ԿԱՐԻՆ

Կարին քաղաքը պատմական Հայքի քաղաքական, ռազմական, տնտեսական ու մշակութային կյանքում հսկայական դերակատարություն է ունեցել։

Կարինը տեղակայված է Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Կարնո գավառում։ Քաղաքի աջ կողմով հոսում է Եփրատ գետը։ Կարինը գտնվում է Այծպտունք և Դավաբոյն լեռների մեջտեղում։ Այդ լեռների արանքում ձգվում է ընդարձակ Կարնո դաշտը։

Կարնո սարահարթի հարևանությամբ նշանավոր լեռնագագաթներ են նաև Գոհանամը, Մարիամը, Դամլուն, Սուրբ Նշանը, Թոփդաղը․․․

Կարնո դաշտը, որը գտնվում է ծովից 2000 մետր բարձրության վրա, երկրագործության զարգացման  համար ամենանպաստավոր պայմաններն ունի։ Ձմռան առատ տեղումները ապահովում են տարեկան ջրի անհրաժեշտ պաշարը։ Եվ տարածաշրջանը երկրագործության հնագույն կենտրոններից է համարվել։ Կարինը հայտնի է իր հռչակավոր աղբյուրներով։ Միայն քաղաքում մոտ 500 աղբյուրներ են բխում։

Սակայն Կարինը Հին Աշխարհում ավելի շատ հռչակված էր իր գորգերով։ Այն գորգագործության կենտրոն է եղել և արաբերենում գորգ բառը՝ Խալի, առաջացել է հենց արաբների կողմից քաղաքին տրված Կալիկալա անունից։

Քաղաքը տարբեր ժամանակներում կրել է նաև Թեոդոսուպոլիս, Անաստասուպոլիս, Արզն, Արզն Ալ Ռում, Կարիկալա, այժմ՝ Էրզրում անվանումը։ Քաղաքի ներկայիս անվանումն արաբերեն է՝ Արզն ալ-Ռում։ Արաբները Ռում կոչել են Հռոմը, և Արզն ալ Ռում, արաբերենից թարգմանաբար նշանակում է Հռոմի (Բյուզանդական կայսրության) կազմում գտնվող Արզն քաղաք։ Բանն այն է, որ, երբ 1049 թվականին սելջուկները հիմնահատակ կործանեցին վաճառաշատ Արծն քաղաքը, Արծնի բնակիչներից շատերը տեղափոխվեցին Կարին և քաղաքը կոչեցին հին Արծնի անունով։

Կարին քաղաքի հիմնադիրը Հայասա Ազզի պետության զորեղ գահակալ Կարաննիսն է՝ մ․թ․ա․ երկրորդ հազարամյակում։

Որպես Արևմտյան Հայաստանի խոշոր քաղաքներից մեկը, Կարինը հաճախ է հիշատակվում հայկական և օտար աղբյուրներում։

Կարինի միջազգային նշանակությունը մեծացավ հայերիս համար դժգույն 387 թվականից հետո, երբ Հայաստանը բաժանվեց Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Սահմանագիծն անցնում էր Կարինի արևելյան կաղմով և Կարինը բացառիկ նշանակություն ստացավ հռոմեական կայսրության արևելյան տիրույթների պաշտպանության համար։

Ավելի ուշ, բյուզանդական Թեոդոսիոս Բ կայսրը (408-450) Կարինում նոր ամրություններ, հզոր բերդ ու պաշտպանական համակարգ կառուցեց, քաղաքը մեծացրեց, շենացրեց, որպես պատվար Պարսկաստանի հնարավոր հարձակման և քաղաքն անվանակոչեց իր անունով՝ Թեոդոսուպոլիս։

Զ դարում Կարինին դարձյալ հատուկ ուշադրություն դարձրեց Հուստինիանոս Ա կայսրը (527-565), որի անվան հետ է կապված կայսրության կրկին հզորացումը։ Նրա օրոք Կարինի շրջանը պարսկա-բյուզանդական պատերազմների թատերաբեմ դարձավ և կայսրությունն ավելի ամրացրեց Կարինը՝ այն փաստորեն դարձնելով Արևմտյան Հայաստանի ամենազորեղ պաշտպանական համակարգն ունեցող քաղաքը։

