ԼՈՌՎԱ ԺՊԻՏՆԵՐ

ԱՍԱՑ ՄԵՐԸ….

Հաղբատի տերտերը` տեր Հարությունը, կիսագրագետ մարդ էր: Կինը` Կատինկան էր վարում ծխական գործերը: Նա սաղմոսագրքի մեջ էջանիշ էր կարել, կիսատ – պռատ մի աղոթք էր սովորեցրել տեր հորն ու վերջինս այդ աղոթքը կարդում էր թե՜ Զատիկին, թե՜ Բարեկենդանին: Մի օր գյուղի երիտասարդները տեր հորը մոլորեցնելու համար փոխում են էջանիշի տեղը: Պատարագի ժամանակ տեր Հարությունը բացում է գիրքը.
-Տեր հայրն ասաց…,- տեսնում է, որ իր էջը չի: Թերթում է.
-Տեր հայրն ասաց…,-թերթում է…
Այսպես մի քանի անգամ:
-Ի՞նչ ասաց տեր հայրը, հե՜ր օրհնած,- կանչում են շարքից:
-Տեր հայրն ասաց էջը փոխողի մե՜րը….,- գոչեց տեր Հարությունը:

ԷՍ ՏԱՐԻ ՉԻ ԼԻՆԻ

Տերտերակինը` Կատինկան, տեր հոր փարաջայի աջ գրպանը հաշված լոբի էր լցրել ու պատվիրել, որ ամեն օր մի գրպանից մյուսը մի լոբի գցի: Հենց աջ գրպանի լոբին հատնի` Զատիկ է, պատարագ պիտի կարդա: Զատիկից մի շաբաթ առաջ երիտասարդները շփոթեցնում են տեր Հարությունին ու լոբիները ձախ գրպանից աջ գրպանը լցնում: Զատիկի նախօրեին նրանք հարցնում են տեր հորը.
-Տեր հա՜յր, էս տարի Զատիկը ե՞րբ ա:
-Է՛, որդի ջան, թե որ վերևն ասծուն եմ մտիկ տալի` վայթե մոտ օրերս ա: Համա թե որ դվեր եմ գալի ու ջեբիս մտիկ անում` վայթե էս տարի Զատիկ չըլի…

ԼԱՎ ՉԻ ՆԱՅԵԼ

-Գևո՜, էս քշեր նավթավառիս նավթը գողացել են, ո՞վ կըլի տարած:
-Լուսի՜կ մոքիր, կարող ա՞ իմ վրա ես կասկածում:
-Ամենամոտիկ հարևանը դու ես, բա ու՞մ վրա կասկածեմ:
-Լուսի՜կ մոքիր, էնենց բան ասա, որ հվատան: Ես որ գողանայի, լիքը նավթավառը կգողանայի, էլ խի էի՞ նավթը դատարկում, նավթը տանում:
-Վու՛յ, եդ ի՞նչ ես ասում, կարող ա՞ նավթավառն էլ են տարել. լավ չեմ նայել:

ԻՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՐ

-Վանիչկա՜, կովին տոկը խփել ա:
-Աչքն էլ հանել ա, ի՞նչ գործ ուներ ստոլբի ծերին:

ԱՆԱԿԱՆՋ ԵՆ…

Ճամբաժնում աշխատելիս աքորվեցի կանայք փորձում են ղալկոխ անել Ջանդառի Մարտունին:
-Մարտու՜ն, ձեր գյեղիցը մեր կշտին երկու հարսը կան, թե մինն էլ ըլի` մեր տղամարդկանց էլ էգը պետքը չի…
-Բայց դուք նրանց հրսանքին էլել ե՞ք, – հարցնում է Մարտունը:
-Չէ՜, բայց հրսանիքը աբուռի հետ ի՞նչ կապ ունի, – զարմացան կանայք:
-Էնա որ ըլեիք` կիմանայիք… հրսանքի վախտը ձեր գյեղացի թամադեն կանգնեց ու ասավ. ՙՀարսներ ջան, սօրվանի յեդը ձեր գյեղի ադաթը կթողաք ու մեր գյեղի ադաթով կշարժվեք՚: Հըմի որ լսել չէին` ասիլ տեիք անականջ հարսներ են…

ՈՏԻ ՏԱԿԻ ՀՈՂԸ…

19- րդ դարի վերջին Հաղբատի և Շնողի միջև հողային վեճ է ծագում:Երբ հողաչափ շրջիկ դատարանը քննություն է անցկացնում` վճռական է լինում Այնալուի երդումը. ՙԱստվա՜ծ, երկի՜նք, գետի՜ն… ոտիս տակի ֆողը Հաղբատինն է՚: Երբ վերադառնում էին գյուղ, համագյուղացիները հանդիմանում են Այնալուին, թե ինչպե՞ս համարձակվեց կեղծ երդվել: Քմծիծաղ տալով` Այնալուն հանում է տրեխները և թափ տալիս նախօրոք Հաղբատից լցրած հողը: Երդման պահին իրոք Այնալուի ոտքերի տակ Հաղբատի հող էր:

ՄԻՆ – ՄԻՆ ՏԱՐ

Ծաղկաշատցի Ջանդառի Մարտունը համագյուղացի քաղաքաբնակ տղային ծաղրելու համար կարգադրում է.
-Ադա՜, հլա եդ եզները ջուրը տար:
-Շատ չի՞ ըլի…, – հակաճառում է տղան:
-Շատ կըլի` մին- մին տար….

ՀԵՏՈ ԼՍԻԼ ՉԵՍ…

Հարսանիքը նվագով անցնում էր Ծաղկաշատի փողոցներով: Պատահաբար տեղով անցնող Ջանդառի Մարտունը խառնվում է հարսանքավորներին, սրտի ուզածի չափ պարում: Երբ հարսանքավորները հասնում են Մարտունենց թաղը` կանգնեցնում է բոլորին ու սգո երաժշտություն պատվիրում: Բոլորը զարմացած Մարտունին են նայում, բայց գիտենալով նրա ՙշաշ խասյաթը՚` տեղի են տալիս: Երբ տխուր երաժշտությունը հնչում է` Մարտունը ձայն է տալիս հորը.
-Այ հլիվոր, Ջանդա՜ռ, արի, լսի, քու հմայ ա, լավ ականջ դի, էգուց – էլոր որ մեռնես, ինչդա էլ նվագեմ` չես լսի…

ԾՈՒՅԼԸ ԾՈՒՅԼ Է

Գևոն ծույլ մարդ էր: Մի օր գյուղամիջում զրույցի ժամանակ դիմում է Վարոս բիձուն.
-Վարո՜ս բիձա, էռնակ չէ՞ր ըլի մարդիկ էլ իծանու նման ըլեին, ըրածեին, կուշտ ուտեին ու դինջանային: Թե չէ` բանի, հա, բանի…
Վարոս բիձեն պատասխանեց.
-Այ խև՜, որ տենց էր էլե, գիտես փորդ կշտանալ տե՞ր: Դու հեչկել ճաշին քնատեղան վի կենաս` տենալ տիս` Իծրածանց տղերքը հրեն Սբլիսի գլխին խնձորածաղիկը ըրածել, վեր են գալի, քեզ էլ` չփարատակերի կառն ու փուշը տին փայ հասնի:

ԻՄ ՀՈՐԻՆԸ ԹԱՆԿ Ա

Ջանդառի Մարտունը շուկայում կարտոֆիլ էր վաճառում:
-Ի՞նչ արժի, – գինը հարցնում է մի աղջիկ:
-Մի մանե՜թ, – պատասխանում է Մարտունը:
-Պա՜հ, հորդ գինն ես դրել, – նեղսրտում է գնորդը:
-Հա, աղջի՜կ ջան, հերու տասը կոպեկ էր` քու հոր գինն էր, հմի մի մանեթ ա` իմ հոր գինն ա:

ՀԱՐՑՆԵԼԸ ՈՐՆ Ա

Նորաբաժան մարդ էր նախրապան Հակոբը, դժվար էր ապրում, կարիքավոր էր, բայց օգնողներ էլ կային: Գոհ էր հատկապես քավոր Գրիգորից, դրա համար էլ կարիքը կրկին նրա դուռը տարավ:
-Բայրիգուն կնքավո՜ր, – ասավ ու կարմրեց:
-Բարով, հազար բարի:
-Խնդրում եմ կամները տաք, ուզում եմ էգուց մի էրկու հասկը կալսեմ, էրեխեքը…
-Հա, էրեխեքը սոված են, լավ ես մտածել, – ասաց քավորը, – թե վաղն արև ըլի` մեր դեզն ենք կալսերու, արի, որ օգնես: Թե ավինդը փոխվի` այ որդի՜, արի տար, էլ հարցնելը ո՞րն ա…

ԼԱՎ Է` ՏԵՍՆՈՂ ՉԵՂԱՎ

Աշնան մի օր Եղիշը Համամլու է գնում: ՈՒզում է էժան գնով կաղամբ գնել: Լծակավոր կշեռքով կշռում են 70 կգ, բարձում էշին: Եղիշը տալիս է փողն ու շտապում: Կարծում էր, թե մեկ ռուբլի պակաս է վճարել: ՈՒզում էր շուտ հեռանալ: Երկու – երեք հարյուր մետր գնալուց հետո ետ է նայում ու զարմանում: Կաղամբավաճառն իր պես վազում է` հակառակ ուղղությամբ: Եղիշի ոտքերը թուլանում են: Նստում է ճամփեզրին, նորից հաշվում:
-Շան որդին իրեք ռուբլի ավել է վերցրել, – բարձրաձայն եզրակացության է գալիս ու ձեռնափայտին հենվելով` նորից բարձրանում տեղից, – շան տարած ըլի՜: Բա որ գյեղիցը մարդ չի տեսել, – իրեն մխիթարեց Եղիշը:

ԹԱԿԱՐԴ

Սեդրակը Գութանքարում կոլխոզի մոզիներն էր պահում: Գործընկերը գյուղ էր գնացել, Սեդրակը մնացել էր մոլորված: Քնելուց էլ էր բեզարել, ինքն իր հետ խոսելուց էլ, միտք անելուց էլ…
Ձորում ի մեծ լորենի էր ընկած, մի տասը կոթ դուրս կգար: Մոտեցավ, հավանեց, ուզեց կոթացու կտրել: Ինքն էլ չհասկացավ` թե ոնց կացինն ընկավ փչակը: Ելք չկար. Մտավ փչակն ու առաջ սողաց: Թվաց, թե կացինն երևաց: Էլի գնաց: Հետո փորձեց դուրս գալ` չստացվեց: Լավ էր` օր անց եկավ ընկերը գյուղից, գտավ Սեդրակին, ազատեց: Կացինը Սեդրակի գոտու մեջ էր…

ՀԱԶԱՐ ԲԱՐՈՎ

Երկու գյուղերի հողային սահմանները ճշտելիս գժտվել էին հաղբատեցիք ու շնողնեցիք: Այնպես էին գժտվել, որ վերջիններս որոշել էին ոչ մի հաղբատեցու հետ չխոսել: Լուրը Հաղբատ է հասնում: Հարկավոր էր ստուգել: Այնալվանց Խեչոն ու Քարամը մի պատրվակով Շնող են գնում: Գյուղամիջում շատ մարդ կար: Զրուցելով մոտենում են ավագների խմբին ու բարևում` Բարլիս: Ոչ մի պատասխան: Լուրը ճիշտ էր: Քարամն իսկույն դիմում է Խեչոյին.
-Խեչո՜, ուրեմն ըստի մարդ չկա: Ես էլ մի խովլաթ տեղ ման գեյի…
Ասում է ու անմիջապես ձեռքը տանում դեպի շալվարի կոճակները: Շնողնեցիք, որ լավ գիտեին Քարամի բնավորությունը, մի ծերունու պահանջով բոլորն առաջ են գալիս.
– Բարով, հազար բարի տղե՜րք ջան, բարով եք եկել…

ԻՐԱ ՈՏՈՎ

Մեսրոպի ամլիկ գառը կորչում է, բայց Մեսրոպը ոչ ոքի ոչինչ չի ասում: Առաջին օրը նույնիսկ տնից դուրս չի գալիս: Երկրորդ օրը նստում է գյուղամիջում ընկերների հետ, ծխում: Գյուղացիք կարծում են, թե հիվանդ է: Որոշ ժամանակ անց նրան է մոտենում Գոքորն ու հարցնում.
-Մեսրո՜պ պապի, գառն ըտենց էլ կորա՞վ:
-Գառը կորավ, բայց գողն իրա ոտով եկավ, շու՜ն, շան որդի…

ԼԱՎ Ա` ՇԻՇՎԻԿԻ ԳՆԱՄ

-Պապի՜, ուզում եմ գնամ հարջի որսի, ի՞նչ ես ասում, – հաղբատեցի Էվոանց Մկրտիչին է դիմում մի ջահել որսորդ:
-Լա՜վ ես անում, բա հնգերտինքդ, շունդ, թվանքդ ու՞ր են:
-Մենակ եմ գնում, խանչալ եմ տանում: ՈՒզում եմ բունը մտնեմ ու ընդի էվետ ռադ անեմ: Միսն ինձ կըլի, եղը քի կտամ: Կաշին էլ ծախիլ տիմ: Համա թե ասա, որ ես ու հարջը յիրուր հասանք, ըժու ով գիտե, որ ինձ բռնեց, ի՞նչ անեմ, գոռա՞մ թե ձենիս վրա ենը կգզազի:
-Մեկել բաները քու գործն ա, համա գոռալու հմա մտածիլ մի, ինքը կգոռացնի…
Ջահելը գունատվեց ու ցածր ասեց.
-Հարջի հերն էլ անըծած, հարջատիրոջն էլ: Լավն էնա` ռավոդը մորս հետ շիշվիկի գնամ…

ԷՆ ԾԵՐԻՑԸ ԿՐԱԿԻ

Ամռան վերջում Կալերի սեռի հանդամասում հաղբատեցի Գարեգինն ու իր ընկեր Սարգիսը մնացել էին անասունների մոտ: Կեսգիշեր էր: Ամրատ շունն էլ իրեն կտրատում էր: Գարեգինն ու Սարգիսը դուրս թռան դափից, հարայ – հրոցը կապեցին: Գարեգինը ետ մտավ դափը, շտապ վերցրեց միակ փամփուշտով հրացանը: Կովերից մինը որ բռանչեց, Գարեգինը հասկացավ, որ գելը բռնեց: Նա կրակեց միակ փամփուշտը: Իսկ երբ Ամրատ շունը ծմրաց, Սարգիս բիձեն, թե`
-Ադա, կրակի, շանս խեղդեցին:
Գարեգինը`
-Բիձա՜, էլ կա ոչ, որդիա՞ն կրակեմ:
-Ադա, թե ըտի պատրոն չկա, հմի էլ շուռ տու են մի կռնիցը կրակի, – պնդեց Սարգիս բիձեն:

ԻՎԱՆԴԸ ՀԻՎԱՆԴ Ա

Սարգիս բիձեն Կալերի սեռի հանդամասում հիվանդացել էր: Ստիպում է Գարեգինին, որ նա գնա Մադանի միակ հիվանդանոցից իր համար դեղ բերի:
-Այ բիձա՜, ի՞նչ ասեմ, ո՞վ ա Սարգիս բիձեն, ի՞նչ հիվանդ ա…
-Տո հիվանդը հիվանդ ա էլի, նրանց հմա ի՞նչ տարբերություն, – պնդում է բիձեն:

ՍԱՐԳՍԻ ՌՈՒՍԵՐԵՆԸ

Սարգիս բիձեն Աթոռիկում անասուն էր պահում: Իրենցից ոչ հեռու ռուս զինվորներ էին բնակվում, որ երկաթգծի թունելն ու կամուրջն էին հսկում: Նրանք հաճախ էին գալիս Սարգիս բիձու մոտ` կաթ, մածոն գնելու:
Մի օր Սարգիսը որոշում է ծանոթանալ զինվորների հետ: Երբ զինվորը բարձրանում է կաթ գնելու` Սարգիսը հայերեն հարցնում է.
-Ադա՜, անունդ ի՞նչ ա:
Զինվորը ոչինչ չհասկանալով` պլշած նայում է Սարգիս բիձուն:
-Ադա՜, ես Սարգիսն եմ, բա դու՞ ով ես, – բռնելով զինվորի կոճակից` հարցնում է բիձեն:
-Это пуговица…
Սարգիսը այլ բան է հասկանում և ջղայնացած հարցը կրկնում է.
-Ադա՜, ես Սարգիսն եմ, սա` Սուլին, – մատնացույց անելով կողքին կանգնած Սուլընին, – սա` Շահոն: Բա քու անունդ ի՞նչ ա, – բռնելով զինվորի հագուստի կոճակից:
Խեղճ զինվորը ապշած աջ ու ձախ է նայում, բիձու ձեռքին նայում, նրա բռնած կոճակին, ու…
-Это мундир…
Էս անգամ Սարգիս բիձեն զայրանում է, հավաքում զինվորի շինելի օձիքն ու ասում.
-Տո մունդռիկը դու՜ն ես, շու՜ն, շան որդի: Էս ձորովը շատ ռուս ա անցել, բայց քու նման ղանմազը դեռ ռաստ չէր եկել…

ԵՍ ԻՆՉՔԱՆ ԿԻՄԱՆԱՄ

Գյուղամիջում, ծառի տակ, տարեց մարդիկ հավաքված զրուցում էին գյուղի ու աշխարհի անց ու դարձից ու անցնող – գնացող ջահելներին խոսքի մեջ էին քաշում: Այդ պահին անցնում էր Աբելանց Վանիկը, որին ծերերը կանչում են ու հարցեր տալիս աշխարհի անց ու դարձից: Լսելով նրա պատասխանները` Արզիմանը բարձրացավ տեղից.
-Այտա՜, մտքովս մի բան անց կացավ. Էս Վանիկը, որ մի մատն ըրեխայ ա, էսդա բան գիտի, բա որ ես էս տարսը թայ եմ, ինչդա՞ կիմանամ…

ՈՉԽԱՐԻ ՇԱՌԸ ՇԱՌ Ա

Սիրամարգը վաղ գարնանը ժամկետից շուտ խուզեց ոչխարը: Երկու օր հետո եղանակները վատացան, ձյուն եկավ: Սիրամարգն ստիպված մի հին ժակետ հագցրեց ոչխարին ու անտառ ուղարկեց:
Դանելն էլ իշին նստած գնում էր փայտի, երբ ժակետը հագին ոչխարն առաջն ելավ: Էշը խրտնեց, տրտինգ տվեց ու Դանելին գետնին փռեց: Դանելն ուշքի գալով` բարձրացրեց գլուխն ու ասաց.
-Էս տարսը մարդ եմ, դեռ ոչխարի շառի եկած չկայի…

