Երբ քրիստոնյա էի…

Ես քրիստոնյա էի: Եվ իրավ, ճշմարի՛տ քրիստոնյա: Ես ապրում էի քրիստոնյային վայել կյանքով, Բիբլիայում գրված կանոններով: Օրեկան մի քանի անգամ ծնկաչոք աղոթում էի: Եթե այլոք պաս պահում էին միայն պահուց օրերին, շուրջ երեք տարի շարունակաբար պաս եմ պահել, ծոմապահությամբ փորձել քավել ադամական մեղքս…

Ես ճշմարիտ քրիստոնյա էի…

Ամեն օր, օրական մի քանի ժամ Բիբլիա էի ընթերցում: Ինձ համար աշխարհն ամփոփվել էր այդ գրքի մեջ, Հիսուսի վարդապետության մեջ…

Բայց… միաժամանակ հոգումս շարունակ կռիվ էր՝ բանականության ու հավատի միջև…

Ես շարունակ փորձում էի խլացնել մտքիս ձայնը, լռեցնել բանականությունս:

Ես ապրում էի քրիստոնյային վայել կյանքով… իմ մեջ սպանելով մարմնական սերը, ամեն մի սեր, որ կարող էր ինձ կապել այս աշխարհին… չէ՞ որ գրված է՝ Այն, ինչ սեր է երկրի վրա՝ թշնամի է աստծուն…

Ես ջանում էի մարմնական պահանջներս զսպել… երազում էի հոգևորական դառնալ:

Բայց, բնությունն իրենն անում էր:

Հա՛, ես իրավ, անինքնասեր էի նաև…երբ ապտակում էին կամ հայհոյում՝ չէի պատասխանում, մտածելով, որ քրիստոնյան հեզ պիտի լինի… չէ՞ որ գրված էր՝ Չարը մի խափանիր…

Բայց, եկավ պահ, երբ բարեբախտաբար, բանականությունս սկսեց հաղթել…

Ես աստիճանաբար հասկացա, որ արտաքուստ այդ հեզությունը սոսկ վախերս քողարկելու միջոց են: Ես բախվեցի իրականության հետ, տեսնելով, աշխարհում համատարած անարդարություն, որ էլի նույն աստծուց էր գալիս… գրված էր՝ Չարը մի խափանիր, այն էլ աստծուց է…

Ես հասկացա, որ մեկ է՝ բնությունը հաղթում է ինձ…

Առհասարակ, օրենքները չեն լինում արդար և անարդար: Նրանք լինում են բնական և անբնական: Իսկ այն օրենքը, որով ապրում էի՝ անբնական օրենքն էր… իրականում՝ անաստված օրենք, որ աստծու անվամբ էր ինձ մատուցված…

Երկրային, մարմնական սերերից զերծ մնալը, լիարժեք կյանքը չվայելելն իմ մեջ նախանձ ու ատելություն էին առաջացնում լիարժեք ապրող բանական մարդկանց նկատմամբ:

Իմ մեջ աստիճանաբար ձևավորվում էր տականքը… քանզի ես իմ թուլությունները քողարկում էի հավատով, սիրով առ Հիսուս, բայց մեղանչում, ինքս իմ դեմ կռիվ տալիս, բայց իմ տեսակի առաջ չքմեղանում… Ես սուրբ եմ…

Ապա եկավ պահ, որ հասկացա… իմ հավատն ընդամենը… վախ էր: Ես չէի սիրում աստծուս, բայց, սարսափում էի նրանից, անասնական սարսափ էր… ու հասկացա, որ այդ գաղափարախոսության, վարդապետության մեջ կենտրոնական տեղում Վախն է…

Հիմա էլ, քանի՜ քանի՜ քրիստոնյա ազգականներ, ընկերներ ունեմ…. Նրանք բոլորը սարսափում են աստծուց, ոչ ոք չի սիրում նրան, քանզի այդ աստված վախի միջոցով միայն իշխում է նրանց վրա:

Ես հասկացա, որ եթե Բիբլիայից կտրենք, դեն նետենք Հայտնության գլուխը, ուր ահեղ դատաստանն է նկարագրում, այդ գիրքը անպետք մի հնոտիք կդառնա, հեքիաթների ժողովածու և կկորցնի իր մոգական ազդեցության ուժը:

Հասկացա, ու քանզի անկարող էի Բիբլիան խմբագրել՝ սկսեցի պայքարել իմ վախի դեմ; Պայքարեցի ու հաղթեցի:

Ապա նաև գիտակցությանս խաղն ինձ հուշեց որ այդ գրքում ոչ միայն իմ մասին ոչինչ գրված չէ, այլ բազում ու բազում վիրավորական արտահայտություններ կան՝ ուղղված բանական մարդուն:

Մեկեն կարդացի, տասնյակ անգամներ կարդացի դարձյալ, բայց արդեն քննադատաբար, խուզարկուի աչքերով, որոնողի հայացքով ու… հիմա ծիծաղում եմ: Ծիծաղում եմ, թե ինչպիսին եմ եղել ես: Ու ափսոսում եմ, շատ եմ ափսոսում, որ երիտասարդության, ավելի ճիշտ՝ պատանեկության տարիներս լի էին… այդ դատարկությամբ, կրոն կոչված մոլագարությամբ, հիվանդությամբ…

Որ կարող էի շատ ավելին սովորել, աշխատել, արարել….

Հիմա ես բնական էակ եմ ու բանական մարդ…

Facebooktwittergoogle_pluslinkedin