ԹԵՂԵՆՅԱՑ ՎԱՆՔ

Թեղենյաց վանքը գտնվում է Կոտայքի մարզում, Բուժական գյուղից 3 կմ հյուսիս, Թեղենիս լեռան արևմտյան լանջին, գեղատեսիլ վայրում՝ թավ անտառի բացատում։ Այն միջնադարյան Հայաստանի գիտամշակութային և գրչության կենտրոններից մեկն է եղել։

Թեղենյաց վանական համալիրը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, գավթից, դպրատուն-գրատնից, սեղանատնից, մատուռներից։

Վանքի մասին առաջին հիշատակությունը 8-րդ դարից է։ Չի բացառվում, որ ավելի վաղ շրջանում այստեղ վանական համալիր է եղել, սակայն վաղ միջնադարյան կառույցներ այսօր  չեն պահպանվել։

Սուրբ Կաթողիկեն վանական համալիրի գլխավոր եկեղեցին է։ Կառուցման հստակ թվականն անհայտ է։ Սակայն հայտնի է, որ այն կառուցվել է 12-րդ դարի վերջին։ 1198 թվականին այստեղ գրիչներ Վարդանն ու Թադևոսը մատյան են ընդօրինակել։

Եկեղեցին ամբողջովին ավերվել ու հողի հաստ շերտով ծածկված է եղել։ Միայն 1986 թվականին այն վերջնականապես ազատվել է հողից, պեղվել, չափագրվել։ Եկեղեցու պատերը կարմիր տուֆից են։ Անգամ ավերված՝ այն հիացմունք է պատճառում իր նրբագեղությամբ։

Կաթողիկե եկեղեցին գմբեթավոր դահլիճ է։ Արևմտյան կողմում ունի մեկ զույգ որմնամույթ։ Եկեղեցին գեղեցիկ հարդարված է։ Բեմի առաջնամասում աչքի են ընկնում կենդանակերպ ու երկրաչափական զարդաքանդակները։ Հատկապես գեղեցիկ է սիրամարգի զարդաքանդակը։

Դպրատունը գտնվում է Կաթողիկե եկեղեցու հարավային կողմում, պատին կից և եկեղեցու հարավային պատից դուռ է բացված դեպի դպրատուն։ Դպրատունն ուղղանկյուն կառուցվածք ունի, ներսից երեք մասի է բաժանված։ Հարավային կողմում դուռն է։ Արևելյան կողմում երեք փոքր ավանդատներ կան՝ խորաններով։ Միջանցքի արևմտյան կողմում երկու ուղղանկյուն սենյակներ կան։ Մուտքը զարդաքանդակներով է։

12-րդ դարում այստեղ գործել է ոմն Կիրակոս գիտնական։ 13-րդ դարում այստեղ է գործել Վարդան Արևելցին։

Դպրատունը կառուցվել է 12-րդ դարի վերջին։

Կաթողիկե եկեղեցու արևմտյան կողմում գավիթն է։ Հյուսիսային պատի վրա գավթի շինարարության մեկենաս Վահրամ Չավուշի արձանագրությունն է, որ թվագրված է 1207 թվականով։ Գավթի ներսում գորշագույն բազալտից չորս սյուներ են՝ 90 սմ տրամագծով։ Իսկ գավթի շինանյութը սև և կարմիր տուֆից է։

Թեղենիսի գավիթը բրգաձև ծածկով կենտրոնագմբեթ գավիթներից մեզ հասած ամենահին կառույցն է։

Գավթի հյուսիսային պատին կից կա ևս մեկ կառույց, որի նշանակությունն անհայտ է։

Սեղանատունը գտնվում է վանական համալիրի հյուսիս-արևմտյան կողմում։ Կառուցվել է 13-րդ դարում։ Այն արևելք-արևմուտք ձգված թաղածածկ դահլիճ է եղել։ Շինարարության մեջ օգտագործվել են բազալտ, տուֆ և որձաքար։

Վանքի արևելյան կողմում մատուռներ ու կացարաններ են եղել։

Թեղենյաց վանքում գործել են 14-րդ դարի բանաստեղծ, ծաղկող Տերտեր Երևանցին, ինչպես  նաև հանտնի գրիչներ Նահապետ քահանան, Շմավոնը, Քահանան, Դավիթը, Մկրտիչ Րաբունին․․․ նրանք այստեղ տասնյակ մատյաններ են ընդօրինակել։

 

Վահէ Լոռենց

 

Facebooktwittergoogle_pluslinkedin