Է դարում առաջացավ արաբական հզոր խալիֆայությունը։ Արաբները ձգտում էին ծնկի բերել բյուզանդական կայսրությանը և Բյուզանդիայի կենտրոնական գավառները թափանցելու համար արաբներին անհրաժեշտ էր նախ և առաջ գրավել Կարինը։ Եվ Է-Ը դարերում արաբները դեպի Կարին, որին Կալիկալա էին կոչում, բազում արշավանքներ ձեռնարկեցին։ Քաղաքն ու գավառը ձեռքից ձեռք էր անցնում, քանզի նրա ռազմավարական նշանակությունը մեծ էր երկու կողմերի համար էլ։

Ամենայնիվ, արաբներին չհաջողվեց ծնկի բերել կայսրությանը, սակայն Կարինը նրանք կարողացան գրավել և այն մտավ Արմինիա փոխարքայության մեջ։

867 թվականին Աշոտ Ա Բագրատունու (867-890) ջանքերով վերականգնվեց Բագրատունիների հայոց թագավորությունը։ Կարինը մտավ հայոց թագավորության կազմի մեջ։ Սակայն, Սմբատ Ա (890-914) գահակալման երկրորդ շրաջում, երբ հայոց թագավորությունն զգալի թուլացավ և անգամ կորստյան վտանգի առաջ էր կանգնած, Կարինը թեկուզ և ձևական, մտնում էր հայոց պետության կազմի մեջ, իրականում՝ փաստացի անիշխան էր, քանզի անվանական էր նրա ենթակայությունը հայոց պետությանը։

Իսկ 949 թցականին, Աբաս Բագրատունի հայոց թագավորի իշխանության տարիներին, Բյուզանդիան գրավեց Կարինն ու այն կցեց կայսրությանը։ Թուլամորթ հայոց գահակալը փորձ անգամ չարեց, հայոց կարևոր այդ երկրամասը հայոց պետության կազմ վերադարձնելու համար։

1242 թվականին Կարինը գրավեցին մոնղոլները։ Իսկ ԺԵ դարում քաղաքը կռվախնձոր դարձավ թուրքմենական Կարա-Կոյունլու և Ակ-Կոյունլու ցեղախմբերի միջև։

1514 թվականին Կարինը վերջնականապես գրավեց և Օսմանյան կայսրությանը կցեց սուլթան Սելիմ Ա Ահեղը։

ԺԹ դարից սկիզբ առած ռուս-թուրքական պատերազմների ընթացքում ռուսական զորքը հայ աշխարհազորայինների աջակցությամբ մի քանի անգամ գրավեց Կարինը։ Սակայն որպես կանոն, ռուսները խաղալով հայության զգացմունքների հետ՝ ուղղակի վաճառքի էին հանում Հայկական Հարցն ու հայության շահերը զոհաբերում իրենց մեծապետական  շահերին և պատերազմի ավարտից հետո զոհաբերում էին Արևմտյան Հայաստանը՝ այն վերադարձնելով թուրքերին՝  թույլ չտալով հայության երկու հատվածների միավորումը։

Բնականաբար, այս պայմաններում, թուրքերը հայությանը համարում էին դավաճան տարր, քանզի հայերը դաս չառնելով պատմությունից՝ ամեն անգամ սիրահոժար լծվում էին ռուսական ռազմակառքին ու հարվածում Օսմանյան կայսրության թիկունքին։ Եվ ռուսական ներկայության ի չիք դառնալուց հետո թուրքերը պատժում էին հայությանը՝ բռնություններ  գործադրելով։

