ԷՐԳՐԻ ԿԱՆՉԸ

Հունիսյան մի երեկո, մի խումբ ուխտավորներով դարձյալ ուղևորվեցինք Արևմտյան Հայաստան: Ուղևորվեցինք, ևս մեկ անգամ վերագնահատելու ունեցածն ու կորցրածը, ևս մեկ անգամ վերարժևորելու մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր անցած ուղին…

Ջավախք աշխարհում, վրաց-թուրքական սահմանը հատեցինք մեծն Ջիվանու գյուղում տեղակայված անցակետով: Խոզաբույն լիճն է այստեղ…. Սահմանային լիճ Վրաստանի ու Թուրքիայի միջև… հայոց միջնաշխարհում, Գուգարաց աշխարհի սրտում գտնվող այս հրաշքը՝ սահմանային գոտի է երկու օտար պետությունների միջև…. Խելքի՛ աշեցեք….

Չքնաղ լիճ է, չքնաղ բնություն…

Հատելով սահմանը՝ ուղևորվեցինք դեպի արևմուտք…. Մեզ սպասում էր բնության ևս մեկ հրաշք՝ Կարուց աշխարհի գեղեցկուհին՝ Ցեյլի լիճը, որին մեր նախնիք նաև Ծովակն Հյուսիսո են կոչել, իսկ թուրքերը՝ Չլդըր…

Լեռնային այս գեղեցկուհու ափին պարտադիր կանգառ ու հանգիստ ունենք: Շնչում ենք սառը, զովացնող օդը, նայում լճի զուլալ ջրերի մեջ խաղացող կարմրախայտերին ու… մտովի համեմատում մեր Սևանի հետ…

Մեր Սևանի…. Այո, կարծես հյուսիսային այս գողտրիկ ծովակը մերը չէ… օտար սահմաններում է, օտար ափեր են ասես… բայց չկա խորթություն… ուղղակի՝ ակնառու սառնությունն է աչքի ընկնում…. Ի՞նչն է պակասում բնության այս չքնաղ գեղեցկուհուն…. Բոլորիս մտապատկերում մռայլ համեմատությունն էր… ռաբիս երաժշտությունը, ափով մեկ սփռված տաղավարները, բազմաժանր ժխորը, աղբի անհամար կույտերը….

Սևանի օգտին չէ այս համեմատությունը… չնայած լեռնային այս ծովակը Սևանին իր չափսերով զիջում է շուրջ տասն անգամ: Ցեյլի լիճը Թուրքիայի կառավարությունը դարձրել է ազգային պարկ: Լճի տարածքում ու շրջակայքում արդյունաբերական գործունեությունը խստիվ արգելված է… ազգային հարստություն է… այստեղ տնօրինություն են անում վայրի բնության կենդանիները…. Ձկնկուլներ, վայրի բադեր….

Առաջ ենք շարժվում, դեպի հայոց հնամենի մայրաքաղաքներից մեկը՝ Կարս…

Արևմտյան Հայաստանը յուրահատուկ հոգեվիճակ է պարտադրում այցելուին: Ամեն անգամ այստեղ կարծես… առաջին անգամ ես: Ամեն անգամ այստեղ նոր բացահայտում ես անում, ամեն անգամ զգում ես, թե որքան պրկված են նյարդերդ, թե որքան մեծ լարում է քեզնից պահանջվում ճիչդ, զայրույթդ զսպելու համար…. Ամեն անգամ, քեզ այստեղ հայտնաբերում ես յուրովի, նորովի….

Ամեն անգամ բացահայտում ես քո թուլությունը, պապերիդ սխալն ես փորձում գնահատել, գուցե, հոգուդ խորքում՝ արդարացնել, բայց արդարացում ցավոք, չես գտնում…

Ահա, Կարսն է մեր դեմ, իր փնթի, թափթփված, ծուռ փողոցներով: Շատերն են Կարսը համեմատում Գյումրիի հետ, մատնացույց անում հին տները, նշելով որ հայկական հետքը մնացել է…

Բայց… այո, նման են Կարսն ու Գյումրին, նման են 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի հին տներով, սակայն դրանք հայկական տներ չեն, դրանք… ռուսական են, դա ռուսական ոճն է ախր…

Քայլում ենք Կարսում: Քաղաքի կենտրոնական հատվածում են բերդը, Առաքելոց եկեղեցին… մոտեցանք եկեղեցուն, որի գլխին շողշողում էր իսլամի խորհրդանիշը՝ կիսալուսինը….

