ՀԱՂԲԱՏ

_M080421

Հաղբատը փոքր գյուղ է Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզում, բայց հայ ժողովրդի պատմության, մշակութային կյանքում նրա կատարած դերակատարությունը հսկայական է:
Հաղբատի հարստությունը կայանում է ոչ միայն իր հազարամյա վանքով: Այն դարեր ի վեր հայոց գիտա-կրթական խոշորագույն կենտրոններից է եղել: Տասնյակ նշանավոր հաղբատցիներ իրենց վաստակով փառավորել են հայ ժողովրդին:
Ահավասիկ՝ անուններ. Արամ Փիրուզյան՝ ԽՍՀՄ առևտրի ժողկոմ, Արամայիս Երզնկյան՝ ականավոր հեղափոխական գործիչ, Հայաստանի Ժողկոմի նախագահ, Երևանի քաղաքապետ, Յուրի Երզնկյան՝ անվանի կինոռեժիսոր, Լև Փիրուզյան՝ ակադեմիկոս, Լևոն Երզնկյան՝ ակադեմիկոս, Ասատուր Կախոյան՝ հեղափոխական, Ռոստոմ Բեկ-Երզնկյանց՝ պատմաբան… ցանկը կարելի է երկար շարունակել:
Անմիջականորեն Հաղբատի հետ է կապված անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը, ով իր հանճարեղ գլուխգործոցի՝ ՙՆռան գույնը՚ ֆիլմի շատ մասեր նկարահանել է հենց Հաղբատում: Իսկ հաղբատցի Յուրի Երզնկյանը սովորություն ուներ, իր բոլոր ֆիլմերի նախադիտումը կազմակերպել հենց հայրենի գյուղի ակումբում…
Հաղբատը գտնվում է Գուգարաց լեռների փեշերին՝ բարձր սարավանդի վրա: Գյուղը երեք կողմից շրջապատված է անդնդախոր ձորերով, իսկ չորրորդ կողմից այն եզերում են Գուգարաց լեռների ճյուղավորումները՝ Սբլիս (Սուրբ լույս) և Տերնական գագաթներով:
Գյուղի մատույցները հսկում է դեռևս 8-9-րդ դարերում կառուցած Կայան բերդը, ինչը Բագրատունիների թագավորության կարևորագույն պատվարներից է հանդիսացել միջնադարում: Նրա դեմ-դիմաց կանգնած է Սևորդյաց Զարեհ իշխանի կառուցած հսկա ժայռափոր Զառնիէր բերդը:
Կայան բերդն ավերվել է 1236 թվականին՝ մոնղոլական արշավանքների ժամանակ: Ավանդույթը պատմում է, որ մոնղոլները երկար ժամանակ պաշարած են պահում բերդը: Չկարողանալով գրավել այն՝ նրանք կտրում են ամրոցը սնուցող ջրագիծը: Եվ երբ ծարավից դրդված՝ ամրոցի պաշարյալները որոշում են անձնատուր լինել թշնամուն՝ գիշերը հորդառատ անձրև է տեղում: Սա համարելով աստվածային նախանշան և բարեհաճություն՝ մոնղոլ զորապետը դաշինք է առաջարկում բերդապետ հայ իշխանին, ինչն ամրապնդվում է հայ իշխանադստեր և մոնղոլ զորապետի տղայի ամուսնությամբ:
Առհասարակ, քարանձավները հսկայական դերակատարություն են ունեցել Հաղբատի պատմության մեջ: Նրանք հուսալի ապաստան են եղել հաղբատցիների համար՝ օտար ասպատակությունների ժամանակ: Բացի այդ՝ հայտնի է, որ Հաղբատավանքը շրջակա քարանձավներում յոթ խոշոր գրապահոց է ունեցել: Այդ գրապահոցներից չորսի տեղը ցայսօր անհայտ է:
Հաղբատի եկեղեցին ներկայիս տեսքով կառուցվել է 977 թվականին՝ Բագրատունյաց Աշոտ Գ Ողորմած արքայի կնոջ՝ Խոսրովանուշ թագուհու կողմից: Եկեղեցու շինարարը միջնադարի հայտնի ճարտարապետ Տրդատն է, և Հաղբատը Տրդատի առաջին գլուխգործոցն է: Հետագայում նա էլի շքեղաշուք կառույցներ հեղինակեց՝ Մարմաշենի տաճարը, Անիի Մայր տաճարը, Անիի Գագկաշեն Զվարթնոցատիպ եկեղեցին… Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա եկեղեցու գմբեթը…
