Կյուրիկյանների և Վիրա-աբխազական թագավորության հարաբերությունների պատմությունից

XI դարի կեսերին, Անիի անկումից հետո, Բագրատունյաց տոհմում առաջնության համար պայքար էր ընթանում Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան և հզորացող Վիրա-աբխազական թագավորությունների միջև:

Կյուրիկյան թագավորությունը Դավիթ Անհողինի (990-1048/50 ) և նրա հաջորդի` Կյուրիկե II-ի (1048/50-1089) գահակալման առաջին շրջանում գտնվում էր հզորության գագաթնակետին: Կյուրիկյաններին հաջողվել էր իրենց ենթարկել Տփխիսի ամիրայությունը[1], Կախեթի թագավորությունը,  ուր 1038 թ-ին գահ բարձրացավ Դավիթ Անհողինի որդի Գագիկը` հիմք դնելով Կյուրիկյանների կրտսեր արքայաճյուղին:

Բացի այդ, Դավիթ Անհողինը կարողացել էր երկիցս ջախջախել իր պետությանն սպառնացող Գանձակի Փատլուն ամիրային[2], 1040-ական թվականների սկզբին` Դվինի Աբու –լ-Ասվար ամիրային[3]:

XI դարից սկսած վերելք էր ապրում նաև Վիրա-աբխազական թագավորությունը, որ Անիի թագավորության կործանումից հետո հավակնում էր ստանձնել Բագրատունյաց տան գերիշխանությունը: Այս պարագաներում, երկու հավակնոտ պետությունների միջև բախումը անխուսափելի է դառնում:

1064թ-ին Անդրկովկաս են արշավում սելջուկ-թուրքերը` Ալփ-Արսլանի գլխավորությամբ: Սելջուկները գրավում են Անին, հրի ու սրի մատնում Հայաստանը: Սուլթան Ալփ-Արսլանը վրաց թագավոր Բագարատ IV-ից (1027-1072) պահանջում է յուր քրոջ դստեր ձեռքը` ի կնության: Վրաց աղբյուրը նշում է, որ Բագարատ IV-ի քրոջ դուստրը Կյուրիկե II-ի եղբայր ու գահակից Սմբատի դուստրն էր[4]: Այնուհետ, ըստ վրաց աղբյուրի, Բագարատ IV-ը դիմում է Կյուրիկեին, որպեսզի նա իր եղբորը դստերը հանձնի սուլթանին ի կնության: Բայց Կյուրիկեն մերժում է և այդ ժամանակ Բագարատ IV-ը դավ է նյութում նրա դեմ, իր կողմն է գրավում Լոռու թագավորի որոշ իշխանավորների և նրանց միջոցով Սամշուլդեի մոտ գտնվող Քվեշի անտառում կալանավորում է Կյուրիկե II-ին և նրա եղբայր Սմբատին:

Երբ կալանվածներին բերում են Բագարատ IV-ի մոտ, նա Լոռու թագավորից պահանջում է Սամշուլդեն, Կյուրիկեն մերժում է: Այդ ժամանակ վրացիք խաչափայտեր են պատրաստում և Կյուրիկեին գամում են խաչին Սամշուլդեի դիմաց, որպեսզի քաղաքը պաշտպանող Ատրներսեհ արքաեղբայրն անձնատուր լինի[5]: Դեպքերի մասին մեջբերում է Ջուանշերը. ՙեւ այլ եւս սպառնայր Վրաց աշխարհին, եթե ոչ տաց է նմա Բագարատ` զդուստր քեռ իւրոյ, ի կնութիւն. որ էր նա դուստր եղբոր Կիւրիկէի Հայոց արքայի. յորմէ խնդրեր Բագարատ աղաչանօք, եւ ոչ տայր զնա Կիւրիկէ. մինչ գործեցին նմա որոգայթ Վարազբակուր եւ Գամրիկէ զօրագլուխքն Վրաց, եւ ընմբռնեցին զնա յանտառին Քիւիչոյ. եւ ազդարարին Բագրատայ. եւ գնաց առ նա,  եւ է առ զաղջիկն եւ զՇամշոյտէ, ի ձեռաց նորա, եւ ապա արձակեաց …՚ [6]:

Ի վերջո, Լոքի և Կաքավաքարի իշխանների միջնորդությունից հետո Կյուրիկե II զիջում է Սամշուլդեն:

Այս իրադարձությունները այլ կերպ է մեկնաբանում Մատթեոս Ուռհայեցին: Ըստ նրա` Բագրատ IV-ի զարմուհին ոչ թե Սմբատի, այլ Կյուրիկե II-ի դուստրն էր: Եվ եթե վրաց վարկածի համաձայն Կյուրիկեն մերժում է դստերը տալ սուլթանին ըստ Ուռհայեցու` սուլթանն անմիջապես դիմում է Կյուրիկե II-ին որն էլ երկիրն ավերածություններից փրկելու համար տալիս է իր համաձայնությունը[7]: Բանակցությունների ընթացքից պարզ է դառնում, որ  երկու թագավորների միջև Կյուրիկայն արքայադստեր հարցը չի քննարկվել: Բագարատ IV-ը Կյուրիկեին խաչափայտին է գամել Սամշուլտեն ստանալու նպատակով: Ապա, որոշ սակարկություններից հետո կողմերը համաձայնության են եկել` այդպես էլ չքննարկելով արքայադստեր խնդիրը[8]:

Ըստ երևույթին, դեպքերին ավելի ճիշտ է անդրադարձել Ուռհայեցին, որ նշել է Կյուրիկեի, սուլթանին անվերապահորեն ենթարկվելու մասին: Ապա Կյուրիկե II-ը դաշինք է կապում Ալփ -Արսլանի հետ: Այդ մասին պատմիչը արձանագրում է. ՙ… եւ արար սուլտանն ընդ նմա սէր եւ խաղաղութիւն յաւիտեան եւ զթագաւորն Աղուանից զԿիւրիկէ զորդի Դաւթի Անհողինի յուղարկեաց մեծաւ պատուով ի քաղաքն իւր Լօռէ բազում ընծայեւք՚[9]:

Այսինքն` Բագարատ IV-ի կողմից Կյուրիկեին դավելը հետապնդում էր Լոռվա թագավորության հետ հաշվեհարդար տեսնելու նպատակ: Հետագա իրադարձությունները ևս խոսում են այդ վարկածի օգտին:

Շատ չանցած` Բագարատ IV իր դստերը` Մարթային, կնության է տալիս բյուզանդական կայսր Տուկիծին[10] (Կոստանդին X Ղուկաս 1059-1067)[11]: Այսինքն` Վիրա-աբխազական թագավորությունը դաշնակցում է սելջուկներին թշնամի Բյուզանդական կայսրության հետ, երբ նույն ժամանակ Կյուրիկե II-ը դաշինք ուներ կնքած Ալփ-Արսլանի հետ:

Ընկճելով Կյուրիկյանների ավագ ներկայացուցչին` Բագրատ IV չի բավարարվում և արշավանք է ձեռնարկում Կախեթի վրա, ուր իշխում էր Կյուրիկեի եղբորորդի Աղսարթանը (1058-1084): ՙՔարթլիի մատյանը՚ ուղղակի մատնանշում է, որ Բագարատը արշավանքը ձեռնարկել է Կախեթը նվաճելու նպատակով[12]: Սակայն իմանալով սելջուկների մոտենալու մասին` վրացիք նահանջում են:

Կախեթի թագավոր Աղսարթանը իր հորեղբոր` Կյուրիկե II-ի պես ոչ միայն դաշնակցեց սուլթանի  հետ` միանալով նրան, այլև հավատափոխ եղավ, որի համար ստացավ վրաց արքայի հպատակների լքած բոլոր բերդերը[13]:

Ապա Ալփ-Արսլանը դաշնակցած Կյուրիկեի, Աղսարթանի և Տփղիսի էմիրի հետ` արշավում է Բագարատի վրա: Պատմիչի շարադրանքից երևում է, որ հայերն այս արշավանքի ժամանակ երկրորդական դերում չեն եղել: Հայերը ՙներխուժեցին Քարթլի Զաճվիթի կողմից լուսաբացին (նրանք) ասպատակներ արձակեցին և սգով լցվեց ողջ Քարթլին՚[14]:

Ըստ երևույթին, միանալով Ալփ-Արսլանին` Կյուրիկե II-ը առիթը բաց չի թողել ռևանշի հասնելու և չի  բացառվում, որ 1068թ-ի այս արշավանքի ընթացքում նա Բագարատ IV-ից ետ գրաված լինի Սամշուլդեն[15]:

Սակայն, կրկին անդրադառնանք Բագարատ IV-ի և Կյուրիկե II-ի միջև ընթացող բանակցություններին: Պատմիչի շարադրանքից երևում է, որ վրացիք խաչափայտին են գամել միայն Կյուրիկեին. իսկ  (Կյուրիկեին և Սմբատին) տարան Սամշվիլդե և սարքեցին խաչափայտեր և հայոց Կյուրիկե թագավորին երեք օր կախած թողեցին՚[16]:

Այսինքն նախապես պատրաստված են լինում զույգ խաչափայտեր,  բայց կախում են միայն Կյուրիկեին: Սա տարակուսանքի տեղիք է տալիս. եթե եղբայրները հանդես են գալիս միևնույն դիրքից, ինչու՞ Բագարատ IV –ը տարբեր վերաբերմունքի է արժանացնում նրանց: Վրաց պատմիչը դեպքերի հետագա շարադրանքը տալիս է այս հերթականությամբ. ՙհայերը խաղաղություն խնդրեցին և տվեցին  Սամշվիլդեն: Ապա եկել էին հայոց թագավորի երկու իշխանները` Լուկիայի (Լոքի) և Կաքավաքարինը, Կյուրիկեի եղբայր Սմբատն առաջարկում էր ու համաձայն էր հանձնել երեք բերդ` Օփրեթը, Կոշկը և Վարազաքարը [17]:

Ասվածից պետք է ենթադրել, որ Կյուրիկեն խաչափայտին գամվելուց հետո զիջել է միայն իր իշխանների միջամտությամբ, որ համոզել են արքային` զիջել Սամշուլդեն: Իսկ Սմբատը, հավանաբար, սկզբից ևեթ որպես իր փրկագին առաջարկել է վերոհիշյալ երեք ամրոցները, որոնք, ամենայն հավանականությամբ, իր սեփականությունն էին:  Հնարավոր է, Բագարատ IV-ը եղբայրների հետ բանակցել է առանձին:

Հետաքրքիր է նաև 1069թ-ին Բագարատ IV-ի և Գանձակի Փատլուն ամիրայի միջև պատերազմի դրվագը: Վրացական զորքերը ջախջախում են սելջուկներին Ծիլկանի լեռների մոտ և Փատլունը փախչելով` ապաստան է խնդրում Աղսարթանից: Կյուրիկյան գահակալը կալանում է Փատլունին և որպես փրկագին պահանջում է Խորնաբուջ և Արադեթ բերդերը, որը նրան է զիջում Ամիրան[18]: Ապա Աղսարթանը Փատլունին հանձնում է վրաց արքային, որպես հատուցում ստանալով ևս երկու բերդ` Ուջարման և Բոջուրման[19]:

