ԶԱՌՆԻԷՐ

Հաղբատը գտնվում է Գուգարաց լեռների փեշերին՝ բարձր սարավանդի վրա: Գյուղը երեք կողմից շրջապատված է անդնդախոր ձորերով, իսկ չորրորդ կողմից այն եզերում են Գուգարաց լեռների ճյուղավորումները՝ Սբլիս (Սուրբ լույս) և Տերնական գագաթներով:

Գյուղի մատույցները հսկում է դեռևս 8-9-րդ դարերում կառուցած Կայան բերդը, ինչը Բագրատունիների թագավորության կարևորագույն պատվարներից է հանդիսացել միջնադարում: Նրա դեմ-դիմաց կանգնած են Սևորդյաց Զարեհ իշխանի կառուցած  հսկա ժայռափոր Զառնիէր և Պարնիէր բերդերը:

Կայան բերդն ավերվել է 1236 թվականին՝ մոնղոլական արշավանքների ժամանակ: Ավանդույթը պատմում է, որ մոնղոլները երկար ժամանակ պաշարած են պահում բերդը: Չկարողանալով գրավել այն՝ նրանք կտրում են ամրոցը սնուցող ջրագիծը: Եվ երբ ծարավից դրդված՝ ամրոցի պաշարյալները որոշում են անձնատուր լինել թշնամուն՝ գիշերը հորդառատ անձրև է տեղում: Սա համարելով աստվածային նախանշան և բարեհաճություն՝ մոնղոլ զորապետը դաշինք է առաջարկում բերդապետ հայ իշխանին, ինչն ամրապնդվում է հայ իշխանադստեր և մոնղոլ զորապետի տղայի ամուսնությամբ:

Առհասարակ, քարանձավները հսկայական դերակատարություն են ունեցել Հաղբատի պատմության մեջ: Նրանք հուսալի ապաստան են եղել հաղբատցիների համար՝ օտար ասպատակությունների ժամանակ: Բացի այդ՝ հայտնի է, որ Հաղբատավանքը շրջակա քարանձավներում յոթ խոշոր գրապահոց է ունեցել: Այդ գրապահոցներից չորսի տեղը ցայսօր անհայտ է:

Հաղբատի նշանակությունն այնքան մեծ էր, որ այստեղ էր գտնվում Կյուրիկյան թագավորների տոհմային տապանատունը: Հաղբատը նաև թագավորության հոգևոր կենտրոնն էր, հետևաբար, տեղի իշխողները՝ Կյուրիկյան արքաներն ու մասնավորապես Սևորդյաց իշխանները, պետք է նաև մտածեին տեղի ապահովության մասին:

Ուշ միջնադարում, երբ Հայաստանն արդեն վաղուց կորցրել էր իր պետականությունը, Արևելյան Հայաստանի տարածքում՝ Արցախում և Լոռիում միայն կային պետականության նշույլներ՝ կիսաանկախ իշխանություններ:

Մասնավորապես, 18-րդ դարի կեսերին կազմավորվում է Լոռվա սղնախը: Սղնախ նշանակում է ամրոց, և հիրավի, այդ ժամանակամիջոցում ողջ Լոռվա ձորը մի ամրակուռ ամրոց էր հիշեցնում:

Լոռվա ամեն մի գյուղ դառնում է մի ամրացված բնակավայր, իր զինուժով: Լոռվա քաջերը՝ Խուդին, Ջիլավը, Պրանը, Բեկթաշը, Քոռ Օհանը, Բեկջանը,Վերանը, Մաժոն, իրենց ջոկատներով պահպանում են Լոռվա մուտերը (մուտքերը) թշնամու ավարառությունից:

Հետագայում այս հերոսներից ձևավորվեցին Լոռվա ձորում հայտնի տոհմեր՝ Խուդինյանները, Ջիլավյանները, Պարանյանները, Բեկթաշյանները, Երզնկյանները, Բեկջանյանները, Վերանյանները, Մաժինյանները…

Լոռվա քաջերից հաղբատցի էին Քոռ Օհանը, Բեկջանը, Պրանը…

Քոռ Օհանն ու Պրանը ամրանում են Հաղբատի սարերում, ջոկատներ կազմում ու պայքար սկսում դեպի Հաղբատ արշավող ավարառուների  դեմ:

Իսկ Բեկջանը, ով Հաղբատում հաստատվել էր Սանահինից, Քոռ Օհանի խորհրդով իր երեք եղբայրներով հաստատվում է Նեղոց գյուղում, որ Հաղբատի գոմահանդերից էր ու ամբողջովին բնակեցված էր հաղբատցիներով:

