ՀԱՅԱՍՏԱՆԸ Ը-Թ ԴԱՐԵՐՈՒՄ, ՀԱՅԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Է դարում արաբները գրավեցին Հայաստանը։ Ձևավորվեց Արմինիա փոխարքայությունը, որի մեջ մտան Մեծ Հայքը, Վիրքն ու Աղվանքը։ Արմինիան կառավարվում էր արաբ խալիֆայի նշանակած ոստիկանի միջոցով։ Սակայն փոխարքայությունը ներքին ինքնավարություն ուներ և Արմինիայի իրական ղեկավարը Հայոց Իշխանն էր։

Ը  դարի վերջում հայոց իշխանն էր Աշոտ Մսակեր Բագրատունին։ Զորեղ ու հայրենատեր այս իշխանն արաբների հետ վարելով զգուշավոր քաղաքականություն՝ կարողացավ Հայքում ամրապնդել իր դիրքն ու ազդեցությունը, միաժամանակ, ասպարեզից դուրս մղել Մամիկոնյանների ու Կամսարականների տոհմերին, որոնք բյուզանդամետ կողմնորոշում որդեգրելով, հանուն եկեղեցու և կրոնի՝ շարունակ հայ-արաբական հակամարտություն էին հրահրում։

Աշոտ Մսակերն իր իշխանանիստը Դարոյնքից տեղափոխեց Բագարան։ Աշոտի իշխանապետության օրոք հայոց զորքերի սպարապետը նրա եղբայրն էր՝ Շապուհ Բագրատունին։

Աշոտ Մսակերի ջանքերով Հայաստանում ձևավորվեց դաշինք Բագրատունիների, Արծրունիների և Սյունաց զորեղ իշխանական տների միջև, որի նպատակն էր Հայաստանի վերջնական ազատագրումն ու պետական անկախության վերականգնումը։

Աշոտ Մսակերի մահից հետո Բագրատունիների տիրույթները ժառանգեցին նրա որդիները՝ Բագարատն ու Սմբատը։  Ավագ եղբայրը՝ Բագարատը դարձավ Հայոց Իշխան, Սմբատը՝ սպարապետ։  Բագարատի իշխանությունը տարածվում էր Հայքի, Վիրքի և Աղվանքի վրա։  Նա  ձգտում էր ստանալ նաև Արմինիայի ոստիկանի պաշտոնը։  Բագարատի նստավայրն էր Խլաթը, իսկ Սմբատինը՝ Բագարանը։

Բագարատը միջամտում էր նաև եկեղեցական գործերին։ 833 թվականին, Հովհաննես Ովայեցի կաթողիկոսի ընտրության ժամանակ, Բագարատը չընդունելով նրա թեկնածությունը, ընտրյալ կաթողիկոսին հրամայեց քաշվել Այրից վանքը։  Միայն եկեղեցական ընդհանուր ժողովից հետո նա կաթողիկոսին թույլ տվեց աթոռակալել։

Բագարատի օրոք Հայաստանն անկախ իշխանապետություն էր։ Հարկերը հավաքում էին երկրի տերերը, ոչ թե արաբ հարկահանները։ Արաբ պատմիչ Բալազուրին նշում է, որ հայերը ոչ միայն արհամարհում էին արաբ ոստիկանին, այլև հաճախ՝ հրապարակավ անարգում նրան։

Բագարատի իշխանությունն ու հեղինակությունը մեծ էր նաև Վերին Միջագետքում բնակվող ասորիների վրա։  Երբ արաբներն ավերեցին Ամիդի մեծ եկեղեցին, ասորիները դիմեցին Բագարատին ու նրանից որպես օգնություն ստացան 3000 զուզա՝ դիրհեմ, և մեծ քանակությամբ փայտ, որպեսզի վերանորոգեն սրբավայրը։