-Էս շներն ինչու՞ են մեր եկեղեցին մզկիթի վերածել,-պոռթկաց խմբի անդամներից մեկը:

Շատերը նրան աջակցեցին իրենց բողոքով….

Մտորումներս լուռ էին ու տխուր… ոչ ոքի հոգը չէ, որ բերդի գլխին ծածանվում է թուրքական դրոշը, որ հայոց հնամենի մայրաքաղաքը թուրքերի ձեռքին է, թուրքերով է բնակեցված, որ այստեղ մենք հյուրի կարգավիճակում ենք, որ….

Ոչ ոք այդ մասին չխոսեց, ոչ ոք այդ մասին չբողոքեց, բայց ամենը վշտացած են, որ եկեղեցու գլխին կիսալուսինն է…

Ոչ ոք չընկալեց, որ հենց դա՛ է մեր դժբախտությունների իրական պատճառը…

Մենք հաճախ ենք օտարին մեղադրում մեր դժբախտությունների մեջ, բայց իրականում… մե՛նք ենք առաջին մեղավորը, մե՛նք ենք միա՛կ մեղավորը…

Գնացինք Անի… քաղաքը հսկող զինվորականները լուռ հայացքով ճանապարհեցին մեզ պարիսպներից ներս…

Խումբը ցրվեց քաղաքով մեկ… փաթաթված հայոց եռագույնով՝ այստեղ-այնտեղ լուսանկարվում են, ոմանք՝ շտապում շրջել, կարճ ժամանակամիջոցում հնարավորինս շատ բան տեսնել, քաղել…

Էլի հառաչանք, էլի հոգոց ու հայհոյանքներ՝ որպես կանոն՝ թուրքերի հասցեին….

Մտորումներս ինձ դարձյալ տարան պատմության գիրկը…

1045 թվականին հայոց կաթողիկոս Պետրոս Գետադարձն այս քաղաքը, Բագրատունյաց թագավորության հետ մեկտեղ ծախեց հույներին՝ Բյուզանդիային…. Հայ առաքելական եկեղեցու դավաճանության արդյունքում մենք կորցրեցինք մեր ազգային պետականությունը: Միայն քսան տարի անց թուրքերն այն գրավեցին… Բյուզանդիայից, այլ ոչ մեր նախնիներից… հիմա մենք, իրավասու՞ ենք նեղանալու, պահանջատեր լինելու…. Եվ մենք, այսօր իրավունք ունե՞նք նեղսրտելու եկեղեցու կորստյան համար, երբ մի ողջ հայրենիք կորցրեցինք այդ եկեղեցու նենգադավության արդյունքում..

Հիշեցի պատմիչների ավանդածը. Անին մայրաքաղաք հռչակած Աշոտ Գ Ողորմած արքան երկրի պետական ողջ հարստությունը, ողջ գանձարանը դրեց եկեղեցաշինության մեջ: Այնպես, որ երբ նա մահացավ՝ գանձարանում լումա անգամ չկար՝ նրան արքայավայել թաղելու համար…

Հիշեցի մեկ այլ մանրամասն Անիի տերերից… Գագիկ Ա՝ շահնշահ կոչված, իրականում ողորմելի այդ եղբայրասպանը, պատարագի ժամանակ բարձրանալով եկեղեցու բեմ՝ պատարագիչ քահանայի հետ ծես էր կատարում…

Մեր վաստակը, մեր կռվով ու արյունով ձեռք բերածը աղոթքով հանձնեցինք հույնին, հիմա թուրքից ի՞նչ ենք պահանջում…

Տխուր մտորումներով շարունակեցինք մեր ուղին դեպի Բայազետ: Գիշերեցինք: Առավոտ կանուխ բարձրացանք քաղաքի վերին հատվածը, ուր, Զանգեզուր թաղամասն է և որտեղ իշխող դիրք ունեն Դարոյնքի բերդն ու Իսահակ փաշայի պալատը…

