ԵՐՎԱՆԴ Դ ՎԵՐՋԻՆ

Երվանդունիների արքայատոհմը հայոց զորեղ արքայատոհմերից մեկն է եղել։ Երվանդունիները Մեծ Հայքում, Ծոփք-Կոմմագենեում և Փոքր Հայքում թագավորել են մթա Է-Գ դարերում։

Մեծ Հայքում արքայատոհմի վերջին գահակալը Երվանդ Դ էր, որ թագավորեց մթա 220-200 թվականներին։ Ինչպես մյուս երվանդներին, հույն պատմիչները Երվանդ Դ նույնպես Օրոնտես են կոչում։

Երվանդ Դ մայրաքաղաքը Այրարատի Արմավիրն է եղել, որը ժամանակի աշխարհի ամենամեծ ու գեղեցիկ քաղաքներից էր։ Արմավիրը ոչ միայն երկրի մայրաքաղաքն էր ու հոգևոր կենտրոնը, այն նաև ուսումնական կենտրոն էր։ Քաղաքում երկրի վերնախավի համար (քանզի հելլենական մշակույթի կրողներ էին) հունական դպրոց է գործել։ Հնագիտական պեղումների ժամանակ գտնված կոթողի վրա փորագրված էր Եվրիպիդեսի երկերի քաղվածքից մի ժողովածու։ Ըստ ամենայնի՝ քաղաքում նաև թատրոն է գործել։ Մայրաքաղաքի մոտ էին Սոսյաց անտառները, ուր տեղակայված էին հայոց դպրության աստված Տիրի տաճարներն ու ուսումնական կենտրոնները։

Երվանդի օրոք հայոց քրմապետն էր նրա Երվազ եղբայրը, ով արքայի կողքին էր թե՛ մարտադաշտում, թե՛ պետական կարևորագույն խնդիրների լուծման ժամանակ։

Երվանդ Դ շինարար թագավոր էր։ Նա Արաքս և Ախուրյան գետերի միախառնման վայրում կառուցել է Երվանդաշատ մայրաքաղաքը, պատել է բարձր պարիսպներով։ Իսկ նրանից ոչ հեռու, Ախուրյանի ափին՝ Երվանդակերտ դաստակերտն ու Երվանդավան քաղաքը։

Պատմահայր Մովսես Խորենացին այսպես է նկարագրում Երվանդի շինարարական գործունեությունը. «Ինձ համար քաղցր է պատմել նաև գեղեցիկ Երվանդակերտ դաստակերտի մասին, որ նույն Երվանդը շինեց գեղեցիկ և չքնաղ հորինվածքով: Որովհետև մեծ հովտի միջին մասը լցնում է բնակչությամբ և պայծառ շինություններով, լուսավոր ինչպես աչքի բիբը, իսկ բնակության շուրջը կազմում է ծաղկանոցներ և բուրաստաններ, ինչպես բբի շուրջը աչքի մյուս բոլորակը: Իսկ այգիների բազմությունը նմանվում է խիստ արտևանուքի գեղեցիւկ գծին, որի հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես համեմատվում էր գեղեցիկ կույսերի հոնքերին: Իսկ հարավային կողմից հարթ դաշտերը հիշեցնում են ծնոտների գեղեցիկ ողորկությունը: Իսկ գետն իր երկու ափերի բարձրություններով պատկերում էր մի բերան, իր երկու շրթունքներով: Եվ այս գեղեցիկ դիրքը կարծես անթարթ հայացքն ուղղել է թագավորանիստ բարձրավանդակի վրա: Արդարև՝ բերրի և թագավորական դաստակերտ..»:

Երվանդ Դ կառույցների պսակն ինչ խոսք, Բագարան պաշտամունքային վայրի կառուցումն էր Արմավիրից ոչ հեռու։ Բագարանն ի սկզբանե քրմական քաղաք է եղել․ քաղաքի անվանումն էլ վկայում է՝ Աստվածների կացարան։ Հետագայում Բագարանը մեծացավ, բարգավաճեց ու միջնադարում կարճ ժամանակով դարձավ Բագրատունիների մայրաքաղաքը։

