ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐԸ

38638_b

Արմիկը գյուղի փոստատարն էր: Չքավոր ու բազմանդամ ընտանիքի մայր, ով հազիվ էր հոգում ընտանիքի կարիքները: Տանը շատ տղամարդ կար, աշխատող ձեռքի պակաս չունեին, բայց… աշխատանք չկար: Ամուսին ու չորս զավակ ուներ Արմիկը, բայց ինչ արած, թիվը փոխվել էր, երկիրը քանդվել, ու Սովետին երանի տալով՝ ամեն օր ծանր պայուսակն ուսին՝ թերթեր ու նամակներ էր բաժանում գյուղում, տան երեք տղամարդկանց ծխախոտն ու հաց ու ջուրն էր հայթայթում…

Ամուսինն՝ Աբոն, ողջ կյանքը սովխոզի բաղերում գլուխ պահած ռանչպար մարդ էր, որ թվի փոխվելու հետ չկարողացավ հարմարվել նոր աշխարհին, մի գործ ձեռնարկեր… խոպան գնալ էլ չէր կարող, մասնագիտություն չուներ:

Արմիկի զավակներից երկուսը հասուն էին: Արմենը 21 տարեկան էր, Ռուսաստանում ծառայեց, եկավ տանը նստեց: Էլի ո՛չ փեշակ ուներ, ո՛չ էլ՝ աշխատելու տեղ կար: Մյուս որդին՝ Վաչոն, տասնութ էր: Տնեցիք սրտի տրոփյունով էին սպասում Վաչոյի բանակ գնալուն:

-Ղարաբաղ չտանեն, կռիվ ա…

Վաչոյին գյուղում Խև էին կոչում: Իսկապես խևի նման էր, միամիտ, պոռթկուն, բայցև՝ ընկերասեր, նվիրյալ:

Արմենն ու Վաչոն հակապատկերներ էին: Առաջինը խոհուն, լուրջ, տարիքից շուտ հասունացած երիտասարդ էր, Վաչոյի համար՝ աշխարհը դուզ էր…

Գյուղում ծանր էր կյանքը. Հող ու այգի էլ ուներ Արմիկենց ընտանիքը, բայց, ջուր չկար, այգին չջրվեց, չորացավ, հողում էլ ցորեն ցանեցին՝ մրիկը բերքից շատ եղավ, անգամ՝ չհնձեցին…

Մի խոսքով՝ չոր հացի ու ձավարի հույսին՝ օրեր էին մթնեցնում, գուցե մի տեղից դուռ բացվի, մի լույս վառվի…

Իսկ երկրում կռիվ էր: Թուրքը Ղարաբաղն առել, Հայաստանն էր ուզում: Նոյեմբերյան՝ քթի տակ ամեն օր կրակոց, ամեն օր՝ զոհ…

-Աբո՛, ի՞նչ ես տանը նստել, զինկոմիսարիատում բարեկամ ունես, գնա՛, էս բալիս հմար գոնե խոսի, էգուց-էլօր՝ դուռդ կտրելու են, թե՝ բանակ ենք տանում…

-Աղջի՛, ի՞նչ խոսեմ, հմիկվա ծանոթն ու բարեկամը՝ փողն ա, գլխի՞ չես,- հոնքերը կիտում էր Աբոն…

-Վա՛յ, քո տղամարդ ասողի… աբուռս մի կուռ դնեմ՝ իմ կնիկ հալով էդ հարցերը կլուծեմ,-հոգոց էր հանում Արմիկը:

-Այտա՛, սու՛ս, ես ծառայելու եմ,-վեճին միջամտում էր Վաչոն:

-Ի,՜ ֆողը գլխիս, դու ո՞ր օրվա ծառայողն ես, ա՛յ խև,-հոգոց էր հանում Արմիկն ու անզորությունից կախում գլուխը:

Օրերից մի օր Արմենը Լենինական էր գնացել, երկու օրից գնացքով հետ եկավ ու, ավետիս բերեց տուն.

