ԵՎՐԵՅԸ

fac39219046491a2e929d58c86406630-pstik-murackan_jpg_1345447554.jpgdefault332204

Գյուղում նրան այդպես էին կոչում, ոչ ոք չգիտեր իսկական անունը: Հայտնի էր միայն ազգանունը` Բաբախանյան: Ինքը` Եվրեյն էր հարբած ժամանակ պատմել, որ Թիֆլիսի հայ ազնվական գերդաստանից էր սերում, Բաբախանյան տոհմից: Դա նրա միակ խոսքն էր իր ծագումից, իր անցյալից, որ շատերն ուղղակի մոռացել էին, և նա բոլորի համար մնաց որպես… Եվրեյ:

Նա անտուն շրջմոլիկի կյանքով էր ապրում: Ոչ ոք չէր հիշում, թե ոնց և երբվանից  հայտնվեց Շնողում:

Մեր գյուղը, չնայած իր մեծությանը, ավանդապաշտ գյուղ է, ու բոլորը մեկմեկու ճանաչում են: Շնողը գրկաբաց ընդունեց անցյալ և անուն չունեցող այս մարդուն: Շնողցին զանազանում է բարին չարից:

Եվրեյը կարճահասակ, գանգուր, միշտ գզգզված ու չսանրած մազերով, փնթի ու կեղտոտ արտաքինով մարդ էր: Արտաքնապես ոչնչով չէր տարբերվում անտուն շրջմոլիկից: Բայց նա սովորական շրջմոլիկ չէր, որից մարդիկ խուսափում են: Եվրեյին գրեթե բոլորը սիրում ու ընդունում էին: Նրան անգամ հարգում էին:

Արտասովոր էր նաև նրա արտաքինը: Ողջ մարմինը դաջվածք էր: Ձախ կրծքին` Լենինի պատկերն էր, աջին` Ստալինի: Մեջքին՝ վերից վար պատկերված էր Կրեմլը, տակը՝ ռուսերեն գրված` ՙՉեմ մոռանա քեզ, հարազատ մայր…՚: Աջ բազկին ռուսերենով գրված էր՝ Թաթո:

Բանտի հետքերն էին….

Եվրեյն իր կյանքի վաթսուն տարիներից եռեսունհինգն անց էր կացրել տարբեր բանտերում:

Նա գող չէր, չէր գողանում ոչինչ, մարդկանց վնաս չէր պատճառում: Ընդհակառակը` ազնվագույն մարդ էր:

Սակայն իր արտասովոր կերպարանքի պատճառով, երեխաների ահ ու սարսափն էր:

Հիշում եմ, երբ փոքր էինք, ամռանը թոռներով հավաքվում էինք պապիս տանը, քեռակինս մեզ` չար ու անկարգ երեխաներիս զսպելու համար սպառնում էր.

-Խելո՜ք մնացեք, թե չէ Եվրեյին կկանչեմ:

Ապրում էր կիսախարխուլ, տանիքը փլված մի շինության մեջ: Ամառ, թե ձմեռ, նույն կեղտոտ լաթերն էին հագին, ծռմռված կոշիկները: Չէր լվացվում: Երբեմն, երբ գործով ձորն էր իջնում, լողանում էր գետում: Աչքովս եմ տեսել` հունվար ամսին մտավ Դեբեդ, լողացավ, դուրս եկավ ու չնայած իմ զարմացած ու անհանգիստ հայացքին` անվրդով դանդաղությամբ հագավ իր չլերն ու շարունակեց ճամփան:

Նա հիմնական աշխատանք չուներ: Ապրուստը հոգում էր սրա-նրա համար աշխատելով: Եվրեյին պետք չէր հրավիրել: Ասես մի կախարդանքով նա գիտեր, թե գյուղում ով ինչ ուներ անելու. մեկը փայտ էր բերել անտառից, ջարդել էր պետք, մյուսն այգին էր փորում, մեկ ուրիշի կարտոֆիլն էր ցանելու…  Եվրեյը ճիշտ ժամանակին տեղում կազմ ու պատրաստ կանգնած էր:

Որպես վարձ՝ նա ստանում էր աննշան գումար. գործատուն ժլատ չէր, ոչ էլ խաբում էր, ուղղակի ընդունված էր` Եվրեյին շատ չէին վճարում, քանզի նա ամենն օղուն էր տալիս, խմում ու… օղով հագեցած Եվրեյն անտանելի էր, նա զայրացած էր: Մռնչում էր, կատաղած հայհոյում, անհասկանալի բառեր արտասանում, ու… ձեռքը թափ տալով անհայտ մեկի հասցեին, արտասվելով կուչ գալիս մի անկյունում ու… անհետանում օրերով…

Իսկ աշխատանքի ժամին Եվրեյին հասնելն անկարելի էր: Ոչ ոք չէր կարող նրա հետ մրցել….

Քեռիս անտառից ութ մետր փայտ էր բերել, ջարդել էր պետք: Որտեղից որտեղ, հայտնվեց Եվրեյը:

-Բիձա՜, էս ի՞նչ ա, չե՞ս կարող ջարդել, հլա էդ կացինը մի դե՜սը տուր:

Նա մտերիմներին անկախ տարիքից` այդպես էր կոչում:

Գործի կպավ: Ջարդում էր ու ջարդում: Փայտի կոճղերին անխնա հարվածներ էր տեղում՝ աջից, ձախից:

Լուռ նայում էի նրա մերկ, հյուծված, բայց մկանուտ մարմնի շարժումներին: Ամեն հարվածի հետ լսվում էր փայտի խուլ հառաչանքն ու մի խուլ տնքոց, որ Եվրեյի կրծքից էր դուրս գալիս…

-Բիձա՜ պարապ մի՜ կանգնիր, դու դոպինգը տեղը պահիր:

Եվրեյի դոպինգը պապիս քաշած թթի վաթսուն տոկոսանոց արաղն էր ու չեֆիրը:

Բայց մինչ տեղից կշարժվեի` տատս կողքս կանգնած էր:

-Ա՜յ որդի, ալարեցի՞ր,  դու ջարդես, խեղճ Եվրեյին որտեղի՞ց գտար…

-Սանե՜թ ձալո, հանգի՜ստ կաց, ես էսա, երկու ժամում սաղ կանեմ: – Տատիս ականջի տակ գոռաց Եվրեյը:

Տատս ծանր էր լսում: Նա բարեհոգի ժպտաց, գնաց խոհանոց: Հինգ րոպե անց սկուտեղի վրա բերեց, ու մի մեծ կոճղի վրա դրեց Եվրեյի դոպինգը: Հիսունականների արտադրության մի կոշտ գրաֆինի մեջ օղի, փռի հաց, պանիր, թթու… ու եռացրած ջուր՝ թեյով:

Ով ճանաչում էր Եվրեյին, ինքը չեֆիր չէր սարքում: Եվրեյն իրեն էր վերապահել այդ գործը: Նա դա անում էր դանդաղորեն, առանձին բավականությամբ: Շատ թունդ թրմեցնում էր թեյն ու առանց շաքարի կում-կում խմում: Չեֆիրը խմում էր օղուց հետո:

Տատս շատ էր սիրում Եվրեյին: Նա բարեհոգի կին էր ու ամեն առիթով Եվրեյին հաց, ուտելիք, հնամաշ հագուստ էր տալիս: Եվրեյը հոժարակամ ու սիրով էր ընդունում այդ ընծան ու չնայած, որ տատիս ու Եվրեյի միջև տարիքային տարբերությունը շատ չէր` նրան ձալո էր կոչում:

-Սանեթ ձալո, վեջդ չգցես, որ գործ-մործ լինի, ձեն հանի, կողքիդ եմ:

Տատս իհարկե, ձեն չէր հանում երբևէ:

Մի անգամ, խեղճ կինը թոշակն ստացել էր, մտել խանութ մանր առևտուր արել ու եկել տուն` դրամապանակը չկար…

Սովի ու ցրտի տարիներն էին: Խեղճը նեղսրտած նստած լացում էր, երբ տուն է մտնում Եվրեյը, ուրախ-ուրախ գրպանից հանում դրամապանակն ու մեկնում տատիս.