Երվանդը չէր ուզում հայոց աստվածների արձանները Արմավիրից Բագարան տեղափոխել, վախենալով, թե ժողովուրդը պաշտամունքի նկատառամուներով կտեղափոխվի նոր քաղաք, կհավաքվի այնտեղ։ Հայոց արքան վախենում էր սեփական ժողովրդից, դավերից, և ուներ դրա համար լուրջ պատճառներ․․․

Մյուս կողմից, Արմավիր մայրաքաղաքում հայտնաբերված մի արձանագրություն վկայում է, որ հայոց քրմապետն ու ժողովուրդը բարեմաղթություններ էին կատարում՝ արքային արտահայտելով իրենց նվիրվածությունը։

Ի՞նչն էր արքայի վախի պատճառը։

Հայ ժողովրդական վիպերգությունը վկայում է, թե իբր, Երվանդ Դ կոտորել է տալիս Սանատրուկի ողջ ընտանիքը և փրկվում է միայն նրա մանկահասակ որդին՝ Արտաշեսը, որին Սմբատ Բագրատունին փախցնում է Պարթևստան։ Որի համար, հետագայում Արտաշեսը վրեժխնդիր եղավ։ Սակայն այս ամենը հաստատված չեն պատմական փաստերով։ Ավելին, մինչ օրս կասկածի տեղիք է տալիս անգամ Արտաշեսի ազգակցական կապը Երվանդունիների հետ։ Միգուցե, գահը զավթած Արտաշեսն է հետագայում շրջանառել այդ տեսությունը, որը մեզ է հասել քերթողահայր Խորենացու միջոցով։

Ամեն դեպքում, հայոց վիպերգությունը չար ու մռայլ գույներով է ներկայացնում Երվանդունի արքային։ Անգամ նշվում է, որ հայոց արքան չար աչք ու զորեղ բացասական էներգիա ուներ։ Երբ նա արթնանում էր, ամեն առավոտ ծառաները յոթ մեծ որձաքարեր էին պահում նրա աչքի առաջ, որ արքան իր հայացքով փշրում էր այդ որձաքարերը, այդպիսով վատնում իր չար էներգիան, որպեսզի կարողանա հաղորդակցվել պալատականների, այլ մարդկանց հետ։

Երվանդի թագավորության շրջանում Առաջավոր Ասիայում ուժերի դասավորությունը հետևյալն էր։ Դեռևս Հռոմի չէր մտել Ասիա։ Իսկ Ասիայում հզորագույնը Սելևկյան աշխարհակալությունն էր, որ իր հզորության գագաթնակետին էր։ Նրանից հետո Արևելքում իր դիրքով ու հզորությամբ հենց Մեծ Հայքի թագավորությունն էր, որին բնականաբար, պետք է փորձեին ընկճել Սելևկյանները՝ Առաջավոր Ասիայում իրենց դիրքն անսասան դարձնելու համար։

Սելևկյան Անտիոքոս Գ արքան կարողացավ Մեծ Հայքի գերիշխանության տակից դուրս բերել Ծոփքը, Կոմմագենեն, Փոքր Հայքը։

Նա նաև կարողացավ խարդավանքով սպանել Ծոփքի Քսերքսես Երվանդունի արքային ու Ծոփքն առնել Սելևկյան պետության ենթակայության տակ։ Անտիոքոսը նախ հարձակվեց Ծոփքի վրա, ապա Քսերքսես Երվանդունին հպատակություն հայտնեց Անտիոքոսին՝ նրան վճարելով 300 տաղանդ, 1000 ձի և նույնքան էլ ջորիներ՝ իրենց լծասարքերով։ Անտիոքոսը ճանաչեց Քսերքսեսի իշխանությունն ու նրան կնության տվեց իր Անտիոքիս քրոջը։ Հենց Անտիոքիս թագուհին կազմակերպեց արքայի սպանությունը, որից հետո Ծոփքը դարձավ սելևկյան նահանգ, ուր կառավարիչ նշանակվեց Զարեհը։

Իսկ Երվանդը չկարողացավ միջամտել Ծոփքի գործերին, քանզի նույն ժամանակահատվածում Անտիոքոսի դրդումով Մեծ Հայքի վրա հարձակվեցին վաչկատուն ցերերն ու վրացիները  և հայոց արքան զբաղված էր Մեծ Հայքը նրանցից մաքրելով։ Երվանդը ջախջախեց վաչկատուներին և վրացիներին, Վրաստանի սահմանին կից Ծումբա գավառում կառուցեց Քաջատուն ամրոցը, որ պետք է հսկեր հայ-վրացական սահմանը։