Բագարատը հովանավորում էր ասորիներին։ Նա ասորի Նանա սարկավագին պատվիրեց գրել Հովհաննու ավետարանի մեկնությունը։ Վերջինս գրեց ասորերեն, ապա թարգմանեց արաբերեն և ներկայացրեց Բագարատին։ Բագարատը հրաշալի տիրապետում էր արաբերենին։ Մեկնությունը հետագայում արաբերենից թարգմանվել է նաև հայերեն։

Սակայն արաբները չեն հաշտվում Հայաստանի անկախ կարգավիճակի հետ և  Մութավաքքիլ խալիֆան որոշում է վերջ տալ Հայաստանի ներքին անկախությանն ու այդ նպատակով Հայք է ուղարկում Աբու Սայիդ ոստիկանին։ Հայաստանի սահմանագլխին նրան դիմավորում են Բագարատի մարդիկ, հանձնում հարկերը և հետ ուղարկում։

Աբու Սայիդը վերադառնում է մայրաքաղաք Սամառա, իր հետ տանելով Հայաստանում հաստատված արաբների բողոքագրերը Բագարատ Բագրատունու և Աշոտ Արծրունու դեմ։ Նրանք ամբաստանվում էին որպես խալիֆայության թշնամիներ։

Աբու Սայիդը զորք ուղարկեց Տարոն և Վասպուրական, հրամայելով ասպատակել այդ շրջանները։ Սակայն Բագարատ Բագրատունին և Աշոտ Արծրունին ջախջախեցին արաբական զորքը։

Աբու Սայիդը երկրի հարկահանությունը հանձնարարեց արաբ ամիրա Մուսա իբն Զուրարային։ Նա Բագարատի փեսան էր՝ քրոջ ամուսինը և ցանկացավ վնասել նրան ու տիրանալ Տարոնին։ Մուսան բանակ դրեց Մուշ քաղաքի դիմաց, որ Բագարատի ձմեռանոցն էր։

Բագարատին օգնության փութաց մյուս քրոջ որդին՝ Աշոտ Արծրունին։ Նրանք սոսկալի ջարդ տվեցին արաբներին ու հետապնդելով՝ պաշարեցին Մուսայի նստավայր Բաղեշը։ Միայն քրոջ թախանձանքներից հետո Բագարատը վերացրեց պաշարումը։

Մուսան բողոքեց արքունիք, թե Բագարատն ապստամբել է խալիֆայության դեմ։

Մեկ այլ արաբ ամիրա՝ Ալան, ասպատակում է Վասպուրականը։ Աշոտ Արծրունին նախ բանագնացներ ուղարկեց նրա մոտ՝ պահանջելով հեռանալ, ապա՝ նամակ ուղղեց Ալային։

Սակայն Ալան շարունակեց իր անօրինականությունները։ Այնժամ, Աշոտ Արծրունին իր զորքն առաջնորդեց Ալայի վրա և Արճուճք գյուղի մոտ կոտորեց նրա զորքը՝ սպանելով նաև Ալայի եղբորը։ Արաբների զորքի մնացորդները փախուստի դիմեցին դեպի Բերկրի։

Աղձնիքի արաբները դարձյալ Սամառայի արքունիքին բողոք-նամակներ հղեցին։

Մութավաքքիլ խալիֆան կրկին Հայաստան ուղարկեց Աբու Սայիդ ոստիկանին, սակայն նա ճանապարհին մահացավ։ Խալիֆը մեծ զորքով Հայաստան ուղարկեց նրա որդուն՝ Յուսուֆին։ Սա փորձեց նենգությամբ ձերբակալել Աշոտին։ Աշոտն ամրանալով Մարդաստանում՝ ընծաներ և նամակ ուղարկեց Յուսուֆին, որը հասկանալով իր դավի բացահայտվելը՝ հեռացավ Խլաթ։

