ԹԱՄՐՈՅԻ ԱՆԱՎԱՐՏ ՕՐԱԳԻՐԸ

arm133630184931
(հատվածներ)

Մենք՝ վրաց աղջիկներս, ցավոք, մեր երազանքներում անգամ շատ հեռու գնալ չենք կարող: Ճիշտ է, Թբիլիսին համարվում է Կովկասի կենտրոնը և արտաքուստ մեզ մոտ ամեն ինչ ազատ է, դեմոկրատ երկրում ենք ապրում, բայց դա միայն արտաքուստ…
Իրականում վրացուհիները ամենաշատը որ կարող են երազել՝ դա մի որևէ ձեռնարկության ինժեների կամ նմանօրինակ միջին հաստիքի մասին է: Իսկ գիտությամբ ես չեմ ուզում զբաղվել, առավելևս՝ տնային տնտեսուհի դառնալ…
……
Ինստիտուտ ընդունվեցի ու օտար լեզուներ սովորեցի սոսկ ծնողներիս խորհրդով, քանզի արդեն 17 տարեկանում ես հասկացա, որ պայծառ ու վառ ապագայի մասին երազելն անգամ զուր է: Բայց ինստիտուտում լավ սովորեցի, քանզի ուղղակի այլ անելիք չկար, ու շուտով որպես մեր ինստիտուտի լավագույն սաներից մեկը՝ առաջարկ ստացա ինչ որ ուսումնական ծրագրով մեկնել գործուղման ու կատարելագործման՝ հեռավորարևելյան այդ խորհրդավոր երկիրը…
Այնքան գրավիչ էր առաջարկը, որ անգամ մտքովս չանցավ այն քննարկել ծնողներիս հետ. Ուղղակի ինստիտուտից տուն շտապեցի ու հայտարարեցի, թե գնում եմ…
……
Սա իմ առաջին արտասահմանյան ուղևորությունն էր, այն էլ՝ մի քանի ամսով: Ես ինձ կատարյալ երջանիկ էի զգում: Դարձյալ երազել սկսեցի՝ օտար ափերի գունեղ գեղեցկության, իմ ցնորքների, ռոմանտիկ երազանքների մասին…
Սակայն իրականում ամեն ինչ այնքան էլ հարթ չէր հենց սկզբից: Ծագող արևի երկիրը այնքան էլ հյուրընկալ չգտնվեց: Ընդամենը երկրորդ օրը ես և կուրսընկերուհիս՝ Քրիստինան, անմիջապես հասկացանք, որ ծուղակում ենք հայտնվել: Այն հրապույրը, որ մեր աչքին ուներ Արևի ու Լույսի այս երկիրը, անմիջապես հօդս ցնդեց: Նախ, այստեղ ապրուստի միջոցներ գրեթե չունեինք: Հաց հայթայթելու համար ստիպված էինք ռեստորանում կարտոֆիլ մաքրել: Բնակարանային պայմաններն էլ այն չէին՝ վեց հոգով բնակվում էինք մի բարձրահարկ շենքի առաջին հարկում, ինչը մեզ համար սարսափներով էր լի:
Ծագող արևի երկրի այս բնակիչների մեջ ինչպես սարսափ ֆիլմերում՝ շատ մանյակներ կային: Սրանք մի թուլություն ունեին՝ կանացի ներքնազգեստները… և մենք ընկերուհիներով շուտով նկատեցինք, որ պատշգամբում փռած մեր ներքնազգեստները օրեցօր պակասում են: Առավոտյան ուզում էինք հավաքել լվացքը՝ ամեն ինչ տեղում էր, իսկ ներքնազգեստը չկար…
Դա սկզբից շատ վախեցրեց մեզ, բայց հետո ոչ միայն համակերպվեցինք ու ընտելացանք կատարվածի հետ, քանի որ գողին ոստիկանությունն ի վերջո բռնեց, այլև ազարտով քննարկում ու ծիծաղում էինք միջադեպը՝ վիճում, թե հատկապես մեզնից ո՞ր մեկի ներքնազգեստն է գրավիչ եղել այդ մանյակի համար:
……
Մենք յոթ հոգի էինք: Բացի ինձնից և Քրիստինայից, խմբում էին նաև Սվետան ու Ծաղիկը Երևանից, Ֆաթիման, Գյուլնարան և Մինայան Ադրբեջանից:
Բաքվից մի քանի տղաներ էլ կային, բայց նրանք առանձին էին բնակվում և մենք հազվադեպ էինք առնչվում նրանց հետ:
Սկզբից մտերմացա ադրբեջանցիների հետ: Հայերին դեռ Թբիլիսիից տանել չէի կարողանում, բայց այս հեռավոր երկրիրը մեզ նույնպես մտերմացրեց ու մանավանդ Սվետայի հետ, մտերիմ ընկերուհիներ դարձանք:
Այս աղջիկներն էլ շուտ մերվեցին մեզ ու իսկական ընկերներ դարձանք՝ մենք, ինտերնացիոնալ մեր խմբով: Ճիշտն ասած՝ այստեղ մենք ազգային հարցեր, խնդիրներ բացարձակապես չէինք քննարկում, ուղղակի մեր մեջ ներքին մրցակցություն կար թե ով ավելի ճարպիկ կգտնվի, ով ավելի հաջողակ և ով ավելի հեշտ լուծումներ կգտնի տվյալ իրավիճակից դուրս գալու համար:
……
Շուտով սակայն, մենք մեր միակենցաղ ու գաղջ մթնոլորտից ձանձրացանք: Անտանելի էր ամեն ինչ. Առավոտ կանուխ արթնանում էինք, մեկ ժամ հասարակական տրանսպորտով երթևեկելուց հետո հայտնվում ռեստորանում, աշխատում 10-12 ժամ, ապա՝ հետդարձ դեպի տուն…
Մենք երբեմն ուզում էինք զբոսնել քաղաքում ու զվարճանքի վայրեր որոնել այնտեղ, սակայն փորձը չսկսած՝ անմիջապես կանգ էինք առնում. Նախ տեղաբնակները այդ զվարճանք ասածը բավական նեղ ասպեկտով են ընկալում, ապա՝ մենք փող չունեինք՝ մեր խնդիրները լուծելու: Մեր աշխատածը հազիվ բավականացնում էր տան վարձը վճարելու, ինչը մեծ գումար էր և ձեռքի ծախսերի համար:
Ձանձրույթը, նեղությունները բորբոքել էին մեր բոլորի երևակայությունը: Երբ անելիք գրեթե չունես, և կյանքը ձանձրալի է թվում, ինքնստինքյան կյանքիդ նպատակը զվարճանքն է դառնում: Մենք արդեն հոգնել էինք դատարկ երազելուց, և մի երեկո ուղղակի թավալ էինք տալիս անկողնում, երբ Քրիստինան վազելով տուն մտավ ու…
-Աղջիկներ, հապա, բոլորդ հագնվեք: Կողքի թաղամասում մի լավ վայր եմ գտել, ուր բացարձակապես արտասահմանցիներ են հավաքվում: Դիսկո ակումբ է. Շտապեցեք:
Մեր զարմանքին չափ չկար…. Դե, ինչ եք հապաղում, գալիս եք թե՞ չէ…
Մենք, մեկեն բոլորս վեր ցատկեցինք բացականչություններով, ասես մոլորյալ մի ամազոնուհի, որ վերագտել է իր կյանքի իմաստը, արագ-արագ շպարվեցինք ու դուրս թռանք…
Դա մի մեծ ակումբ էր՝ շենքի առաջին հարկում: Երբ մտանք՝ մեզ սկզբից ոչ ոք չնկատեց, ուշադրություն չդարձրեց: Տեղացիներից միայն աղջիկներ էին, իսկ տղաները, ո՛վ բազմազանություն… հիմնականում եվրոպացիներ, շատ կային Միջին Արևելքի երկրներից, անգամ ռուսներ կային, որոնցից, մենք բնականաբար բոլորս հեռու մնացինք…
Մենք շատ արագ կարողացանք ուշադրություն գրավել: Ուղղակի թռվռան թիթեռնիկների պես շրջան կազմեցինք ու սկսեցինք պարել: Պարեցինք կրքոտ ու թեթև… ու սկսվեց չորս կողմից հյուրասիրություն, հրավերներ… Մի խոսքով՝ թեթև գինովցած ու վառ հույզերով, բորբոքված երևակայությամբ վերադարձանք տուն:
….