-Սանե՜թ ձալո, իմացա փող ես կորցրել: Ժամի դռանը, ճամփի տակ ընկած էր, ա՜ռ….

Նա ազնվագույն մարդ էր: Թեպետ չունևոր` երբեք աչք չէր տնկի այլոց ունեցվածքին…

Եվրեյը գործն արագ ավարտեց. նա ջարդում էր փայտը, ես` դարսում թարեքի տակ: Գործի ավարտին, սրբիչով սրբեց ճակատի քրտինքը, աչքով արեց.

-Բիձա՜, Սանեթ ձալոյի լավ արաղից մի շիշ վերցրու, գնանք իրար հետ խմենք:

Մերժել չէի կարող: Բայց մինչ կգնայի` տատս ինքը մի պայուսակի մեջ ուտելիք բերեց, Եվրեյին հանձնեց: Իմ խնդրանքներին տատս մի կերպ տեղի տվեց ու մի շիշ էլ արաղ դրեց պայուսակում: Ուզում էի Եվրեյին հրաժեշտ տալ, բայց նա թախանձագին նայելով, ասաց.

-Բիձա՜, արի՜ գնանք իրար հետ մի բաժակ խմենք: Քեզ շատ եմ հարգում, արի գնանք…

Գնացինք Պոզը: Պոզը Շնողնա Մեծ քարի գլխին եռանկյունաձև մի դարավանդ է` պատմական Կայծուն բերդը: Այնտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում Դեբեդի հովիտն՝ իր ողջ գրավչությամբ:

Նստեցինք Պոզի ծայրամասում գտնվող զույգ ակացիաների տակ: Եվրեյը սակավապետ էր, բայց շատ էր խմում: Երկու բաժակ խմեց, մի վարունգ կծեց, թինկը տվեց կողքիս` խոտերին ու հոգոց հանեց:

-Եվրե՜յ, դու որտեղի՞ց ես, անունդ ի՞նչ է…

Անունը չասաց: Թարս նայեց, հոգոց հանեց ու պատմեց հակիրճ…

Թիֆլիսում հայ հինավուրց ազնվական գերդաստանում է ծնվել Եվրեյը: Ծնողներին բռնադատել են ստալինյան ժամանակներում ու գնդակահարել: Հորը` դասավանդող պրոֆեսորին, ձերբակալել են մատնությամբ: Մատնիչը իր գործընկերներից էր` ազգությամբ հրեա: Եվ մանկուց Եվրեյի մոտ հակակրանք էր առաջացել այդ ազգի նկատմամբ:

-Բա քեզ ինչի՞ են Եվրեյ կոչում…

Եվրեյը դպրոցն ավարտել է գերազանցությամբ, ինստիտուտ ընդունվել: Այնտեղ հանդիպում և ծանոթանում է իր սիրուն` Թաթոյին: Թվում է` աղջիկն անտարբեր չէր նրա նկատմամբ: Բայց մի օր սիրած աղջիկը փախչում է՝ իր հորը մատնած պրոֆեսորի տղայի հետ: Եվրեյը երդվում է վրեժ լուծել. սպանել թե՜ աղջկան, թե՜ պրոֆեսորին, թե՜ որդուն: Ուխտը մինչև վերջ ի կատար ածել չի ստացվում: Կացնահարում է պրոֆեսորին ու իր որդուն հենց իրենց բնակարանում, ձեռք բարձրացնել սիրելիի վրա՝ չի կարողանում…

Մեկ շաբաթ անց, մեքենայով Ախթալայից Շնող էի գնում: Պտիտ գոլի գլխին մարդիկ էին հավաքված, մեքենաներ էին անկանոն կանգնել: Ես էլ արգելակեցի, իջա մեքենայից: Վրաերթ էր: Մեքենայով հարվածել էին անցորդին ու փախուստի դիմել: Դիակն ընկած էր ճանապարհի եզրին՝ սավանով ծածկած: Մոտեցա, բարձրացրի սավանը: Եվրեյն էր… Նույն Եվրեյը՝ գզգզված մազերով, աչքերը կիսաբաց, բայց խամրած, բերանի անկյունում լերդացած արյուն…

07.06.2014

 

Facebooktwittergoogle_pluslinkedin