Սակայն խայծը կուլ տվեց Բագարատ իշխանը։  Յուսուֆը բանակելով Վասպուրականի Ադամակերտ ամրոցի մոտ՝  սուրհանդակ ուղարկեց նրա մոտ, ասելով, թե Հայաստանի խիստ կլիման իր համար չէ, և ցանկանում է հեռանալ՝ ոստիկանի պաշտոնը հանձնելով նրան։ Բագարատը հավատալով՝ մեծ շքախմբով այցելեց Յուսուֆին, իսկ վերջինս ձերբակալեց նրան ու  ուղեկիցներին, ուղարկեց Սամառա։

Ինքը Յուսուֆը, մեկնեց Մուշ՝ ձմեռելու։

Բագարատի գերվելուց հետո նրա որդիները՝ Դավիթն ու Աշոտը, հզոր ապստամբություն բարձրացրին  Հայաստանում։ Նրանք զինեցին Սասնա և Խութի լեռնականներին, ովքեր Թոռնիկ Բագրատունու որդու՝ Խութեցի Հովհան Բագրատունու գլխավորությամբ իջնելով լեռներից՝ սրընթաց գրոհով գրավեցին Մուշ քաղաքը։ Արաբ ամիրան ապաստանեց Մուշի, Բագարատ Բագրատունու կառուցած Սուրբ Փրկիչ եկեղեցում, սակայն հենց տեղում աշտեով սպանվեց հայ զինվորի ձեռքով։ Հայերը սրակոտոր արեցին բոլոր արաբներին։

Ապստամբությունն արագ տարածվեց։ Ապստամբներին միացավ նաև Բագարատի քրոջ ամուսինը՝  Աղձնիքի արաբ ամիրա Մուսա իբն Զուրարան։

Արաբական արքունիքը ապստամբությունը ճնշելու համար, 200 հազարանոց զորքով Հայք ուղարկեց ազգությամբ թուրք Բուղա զորավարին։ Բուղան նախ մտավ Աղձնիք, 30 հազար հայերի կոտորեց այնտեղ, գերեց Մուսային և ուղարկեց Սամառա։

Բուղան անցավ Սասուն, այնտեղ գերեց ապստամբության առաջնորդներ, Բագարատի զավակներ Աշոտ, Դավիթ Բագրատունիներին, Խութեցի Հովհանին։ Կոտորելով Սասունի և Մշո դաշտի բնակիչներից շատերին, նա անցավ Վասպուրական՝ նպատակ ունենալով գերել Աշոտ Արծրունուն։  Բուղան իր զորքի մի մասը տվեց Զիրաք զորավարին, ով Ռշտունիքի ու Մոկսի վրայով, կոտորելով բնակչությանը, հարավից մոտեցավ Վասպուրականին։  Մոկսում Զիրեքի վրա հարձակվեց Շապուհ Արծրունին, կարողացավ կիրճի մեջ փակել արաբներին, մեծ կոտորած սարքել ու ազատել հայ գերիներից շատերին։ Այնուհանդերձ, Զիրեքին հաջողվեց դուրս գալ Վանա լճի ափ, ավերել ու վառել Արտամետի չքնաղ եկեղեցին ու շարժվել դեպի Վան։

Բուղան Վանա լճի մերձակայքում  բնակության հաստատած արաբական ութմանիկների և կայսիկների ցեղախմբերի առաջնորդությամբ Վասպուրական մտավ հյուսիսից։

Աշոտ Արծրունին հայոց զորքով ամրացավ Թոռնավան գավառի Նկան անառիկ ամրոցում։  Բուղան մեծ զորքով պաշարեց ամրոցը։

