ՀԱՅԵՐՆ  ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

 

1375 թվականին, Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո, ,,Հայոց թագավոր,, տիտղոսն անցավ Կիպրոսի Հակոբ Ա թագավորին: Նրա ժառանգներն այդ տիտղոսը կրեցին մինչև 1489 թվականը` Գորնարիոն թագուհու մահը:  Հակոբ Բ նախորդը` Շառլոտտա թագուհին, Կիպրոսի գահը հանձնեց իր եղբորորդուն` Կարլոս Պատերազմիկին, ով Սավոյայի դուքսն էր: Այնուհետ Իտալիայում թագավորող Սավոյան տան թագավորները, մինչև 1946 թվականը ի թիվս այլ տիտղոսների, կրում էին նաև ,,Հայոց թագավոր,, տիտղոսը…

 

Հայ-իտալական հարաբերությունները հազարամյակների խորքից են գալիս: Գիտության մեջ ավելի հաճախ են շրջանառվում պնդումները, թե մթա առաջին հազարամյակում Իտալիայի տարածքում հաստատված էտրուսկյան ցեղերը ծագումով հայ են:

Հայ-իտալական առնչություններն ավելի խորացան մթա երկրորդ դարից, երբ հզորացած Հռոմեական հանրապետությունը մուտք գործեց Փոքր Ասիա թերակղզի և Մեծ Հայքի թագավորությունն ու Հռոմը դարձան հարևան երկրներ: Մթա առաջին դարում եղավ հայ-հռոմեական առաջին զինված բախումը և հայ-հռոմեական պատերազմները  փոփոխական հաջողություններով տևեցին մինչ Հռոմի կործանումը:

Իսկ հայկական տարրի առկայությունը ներկայիս Իտալիայի տարածքում նույնպես հին ժամանակներից է գալիս, և մեր հայրենակիցները մեծ դերակատարություն են ունեցել Իտալիայի ռազմական, հոգևոր, մշակութային և գիտական կյանքում:

Իտալիայի ամենանշանավոր կոթողներից մեկը՝ Սուրբ Մարկոսի տաճարի ճակատը զարդարող նշանավոր Կվադրոն՝ քառաձին, հայկական ծագում ունի. Այն Ներոն կայսրին 66 թվականին նվիրել է հայոց Տրդատ Ա Արշակունի արքան:

Դեռևս մթա երկրորդ դարից, Հայաստանից Հռոմ էր թափանցել և այնտեղ ամուր հիմքեր ուներ Միհրի պաշտամունքը: Միհրականությունն էլ հեշտ ճանապարհ բացեց, Հռոմում քրիստոնեության տարածման և ընդունման համար: Իսկ հայերը քրիստոնյա  Իտալիային տվել են քառասունից ավելի սրբեր: Ազգությամբ հայ էր նաև Միլան քաղաքի հովանավոր սուրբ Մինասը՝ Սանտա Մինաետոն: Ինչպես նաև՝ Լուկա քաղաքի հովանավոր սուրբը՝ Սան Դավիդո Արմենիոն:

Արդեն զարգացած միջնադարում, ներկայիս Իտալիայի տարածքում շուրջ 40 հայկական եկեղեցի էր գործում: Այս եկեղեցիներին կից գործում էին հիվանդանոցներ, ,,Հայոց տներ,,՝ հյուրանոցներ ու պանդոկներ…

Հայերն Իտալիայում աչքի են ընկել նաև ռազմի ասպարեզում: Վաղ միջնադարից հռոմեական, ապաև՝ բյուզանդական բանակներում հայկական զորաբանակներ էին կռվում Իտալիայի տարածքում: Հատկապես աչքի է ընկել Ներսես Պատրիկը (Ներսես Հայազն) Կամսարականների տոհմից, որ ազատագրեց Իտալիան գերմանական ցեղերից և դարձավ Իտալիայի փոխարքան, ինչպես նաև՝  Իսահակ Հայազն զորավարը:

Ներսես Հայազնը հայկական զորագնդերով հաստատվեց Ռավեննայում և հաղթելով Իտալիա ներխուժած օստգոթերին, ապա ֆրանկներին և ալեմաններին, 555 թվականին Բյուզանդիայի կայսեր կողմից  նշանակվեց Իտալիայի կառավարիչ – փոխարքա: Ներսեսը ներքինի էր,  մարմնով գաճաճ էր, կաղ, բայց օժտված էր արտակարգ քաջությամբ և վարչական հմտությամբ:  Նա փոխարքայության կենտրոն դարձրեց Ռավեննան, որտեղ ծավալեց շինարարական աշխատանքներ: Ռավեննայի պահակազորը հիմնականում կազմված էր հայերից եւ կոչվում էր հայկական (numerus Armeniorum), իսկ Ռավեննայի Կլասիս նավամատույցը, որտեղ բնակվում էին զինվորականները, կոչվում էր Արմենիա:

Իտալիայի փոխարքաներից հայտնի է նաեւ Սահակ Հայկազնը (625-644), որի դամբարանը գտնվում է Ռավեննայի Սուրբ Վիդալ եկեղեցում, ուր նա հռչակված էր որպես Gloria dell’Armenia, Հայաստանի փառք:

Հարավային Իտալիայում՝ Սիցիլիայում, 6-րդ դարի վերջին գործում էր  Արտավան Արշակունին իր հայկական զորաջոկատով: Յոթերորդ դարում այստեղ դարձյալ հայկական զորքով աչքի ընկավ Մժեժ Գնունին, ում հայոց զորքն անգամ կայսր հռչակեց: Այստեղ է գործել նաև Մամիկոնյան իշխաններից Ալեքս-Մուշեղը, ով ուներ մագիստրոսի, պրոկոնսուլի և պատրիկի տիտղոսներ:

Իններորդ դարում հայոց բանակով Իտալիայի տարածքում աչքի ընկան Սմբատ քաջ իշխանը, ով գրավեց Բենեվետոն, Գևորգ Մինիակեսը…

Իսկ Բարի քաղաքի տակ իր զորաջոկատով աչքի ընկավ ևս մեկ Մամիկոնյան՝ Լևոն Թոռնիկը:

Իններորդ դարի արաբական աղբյուրները Սիցիլիայում հայկական ամրոց են հիշատակում՝ Քալաթ ալ-Արմանի, ինչը վկայում է տեղում հայկական իշխանության առկայության մասին:

Միջնադարում ավելի սերտացան հայ-իտալական հարաբերությունները: Կիլիկիայի հայկական թագավորությունը սերտ դիվանագիտական, առևտրատնտեսական կապեր հաստատեց իտալական քաղաք-պետությունների հետ: Հայոց արքաները Վենետիկին ու Ջենովային արտոնություններ շնորհեցին՝ Այաս նավահանգստով և թագավորության տարածքով ազատ առևտուր իրականացնելու համար: Առհասարակ, Կիլիկիայի թագավորության և իտալական քաղաքների միջև ծովային ակտիվ հաղորդակցություն կար:

Հատկապես սերտ էին Կիլիկիայի թագավորության հարաբերությունները Վենետիկի հետ: 1201  թվականին Լևոն Բ Մեծագործի և Վենետիկի հանրապետության դոժ Էնրիկո Դանդոլայի միջև բարեկամական, դիվանագիտական և առևտրական պայմանագրեր են կնքվել: Հետագա դարերի ընթացքում հայ-իտալական նմանատիպ հարյուրից ավելի պայմանագրեր կնքվեցին:

Դեռ միջնադարից, Վենետիկի կենտրոնական հատվածում գործում էր ,,Հայոց տունը,, որ հայերին էր նվիրել Վենետիկի դոժ Մարկո Ծիանին:

Ավելի ուշ՝ 16-րդ դարի վերջին, Տոսկանայի դուքս Ֆերդինանտ Ա հատուկ հրովարտակով հայերին հրավիրում էր հաստատվելու և գործելու Լիվոռնոյում՝ շնորհելով հայերին լիակատար ազատություն և արտոնություններ: Եվ շատ չանցած՝ Լիվոռնոյում հաստատվում են հազարից ավելի հայեր, ովքեր բացում են ավելի, քան հարյուր առևտրական տներ և արհեստագործական ձեռնարկություններ:

 

Սերտ էին նաև հայ-իտալական գիտական կապերը: Առաջին դարում հայազգի ոմն Տիրան Հռոմում բացել է աշխարհում առաջին գրատունը: Իսկ հինգերորդ դարում Հռոմում հռչակված էր իմաստասեր Պարույր Հայկազնը:

Իտալիայի հետ է կապված հայ գրատպության սկբնավորումը: 1512 թվականին Վենետիկում Հակոբ Մեղապարտը տպարան հիմնեց և տպագրեց ,,Ուրբաթագիրքը,, և ևս չորս գրքեր: Բացի Վենետիկից, հայկական տպարաններ հիմնվեցին նաև Միլանում, Հռոմում, Պադուայում, Լիվոռնոյում: Հետագայում հայ տպագրիչները շարունակեցին Իտալիայում գրատպության գործը: Տպարաններ հիմնեցին Աբգար դպիր Թոխատեցին, Հովհաննես Անկյուրացին, Հովհաննես Տերզնցին:

1717 թվականին, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Մխիթար Սեբաստացին հիմնադրեց Մխիթարյան միաբանությունը, որ գործում է մինչ օրս: Մխիթարյաններն իրավամբ, հանդիսանում էին հայոց գիտության առաջամարտիկները, շնորհիվ միաբանության անդամների՝ Միքայել Չամչյանի, Գաբրիել Ավետիքյանի, Ղուկաս Ինճիճյանի, Եղիա Թովմաճյանի, Արսեն Բագրատունու, Ղևոնդ Ալիշանի… որոնց ավանդը հայոց գիտության զարգացման գործում անուրանալի է:

Մինչ Մխիթարյանները, դեռևս յոթերորդ դարում, հայ եկեղեցուց հալածական Անանիա Շիրակացին է իր կյանքի վերջին տարիներն անցկացրել Վենետիկում, ուր էլ մահացել է:

19-20-րդ դարերում Իտալիայում գիտության զաքրգացման մեջ անուրանալի ավանդ ունի քիմիկոս Լուիջի Հակոբ Չամիչյանը, ով աշխատել է Բոլոնիայի համալսարանում: Այժմ Բոլոնիայի կենտրոնում կանգնեցված է ականավոր հայորդու արձանը, իսկ տեղի քիմիական ինստիտուտը կրում է նրա անունը:

Հայտնի չէ, արդյո՞ք հայկական դպրոցներ Իտալիայի տարածքում գործել են վաղ միջնադարում: Մեզ հայտնի առաջին կրթօջախը 1732 թվականին Մխիթար Սեբաստացին հիմնել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: Հետագայում էլի վարժարաններ բացվեցին Իտալիայի տարածքում: Գործող վարժարաններից ամենանշանավորը թերևս, Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանն է, որ հիմնադրվել է 1870 թվականին:

Այժմ Վենետիկի և Բոլոնիայի համալսարաններում հայագիտական ամբիոններ են գործում, իսկ Հռոմի համալսարանում հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող բաժին կա:

Առհասարակ, հայկական ճարտարապետությունը մեծ հետք ու ազդեցություն է թողել իտալական ճարտարապետության վրա: Դեռ միջնադարում Հայաստանում ճամփորդելուց հետո թերևս աշխարհի ամենահանճարեղ գիտնականը՝ Լեոնարդո դա Վինչին (շատ տեսաբանների կարծիքով՝ ազգությամբ հայ), Բագարանի Սուրբ Աստվածածին եկեղեցու մակետով կառուցեց Միլանի կաթողիկե եկեղեցին:

Առհասարակ, Վենետիկից հետո, Միլանն Իտալիայում ,,ամենահայկական,, քաղաքն է: Նախ, այս քաղաքի հովանավոր սուրբը հայ է՝ Սուրբ Մինասը, ապաև՝ այս քաղաքի հիմնադրման գործում մեծ ավանդ ունի Ներսես Հայազն զորավարը: Միլանում հայկական համայնքի անընդմեջ գոյության մասին վկայված է 11-րդ դարից: Տարեգրության համաձայն մի հայ եպիսկոպոս իր 60 հետնորդների հետ եկեղեցի է կառուցել Միլանի հյուսիսային կողմում:

14-րդ դարում Միլանում գործում էր հայ հոգևորականների Բարսեղյան միաբանությունը: Իսկ 17-րդ դարից, Միլանում հայկական տպարան է գործել: Այժմ էլ Միլանում գործում է ,,Հայի տուն,, մշակութային միությունը, հայկական եկեղեցի:

Բազմահայ է եղել նաև Նեապոլ քաղաքը, որի հովանավոր սուրբն է համարվում Գրիգոր Լուսավորիչը:

Իտալիայում ներկայումս բնակվում է մոտ 10000 հայ, ովքեր տեղաբաշխված են հիմնականում մեծ քաղաքներում՝ Հռոմում, Միլանում, Բոլոնիայում, Վենետիկում, Ջենովայում… Իտալիայի հայ համայնքում գործում են տասնյակից ավելի հասարակական, բարեգործական ու կրթական կազմակերպություններ:

Իտալիայում ներկայումս կա գործող Հայ առաքելական չորս, հայ կաթոլիկ՝ երեք եկեղեցիներ:

 

Վահէ Լոռենց

Տպագրվել է ,,Անկախ,, շաբաթաթերթում, 2016 թվականի սեպտեմբերի 29images-ին

 

Facebooktwittergoogle_pluslinkedin