ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ

Ֆուտբոլ շատ եմ սիրում: Ֆուտբոլի հետ առաջին ծանոթությունս եղավ, երբ չորս, թե՞ հինգ տարեկան էի: Գյուղում էինք՝ Նեղոցում: Հավանաբար պապոնցս տան հեռուստացույցը փչացել էր, ու ֆուտբոլ նայելու համար հայրս ու հորեղբայրս պիտի Ախթալայի մեր տուն գնային: Ինձ էլ վերցրին իրենց հետ, նստեցինք հորեղբորս Գյուլլեն՝ մոտոն, ու՝ ուղիղ Ախթալա:

Չէ՛, կներեք, Բարի՛տ:

Բարիտն Ախթալայի մի թաղամասն էր, առանձին թաղամաս, իր առանձին նիստուկացով, նոր ձևավորվող ավանդույթներով, ամենակարևորը՝ թասիբով:

Երևանի Արարատն ու Տաշքենդի Պախտակորն էին խաղում: Սև-սպիտակ մեր հեռուստացույցով ինձ համար  տաղտկալի էր դիտել այդ խաղը, ու զարմանում էի թե ի՞նչ կա  ֆուտբոլի մեջ, որ այդպես կլանված նայում էին հայրս ու հորեղբայրս: Դատելով դրսից՝ հարևանների տներից մեզ հասնող բացականչություններից՝ նաև, ողջ Բարիտը…

Իսկ դուրս գնալ անկարող էի: Հայրս չէր թողնում, փոքր էի՝ մենակ զբոսնելու, թեկուզ՝ մեր բակում միայնակ խաղալու համար:

Ստիպված նստած հեռուստացույցի դեմ՝ հարցեր եմ տալիս հորս.- Բա ինչու՞ են վազում: Բա ինչու՞ չի կարելի ձեռքով…

Նյարդային, բայց համբերատար պատասխանում էր:

Մերոնք այդ խաղը կրվեցին 0-1 հաշվով: Հա՛, կրվեցին: Մեզ մոտ հաղթողներ ու պարտվողներ չկան, չեն եղել… կան կրողներ ու կրվողներ…

Հետո ֆուտբոլն ինձ էլ կլանեց…

Մեր գյուղում բոլորն էին ֆուտբոլ պաշտում: Դե, Արարատի խաղերը միակ՝ Երևանի առաջին ալիքը ցույց էր տալիս: Իսկ ԽՍՀՄ հավաքականի խաղերի ժամանակ, ողջ գյուղը հավաքվում էր Վերի թաղում՝ Մոշուտում: Գյուղի ամենավերին՝ մեր Մարուշ հոքրանց տանը, Թիֆլիսի ալիքն էր բռնում… Թիֆլիսով հավաքականի խաղերը ցույց էին տալիս: Իսկ այն դիտելու համար պետք էր Մարուշ հոքրի տղայի՝ փոստատար Գուգոյի մոտ նախօրոք հերթագրվել…

Տունը փոքր էր, ողջ գյուղին չէր տեղավորի:

Ի դեպ, Ֆուտբոլի մասին լուրերն ու նորությունները, առաջին հերթին՝ մրցաշարային աղյուսակն ու նրա մեջ Արարատի դիրքը, դարձյալ Գուգոյի միջոցով էր մեզ հասնում: Ամեն երեքշաբթի կամ հինգշաբթի, երբ նա գյուղի ներքևից բարձրանում էի մինչև վերին ծայրը՝ իրենց տուն, ու միշտ  հնամաշ իր պայուսակից խնամքով հանում, ծալում էր Հայաստանի Ֆիզկուլտուրնիկ թերթը, դնում փայտյա դարպասների ծերպերում, ամենքս շտապում էինք առաջին հերթին բացել նախավերջին էջը… այնտեղ մրցաշարային աղյուսակն էր…

Ֆիզկուլտուրնիկն իմ առաջին Այբբենարանն է եղել… մրցաշարային աղյուսակով առաջինը սովորեցի մեսրոպյան ԽՀՈՊԳՄ տառերը՝ Խաղ, Հաղթանակ, Ոչ-ոքի, Պարտություն, Գնդակներ, Միավորներ:

