ՀԱՅԵՐՆ  ԱՆԳԼԻԱՅՈՒՄ

 

Հայերն Անգլիայում հաստատվել են վաղ միջնադարից: Ավելին՝ անգլիական հնագույն տարեգրության` ,,Անգլո-սաքսոնական քրոնիկոնում,, որ 9-րդ դարի աղբյուր է, և գրվել է Ալֆրեդ Մեծի թագավորության ժամանակ (871-899), գրված է. ,,Բրիտանիա կղզին ունի 800 մղոն երկարություն ու 200 մղոն լայնություն: Այդ կղզում հինգ ազգություն կա` անգլիացիներ, բրիտներ, սքոթեր, պիկտեր, լատիններ: Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Արմենիայից ու ի սկզբանե բնակվել են Բրիտանիայի հարավում,,:

Եվ մեր նախնիները քաղաքակրթություն են տարածել Բրիտանական կղզիներում՝ նախկին Ալբիոնում: Նրանք աշխարհի հնագույն աստղադիտարանի՝ Սյունիքի Քարահունջի նմանությամբ, Անգլիայում կառուցեցին Սթոունհենջը, ինչը շատ նման է իր նախորդին ոչ միայն անվամբ, այլև՝ ձևային լուծումներով…

Բացի բուն Անգլիայից, այլ վարկածների համաձայն՝ մեր նախնիներն են եղել նաև Իռլանդիայի առաջին բնակիչները: Նախ, բառն ինքնին հուշում է՝ Իռլանդիա՝ Ար(իների) երկիր, ապաև՝ հայ-կելտական էթնիկ և մշակութային ընդհանրությունները շատ խոսուն են: Բավական է միայն նշել, որ հայերից զատ, միայն իռլանդացիներն իրենց մշակույթում ունեն խաչքարագործություն:

Հետաքրքիր փաստ է, որ այսօր իռլանդական եկեղեցին իր ծիսերգության մեջ աստծուց բարօրություն է խնդրում նաև Հայաստանի  համար: Սա իհարկե, Հայաստանի, որպես առաջին քրիստոնյա երկրի անդրադարձն է: Իռլանդական Սիլ Աշիդ եկեղեցու եպիսկոպոսը 13-րդ դարում հայ է եղել, իսկ այս եկեղեցու վրա առկա են հայ ճարտարապետության հետքեր: Ինչպես վկայել է անգլիացի պատմիչ Մեթյու Փարիսը, 1250 թվականին մոնղոլ-թաթարական արշավանքից հալածված մի խումբ հայ կղերականներ ժամանել են Անգլիա ու հաստատվել այնտեղ:

Այսօր Անգլիայում՝ Բրիտանական թանգարանում է պահվում հայոց ազգային սրբազան մասունքներից մեկը՝ Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը:

Հայ-անգլիական դիվանագիտական, միջպետական հարաբերությունների սկիզբ կարելի է համարել 1189 թվականը, երբ Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտը ղեկավարելով խաչակիրների բանակը՝ հայտնվեց Արևելքում:

18-րդ դարում, երբ հզորացավ Հնդկաստանի հայ գաղթօջախը, անգլիացիները, որ ուզում էին ամրապնդվել Հնդկաստանում, սկզբնական շրջանում համագործակցեցին հայ առևտրական կապիտալի հետ: Անգլիայի կառավարությունն անգամ արտոնություններ շնորհեց հայերին՝ անգլիական նավատորմով առևտուր ծավալելու համար: Սակայն ամրապնդվելով Արևելքում և գաղութացնելով Հնդկաստանը՝ անգլիական կառավարությունը պայքար ծավալեց հայոց դեմ: Հայերը Հնդկաստանում հնդիկ ժողովրդի կողքին պայքարի ելան անգլիական գաղութարարության դեմ:

18-րդ դարի վերջից Հնդկաստանի հայ գաղթօջախից հոսք սկիզբ առավ դեպ Անգլիա: Մեծ թվով հայեր Բրիտանական կղզիներում հաստատվեցին նաև Օսմանյան Թուրքիայի տարածքից: 18-րդ դարի հայ բանաստեղծ Գրիգորիսը, այցելելով Անգլիա, գրել է ,,Գովք Պրիթանիոյ,, հայերեն բանաստեղծությունը:

Հաստատվելով Անգլիայում՝ հայերն աչքի ընկան գործարարությամբ: Նրանք արագ ինտեգրվեցին անգլիական կենցաղին, կյանքին: 1829 թվականին Լոնդոնի երկու շերիֆներից մեկը եղել է հայ՝ Ռաֆայել Ալեքսանդր անունով:

Անգլիայի հետ է կապված հայ ազատագրական շարժման գործիչ Հովսեփ Էմինի գործունեության շատ դրվագներ. Նա 1751 թվականին հայտնվում է Լոնդոնում, ուր սովորում է Վուլվիչի ռազմական ակադեմիայում, յուրացնում ռազմական գործը և բրիտանական բանակի սպայի կոչումով մասնակցում է Յոթնամյա պատերազմին` կռվելով ֆրանսիացիների դեմ:

Էմինը կապեր էր հաստատել անգլիական վերնախավի հետ և փորձում էր նրանց միջոցով ձեռնարկել Հայաստանի փրկության գործը: Պահպանվել է Հովսեփ Էմինի նամակն՝ ուղղված  Անգլիայի վարչապետ. Վիլյամ Պիտտին.

,,Բազմաթիվ հայեր քաղցի և ծարավի կենթարկվին և երկար ճանապարհորդություններ կը կատարեն, բայց բոլոր այդ նեղությունները հանձն կառնվին միմիայն դրամի համար: Ես առաջինը անոնց մեջ, այդ նեղությունները կը դիմագրավեմ ուսման համար, իմ Հայրենիքիս համար: Ես բեռնակիր եղա իմ ուսման համար, և ոչ թէ իմ ապրուստին. և իմ այդ խոնարհ ծառայության մեջ պարկեշտ մնացի ես: Գնահատվեցավ այդ պարագան, և մեծանձն հոգիներ իրենց բարությամբ վեր բարձրացրին զիս: Ոչ ծույլ էի ես, ոչ ապերախտ: Վերը գտնվեի, թե վարը` վատ չեղա ես,,:

Համենայնդեպս, չնչին բացառություններով, Անգլիան հանդես չի եկել հայկական շահերի պաշտպանությամբ: Քանի, որ Արևմտյան Հայաստանի հայությունը իր առջև չդնելով ազգային ազատագրության խնդիր, որպես այդպիսին քաղաքական ամենահեռահար նպատակ էր դրել Ռուսաստանին միավորվելը, ինչը կարող էր հանգեցնել Արևելքում ռուսական ազդեցության էապես մեծացմանը, անգլիական կառավարությունն հանդես էր գալիս Օսմանյան կայսրության շահերի պաշտպանությամբ:

Մի առթիվ, Անգլիայի վարչապետ Ռոբերտ Արթուր Թոլբոթ Գասքոյն-Սեսիլ Սոլսբերին 1896 թվականի ապրիլի 30-ին, Լորդերի պալատում հայտարարեց, թե հայ բնակչությանը պաշտպանելու համար զերծ պետք է մնալ ռազմական միջամտությունից, քանի որ «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»:

Հայ-անգլիական քաղաքական մերձեցում, ամենայնիվ, եղավ: 1918 թվականի աշնանը, Մուդրուսի զինադադարով, երբ Թուրքիան դուրս եկավ առաջին աշխարհամարտից որպես պարտված կողմ, ՀՀ կառավարությունն սկսեց համագործակցել Անտանտի երկրների, մասնավորապես՝ Անգլիայի հետ: Անգլիայի կառավարությունը ոչ միայն հումանիտար մեծ օգնություն ցուցաբերեց հայությանը, այլև հանդերձավորեց ու սպառազինեց հայկական բանակը:

Իսկ հայ-անգլիական հարաբերությունները պատկերացնել առանց ջորջ Գորդոն լորդ Բայրոնի՝ անհնար է: Նա անգամ այցելեց Վենետիկի Մխիթարյան միաբանություն, միառժամանակ բնակվեց այնտեղ, ուսումնասիրեց հայերենը.

,,Անդունդից վեր բարձրանալու նպատակով ամեն օր ինձ տրամադրեցի  հայոց լեզվի ուսումնասիրությանը: Զգում էի, որ հոգիս կարիք ուներ կապվելու մի շատ լուրջ ու փութաջան աշխատանքի: Ահա թե ինչու ընտրեցի հայերենը, որն աշխարհի ամենաբարդ լեզուն է, որը և գերազանց միջոց է կամքս կոփելու,,:

Իսկ հայերենի մասին գրած նրա տողերը, թերևս, հավերժ անգերազանցելի կմնան. ,,Աստվածների հետ հաղորդակցվելու միակ լեզուն հայերենն է…,,