Ի դեպ, Կարնո շրջանի հայությունը մեծամասամբ կաթոլիկներ էին։ Հայերը կաթոլիկություն ընդունել էին դեռևս ԺԸ դարում, Օսմանյան կայսրությունում գործած կաթոլիկ միսիոներների քարոզների ազդեցության տակ։ Մի մասն էլ հիասթափված էր Հայաստանյայց Առաքելական եկեղեցուց, մի հատվածն էլ կաթոլիկություն ընդունեց անձի և գույքի ապահովության համար, հույս ունենալով, որ Հռոմի Պապն ու Ֆրանսիան իրենց կառնեն հովանու տակ։

Ռուս-թուրքական պատերազմների արդյունքում ռուսների և եկեղեցու ջանքերով նաև հայաթափվում էր Արևմտյան Հայաստանը։ Ահավասիկ, 1828-1829 թվականների պատերազմի ժանմանակ ռուսական բանակը խոշոր հաղթություններ տարավ ու գրավեց գրեթե ողջ Արևմտյան Հայստանը։ Սակայն հերթական անգամ այն վերադարձվեց թուրքերին։ Ռուսական զորքի հեռանալուց առաջ, ռուսների ցուցումով, Կարրնո առաջնորդ Կարապետ եպիսկոպոս Բագրատունին հավաքելով հայությանը՝ կոչ արեց լքել հայրենի եզերքներն ու ապաստանել ռուսական կայսրության տարածքում։ Ցավոք, շատերը հետևեցին հայ հոգևորականի կոչին, մանավանդ, որ եկեղեցու այս ամենևին էլ, ոչ հայանպաստ գործունեությանը նպաստում էր ռուսական հրամանատարությունը։ Եվ 1829 թվականի Ադրիանապոլսի պայմանագրի վավերացումից հետո Կարինից ու շրջակայքիվ ավելի, քան 20 հազար հայեր հեռացան։ Հեռացող հայությունը տեղավորեցին արդեն 1801 թվականից ռուսական կայսրությանը կցված Լոռվա հարավային հատվածում, իսկ հիմնական մասը՝ Ադրիանապոլսի պայմանագրով Ռուսաստանին միացած Ջավախքում՝ Ախալցխայի և Ախալքալակի շրջաններում։

Մոտ 15000 հայեր Կարինից ռուսական տիրապետության սահմաններ գաղթեցին 1879  թվականի աշնանը։

Եղեռնի նախօրեին Կարինի բնակչությունը 130 հազար էր, որից հայեր էին քառորդ մասը։ Չնայած թվաքանակին՝ քաղաքի ու գավառի տնտեսության մեջ հայերի տեսակարար կշիռն ավելի մեծ էր։ Հայերն ունեին հարյուրավոր ձեռնարկություններ, արհեստանոցներ, հացի փռեր, շուկայում հայերին էին պատկանում տաղավարների, խանութների կեսից ավելին։

Միայն Կարինում հայերն ունեին ավելի, քան 5000 խոշոր եղջերավոր անասուններ։

Կարինը կրթության կենտրոն էր։ Ճիշտ է, միջնադարում այն հայտնի չէ եղել որպես խոշոր գրչության կենտրոն, առավել ևս, որ միշտ չէ, որ հայոց քաղաքական կյանքում է ընդգրկված եղել, բայց նորագույն շրջանում․․․ քաղքաքում բազում հայկական դպրոցներ կային։ 1811 թվականին բացվեց Կենտրոնական վարժարանը, ուր հարյուրավոր հայորդիներ էին սովորում։ Իսկ 1881 թվականին բացվեց Սանասարյան վարժարանը՝ բարձր տիպի դպրոց, որն  անգամ թուրքական իշխանությունների ուշադրությունն ու հովանավորչությունն էր վայելում և իր տեսակի մեջ համարվում էր առաջինը ամբողջ Մերձավոր Արևելքում։

Կարինում տասնյակի չափ կայկական թերթեր էին լույս տեսնում, մեկը՝ խառը՝ հայերեն և թուրքերեն։

