Եռաբլուրում շիրիմներ կան, որ այցելու չունեն

Այսօր Եռաբլուրում էի… կեսօրից հետո՝ ժամը 14-ին: Այնտեղ գրեթե լռություն էր, ինչպես ամեն օր՝ խաղաղություն… Չկար զինվորական նվագախումբ, գրեթե չկային այցելուներ… ցավոք, չկային հերթ կանգնած դպրոցականներ, ուսանողներ…
Միայն երկու տասնյակի չափ զինվորականներ, ովքեր տոնական համազգեստով այցի էին եկել մարտական ընկերների շիրիմներին, մի քանի հնամաշ ու ներկա քաղաքական գործիչներ, սեփական լրագրողներով, ովքեր իրենց ամեն շարժն անմահացնում էին իրենց լուսանկարչական ապարատներով, և… զոհված հերոսների զավակներ ու ազգականներ…
Ցավոք… եղեռնի օրը շարքով ու հերթող գնում ենք Ծիծեռնակաբերդ, տասնյակ, հարյուր հազարավոր հայեր հերթ են կանգնում Ծիծեռնակաբերդի խճուղում, իսկ Եռաբլուրում մարդաշատ է միայն այնժամ, երբ պաշտոնյաներն են այնտեղ այցելում…
Ցավոք… երեկ երբ Սուրբ Սարգսի տոնն էր՝ փողոցները մարդաշատ էին, տոնական, իսկ այսօր…
Ցավոք, վստահ եմ, փետրվարի 23-ին շնորհավորանքներն ավելի շատ են լինելու, քան այսօր էին, ցավոք… Եռաբլուրում կան շիրիմներ, որ արդեն այցելու չունեն, ծաղիկ դնող չունեն, խոնարհվող չունեն…
Դե, սա պատարագ չէ, կրոնական տոն չէ, հայոց բանակի տոնը Պատվի, Արժանապատվության, Հաղթանակի տոն է… հայի ինչի՞ն է պետք նման տոնը…
Ցավոք… մեր ինչի՞ն է պետք… մեզ երևի բավական է Եղեռնի զոհերի հուշարձանն ու մի երկու եկեղեցական պատարագ, տոն… նման տոները երևի մեզ պետք չեն…
Ցավոք…
Եռաբլուրում չտեսա մանուկների (բացառությամբ, երբ ընտանիքով այցելել էին զոհվածների շիրիմներին), չտեսա դպրոցականների… բայց երեկ նրանց շատ տեսա եկեղեցիներում…
Ցավոք, այսօր հեռուստաեթերը չտարբերվեց նախորդներից… էլի նույն տափակ սերիալները, խոհանոցային հաղորդումները… ոչ մի ոգեղեն բան…
Ցավոք…
Երևի էս հաղթանակը մեզ հալալ չէ, երևի այս հաղթանակն ու պետականությունը միայն Եռաբլուրում պառկած հերոսներինն ու նրանց դեռևս ողջ, բանտերում գտնվող, կամ վիրավոր ու կիսասովյալ, թշվառության մեջ ապրող հերոսներնն է…
Իսկ մենք, մենք եկեք չմոռանանք, գոնե ամեն անգամ արդեն հարբած, ուղեղներս ու բանականություններս անջատած, բոլոր հնարավոր ու անհնարին կենացները մոգոնած ու խմած, խմենք նաև հայոց բանակի կենացը, Զինվորի կենացը…
Մենք է՛ս ենք, երևի թե, մեզ սա էլ շատ է…
Մենք գիտենք օտարին խնկարել, բայց սեփականը չգնահատել…
Մենք ազգ չե՛նք, մենք Հո՛տ ենք…
Facebooktwitterlinkedin