Արաբները մի քանի անգամ գրոհեցին, բայց հայերը պաշտպանվում էին անվեհեր։ Սակայն Աշոտի շրջապատի մի քանի իշխաններ, Արծրունյաց տիրոջն առաջարկեցին հպատակվել Բուղային։ Դավաճանները  Վահան և Մուշեղ Արծրունիներն էին։ Բայց Աշոտն աներեր էր։ Այնժամ, դավաճանները գաղտնի բանակցություններ սկսեցին Բուղայի հետ։   Նրանք Բուղային առաջարկեցին հանձնել Աշոտ Արծրունուն, փոխարենն ակնկալելով կյանքի ու գույքի ապահովություն։ Աշոտն իմացավ այդ բանակցությունների մասին, փորձեց սթափեցնել իշխաններին, սակայն ապարդյուն։ Այնժամ նա անձամբ իջավ բերդից ու անձնատուր եղավ թշնամուն, որ գերելով բոլոր ազնվականներին՝ կապեց ուղտերին ու ուղարկեց Սամառա։

Սակայն Վասպուրականը չընկճվեց։ Պայքարը շարունակեց գերված Աշոտի եղբայրը՝ Գուրգենը, ով ամրացավ Վասպուրականի Որսիրանք գավառում։ Նրա դեմ արշավեց արաբական զորքն ու բանակեց Թուա գյուղի մոտ՝ Արյան լճի ափին։  Գուրգենն իր մոր միջոցով փորձեց բանակցել արաբների հետ։ Արաբները պատվով իրենց մոտ պահեցին Գուրգենի մորը՝ Բագարատ և Սմբատ Բագրատունիների քրոջը, բայց փորձեցին խաբելով ու խորամանկությամբ իրենց ձեռքը գցել Գուրգենին։ Գուրգենը հավատալով՝ իր ճամբարից իջնում է արաբների մոտ, բայց նրան իր հետախույզները տեղեկացրին, որ թշնամու զորքն առաջ է շարժվում։

Գուրգենն ընդունեց մարտը։ Հայոց գունդը, որ ընդամենը 900 մարտիկներից էր բաղկացած, հարձակվեց։ Մինչև ուշ երեկո տևած մարտի արդյունքում, արաբները մարտադաշտում թողնելով 1800 սպանված՝ փախուստի դիմեցին։

Բուղան կրկին դիմեց խորամանկության։ Նա խաղաղության ու հաշտության հրովարտակ արձակեց և Գուրգենին ճանաչելով Վասպուրականի իշխան՝ իր մոտ հրավիրեց։ Գուրգենը գնաց բանակցելու և մեծ պատիվներով ընդունվեց։ Սակայն, երեք օր անց, Բուղան նրան ցույց տալով Մութավաքիլ խալիֆի կեղծ հրամանը, նրան կալանավորեց ու երկաթե շղթաներով ուղարկեց Սամառա։ Գուրգեն Արծրունու հետ գերության մեկնեց նաև մայրը՝ Հռիփսիմե տիկինը։

Բագարատի գերվելուց հետո նրա եղբայրը՝ Սմբատ Բագրատունին, գնաց Բուղայի մոտ ու լինելով հայոց սպարապետ՝ Բուղայից ստացավ նաև Հայոց Իշխանի կոչումը։ Սմբատը դավաճանելով հայությանը՝ միացավ Բուղային և նրա արշավանքների ու ավերածությունների ժամանակ միշտ ուղեկցում էր նրան։

Բուղան Սմբատի հետ մեկնեց Դվին, ձմեռելու։ Նրա հեռանալուն պես Վասպուրականն ու Տարոնը դարձյալ ապստամբեցին։ Արաբները ավարի ենթարկեցին Այրարատը, Բուղան խաբեությամբ ձերբակալեց նաև Սյունաց իշխաններին։

Ապա Բուղան Սմբատի հետ միասին ուղևորվեց հյուսիս և պաշարեց Տփղիսը։ Քաղաքը պաշտպանող զորքը, որ բաղկացած էր խութեցի հայ քաջերից, հերոսաբար դիմադրեց։ Բուղան դարձյալ խորամանկության դիմեց և փորձեց Սմբատի միջոցով համոզել տփղիսցիներին՝ անձնատուր լինել։ Սակայն քաղաքի հերոս պաշտպաններն անդրդվելի մնացին։ Այնժամ, Բուղան վառած կուպր նետեց Տփղիսի վրա և փայտաշեն քաղաքը վառեց, իսկ գերի վերցրած Իսհակ ամիրան գլխատվեց։

