաքականացված է: Այսօրվա մեր գլխավոր երաշխավորը բանակն է, իսկ եթե բանակը մտնի քաղաքական գործընթացների մեջ, ապա մենք արդեն տեսել ենք, թե Առաջին հանրապետությունում ինչ տեղի ունեցավ դրա պատճառով»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Տպագրվել է ,,Իրավունք,, թերթում 2015 թվականի մայիսի 28-ին

Facebooktwittergoogle_pluslinkedin