1881 թվականին Խաչատուր Կարեկցյանի, անվանի բարեգործ Բագրատ Նավասարդյանի ջանքերով Կարինում հիմնվեց Պաշտպան Հայրենյաց ընդհատակյա կազմակերպությունը, որի նպատակը հայության շրջանում լուսավորության տարածումն ու հայությանը զինված ապստամբության նախապատրաստումն էր։ Սակայն ցավոք, շատ չանցած, օսմանյան ոստիկանությունը հայտնաբերեց կազմակերպությունը, տասնյակ մարդիկ բանտարկվեցին։

Ցավոք, Կարինում հայությունը չկարողացավ այլևս համախմբվել ու կուռ զինական, քաղաքական ուժ ստեղծել։ Եվ երբ 1895 թվականի հոկտեմբերին Կարինում սկսվեցին համիդյան ջարդերը, հայերը գրեթե առանց դիմադրության, հլու-հնազանդ իրենց ճակատագրին, մորթվեցին։ Միայն Կարին քաղաքում հայերը 1000-ից ավել զոհ տվեցին։

Եղեռնի տարիներին Կարինն առանց դիմադրության անձնատուր եղավ։ Հայությունը բռնեց գաղթի ուղին, մի մասը կոտորվեց ճանապարհին, մի մասը՝ հենց Կարինում։ Ռուսական զորքերը գրավեցին Կարինը, երբ թուրքերն այնտեղ արդեն իրականացրել էին իրենց սև գործը, դեռևս 1915 թվականի հունիսի կեսերին։ Քաղաքի հայությունը կա՛մ բնաջինջ եղավ, կա՛մ իսլամ ընդունեց։

Կարինի հայաթափումից շատ չանցած, կնքվում է Երզնկայի զինադադարը և պատերազմական գործողությունները դադարում են։ Սակայն ռուսական հեղափոխության արդյունքում քայքայվում է ճակատն ու թուրքերը հարձակման են անցնում։ Կարինի նշանակությունը հայ-թուրքական սահմանագծի պահպանման գործում հսկայական էր։ Այնտեղ դեռ 1917 թվականի աշնանից խմբապետ Թորգոմը սակավաթիվ ուժերով հերոսաբար պահպանում էր քաղաքն ու ռազմաճակատի գիծը։ 1918 թվականին Կարինի պաշտպանությունը հանձնարարվեց գեներալ Անդրանիկ Օզանյանին, ով սակայն անկարող եղավ պաշտպանել քաղաքը և 1918 թվականի փետրվարի 26-ին թուրքերը կրկին գրավեցին Կարինը։

Կարինում պահպանված հայկական շինություններից են Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ ԺԹ դարի անշուք շինություն է և վեր է ածվել մզկիթի, Սուրբ Մարինե կիսավեր եկեղեցին, Դաշնակցության Կարնո գրասենյակը, որին թուրքերը Շեյթան Սարայ՝ Սատանի տուն են կոչում, Սանասարյան վարժարանի շենքը, ուր այժմ թանգարան է տեղակայված՝ նվիրված Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին, ով իր Քեմալական շարժումն սկսեց հենց Կարինից, Սանասարյան վարժարանում հրավիրելով թուրք ազգայնական զինվորականության ժողովը։

Կարնո բերդն է պահպանվում, ինչպես նաև մզկիթի վերածված բազում շինություններ, որոնցից պետք է առանձնացնել Ուլու Ջամին, իր ճարտարապետական հմայիչ վեհությամբ։

Այժմ Կարինը գրեթե կես միլիոն բնակչությամբ քաղաք է։ Հայտնի արդյունաբերական ու մարզական կենտրոն է։ Թուրքիայի ձմեռային մարզաձևերով զբաղվող մարզիկները հիմնականում Կարինում են անցկացնում իրենց մարզումները։ Այդ առումով Կարինը նման է Ծաղկաձորին։

Կարինում ապրում են մի քանի հազար իսլամ հայեր։

 

Վահէ Լոռենց

 

 

Facebooktwittergoogle_pluslinkedin