Բայց Հաղբատում եկեղեցի եղել է դեռևս 4-5-րդ դարերում:
Հավանաբար, այս առաջին եկեղեցին այստեղ ավերված Տիրի տաճարի փոխարեն կանգնեցրել են անձամբ Տրդատ Գ արքան ու Գրիգոր Լուսավորիչը:
Հիշատակություններ կան, որ Հաղբատում ապրել ու ուսանել է վաղ միջնադարյան աշխարհահռչակ գիտնական, իմաստասեր Դավիթ Անհաղթը:
Առհասարակ, հետագայում էլ Հաղբատի նշանավոր վարդապետանոցում իմաստասիրություն են դասավանդել: Այստեղ ի թիվս այլ առարկաների, դասավանդել են նաև տոմարագիտություն, մաթեմատիկա, քերականություն, ճարտասանություն… Հաղբատի վարդապետանոցում գործել են Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Իմաստասեր սարկավագը, Հովհաննես Երզնկացին, Հովհաննես Իմաստասեր Պլուզը…
Հետագայում, Հաղբատավանքում որպես վանքի լուսարար գործել է Սայաթ-Նովան:
Ուշ միջնադարում, երբ Հայաստանն արդեն վաղուց կորցրել էր իր պետականությունը, Արևելյան Հայաստանի տարածքում՝ Արցախում և Լոռիում միայն կային պետականության նշույլներ՝ կիսաանկախ իշխանություններ:
Մասնավորապես, 18-րդ դարի կեսերին կազմավորվում է Լոռվա սղնախը: Սղնախ նշանակում է ամրոց, և հիրավի, այդ ժամանակամիջոցում ողջ Լոռվա ձորը մի ամրակուռ ամրոց էր հիշեցնում:
Լոռվա քաղաքական կենտրոն է դառնում Դսեղ գյուղը, ուր Հովակիմ յուզբաշի (հարյուրապետ) Մամիկոնյանը, ով Հովհաննես Թումանյանի հոր հորեղբայրն էր, իր շուրջն է համախմբում Լոռվա քաջերին ու ձեռնարկում տարածաշրջանի պաշտպանությունը թուրք, պարսիկ ու լեզգի ավարառուներից:
Լոռվա ամեն մի գյուղ դառնում է մի ամրացված բնակավայր, իր զինուժով: Լոռվա քաջերը՝ Խուդին, Ջիլավը, Պրանը, Բեկթաշը, Քոռ Օհանը, Բեկջանը,Վերանը, Մաժոն, իրենց ջոկատներով պահպանում են Լոռվա մուտերը (մուտքերը) թշնամու ավարառությունից:
Հետագայում այս հերոսներից ձևավորվեցին Լոռվա ձորում հայտնի տոհմեր՝ Խուդինյանները, Ջիլավյանները, Պարանյանները, Բեկթաշյանները, Երզնկյանները, Բեկջանյանները, Վերանյանները, Մաժինյանները…
Առհասարակ, այս ժամանակաշրջանում վերջնականապես ձևավորևվեց Լոռվա էպոսը:
Այն չափածո մի մեծ պոեմ է, որի արմատները գալիս են վաղնջական ժամանակներից: Էպոսի սկզբնամասում նկարագրվում է Վահագն աստծո պայքարը յոթգլխանի դև Ալի դեմ: Մենամարտի արդյունքում Վահագնը իր թուր-կեծակիով հաղթում է դևին, ում զարկում է և մեխում ապառաժին: Դևը քարանում և դառնում է Դվալ՝ Դև Ալ սարը, իսկ նրա քույրը՝ Դև Բեդը, լալիս է եղբոր համար ու նրա արցունքներից առաջանում է Դևբեդ գետը…
Այս էպոսում անդրադարձ կա Լոռվա ամեն գյուղի, լոռեցիների ձեռնարկած ազատագրական պայքարին…
Լոռվա քաջերից հաղբատցի էին Քոռ Օհանը, Բեկջանը, Պրանը…
Քոռ Օհանը Հաղբատ էր տեղափոխվել Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքից: Նա արհեստավոր, միակնանի մարդ էր, ով իր հայրենի քաղաքում սպանելով իրեն հարստահարող թուրքին՝ փախել էր Արևելյան Հայաստան ու հաստատվել Հաղբատում:
Քոռ Օհանն ուներ իննը զավակ: Նրանցից մեկը հետագայում բարձր պաշտոնների ու դիրքի հասավ Պետերբուգի արքունիքում, մյուսը դարձավ հոգևորական: Քոռ Օհանից սերեց Երզնկյանների տաղանդավոր տոհմը, որ հայ ազգին շատ արժանավոր զավակներ է տվել:
18-րդ դարի վերջին Հաղբատի տանուտերն էր Վրաստանի Հերակլ Բ Բագրատունի արքայի կնիքապահ Զաալ Բարաթվը: Բարաթովները ծագումով հայեր էին, բայց քաղկեդոնականություն ընդունաց հետո վաղուց վրացի էին դարձել:
Մի օր Զաալ Բարաթովը ոտնձգություն է կատարում Քոռ Օհանի ազգականներից մեկի կնոջ նկատմամբ: Կինը բողոքում է Օհանին:
Օհանն իր հավատարիմ ընկերների՝ Պրանի ու Բեկջանի հետ գիշերը մտնում է Բարաթովի տուն ու սրախողխող անում նրա ողջ ընտանիքը՝ ըստ արժանավույն պատժելով ստահակին:
Բարաթովի ընտանիքի անդամների շիրիմները գտնվում են Ախթալայի վանքում՝ համապատասխան արձանագրությամբ:
Այս դեպքից հետո Քոռ Օհանն ու Պրանը ամրանում են Հաղբատի սարերում, ջոկատներ կազմում ու պայքար սկսում դեպի Հաղբատ արշավող ավարառուների դեմ:
Իսկ Բեկջանը, ով Հաղբատում հաստատվել էր Սանահինից, Քոռ Օհանի խորհրդով իր երեք եղբայրներով հաստատվում է Նեղոց գյուղում, որ Հաղբատի գոմահանդերից էր ու ամբողջովին բնակեցված էր հաղբատցիներով:
Նեղոցում Բեկջանը համախմբելով համագյուղացիներին՝ փակում է դեպի Հաղբատ տանող լեզգիների ճանապարհը, որ այն ժամանակ հենց Լեզգու գեչուտ էր կոչվում: Դա Դեբեդի և բարձր ժայռերի միջև ծվարած մի նեղ ճամփա էր, որ Լոռու ձորը կապում էր Թիֆլիսի հետ:
Եվ ահա լեզգիների մեծ հրոսակախումբը Ավարայի Թարզոյի Մուրադ խանի գլխավորությամբ Հաղբատը թալանելու և ավարառության նպատակով Լեզգու գեչուտով շարժվում է առաջ: Բեկջանը իր խմբով ծուղակ է պատրաստում և մեծ ջարդ տալիս թշնամուն: Լեզգիները տասնյակ զոհեր են տալիս: Քչերին է հաջողվում խույս տալ: Անձամբ Թարզոյի Մուրադ խանը գերվում է: Նրան հաղբատցիները հանձնում են վրաց Հերակլ Բ արքային, իսկ վերջինս Թիֆլիսի հրապարակաում կախաղան է բարձրացնում ավազակին: Ժողովուրդը խաղ է հյուսում այդ դեպքից.
-Մտի ի Նեղոց,
Ձեռս առա սղոց,
Խերխեցի լեզգիս,
Հանգավ սրտիս բոց,
Լավցավ ջանիս խոց…
Ժամանակակիցները նշում են, որ Հաղբատում զենքին տիրապետում էին բոլորը՝ ծեր ու մանուկ, այր ու կին: Անգամ կանայք լավ հրաձիգներ էին:
Հենց հաղբատցիների քաջությունը հաշվի առնելով, 1806-1813 թվականներին, Եփրեմ Ձորագեղցի կաթողիկոսը խույս տալով ռուս-պարսկական պատերազմի առաջացրած տհաճություններից՝ հաստատվեց Հաղբատի վանքում: Փաստորեն, այդ տարիներին Հաղբատավանքը կաթողիկոսանիստ էր:
Հետագայում Հաղբատում ստեղծվեց Հայաստանի առաջին կոմբջիջը, և 1903 թվականի Հաղբատի գյուղացիական ապստամբությունը բացառիկ երևույթ էր Հայաստանի նորագույն շրջանի պատմության մեջ:
Հաղբատ բառի վերաբերյալ երեք մեկնություն կա. Առաջինը՝ Լոռվա բառբառով՝ Հախ պատ՝ իսկական պատ: Ավանդույթը պատմում է, որ Սանահնա վանքը կառուցում էին երկու վարպետ՝ հայր ու որդի: Գործի ժամանակ որդին խռովելով հորից՝ թողնում է նրան ու տաղափոխվելով Հաղբատ՝ ձեռնարկում է վանքի շինարարությունը: Հայրը հեռվից տեսնելով, որ դեմ-դիմաց հսկա շինության պատեր են բարձրանում՝ այցելում է գյուղ և զարմացած բացականչում՝ Հախ պատ է՝ իսկական պատ է…
