Կիսատ մնացած մանկություն…

Նեղոցն իմ բնօրանն է, ծննդավայրս: Նեղոցն իմ օրոցքն է, իմ խանձարուրը, առաջին խաղալիքս:

Նեղոցը պապիս պատմած առասպելներն են, տատիս հեքիաթները, նրա դողացող ձեռքերով մատուցած մածնի բրդուճը:

Նեղոցը մեր Սեդվի սարի ճամփեն է, Տափի Քնթանից նետած քարն է,  մեր հանդերի զուլալ աղբյուրների կարկաչն է:

Նեղոցը Կանաչքարից պոկած սինդրիկն է, ,,Քոսոտ ուլի,, բաղից հավաքած խնջլոզին է: Նեղոցը Պոլորքարն ու Գոլի քարն են, Վարդապետի կամուրջն ու, Դեբեդի փրփրած, կանաչ ջրերն են:

Նեղոցը մեր գյուղի մեծերն են, Տափում գերանդի քաշող պապերի ու նրանց առաջ կոխ բռնող թոռների հրճվանքն ու ճիչերն են:

Նեղոցը  պապիս ու հորս, դեռևս խոնավ ու փշոտ շիրիմներն են:

Նեղոցի սերը նրանցից մեջս մտավ: Նեղոցը նրա՛նք սիրել տվին:

Նեղոցը սիրեցի, երբ պապս զանգում, գյուղ էր կանչում իր չոբանության օրերին, Սարի ճամփին ամեն քար ու թփի մասին պատմում, Թալի ջրումը տատիս դրած մեղր ու կարագը հրամցնում, հին, դժվար օրերի մասին պատմություններով հոգիս լցնում:

Սիրեցի, երբ Գուգութա գլխին առաջին ղանթափին պոկեցի ու փեշս լցրի, առաջին անգամ մեր սարերի ուրցը հոտոտեցի:

Նեղոցն իմ մանկությունն է:

Ընկերական անմեղ կռիվներն են, մինչև կեսգիշեր ձգվող ,,Հալլա-մոլլան,,  առաջին սիրահարությունը…

Նեղոցն իրենց արյունը հայրենիքին տված մանկությանս ընկերների՝ Արմենի ու Արթուրի ուխտատեղի-շիրիմներն են:

Նեղոցը սեր է, հոգի է, հուշ է:

Նեղոցը միշտ իմ հոգում է…

Կիսատ մնացած մանկություն…

Մանկություն… ինձ համար այն հուշ չէ, ապրած ու վայելած օրեր են: Մանկություն… դա մեր գյուղի քարափի տաքությունն ունի իր մեջ, Դեբեդի մազութոտ ջրերի զովությունը, մեր սարերի ուրցահոտն ու անտառում գտնվող, պապիս այգում կարկաչող աղբյուրի պաղ համը…

Մանկություն…

Այն իմ մեջ ապրում  է պապիս տան բակի թթենիների գիշերային խշխշոցով, ծղրիդների անհամաչափ, բայց հոգեթով երգով, հարևանի բաղից գողացած  ցոգոլով, գյուղի ակումբում ամեն շաբաթ-կիրակի ցուցադրվող հնդկական ֆիլմերով ու մեր անմեղ ցնորքներով…

Մանկություն… Դա մեր Գուգութ սարի գլխին վառած թեժ կրակն էր, որի կայծերը քամին տանում էր վեր, հասցնում աստղերին, առավոտյան հասած, այդ կրակի մոխրաթաղ, սևացած կարտոֆիլն էր, որ ագահորեն ուտում էինք, մնացած քաղցը հագեցնում սարի մոշով ու մոռով, կողքի գյուղերի բինեքից էշ գողանում ու մեր ավարը սար ու ձորով էնքան քշում, որ էշը մեզնից էր հոգնում, մենք՝ էշից…

Մանկություն… խաշամի տակից քաղած սինդրիկն էր, հաստաբուն աճարենու վրայից պոկած ղավը, որ մեր անվարժ ձեռքերով սիգար էր դառնում, մեր փոքրիկ, բայց կոշտ մատների մեջ ,,մեծավարի,, ծխվում ու…կյանքի նկատմամբ  ինքնաբավ հպարտություն տալիս մեր մանկական հայացքներին…

Մանկություն… դա մեր ձեռքերով լցված մոշի առաջին դույլն էր, ծառի վրա փորագրած մեր անունը, մանկական խաղերը…

Մանկություն… սարում, ձորում, գետի ափին, մեր տատերի նկուղից թռցրած ու ընկերովի խնջույք դարձած հաց ու պանիրն էր,  անմեղ կատակներն ու զվարճանքներն էին…

Մանկություն… այն երբեք չի ավարտվում, քանի որ, միշտ կիսատ է մնում, միշտ ինչ որ անկատար բան թողնում իր հետևում…

Մեր մանկությունն ավարտվեց 1988-ի դեկտեմբերին…

Այնժամ մենք տեսանք սարսափելին… այն, ինչը խնամքով թաքցնում էին մեծերը մեզնից: Մենք տեսանք Մահը:

Մանկությունը չավարտվեց… այն կիսատ մնաց…

 

Facebooktwittergoogle_pluslinkedin