Կկործանվես՝ կրքերիդ ողբերգական պայքարի մեջ…

…Դու քո էությամբ, քո վարքով տակնուվրա արեցիր հոգիս: Դու կարողացար ինձ հեռացնել Բարուց ու դաժան դարձնել… այնքան դաժան, որ առանց երկմտանքի պատրաստ եմ հատուցել քեզ՝ արածդ… դու կզգաս, թե ինչ է նշանակում կորցնել ամեն ինչ, չունենալ ոչինչ, չունենալ հավատ… կզգաս, որ փախուստը միակ ուղիդ է՝ չունես այլընտրանք…
Դու շատ արագ հոգնեցիր: Դու մի քանի էջ միայն թերթեցիր այս ստվարաթերթ գրքից, ու… ծալեցիր, դեն նետեցիր…
Դու պայքար չես սիրում: Կյանքի արժեքը գտնում ես վայելքի մեջ: Ավել պարզ՝ ուզում ես պարզապես ապրել… բայց ապրել՝ կործանածդ ճակատագրերի կողքին, ապրել երջանիկ… գիտեմ, կարող ես, թե թողնեմ, թե վարձահատույց չլինեմ նենգությանդ… բայց ոչ. Բավ է… եկել է հատուցմանդ ժամանակը…
Քո արժեհամակարգը, որ հրամցնում ես շրջապատիդ՝ կեղծ է… մարդ կենացներով կամ ելույթով չէ, որ պիտի հավաստի իր էությունը… այլ գործով…
Հետ նայիր անցյալիդ ու մատնացույց արա ինքդ քեզ… ո՞վ էիր և ո՞վ ես…
Խավարի մի մասնիկ լոկ, որ քո աղճատված էության մեջ կործանվում ես քո իսկ կրքերի ողբերգական պայքարի մեջ:
Դու փորձեցիր վերցնել իրական արժեքները՝ Արիություն, Արդարություն, Խոհեմություն, Իմաստություն: Բայց դու դրանց կրողը չես, և որքան էլ փորձես ներկայանալ այդ արժեքներով, միևնույն է՝ դրանք կեղծ են քեզ համար, մի օր կպատռվի դիմակդ:
Բայց շնորհակալ չլինել քեզնից՝ երախտամոռություն կլինի… շնորհակալ եմ, որ ի վերջո ի ցույց դրեցիր իրական կերպարդ, դիմագիծդ, որ մատնացույց արեցիր կուրությունս, քո սիրուց առաջացած կուրությունս…
Ու շնորհակալ լինելով քեզնից՝ առատորեն վարձահատույց կլինեմ՝ քեզ իսկ ազատելով…քեզնից… դու կճանաչես քո Եսը, ու ստիպված կլինես խոստովանել… որ անկախ գումարի չափից՝ ծախուն ծախու է… ու կապ չունի թե որքան են վճարում քեզ… վեհը քեզ համար չէ…
Հատված հին Հուշատետրիցhushatetr

Facebooktwittergoogle_pluslinkedin