ԵՂԻԱ Ա ԱՐՃԻՇԵՑԻ

Եղիա Արճիշեցի կաթողիկոսը ծնվել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառի Արճեշ քաղաքում։ Ծննդյան թվականն անհայտ է։

Շատ բան հայտնի չէ նրա պատանեկությունից։ Մինչև կաթողիկոս ընտրվելը Եղիա Արճիշեցին Բզնունյաց եպիսկոպոսն էր։ Սահակ Բ Ձորափորցի կաթողիկոսի մահից հետո, նա 703 թվականին ընտրվեց հայոց կաթողիկոս։ Եղիան մինչ կաթողիկոս ընտրվելն աչքի էր ընկնում իր հակաքաղկեդոնական կեցվածքով և կողմնակիցն էր արաբների հետ համագործակցության, այդ պատճառով էլ նրա թեկնածությունը պաշտպանեց Դվինում նստող Արմինիայի ոստիկանը։

Եղիայի աթոռակալման շրջանում սկսվեց Սմբատ Բագրատունու հակաարաբական ապստամբությունը։ Հայոց կաթողիկոսը բնականաբար, չաջակցեց հանուն հայրենիքի ազատության մարտնչող հայորդիներին։ Նա իր կաթողիկոսական գահի համար պարտական էր արաբներին։

Երբ Սմբատ Բագրատունին Վարդանակերտի մատույցներում 703 թվականին ջարդեց արաբական զորքը, արաբների մնացորդներն ապաստան գտան մի ամրոցում, որի տերը իշխանուհի Շուշան Կամսարականն էր։ Նրա ամուսինը ժամանակին սպանվել էր արաբների կողմից։ Սմբատ Բագրատունին պահանջեց, որ Շուշան տիկինը բացի ամրոցի դարպասները՝ արաբների զորքի մնացորդներին կոտորելու համար։ Սակայն Կամսարական իշխանուհին հրաժարվեց՝ փրկելով արաբներին։

Երկու տարի անց արաբները ոչ միայն Շուշանի զավակներին էլ այրեցին Խրամի եկեղեցիներում, այլև նույն Շուշան տիկնոջը գերևարեցին․ շղթայակապ տարան Խառան քաղաք և պահանջեցին, որ վերջինս իսլամ ընդունի։ Կամսարական իշխանուհին հրաժարվեց ընդունել իսլամ և նահատակվեց։

Շուշանի եղբայրը՝ Գագիկ Կամսարական իշխանը Վարդանակերտում նրա պատվին եկեղեցի կառուցեց, որն օծեց անձամբ Եղիա կաթողիկոսը։

Սմբատ Բագրատունին մի քանի հաղթանակներ տարավ արաբների դեմ, սակայն Վանանդի Դրաշպետ գյուղի մոտ պարտվեց։ Նա փախուստի դիմեց Հայաստանից և հաստատվեց Բյուզանդական կայսրության կազմում գտնվող Եգերաց աշխարհի Փոյթ (Փոթի) քաղաքում։

Արաբների վրեժը դաժան էր։ 705 թվականին արաբները խաբեությամբ Նախճավան հրավիրեցին հայոց իշխանազուններին ու մոտ 1200 հոգու վառեցին Խրամի ու Նախճավանի եկեղեցիներում՝ ոչնչացնելով հայ ազնվականության ծաղիկը։ Դա Կրակի տարին էր;

Հայոց կաթողիկոսը դարձյալ լուռ էր և որևէ կերպ չարտահայտեց իր ընդդիմությունը կատարված նախճրին։

Հետագայում, Սմբատ Բագրատունին ապերախտ գտնվելով հյուրընկալ բյուզանդացիների նկատմամբ, 711 թվականին Զատիկին ավերեց ու ավարառեց Փոյթը, կողոպտեց վանքերի հարստությունն ու վերադարձավ Հայաստան՝ ծառայության անցնելով արաբների մոտ։ Ամենայն հավանականությամբ, նրա համար միջնորդեց Եղիա Արճիշեցին։

Իսկ բյուզանդացիները նզովքի գիր գրեցին հայերի ապիրատության մասին ու կարգադրեցին ամեն տարի Զատիկին ընթերցել այդ։

Կաթողիկոս ընտրվելով՝ Եղիա Արճիշեցին վերանորոգեց Դվինի հայրապետանոցը, մայրաքաղաքի եկեղեցիները։ Նա խնդրեց Արմինիայի ոստիկան Աբդ ալ-Ազիզին, որ վերջինս վերակառուցի Դվինի Մայր եկեղեցին ու կաթողիկոսական պալատը, վերջինս ընդառաջեց: Օմմայանները հովանավորում էին միաբնակներին և նրանց միջոցով փարձում Արևելքում իրականացնել իրենց իշխանությունն ու ազդեցությունը:

713 թվականին, Բյուզանդիայի հայազգի կայսր Փիլիպպիկոս Վարդանը պատերազմ հայտարարելով արաբներին, պատգամավորություն է ուղարկում Հայաստան, դաշինք առաջարկելով Սմբատ Բագրատունուն և Եղիա Արճիշեցի կաթողիկոսին: Հաղթանակի դեպքում Հայաստանը պետք է վերագտներ իր անկախ պետականությունը: Կաթողիկոսը որ միայն չի օրհնում հայ-բյուզանդական միությունը, այլև վիրավորում է կայսերն ու հետ ուղարկում նրա պատվիրակին:

Աղվանից իշխանուհի Ասպրամն ու Աղվանքի Ներսես Բակուր կաթողիկոսն ապստամբություն բարձրացրին  արաբների դեմ և օգնության խնդրանքով դիմեցին Բյուզանդիային՝ համաձայնվելով Աղվանքի ազատագրության դիմաց քաղկեդոնականություն ընդունել։ Դեռ 680-ական թվականներից Աղվանքում իշխում էր Միհրանյան տոհմը: Վարազ-Տրդատ իշխանի կինն էր Ասպրամ իշխանուհին: Աղվանքի Եղիազար կաթողիկոսի մահից հետո այստեղ ուժեղացան հակաառաքելական ձգտումները:

Ներսես-Բակուր կաթողիկոսն էլ Ասպրամ իշխանուհու հետ բռնեց նույն հակաարաբական դիրքը:

Եղիա կաթողիկոսը նամակներով հորդորեց Ներսես Բակուրին ու Ասպրամ իշխանուհուն՝ հետ կանգնել բռնած ընթացքից։

Սակայն տեսնելով, որ ամենայնիվ, Աղվանքի իրադարձությունները հակաարաբական և հակաառաքելական ընթացք են ստանում, Եղիա կաթողիկոսը նամակով դիմեց արաբ խալիֆային․

ՙՏիեզերակալ Աբդալայի ամիրմոմնոյ. Եղիայի հայոց կաթողիկոսի առ Աբդըմելիք ամիրմոմնոյ ի նոյն խորհուրդ…

Ամենակալ Աստծով մեր աշխարհը ձեր տերության հնազանդ հպատակն է: Եվ մենք, և Աղվանքը ունենք նույն պաշտամունքը Քրիստոսի աստվածության: Իսկ այժմ նա` որ Աղվանից կաթողիկոսն է` նստած Պարտավում, Հունաց կայսեր հետ միաբան և խորհրդակից` ստիպում է երկրին քարոզելով, որ իր հետ նույն հավատին միաբանեն: Արդ, գիտեք և անփույթ մի գտնվեք այս խնդրին, քանզի կին մի մեծահարուստ նրա խորհրդակիցն է: Հուսով ենք` կպատուհասեք նրանց արժանի ձեր իշխանության հզորությամբ, քանզի Աստծո դեմ կամեցան մեղանչել՚:

Պատասխանը չուշացավ. ՙԱստծո տեղապահ Եղիա Արմենյանին` հայոց ազգի կաթողիկոսին: Կարդացի քո մտերմության գիրդ և որպես շնորհ հրամայեցի իմ հավատարիմ ծառային` բազում զորքով Աղվանից ապստամբներին խրատել, որ ըստ քո կրոնի առնեն նրանք ուղղություն: Եվ մենք հրամայել ենք մեր ծառային, որ պատուհասեն Ներսեսին և նրա համախոհ կնոջը, երկաթե շղթաներով անարգանքով բերեն արքունի դուռ` ի ցույց և ի տեսիլ բոլոր ապստամբների, որպես նշավակություն նրանց արաքի՚։

Հայոց Եղիա կաթողիկոսն արաբական զորքով ճնշեց նրանց ելույթն ու Ասպրամ իշխանուհուն Ներսես կաթողիկոսի հետ շղթայակապ ուղարկեց Դամասկոս։ Մինչև Դամասկոս ուղարկելը, Ներսես կաթողիկոսին ու Ասպրամ իշխանուհուն մերկացրին, իրար կապած նստեցրին էշին ու պտտեցրին Պարտավի փողոցներում։

Հայոց կաթողիկոսը նրանց Դամասկոս է ուղարկում, ուր հասնելուց ութ օր հետո Ներսես կաթողիկոսը մահանում է անպատվությունից ու վշտից։

Ապա Եղիա Արճիշեցին Աղվանքի մայրաքաղաք Պարտավում եկեղեցական ժողով գումարեց, ուր Աղվանից նոր կաթողիկոս ընտրել տվեց Սիմեոն եպիսկոպոսին։

Եղիայի հակաքաղկեդոնական ընթացքը դրանով չավարտվեց։ Նրա կաթողիկոսության օրոք Անմանիա Շիրակացու աշակերտներից Տրդատը, Հերմոնը, Ազարիան, Կիրակոսն ու Եզեկիելը մեկնեցին Երուսաղեմ՝ ուսանելու։ Նրանք այնտեղ հարեցին քաղկեդոնականությանը։ Եղիա Արճիշեցին հալածանքներ սկսեց նաև նրանց դեմ։ Այս հինգ վարդապետների մասին պատմությունն այլևս լռում է։ Հավանաբար, նրանք արտաքսվեցին երկրից։

Եղիա Արճիշեցին մահացավ 717 թվականին, Դվին մայրաքաղաքում։

 

Վահէ Լոռենց

 

 

 

 

Facebooktwittergoogle_pluslinkedin