Առաջինը որ անցավ մտքովս, սա էր, թե նման ամրոց ունեցողն ինչու՞ պետք է ցեղասպանվեր, թե նման ամրոց ունեցողն ինչու՞ մի քանի անգամ հանուն ռուսի, հանուն ռուսական շահի պետք է սուր ճոճեր դրկից (թեկուզ գող ու ավազակ) թուրքի դեմ, բայց հանուն իր ֆիզիկական գոյության, իր Պատվի ու Արժանապատվության՝ չպետք է կռվեր… ու կոտորվեր անպատիվ:

Քայլում եմ Իսահակ փաշայի պալատում: Ինչու՞ մենք նման ապարանքներ ու դղյակներ չունենք, ինչու՞ ենք մեծ ու շքեղ եկեղեցիներ կառուցել, բայց պետականության  խորհրդանիշ հանդիսացող արքայական, իշխանական պալատներ չենք կառուցել, ինչու՞…  հոգևորն աշխարհիկից, եկեղեցին պետությունից վեր դասելու արդյունքը…

Բայազետ… հայոց Արշակունի արքաները մի օրենք ունեին, որի համաձայն՝ մայրաքաղաքում կարող էին բնակվել միայն գահաժառանգները: Իսկ մյուս արքայազները՝ պայազատները, ապրում էին այստեղ՝ Դարոյնքում: Պայազատ բառից էլ ծագել է Բայազետ անունը…

Դարոյնքի բերդը միշտ հայոց պետության կարևորագույն պատվարներից է եղել՝ դեռ Արարատյան թագավորության շրջանում:

Չորրորդ դարում Հայ եկեղեցին ցանկացավ քրիստոնեություն տարածել նաև հարևան երկրներում: Այդ պատճառով հայոց երկրի վրա հարձակվեց մազքուդների Սանեսան Արշակունի արքան: Հայոց Խոսրով Կոտակ թագավորը վախից թաքնվեց այստեղ: Թաքնվեց այնքան ժամանակ, մինչ Վաչէ Մամիկոնյան սպարապետը Օշականի մատույցներում ջարդեց մազքուդներին ու սպանեց Սանեսանին: Իսկ հայոց ողորմելի ու թույլ թագակիրը… մարտադաշտում գտնելով հայոց երկիրն ավերող Սանեսանի դիակը՝ գրկեց ու հոնգուր-հոնգուր լալիս էր…

Բայազետից շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Վան: Նախապես ծրագրել էինք, որ Թոնդուրեկի լեռնանցքով պիտի մտնենք Վասպուրական, բայց թուրք-քրդական զինված բախումների հետևանքով ստիպված էինք փոխել մեր ուղին ու գնալ Բագրևանդի հովտով: Քրդերը զենքով մեր պատմական հայրենիքի տարածքում պետություն են կերտում: Իսկ մենք…. Մենք չենք սիրում անգամ այն մի կտոր հողը, որ մեզ բաժին հասավ պատմական հայրենիքից, մենք չենք սիրում անգամ ինքներս մեզ, մեր տեսակը… կորցնելով գրեթե ամեն բան, սակայն մենք հպարտանում ենք… Մենք աշխարհի առաջին քրիստոնյա ազգն ենք…

Բագրևանդի հովիտը չքնաղ է… կարծես հայոց պատմության հաստափոր հատորի էջերով ենք անցնում… Նպատ լեռան ստորոտում, Ձիրավի դաշտում մտովի մարտի բռնվեցինք Պապ թագավորի հրամանատարության ներքո…

Ո՜վ, հայոց արքա… դու տակավին պատանի՝ այս դաշտում հայոց փառքը կերտեցիր, ջախջախեցիր նենգ ոսոխին ու ազատեցիր հող հայրենիդ… բայց… երբ նենգ հռոմեացին, իրեն դաշնակից ունենալով հայ եկեղեցուն ու տմարդի Մուշեղ Մամիկոնյանին, դավաճանաբար քեզ սպանեց՝ այդժամ կատարվեց ամենաամոթալին… Կաթողիկոսի գլխավորությամբ գումարվեց ժողով, ուր ընդունվեց որոշում…. Վրեժ չառնել սպանված հայոց արքայի համար, քանզի վայել չէ հայ քրիստոնյային՝ վրեժ լուծել քրիստոնյա հոռոմից, երբ նա սպանել է մի հեթանոս հայ արքայի…

