ՀԱՅԵՐԸ  ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

 

Եվրոպական որևէ այլ երկիր, թերևս, այնքան հյուրընկալ չի եղել հայության նկատմամբ, որքան Ֆրանսիան: Իսկ հայերը Ֆրանսիայի տարածքում հայտնվել են դեռ վաղ միջնադարում: Աղբյուրների հավաստմամբ, 591 թվականին, հայազգի ոմն Սիմեոն եպիսկոպոս հյուրընկալել է Տուր քաղաքի եկեղեցում: Այս փաստը վկայում է, որ այնտեղ բազմամարդ հայկական գաղութ է եղել:

Բայց ներկայիս Ֆրանսիայի տարածքում հայկական հոծ համայնք հաստատվեց զարգացած միջնադարում, երբ Ֆրանսիական թագավորության և Կիլիկիայի հայկական թագավորության միջև հաստատվեցին սերտ դիվանագիտական հարաբերություններ:

Ֆրանսիացի ասպետները դեռևս 11-րդ դարից հաստատվեցին հայոց պետության տարածքում: Հայոց արքաները ծառայության դիմաց նրանց հողեր և արտոնություններ շնորհեցին: Հայկական շատ ազնվական տներ խնամիական հարաբերություններ հաստատեցին ֆրանկ ասպետների հետ: Իսկ 14-րդ դարում հայոց գահին հաստատվեցին ֆրանսիական ծագմամբ Լուսինյանների արքայատոհմը: Լուսինյանները նույն ժամանակամիջոցում իշխում էին նաև Կիպրոսի թագավորությունում:

Իր հերթին, մի վարկածի համաձայն, ֆրանսիական արքայական Վալուաների տոհմը հայկական արմատներ ունի:

Որոշ ժամանակ Ֆրանսիայում է գործել հայ անվանի քաղաքական գործիչ Իսրայել Օրին: Լինելով հաջողակ առևտրական՝ նա զբաղվում էր ֆրանսիական բանակի պարենավորմամբ: Եվ ֆրանսիական բանակի հանձերձավորման, պարենավորման մենաշնորհը հենց Իսրայել Օրունն էր:

Ուշ միջնադարյան Ֆրանսիայում գործել են շատ հայ անվանի ռազմական գործիչներ: Բավական է միայն թվել Նապոլեոնի բանակի հայ գործիչներին՝ Մյուրատ, Ռոստոմ….

19-րդ դարավերջից սկսած ստվարացավ հայերի հոսքը դեպի Ֆրանսիա: Մանավանդ եղեռնից հետո, Ֆրանսիան դարձավ Եվրոպայում առաջին երկիրը, որ հյուրընկալեց հայությանը: Այժմ Ֆրանսիայում գրեթե մեկ միլիոն հայ է բնակվում:

Հայ-ֆրանսիական միջպետական, դիվանագիտական հարաբերությունների ֆոնին տեղին է նշել, Հայաստանի առաջին հանրապետության և Ֆրանսիայի հանրապետության միջև հաստատված բարեկամական հարաբերությունները, քանզի Հայաստանը Անտանտի դաշնակից երկրներից էր: Արևելքում կռվող ֆրանսիական զորքերի կազմում բացառապես հայերից ձևավորվեց Արևելյան լեգեոնը, որ աչքի ընկավ Օսմանյան Թուրքիայի դեմ մղվող պատերազմում, փայլելով հատկապես Արարայի ճակատամարտում:

Մինչ այդ, Մուսա լեռան հերոսամարտի ժամանակ հայությունը փրկվեց ֆրանսիական Գիշեն ռազմանավի շնորհիվ: Ռազմանավի հրամանատարությունը տեսնելով Մուսա լեռան գագաթին ծածանվող, օգնություն կանչող դրոշը՝ հրետանային կրակ բացեց թուրքերի դիրքերի ուղղությամբ և տարհանելով պաշարված հայությանը Մուսա լեռից՝ տեղափոխեց Ֆրանսիա:

Սակայն միշտ չէ, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները բարեկամական բնույթ են կրել: 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագրով, Ֆրանսիային անցավ Կիլիկիայի տարածքը և հայությունն այնտեղ քայլեր ձեռնարկեց՝ Ֆրանսիայի հովանու ներքո ազգային պետականություն ստեղծելու: Սակայն Ֆրանսիայի կառավարության նենգ ու դավաճան քաղաքականության արդյունքում ոչ միայն վիժեցվեց Կիլիկիայում ազգային պետության ստեղծման գործընթացը, այլև՝ կիլիկիահայությունը երկրորդ անգամ ենթարկվեց եղեռնի և տեղահանության: Ֆրանսիայի կառավարությունը լուծարեց Արևելյան լեգեոնը, զինաթափեց հայկական ռազմական միավորներն ու Կիլիկիայի տարածքը ծախեց թուրքերին:

Հայությունը միշտ ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայի ոչ միայն հասարակական-քաղաքական կյանքին, այլև՝ երկրի պաշտպանությանը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայում՝ Փարիզի մատույցներում, հայկական պարտիզանական երկու գումարտակ էր կռվում: Հայ պարտիզանների առաջնորդ Միսաք Մանուշյանը Ֆրանսիայի ազգային հերոս է;