-Մա՛մ, գործ եմ ճարել, գործի՛ եմ ընդունվել: Շինարարություն ա, Լենինականն ենք սարքում, շորերս, իրերս կապիր, էգուց գնում եմ:

Տնեցոնց ուրախությանը չափ չկար: Տանն էլ, ուտելու բան չկար: Արմիկն արդեն երրորդ ամիսն է՝ աշխատավարձ չէր ստացել, խանութում պարտքերը գնալով, շատանում էին: Ուրախ-ուրախ հավաքվեցին բոլորը, Արմիկը վերջին հինգ հավից երկուսը մորթեց, մեկը Արմենի պայուսակում դրեց, մեկը՝ սեղանին, ու վեցով տոնական սեղան նստեցին: Ամեն անգամ չէ, որ սեղանին հավ կա դրած, դեռ մի բան էլ ավելին՝ սինդրիկի թթու ու… հաց… թե չէ՝ ձավարով ու թուրքական մարգարինով ապել կլինի՞…

Բոլորն ուրախ էին, կարծես Արմենը ոչ թե Լենինական, այլ խոպան էր գնում, կարծես միլիոն էր աշխատելու, բայց դե… հույս էր…

-Վաչո՛ ջան, ախպերդ մի գործ ճարի, մինչև բանակդ, դու էլ գնա աշխատիր, համ էլ՝ որ Լենինական ըլնես, քեզ ո՞վ ա գտնելու, որ բանակ տանի,-մայրն էր…

-Հա՛, կաշխատեմ,-ձեռքը թափ տվեց Վաչոն…

Արմենը գնաց: Էն գնալն էր, որ գնաց: Կապ չկար, հասցե չկար, Արմենից լուր չկար…

-Աբո՛, էն երեխեն ի՞նչ եղավ, գնաց, ո՛չ խաբար կա, ոչ՝ ձեն-ձուն կա, մի բան արա…

Խեղճ Աբոն ի՞նչ աներ…

Բայց տագնապը գնալով՝ ահագնանում էր: Մի օր էլ՝ Վաչոն որոշեց ախպոր հետևից Լենինական գնալ, որոնել:

-Վաչո՛, տեղ հասար՝ խաբար արա, վա՜յ, էս ի՞նչ միամիտ դուրս եկանք, էն մատղաշ երեխիս բան եղած չլինի, ո՞նց թողի խամ ու խոպան քաղաքը գնա, ո՛չ ծանոթ ունի, ո՛չ բարեկամ…

Վաչոն էլ գնաց ու գնաց… Խեղճ Արմիկի աչքը ջուր կտրեց սպասելով: Ո՛չ տղերքը կային, ոչ՝ մի լուր ուներ:

-Աբո՛, այ, ֆողերս գլխիդ, էն երեխեքն ի՞նչ եղան…

Ամիսներ անցան: Արմիկը սև նստած՝ աչքը լուրի սպասումով, մոլորված էր:

Մի օր փոստի ավտոն Ալավերդուց հերթական բեռը բերեց: Արմիկը գնաց գյուղամեջ, ստացավ բեռը, գյուղի փոստի կիսաքանդ ու խարխուլ սենյակում թերթերն ու նամակներն էր դասավորում, որ թաղեթաղ անցներ, աչքը մի ծրարի վրա ծանոթ ու հարազատ ձեռագրով գրված իր անունին կպավ…

-Վա՜յ, Արմե՛նս…

Հետադարձ հասցեն չկարդալով, դողդողացող ձեռքերով բացեց ծրարը… մի նկար էր մենակ… Արմենն ու Վաչոն, կողք-կոքի, իրար գրկած, երկուսն էլ անսովոր, տարօրինակ համազգեստով, զենքն ուսերից կախ…

Արմիկի աչքերը սևացան, ձեռքերը թուլացան ու նկարը սահեց ցած, գետնին…

-Վա՜յ, քոռանամ ես, բալեքս…

Վերցրեց նկարը, հպեց աչքերին, դեմքին…

-Ես ձեր կյանքին մեռնեմ… բալե՛քս… էս ի՞նչ արիք դուք… բա դուք Ղարաբաղի համա՞ր էիք…

Խեղճ կինը լալիս էր. Լալիս էր հուսահատությունից, վախից, ցավից…

Դողացող ձեռքերով շուռումուռ տվեց նկարը: Հետևի կողմում Արմենի ձեռագրով երկտող էր.

-Մա՛մ ջան, պա՛պ ջան, մենք Ղարաբաղ ենք, սաղ լավա, չմտածեք, էսա թուրքի մերը կլացացնենք, կռիվը կպրծնի, տուն կգանք, դուք պի՛նդ կացեք….

