Լեոն՝ Լոռվա ձորի մասին

Դա մի խրոխտ, վեհ, վայրենի լեռնաստան է։ Սարերի կատարներն իրար ուս են բարձրանում, այս ու այն կողմ սփռելով անտառապատ ու լերկ լանջեր, ձորեր, ամպերի մեջ կորած ժայռե պարիսպներ։ Երկաթուղին սեղմվել է գետին, այսպես ասած՝ նրա փեշն է բռնել՝  լեռնային սոսկալի քաոսի մեջ գլուխը չկորցնելու համար։ Ամբողջ ժամանակ ձեր ականջների մեջ է գետի կայտառ վշշոցը, երկաթի վրա վազող բազմաթիվ անիվների դղրդյունը չի կարողանում խլացնել այդ ջրային աղմուկը։ Այդ աղմուկից հեռանալու տեղ չկա․ երկու կողմից սարեր են, անընդհատ շարքերով կանգնած։

Ոլոր-մոլոր է գետի ընթացքը․ այդպես է և նրա ափերը քերող երկաթուղին։ Գալիս են երկար տարածություններ, երբ դուք, նայելով վագոնի պատուհանից, կարծում եք, թե ձեր գնացքը մի ինչ որ ահավոր ուժի ձեռքով ձգված է մի հսկայական խորխորատի մեջ, որից նա երբեք չպիտի դուրս գա։ Շարժվում է գնացքը, շոգեկառքը հսկայաբար շնչում է, և ձեզ թվում է, թե նա հուսակտուր ջանքեր է անում, ելք որոնում․․․

Հարթ ու լայն չէ այն ձորը, որ բնությունը հատկացրել է Դեբեդչային։ Նրան ամեն մի քայլում նեղում են, դժվարացնում են։  Կամ ժայռերն են իրենց վիթխարի ուսերը խրում գետի ալիքների մեջ, կամ ձորերն են կտրատում, ծռմռում նրան, կամ վերևից եկող լեռնալանջերն են պատերի պես սպառվում, ցցվում նրա վրա։

Facebooktwittergoogle_pluslinkedin