Ֆրանսիան միջնադարից ձգել է նաև հայ մշակույթի գործիչներին: 14-րդ դարում Ֆրանսիայի Պուատյե քաղաքում է հաստատվել Կիլիկիայի հայոց թագավորության հզորագույն իշխաններից մեկի՝ Օշին պայլի որդին՝ Հեթում պատմիչը, որի ֆրանսերեն գրված ,,Պատմություն թաթարաց,, աշխատությունը Եվրոպայում Մարկո Պոլոյի ճանապարհորդական ուղեգրություններից հետո ամենաշատ հրատարակված գործն է: Հենց Պուատյեում Հեթում պատմիչը շարադրեց իր նշանավոր ,,Պատմություն Քրոնիկոնի,, աշխատությունը, ուր անդրադարձել է նաև ֆրանկների պետությանը, մասնավորապես՝ Կարոլինգների, Մերովինգների դինաստիաներին:

Ֆրանսիայում հայկական տպարաններ ու հրատարակչություններ են գործել: 1855 թվականին Փարիզում լույս տեսան ,,Արևելք,, և ,,Մասյաց աղավնի,, պարբերականները: Մինչ օրս, Ֆրանսիայի տարածքում լույս են տեսել ավելի, քան 200 հայկական պարբերականներ, որոնց զգալի մասը սակայն, կուսակցական, հիմնականում՝ դաշնակցական պարբերականներ էին:

Իսկ 1846 թվականին Փարիզում Մխիթարյան միաբանության գործիչների կողմից բացվել է առաջին հայկական՝ Սամուել-Մուրադ վարժարանը: Առհասարակ, Ֆրանսիայի կառավարության որոշմամբ, հայերենը Ֆրանսիայում ունի առաջին կարգի օտար լեզվի կարգավիճակ: Հայ մշակույթի գործիչներից, տարբեր ժամանակահատվածում Ֆրանսիայում են ապրել և ստեղծագործել Շահան Շահնուրը, Վազգեն Շուշանյանը, Արշակ Չոպանյանը, նկարիչներ Էդգար Շահինը, Վարդան Մախոխյանը, քանդակագործ Հակոբ Գյուրջյանը, գիտնականներ Նիկողայոս Ադոնցը, Զատիկ Խանզադյանը և ուրիշներ:

Ֆրանսահայերի շրջանում շատ են կաթոլիկ և ավետարանչական եկեղեցու հետևորդները: Այստեղ սակայն, գերակշռողը առաքելադավան հայությունն է: 1902 թվականին հայ մեծանուն բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ջանքերով Փարիզում կառուցվեց առաջին հայկական եկեղեցին՝ Սբ.Հովհաննես Մկրտիչը: Այժմ Ֆրանսիայում գործում են քսանհինգ առաքելական եկեղեցիներ:

Հայրերը մեծ դեր են ունեցել Ֆրանսիայի մշակույթի, քաղաքական կայնքում: Եվ ֆրանսահայերը տվել են գործիչներ, որոնց համբավը դուրս է եկել Ֆրանսիայի սահմաններից և տարածվել է աշխարհով մեկ: Ահավասիկ՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուր, գրող, ակադեմիկոս Անրի Թրուայա, նկարիչներ Ժանսեմ, Գառզու, երգահաններ Միշել Լեգրան, Պատրիկ Ֆիորի  և  Ժորժ Կառվալենց, կինոբեմադրիչ Անրի Վեռնոյ, գյուտարար, արհեստական ադամանդի ստեղծող Հրանտ Ճևահիրճյան, քաղաքական, պետական գործիչ Պատրիկ Դևեջյան: Մարզական ասպարեզում աչքի են ընկել ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ Յուրի Ջորկաևֆը, Ալեն Պողոսյանը, ավտոռալիի անգերազանցելի վարպետ Ալեն Պռոստը, ով ավարտեց իր կարիերան՝ շահելով 50 հատ Գրան-Պրի մրցանակ՝ անգերազանցելի ռեկորդ մինչ օրս:

Այժմ Ֆրանսիայում գործում են բազում դպրոցներ, կրթկան այլ հաստատություններ, մշակութային միություններ, թանգարաններ, բարեգործական ընկերություններ, եկեղեցիներ, հայկական ռադիոժամեր և հեռուստաալիքներ: Ֆրասիանում այժմ գործող հայկական կազմակերպությունների թիվն անցնում է հինգ հարյուրը: Ֆրանսիական շատ տեղանուններ անվանակոչված են հայկական անուններով, Ֆրանսիայի շատ քաղաքներ համագործակցում են հայաստանյան քաղաքների հետ, որպես Քույր քաղաքներ:

 

Վահէ Լոռենց

Տպագրվել է ,,Անկախ,, շաբաթաթերթում, 2016 թվականի օգոստոսի 25-ինgg-586

 

 

Facebooktwittergoogle_pluslinkedin