ԳԵՉԻՆ ՊԱՏՄԱԲԱՆ

Հաղբատավանքի պահակ Գեչին սրանից – նրանից պատմություններ էր լսել ու որոշ բաներ ավելացնելով` պատմում է հաճախորդներին:
-Էս դուռն իրանն ա, չի փոխվել, կառուցվել ա տասերորդ դարում: Կառուցել ա Չոբանանց Մեխոն: (Մեխոն մահացել է 1949 թ.)
Երբ որևէ մեկը նկատում էր ժամանակների տարբերությունն ու ասում`
-Էդ ի՞նչ Մեխո էր, որ հազար տարի ապրեց, – Գեչին մահակը բարձրացնում է ու վրա պրծնում.
-Ընչի՞ ես մտքերս խառնում…

ՍԱՅԱԹ ՆՈՎԻ ԽՈՐՈՎԱԾԸ

Շարունակելով իր պատմական բացատրությունները` Գեչին ասում է.
-Էս էլ են գաղտնի խոդն ա, դվորը Սայաթ Նովեն գներ Ըխտալի, պորտն Աննայի պորտին քսեր, գեր…
Ապա դպրոցականներին ցույց տալով մի հնամաշ, դուրս նետված թիթեղյա վառարան` բացատրում էր.
-Էս էլ ըրեխեք ջան, մեր Սայաթ – Նովի մանղալն ա, որ խրոված անեինք, յիրուր հետ ուտեինք…

ԳԵՂԱՄԻ ՆՈՐ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այն հարցին, թե մեծածավալ քարերը ինչպես էին միջնադարում տեղափոխել` վանքի պահակ Գեղամը պատասխանում է.
-Էն վախտվա մարդիկ շատ ջանավար էին ու ուժեղ: Են պոպոլոզի սինը տենում ե՞ք, – ցույց է տալիս զանգակատան գմբեթի սյունը, – նրան էրկու հոգով են ներքի ձորիցը բերել Լուսահոգի հերս տեհել ա…
Լսողները պա՛հ, պա՛հ էին ասում ու ծիծաղում:
Գեչի պապը միաժամանակ շատ սնափառ էր ու հայոց բոլոր մեծերին բերել – թաղել էր Հաղպատում:
-Էս մեր Սայաթ Նովի գերեզմանն ա, – ցույց էր տալիս տեր Ստեփանոսի գերեզմանը, – էս էլ, ըրեխեք ջան, Տիգրան Մեծի գերեզմանն ա, – ասում էր` ցույց տալով Խոսրովիկի տապանը:

ՇԻՆԵԼԸ

Բադալը մի քանի անգամ զորակոչվել էր բանակ: Ամեն անգամ զորացրվելիս նոր զինվորական շինելով էր վերադարձել: Գյուղացիներից շատերը, մասնավորապես իր բարեկամ Բադալը, նախանձով էին նայում նրան:
-Էս մեր Բադալն էլ մթոմ կռիվ ա գնում: Հազիր տեղ ա հասնում, մի շինել վրեն գցում, եդ գալիս:
Վերջին անգամ, հայ – վրացական պատերազմի ժամանակ երկու Բադալներին միասին բանակ զորակոչեցին: Կոջորում վրացիները հակահարձակման անցան ու նահանջի մատնեցին հայերին: Հայերը խուճապահար փախուստի դիմեցին: Բադալը նկատեց, որ իր բարեկամը հրացանն ու փափախը կորցրած` փախչողների առաջին շարքում է: Իրեն չկորցնելով` ձայն տվեց.
-Ղարագյոզի տղա՜, եդ դառ մի թազա շինել հագի, եդ ի՞նչ ես գոմշափախ տալի…

ԷՌՆԱԿ

Գուլուլը որ տկար կին էր, ձեռքը դնում է աղջկա` Շամամի լիքը քամակին ու ասում.
-Է՛, Շամա՜մ ջան, էռնակ քեզ տանողին:

ՏԱՎԱՐԱԾ ԹԵ…

Կոլտնտեսության վարչությունը որոշում է վրացի Վանոյին ուղարկել տավարած: Վանոն ըմբոստանում է.
-Խի ձեր գյեղում տավարած չկա՞: Որ ես Վրաստանից չէի եկել, ձեր տավարին վեր ըլող չտե՞ր ըլի….

ՈՆՑ ՊԱՀԵՍ

Գյուղատնտեսության մյուս առաջավորների հետ Մոսկվա` գյուղատնտեսական ցուցահանդեսին մասնակցելու ուղարկեցին նաև մաճկալ Պախոդի Պետոյին: Մոսկվայում, երբ պատվիրակությունը դուրս է գալիս հյուրանոցից ցուցահանդես գնալու, Պետոն տեսնում է քաղաքացիների մեծ բազմություն, որոնք ոչ վար են անում, ոչ ցանում, ոչ անասուն են քշում, ոչ կալ են կալսում, ոչ էլ` հունձ են անում, այլ հարսանքավորի նման հագած – կապած այս ու այն կողմ են քայլում: Պետոն մտածմունքի մեջ է մտնում, քաշվում մի անկյուն, հոգոց հանելով, լսելի ձայնով ասում.
-Է՛, Պախոդի տղա, դե արի քշեր – ցերեկ վար արա, ցանի, հնձի, կալսի, ցորեն ու բերք ստեղծի, որ էս ջառի ռեխը պահես… Դրա հմա էլ մինն էրկուսը չի դառնում էլի…

ՆՐԱ ՈՒՄՈՒԴԻՆ ՉԻ

Խալոյի մարդը մահամերձ էր: Հարևանները հարցնում են, թե ինչու չի բժշկի տանում:
-Ի՛, ֆողեմ դրա գլուխը, հեսհէ դրա ումուդին չեմ:

ԱՆԲԱԽՏ ՀՈՎԻՎԸ

Գափոն գառնարած էր: Անձրև ժամանակ գառները քշում է մի փլեկ գոմի մեջ: Երբ ամպրոպ է տրաքում, Գափոն, թե.
-Չո՛ռ, մեկել տարի Փերոզի Խեչոյի չոբանության վախտն իր քոռացել, ա՜յ գարհետակ:
Այդ պահին գոմի ծածկից մի կոճղ է ընկնում:
-Համա վայիս բանի հմա պատրաստ ես հա՛, – նեղսրտեց Գափոն:

ԻՐԱՆ ՍԵՎՑՐՈՒ

Մրգի բերքահավաքի օրերին Հաղբատից բրիգադ էին տանում հարևան տնտեսություններին օգնելու: Գնացողների մեջ էր նաև Սիրուշը:
Գործի ժամանակ թուրք պահակը հետապնդում է ջահել հարսին: Որ մի քանի անգամ այդպես շարունակվում է` Սիրուշը հայտնում է իր հետ աշխատող Անուշին ու խորհուրդ հարցնում: Անուշը, թե`
-Ֆողեմ դրա թուրք գլուխը, տար են կռանը մի ծառի տակի իրան սևցրու, թող կորչի:

ԴՐԱՆ ՉՃՆԱՆՉԵՑ

Թաթոսը հյուրընկալվում է Թիֆլիսում, աներձագի տանը: Նրան օրերից մի օր կրկես են տանում: Ակրոբատները ամենաբարդ վարժություններ էին անում, իսկ հանդիսատեսը շունչը պահած դիտում էր: Ակրոբատները վերջացրին իրենց վարժությունները և ասպարեզ մտավ դունչը ներկած, լայն շալվարով, մեծ գլխարկով, մի ոտքը կաղ ծաղրածուն: Թաթոսը տեսնելով ծաղրածուին` վեր թռավ տեղից, ծափ զարկեց, բղավեց.
-Պա՜հ, է՞ս ով ա…
Հանդիսատեսը թողնելով արենան` հայացքը հառեց ոտքի կանգնած Թաթոսին: Աներձագն էլ` ՙԾո Թաթո՜ս, էս դիփնուն ճնանչում իր, հլե եդ մի՞նն էր խամ…՚

ԷԴՔԱՆ ԹԱՓՎԵԼ Ա

-Վասի՜լ Շաքարիչ, դուզն ասա, էս ցիստեռնով մին արաղ կը՞լես խմած, – հարցնում է բանվորներից մեկը:
-Հիմա՜ր անտեր, էտդա մենակ դոշիս կըլեմ թափած:

ԽԱԹՐԸ ՇԱՏ ԷՐ

Ամին ինքնաշեն թակարդով գայլ էր բռնել: Հանեսն ու Ամին գնացել էին գայլին թակարդից հանելու: Հանեսը, թե`
-Ամի՜, թե գելն ուզենար, կարալ չէ՞ր ղափանգիցը դուս գար…
Ամին թե. ՙԽի ինձ խաթր էր անու՞մ որ մնաց…՚

ԷՇԸ ԷՇ Ա

Օսանը քաղաքից գյուղ հարս էր եկել: Իրիկվա կողմ ամուսինը, թե` էշը կորել ա, գնամ բերեմ: Գնալուց առաջ կնոջը պատվիրում է, որ եթե իրենց սև էշը էս ընթացքում վերադառնա` քշի, գոմը գցի: Նրա գնալուց հետո Օսանը տեսնում է, որ տան կողքով մի քանի էշ են անցնում, բոլորն էլ` սև: Խեղճ կինը ճարը կտրած` բոլորին քշում է գոմն ու դուռը փակում: Երբ ամուսինը իրենց էշը գտած վերադառնում է, կինն արդարանում է.
-Դե դու ասիր սև էշ ա, ես էլ սաղ գոմն արի: Էշն էշ ա էլի…

ԴՈՒ ՈՐԻՆՆ ԵՍ

Աղաջանը պառկած էր հիվանդանոցում: Երբ վիճակը փոքր ինչ լավացավ` մյուսների նման դուրս եկավ միջանցք` զրուցելու: Այնտեղ էր նաև Շալիկոն, որ բոլորից առողջ էր ու ամենից շատ էր խոսում: Աղաջանը հեռվից լսեց Շալիկոյի զավզակությունը, մոտենալով հարցրեց.
-Ադա՜, եդ ու՞մ տղեն ես, որ էտդա բլբլացնում ես:
-Իմ հո՜ր, – հպարտ պատասխանեց Շալիկոն:
-Հա, բայց դու հեր շատ ունես, նրանցից որի՞նն ես, – կրկնեց Աղաջանը:

ԷԼ ՉԿԱ

Մի ձմռան երեկո Սաքոյի երեխեքը վառարանի շուրջ նստած հեռուստացույց էին դիտում: Սաքոն հագուստները հանելով` պատրաստվում էր քնելու: Դու մի ասի` փոխանի ռեզինը կտրվել էր ու շալվարը հանելիս էն է` ընկավ ոտքերը: Սաքոն զարմացած ՙԸհը՛՚ արեց: Դրա վրա երեխեքը հայացքներն արեցին դեպի հորն ու չռեցին աչքերը:
-Ադա՜, ձեր կինոն մտիկ արեք, ըստի էլ զադ չկա, հատել ա, – ասաց Սաքոն:

ՈՆՑ Ա ՄԵՌԵԼ

Հանեսը նեղ սապոգներ էր հագել, ոտքը մազոլ էր եղել, թարախոտվել, բորբոքվել: Ընկերները նրան պատգարակով տանում են բժշկի, իսկ Հանեսը տնքում էր ու ՙՕ՛ֆ՚ անում: Օսեփը չդիմացավ ու.
-Չո՛ռ, քու հեր Մադոն խու սապոգի միջին չի մեռել…

ԱՉՔԸ ՇԻԼ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Թեմի առաջնորդ Գեղամ վարդապետն եկել էր Հաղբատ, հյուրընկալվել տեր Հարությունի տանը, որ նրան տեղավորել էր վերնահարկում:
Ոնց է լինում` տեր Գեղամի մտքով բան է անցնում` կենակցել տերտերակնկա հետ: Բայց տերտերակինը` Կատինկան, հեռու է կանգնեցնում ու բողոքում է ամուսնուն ու նրա եղբայրներին: Սրանք բռնում են հայր սրբին, խուզում բեխ – մորուքը, դուրս գցում տնից:
Մի ամիս անց լուր եկավ, որ Գեղամին Էջմիածնի վանքի հովիվ են կարգել:

ԴՈՒ ԷԼ ՉԵՍ ԹՈՂՆՈՒՄ

Դանելն իր հողամասի քարը հավաքում, շպրտում էր ներքև` Շենոյի հողամասը: Շենոն վիճեց Դանելի հետ, թե ինչի՞ է քարն իր հողամասը լցնում: Դանելն էլ, թե`
-Դու էլ քեզանի ներքև գցի:
-Նա թողում ա՞, որ, – հակաճառեց Շենոն:
-Մթոմ դու թողում ե՞ս, – անվրդով եզրափակեց Դանելը:

ՍՐՏԻ ՈՒԶԵԼԻՔ Ա

Երկու ընկեր ընդմիջմանը հաց են ուտում անտառում ու զրուցում: Ընկերն զգուշացնում է մյուսին, թե գիտե՞ս, կինդ այսինչի հետ է: Մյուսն անտարբեր վեր է կենում տեղից, մի քանի քայլ անում խոտերի վրայով, ցույց տալիս տրորած կանաչն ու ասում.
-Ի՞նչ ա եղել, իմ փայն էլ կմնա: Ինչ ուզում ա` թող անի: Սրտի ուզելիք ա: Էսօր կանի, էգուց` չէ:

ՕԳՆԵԼՈՒՄ ԽԵՐ ՉԿԱ

Մարդասպանության համար Սուրենն ու Հայկը բանտարկվեցին: Հեռավոր աքսորում կռիվ ծագեց: Մի քանի հոգով ծեծում էին Սուրենին: Կողքից դիտողություն արեցին Հայկին, թե ինչու՞ չի օգնում ընկերոջը:
-Ընդի էլ օգնեցի, ի՞նչ խերվեցի, – պատասխանեց Հայկը:

ՏԵՂԻՆ ՉՆԵՂԱՑԱՎ

Ռուբենը նոր զուգարան է սարքում: Վերջին մեխը խփեց, դուրս եկավ թե չէ` Էրեգլոն մտավ զուգարան: Երբ դուրս եկավ` Ռուբենը կռիվ սկսեց նրա դեմ:
-Դեռ չշինած` խատատ մեջը մտար, մուռտառեցիր:
Այդ պահին միջամտեց Կենճի Արամը.
-Էդ որ մեջն ա լցնում` էտդա ես նեղանում, բա որ դուս ածելիս ըլի, ինչդա՞ կնեղանաս…

ՇԻՐԻՄԸ ՇԻՐԻՄ Է

Ընկերներով ճաշարանում հաց կերան, խմեցին, քեֆովացան, ու հիշեցին, որ իրենց ընկերոջ` Ստեփանի մայրը նոր է մահացել, հարկավոր է այցելել շիրիմին: Ճաշարանից խմիչք, խաշլամա այլ ուտեստներ են վերցնում ու գնում գերեզմանոց: Գերեզմանի կողքին սեղան են բացում, սկսում կերուխումը: Երբ գլուխները տաքացան` Հովոն սկսեց թմբկահարել ափսեի հատակին ու ՙՄայրիկ՚ երգել, մյուսները ձայնակցեցին: Այդ միջոցին մոտակայքով ձիավոր էր անցնում: Ձայն տվեցին, կանչեցին, որ հյուրասիրեն: Բանից պարզվեց, որ Ստեփանի քեռին է` մեղնողի եղբայրը: Տեսնելով քեռուն` Ստեփանը ավելի հուզվեց ու լացակումաց ասաց.
-Քեռի՜, մամայի գերեզմանին ենք այցի եկել:
-Լա՜վ եք արել, համա մամայի գերեզմանը եդ չի, այ են կողմինն ա, – ցույց է տալիս գերեզմանոցի հակառակ կողմը:

ՀՐԱՇՔ ՕՐՈՑՔԸ

Բարլիս Տիգոն առաջնեկի համար օրորոց էր սարքում ու Դոբրի Սաքոյի մոտ պարծենալով` հրավիրում տեսնելու ՙհրաշք օրոցքը՚:
Սաքոն գնում – բռնում է օրոցքը, օրորում է, հանկարծ օրոցքի լուծը կոտրվում է:
-Էդ հեչ, թոկով կկապեմ, – ասում է Տիգոն:
Սաքոն մեկ էլ է օրորում, հանկարծ օրոցքի ոտքն է կոտրվում:
-Էդ էլ հեչ, հենակ կտամ, – կրկին ասաց Տիգոն:
Սաքոն էլ թե` ՙԲարով բնացնեք հրաշք օրոցքն՚ ու հեռանում է:

ՀԱՄԻԿԻ ԿՏԱԿԸ

Խմելու պատճառով Համիկը խեղճ Տարզանի հոգին հանել էր: Մի օր Տարզանը լավ առևտուր է անում, խմիչք գնում, տուն գնալով` ՙԿնի՜կ, ծնունդդ շնորհավոր, սօր ծնունդդ նշում ենք՚:
Կանչում են հարազատներին, հարևաններին, սեղան են բացում, սկսում կերուխումը: Համիկը գինովցավ, բայց Տարզանը չէր դադարում բաժակը լցնելուց: Վերջապես հյուրերը գնացին, իսկ Համիկը տեսավ, որ ջանը լավ չի, ու մտածեց, որ մեռնում է: Իր շուրջը հավաքեց երեխաներին:
-Երեխե՜ք ջան, էտա տենում եք, որ ձեր հոր սրտովն եմ ըլում, մեռնում եմ: Ձեր հորը կլսեք, համա որ են լրբերից մնին բերի` նրան էլ կլսեք, ՙմամա՚ կասեք: Բան չկա, ինձ էլ մտահան չանեք, մեմեն կգաք գերեզմանիս…
Վայնասունն ընկել էր տունը, իսկ Տարզանը քթի տակ հռհռում էր ու ուրախանում հարբած կնոջ վրա:

ԱԴԻ ԲՈՒԴԻ ԼՑՐԵՔ

Թաղումներից մեկի ժամանակ որ շատ ասին ՙՀողը թեթև ըլի՚` մեկն ասաց. ՙՈր շատ ուզում եք թեթև ըլի` հողի տեղ ադի – բուդի լցրեք…՚

ԻՆՁ ՄԻ ՏԱՆՋԻՐ

Մի թաղման ժամանակ մեկը քսանհինգ ռուբլի կոխեց Մոսնի գրպանն ու պատվիրեց.
-Մոսի՜, էնենց նվագում ես, որ արցունքն աչքերիցս թափվի…
Ամռան օր էր: Մոսին մեկը նվագեց` ոչինչ, մեկն էլ երգեց` քրտինքն արդեն կաթում էր կզակից, բայց պատվիրատուի ըսկի վեջը չէր: Երրորդ երգն էլ երգեց, տեսավ, որ նա դեռ իր զրույցն է անում, հեչ վեջը չի: Դոշը ետ քաշեց, հոգոց հանեց, ու…
-Տո անդարդ շան որդի՜, քեզ են կդոլակով էլ ծեծեն` դու լաց ըլողը չես, էլ խի՞ ես ինձ տանջում….

