Ես գիշերվա տերն եմ…

Գիշեր է: Ձորը մթության մեջ է: Իսկ երկնքում կայծկլտում են աստղերը: Գիշերը սիրում եմ մթության, խաղաղության համար: Գիշերը մի տեսակ խորհրդավորություն է հաղորդում ամեն ինչի: Մութը, խորհրդավոր մութը պատել է չորսը: Մարդիկ քաշվել են տները: Փողոցներն ամայի են: Հիմա շատ կուզեի գետի ափին լինել, լսել նրա ալիքների հանդարտ խաղը: Գիշերն ամեն բան խորհրդավոր է: Անգամ այն աննշան երևույթները, որոնց սովորաբար նշանակություն չես տալիս, գիշերը մի հատուկ խորհրդավորության շղարշ է հագնում: Սիրում եմ գիշերային ձայները: Դրանք նյարդեր են հանգստացնում:
Սիրում եմ գիշերային խարույկը: Չգիտեմ ինչու` դա նմանեցնում եմ մարդու կյանքին:
Մեծագույն հաճույք է խարույկի կրակը փայտով խառնելը, երբ կայծերը ճայթյունով վեր են բարձրանում ու լուսավորելով` խառնվում են գիշերվա մութին:
Սիրում եմ, երբ այրվող կրակին նոր փայտ եմ գցում: Այն սկզբից թշշում է, ապա բոցավառվում: Սիրում եմ հատկապես, երբ չոր փայտ եմ գցում դեռևս շնչող մոխրի վրա: Կրակը վերակենդանանում է:
Գիշերը հանգստացնում է մարդու նյարդերը: Ցերեկը, նոր բացվող օրը նոր տհաճություններ ու նոր հոգսեր է բերում իր հետ, իսկ գիշերը… ես գիշերվա տերն եմ:
Ափսոսում եմ, որ կենսական անհրաժեշտություն է քնելը:
Հատվածներ հին Հուշատետրիցhushatetr

Facebooktwittergoogle_pluslinkedin