19-րդ դարում Լոնդոնի ազնվական և գրական շրջանակներում ճանաչված հայորդի էր Չարլզ Համիլթոն Այդեն (Այտընյան 1826-1906), ով հեղինակել է անգլիական ազնվականության կյանքը պատկերող վեպեր:

1890-ականների Անգլիայում է ապաստանել գրող, թարգմանչուհի, նկարչուհի Զապել Պոյաճյանը:

1890-ականների վերջին Լոնդոնում են հաստատվել հայ մեծանուն վիպասան Րաֆֆու որդիները` Արշակ և Արամ Րաֆֆիները, ովքեր 1898-ին հիմնել են ,,Լոնդոնի հայ գործավորների և ուսանողների միությունը,,՝  ,,Հայկական ակումբը,,: Հետագայում Արամ Րաֆֆին Հայկական ակումբը վերակազմել է Հայոց Միացյալ Ընկերության, որը հրատարակել է ,,Արարատ,, անգլերեն ամսաթերթը: Այս հրատարակությունում է իր առաջին գրական քայլերը կատարել հետագայում անգլիական գրական շրջանակներում նշանավոր դարձած արձակագիր Մայքլ Առլենը (Տիգրան Գույումջյան):

20-րդ դարասկզբին Անգլիայում հաստատվեց մեծանուն հայ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանը, ով սակայն, իր վերջնական հանգրվանը գտավ Պորտուգալիայում:

Անգլիայում հայտնի հայեր էին նաև լուսանկարչուհի Իդա Քարը (Քարամյան), կին օդաչու Մոնիկ Աղազարյանը, ով ստեղծել է օդաչուական ուսուցման նոր ծրագիր, մաթեմատիկոս Տիգրան Թահթան, կինոդերասան Գրեգուար Ասլանը և Գևորգ Մալըքյանը, ջութակահար Մանուկ Բարիքյանը, երգիչ, նկարիչ Խաչիկ Փիլիկյանը և նրա եղբայրը` բեմադրիչ, թատերագետ, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, դասական լեզուների և թատրոնի պատմության պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը, ով 40-ից ավելի նորարարական բեմադրություններ է իրականացրել Անգլիայի և այլ երկրների թատրոններում:

Տատի՝ Էլիզա Գևորգի կողմից հայուհի էր արքայադուստր Դիանան: Նշանավոր հայերից են նաև վիրաբույժ, լորդի տիտղոսի արժանացած Արա Դարզին, նորաձևության դիզայներ Չարլզ Անաստասը,  դերասան, Էնդի Սերկիսը՝ ,,Քինգ Քոնգ,, ֆիլմի գլխավոր դերակատարը, ինչպես նաև՝ հեռուստաաստղ Դեյվիդ Դիքինսոնը:

Նշանավոր ճարտարապետ Հարո Բեդելյանի նախագծով կառուցվել է Լոնդոնի մետրոպոլիտենի Վիկտորյա հատվածը, Լա Մանշի 50 կմ երկարությամբ թունելը:

Արդեն 19-րդ դարի առաջին կեսին Լոնդոնում, Լիվերպուլում և Մանչեստրում համնեմատաբար մեծաթիվ հայեր էին բնակվում: Իսկ 1914-1922 թվականներին, հայերի հոսքը դեպի Անգլիա ավելի ստվարացավ՝ կապված առաջին աշխարհամարտի և հայկական ջարդերի հետ: Իսկ քսաներորդ դարի կեսերին Անգլիայի հայ գաղութն ստվարացավ Մերձավոր Արևելքի երկրներից այնտեղ տեղափոխված հայության հաշվին:

Դեռևս 1870 թվականին Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով Մանչեսթր քաղաքում կառուցվել է Սուրբ Երրորդության հայկական եկեղեցին: Առհասարակ, Անգլիայում կա գործող երեք հայ առաքելական, ևս մեկ՝ հայ ավետարանչական եկեղեցի:

Ներկայումս Անգլիայում մոտ 30.000 հայ է բնակվում, որի ստվար հատվածը՝ Լոնդոնում: Լոնդոնում գործում է Հայ տունը, որ հայերի հավաքատեղին է և կազմակերպվում են մշակութային միջոցառումներ:

Լոնդոնում և Մանչեսթրում գործում են շաբաթօրյա և կիրակնօրյա հայկական դպրոցներ: Գրեթե 20 տարի՝ լույս է տեսնում ,,Նոր սերնդի ձայն,, պարբերականը:

 

Վահէ Լոռենց

Տպագրվել է ,,Անկախ,, շաբաթաթերթում 2016 թվականի հունիսի 30-ին

 

Facebooktwittergoogle_pluslinkedin