ԵՍ ԻՄ ԿԱՐՏՈՓԻ ՏԵՐՆ ԵՄ

Գարնան գլուխ Բուդաղը գնում է կոլխոզի նախագահի մոտ` պահանջելով նախորդ տարվա իր հասանելիք կարտոֆիլը: Նախագահն ուզում է համոզել, որ Բուդաղը կարտոֆիլի մնացած բաժինն ստանա մյուս տարի, քանի որ հիմա կարտոֆիլ չկա: Բուդաղը ոչ մի կերպ չի համոզվում: Միջամտում է դպրոցի տնօրենը, ասելով, որ ձմռան ընթացքում կարտոֆիլը փթել է ու հնարավոր չէ ստանալ: Բուդաղը տեղում անհանգիստ շարժում է անում, նայում մեկ նախագահին, մեկ` տնօրենին ու ասում.
-Տո էդ գլխիդ չափ խելք ես ծնկնախփերքումս ունեմ, դու ուզում ես ինձ խելք սվորցնե՞ս: Քու աշխատավարձին որ գնաս փող ստանալու, տենաս բանկն էրվել ա, էդ ամսվա աշխատավարձդ հեչ տի՞ ըլի….

ԱՎՆԴԱԽԱՓԱՆ ՌՈՍՏՈՄԸ

Ռոստոմն իր դռանը բռնոթի էր քաշում ու անուշ փռշտում: Մոտ է գալիս հարևան Արամը, որ նոր էր անտառից եկել, իշաբեռ փետ բերել: Բարևում է, ապա հարցնում, թե ինչո՞վ է զբաղվում, ո՞նց է նախապատրաստվում ձմռանը:
Ռոստոմը, թե`
-Էլ բան մի ասի, էս անդերը խալխի հմար կարգին ավինդ արավ, հանդի փետն ու էլածը բերին, համա իմ փայ ավինդը խափան ա, էլածն էլ կարում չեմ տուն բերեմ:
Ասավ, մի ձեռքով ծնկանը խփեց, մյուս ձեռքով բեղն ոլորեց:

ԱՄԵՆՔՆ ԻՐ ՀԱՄԱՐ

Երկու տիրացուներով` Շաքարն ու Արամը, իբր պատարագ են ասում, աղոթք ասում ու սինին ձեռքին փող հավաքում ժողովրդից: Շաքարը նկատում է, որ Արամը փողերը հավաքում է, սպիտակ դրամները գրպաններն է լցնում, սևերը թողնում սինու մեջ: Նա չի համբերում, երգելով ասում է.
-Արա՜, բա են սիպտակ փողե՞րն ինչ արիր:
Արամն էլ անվրդով.
-Դու էլ քո հմա հվաքի…

ԲԱ ՎԱԽՏԻՆ ԱՍԱ

Չոբանանց Մարգարը տիրացու էր, բայց ոչ գիր գիտեր, ոչ ժամերգություն: Աղոթագիրքը վերցնում է, թարս դնում, սուտ ՙԱրա – բաբա, արա- բաբա՚ ասում: Կողքից դիտողություն արին, որ ախր աղոթագիրքը թարս ես բռնել:
-Ադա՜, բա խի՞ շուտ չես ասում, ես էլ տենում եմ` խոսքս աստծուն չի հասնում, – չի շփոթվում տիրացուն:

ԻՐԵՆԻՑ ԼԱՎ ԳԻՏԻ

Ջհանը կնոջ սիրեկանին փախցրեց տնից ու զարմացած բացականչեց.
-Ադա՜, էս մթին, փոսի, պատի վրայով, գերաննու ըրանքով ո՞նց փախավ: Հալբաթ ինձանի լավ գիտի իմ քունջ ու պուճախը…

ՁՈՐՈՎ…

Քառանց Արտոն կատակով սրան – նրան ասում էր. ՙԱյ ոռով բերած…՚
-Արտո՜ պապի, բա դու՞ ինչով ես բերած, – հարցրին մի օր երեխաները:
-Բալա՜ ջան, ես Ժիվանքի ձորովն եմ եկել…

ՎՌԱԶՍ ԻՆՉ Ա

Սեդրակը հեծյալ զորամասում էր ծառայում: Հրամանատարը հրամայեց ՙԹամբել ձիերը՚: Սեդրակն սկսեց անշտապ թամբել: Նրա հետ ծառայող համագյուղացին, թե`
-Ադա՜ եգին արա է…
-Վռազս ի՞նչ ա, հեչկել էս հազար հոգին թամբեն ես կթամբեմ ու կթամբեմ, – պատասխանեց Սեդրակը:

ԽԱԲԵՑ

Թիֆլիսեցի առևտրական էր եկել գյուղ ու աչք էր դրել Գալոանց հարսին: Նա Չանթին ասաց.
-Քու հարսին բեր ինձ մոտ, մի աբասի կտամ:
-Աղա՜, մեծին բերեմ, թե՞ պուճուրին:
-Երկուսին էլ բեր, – պատասխանեց ՙաղան՚:
Վերջում կինտո առևտրականը երկու աբասու փոխարեն մի շահի տվեց Չանթուն: Իսկ սա, թե`
-Աղա՜, բա դա մարդկութին ա՞…

ՕՁԻ ՍԵՎՆ ԷԼ ՍՊԻՏԱԿՆ ԷԼ

Եղսո նանը էշին միրգ բարձած Խրմաձորով գյուղ էր գալիս: Աղբյուրի մոտ նրան հասան երկու ձիավոր ու հարցրին նանին.
-Նանի՜, են հին թավադն էր լավը, թե՞ թազեն:
-Է՛, բալա ջան, մնին էսօր թաղեմ, մնին` էքուց:
Հարցնողները Բարաթովն ու Արամյանցն էին:

ԱՐԱԶԸ ԲՈԼԹԱՅ Ա ՏԱԼԻՍ

Հաղբատեցի Արազը համագյուղացիների հետ յուղ էր տարել Թիֆլիս` ծախելու: Մոտենում է կինտոն, գինը հարցնում: Սակարկելուց հետո Արազը վերցնում է յուղն ու հետևում կինտոյին: Երբ քիչ գնում են, կինտոն ցույց է տալիս մի շենքի երրորդ հարկի պատուհան ու ասում, որ իր տունն այն է, ապա Արազին առաջարկում սպասել, մինչ ինքը յուղի դույլերը դատարկի: Արազը համաձայնվում է: Կինտոն գնում է ու գնում: Մի քանի ժամ հետո համագյուղացիք հանդիպում են Արազին` մուտքի մոտ ձեռքերը ծալած ետ ու առաջ քայլելիս:
-Այտա, Արա՜զ, եդ ի՞նչ բանի ես:
-Բոլթա եմ տալիս, – խաբված լինելը չի ուզում խոստովանել Արազը:

ԿԿՇՌԵԻՐ

Օթարն Արազից պանիր էր գողացել: Գործը հասավ դիվանբաշուն:
-Ինչքա՞ն կլիներ գողացված պանիրը:
Արազը թե` մի փութ կլիներ:
-Արա՜, որդիա՞ն կլիներ, – միջամտեց Օթարը:
-Իմ ասածին ռազի չես` կքաշեիր նոր կտանեիր:

ՀԱՋՈՂ ԱՌԵՎՏՈՒՐ

Դոբրի Սարգիսը հաջող առևտրական էր: Մի հիվանդ էծ ուներ, մորթեց, տարավ Թիֆլիս, որ ծախի: Բայց արի ու տես` այծի միսը չի ծախվում: Երկար – բարակ մտածելուց հետո գտնում է ելքը. Ոչխարի դմակ է գնում, այծի պոչը կտրում է, միսը դնում դմակի վրա: Շուտով փոքր ինչ զեղչով Սարգիսը ծախում է ողջ ՙոչխարը՚:

ՁԱԽՈՐԴԸ

Բանակում հեծելազորային Սեդրակին մի կերպ առաջին անգամ ձի նստեցրին: Ձին փախավ: Սեդրակը փոխանակ ձին կանգնեցնի, մտածեց. ՙՔանի տեղը դուզ ա, սա էլ յորղա չի, ինձ գցեմ, թե չէ կտանի ինձ դարբանդից կգցի՚: Մտածելն ու անելը մեկ արավ: Սեդրակը թևը կոտրել էր:

ԱՆՀԱՋՈՂ ԳՈՐԾԱՐՔ

Ասլան Փիրուզովը կարագ էր տարել Թիֆլիս` վաճառելու: Կինտոն կարագը գողացել էր, բայց բռնվել էր: Գործը հասավ դատարան: Կինտոն պայմանավորվեց Ասլանի հետ, որ նա դատի ժամանակ ասի, թե կարագի արժեքը լրիվ մուծված է, փոխարենը` կինտոն խոստացել էր վճարել կրկնակի արժեք:,
Դատի ժամանակ դատավորի հարցին Ասլանը պատասխանեց, որ վնասը փոխհատուցված է: Դատավորը կրկնում է հարցը.
-Ասլա՜ն Փիրուզով, կարագի վարձը ստացա՞ր լրիվ:
-Այո՜, – պատասխանում է Ասլանը:
Դատից հետո, երբ Ասլանը կինտոյից պահանջում է գումարը, սա չքմեղացած պատասխանում է.
-Ո՞նց թե, բա դատի ժամանակ չասիր, որ արդեն տվել եմ:

ԼՐԻՎ ԼԻՍՆԵԿ ԵՆ

Գոմահանդի կացարանում Արազը նկատեց, որ հացերը թոփրի մեջ պակասում են: Նա հացերը էնպես էր դասավորել, որ շոշափելով հաշվում էր:
Վարպետ գողացողն էլ այս անգամ կտրում է հացերի միջնամասը, անուշ անում, շրջանակը դնում տեղը: Օրերից մեկում Արազը թոփրից հանեց հացերը, տեսավ իրողությունը.
-Տենաս էս որ տունը քանդվածն ա հացերս լիսնեկ արել…

ԱՄԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Հաղբատեցիք Այնալուին պատգամախոս ուղարկեցին Բարաթովի մոտ: Սա տեսնելով աժդահային` մտածեց ծաղրել.
-Ձեր գյեղումն էլ մարդ չկա՞ր որ քեզ ղարգեցին…
-Վադետ առնեմ խազեյի՜ն ջան: Մարդ կար` մարդու կուշտը ղրգեցին, ինձ էլ` քու պես շան կուշտը…

ՍՆԱՅՊԵՐԱՑՈՒ ՉԻ

Կոզընի տղային բանակ տարան: Կոզին գնաց զինկոմիսարիատ, որպեսզի իմանա, թե տղան ի՞նչ զորամասում է ծառայում: Նրան ասացին, թե տղադ սնայպեր է:
-Տո ձեր զուլումը կտաղի, նա ըսկի կարեր ոչ ուբոռնու ծակովը դուզ շռի, նրանի սնայպերացու կըլի՞, – զարմացավ Կոզին:

ԶԻՆՎՈՐԸ ԶԻՆՎՈՐ Ա

Մեծ հայրենականը երբ սկսվեց, գյուղում տղամարդիկ քիչ մնացին: Ամեն օր շրջանային զինկոմիսարիատից զանգում էին ու մարդկանց անուններ տալով` պահանջում, որ ներկայանան: Այն ժամանակ գյուղխորհրդի նախագահը Բաբայան Ռուբենն էր: Ահա զանգում են զինկոմիսարիատից.
-Վաղն առավոտյան ուղարկեք Բաբայան Ռուբենին:
-Հա, Գաբոյան Ռուբենը պատրաստ է:
-ՈՒղարկեք նաև Գերասիմ Մելքոնյանին:
-Հա, Գերասիմ Օքրոյանը ևս պատրաստ է, – ասում է Ռուբենը, քանզի Գերասիմ Մելքոնյանն իր ընկերն էր:

ԿԱ ՈՉ

Թամադա Թաթոսը հարսանիքը պետք է ավարտին հասցներ, բայց ինչպե՞ս: Մտածեց, մտածեց, ու գտավ ելքը:
-Ժողովուրդ ջան, շան թուլեն, խոզի գոջին, ըրեխեն ու ղոնախը ՙկա ոչ՚ – ը գլխի չեն: Հմի իմացեք, որ էլածը պրծել ա՛, կա ո՛չ…

ԽԵՂՃ ՀԱՎԵՐ

Անի Գիքոն աժդահա մարդ էր: Ամեն մի մատն էլ` մի գերան: Իզուր չէին ասում` ՙԱնի Գիքոյի հավը չըլեմ՚, որովհետև հաճախ ձու ածող հավին Գիքոն մատով էր ստուգում. Ձու ունի՞, թե` ոչ:

ԷՍ ՁԵՎ ԷԼ ԽԵԼՈՔ

Խելոք Ավետիքը կատաղած ծեծում էր կնոջը` ՈՒստիանին: Կինը մի կերպ դուրս է պրծնում Ավետիքի ձեռքից ու անիծում.
-Քեզ խելոք ասողի տուն ու տեղը քանդվի…

ՉԱԼԱՆՑ – ՂԱԶԱՆՑ

Դպրոցի ուսուցչանոցում Աբելանց /Չալանց/ Վանիկն ու Իսրայելյան Սուրենը ղազագրով նարդի էին խաղում: Հաշիվը 4 – 4 էր, վճռական խաղն էր ընթանում: Վանիկը տեսնելով, որ պարտվում է, վեր թռավ, գրադարակի վրայից վերցրեց ղազագիրը, պատռեց: Վրդովված Սարգիսը բացատրություն պահանջեց:
-Սաքո՜, դու ինչ ա, ուզում ես Չալանցը պապեպապ Ղազանց շինե՞ս:

ՆՈՐ ՃԱՇԱՏԵՍԱԿ

Գյուղամիջում զրուցելիս Սաքոն, թե.
-Կնիկս ոռիցը մի թազա ճաշատեսակ ա հորինել, գնամ տենամ ինչ ա, ուտեմ…

ՎԵՀԱՓԱՌԻ ՍՈՒՐՃԸ

1996 թ – ի աշնանը Հաղբատում պատրաստվում էին ընդունել վեհափառ հայրապետին: Նախապատրաստել էին նաև Վանատունը, ուր պետք է գիշերեր կաթողիկոսը: Սենյակը, ուր պետք է գիշերեր վեհափառը, պատուհանները բացել էին, որպեսզի օդափոխվի: Սակայն թաղի այծերը ներս են մտնում ու կեղտոտում վեհափառի անկողնու վրա:
Աբելանց Վանիկը մտնում է սենյակ, թաքուն հեռացնում այծերին: Այդ ժամանակ ներս է մտնում Գուգարաց թեմի հաշվապահ Ասյան: Նկատում է այծերի կտիտն ու.
-Էս կոֆեի հատիկներն ո՞վ ա շաղ տվել:
Ոչ ոք չպատասխանեց: Այդ ժամանակ սրճի ՙգիտակ՚ Ասյան վերցրեց մի հատիկ, դրեց ատամի տակ, ու…
-Էս կոֆեն բրազիլական չի, փոխեք, ուրիշ բերեք, վեհափառը մենակ բրազիլական ա խմում…

ԲՈՐՇԻՑ ԷԼ Ա ՀԱՐԲՈՒՄ

Ֆեդոն դպրոցից տուն եկավ, Հայկո բաբոն իր եփած բորշը լցրեց, որ տղան ուտի: Ֆեդոն դուրս եկավ տնից, հարևանի երեխին փող տվեց, որ սա խանութից օղի գնի ու դնի պատուհանի գոգին, դրսի կողմից: Երբ երեխան կարգադրությունը կատարեց, Ֆեդոն նստեց հաց ուտելու: Շուտով Հայկո բաբոն նկատեց, որ Ֆեդոն չի կարողանում ոտքի վրա կանգնել:
-Վա՛յ, ֆողը կենա գլխիս, ադա՜, մչամը արաղի գերի եք, որ բորշից էլ եք հարբում…

ՓԵՐԻՆ ՄԵՅՄՈՒՆ ԴԱՌԱՎ

Պատերազմի ժամանակ Զալիկոյի մտքով բան անցավ` մտերմանալ Քալի Աշխենի հետ: Վերցնում է մի պարկ ցորեն, շալակում, գնում Աշխենի տուն: Աշխենը հրաժարվում է ընդունել.
-Ես դրա հախը կարալ չեմ տամ:
Զալիկոն, թե`
-Մտածիլ մի, դրա հախը քու ձեռումն ա:
Աշխենը հասկացավ Զալիկոյի մտադրությունն ու դուրս գցեց նրան տնից: Անցավ մի քանի ամիս: Դաշտում աշխատելիս, ինչ – որ վեճի ժամանակ միջամտում է նաև Աշխենը: Զալիկոն հարձակվում է նրա վրա.
-Ձենդ կտրի, ա՜յ մեյմուն:
Աշխենն էլ, թե`
-Ձմեռը, որ սրթսրթալեն ցորենը շլակել էիր` փերի էի, հըմի մեյմուն դառա՞…

ՑԼԻՆՆ ՈՒՐԻՇ Ա

Շնողնեցի Կոծոն ուշացած դասարան է մտնում:
-ՈՒ՞ր էիր, այ լակո՜տ, խի՞ ես ուշանում,- հարցնում է ուսուցիչը` Բաբանց Բենիկը:
-Հեչ, ռավոդը հորս հետ էրինջը տարել էի ցլին:
-Խի հերդ կարեր ո՞չ:
-Հերս էլ կարեր, բայց դե ցլինն ուրիշ ա էլի…

ՖՈՐԹ Ա

Կոծոն Վանաձորում ուսանելու տարիներին եղբոր` Հովոյի ուսանողն էր: Մի օր Կոծոն ուշացած լսարան է մտնում` եղբոր դասին: Հովիկը հայացքը գրատախտակին` դաս էր բացատրում ուսանողներին ու չի շրջվում:
-Կարելի ա՞,- վիզը ծռած հարցնում է Կոծոն:
-Էդ ու՞ր իր, արա՜:
-Գյեղումն ի, դրա հմա եմ ուշացել:
-Ի՞նչ կա տանը:
-Հեչ, կովն ա ծնել:
-Յա, ի՞նչ ա բերել:
-Ֆո՜րթ:

ԼՍՈՎ ՀԵՇՏ Ա

Կոծոն գյուղամիջում, էլեկտրական լապտերի տակ ուշ ժամի ինչ որ բան էր փնտրում: Մոտենում են ընկերները:
-Խեր ըլի, Կոծո՜, կորածի ես ման գալի:
-Հա, բա ասում չեք` սօրի ժամս հանդումը կորցրի:
-Այտա՜, հանդումը կորցրել ես, ըստի՞ ես ման գալի…
-Ըստի լիս ա է՛…

ՓՈՐԵ

Կոծոն ու հայրը փորում էին այգին: Հայրը հոգնեց, նստեց քարին, ասաց.
-Այտա, Կոծո՜, մեյդանումը մի երկու հայվան չկային, կբերեիր բաղը կփորեին…
-Փորե, փորե, մեզանի հայվանը կա ոչ,- պատասխանեց Կոծոն:

ՀՆԱՐԱՄԻՏ ՎԱՍԻԼԸ

Շնողնեցի Դոխտուրանց Վասիլը իրեն սովոր մի ձի է գողանում, տանում Բորչալուի կողմերում եգիպտացորենով փոխում, առնողներին էլ պատվիրում , որ ձիուն լավ կերակրեն ու արձակած պահեն, որ յորղան չփչանա: Առնողներն այդպես էլ անում են:
Ձին կուշտ ուտելուց հետո փախչում է, գալիս Շնող: Երկրորդ անգամ Վասիլը ձին Ստեփանավանի կողմերում կարտոֆիլով է վաճառում, գնողներին էլի նույնը պատվիրում: Ձին էլի կուշտ ուտելուց հետո փախչում, վերադառնում է Վասիլի մոտ: Ձմեռվա պաշարն ապահովելով` Վասիլը ձին վերադարձնում է տիրոջը, ասելով, թե թուրքերի ձեռից է խլել: Ձիու տերը նրա ՙլավության տակից դուրս գալու՚ համար բոլ եղ ու պանիր է տալիս նրան:

ԷՇԻ ԲԵՆԶԻՆԸ

Արուստակն էշին նստած այգի էր գնում: Կողքին արգելակում է մեքենան:
-Հոպա՜ր, բենզինս հատնում ա, մի քիչ բենզին կտա՞ս, – փորձում է ծաղրել վարորդը:
Արուստակը բարձրացնում է էշի պոչը, ասում.
-Վեդրոդ բեր…

ՄԹՆՈՒՄ Ա

Կոծոն ուսուցչին` Բաբանց Բենիկին քանի տենում` Բայրիկուն էր ասում:
Մի օր Բենիկը չդիմացավ.
-Արա, Կոծո՜, էս ի՞նչ ա, ուրիշ ժամ, չախ, չգիտե՞ս, օրվա որ ժամին ըլի` մենակ` Բայրիկուն: Ոնց որ ձեռ առնելիս ըլես:
-Է, ընկեր Բաբայա՜ն, բա ի՞նչ ասեմ, քեզ քանի տենում եմ` աչքերիս աղաքը մթնում ա…

ԻՐԱՆ ԻՆՉ ԵՆՔ ԱՐԵԼ…

Կոծոն ու Քոթոն խմած անցնում էին գյուղամիջով: Անկյունում երկու անծանոթ էին կանգնած:
-Կոծո՜, արի ծեծենք, – առաջարկում է Քոթոն:
-Ծեծե՜նք:
Բայց Կոծոն նկատում է, որ անծանոթները հսկայամարմին են ու հնարավոր է` իրենք ծեծվեն:
-Արա, Քոթո՜, բա որ իրա՞նք մեզ վեր հատեն…
-Ո՞նց թե, մենք իրանց ի՞նչ ենք արել, որ վեր հատեն:

ՆԱՄԱԿԸ

Հովոն վիճել էր կնոջ` Թամարի հետ: Վերջինս խռովել էր ամուսնուց ու չէր խոսում հետը: Հովոն այդպես էլ խռով պառկեց քնելու, բայց հիշեց, որ առավոտյան հարկավոր է շուտ արթնանալ` գյուղ գնալու համար: Որոշեց նամակով դիմել կնոջը.
ՙԹամար, ռավոը սեկցիայով գյեղը տեմ գնա, ժամը վեցին վի կկացնես՚:
Քնում է: Առավոտվա իննին զարթնում է, վրա պրծնում կնոջը.
-Ախչի՜, ասի ոչ, ժամը վեցին վի կկացնես…
-Ձենդ կտրի, ես քու հետ խոսում չեմ, – ասում է Թամարն ու երեսով շպրտում Հովոյի գրած նամակը: Թղթի հակառակ կողմում ավելացրած էր. ՙՀովո, ժամը վեցն ա, վի կաց՚…

ՈՌՑ ԵՄ

Արուստակն էշով անտառ էր գնացել` փայտի: Ոնց եղավ` էշի մտքով բան անց կացավ, Արուստակն ա ասել ու գալիս ա: Խեղճը փախավ, խույս տվեց` հնար չկա, գալիս ա: Վերջը ճարահատյալ` Արուստակը հանում է վարտիքը, ցույց է տալիս էշին, ասում.
-Այ անտե՜ր, ոռց եմ, ո՛ռց, ես էլ եմ ոռց, ու՞ր ես գալիս…

ԲԱՅՂՈՒՇ ԷՇԸ

Արուստակը մի կատաղած էշ ուներ. սա կծում էր, քացի էր տալիս…Արուստակն էշի անունը Բայղուշ էր դրել: Մի օր Արուստակը հարբած, էշին նստած, սանձն էլ ձեռքին փաթաթած տուն էր գնում: Գետի ափին ձկնորսները դինամիտ են տրաքացնում, Բայղուշ էշը ձայնից խրտնում, տրտինգ է տալիս ծառս ըլում, Արուստակին գետին է գցում ու վազում: Խեղճ Արուստակը շփոթված, հարբած, ամեն հանդիպած անցորդի գոռում է. ՙԱ սրա մերը, իշին ոտն արա…՚ Անցորդները այլ կերպ ընկալելով Արուստակի հայհոյանքը` զայրանում են, էշին ճիպոտով խփում, ավելի խրտնեցնում…
Էշն Արուստակին տուն հասցրեց արյունլվա…

ՓԱՓՈՒԿ ՔԱՐ ԲԻ

Կոծոն ու հայրն աշխատում էին այգում: Երբ հոգնեցին, հայրն ասաց.
-Կոծո՜, տղա՜ ջան, քիչ տեղ ա մնացել, ի՞նչ կըլի, դու փորի, ես քնեմ:
-Քնի, հերա՜, ես կփորեմ,- համաձայնեց Կոծոն:
-Դե որ տենց ա` մի սաթ իջի ձորը, մի փափուկ քար բի, գլխիս տակ դնեմ,- խնդրեց հայրը:

ՁԵԶ ԽՆԱՄԻ Ա

Շնողնեցի Գեղամն իշին նստած Արճիս էր գնում: Երկու արճիսեցի փորձում են ձեռ առնել նրան:
-Բիձա՜, որդի՞անցի ես:
-Շնողնեցի եմ:
-Բա է՞շդ որդիանցի ա:
-Էշս էլա շնողնեցի, համա Արճիսա փեսայ ա:

ԼԱՎ ՕՐԻՆԱԿ

Շնողնեցի աշակերտը դաս է պատմում, որ երբ մարդու զգայարաններից մեկը խախտվում է, մյուսը չափից ավելի զարգանում է:
-Օրինակ` կաղ մարդու մի ոտը կարճ ա մնում, են մինը երկարում ա:

ԴՈՒՌԸ ՓԱԿԻՐ

Կոծոն ու հայրը աշխատում էին այգում: Հայրը մրսում է:
-Կոծո՜, տղա՜ ջան, ցուրտ ա, էդ պենջակը դեսը տու, վրիս գցեմ, մրսում եմ:
-Տենում չես` սկվազնյակ ա: Մրսում ես` բաղի դուռը փակի:

ԳԱՄՓՌԸ

Կոծոն ու հայրը սարում էին: Գիշերը դափում պառկած էին, երբ հեռվում ոռնացին գայլերը:
-Կոծո՜, դուս արի դափի դուռը, շան պես հաչա, բալի շան տեղ դնեն, փախչեն,- կատակեց հայրը:
-Հերա՜ ջան, ինձ թուլի տեղ կդնեն, փախչիլ չեն: Լավն են ա` դու վենձահան հաչա, գելխեղտ գամփռի տեղ կդնեն, կփախչեն:

ՂԱԽՊԵՆ

Շնողնեցի Գիքոն բանակից զորացրվելիս ռուս կնիկ ա ուզում, հետը գյեղը բերում: Որ հացի են նստում, տղու սկլերոզով տառապող մերն էլ ա նստում: Ներկաներին բոլորին ճանաչում ա, բացի մեկից:
-Ադա՜, են ղախպեն ո՞վ ա,- տղեն տաքուհով ա ըլում:
-Այ մերա՜, ղախպա չի, իմ կնի՜կն ա:
-Էտա ղախպայ ա էլի, բա շեգ կնիկ կըլի…

ԱՏԿԱԶ

Պետնանց Հովոն Երևանի մանկավարժական ինստիտուտում դասախոս էր: Կաշառք է վերցնում մի ուսանողից, որն էլ դատի է տալիս Հովոյին: Դատավորը, որ Հովոյի դասընկերն էր, նախաքննության ժամանակ նրան հուշում է, որ դատի ժամանակ կաշառք վերցնելու փաստից ատկազ գա:
-Հանգիստ կաց, ատկազ կգամ,- հանգստացնում է նրան Հովոն:
Դատի ժամանակ դատավորն ըստ կարգի հարցնում է.
-Ամբաստանյալ Պետրոսյա՜ն, դուք ուսանողից կաշառք վերցրե՞լ եք:
-Լա՜փ վի եմ կարել, բայց ատկազ եմ գալիս,- պատասխանում է Հովոն:

ԲՈԹԵԼՈՎ ՉԻ ԸԼԻ…

-Կոծո՜, այ Կոծո՜, եդ թոգը խի՞ ես քաշ տալիս:
-Բա որ բոթեմ կգնա՞…

ԺԻԼԵՏԸ ԳՏԱՎ

Պետնանց Ռուբենի տղեն` Գոնչոն, ասպիրանտուրա էր ընդունվել: Ռուբենը սեպտեմբերի սկզբին գնում է Երևան, որ նշի: Տղային հարցնում է.
-Գոնչո, էրկու հարիր մանեթ ունեմ, հմի ռեստորան ենք գնում, թե՞ կաստում առնեմ քեզ հմա:
-Համ կաստում առ, համ էլ` գնանք, – պատասխանում ա տղան:
-Դե որ տհենց ա, առաջուց կաստումն առնենք, – որոշում ա Ռուբենը:
Կոստյումն առնում ա, տղային ստիպում է որ գնա բաղնիք, լողանա, ու հագցնում է կոստյումը:
Երբ Գոնչոն դուրս է գալիս բաղնիքից, շփոթված ասում է հորը.
-Այտա, Ռուբե՜ն, կաստումի ժիլետը կորավ:
-Ո՞նց կորավ, մին էլ ման արի, բալքի գդնուս…
Տղան գնում է, դես ա փնտրում, դեն` կա ոչ: Վերջը ժիլետը եդպես էլ թողնում են, միասին գնում են ռեստորան:
Ամանորին Ռուբենին իմաց են տալի, թե տղեդ հեռախոսի մոտ է կանչում: Ուրախանում է, կարծում է, նոր տարին կշնորհավորի:
Գոնչոն գոռում է.
-Ռուբե՜ն, աչքդ լույս, ժիլետը գտել եմ….
-Որդիա՞ն գտար, Գոնչո՜ ջան:
-Այտա հագիս էր, մայկի տակից էի հագել…

ԼՍԻ ՎՐԱ ԵՆ ԳԱԼԻ

Շնողնեցի մի ծննդկան ազատվում էր: Սաղ օրը տանջվում ա, բան չի դուրս գալիս: Խեղճ տատմերը դես ա ընգնում, դեն` հնար չկա, վերջն ասում ա` էս յեղատարը ձեռից գնում ա, մի Փալբաց Վերանին կանչեք:
Վերանը գալիս ա, օրն էլ` իրիկուն ա: Ճրագը վառում ա ու էս խեղճի փորին ընկնում, հուփ տալի: Սա մինը բերում ա: Վերանը մին էլ ա հուփ տալի` սա մինն էլ ա բերում: Որ երրորդն էլ ա բերում` վախեցած Վերանն ասում ա.
-Ախչի՜, եդ ճրագն անջատեք, էս ղրղուն էլածնին լսի վրա են դուս գալի:

ՈՒՐԻՇ ԳՈՒՅՆ

Կոծոն մտնում է գրախանութ.
-Գունավոր մատիտ ունե՞ք:
-Հա՜:
-Իսկ ուրիշ գու՞յն:

ԿՏԱՆԵԻ՞Ր…

Կոծոն կանգնած էր գյուղի տակ, ուզում էր Ալավերդի գնալ, բայց ոչ մի մեքենա չէր կանգնում: Անցնում է հանդիպակաց մայթ, կանգնեցնում առաջին պատահած մեքենան.
-Ախպե՜ր ջան, որ դենն ըլեիր գնալիս, ինձ կտանեի՞ր…

ԱՎՏՈՆ

Կոծոյին հարցնում են.
-Կոծո՜, ի՞նչ ավտո ես առել:
-Կանա՜չ, – պատասխանում է վերջինս:

ՏԱՐԱՎ

Շնողի տակ ավտոտեսուչներն ստուգում էին անցկացնում: Շուլավրեցի վարորդն իջնում է մեքենայից, բարևում, ձեռքը մտցնում Շավոյի գրպանը` կաշառք տալու, նստում մեքենան, շարունակում ճամփան: Մի քանի րոպեից Շավոն ձեռքը գրպանն է մտցնում, որ իմանա ինչքան է տվել, ու…
-Արա, Հովո՜, ջեբիս մի հինգանոց կար, են շան որդին են էլ տարավ….

ՇՐՋԱՊԱՏԸ

Շնողնեցի Բաբանց Վիկտորը էշով ճալեն էր գնում: Ջահելները, որ աղբյուրի մոտ խմում էին, հրավիրում են Վիկտորին մի-մի թաս միասին վայելելու: Երբ Վիկտորը վերցնում է բաժակը` երիտասարդներից մեկը ցանկանալով ծաղրել նրան` կենաց է առաջարկում.
-Վիկտո՜ր քեռի, էս մի բաժակով խմենք քու էշի կենացը…
Բոլորը խմում են: Վիկտորն անխռով բարձրացնում է բաժակը, ասում.
-Տղե՜րք ջան, ես էլ եմ խմում իմ էշի կենացը, որ ձեզ պես լավ շրջապատ ունի…

ՀՈՐ ՆՄԱՆ ԿԱՆԻ

Շնողնեցի Բերոն ձիով Թիֆլիս էր գնացել: Ձին կապում է բարեկամի դռանը, քեֆ – ուրախության տրվում: Առավոտյան ձին չկար:
-Ձիս գտեք, թէ չէ` հորս նման կանեմ, – սպառնում է Բերոն:
Բոլորը վախենում են. Ո՞վ գիտե, թե հերն ինչ է արել, իրար են խառնվում, հավաքվում, գտնում են ձին: Երբ Բերոն պատրաստվում էր գնալ, հարցնում են, թե հերդ ի՞նչ է արել:
-Ի՞նչ տեր անիլ, խռովել ա, թամբն ուսը գցել ու ոտով գյեղը գնացել, – անվրդով պատասխանում է Բերոն:

ՈՆՑ ԱՆՑՆԵՄ

Ավտոտեսուչը կանգնեցնում է Կոծոյի մեքենան.
-Քաղաքացի՜, դուք կարմիր լույսի տակով անցել եք:
-Այտա՜, մչամը բարձր եք դրել, վրովն անց կենալ կըլի՞…

ՈՒՐԻՇ ՊԱՏՃԱՌ

Շնողնեցի Կոծոն ուշացած մտնում է դասարան:
-Ինչու՞ ես ուշանում այ տղա՜, – բարկանում է ուսուցիչը` Բաբանց Բենիկը:
-Ժամս փչացել էր…
-Դա պատճառ չէ:
-Դե կաց ուրիշն ասեմ, – ելքը գտավ Կոծոն:

ԱՆԳՐԱԳԵՏ ԷԻՆ

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նախագահը Անտոն Քոչինյանն էր` Լոռվա Շահալի գյուղից: Նույն ժամանակ Ալավերդու քաղխորհրդի գործկոմի նախագահը Ալբերտ Անանյանն էր` Շնողից: Երբ Քոչինյանն այցելում է Ալավերդի` Անանյանը պաշտոնական արարողությունից հետո տանը սեղան է բացում: Կերուխումի ամենաթեժ պահին, ակնարկելով Անանյանին` Քոչինյանն ասում է.
-Կլյաուզնիկ շնողնեցի:
-Երբ շնողնեցիք կլյաուզ էին անում, շահալլվեցիք դեռ գիր չգիտեին, – խոսքի տակ չի մնում Անանյանը:

ՄԱԿԱՆՈՒՆԸ

Շնողնեցիք Մատինյան Վանիկին Մատիկոս էին ասում: Մի օր նա բողոքում է Մատինյան Սուրիկին, որ ոստիկան էր:
-Ընկեր Մատինյա՜ն, մի թուղթ ու գրիչ վի կալ, բողոքում եմ…
-Ի՞նչ է եղել Վանի՜կ ջան…
-Էլ ի՞նչ տի ըլի, արդեն զահլես տարել են… Ոնց որ անուն չունենամ, սաղ Մատիկոս են ասում, Մատիկոս հա, Մատիկոս…
-Բայց ո՞վ ա Մատիկոս ասում…
-Էլ ո՞վ չի ասում: Կոտոն, Հաջին, Քոթոն, Մոմոշը, Քոշեն, Կիկոսը…

ՏԱԿԻՑ ԿՊԱԿՍԵՐ

Կոծոն ու Քոթոն մորից թաքուն նկուղից օղի են հանում, խմում, օղու բալոնը կրկին փակում, տեղը դնում: Մի օր մայրը նկատում է, որ օղին պակասել է: Տղաներին կանչելով` հարցնում է պատճառը:
-Ա՜յտա, տակիցը տանելիս կըլի, հալբաթ տակը ծակ ա, – պատճառաբանում է Կոծոն:
-Թե տակիցն ա տանում` խի՞ ա գլխիցը պակսում, էնա տակիցը կպակսեր էլի, – նկատում է միամիտ կինը:

ԳՅԵՂԸ ՉԵՄ ՀԱՍՆՈՒՄ

Ամրջանանց Շալոն Ալավերդի Էնգելսի կանգառում տրանսպորտ էր սպասում, որ Շնող գնա: Բեռնատարով անցնում է ընկերը` Համոն: Շալոն ուրախացած առաջ է գալիս, բայց մեքենան չի կանգնում. Վարորդը գլուխը պատուհանից հանելով` գոռում է. ՙԳյեղը չեմ հասնում՚:
Համոյի անցնելուց հինգ րոպե հետո Շալոն ուրիշ մեքենա է նստում, որ գյուղ գնա: Գյուղի տակ` ճալում, տեսնում է Համոյի բեռնատարը շրջված, իսկ Համոն գլխիկոր նստած քարին:
-Էս ի՞նչ ա էլէ Համո՜, – զարմացած հարցնում է Շալոն:
-Չոռ ու ցավ ա էլէ… բա որ ասի գյեղը չեմ հասնում….