Կյուրիկյանների և վրացական պետության միջև հակամարտությունը շարունակվում է ևս մի քանի տասնամյակ, ի վերջո, 1105թ-ին վրաց Դավիթ IV Շինարար  թագավորը կարողանում է ընկճել  Կախեթի թագավորությունը, իսկ 1118թ-ին` Լոռու Կյուրիկյան թագավորությունը[20]:

 

Վահե  Անթանեսյան

 

The author newly interprets issues regarding Armenia – Georgia relations in the 11 century, particularly touched upon the conflict between king Kyurikyan of Lori Kyurike 2 and Georgian – Abkhazian king Bagarat , turk – seljuks campaign to Caucasus, Kakheti kingdom’s role during the Armenia – Georgia conflict, etc…

 

Vahe Antanesyan

 

 

[1] Ստեփանոս Տարոնեցի. ՙՊատմություն տիեզերական՚ ՍՊԲ 1885, էջ 256

[2] ՙՀայ ժողովրդի պատմություն՚ հատոր III, ՀՍՍՀ ԳԱ, Երևան 1976, էջ 102

[3] Մատթեոս Ուռհայեցի. ՙԺամանակագրություն՚ Երևան 1991, էջ 88-89

[4] ՙՔարթլիի մատյան՚ տես` ՙԼրաբեր՚ հասարակական գիտությունների 1989, թիվ 11,էջ 89: Ա. Շահնազարյանը իր ՙՎահրամյանների իշխանությունը՚ գրքում, Երևան1990, նշում է, որ Լոռու թագավոր Կյուրիկե II-ի գահակից Սմբատը նրա քեռին է (էջ 30): Հեղինակը մատնանշում է Հաղբատի արձանագրությունները, ուր հիշատակված է Սմբատը: Սակայն, այս արձանագրություններում Սմբատը կոչված է իբրև Դավիթ Անհողինի որդին. ՙ… կամ եղեւ ին Սմպատա թագաւորի, որդոյ Դաւթի՚ Կ. Ղաֆադարյան. ՙՀաղբատ՚  Երևան 1963, էջ 150, կամ` ՙ… ի կատար հրամանս Կիւրիկէի եւ Սմպատա, որդւոց Դաւթի՚ – ՙՀաղբատ՚ էջ 151: Ռ. Մաթևոսյանը ևս իր ՙԱրևելյան Գուգարքը XI դարի առաջին կեսին՚ հոդվածում ՙՊԲՀ՚ 1969 թիվ 2, նշում է իբր, Դավիթ Անհողինը ունեցել է երեք որդի` Կյուրիկե, Գագիկ և Ատրնեսեհ, չհիշատակելով Սմբատին:

[5] <<Քարթլիի մատյան>>

[6] Ջուանշեր. ՙՊատմություն վրաց՚ Վենետիկ1884,էջ 113

[7] Մատթեոս Ուռհայեցի. ՙԺամանակագրություն՚ Երևան 1991, էջ 158-159

[8] <<Քարթլիի մատյան>>` ՙԼրաբեր՚ հասարակական գիտությունների 1989 թիվ 11,էջ 89

[9] Մատթեոս Ուռհայեցի. ՙԺամանակագրություն՚ Երևան 1991,էջ 158

[10] <<Քարթլիի մատյան>>

[11] Ծանոթագրություն հեղինակի

[12] <<Քարթլիի մատյան>>

[13] Նույն տեղում

[14] Նույն տեղում

[15] 1105թ-ին Դավիթ IV Շինարարը ի թիվս այլ բերդերի գրավում է նաև Սամշուլդեն: Սա ևս լրացուցիչ կռվան է, որ Կյուրիկեն ետ էր գրավել քաղաքը:

[16] <<Քարթլիի մատյան>>

[17] Նույն տեղում

[18] Նույն տեղում

[19] Նույն տեղում

[20] ՙՀայ ժողովրդի պատմություն՚ հատոր III ,ՀՍՍՀ ԳԱ,  Երևան 1976, էջ 974

Facebooktwittergoogle_pluslinkedin