Մյուս բացատրության համաձայն՝ բառն առաջացել է Հաղթական պատ ձևից:
Իրականում՝ գյուղի անվանումն առաջացել է Հաղբ ատանել դարձվածքից: Հաղբը գրաբար հայերենով շվայտ, զեխ կյանքն է:
Վանական համալիրի կազմում են Ս. Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, սեղանատուն, գրատուն, զանգակատուն, մի քանի մատուռ- դամբարաններ և խաչքարեր: Վանքի տարածքից դուրս գտնվում են Միլը՝ 13-րդ դարի աղբյուրը, Ջգրաշենի եկեղեցին և Կուսանոց անապատը:
Հաղբատի սբ.Նշան եկեղեցին հնագույնն է կառույցների մեջ: Սուրբ Նշանում պահպանվում են 13-րդ դարի որմնանկարներ: Նրանցից մեկը հատկապես արժեքավոր է: Այնտեղ պատկերված է հայոց հզորագույն իշխաններից Խութլու-Բուղա Արծրունին՝ իր իշխանական հանդերձանքով ու ողջ վեհությամբ:
Սուրբ Նշան եկեղեցու գավիթը կառուցել է Լոռվա Կյուրիկյան թագավոր Կյուրիկե Գ-ի դուստր Մարիամն իր քույրերի հետ: Այս շնորհաշատ քույրերը կառուցել են նաև Սանահինի գավիթը, Քոբայրի վանքը, Ախթալայի վսեմաշուք եկեղեցին… Սբ.Նշանի գավիթում ամփոփված են Կյուրիկյան թագավորների և Զաքարյանների տան ներկայացուցիչների աճյունները: Իսկ եկեղեցու արևելյան պատին՝ դրսի կողմից, հայոց արքա Սմբատ Բ Տիեզերակալի (977-990) և նրա եղբոր՝ Լոռվա թագավոր Գուրգեն-Կյուրիկե Ա (962-990) բարձրաքանդակներն են:
Սբ.Նշան եկեղեցու գավթի հյուսիսային դռան մոտ կանգնեցված է 1271 թվականին քանդակած Ամենափրկիչ խաչքարը: Այն առանձնահատուկ է իր գեղեցկությամբ, քանդակներով… ուր պատկերված են Հիսուսը, առաքյալները… Ավելորդ չէ նշել, որ Ամենափրկիչ խաչքար ողջ Հայաստանում ընդամենը չորս հատ կա: Դրանք բոլորը 13-րդ դարի են և արդյունք են երևույթի, երբ քաղկեդոնականության ազդեցության ուժեղացման արդյունքում Հայաստանում նահանջեց պատկերամարտությունն ու թույլատրվեցին առաքելական եկեղեցիներում նաև որմնանկարներ անել:
Առանձնակի հետաքրքիր ճարտարապետական լուծում ունի Հաղբատի եռահարկ զանգակատունը՝ կառուցված 1245 թվականին:
Զանգակատան կառուցումը վերագրվում է Համազասպ եւ Հովհաննես եպիսկոպոս եղբայրներին, որոնք Զաքարե և Իվանե Զաքարյանների քեռորդիներն էին: Զանգակատան հատակագիծն ունի քառանկյան ձև, եռահարկ է, երկրորդ և երրորդ հարկերը բարձրանում են պատերին կցված քարե սանդուղքներով: Արտաքուստ առաջին հարկի խաչաձև հորինվածքը 2-րդ հարկում ստանում է 8-անիստ եզրաձև: Առաջին 2 հարկերում տեղավորված են աղոթքի 7 խորաններ, որոնցից 3-ը գտնվում են երկրորդ հարկում, իսկ երրորդ հարկի 4 խորանների պատերը կամարաձև միանալով, իրենց վրա են կրում 6 սյունանի գմբեթ-ռոտոնդան: Կառույցն աչքի է ընկնում իր ներդաշնակ համաչափություններով ու սլացիկ կառուցվածքով:
Զանգակատան կողքին Զաքարեի և Իվանեի պապի՝ Խոսրով Զաքարյանի՝ Խոսրովիկի փոքրիկ տապանն է, ինչը շատերին թյուրիմացության մեջ է գցում և այն համարում են Խոսրովանուշ թագուհու գերեզմանը:
Հաղբատի վանքը 1996 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում:

Վահե Անթանեսյան

Տպագրվել է ,,Վահագնի կանչ,, ամսագրում՝ (թիվ 2) 2014 թվականի դեկտեմբերի 15-ին

Facebooktwittergoogle_pluslinkedin