Տփղիսից հետո Բուղան Սմբատի հետ արշավեց Կախեթ՝ ծանարների երկիրը, սակայն արաբներն այստեղ սաստիկ ջարդ կերան և նահանջեցին։

Ապա Բուղան և Սմբատը մտան Գուգարք, ձարբակալեցին Առանշահիկների տոհմից սերող Սևորդիների իշխաններին ու մտան Արցախ։ Այստեղ թշնամու դեմ հերոսամարտ տվեց Եսայի Առանշահիկը՝ Աբու Մուսեն։ Ամրանալով լեռնային Քթիշ ամրոցում՝ ներկայիս Տող գյուղի մոտ, նա մեկ տարի մարտնչեց ու 28 գրոհ հետ մղեց։ Արաբները զայրույթից ավերեցին ամրոցի ստորոտում գտնվոց եկեղեցին։ Եսայի իշխանի հրամանով հայ քաջերը ցերեկը կռիվ էին տալիս, գիշերը լեռան գլխին նոր եկեղեցի կառուցում։ Ի նշանավորումն թեժ մարտերի՝ եկեղեցին կոչվեց Թեժ։

Եսայի իշխանն անձամբ բանակցությունների մտավ խալիֆի հետ ու նրանից երաշխիքներ ստանալով՝ իջավ բերդից։ Նա էլ բոլորի հետ ուղևորվեց Սամառա, սակայն ի տարբերություն մյուսների՝ շղթայակապ չէր։

Միևնույն ժամանակ, Վասպուրականում Ապուջափր և Սահակ Ապումկդեմ Արծրունիները հարձակվելով արաբների վրա՝ սոսկալի ջարդ տվեցին նրանց։

Սահակ Ապումկդեմի սպանությունից հետո, Սմբատ Բագրատունու մոտ գտնվող Գուրգեն Ապուպելճ իշխանը հեռացավ նրա մոտից, փութաց հայրենի Վասպուրական, համախմբեց բոլոր ուժերն ու կոտորեց արաբական բոլոր կայազորները։

Բուղան ստիպված էր հաշտվել եղելության հետ։

Սամառայում խալիֆը պահանջեց գերյալ հայ իշխաններից՝ հավատուրաց լինել։ Կյանքը փրկելու և հայրենիք վերադառնալու համար առերես հավատուրաց եղան Բագարատ Բագրատունին, Վասակ և Աշոտ Արծրունիները, Աշոտ և Վասակ Սյունիները, այլ իշխաններ։

Դավաճան Սմբատ Բագրատունին հրաժարվեց թեկուզ առերես, ուրանալ հավատը։ Խալիֆի հրամանով նա գլխատվեց։ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին դավաճան Սմբատին երանելիների դասը կարգեց և հետմահու տվեց Խոստովանող անունը։

Իսկ մյուս իշխանները, բացառությամբ Բագարատ Բագրատունու, վերադարձան Հայաստան և դարձյալ քրիստոնեություն դավանեցին՝ լծվելով Հայաստանի անկախության գործին, որը ձեռնարկել էր 855 թվականին Հայոց իշխան դարձած Աշոտ Բագրատունին։ Իսկ Բագարատ Բագրատունին արաբական զորքի կազմում մասնակցեց Միջագետքում մղվող պատերազմին։ Նա մահացավ Արաբիայում։ Իսկ հայոց երկրի անկախությունը վերականգնվեց 867 թվականին․․․

Վահէ Լոռենց

 

 

Facebooktwittergoogle_pluslinkedin