Նեղոցում Բեկջանը համախմբելով համագյուղացիներին՝ փակում է դեպի Հաղբատ տանող լեզգիների ճանապարհը, որ այն ժամանակ հենց Լեզգու գեչուտ էր կոչվում: Դա Դեբեդի և բարձր ժայռերի միջև ծվարած մի նեղ ճամփա էր, որ Լոռու ձորը կապում  էր Թիֆլիսի հետ:

Երբ լեզգիների մեծ հրոսակախումբը Ավարայի Թարզոյի Մուրադ խանի գլխավորությամբ Հաղբատը թալանելու և ավարառության նպատակով Լեզգու գեչուտով շարժվում է առաջ, Բեկջանը իր խմբով ծուղակ է պատրաստում և մեծ ջարդ տալիս թշնամուն: Լեզգիները տասնյակ զոհեր են տալիս: Քչերին է հաջողվում խույս տալ: Անձամբ Թարզոյի Մուրադ խանը գերվում է: Նրան հաղբատցիները հանձնում են վրաց Հերակլ Բ արքային, իսկ վերջինս Թիֆլիսի հրապարակաում կախաղան է բարձրացնում ավազակին:

Ժամանակակիցները նշում են, որ Հաղբատում զենքին տիրապետում էին բոլորը՝ ծեր ու մանուկ, այր ու կին: Անգամ կանայք լավ հրաձիգներ էին:

1786 թվականին Ախթալան գրավելուց և ավերելուց հետո Հաղբատի վրա հարձակվեց Ավարիայի Ումմա խանը: Սակայն հաղբատցիք փակելով ձորի մուտը՝ ջարդ տվեցին լեզգիներին և վերջինս ստիպված էր նահանջել:

Հենց հաղբատցիների քաջությունը հաշվի առնելով, 1806-1813 թվականներին, Եփրեմ Ձորագեղցի կաթողիկոսը խույս տալով ռուս-պարսկական պատերազմի առաջացրած տհաճություններից՝ հաստատվեց Հաղբատի վանքում: Փաստորեն, այդ տարիներին Հաղբատավանքը կաթողիկոսանիստ էր:

Հաղբատի մատույցների պաշտպանության համար շատ կարևոր էին Կայան բերդը, Զառնիէր և Պարնիէր անձավ-ամրոցները: Նրանք հսկում են դեպի գյուղ բարձրացող Շերեքա ձորի ճամփան, և ոչ մի ոսոխ, անկոչ հյուր, չի կարող շրջանցել այս ամրոցները:

Զառնիէր և Պարնիէր ամրոցները կառուցել է Սևորդյաց Զարեհ իշխանը: Ցավոք, Զարեհ իշխանի մասին որևէ արժանահիշատակ տեղեկություն չկա: Սևորդյաց տոհմն իշխել է այս տարածաշրջանում դեռ յոթ-ութերորդ դարերից: 10-րդ դարում Լոռվա ձորում գերիշխանության հասան Բագրատունյաց կրտսեր ճյուղը համարվող Կյուրիկյանները: Իսկ Սևորդյաց տոհմն ամփոփվեց Հաղբատ-Սանահինի շրջանում: Դատելով Հաղբատավանքում առկա 13-րդ դարի Սևորդյաց (Ուքանանց) դամբարաններից, Սևորդյաց իշխանների տոհմային դամբարանն էլ այստեղ էր գտնվում: Նրանք ծագումով հենց Հաղբատից էին:

Հաղբատը հանդիսանում էր Կյուրիկյան թագավորության հոգևոր կենտրոնը: Այդ պատճառով Հաղբատաձորի ժայռափոր ամրոցները մեծ նշանակություն ունեին վանական համալիրի պահպանության համար: Սակայն, ամենայնիվ, 1105 թվականին, սելջուկ Խղըլ ամիրային հաջողվել է գրավել այս ամրոցները, թափանցել Հաղբատ, ավերել եկեղեցին: Իսկ 1118 թվականի Լոռու թագավորությունը գրավեցին վրացիները:

Ամենայն հավանականությամբ, Կայան բերդի հետ մեկտեղ այս ամրոցները 13-րդ դարում վերանորոգել է Հաղբատավանքի Հովհաննես եպիսկոպոսը՝ Զաքարեի և Իվանեի քրոջորդին:

Քանի որ, Հաղբատավանքում հաճախ անվտանգ չէ եղել գործելը, Զառնիէրն ու Պառնիէրը հաճախ իրենց ամրակուռ պարիսպների ներսում ապաստանել են հայոց գիտական մտքի պահապաններին: Այստեղ գործել են Հովհաննես Իմաստասերը, պատմիչներ Սամուել Անեցին, Երեմիա Անձրևիկը, իրավագետ Դավիթ Ալավկաորդին, Դավիթ Քոբայրեցին, Վարդանը, Իգնատիոսը: Այստեղ է նաև գործել քերական, բանաստեղծ, Հովհաննես Երզնկացին:

Զառնիէրի դեմը հաստ պարիսպ է: Այստեղ  Կաթկթան անունով աղբյուր կա, որ պաշարյալներին թարմ ջրով է ապահովել:

Քարանձավի մակերեսը կազմում է 605 քառակուսի մետր: Համաձայն Գրիգորիս քահանա Երզնկյանցի՝ Այստեղ է գտնվել Հաղբատի մատենադարանի մի ստվար մասը: Սակայն, առավել հավանական է՝ գրքրը գտնված լինեին Պարնիէրում, քանզի Զարնիէրը խոնավ է Կաթկթան աղբյուրի պատճառով:

Զառնիէրի պարիսպը ձգվում է հյուսիս-հարավ ուղղությամբ,  ունի երեք հիմնական մաս: Կենտրոնական մասում գտնվում է գլխավոր հատվածը: Քարանձավի լայնությունն այստեղ 12 մետր է: Ներսում ջրավազանների և կենցաղային շինությունների հետքեր են եղել: Ձախ հատվածը հավանաբար ծառայել է անասունների համար: Այս հատվածում լայնությունը կազմում է շուրջ 30 մետր:

Ըստ երևույթին՝ Պարնիէրն էլ կառուցվել է Զարեհ իշխանի կողմից և դա պաշտպանական մեկ ամրակուռ կառույցի միասնական մասերն են: Պառնիէրը Զառնիէրի միջնաբերդն է հանդիսանում:

Պարնիէրը ներսից քառահարկ է: Առտաջին հարկը 15 մետր պարսպով բաժանված է 2 մասի: Առաջին մասն ունի 12 մ երկարություն, 10 մ լայնություն, 3 մետր բարձրություն: Երկրորդ մասն ունի 5 մ երկարություն և 3.5 մ լայնություն:

Երկրորդ հարկն ունի մոտ 6 քառակուսի մետր տարածք:

Առավել դժվարամատույց են երրորդ և չորրորդ հարկերը:

Քանի, որ Զառնիէրը նաև գրչության կենտրոն է եղել, ամենայն հավանականությամբ, այստեղ է գրվել նաև հռչակավոր Հաղբատի Ավետարանը:

Հաղբատի Ավետարանը Հաղբատում ընդօրինակել են երկու գրիչներ: Առաջինն անանուն է, երկրորդի անունը Հակոբ է: Ապա Ավետարանը տարվել է Անի և այնտեղ նկարիչ Մարգարեն գունազարդել է այն:

Ապա ձեռագիրը տարվել է Հոռոմոսի վանք, ուր վանատեր Աբրահամը կազմել է այն ու հանձնել պատվիրատուին՝ Սահակ կրոնավորին: Վերջինս 1211 թվականին այն նվիրում է Արջո Առիճի եկեղեցուն:

1233 թվականին ոմն արցախցի Սարգիս այն գնում է և նվիրում խաչենի առաջնորդներին:

Ձեռագիրը գտնվել է Արցախի Գետաշեն գյուղում, որտեղից էլ 1920-ական թվականներին տեղափոխվել է Երևան: Այժմ գտնվում է Մատենադարանում:

Ավետարանը հանրահայտ է Մարգարեի արած նկարներով: Այստեղ կան կենցաղային տեսարաններ, աշխարհիկ կյանքի պատկերներ, ինչը կարևոր է ժամանակի սոցիալական հարաբերությունները հասկանալու համար:

Հատկապես առանձնակի հետաքրքիր է ձուկ բերող Շերանիկի պատկերը…

Քանի, որ այստեղ գտնվել են 10-15-րդ դարերի ձեռագրերի պատառիկներ, նշանակում է, այստեղ մշտապես եղել է Հաղբատի գրապահոցներից մեկը:

 

Վահէ Լոռենց

 

 

 

 

 

 

 

Facebooktwittergoogle_pluslinkedin