Մեծ Հայքում իր դիրքերն ամրացնելու համար Անտիոքոսը Երվանդի արքունիք ուղարկեց դեսպան Նումենիոսին, սակայն վերջինս անկարող եղավ կատարել իր առաքելությունը։ Երվանդ Դ անկախ ու ինքնիշխան քաղաքականություն էր վարում։ Այնժամ, Անտիոսքսը Երվանդի դեմ է հանում նրանից դժգոհ հայ իշխաններից Արտաշեսին։ Նա, ըստ ամենայնի՝ Հայոց Ատրպատականի կողմի հայ իշխաններից մեկն էր և որևէ ուղղակի ազգակցական կապ Երվանդունիների հետ չուներ։ Այլապես, սելևկյանների հետ գահազուրկ անելով Երվանդին՝ Արտաշեսն ուղղակի կփոխարիներ նրան հայոց գահին։ Մինչդեռ, նա կարգվեց սոսկ Մեծ Հայքի ստրատեգոս։ Եվ միայն մթա 189 թվականին ապստամբելով Սելևկյանների դեմ՝ նա ինքն իրեն հռչակեց Երվանդունի, որպեսզի ապահովի օրինական ու իրավական ժառանգականությունը հայոց գահին։

Արտաշեսը սելևկյան օգնական զորքով Ատրպատականից շարժվում է Այրարատ աշխարհ։ Նա Ուտիքի վրայով, Սևանի հյուսիս-արևելյան ափով իջավ դեպի Երվանդակերտ։ Երվանդակերտի մոտ հայոց արքան պարտվեց ու փախուստի դիմեց։ Արտաշեսի զորավար Սմբատ Բագրատունին պաշարում է Երվանդաշատ դաստակերտը։ Առհասարակ, Բագրատունիների ու Երվանդունիների միջև սուր հակամարտություն կար։ Խորենացին գրում է, որ հայոց Երվանդ Դ արքան թագավորեց, գահ բարձրացավ և բոլոր հայ իշխանները ներկա էին, բացառությամբ Բագրատունիների։ Բանն այն է, որ Երվանդը Բագրատունյաց Սպերը Փոքր Հայքից անջատել ու միացրել էր Մեծ Հայքի թագավորությանը, ինչը կարող էր առիթ դառնալ Բագրատունիների դժգոհության։ Նաև, Քերթողահայրը նշում է, որ Երվանդը գերել էր իր դեմ ապստամբած Սմբատ Բագրատունու դուստրերին և պահում էր Անի ամրոցում։

Գրավելով Երվանդակերտը՝ Երվանդաշատ է շտապում նաև Արտաշեսն ինքը։ Արքայական գունդը տեղի է տալիս։

Ապստամբները ներխուժում են քաղաք ու մերձամարտի ժամանակ Արտաշեսի զինվորներից մեկը վաղրով հարվածելով արքայի գլխին՝ սպանում է հայոց Երվանդունի վերջին արքային՝ Երվանդ Դ։ Վրաց պատմագրությունը հավաստում է, որ Երվանդին սպանել է անձամբ Սմբատ Բագրատունին։

Ապա Արտաշեսն առաջանալով, գրավում է նաև Բագարանն ու այնտեղ սպանում է արքայի եղբորը՝ քրմապետ Երվազին։

Արտաշեսը հրամայում է, որ Երվանդ արքային արքայավայել թաղեն և մահարձան կանգնեցնեն։

Այսպիսով Մեծ Հայքում ավարտվում է Երվանդունիների դարաշրջանը։ Իսկ հայոց արքային և պետականությանը դավաճանած Արտաշեսն ինքը 10 տարի անց ապստամբելով սելևկյանների դեմ՝ հռչակեց Մեծ Հայքի անկախությունն ու հիմք դրեց Արտաշեսյան զորեղ արքայական դինաստիային։

 

Վահէ Լոռենց

 

Facebooktwittergoogle_pluslinkedin