Էս ինչ թարս օր էր…

Այսօր անտանելի շոգ էր: Մտածեցի. ,,Լա՛վ է, դրսում գործ չունեմ, տանը կնստեմ, կաշխատեմ,,  Բայց….

Կեսօր էր, դուռը թակեցին: Բացեցի, միջին տարիքի երկու կանայք էին: Շատ կոռեկտ, համեստ ժպիտով բարևեցին:

-Բա՛րև ձեզ,-պատասխանեցի:

-Ներեցե՛ք անհանգստացնելու համար, մի հարցով ենք Ձեզ դիմում: Ի՞նչ եք կարծում, մեր կործանվող աշխարհի փրկությունը որտեղի՞ց կարող է գալ:

-Չգիտե՛մ,-ասացի: – Իսկ Ձեր կարծիքով որտեղի՞ց կգա:

-Միակ ճշմարիտ ու կենդանի աստծուց՝ Եհովայից…

-Դուք Եհովայի վկանե՞ր եք,-հարցրեցի:

-Այո՛,- ժպտացին կանայք…

Իմ անհատական օրհնությունը, վա՜յ, ներեցե՛ք, հայհոյանքն ուղղեցի (դա կաթողիկոսի հայրապետական նզովքից պակաս ազդու չէ) այս կանանց է՛լ, իրենց Եհովային է՛լ, նրա ողջ ազգուտակին է՛լ ու եկա նստեցի աշխատասեղանիս մոտ՝ հույս ունենալով գործ անել:

Քիչ անց, դարձյալ դռան զանգ…

Դուռը բացում եմ՝ երկուսուկես մետրանոց, ,,ճղած ջինսով,, մեկն է կանգնած: Սկզբից մտածեցի՝ թե զայրացած Եհովան է Գաբրիել հրեշտակապետին ուղարկել, որ հոգիս առնի, բայց հայացքս կամաց վեր բարձրացնելով տեսա, որ այդ ,,ճղած ջինսով,, Գուլիվերն աղջիկ է: Մտածեցի, գուցե սա նվե՞ր է նորին գերազանցություն գայթակղիչ  սատանայի կողմից: Չգիտեմ, մինչ  երազախառը մտորումների մեջ էի՝ աղջիկը հարցրեց.

-Բարև՛ Ձեզ, դուք վարձով տուն չունե՞ք…

Մտածեցի՝ չար կատակ է: Նայեցի դռան վրա գրված չէր, թե սա անշարժ գույքի գործակալություն է: Ափսոսանքով պատասխանեցի՝ Չէ՛…

Աղջիկը կմկմաց….

-Ներեցե՛ք, կտա՞ք մի բաժակ սառը ջուր …

Ստիպված էի Գուլիվերին տուն հրավիրել:

Մինչ սառնարանից ջուր կբերեի՝ Գուլիվերը բազմեց բազմոցին, ճղած ջինսն ու ճղածի տակից երևացող քոբուլեթիոտ ազդրերը բարձր ցցել ու ուշադրությամբ տունն էր զննում….

-Ա՜յ, էստեղ այնպե՜ս հավեսով կապրեի… Դուք մենա՞կ եք մնում…

-Այո՛,-պատասխանեցի զարմացած:

-Ես էլ կապրեի էստեղ, փոքրիկ, հարմար տուն է: Իսկ կարո՞ղ է վիսկի կամ մի այլ սպիրտային թեթև բան ունենաք:

Գուլիվերը ժպտաց լաքած շրթունքներով…

Գուլիվերին դուրս ճանապարհեցի և վերջապես նստեցի աշխատելու…

Թվում է՝ բոլոր փորձություններն անցել են արդեն… դարձյալ զանգ…

Այս անգամ հեռախոսս էր զանգում: Հարևանուհիս էր:

-Ալյոոոոո՜, Վահեեեե՜, տանն ե՞ս….

Գլխիցս հեռացնելու համար պատասխանեցի՝ Չէ՛:

-Վա՜յ, Վահե՛, շու՛տ արա, տու՛ն հասի, ձեր տուն գող ա մտել…

Նայեցի չորս կողմս՝ տանը միայն ես էի ու զարմիկս՝ Վազգենը:

-Ի՞նչ գող, որտեղի՞ց իմացար…

-Նոր ձեր բալկոնում էր, լվացքն էր հավաքում….

Հիմա չգիտեի ծիծաղեմ, թե՞ լացեմ…Վազգենն է եղել…գարեջուր էր թափել վերնաշապիկի վրա, լվացել, կախել էր:

-Ա՜խր, ա՛յ հարազատ, ո՞ր գողն ա ուրիշի տուն մտնում ու լվածք հավաքում….

-Չէ՛, ինչու՞, գող ա էլի, ամեն բան էլ կտանի….

Դե տեսնու՞մ եք հայե՛ր ջան, պարզվում է՝ էս անտանելի շոգը սոսկ չարիքի փոքրագույնն է, շոգին ավելի հեշտ է դիմակայել, քան…

19.08.2014
ppppppppp

Facebooktwittergoogle_pluslinkedin