Անգամ մի մեծ, հաստ տետր էի վերցրել, ամեն անգամ Ֆիզկուլտուրնիկի՝ հորս կողմից ընթերցվելուց ու մի կողմ նետվելուց հետո, այնտեղից մկրատով խնամքով կտրում էի ֆուտբոլային տեսարաններ պատկերող լուսանկարներն ու սոսնձով ամրացնում իմ տետրի մեջ՝ ու անպայման կանաչ գրիչով (Գունավոր հեռուստացույց դեռ չէի տեսել, բայց լսել էի, որ ֆուտբոլային դաշտը կանաչ է) գրում, թե ես շեշտակի հարվածով գրավեցի ասենք, Մոսկվայի Սպարտակի դարպասը…

Երևակայություն, ցնորքներ…

Հետո, ես էլ սկսեցի ֆուտբոլ խաղալ… առաջին թիմակիցներս ու մրցակիցս ընկերներս էին՝ Անդոն, Կարենը, Կյաժը: Մշտական երկու թիմերի բաժանվեցինք՝ ես ու Կարենը, Անդոն ու Կյաժը: Մի դարպասը իրենց տան բակի բաղնիքի դուռն էր, մյուսը՝ Զուրաբ պապի սարքած ծուռումուռ նստարանը: Դարպասապահ ու հարձակվող էինք ամենքս: Ես ու Կարենն ուժեղ էինք: Ու գրեթե միշտ մենք էինք հաղթում:

Հատուկ տետր էինք պահում՝ գրանցելով մեր առաջնության հաշիվները, ռմբարկուներին… և օրեկան խաղում էինք վեց, տաս անգամ…

Ապա թիմը մեծացավ: Սկսեցինք գյուղում թաղեթաղ խաղալ: Ծովակը, Արոն, Գարաժի թաղիվց Վրեժը, մեր մեծերից՝ Վիգենը, մեզ միացան:

Խաղում էինք ուր պատահի: Մեր ծուռումուռ փողոցներում, Զուրաբ պապի տան բակում, խաղում էինք առանց կանոնների: Գնդակը պատին էինք խփում, հետ ստանում, խաբս տալիս… իսկ որպես դարպաս հանդես էին գալիս փողոցում անկանոն շարված քարերը:

Երբ փողոցում ֆուտբոլ էինք խաղում՝ այնտեղ ժխոր ու փոշի էր լինում: Մարդիկ խուսափում էին արդեն անցնել այդտեղով, իսկ գյուղում այն թվերին հազվադեպ էին մեքենաները:

Ապա մեր դաշտը մեծացավ: Գյուղի թաղերի միջև առաջնությունը (երկու թաղ էր՝ Վերին և Ներքին) Ակումբի դռանն էինք կազմակերպում: Մի դարպասը գյուղի ակումբի պատն էր, մյուսը՝ էլի քարերով շարված…

Դարպասը բարձրություն չուներ: Ոչ էլ՝ դարպասապահ: Մեր մեջ  չգրված մի օրենքով՝ ամոթ էր դարպասապահ կանգնելը: Բոլորս հարձակվողներ էինք: Ու քանի, որ դարպասը վերին սահման ու ձող չուներ՝ գնդակին հարվածում՝ տշշում էինք, որքան կարող ենք՝ բարձր:

Ճիշտ է, այն հաճախ հայտնվում էր Ռաֆոյենց բակում, երբեմն վնասում պատուհանները, երբեմն էլ՝ պատերազմի զոհերի հուշարձանի մոտ տնկած յասամաններն էր վնասում, բայց՝ հոգ չէր:

Հա՛, Ռաֆոն ամեն օր սպառնում էր, թե մեր անտեր գնդակը կացնի տակ է դնելու, բայց ամեն անգամ, բարեհոգի մեզ էր վերադարձնում, երբ այն հատում էր մեր դաշտի սահման ու հայտնվում Ռաֆոյենց բակում:

Հետո դաշտ ունեցանք: Չնայած, դաշտ կար՝ Մենձ Տափում… բայց նախ հեռու էր, ապա՝ էնտեղից որ գնդակը թոլ եղավ՝ մինչև Մաստերի Ճալեն կգար… ո՞վ կվազեր էդքան…

Մյուս դաշտը մեր մեծերը Պոլոլքարա ճալում սարքեցին: Փայտյա դարպասներով, առանց ցանցի:

Այնտեղ մեծերը խաղում էին Գարաժի ու Բարիտի թաղերի հետ: Հիշում եմ, մի օր հորեղբայրս տարավ իր հետ: Առաջին անգամ էի մեծերի կատարմամբ իսկական ֆուտբոլ դիտում:

Հորեղբայրս ֆուտբոլիստ է եղել, Ալավերդու Մետալուրգում է խաղացել, հետո ոտքը կոտրել է, մնացել առանց ֆուտբոլ:

Էդ խաղում նա մրցավարն էր՝ սուդյան:

Բռնչի ծառից մի բարակ շիվ պոկեց, դանակով տաշեց, ծեծեց, կեղևը հանեց, շվիստոկ՝ սուլիչ սարքեց: Ու սկսվեց մարջով (գռազով) խաղը: Ցեխ օր էր: Դարպասները ցանց չունեին: Մեզ՝ երեխաներիս, կանգնեցրել էին դարպասների հետևում, որ ծուռ տշշած գնդակները բերենք, իրենց տանք:

Խայտաբղետ՝ չալպտուրիկ ֆուտբոլ էր:

Գնդակ էլի ճարվում էր, բայց համազգեստ չկար: Ով ինչ կարող էր՝ հագնում էր: Չկային նաև մարզակոշիկներ: Էդ օրը շատ ցեխ էր, ու ֆուտբոլիստների մեծ մասը երկարաճիտ ռետինե կոշիկներով էին… բայց, մարջը մարջ էր, կրվող թիմը մի ուլ, կամ թոխլի էր առնելու, որ գնային մի աղբյուրի մոտ միասին քեֆ անեին:

Ապա, մենք որ մեծացանք, 12-13 տարեկան դարձանք, մեզ համար դաշտ սարքեցինք:

Մաստերի Ճալում՝ գյուղի ներքևի մասում, հողը հարթեցրինք, Ավանային սովետի դեպուտատ Մոկոզի Ռաֆոյին նամակ-դիմում գրեցինք, մարդը սիրով գերաններ տրամադրեց իրենց հիմնարկից, դարպասներ սարքեցինք ու… սկսվե՜ց…

Երջանիկ էինք…

Երջանիկ ու ուրախ էին մեր ծնողները նույնպես: Առաջ լուսաբացից մայրամուտ Դեբեդում լող էինք տալիս, գյուղի վերևի ժայռերը մագլցում, քարանձավներում ոսկի փնտրում, խալխի բաղից գողություն անում… հիմա մի հրապուրանք ունեինք՝ ֆուտբոլն էր:

Խաղում էինք անհագ, սոված, ծարավ, ողջ օրը, չհոգնելով…

Ֆուտբոլ դպրոցում էլ էինք խաղում: Դեռ առաջին դասարանում, երբ մայրս ձեռքիցս բռնած տարավ Ախթալա Նորավան՝ դպրոց, չէի հասկանում դպրոցն ինչ է, ինչ եմ անելու այնտեղ, բայց ուրախությանս չափ չկար, երբ դպրոցի բակում ֆուտբոլի դաշտը տեսա:

Երչևի լավ էի խաղում: Դասընկերներս ինձ Խորիկ էին ասում… Խորեն Հովհաննիսյանի լավ օրերն էին… Իմ ընկեր Արմանն էլ մականուն ուներ: Նրան Դասսաև էինք ասում… մեր դասարանի դարպասապահն էր:

Էլի մեր գյուղ գանք… էնտեղի ֆուտբոլն ուրիշ էր:

Մեր դաշտը լավն էր, մեր դաշտը մեր մանկությունն էր:

Բայց էդ մանկությունը շուտ ավարտվեց: Էդ մանկությունը էլի կիսատ մնաց: Մեր ֆուտբոլն անավարտ մնաց:

1989-ին, երկրաշարժից հետո, գարնանը, մի օր տրակտորներ մտան մեր դաշտ, ամեն ինչ քանդեցին, ամեն ինչ խորտակեցին, ապա բերին ասֆալտ արեցին…

Մոլդովացիք հիմնարկ էին սարքում:

Մեր խաղը պռավեց (ծերացավ), մեր դաշտը մեռավ, մենք էլ ֆուտբոլ չունեցանք, էլ գնդակ չէինք տշշում, էլ ֆուտբոլով չէինք ուրախանում, մենք մեծացել էինք: Չէ՛ մեր մանկությունն էր կիսատ մնացել…

17.01.2018

Facebooktwittergoogle_pluslinkedin