ԿՈԿՈՐԴԻԼՈՍԻ  ԽԵՐԸ

Դոնի Ռոստովում էի ապրում։ Արցախից փախած մի մեծահարուստ, Մադոյան փողոցի վրա եռահարկ առանձնատուն էր կառուցել, վարձակալությամբ էր տալիս։ Երկրորդ հարկը ես էի զբաղեցրել, երրորդ հարկը՝ մանկությանս ընկերը՝ Արծրունն, իր ընտանիքով։

Օգոստոսյան մի շոգ օր, տան բակում, տաղավարում նստած ես, Արծրունն, իր փեսա Մարտունը  գարեջուր էինք խմում, երբ մեզ մոտեցավ տանտիրոջ որդին։ Քսանհինգամյա երիտասարդ էր՝ կարճահասակ, լոպազի տեսքով․ թզբեխն էլ՝ միշտ ձեռքին։

Թզբեխը մատին մի չորս պտույտ պտտեցնելով մոտեցավ ու-Յա, ախպերությու՞ն, էս ի՞նի կայֆերի մեջ եք․․․ ինձ էլ պիվա տվեք խմեմ․․․․

Չսպասելով պատասխանի՝ վերցրեց մի շիշ գարեջուր ու դրեց բերանին․․․

Ապա․-Վահէ՛ ախպեր, հլա մի բան հարցնեմ էլի։ Դու ինչո՞վ ես զբաղվում։ Քեզ չեմ տեսել աշխատելիս, բայց սաղ օրը՝ կայֆերի մեջ ես, վարձդ էլ՝ նորմալ տալիս ես, ի՞նչ գործ ես անում։

Հասկանալով, որ սրա բլուրը քամին տարելա լրիվ՝ որոշեցի հոգու հետ խաղամ։

-Կռակադիլի գործ եմ անում։

-Էդ ո՞նց,-թղբեխը մատից կախված մնաց,-ի՞նչ կռակադիլի գործ։

-Դե, հմի պալոժ չի, որ նոր տարուն սեղանին խոզի բուդ դնեն։ Թափով մարդիկ հմի կռակադիլ են դնում։ Ես էլ Աֆրիկայից բերում եմ, տան վաննաները ջրով լցրել եմ, էնտեղ աճացնում եմ։ Մի քիչ մեծանում են՝ տանում եմ Դոնում ցանցի մեջ բաց թողնում, նոր տարու մոտ հանում, ծախում։

Սրա աչքերը կլորացան։ Թզբեխը մի կես պտույտ ֆռռցրեց մատների վրա, ու հարցրեց։

-Վահէ ախպեր, բա ո՞նց անենք, որ նոր տարուն էդ կռակադիլներից մենք էլ ունենանք։

Ասացի․-Հին հայկական ավանդական խոսք կա՝ Փողին մուննաթ։

-Հա, բայց ինչքա՞նա։

-Հատը՝ 100 դոլլար։

-Ախպե՛ր, 2 հատ մեզ համար կպահես, տանելու եմ մերոնց սյուրպրիզ անեմ։

-Հա, կպահեմ, բայց պիտի կանխավճար տաս։

Սրանից 100 դոլար վերցրի, ասացի մնացածը դեկտեմբերին կտաս։ Հետն էլ՝ թե ես էստեղ չլինեմ՝ Մարտունից կուզես կռակադիլներդ։ Մարտունը դեմքի միմիկան չխաղեցնելով, անվրդով պատասխանեց՝ Հարց չկա։

Ես արդեն չէի դիմանում, ծիծաղս դժվար էր զսպել։ Թողեցի, հեռացա, բայց հետ նայեցի ու ասացի․

-Մարտու՛ն, համա էն կյաժ կռակադիլներից չտաս, նրանք թանկ են, 150 արժեն, կանաչներից կտաս։

Սրա գլխում էս էլ տեղ արեց։ – Ախպե՛ր, 150 կտամ, թող մեկը կանաչ լինի, մեկը՝ կյաժ․․․

Էլ չդիմանալով՝ թողի հեռացա։

Երկու ամսից տեղափոխվեցի Անապա։ Դեկտեմբերի վերջին զանգում է Մարտունը։

-Հմի քո արածն արած ա՞։ Եկել, կռակադիլներն ա ուզում։ Հանեցի էն 100 դոլարն իրեն տվեցի, ասի կռակադիլները թռչնի գրիպից սատկել են, բայց սրան դժվարա բան հասկացնելը, ասում ա՝ Իմ գործը չի, ես իմ կռակադիլներն եմ ուզում․․․․

 

Հ․Գ․ Հիմա ասելս ի՞նչ ա, գիտեք սաղ կյանքս թուղթ ու գրիչո՞վ եմ աշխատել։ Մի վախտ ռոստովներում գիտեք ինչ կռակադիլի գործ էի անում․․․

Facebooktwittergoogle_pluslinkedin