Առաջինը մեզնից բաժանվեց երևանցի Սվետան: Նա ճկուն միտք ու համարձակություն ուներ: Սվետան մի հոլանդացու հետ էր ծանոթացել, կարելի է ասել՝ կպցրել նրան, ով մինջև ականջները սիրահարվել էր: Հոլանդացին տափակ, մեծ գլխով, ճաղատ, ականջօղերով, մեզնից 10 տարով մեծ տղամարդ էր: Բայց նա մի մեծ առավելություն ուներ՝ առատաձեռն էր: Սվետան նրան թույլ էր տալիս սիրահետել իրեն, իսկ նա Սվետայի համար թանկարժեք նվերներ էր գնում, հյուրասիրություն կազմակերպում բոլորիս համար: Եվ մի գեղեցիկ օր Սվետան հայտարարեց, թե ընդունել է Ռայմոնդի հրավերն ու տեղափոխվում է նրա մոտ ապրելու: Նա չէր սիրում այս օտարականին, բայց գիտեր հաշվել. Ապրել ու սնվել նրա հաշվին՝ արդեն իսկ ահագին գումար կխնայի: Պակաս կարևոր չէր, որ նա գեղեցիկ նվերներ էր գնում Սվետայի համար:
Ճիշտ է, հոլանդացին Սվետայի միակը չէր: Նա այստեղ կարողացավ կպցնել նաև մի շատ մեծահարուստ լիբիացի արաբի, ով ուղղակի խելքահան լինելով Սվետայով՝ ոչինչ չէր խնայում, նրան հասնելու համար: Սվետան Հասանին էլ թույլ էր տալիս սիրահետել իրեն, միայն թե, բնականաբար, չափելով նրա առատաձեռնությունը…. Ստացվում է, Սվետան մեր մեջ ամենախելոքը դուրս եկավ. Նա ոչ միայն միաժամանակ մատների մեջ խաղեցնում էր երկու մեծահարուստ օտարականի, այլև նրանց հաշվին ապրում էր ըստ պահանջի:
Հետագայում, արդեն Երևանից, նա ինձ ուղղած իր նամակներում գրում էր, թե այստեղ իրեն արժանի տղա չի ճարում, դրա համար հաճախ ու երանությամբ է հիշում իր հոլանդացուն ու արաբին:
……
Մեր միջև ասես մրցակցություն էր սկսվել: Առհասարակ, այստեղ ամենը կարողացան սիրահարվել ինչ որ մեկին ու այդպիսով իրենց գլխի ճարը տեսնել: Բայց նրանք թեթև, ժամանակավոր հարաբերություններ էին որոնում: Միայն ես ու Ծաղիկն էինք, որ սիրահարվել էինք լրջությամբ ու մեր զգացմունքների մեջ հաշիվ, հաշվենկատություն չէր մտնում:
Քրիստինան, Մինայան, Գյուլնարան ողջ օրն անց էին կացնում թեթև զվարճանքով, Ծաղիկը խելոք, համեստ աղջիկ էր ու ողջ օրը տանը նստած էր: Կարծում եմ, նրա ընկերակցությունը մեզ հետ ուղղակի հարկադրական էր, ու եթե Ծաղիկը այլընտրանք ունենար՝ անմիջապես կլքեր մեր շրջապատը:
Իսկ ես, հիմարի պես սիրահարվեցի Համիդին: Ադրբեջանցին միջին տարիքի տղամարդ էր, ինձնից 15 տարով մեծ: Սակայն առաջին հայացքից սիրահարվեցի իրեն ու երբեք չէի կարողանում թաքցնել շիկնանքս, երբ հանդիպում էի նրան…
(Շարունակելի)
19.09.2014

Facebooktwittergoogle_pluslinkedin