ԲՈԹԵԼՈՎ ՉԻ ԸԼՈՒՄ

Կոծոն պարան էր քարշ տալիս:
-Կոծո՜, էդ խի՞ ես քաշ տալիս, – հարցրին նրան:
-Բա որ բոթեմ կգնա՞:

ՉԻՉԱԿԱՆՑ ԷՇԸ

Պետնանց Հովոն ուսանող ժամանակ ՙՀայոց պատմությունից՚ մի երևանցու փոխարեն քննություն է հանձնում: Դասախոսը կասկածում է, որ քննություն հանձնողը երևանցի չէ, որոշում է մի քանի կողմնակի հարցեր տալ նրան:
-Ի՞նչն է մտնում բանջարաբոստանային կուլտուրաների մեջ:
-Դե` սոխը, սխտորը, կաղամբը…
-Լա՜վ, է՞լ ինչն է մտնում բանջարաբոստանային կուլտուրաների մեջ, – հարցը կրկնում է դասախոսը:
-Տո զզվացրիր էլի, Չիչականց էշն էլ ա մտնում, ես ի՞նչ գիտեմ ինչն ա մտնում, – զայրացած գոռում է Հովոն ու դուրս գալիս լսարանից:

ՏԱՍՆ ԷԼ ԱՎԵԼԱՑՐՈՒ

ՈՒթսունականներին, երբ Գորբաչյովը արգելել էր օղի թորել և ոստիկանները հավաքում էին օղեթորման գործիքները, այդ նպատակով այցելում են Պետնանց Կոծոյի տուն ու հայտնաբերում, որ Կոծոն օղեթորման գործիք ունի:
-Կոծո՜, էս ի՞նչ ա, արաղ ե՞ս քաշում:
-Չէ, ու՞ր ա, թե քաշում եմ…
-Չելավ, քեզ հինգ տարի դատ ա հասնում:
-Բայց խի՞, – զարմանում է Կոծոն:
-Արաղ քաշելու սարք ունես, դու պոտենցյալ հանցագործ ես…
-Ընդով մի տասը տարի էլ իմ կռնից ավելացրու, – վրդովված պատասխանում է Կոծոն:
-Ինչու՞, – այս անգամ զարմանում է ոստիկանը:
-Բռնաբարելու սարք էլ ունեմ, դրա հմա…

ԽԱՏԱՏ ԵՄ

Շնողնեցի Բաբանց Վիկտորը արագաշարժ ու առույգ մարդ էր: Գյուղի ճալից տուն գնալիս կողքին արգելակում է ծանոթներից մեկի մեքենան: Վարորդը գլուխը հանելով մեքենայից` առաջարկում է.
-Վիկտո՜ր բիձա, նստի տանեմ:
-Չէ, տղա՜ ջան, ես խատատ եմ, դու ճամփեդ գնա…

ՈՒՐԻՇՆ ԷԼ ԿԱ

Կոծոն խանութ է մտնում.
-Տղամարդու կոշիկ ունե՞ք:
-Չէ՜:
-Կնանո՞նց:
-Չէ՜:
-ՈՒրի՞շ…

ՄԵՂԱՎՈՐԸ ՄԵԾՆ Է

Շնողնեցի Հոբոսի, Ցուցրուկի գադուկի արտը մի քանի այծ են մտնում, որոնցից ամենափոքրը սպիտակ էր: Հոբոսը բռնում է սպիտակ այծին ու խփելով` ասում.
-Տո անտե՜ր, ասենք` սրանք ջահել են, չհասկացան, բա դու եդ սպիտակ միրուքիցդ չամաչեցի՞ր…

ՀՈԲՈՍԸ ԳՆԱՑՔՈՒՄ

Պրավադնիկը մոտենում է Հոբոսին, հարցնում.
-ՈՒրդի՞ց ես նստել պոեզ…
-Քմակի դռնիցը:
-Ծո ուրդուց, ուր կերթա՞ս:
-Բաջանաղիս տուն եմ գնում, հրսանքի:
-Բիլետ ցույց տուր, բիլետ ունի՞ս:
-Հա, ոնց չէ, հվատում չե՞ս, – Հոբոսը գրպանից հանում է հրավիրատոմսն ու կարդում. – ՙՀարգելի Հոբոս, ընտանյոք հանդերձ…՚

ԻՐՈՔ ԻՄԱՍՏՈՒՆ Ա

Կուրթանեցու ոչխարը գողանում են գոմից: Ո՞վ տարած կըլի, ով չի ըլի` որոշում են գնալ Հոբոսի մոտ:
-Հոբո՜ս, ո՞վ տարած կըլի ոչխարը:
Հոբոսը`
-Ով որ գոմի դուռը բաց ա արել` նա էլ տարել ա:
-Արա գտավ, – ասում են գյուղացիք, – իրոք իմաստուն ա էլի…

ՉԻ ԿԱՆԳՆՈՒՄ

Նեղոցեցի Սևակը Երևանում ցանկանում է ծաղրել մետրոյի տոմսավաճառուհուն, մեկնում է դրամն ու ասում.
-Մի ժետոն տուր մինչև ՙԵրիտասարդական՚:
-Գնացքը ՙԵրիտասարդականում՚ չի կանգնում, – դրամը վերադարձնում է տոմսավաճառուհին:

ՉԻՐԸ

Երեք նեղոցեցի պատերազմի ժամանակ միասին ծառայում էին Ղրիմում: Մի օր, երբ սովից նեղվում են, որոշում են գնալ մոտակա թաթարական կիսալքյալ գյուղ` գողության: Գիշերվա մթության մեջ ընկերները տան կտուրում չիր են գտնում, կուշտ ուտում, իսկ մնացածը գրպանում` ցերեկն ուտելու համար: Հաջորդ օրը, երբ ցանկանում են վայելել իրենց ավարը` պարզվում է, որ գիշերվա կերած ՙչիրը՚ մահմեդական թաթարների թելի վրա հավաքած թլիպներն են:

ՔՐՏՆՔԻՑ Ա

Նեղոցեցի Ժուժուն ուսապարկն ուսին սար է բարձրանում: Հանկարծ հոնի արաղի հոտ է առնում: ՙԿարող ա՞ ջեբիս եմ դրել, մոռացել՚, – մտածում է ու ստուգում գրպանները: Չկա: ՙԿարող ա մերս ա վեշիս միջին դրել՚… Ստուգում է ուսապարկը` չկա: Ճամփան շարունակում է, ու գլխի ընկնում.
-Գտա՛, քրտնքիցս ա…

ԹԱՐՍ Ա ԳՑԵԼ

Չքառուկ Սաքոն մի երեկո ուրախացած ձայն է տալիս կնոջը.
-Ախչի, Սաթի՜կ, բա ասում չես` բոյովացել եմ:
-Ո՞նց ես բոյովացել, այ մա՜րդ:
-Տենում չես` ոտս յորղանի տակիցը մի թիզ դուս ա էկել:
Սաթիկը զարմացած նայում է, ծիծաղելով ասում.
-Սաքո՜, լա յորղանը երգենքին գցի…

ԿՇՏԱՑՈՂԸ ՉԵՄ

Այնալուն Թիֆլիսում ռեստորան է մտնում: Մատուցողուհին մոտենում է, նրան է մեկնում ճաշացուցակը:
-Էս ի՞նչ ա, աղջի՜կ ջան, – հարցնում է ծերունին:
Աղջիկը պատասխանում է: Այնալուն ձեռքը ցուցակի վերևից ներքև է տանում, ասում.
-Դիփ բի՜:
Զարմացած մատուցողուհին բերում է ճաշերը: Այնալուն անխռով ուտում է բոլորը, և մտածելով, թե դրանք փորձելու համար էին բերել` ասում է.
-Աղջի՜կ ջան, ճաշն էլել ա, բեր:
Մատուցողուհին ճարահատյալ բերում է: Դրանք ևս ուտելով` Այնալուն ասում է.
-Չէ, աղջի՜կ ջան, ոնց որ երևում ա` ես ըստի կշտացողը չեմ: Լավն են ա` հաշիվն ասես, փակեմ – գնամ:

ԳԱՆԳԱՏՎՈՂԸ

Այնալուին ուղարկում են Երևան` Մացակ Պապյանի մոտ, որպեսզի բողոքի գյուղացիների ծանր վիճակից: Այնալուն մի կերպ գտնում է Պապյանի նստավայրն ու մտնում ընդունարան: Ներս մտնելով` հարցնում է քարտուղարուհուն.
-Էն գյադեն ու՞ր ա:
-Ո՞վ, զարմանում է քարտուղարուհին:
-Մացակ են ասում, ինչ են ասում:
Քարտուղարուհին պատասխանում է, որ Պապյանի մոտ մարդ կա, չի կարող ընդունել:
-Մարդ, մուրդ չգիտեմ,- ասում է Այնալուն ու ներս մտնում:
-Բարիաջողու՜մ:
-Բարև՜ ձեզ,- պատասխանում է Պապյանը:
-Մացակ Պապյանը դու՞ էս:
-Ես եմ, հայրի՜կ, ի՞նչ հարցով եք եկել:
-Տհե ո՞նց կըլի, այ որդի՜: Հավ չունենք` ձու էս ուզում, կով չունենք` կաթն էս ուզում, են կռտած մոզուցն էլ` ցուլ էս ուզում… Ես որդիան տամ, – առանց նախաբանի սկսում է Այնալուն:
Պապյանը ծիծաղում է, հարցնում.
-Հայրի՜կ, ձեր գյուղում ուրիշ մարդ չկար, որ քեզ են ուղարրկել:
-Մարդ կար` մարդի կուշտը ղրգեցին, ինձ էլ` քեզ պեսի կուշտն են ղրգել,- պատասխանեց Այնալուն:
Պապյանը հիացած ծերունու հանդուգն պատասխանով, ծիծաղում է, բավարարում նրա պահանջները, հյուրասիրում, հագուստ նվիրում ու Հաղպատ ուղարկում:

ՄԻՆՉԵՎ ՔԵՐԹԵՄ

Խեչոն նշանավոր որսորդ էր: Մի անգամ որսից վերադառնալիս հանդիպում է ընկերներին ու տուն հրավիրում` խորոված եղնիկ ուտելու: Տուն հասնելով` ասում է.
-Տղե՜րք, դուք խորովածն արեք, մինչև ես քերթեմ…

ԱԼԱՐԿՈՏՆԵՐԸ

Սևակն ընկերների հետ պայմանավորվել էր լուսաբացին սար բարձրանալ: Երբ ընկերները վաղ առավոտյան արթնեցնում են նրան, ծույլն ասում է.
-Տնաշեննե՜ր, ալարում էիք քիչ էլ քնել…

ԿԱՄԱՑ ՀՈՇ ԱՐԻ

Սևակն առաջին անգամ էշ էր նստել: Նստում է ու… ՙՀո՜շ արի՚: Ճամփեն էլ գլխիվայր, էշը տրտինգ տվեց: Վախեցած Սևակը չիմանալով ինչպես ՙարգելակել՚` լեղապատառ գոռում էր. ՙԿամաց հոշ արի՛…՚

ԴՈՒ ՈՆՑ ԿԱՆԵԻՐ

Նեղոցեցի Արմոյի շունը խեղդել էր հարևանի խոզին: Հարևանը խոզի փողն ուզում էր, Արմոն չէր տալիս: Վերջը` ՙԽոսքը հասավ դիվանբաշուն՚: Դատի ժամանակ դատավորը հարցնում է Արմոյին.
-Քաղաքացի Բեգջանյա՜ն, ինչու՞ չեք փողը տալիս:
-Դատավո՜ր ջան, ասենք ես խոզն եմ, դու` շունը, – պատասխանում է Արմոն, – որ դռանն ինձ տեսար, վրա չտի՞ս պրծնի քմակիցս բռնես…

ԲՈՅՆ ԷԼ ՄԻ ԲԱՆ ՉԻ

Դոբրի Սարգիսը գնացել էր Ախթալա: Նեղոցում հանդիպոմ է Երգեն Խեչոյին: Խեչոն Սարգսին հրավիրում է տուն: Տունն էլ ցածրիկ, գետնափոր էր` դուռը ցած: Խեչոն սովոր էր, տուն մտնելիս մի քանի տեղից ծռմռվում էր, իսկ Սարգիսը, որ անսովոր էր, ճակատով դռան կասակին առ հա` կտաս: Խեղճը ուշաթափված վայր է ընկնում: Դրանից հետո Սարգիսը երբ հանդիպում է Խեչոյին` ինքնաբերաբար կռանում է:

ԶԱԴ ՉԿԱ

Բագրատը Լևանի գերեզմանի վրա կռացած գործ էր անում, երբ գերեզմանոցի տարածքով անցնող Արմանն ու Շահոն նայելով ՈՒբուլի նկարը` կանչեցին. ՙԻ՞նչ կա ՈՒբու՜լ…՚
-Բան չկա, – առանց տեղից բարձրանալու գոչեց Բագրատը:
Վայրկյան անց Արմանն ու Շահոն գյուղի մյուս ծայրում էին:

ԻՄ ՓԱՅՆ ԷԴՔԱՆ Ա

Վանոն հարևանի տղուն` Վաչեին բռնեցնում է այգում` կառալյոկի ծառի վրա քաղելիս:
-Վաչե՜, եդ ի՞նչ բանի ես:
-Հո՛, Վանո ձաձա, էս ու՞ր եմ ընկել: Ես ուզեյ Ջհանգրանց զուգարանը մտնեմ, թե ոնց ըստի ընկա` չհասկացա:
Էդ դեպքից մի քանի օր անց Սպարտակը տեսնում է Վաչեին, ասում.
-Վաչե՜ ջան, դու մեր կառալյոկին ձեռ չտաս, ես բերքը հենց հվաքեմ` քու փայը կտամ:
Բերքահավաքից հետո Սպարտակը մի դույլ կառալյոկ է բերում Վաչեին.
-Վաչե՜, էս էլ` քու փայը:
-Ո՞նց, էդ ինչ էս տալիս Սպարտակ ձաձա, բա ես հլե եդքան տե՞յ գողանա…

ԹԹՈՒՆ ԷԼ Ա ՈՒՏԵԼՈՒ

Երգեն Խեչոն Օքրոյանենց տանը նոր տարուն տոլմա էր ուտում: Բաշխոն որ տենում ա Խեչոն շատ ա զոռ անում` ասում ա.
-Խաչի՜կ ջան, եդ թթուն էլ լավը, թթուն էլ ա ուտելու, թթու կեր…

ԱՆՓՈՂ ՉԳԱՍ

Ճաճոյի անձնագիրը Թիֆլիսում գողանում են: Երկու շաբաթ անց Ճաճոն անձնագիրը ստանում է փոստով, հետը` նամակ. ՙԵս քու մերը… մյուս անգամ քաղաք գալիս անփող չգաս…՚

ԾԻԾԵՌՆ Ա ԸՆԿԵԼ

Կորյունը տեսնելով, որ Ջոջի ավտոյի ակը փչացել ա /պրակոլ/ ասաց.
-Սեյրա՜ն ձաձա, էս ակդ ծիծեռն ա ընկել…

ԽՈՐՈՎԱԾ ԱՐԵՔ

Այնալվանց Խեչոն նշանավոր որսորդ էր: Մի անգամ որսից վերադառնալիս հանդիպում է ընկերներին ու հրավիրում տուն` ճաշակելու եղնիկը: Տուն հասնելով` սեղանին է դնում եղնիկն ու ասում.
-Տղե՜րք, դուք կամաց խրովածն արեք, մինչև ես կքերթեմ:

ՔԱՐԻ ԽԵՉ ՉԵՄ

Նեղոցեցի Սևակը գիշերվա ժամը երկուսին հարբած ձայն է տալիս Մհերին. ՙՄհե՜ր, այ Մհե՜ր, շուտ դուս արի՚: Տագնապած Մհերը շտապ հագնվում է, դուրս է գալիս տնից:
-Ի՞նչ ա պատահել, Սևա՜կ:
-Վույ, չարդ տանեմ, արի մի պաչեմ էլի…
-Այ քու զուլումդ կտաղի, խու քարի խեչ չեմ, որ տհենց հրաքաթն ես ընկել:

ԱՆԳՐԱԳԵՏ ԵՍ ՈՒՐԵՄՆ` ԴՊՐՈՑ

Գիշոն հանդիպում է ընկերուհուն.
-Գյուղապետարանում քարտուղար կաշխատե՞ս:
-Չէ՜, կրթություն չունեմ:
-Դե լավ, որ անգրագետ ես` կդասավորեմ դպրոցում կաշխատես:

ԾԵԾԵՍ ԿԳՆԱ

Վաթսունականներին Կարդաշն առաջին անգամ գյուղ տրակտոր էր բերել: Որոշում է համագյուղացիների գլխին օյին խաղալ: Տրակտորը կանգնեցնում է թեք լանջին, հավաքում մի քանի ծերերի ու հավատացնում, որ ՙմեքենան կապրիզություն ա անում, չի գնում: Մինչև չծեծենք` չի գնա՚: Կարդաշի հրահանգով միամիտները ճիպոտ են վերցնում, սկսում ծեծել տրակտորը: Կարդաշը ոտքը կոնուսին է դնում, տրակտորը մի փոքր շարժվում է տեղից, ու հրահանգում է.
-Այտա՜, արդեն գնում ա, մի քիչ ղայիմ խփեք որ յորղա ընկնի:

ԱՆԳՐԱԳԵՏ ԵՆ

Սադոյին Յակուտսկում կանգնեցնում է ոստիկանը, փաստաթուղթ հարցնում:
-Անձնագիր չունեմ, – պատասխանում է Սադոն:
-Իսկ դու որտեղի՞ց ես, – կրկին հարցնում է ոստիկանը:
-Նեղոցի՜ց:
-Նեղո՞ց, եդ որտե՞ղ է:
-Տո ես քու անգրագետ հերդ եմ անիծել, սրան նայի, Նեղոցա տեղն էլ չգիտի, – զայրանում է Սադոն:

ՄՈՌԸՔՈՒ ԾԱՌԻՑ

Անթանեսը մոռի էր գնացել ու դատարկ հետ եկել:
-Այ կնի՜կ, չես ասու՞մ, մոռըքու ծառիցը վեր ընկա…
-Վու՛յ, քոռանամ ես, խու բան չի՞ եղել…

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ

Դավոն գնացել էր հանդը` կակալի: Ծառից վեր է ընկնում, ուշաթափվում: ՈՒշքի է գալիս, երբ արդեն մութ էր: Բարձրացնում է գլուխն ու բարկացած`
-Բա սա կառավարություն ա՞, բա սա ժղովուրդ ա՞…

ՄԵԶ ՄՈՏ ԾԽՈՒՄ ԵՆ

Սևակին մետրոյի ՙՍասունցի Դավիթ՚ կայարանում ծխելիս բռնում են ոստիկաններն ու ուզում են տուգանել.
-Ինչու՞ ես այստեղ ծխում:
-Ինչ է, չի կարելի՞:
-Չէ, չգիտե՞ս:
-Որտեղի՞ց իմանամ, մեզ մոտ մետրոյում ծխում են:
-Ձեզ մոտ որտե՞ղ:
-Նեղոցու՜մ:
-Էդ որտե՞ղ ա, մետրո կա՞ ձեզ մոտ:
-Հա, ո՞նց չկա, – Սևակը համոզում է ոստիկաններին ու հեռանում:

ԱՎԱՐԸ

Երեք նեղոցեցի պատերազմի ժամանակ միասին ծառայում էին Ղրիմում: Մի օր, երբ սովից նեղվում են, որոշում են գողության գնալ հարևան թաթարական կիսալքյալ գյուղը:
Գիշերվա մթության մեջ համագյուղացիները տան տանիքում չիր են գտնում, կուշտ ուտում, իսկ մնացած ավարը գրպանելով` վերադառնում: Հաջորդ օրը լուսաբացին, երբ ընկերներով ցանկանում են վայելել գիշերվա ավարը, պարզվում է, որ իրենց կերած ՙչիրը՚ մահմեդական թաթարների թելի վրա անցկացրած թլիպներն են:

ԾՄԱԿ ԿԳՏՆԵՍ

Ճոճկանեցի Վախթանգը ջահել ժամանակների արկածներն էր պատմում գյուղի երիտասարդներին.
-Մի հետի անապատումը իրեք առյուծ եդնես էլան, համա կարացին ոչ բռնեն, կաղնքուն վեր էլա…
-Վախթա՜նգ բիձա, անապատում կաղնին ի՞նչ ա շինում:
-Է՛, բալա ջան, որ տեղդ նեղ ըլի` կաղնի էլ կգտնուս, կաղնքու ծմակ էլ, – արդարացավ Վախթանգը:

ԶԱԴՆԻ ԴՐԻ

-Մի հետի կռվի վախտը պառաշուտով ռազվեդկի ղրգեցին, – պատերազմի ժամանակների քաջագործություններն էր պատմում Վախթանգը, – պառաշուտով սամալյոտից թռա, մի երկու կիլոմետր թռա, մին էլ տեհա` նեմեցի երկու սամալյոտ ինձ են ասել ու գալիս են: Պառաշուտս էլ խու պառաշուտ չէր…զադնի դրի ու մեր սամալյոտին եդ հասա…

ԻՄ ՀՆԳԵՐ ՀԻՏԼԵՐԸ

-Պլեն ի ընգել, – շարունակում է Վախթանգը: Սաղին շարեցին, ասին Հիտլերն ա գալի: Էկավ, ինձ մոտիկացավ, մին էլ` խու փթաթվեց ոչ ինձ, փթաթվել ա ինձ ու լաց ա ըլում:
-Վա՛յ, Վախթա՜նգ ջան, – ասավ, – դու է՞լ ես ըստի… Վերջն ինձ բաց թողեց: Կռվից առաջ Սոչի իրար հետ հանգստանալուց մի երկու հետ մոշի ենք գնացել…

ՈՒԶՈՒՄ ԵՍ ԹՈՒԼԵՆ ԳԶԻ

-Հերու հանդումը մի երկու մետրանոց գել ռաստ եկավ, – որսորդական արկածներն էր պատմում Վախթանգը:
-Վախթա՜նգ բիձա, էրկու մետրանոց գել կըլի՞, – հարցրեց ունկնդիրներից մեկը:
-Այ բալա՜, բա ուզում ես իմ տեհած թուլեն ինձ գզի՞ – անկեղծ զարմացավ Վախթանգը:

ԶԱԴ ՉԻ

Ռուբենը տուն է գալիս թե չէ` կինը հարձակվում է վրեն:
-Տանը հազար բանի պակաս ունենք, էս չկա, են` չկա, տղամարդ չըլես ոնց որ, մի խոսքով` զադ չես: Մենակ խմել գիտես:
-Ձենդ կտրի, ես քու մերը…, – զայրացավ հարբած Ռուբենը:
-Իմ մերը… Ախր դրանում էլ չես զադ է…

ԼՈՒՍԱՔՈՂԱՐԿՈՒՄ

-Այ կնի՜կ, Վիետնամ կռիվ ա, – ասաց Ռուբենը կնոջը:
-Խի՞ ես եդքան մտածում ընդիան կռվի մասին, – հարցրեց կինը:
-Մտածում եմ, որ հասավ մեր կուշտը, ես անդեր լամփուշկեն որդի՞ տենք պահի, որ վնաս չտա:

ԹՈՂ ՔՉԸՓՈՐԻ

Ռուբենը խանութ է մտնում.
-Չամիչ ունե՞ք:
-Չէ, չամիչով բուլկի ունենք:
-Դե լավ, մի կիլո քչըփորի…

ՉԸԲԸԽԸ

Ռուբենի աղջիկը ուշացած տուն է մտնում:
-Ախչի՜, էս ու՞ր էիր, – հարցնում է Ռուբենը:
-Գնացել էի ՎԼԿՍՄ ժողովին:
Քիչ անց Ռուբենը կնոջը.
-Կնի՜կ, չըբըխը:
Ուզում էր ասի` ՙչայ բեր խմեմ՚:

ՄՏԵԼ Ա

Ռուբենը մնի ակոշկի շուշեն գցում ա: Հաջորդ օրը գալիս են ասում.
-Շուշեն կարճ ա էլէ:
-Խու լվացել չե՞ք, – հարցնում է Ռուբենը:
-Հա՜:
-Վայ քու տունը չքանդվի: Դրանից ա, մտել ա:

ՍՈՎԱԾ ՍՊԱՍԵԼՆ ԷԼ ՄԻ ԲԱՆ ՉԻ

Ռուբենը մի բուխանկա հաց կռնատակին` կայարան էր գնում:
-Այ տղա, Ռուբե՜ն, ես ու՞ր ես գնում, – հարցնում է հարևանը:
-Գնում եմ պոյեզի տակն ընկնեմ:
-Արա՜, բա եդ բուխանկե՞ն ուր ես տանում:
-Տո շա՜շ, բա որ ապազդանի տա խու սոված սպասելու չեմ…

ՏԵՂ – ՏԵՂ
Ռուբենը մի ոտքին կոշիկ, մյուսին կալոշ հագած` անցնում էր փողոցով: Մի անցորդ զարմանում ա.
-Այ Ռուբե՜ն, էդ խի՞ ես մինը կոշիկ հագե, մինը` կալոշ:
-Բա չլսեցի՞ր, սօր ռադիոն ասավ տեղ – տեղ անձրև ա գալու:

ՊՈՒՃՈՒՐ ՎԱԽՏՎԱՅ Ա ՊԵՏՔ

Ռուբենը գնում ա նկարվելու, նկարիչն ասում ա.
-Ռուբե՜ն, դու հանվիր, ես էսա գալիս եմ:
Ռուբենը հանվում ա ու դիվանին տկլոր պարկում: Նկարիչը զարմանում ա. Ռուբե՜ն, էս ի՞նչ խաբար ա:
-Ախպե՜ր, պուճուր վախտվա նկար չունեմ, տենց նկարի:

ՏՈՒՆՆ ՈՒՐ ԿՈՐԱՎ

Ռուբենն էշով Երևան ա գնում: Էշը կապում ա տրամվայից, ինքը մտնում ճաշարան: Դուրս է գալիս տեսնում` ոչ էշը կա, ոչ` տրամվայը: Ասում ա.
-Լավ, ասենք` էշս փախավ, բա են շուշաբանդով տունն էլ հետը տարա՞վ…

ՆՐԱՆ ՔԻՉ Է

Ռուբենն աշխատանքի գնալիս տեսնում է, որ մեկը կտուրին գործ է անում: Ասում է. ՙԶգույշ կաց, տղա, վեր կընկնես, ոտքդ կկոտրես՚: Տղան կոպիտ պատասխանում է. ՙԳնա գործիդ՚: Հետ գնալիս Ռուբենը լսում ա, որ տղան ընկել ա, մահացել: Ասում է.
-Էդ նրան քիչ ա, ոտն էլ տեր կոտրիլ…

ԿՄՐՍԻ

Ռուբենը գնում ա մեռել թաղելու: Նայում ա` գերեզմանի փոսը թաց ա:
-Էս ու՞ր եք ըստի թաղում, էս խու ռևմատիզմի բուն ա, – ասաց նա:

ՈՒՇԱՆԱԼ ԷԼ ԿԱ, ՈՒՇԱՆԱԼ ԷԼ

Ռուբենը կնգա հետ գնում ա կայարան: Նայում ա ժամին, տենում ա` ուշանում ա գնացքից: Վազում ա վազում, բայց հասնում ա տեղ` տասը րոպե ուշացել ա:
-Այ կնի՜կ, ինչ լավ ա` վազեցինք, թե չէ` կես ժամ կուշանայինք:

ՈՎ ԱՇԽԱՏԻ, ՈՎ ՈՒՏԻ

Ռուբենը պատառաքաղով զեյթուն էր ուտում: Խփում է, խփում` չի կարողանում վերցնել – ուտել: Կողքինը ձեռքով վերցնում, ուտում է: Ռուբենը թարս – թարս նրան է նայում, ասում.
-Շա՜ն որդի, ես բեզարացրի, որ դու բռնես ուտես…

ԱՆՀԱՍԿԱՑՈՂ ՉԵՄ

Ռուբենի տղան կինոյից տուն է գալիս: Ռուբենը հարցնում է, թե ի՞նչ ֆիլմ էր.
-Это безумный, безумный, безумный мир,- պատասխանում է տղան:
-Շա՜ն տղա, մին ասա, խուլ չեմ, – զայրացավ Ռուբենը:

ԵՍ ՀԵՉ

Ռուբենը հարցնում է տաքսու վարորդին.
-Ինչքա՞ն տեմ տալ որ տուն տանես:
-Մի մանե՜թ, – պատասխանում են նրան:
-Բա մեշո՞կս:
-Մեշոկը ձրի ա:
-Դե որ ձրի ա, դու մեշոկը տար, ես ոտով էլ կգամ:

ՄԵԾ ՈՒ ՊՈՒՃՈՒՐ ԿԱ

Ռուբենը մի զանգ ձեռքին մտնում է գավառագիտական թանգարան, ասում, որ ձեռքինը Սայաթ – Նովայի զանգն է: Առնում են: Երկու օր հետո էլի գալիս ա, թե` Սայաթ – Նովայի զանգն եմ բերել:
-Այ Ռուբե՜ն, ախր են օրը ծախեցիր:
-Են պուճուր վախտվանն էր:

ԷՌՆԱԿ ԱՊԱԶԴԱՆՆԻ ՏԱ

Ռուբենը գնում ա կինո: Կադրում մի կին հանվում ա, բայց մինչ լրիվ մերկանալը գնացքը գալիս – ծածկում ա: Դրանից հետո Ռուբենը հա նույն կինոն ա գալիս: Տոմսավաճառը հարցնում ա.
-Այ Ռուբե՜ն, խի՞ ես ամեն սեանսի գալի:
-Բալքիմ պոեզը մի օր ապազդանի տա…

ԽԱԲՈՒՄ Ա

Ռուբենը տուն ա գալիս, մուրաբեքի բանկեքի վրա պերեցի յառլիկ կպցնում: Կնիկը հարցնում ա թե ի՞նչ ես անում:
-Տհենց եմ անում, որ մորմոնջնին վրա չտան:

ՎԱԽՈՒՄ Ա

Ռուբենը գնում է ֆինբաժնի վարիչի մոտ: Վարիչը կաբինետից դուրս է գալիս, նայում է Ռուբենին ոտքից գլուխ, ուզում ա ձեռ առնի:
-Ռուբե՜ն, էս ի՞նչ ես ոտից գլուխ կանաչ հագել, ոնց որ գարունքվա խոտ ըլես: Էշը քեզ տենա` վռազ կուտի:
-Դրա հմա էլ ռիսկ չեմ անում կուշտդ մտնեմ, – ասում ա Ռուբենը:

ԱՆԽԵԼՔ Է

Ռուբենը հևիհև տուն է մտնում. ՙԱյ կնի՜կ, էսօր հինգ կոպեկ եմ փափախ արել…՚
Կինը զարմացած նայում է Ռուբենին: Ռուբենը պատմում է, որ վազել է ավտոբուսի ետևից, տուն հասել:
-Անխելք մարդ ես. տաքսու հետևից կվազեիր` մի մանեթ փափախ կանեիր:

ՎԱՏԻՑ ՎԱՏԸ ԿԱ

Ռուբենի տղան երեք տարի մնում է նույն դասարանում: Ռուբենը բարկանում է. ՙԱյ շա՜ն տղա, բա դու ամոթ չունե՞ս՚:
-Այ հե՜ր, խի՞ ամաչեմ, մեր դասատուն հրեն երեսուն տարի ա` նույն դասարանում ա:

ՄԻՆԸ ՈՐԴԻ ԷՐԿՈՒՍԸ ՈՐԴԻ

Ռուբենը ջղայնանում ա կնոջ վրա, գնում ա հարբում, տուն գալիս, որ հետը կռվի: Համա աչքին կնիկն էրկու հատ ա երևում:
-Էս մնի հախիցը կարում ե՞մ գամ, որ հմի երկուսինը գամ, – ասում ա բարցրաձայն ու գնում ա քնում:

ԲԱ ԾԵՐԻ ԿԱՊԱԾԸ…

Ռուբենին գողության համար քաղմաս են տանում: Հարցնում են. ՙԻ՞նչ ես գողացել՚:
-Հեչ, էլած – չէլածը մի թոկ էր:
-Բա մի թոկի խաթեր մարդ կբռնե՞ն:
-Էտ անտեր թոկի ծերին մի չաղ եզն էր կապած է՛…

ՈՒՐ ԿԿՈՐՉԻ

Աքորվեցին զանգում է Մոսկվայում բնակվող եղբորը:
– Բա ասում չես` էսօր պապան կկալքուն դիբ էլավ:
-Հետո՞:
-Հետո ընդիյան վեր ընկավ:
-Բա հետո՞:
-Ի՞նչ հետո, էնա պապան չկա:
-Այտա՜ լավ մտիկ արեք, ծառի տակին կըլի, ուր պտի կորչի…

ՈՎ ԼԻՆԵՐ ՈՐ…

Ոստիկանը կանգնեցնում է լոռեցու մեքենան.
-Հոծ գիծը տրորեցիր:
-Ապո՜ ջան, որ դու էլ խմած ըլեիր, դու էլ կտրորեիր էլի…

ՈՆՑ ԻՄԱՆԱՆՔ

-Այտա՜, ո՞նց տի ըլի:
-Ի՞նչը Գևո՜:
-Ծառ չկա, ո՞նց տենք գարունքվա գալն իմանա:
-Ծտերի ծլվլոցով:
-Այտա՜, որ ծառ չկա, ծիտը որդի՞ տի ծլվլա:

ՀԱՍԱՐԱԿ ՀԱՐՑ Ա

-Էդ ընչի՞ եք իրար միս ուտում:
-Ինձ հարցնում ա` խու շա՞շ չես:
-Այտա՜, եդքան հասարակ հարցին կարում չե՞ս պատասխանես:

ԻՆՉ ԻՄԱՆԱՄ

-Այտա՜ եդ ի՞նչ ա էլե:
-Ատամս հանեցի:
-Ցավում ա՞:
-Գիտեմ ոչ, բժշկի մոտ թողի:

ՎԱՂ ԷՐ ՏԱՐԵԼ

Լևանի ստամոքսի խոցը պայթել էր: Վերակենդանացման բաժանմունքում վտանգավոր վիճակից դուրս գալուց հետո բժիշկը թեթևացած շունչ է քաշում:
-Է՛, Լևա՜ն ջան, վերևն աստված կար, փրկվեցիր:
-Չէ, բժի՜շկ ջան, որ ներքևը բժիշկ չըլներ, վերի աստոցն ինձ վաղ էր տարել:

ՆՍՏԱԾ Է

Գնացքում տոմսավաճառը մոտենում է լոռեցի ծեր կնոջը.
-Տատի՜ ջան, տոմս վերցրու, մինչև ու՞ր ես գնում…
-Տեղ չեմ գնում, բալա՜ ջան, իմ հմա նստած եմ…

ՀԱՄԵՆԱՅՆԴԵՊՍ ՓՈԽԻՐ

Աքորու գյուղսովետի նախագահը զանգում է առաջավոր կթվորուհուն.
-Աղջի, Ծաղկանու՜շ, ռավոդը թերթից մարդ ա գալու որ քեզանի ինտերվյու վերցնի,շուտ գրասենյակ կգաս:
-Հա, նախագա՜հ ջան, համա եդ ինտերվյուն ի՞նչն ա:
-Աղջի, եսիմ, ես էլ չգիտեմ, համենայնդեպս` տակաշորերդ կփոխես:

ՈՉ ԵՆ ՈՒՆԻ, ՈՉ ԵՆ

Ծեր լոռեցին քաղաք է գնում ու հիշելով կնոջ պատվերը` մտնում է խանութ ու մոտենում սուրճի բաժակներին, որ գլխիվայր շարած էին վաճառասեղանին:
-Պահո՛, էս ոնց ա, բաժակնին բերան չունեն…
Վերցնում ա, շրջում.
-Իա, էս բանից պարզվում ա, տակ էլ չունեն…

ՇՈՒՆ Ա ՔԵՐԹՈՒՄ

Դսեղում վարսավիրը սափրում էր սովխոզի նախագահին: Այդ պահին ներս է մտնում ընկերն ու երեք ռուբլի խնդրում.
-Այ տղա՜, ես ըստի մի ռուբլու հմա շուն եմ քերթում, քեզ իրեք ռուբլի որդիա՞ն տամ:

ՉԵՄ ՍՏԱՑԵԼ

Բարսեղի տղան մեկնում է արտագնա աշխատանքի: Որոշ ժամանակ անց նամակ է գրում հորը, թե շուտ փող ուղարկի, վերադարձի տոմս գնեմ գամ: Ստանում է պատասխանը. ՙՏղա՜ ջան, են նամակը, որ փող էիր ուզում, չեմ ստացել՚:

ԽԵՂԴՎԵՑԻՔ

Թաթոսն ավտոբուսում թունդ – թունդ ծխում էր:
-Այ բիձա՜, խեղդեցինք, ծխի՜լ մի:
-Այ տղա՜, օխտնանասուն տարի ա ես ծխում եմ, խեղդվեցի ոչ, հմի դու հինգ րոպեումը խեղդվեցի՞ր…

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ

-Ախպեր, Եղո՜, ես կոշիկնիս ինչքա՞ն կդիմանան:
-Թե որ հագնուս ոչ մի հարիր տարի կդիմանան էլի…

ԽՆԱՄԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Ֆեդյա քեռին Սիմոնի համար խնամախոսության էր գնում: Սիմոնին ճամփին խրատ է տալիս. ՙՍիմո՜ն, որ գնանք` դու մի բայրիկուն կասես ու սուս կկենաս, որ գործը փչացնես ոչ՚: Սիմոնը հանձն առավ: Երբ գնում են` տանտերը սեղան է բացում հյուրերի պատվին: Կերուխումի պահին Սիմոնը շրջվում է քեռու ականջին.
-Քեռի՜ ասե՞մ:
-Ասա Սիմո՜ն ջան, – պատասխանում է քեռին:
-Սիմոնը ոտքի է կանգնում, անտարբեր նայում սեղանակիցներին ու ասում. ՙԲայրիկուն՚…

