Ե՞րբ սկսվեց հայոց եղեռնը

Այսօր եղեռնի զոհերի հիշատակի օրն է։

Հարգելի հայրենակից․ Իսկ գիտե՞ս երբ սկսվեց հայոց եղեռնը, և ովքե՞ր իրականացրին այն։ 1915 թվականի՞ն, և թուրքե՞րն են մեղավոր։ Ո՛չ․ իմ միամիտ հայրենակից։ Եղեռնը 1915-ին չսկսվեց և թուրքե՛րը չէին նրա առաջին մեղավորները։

1915 թվականը սոսկ հանրագումարն էր մեր արժեհամակարգի և վերջին կայարանն այն ճանապարհի, որի շավիղներով քայլել սկսել էինք դեռ 1500 տարի առաջ։

Հայոց եղեռնն սկսվեց այն պահից, երբ մեր հոգիներից հանեցինք Հայրենիքի զգացողությունն ու ապրեցինք Որտեղ հաց, այնտեղ կաց՝ ապազգային ու ստոր կարգախոսով։

Հայոց եղեռնն սկսվեց այն պահից, երբ հայի համար հայրենիքի գաղափարը պարփակվեց սեփական գրպանի ու դրամապանակի ծավալներում, երբ ամեն բան փողի վերածեցինք ու սկսեցինք ամեն ինչ փողով չափել, ծախել։ Այո՛, անգամ փողով հայրենի՛քն ենք ծախել մի քանի անգամ։

Հայոց եղեռնն սկսվեց, երբ Հայրենիքին սկսեցինք հող կոչել ու երկիր հայրենին միայն հող դիտարկել։

Հայոց եղեռնն սկսվեց, երբ մոռացանք պարզ ճշմարտությունը, որ զե՛նքն է հայի իրական բարեկամը։

Հայոց եղեռնն սկսվեց, երբ մոռացանք, որ պետությունը երկու հենասյուն ունի՝ բանակ և գիտություն։

Հայոց եղեռնն սկսվեց, երբ մեզ նախ քրիստոնյա կոչեցինք, ապա նոր միայն՝ հայ։

Հայոց եղեռնն սկսվեց, երբ բազմիցս հանուն խաչի ու եկեղեցու սուր վերցրինք, բայց երբ եկավ հանուն հայրենիքի սուր վերցնելու պահը, սրի փոխարեն պանդխտության ցուպը վերցրինք ու բոշա դարձանք։

Հայոց եղեռնն սկսվեց, երբ հայը մոռացավ իր արմատն, իր նախնյաց պատգամն ու առաջնորդվեց օտար արժեքներով, օտար գաղափարախոսությամբ։

Հայոց եղեռնն սկսվեց, երբ մեր գաղափարաբանության և էթնոհոգեբանության մեջ կրոնն սկսեց տիրել։

Հայոց եղեռնն սկսվեց, երբ մեր գիտակցությունից, հոգուց դուրս մղեցինք պետությունը, պետականությունն ու առաջնորդվեցինք կրոնական, եկեղեցական դոգմատիզմով։

Հայոց եղեռն սկսվեց, երբ սեփական պատիվն ու արժանապատվությունը մի կողմ թողած՝ ռուսի ծառա դարձանք, ու ամեն անգամ հանուն ռուսի զենք ճոճեցինք, բայց երբ այդ զենքն անհրաժեշտ էր մեր պատիվն, արժանապատվությունը, զավակին, Հայրենիքը պահելու համար՝ զենքը գցեցինք ու թափառական, փախստական դարձանք։

Հայոց եղեռնն իրագործվեց, երբ պատվի ու արժանապատվության զգացողության մասին այն աստիճան մոռացանք, որ ողջ Արևմտյան Հայաստանում 1915-ին կազմակերպված դիմադրություն ցուցաբերեց միայն․․․ 3 քաղաք։

Հայոց եղեռն իրագործվեց, երբ հայրենիքի փրկության հույսը ոչ թե մեր բազուկների, մտքի ու ոգու, այլ օտարի ողորմածության վրա դրեցինք։

Հայոց եղեռնը շարունակվեց այն ժամանակ, երբ ճակատագիրը մեզ դարձյալ պետություն ընծայեց, այդ ընծան կորցրինք, չգնահատեցինք, չփայփայեցինք։

Հայոց եղեռնը շարունակվեց այն ժամանակ, երբ սեփական Եսի պաշտամունք ձեռք բերեցինք, ու մեր աշխարհընկալումը սեփական Եսի տեսլականով սկսեցինք։

Հայոց եղեռնը շարունակվեց այն ժամանակ, երբ հանուն սովետի 600 հազարից ավել զինվոր տվեցինք, հանուն Արցախի՝ 10 հազար էլ չզինվորագրվեցինք։

Հայոց եղեռնը շարունակվեց այն ժամանակ, երբ եղեռնագործ Աթաթուրքի շիրիմին ծաղկեպսակ դնող Վազգեն Ա կաթողիկոսին սուրբ կոչեցինք ու Ազգային Հերոսի կոչում շնորհեցինք։

Հայոց եղեռնն այսօր էլ շարունակվում է։

Հետևաբար, եղեռնի օրը հատուկ նշելու կարիք չկա, հայրենակի՛ց․․․ մենք ամեն օր եղեռնի ենք ենթարկվում։

Երբ ուշքի կգանք, ու կդադարեցնենք այդ ընթացքը, կփոխենք պատմության ուղին, այն ժամանակ եկ միասին հայոց հաղթանակը նշենք․․․

Facebooktwittergoogle_pluslinkedin