Արմիկը լացում էր: Հոնգուր-հոնգուր… արտասուքը հոսում էր այտերի վրայով, իսկ նրա քարացած հայացքը նկարի վրա էր կանգ առել…

Մի ժամից, ծանր պայուսակն ուսին, Արմիկը դուրս եկավ փոստի շենքից: Գյուղամիջում շատ մարդ կար: Ահել ու ջահել. Պարապ-սարապ՝ ծառի տակ նստած, թուղթ ու նարդի էին խաղում: Անցնելով նրանց կողքով՝ Մայրը առաջին անգամ չբարևեց: Մտքում հայհոյեց անգամ.

-Թու՛, ձեր նամուսին…

Զինվորի մայր էր: Մեկեն՝ Արմիկի համար աշխարհը փոխվեց, գույները պայծառացան: Էլ ոչինչ նրա համար դժվար չէր, անտանելի չէր: Դժվարն այնտեղ՝ Ղարաբաղում է…Դժվարն իր որդոց համար է… ինքը մեծ է, ծնող է, ամեն զրկանքի կդիմանա, թող տղերքն իրենց կռիվը տան, պատվով հետ գան… չգիտես մխիթարու՞մ էր իրեն մայրը, թե՞ սփոփում…

Ժամեր անց գյուղն իմացավ, որ Արմենն ու Վաչոն Ղարաբաղում են: Հետո լուր եկավ, որ Ալավերդուց կռվող դաշնակ տղերքից եղբայրներին տեսնողներ էին եղել.

– Քաջ ու ուժեղ տղերք են, մանավանդ՝ պուճուրը, խևի պես ա կռվում…

Արմիկն այլևս առաջվա Արմիկը չէր: Խոնարհ, գլխիկոր նախկին կինն այլևս չկար: Հպարտ, ինքնավստահ ու խրոխտ հայացքով, ամեն օր անցնում էր գործի, թերթերն ու նամակներն էր բաժանում…

Շատերն էին խույս տալիս զինվորի մոր հայացքից, շատերն էին գլուխ կախում նրա առաջ, մանավանդ՝ բանակից խույս տված երիտասարդներն ու նրանց ծնողները…

Ու մի օր՝ բոթը եկավ… Արմենը խփվել ա…

Ողջ գյուղը լցվեց Արմիկենց տուն: Տան շեմքում գլխիկոր նստած էր Աբոն, լուռ ու մռայլ ծխում էր թերթով փաթաթած թութունը…

Տանը սև հագած Արմիկն էր, հարևանուհիների հետ… Լացող չկար, ողբացող չկար, բոլորը շվարած ու լուռ էին:

Բերեցին Արմենի դիակը,  հինգ զինվոր էին ու հրամանատարը: Ողջ թաղը լալիս էր, ողջ գյուղը վշտացած էր…Արմիկը գրկած փակ դագաղը՝ զուսպ հեկեկում էր: Զինվորները դագաղի կողքը լուռ ու գլխիկոր կանգնած էին… Արմիկը բարձրացավ տեղից, հերթով մոտեցավ նրանց, փաթաթվեց, համբուրեց.

-Երեխե՛ք, հոգնած կլինեք, սոված կլինեք…ձեր կյանքին մեռնեմ…,-հետ դարձավ սգացող հարևաններին: -Լաց ըլնելու տեղ՝ էս երեխեքին տարեք ձեր տներում կերակրե՛ք…

Տաս օրից բերեցին նաև Վաչոյի դին… շրջափակման մեջ են եղել, թուրքի շղթան ճեղքելիս պահել էր ընկերների թիկունքը, անհավասար մարտում ընկել քաջի մահով՝ փրկելով զինակիցներին….

Ողջ գյուղը սգում էր, բոլորը լալիս էին… միայն Արմիկն էր լուռ…

Քարացած հայացքով նայում էր որդու անկենդան, սևացած դեմքին:

-Արմի՛կ, լա՛ց, լա՛ց, թող սիրտդ հովանա,-հարևան Կիման էր…

-Հերոսի վրա չե՛ն լացում, ես էսօր երկրորդիս եմ մատաղ անում… թող նա՛ լացի, ով փեշի տակա պահել,-Արմիկն ուշափաթ ընկավ տղայի դիակի վրա…

28.01.2016

Facebooktwittergoogle_pluslinkedin