ԻՆՉՈՒ ՀԱՄԱՐ

Լոռեցիք Ապարանի անտառում քեֆ էին անում: ՈՒտելիքը հատնում է, մի ջահելի ուղարկում են մոտակա գյուղ` գառ առնելու: Գնում է, մի քանի ժամից վերադառնում` ամբողջովին արյունոտված:
-Այտա՜, ետ ի՞նչ ա էլէ..
-Այտա՜, գնացի գյեղը, գյեղամիջումը մի դուռը թակեցի, մի ջահել հարսը բաց արավ: Ասի. ՙԱ գառ կա՞…՚ Սաղ գյեղովը վրա դառան, տվին ու տվին…տենց էլ գլխի չէլա թե ընչի…

ՑԵՐԵԿՎԱ ԲԱՆ ՉԵՍ

Լոռեցին արտասահմանում տեսնում է, որ այնտեղ ցերեկն էլ են սիրով զբաղվում: Տուն է գալիս, կնոջն ասում.
-Կնի՜կ, են բանը, որ քշերն էինք անում, սրանից եդը ցերեկը տենք անի, հանվի՜ր:
Կինը հանվում է: Մոտենալով` ամուսինը հետ է քաշվում.
-Շուտ արա, շու՜տ, շորերդ հագի…
-Խի՞, այ մա՜րդ:
-Հագնվի, դու ցերեկվա բան չես:

ՈՐ ԱՍԵՔ ՈՉ…

Դսեղում կողքի գյուղից գնում են խնամախոսության: Աղջկա հայրը շարունակ գովաբանում է իր աղջկան. եփող-թափող է, շատ խելոք է, համեստ է… այդ պահին մի փոքրիկ երեխա է վազելով անցնում սենյակով. հայրն ասում է.
-Հա, էս էլ` իրա երեխեն ա, որ չասեք չբեր ա…

ԹԻԿՈՒՆՔ ՈՒՆԻ

-Արա բա չես ասու՞մ ինչ եղավ…
-Ի՞նչ:
-Վաչոյին ինֆարկտ ա տվել:
-Ի՞նչ ես ասում:
-Հա՜, նոր իմացա:
-Տո մի հավատա, սուտ կըլի, նա գիտե՞ս ինչ թիկունք ունի…

ԿՆՈՋԻՑ

Երկու լոռեցի անցնում էին գերեզմանոցով ու կարդում տապանագրերը:
-Արա, հլա մտիկ արա, ինչ մեղք ա, ջահել տղայ ա, տենաս ընչի՞ց ա մեռել…
-Տենում չես` քարի վրա գրած ա էլի` կնոջից…

ՕՔՄՈՒ ՋԱՆԸ ՍԱՂ ԸԼԻ

Մի լոռեցի կին տեսակցության է գնում իր հիվանդ ընկերուհուն: Նկատում է, որ նրանց դռանը կապած էշը էշավարի կանգնած ՙդես ու դեն ա նայում՚:
-Վույ ախչի՜, – բացականչում է հիվանդատեսը, – էս անդեր իշի զադին դիմանալ կըլի՞:
Հիվանդը մի կերպ բարձրացնում է գլուխը, նայում է իշին, տնտղում ՙեն զադն՚ ու ասում:
-Օքմու ջանը սաղ ըլի, խի՞ չի դինանալ…

ԲՐԻԳԱԴԸ

Ճանապարհի եզրին երկու լոռեցի էին աշխատում: Մեկը փոս էր փորում, մյուսը` լցնում: Անցորդը հարցնում է, թե ի՞նչ են անում:
-Ախպե՜ր ջան, բրիգադ ենք, գործի ենք եկել, ծառ ենք տնկելու,- պատասխանում է մեկը:
-Բա ծառե՞րն ուր են,- զարմանում է անցորդը:
-Ես փորողն եմ, նա` լցնողը: Ծառ տնկողը էսօր գործի չի եկել:

ԲԱ ՔՈՒ ԵՐԱԶՈՒՄ…

Գիշերվա կեսին ամուսինը զարթնեցնում է կնոջն ու սկսում ծեծել:
-Այ մա՜րդ, ի՞նչ է պատահել,- զարմանում է կինը:
-Գիշերն էրազումս հարևանի մարդուն պաչում էիր…
-Հա, բայց դա քու էրազն ա, ե՞ս ինչ մեղավոր եմ:
-Ո՞նց թե, որ իմ էրազումը տհենց էիր անում, բա քու էրազում ինչ կըլես անելիս…

ԷՐՈՏԻԿԱ

Խոսում են երկու լոռեցի.
-Այտա՜, բա ասում չես` սօր մի էրոտիկ կինո խու չտեսա… Էրոտիկա եմ ասում է…
-Ի՞նչ ես ասում…
-Հա՜, ուրեմն չորս հոգով մնին խու չէ՛ին ծեծում, տվին ու տվին…
-Հա, բայց ըտի էրոտիկան ո՞րն ա:
-Ո՞նց թե, ծեծելիս խու ուշունց չէ՛ին տալիս, ուշունց եմ ասել է՛…

ՈՎ ՌՈՒՍԵՐԵՆ ԳԻԴԵ

Մի խումբ լոռեցիներ գնացքում ծանոթանում են ռուս գեներալի հետ, որ ծառայել էր Լոռիում:
-Րեբյատա,- ասում է գեներալը,- սելո Արմանիս զնայտե՞, տամ եստ ժենշինա Աշխեն, վո՛տ ժենշինա, վո՛տ կրասավիցա: Ա տամ դալշե Նունե, տոժե նիչևո: Չուտ դալշե Գեղեցիկ, վոտ անա պրյամո չուդեսա: Լոռեցիներից մեկը, որ այդ գյուղից է, մեջ է ընկնում.
-Այտա՜, ձեզնից ո՞վ լավ ռուսերեն գիտե, դրան ասեք սասը կտրե, թե չէ էսա մեր թաղն ա հասնում:

ՈՐ ԲԵՐԵՆ ԿԳԱՄ

Բաբանց Լևանը քեֆի էր գնում: Աղջիկը հարցրեց.
-Պա՜պ, քշերը տուն ե՞ս գալու:
-Աղջի՜կ ջան, որ բերեն խի՞ չեմ գա…

ԸՆԴԻ՞ ՈՆՑ ԿԸԼԻ

Օձունեցիք ծեծում են մի աքորվեցու: Սա որոշում է վրեժ լուծել: Տան ծխնելույզն ուղղում է դեպի Օձուն, վառարանի մեջ տաս կիլոգրամ ամոնալ լցնում, մտնում մահճակալի տակ:
Պայթյունից հետո հազիվ դուրս է գալիս փլատակների տակից, բացականչում.
-Պահո, որ ըստի սհենց արավ, բա ընդի՞ ինչ կըլի արած…

ԱԴԱԹ Ա

Լոռեցին, քյավառցին ու գյումրեցին միասին հաց են ուտում: Նրանց հարցնում են, թե ո՞նց են իմանում, որ կշտացել են, վեր կենալու ժամանակն է:
-Փորս ուռչում ա, կոճակներս բացվում են, հասկանում եմ, որ վեր կենալու ժամանակն է, – պատասխանում է գյումրեցին:
-Ծնոտս ցավում ա, հասկանում եմ, որ վեր կենալու ժամանակն է, – պատասխանում է քյավառցին:
Հարցնում են լոռեցուն.
-Դե ադաթ ա էլի, ամեն հացից եդը վի ենք կենում…

ՄԵՐ ԳՅԵՂԱՑԻ ԵՆ

Հեր ու տղա ուշ ժամի գնում են գերեզմանոց: Որդու սիրտն ահ է ընկնում, հորն ասում է.
-Այ հե՜ր, վախում եմ:
-Շան տղա՜, ընչի՞ց ես վախում, սաղ մեր գյեղացի են…

ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ…

Աքորվեցին Երևանում ՙՇտապ օգնության՚ մեքենա է կանգնեցնում:
-Ախպե՜ր ջան, օգնության կարգով մի տասը մանեթ փող չե՞ս տա…

ԿՏՐՈՆԸ

Տրամվայում հսկիչը մոտենում է աքորվեցուն.
-Քաղաքացի՜, խնդրեմ ձեր կտրոնները:
-Յեղի՞, – հարցնում է աքորվեցին:

ՄՂՈՅԻԹ ԿԱՑ

Վերին գյուղերում ակումբում գեղարվեստական ֆիլմ էին ցուցադրելու` ՙОсторожно тотенка՚. Վերցրին, թարգմանեցին. ՙՄղոյիթ կաց, ձալո՚:

ՆԱՊԱՍՏԱԿ Ա

Երկու լոռեցի գնում են գազանանոց: Նրանցից մեկը տեսնելով կենգուրուն` զարմացած հարցնում է.
-Արա, էս ի՞նչ ա:
-Տո դեբի՜լ, տենում չես` յոթանասուն տարեկան նապաստակ ա էլի…

ԱԼՈՆ ՉԻ

Ընկերներն Ալիկին կրճատ Ալո էին կոչում: Մի անգամ Ալոյենց տուն հեռախոսազանգ է գալիս: ՙԱլո՚ , – լսվում է փողի միջից:
-Ալոն չի, Ալոյի հերն է, – պատասխանում է լսափողը վերցրած հայրը:

ԱՂՋԻԿ ՉԻ

Աքորվեցին վերին գյուղերից տղու համար աղջիկ է ուզում, հարսանիք անում: Հարսանիքից երկու շաբաթ անց հարսին հետ է տանում հորանց տուն:
-Էս ինչու՞ ես բերել,- զարմանում է աղջկա հայրը:
-Աղջկադ հետ եմ բերել:
-Բայց խի՞:
-Աղջիկդ աղջիկ չի՜:
-Յա, եդ նոր ջոկեցի՞ք:
-Չէ՜, առաջին օրվանից ջոկել էինք:
-Այ տնաշե՜ն, որ առաջին օրվանից ջոկել էիք, բա խի՞ ես սօր հետ բերում:
-Ո՞նց թե, եդքան ծախս եմ եղել հրսանիք արել, բա տղես մին հավեսը չհանի՞:

ՊԱՏՇԳԱՄԲԻՑ Է

Մի աքորվեցի զանգահարում է համագյուղացի Սաքոյենց տուն.
-Ալո, Սաքոյենց տնի՞ց ա:
-Չէ՜, պատշգամբից ա, – պատասխանում է խոսակցությանն անտրամադիր Սաքոն ու կախում լսափողը:

ՉԿԱՐԱՑ ԹՌՉԻ

Սիմոնն ամուսնանում է: Ամուսնական առաջին գիշերը, որպեսզի կնոջ հանգիստը չխանգառի, բարձ է դնում իր և կնոջ մեջտեղը և քնում: Առավոտյան բարձը տեղում էր… Սովորույթի համաձայն` առավոտյան Սիմոնը պիտի կնոջ հետ շրջեր գյուղում` այցելելով հարազատներին: Երբ դուրս են գալիս տնից` քամի է բարձրանում և կնոջ վզնոցը քշում – գցում է հարևանի այգին:
-Վեջդ չգցես, կնի՜կ ջան, էսա զաբոռի վրովը թռչեմ, շալֆդ քեզ տամ, – Սիմոնի տղամարդկությունը բռնում է:
-Ի՛, այ հարի՜ֆ, ըսկի քշերը կարացիր ոչ բարձի վրովը թռչես, դու զաբոռի վրովը թռչող ե՞ս, – պատասխանեց նեղսրտած կինը:

ԲԱ ԽԻ ԵՍ ՎԻ ԿԱԼԵ

Լոռեցին զանգում է հեռախոսով.
-Ալյո, էս 3 – 33 է:
-Չէ:
-Չէ ու ցա՜վ: Բա խի՞ ես վի կալե:

ԷՍԵՆՑ ԷԼ ՏԵՐՏԵՐ…

Վարդգեսը Գագասի հետ գրազ է գալիս, որ ավտոտեսուչից փող կվերցնի:
Նստում է մեքենան, ավտոտեսուչի դեմ դիտմամբ խախտում անում: Ավտոտեսուչը կանգնեցնում է մեքենան, մոտենում, ներկայանում.
-Ավագ լեյտենանտ Ամիրջանյա՜ն:
-Աստված օրհնի, զավա՜կս,-պատասխանում է Վարդգեսը:
-Ինչպե՞ս, քահանա ե՞ք:
-Այո զավա՜կս:
-Դե ոչինչ, տեր հայր, մի թեթև ակտ կգրեմ, երեք հազար դրամանոց, կպրծնենք:
-Ախր քահանային որտեղի՞ց փող որդի՜ս,-հարցնում է Վարդգեսը:
-Բա ի՞նչ անենք:
-Ոչինչ, թող գնամ, քեզ կօրհնեմ, ու էսա Երուսաղեմ ուխտի եմ գնալու, քեզ համար Փրկչի գերեզմանին մոմ կվառեմ:
Ավտոտեսուչի դեմքը պայծառանում է:
-Այո՞, տեր հա՜յր, դե հաջողություն քեզ, գնա, մոմը չմոռանաս:
-Չեմ մոռանա որդիս, բայց դե գիտես, կարգն է այդպիսին, մոմի համար պիտի վճարես… Երուսաղեմում մոմը թանկ է:
Վարդգեսն ավտոտեսուչից 500 դրամ է պոկում…

ԸՆԴԻ ՉԿԱ

Ստեփանը կնոջը սիրեկաններից փախցնելու համար ընտանիքը հավաքել ու Երևան էր քոչում: Երբ կապոցները կապում էին` կինը դիմում է Ստեփանին:
-Ստյոպա՜, թթվի քարը պադվալում ա մնացել, գնա բի, սումկեն գցի…
-Այ հիմա՜ր, խի վախում ես ընդի թթվի քար չըլի՞:
-Ես վախում չեմ, համա դու ասում ես ընդի ուրիշ տղամարդ չըլի՞:

ՇՈՒՍՏՐԻ ՏԵՐՏԵՐԸ

Օձունի տերտերը` տեր Վրթանեսը, ծեծում է քարոզ անող Եհովայի վկաներին ու սպառնում.
-Հիմի որտեղ ձերը կասեք, էնտեղ էլ տեր Միքայելին կհիշեք:
Հաջորդ օրը Ալավերդու քահանա տեր Միքայելին կանչում են քաղմաս:

ՀԻՇՈՒՄ ՉԵՄ

Վերին գյուղերից մեկում` փողոցում` պատի տակ երեք ծերունի նստած զրուցում էին: Այդ ժամանակ նրանց մոտով կարճ շրջազգեստ հագած աղջիկ անցավ: Դա գրգռեց ծերունիների հիշողությունը.
-Համա թե խտըտում էինք հա՛, – ասաց առաջին ծերունին:
-Համա թե պաչում էինք հա՛, – ասաց երկրորդը:
-Ադա, մի բան էլ անեինք է՞, էն ի՞նչն էր, – հարցրեց ամենատարեցը:

ՈՎ ԵՐԲ ԿՈՒՐԱԽԱՆԱ

Սիմոնն առևտուր էր անում Երևանի շուկաներից մեկում: Երկու առևտրական տեսնելով, որ դիմացինը լոռեցի է` որոշում են զարմացնել նրան:
-Արա, Սաքո՜, բա չես ասում` երեկ չէ առաջին օրը կնոջս համար մի չերվոնի մատանի առա` դժգոհ է ինձնից:
-Գագո՜ ջան, չերվոնն ես ասում, կնգանս համար բրլիանտ առա` երեսիս չի էլ նայում:
Լոռեցին էս որ լսում է` զարմացած բացականչում է.
-Հալա՜լ ա իմ կնգանը: Հերու չէ` մեկել տարին մի թումբան առա, հագնելիս ինքն ա ուրախանում, հանելիս` ես:

ԼԵՎԻ – ՊՌԱՎԻ

Տատաշն ավտոմեքենայով պետական ապրանք էր տեղափոխում: Ոստիկանը կանգնեցնում է մեքենան ու հարցնում, թե ի՞նչ ապրանք է տեղափոխում, խու լևի չի՞:
-Կեսը լևի ա, կեսը` պռավի, – պատասխանում է Տատաշը:
Որպեսզի ակտ չկազմի` ոստիկանը կաշառք է պահանջում, բայց Տատաշը հրաժարվում է տալ: Ի վերջո` ոստիկանը բացում է մեքենան ու տեսնում, որ փաստաթղթով նախատեսված կոշիկ է այնտեղ:
-Տեսար, որ ասի կեսը լևի ա, կեսը` պռավի, – ծիծաղեց Տատաշը:

ՍԵՎԵՐԸ ՄԻ ՀԱՇՎԻ

Նաբաթ բաբոն ծեր ու միամիտ կին էր: Մի օր տղային` Պատվականին խնդրում է հավերը բունն անել: Պատվականը հավերը քշում է բունն ու հարցնում:
-Այ մե՜ր, քանի՞ հավ ունենք:
-Հի՜նգ, – պատասխանում է մայրը:
-Այտա՜, բա ըստի ութն ա:
-Ի, այ որդի՜, սևերն էլ ե՞ս հաշվում, – զարմանում է մայրը:

ԳՈՆԵ ԻՇԻՆ ՏԵՍՆԵՐ

Բադալ պապը Թիֆլիս էր գնացել` կարտոֆիլ գնելու: Կնոջը` Նաբաթին կարգադրել էր ասած ժամին էշով կայարան գալ` կարտոֆիլը տուն հասցնելու: Նաբաթ բաբոն կես ժամ շուտ կայարան հասավ ու տեսնելով, որ գնացքը դեռ չի եկել` հարցնում է Թիֆլիսի ճամփան ու գնում է ամուսնուն ընդառաջ: Ճամփին գնացքը հանդիպում է, ու խեղճ կինը ինչքան էլ ձեռք է բարձրացնում` չի կանգնում:
Բադալ պապը կայարանում կնոջը զուր սպասելուց հոգնած` սայլ է վարձում ու կարտոֆիլը գյուղ տանում: Երբ վերջապես երեկոյան Նաբաթ բաբոն հայտնվում է տանը, պապը բացատրություն է պահանջում: Նեղսրտած Նաբաթը բացատրում է.
-Այ Բադա՜լ, էկա կայարան, տեհա կաս ոչ, ասի ըղաքիդ վրա գամ: Տեհա պօյեզը գալիս ա` ոտն արի: Համա եդ անդերը սուրհա տվուց ու անցավ, կաղնեց ոչ: Լավ, ասենք ես պուճուր կնիկ եմ, եդ աբուռը կտրածը ինձ տեհավ ոչ, բա ենքան անգլխիըլիլ հայվան ա՞, եդ յեքա իշին էլ չտեհավ, կկաղներ էլի…