Հոսում է Արածանին, հոսում է հայոց սրբազան գետը, մենք, ուղևորներս, նրա երկայնքով վարգում ենք պատմության էջերում, ու այդ պատմությունը մեզ շատ բան է պատմում, շատ դասեր է տալիս… բայց,  արդյո՞ք մենք կարողանում ենք քաղել այդ դասերը…

Մոտեցանք Արծրունյաց ոստանին: Վանն իր հպարտ անտարբերությամբ դիմավորեց մեզ:  Մհերի դուռ գնացինք: Ոգևորված բարձրացանք Ագռավաքարի ժայռը, թակեցինք դուռը… Ու՞ր ես, Մհե՛ր, դուրս եկ….

Մհերն անհաղորդ է մեզ… անհաղորդ է, քանզի մենք մոռացել ենք, որ մեր վարքով, մեր անտարբերությամբ, մեր դավաճանությամբ, մեր մանր ու նեղ անձնական շահերի պատճառով սկսեցինք դավել մեկմեկու, երբ ընկերն ընկերոջ հետ էր կռիվ տալիս, երբ գործընկերը խաբում է իր վաղեմի գործընկերոջը, երբ սեփական եսի գերագնահատականը կուրացնում է ամենիս, ու մեր նստարանն անգամ մեծ գահ պատկերացնելով՝ չենք ցանկանում զիջել դրկիցին, չենք ցանկանում նեղություն քաշել՝ նրան տեղ տալու…. Ու մենք… Մհերին ենք կանչում… չգիտակցելով , որ Մհերը մեզնից է փախել, մեր տեսակից զզված՝ մեկուսացել է… ու եթե գա՝ իր ցասումն առաջինը մեզ վրա է թափելու…

Ապա բարձրացանք Վանա բերդ… դժվար էր վերելքը…

Արարատյան գահակալների և Արծրունյաց ըմբոստ ու խրոխտ ոգին ցավոք, այլևս չի թևածում այստեղ… մենք խարանեցինք մեզ, խեղեցինք մեր պատմությունն ու մեր արժեհամակարգը հեռավոր 1021 թվականին, երբ աստվածավախ ու խոհեմ Սենեքերիմ Արծրունի թագակիրը առանց կռվի իր երկիրը կտակեց Բյուզանդիային՝ ոսոխին, ու աղոթելով հեռացավ այստեղից՝ տասնյակ հազարավոր հպատակների հետ…

Հետո, հետո վանեցին շտկեց իր մեջքը, բայց ավաղ, կարճ ժամանակով միայն… Հայի մեջ բույն դրած Եսը հաղթեց դարձյալ հային, ու Հայը նահանջեց կրկին…ցեղասպանվեց ու նահանջեց….

Մշո դաշտ… Արածանու ջրերում Աստղիկ դիցուհին է լողացել, և երբ պատանիները ցանկացել են գեղեցկության աստվածուհու մերկությունը տեսնել, նա մուշով է պատել չորս դին, քանզի իր գեղեցկությունը միայն Վահագնինն է…

Մշո դաշտ… 1915 թվականին այստեղ շուրջ 500 հայկական գյուղեր էին սփռված… 500 գյուղեր… հարյուրավոր գյուղեր այստեղ հրո ճարակ դարձան, չկռվելով, զենք չվերցնելով, աղոթելով… Մշո դաշտի ինքնապաշտպանության փորձը վիժեցրեց… տեղի հոգևոր առաջնորդը… Վարդան վարդապետը:  Անկազմակերպ, թույլ դիմադրություն ցույց տվեց քաղաքը, բայց թուրքերին հաջողվեց կոտրել հայոց դիմադրությունն ու նախճիր սարքել այստեղ…

Նստած ենք ռեստորանում… տեղացի հայերի հետ: Խոսակցության հիմքում բնականաբար, հայն ու Հայաստանն են…

-Ասում եք, Մուշի 40,000 բնակիչներից մոտ 22000 հայեր են: Իսկ իրենք, այդ հայերը գիտե՞ն այդ մասին, որ հայ են…

-Եթե իրենք անգամ չգիտեն, այդ մասին շատ լավ գիտեն իրենց հարևանությամբ ապրող թուրքերը, քրդերը, չերքեզները… ու դա աստիճանաբար զգացնել են տալիս…

Սեղանի շուրջ հավաքվածները պատմում են, շարունակ պատմում…մեծ է ոգևորությունը, եռանդը, մեծ է նրանց հավատը….