ՃԱՄՓԵՆ ԳԻՏԻ

Նաբաթ բաբոյի տղան` Պատվականը, մեքենա էր գնել ու մորը նստեցնելով կողքին` քշում է Շնող` քույրերին ի տեսության: Ճանապարհին Նաբաթ բաբոն չի կարողանում զսպել զարմանքն ու հարցնում է.
-Պատվակա՜ն, էս ավտոն Շնողնա ճամփեն որդիա՞ն գիտի, որ սհենց գնում ա, մեզ տանում:
Պատվականը մոր միամիտ հարցերի շարանից խուսափելու համար այսպես է պատասխանում.
-Այ մե՜ր, մի հետի ոտով Շնող գնեյ, եդնես արի, էկավ, ճամփեն սվորեց…
-Հա՛, – հասկացավ Նաբաթ բաբոն, – ես էլ ասում էի եդ անլիզու հայվանը որդիան գիտի Շնողնա ճամփեն:

ԸՐԱՆՔԻՆ ՀԵՐ ԿԱ

Աիդային հարցրին.
-Աղչի՜, էդ ու՞մ ես գցել տհենց շաշ, ախր մերդ խելոք կնիկ ա:
-Խու մենակ մերս չի, ըրանքին հեր էլ կա է…

ԻՇԻ ՉԱՓ ՉԿԱՍ…

Մի օտարական աքորվեցուց հարցնում է, թե գյուղ բարձրանալու համար կարո՞ղ է այս ճանապարհով գնալ:
-Մեր բարձած էշը գնում ա, դու խի՞ չես կարա, – զարմանում է աքորվեցին:

ԸՆՉԻՑԸ ԿԱՊԵՆՔ

Լոռվա վերին գյուղերից մեկում առաջին անգամ տրակտոր և մեխանիկական գութան էին բերել: Մեխանիզատորը հավաքում է գյուղացիներին, բացատրում աշխատանքի ձևը, կարգը: Երբ ավարտում է խոսքը, առաջ է գալիս գյուղացիներից մեկն ու հարցնում.
-Տղա՜ ջան, էդքանը լավ, հասկացանք, մենակ թե ասիր ոչ թե եզնիքը եդ տրակտորի ընչիցը տենք կապի որ տանենք…

ՖՈԼԳԱ ԳՐԻ

Փոստի աշխատակիցն այցելում է գյուղ, կոչ անում ժողովրդին` թերթ բաժանորդագրվել: Նրան հարցնում են, թե ի՞նչ պիտի անեն թերթը, աշխատակցը բացատրում է, որ թերթի միջոցով նորություններ կիմանան, կենցաղային իրեր կփաթաթեն…
Առաջ է գալիս մի ծեր կին ու ասում.
-Տղա՜ ջան, հենց արևդ ապրի, ինձ հմար ֆոլգա գրի…

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ

Վերին գյուղերից մեկում նշանդրեքի ժամանակ փեսան մատանին տալով հարսին` ասում է.
-Իմ ու քու ծնողների համաձայնությամբ` ես քեզ սիրում եմ: Թե դու էլ ինձ ես սիրում` վեր կալ էս մատնիքը:

ԷՌՆԱԿ ՉՈՐՍԸ ԼԻՆԵՐ

Վերին գյուղերից մեկում, մի նահապետական ընտանիք հարս են բերում: Երբ հարսն առաջին անգամ լվանում է սկեսրարի ոտքերը` սկեսրարը նվերի փոխարեն ամեն ոտքին մի հիսունանոց է դնում: Հարսն ավարտում է գործը, վերցնում դրամն ու ասում.
-Պապ ջան, ափսոս չորս ոտը չունես:

ՉԻ ՀԱՇՎԵԼ

Լոռեցի չոբանին հարցնում են.
-Տարին քանի՞ ամիս ունի:
-Ես ի՞նչ գիտեմ, տարին տասներկու ամիս չոլումն եմ:

ՂԱՍՏԻՎ ԵՆ ՓԹԱԹԵԼ

Լոռեցին շուկայից կծու տաքդեղ է ուզում գնել: Փորձում է համը, բերանն այրում է: Ջուր է խմում, ինչ անում է, չի անում` ոչինչ չի օգնում: Անցնում է մի քանի օր: Բարեկամի տանը հյուրընկալվելիս տոլմա են հյուրասիրում: Բացում է տոլմայի կաղամբը, ուզում է ուտել, նկատում է մեջի տաքդեղը: Վախեցած բացականչում է.
-Յա՛, էս ղաստիվ փթաթել եք որ ծիծակը տենամ ո՞չ…

ՈՒՐԻՇԸ ՉԿԱ

Լոռեցին հյուրընկալվում է բարեկամի տանը: Տանտիրոջը հարցնում է, թե ինչու՞ չեն միացնում հեռուստացույցը:
-Հերս նոր է մահացել,- պատասխանում է տանտերը:
-Հերդ մեռել ա, ուրիշ միացնող չկա՞, – զարմանում է լոռեցին:

ՔՈՌԱՑՆՈՂ Ա

Երկու լոռեցի գնացքով ճանապարհ գնալիս կյանքում առաջին անգամ բանան են գնում, որ ուտեն: Ոչ ոք սիրտ չի անում, որ առաջինն ուտի, վախենում են թունավորվեն: Ի վերջո, ավելի համարձակը կծում է բանանը: Այդ պահին գնացքը թունել է մտնում:
-Այտա, Սաքո՜, ուտես ոչ, քոռացնող ա, – սարսափահար գոչում է ՙտուժողը՚:

ՌԱԶԻ ԿԱՑ…

Աքորվեցիք մյուս գյուղերի թիմերի հետ ֆուտբոլ են խաղում: Խաղի կեսից Աքորու թիմի մարզիչը խաղից հանում է 10 համարի խաղացողին ու նրա փոխարեն 2 հոգի 5 համարի մարզահագուստով խաղացող է մտցնում: Երբ մրցակիցը բողոքում է` մարզիչը պատասխանում է.
-Ձեր ի՞նչ գործն ա, Ռազի կացեք` հինգ հատ 2 համար չեմ մտցնում:

ՀԱԶԻՎ ՀԱՍՆՈՒՄ ԵՍ

Գևոն ու Ավոն գնում են խոտ հավաքելու: Օրվա վերջում Գևոն ձայն է տալիս.
-Հեյ, Ավո՜, քանի՞ թափուլ ես արել:
-Տասից ինն ա պակաս, բա դու՞:
-Որ ինն էլ հվաքեմ` տասը կթմամեմ:
-Էնա հազիր եդնես հասնում ես էլի…

ՀԱՄԻՆ ԸՆԿԱՎ

Վերին գյուղերում, ըստ հինավուրց սովորության` հարսանիքի վերջում հարսին տանում են մութ սենյակ և այնտեղ է մտնում փեսան` ամուսնական պարտականությունները կատարելու: Պատահում է այնպես, որ հարսը քավորի ՙաչքին գալիս ա՚: Երբ հարսանիքի վերջում հարսին տանում են ննջարան` խորամանկ քավորը փեսայից շուտ է գնում և օգտվելով մթությունից` առանց ճանաչվելու կատարում է իր գործն ու հեռանում:
Որոշ ժամանակ անց, երբ իսկական փեսան է ցանկանում անկողին մտնել` զարմացած հարսը բացականչում է.
-Էդ համին ընկար հա՞ ա՜յ եղատար, խատատ եդ դառար մին էլ ես գալիս…

ՂՍՄԱԹ Ա

-Կնքավո՜ր, ա՜յ կնքավոր, ձեր մադյանը քարի գլխիցը դվեր ա ընկել, արի, արի…
-Ադա՜, ղայիմ ասա, իմանում չեմ, ի՞նչ բադյա:
-Ասում եմ` մադյանը, մադյանը թոլ ա էլե…
-Ադա՜, բա ձե՞րը, ձե՞րն ինչ ա էլե…
-Մերն էսօր – էքուցն ընկած ա, ծնիլ տի…
-Ես քու բախտ բժանողի հերդ եմ անիծել հա… Յիրուր կողքի են էլե, մինը դվեր ա ընգել, մինը ծնիլ տի…

ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ Ա

Էդոն հարևանի տուն ա մտնում, տեսնում վերջինս հեռուստացույցին մոտ նստած` ֆիլմ է դիտում.
-ՈՒստա Գյորգի՜, մչամը մոտիկ ես նստե, ոնց որ կարճամետրաժ ֆիլմ ըլես նայելիս…

ՉԻ ՍՏԱՑԵԼ

Ռուսաստանի հեռավոր անկյուն մեկնած լոռեցին նամակ է ստանում համագյուղացիներից, թե կնիկդ ուրիշի հետ է: Զայրացած լոռեցին նամակ է ուղարկում կնոջը, թե. ՙԻմանամ ուրիշի հետ ես` կգամ գլուխդ կացնով կջարդեմ՚:
-Էս նամակը կարդալուց հետո ռիսկ չի անի լևի բաներ անի, – մտածես լոռեցին:
Նոր տարվա շեմին լոռեցին տուն է գնում: Բակ է մտնում, կամաց մոտենում է պատուհանին, տեսնում` կինը անծանոթ տղամարդու հետ է` անկողնում:
-Այտա՜, կարող ա՞ էս շատ տղու կնիկը նամակս չի ստացել, – զարմանում է լոռեցին:

ԾԵՐՔԻՆ ՓՈԽԵՄ

Կուրթանեցի մի տղի բանակ են տանում: Պարապմունքների ժամանակ նորակոչիկներին փորձելու համար բան են տրաքացնում: Տենում են` սաղ փախան, մենակ սա է մնացել: Ասում են.
-Դրանց միջի ռսկովը դու ես, քեզ օդ ենք թռցնելու, լյոտչիկ դառնա՞ս…կգնաս…
Կուրթանեցին, թե`
-Գնալը կգնամ, համա ծերքին մի շալվար բերեք, շալվարս փոխեմ:

ՈՐՏԵՂԻՑ ԻՄԱՆԱ

Երկու կուրթանեցի վիճում են, թե երևացողը արեգակն է, թե` լիսնեկը: Կտրում են անցվորի դեմը, հարցնում.
-Հենց արևդ ապրի, ախպե՜ր, դու դուզն ասա, են ըրևացողը արեգակն ա, թե՞ լիսնեկը:
Սա էլ թե`ՙԳիդեմ ոչ ձեզ մատաղ, ես ըստիանցի չեմ՚:

ԵԼՔԸ ԳՏԱՎ

Կուրթանի նախագահն ու հաշվապահը գնում են Մոսկվա: Մոսկվայում նախագահը ցլինդր ա առնում, բայց վրեն մի քիչ մեծ ա ըլում: Հաշվապահն ասում է.
-Վնաս չունի, նախագա՜հ ջան, ձմեռը բրդի գուլպով կհագնես:

ՉԻ ԿԱՐՈՂ ԿԱՊԵԼ

Գյուղացին հանդից տուն ա գալիս, տեսնում ա հորթը բաց ա ընկել, կապում ա, մտնում տուն: Քիչ անց դուրս է գալիս տնից, տեսնում, որ պարանն արձակվել է, բռնում է, կրկին կապում: Առավոտ ծեգին, երբ ուզում է անտառ գնալ` տեսնում է, որ հորթը չկա: Քաշում է կնոջը դրբի տակ ու տուր` թե կտաս:
-Այտա՜, են ֆորթը ո՞նց իր կապել, որ քեզանի եդն էլ իրեք հետ ես եմ կապե…

ԿՈՄՊՅՈՒՏՐՆ ՈՒ ԷՇԸ

Ավտոբուսում.
-Քնարի՜կ, այ Քնարի՜կ, նպաստդ ստացա՞ր:
-Չէ, աղջի՜, էշս ու իշիս քուռակը են անդեր կամպյուտրումը դուս են եկել:

ԻՄԸ ՏԵՐՏԵՐԻ Ա

Դսեղցի տեր Հովհաննեսը գնում էր Քարինջ` մեռել թաղելու: Մարցա ճանապարհին պատահում են գյուղացիք:
-Օրհնյա տեր, – ասում են գյուղացիք, – էս ու՞ր առաջ բարի:
-Քարի՜նջ:
-Խեր ըլի՞…
-Ինձ հմա խեր ա, համա տիրոջ տունը քանդվել ա, – պատասխանեց քահանան:

ՓԵՍԵՆ ԱՆԵՐՈՋ ԻՆՉՆ Ա

Ակներեցի նշանված տղեն ամառը գնում է Օձուն` նշանածին տեսության: Նրա բախտից բոլոր տնեցիք կալում էին, նշանածն էլ` տան բակն էր ավլում:
-Եղսո՜ ջան, ձեռիդ ավելն ուտեմ, – ասում է տղան:
-Այ տղա՜, խու դու իմ հոր էշը չե՞ս, – վրա է տալիս նշանածը:

ՀԱՐՄԱՐ ՊԱՀԸ

Դսեղի դպրոցում դասատուն պատմում է տարվա եղանակների մասին. Գարնանը ծաղկում են ծաղիկներն ու ծառերը, ամռանը հասնում է բերքը, աշնանը` բոլոր մրգերը, ձմռանը դաշտերը ծածկվում են սպիտակ սավաններով: Հանկարծ նա դառնում է դեպի զրուցող աշակերտը.
-Ստեփա՜ն, ուրեմն ե՞րբ է մրգերը քաղելու ժամանակը:
-Ընկեր Վարդանյա՜ն, մրգերը քաղելու ժամանակն է, երբ շունը կապած է, պահակն էլ բաղում չի:

ՈՎ ԱՍԵՍ ԿԱՆԻ

Վարպետն աշակերտին ա տալիս դատարկ բռնոթամանը, ուղարկում, որ բռնոթի բերի:
-Բա փո՞ղը, – հարցնում է աշակերտը:
-Հունարն անփող առնիլն ա, փողով ով ասես` կբերի:
Աշակերտը հետ է գալիս, դատարկ բռնոթամանը մեկնում վարպետին:
-Բա բռնոթի՞ն:
-Էդ ա, քաշի: Լիքը բռնոթամանն ով ասես` կքաշի:

ԴՈՒ ՈՐՆ ԵՍ

Մարցեցի ջուխտակ ախպորտանցից մեկը մեռնում ա: Մեկելը պատահում ա քարինջեցի ծանոթին: Էս մարդը նայում է, նայում, գլխի չի ընկնում, ու հարցնում է.
-Ամոթ չըլնի հարցնելը, դու մեռար, թե` ախպերդ:

ԼԱՎ ԷԼ ՀԱՇՎՈՒՄ Ա

Լոռեցուն բանակ են տանում, սովորեցնում են թռչել օդապարիկով: Ասում են` թռչելուց հետո հաշվիր մինչև տասը ու քաշիր օղակը: Լոռեցին թռչում է, ընկնում ճահիճը:Մի կերպ հանում են, սա դեռ վերջին շնչում հաշվում է.
-Էս հլա յոթ…

ՉՈՐՔՈՏԱՆԻ ՎԱՐԺԱՊԵՏ

ՈՒսուցիչը հարցնում է աշակերտին.
-Ի;նչ չորքոտանի կենդանի գիտես:
-Ձի վարժապետ, շուն վարժապետ, խոզ վարժապետ, էշ վարժապետ….

ԻՄԸ ԿԱՐՃ Ա

Լոռեցին և մեղրեցին հանդիպում են. Մեղրեցին հարցնում է լոռեցու անունը.
-Մնացակա՛ն, – ծոր է տալիս լոռեցին:
-Իմն էլա Մնացական, բայց եդքան երկար չի, – պատասխանում է մեղրեցին:

ԲԱԼՔԻ ԼԱՎՆ ԷԴ Ա

Սաքոն սովորություն ուներ. Երբ բան էր պատահում` ասում էր` բալքի լավն էդ ա:
Մի օր լուր են բերում, թե` կնիկդ ֆոնի ծառիցն ընկել ա, մեռել:
-Բալքի լավն էդ ա, բա որ ծովն էր ընկել մեհիդի տերն էլ չէի էլե…

ՊԱՀՈՒՍՏԸ ԼԱՎ ԲԱՆ Ա

Առավոտ ծեգին Քոթոն տեղից վեր թռավ ու կնկան ձայն տվեց.
-Այ կնի՜կ, թոփրի միջին մի կտոր հաց դի:
-Այ բեդիլա՜կ, եդ ու՞ր ես գնում:
-Գնում եմ քարափիցը դվեր ընկնեմ:
-Այ լալեյի՜ն, բա հացն ընչի՞ ես տանում:
-Կարող ա լարկապ ըլիմ:

ՂԼԱՉԵՑԻՆ ՂԼԱՉԵՑԻ Ա

Մի օր մի ղլաչեցի գնում տեսնում ա, որ համագյուղացին իր բաղում խաղող ա քաղում: Գողին ծեծում ա, ոտքերը կապում ա, բաղում թողում ու գնում ոստիկանություն բողոքի. Ոստիկանները նրա վրա ծիծաղում են.
-Տնաշե՜ն, դուզ որ ղլաչեցի ես: Գողի ձեռները կապել չես` ենա կփախչի էլի…
Ղլաչեցին արխեյնացնում ա.
-Վախիլ մի, նա էլ ա մեր գյեղացի, գլխի չի ընկնի…

ԵՐԲ

Լոռեցուն հարցնում են. ՙԺամի քանիսն ա՞՚:
– Հըմի՞…

ՂԱԶԸ

Երկու պառավ զրուցում են.
-Ադա Զաքա՜ր:
-Ի՞նչ ա Մակա՜ր:
-Ադա քանի՞ հետ ես լեղացել:
-Էնա մին որ տերտերը ղազանը կոխեց ու լեղացրեց, մին էլ որ են կանալը շինել ին, մտիկ ի անում, ըրեխեքը բոթեցին, ջուրը գցեցին:
-Այտա դե ասա ջրի ղազ ես էլի, էտդա լեղանալ կըլի՞…

ՈՒՄ ՀԵՏ ՓՈԽԻ

Տղան ճանապարհում է հորը գնացքով:
-Վագոնում երրորդ նառին չքնես, տեղդ կփոխես ներքևինի հետ…
Հայրը տեղ է հասնում թե չէ` հեռագիրը հետևից, թե` շուտ հասի: Տղան գնում է տեսնում` հերը ջարդված, հիվանդանոցում պառկած:
-Այ հերա՜, չասի` տեղդ կփոխես:
-Որդի՜, մարդ չկար, ու՞մ հետ փոխեի…

ՄԻ ՕՐ ՀԱՑ ԱՌՆԵԼԻՍ

Մի օր հացի օչերեդումը Վահանը Գարուշին հարցնում ա.
-Այ Գարու՜շ, քշերն էլ ե՞ն կռիվ անում:
-Բա ինչ, կռվի քշերն ու ցերեկը ո՞րն ա:
-Բա որ իրար աչքի տան…

ՊԱՐՏՔ ՄՆԱՑ

Գարեգինը գնում է Վալոդի մոտ` խնդրանքի.
-Մի տասը մանեթ փող տու պարտքով:
Վալոդը նրան է մեկնում հինգանոցն, ասելով.
-Գարեգի՜ն ջան, էս ա մոտս:
-Բան չկա, էս վի կունեմ, հինգն էլ պարտք ես մնում, կճարես, կտաս:

kazm

Facebooktwittergoogle_pluslinkedin