Տեղացիների մի մասը հեթանոս է, մյուս մասը՝ քրիստոնյա, մեծամասամբ՝ մահմեդական հայեր… բայց նրանց միավորում է ընդհանուր ցավը, ընդհանուր խնդիրը…

Իսկ խնդիրներ, իսկապես, շատ կան:

Հայերենի ուսուցիչներ են պետք, Հայաստանից աջակցություն է պետք. Անհրաժեշտ է, որ հայկական բուհերում Թուրքիայի հայության համար անվճար տեղեր հատկացվեն, դասագրքեր են անհրաժեշտ…. Արևմտահայերը Հայաստանի հանրապետությունից հիմնականում բարոյական աջակցության կարիք ունեն, և դիմում են հաճախ, ու որպես կանոն՝ ստանում են կտրուկ պատասխան.

-Քրիստոնյա չես՝ հայ չես…

Խնդիրներ, խնդիրներ… ու արևմտահայերի միակ բաղձանքն է… Երանի, Հայաստանի հանրապետությունը հզոր լիներ…

Առավոտ կանուխ գնացինք Մշո հայկական գերազմանատուն: Զարմանքս մեծ էր հատկապես մի տապանաքարի գրառում ընթերցելիս… 19-րդ դարավերջին երիտասարդ տարիքում մահացած… Անուշավան Սլկունի….

Սլկունիների քրմական զորեղ տոհմը, դավադիր ձևով սրակոտոր եղավ Մամիկոնյանների կողմից: Ու Տարոն աշխարհը որբացավ, նրան տիրեց օտարը, հայոց աստվածների պաշտամունքը օտար խաչով փոխարինվեց…. Փոքր Մհերը Ագռավաքար մտավ… ու … խեղվեցինք…

Մեզ առաջնորդեցին Գևորգ Չաուշի գերեզման: Տեղացիները հավաստում են, որ հարյուր տարի շարունակ հայերը գաղտագողի ամեն տարի, մայիսին, Չավուշի զոհվելու օրը եկել են այցի նրա շիրիմին…

Երգեցինք.

-Ելիր Գևորգ, ելիր, դուշմանը շատ է,

Հայոց ազգի համար, կռվելը փառք է…

Ո՞վ, ինչ տարավ Չաուշի գերեզմանից, ո՞վ ինչպես հաղորդակցվեց նրա ոգուն… չգիտեմ…  ինձ անհայտ է…

Բայց… արդյո՞ք մեր այցը նպաստեց 21-րդ դարի հայի մեր տեսակի առողջացմանը…. Այս կորսված սրբություններին այցելելով, մեր հերոսների ոգուն առնչվելով, արդյո՞ք մենք առողջացանք… արդյո՞ք մենք կդադարենք մեկմեկու դավել, նվաստացնել, արդյո՞ք մենք կփորձենք հասկանալ մեկմեկու, օգնել ու աջակցել միմյանց, արդյո՞ք մենք կդադարենք ստել, հանուն մեր հատվածային ու նեղ-անձնական շահերի, կդադարենք վարկաբեկել դրկիցին, արդյո՞ք մենք կդադարենք խաբել մեր գործընկերներին, օգտվել նրանց ազնիվ հավատից ու օգտագործել նրան, արդյո՞ք մենք կդադարենք պաշտել սեփական Եսն ու մտածել դիմացինի մասին, կփորձենք համախմբվել մեկ գաղափարի շուրջ…

Հազիվ թե…

Վահէ Լոռենց

Տպագրվել է ,,Անկախ,, շաբաթաթերթում, 2017 թվականին հուլիսի 20-ին:

Facebooktwittergoogle_pluslinkedin