ԳՐԻԳՈՐ  ՏԱԹԵՎԱՑԻ

-Հավատը չպետք է խառնվի գիտության գործերին, որովհետեւ այն անզոր է ճանաչել բնությունը։ Իսկ գիտությունը չպետք է դիպչի հավատի խնդիրներին։

Գրիգոր Տաթեւացի

Աշխարհում առաջին համալսարանը բացվել է Բյուզանդական կայսրությունում՝ Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Մագնավա թաղամասում, բյուզանդական հայազգի կայսրուհի Թեոդորա Մամիկոնյանի եղբոր՝ կեսար Վարդաս Մամիկոնյանի ջանքերով։ Առաջին ղեկավարն էլ հայ էր՝ Լևոն Իմաստասերը։

Ժ դարում Հայաստանում բացվեցին Հաղբատի, Սանահինի համալսարան-վարդապետանոցները։ Ապա հաջորդեցին Անին, մյուսները։

Սակայն հայկական համալսարանների մեջ ամենանշանավորը թերևս, Տաթևի համալսարանն էր, որ բացվեց 1340 ական թվականներին, Հովհան Որոտնեցու ջանքերով։

Տաթևի համալսարանն իր փառքի գագաթնակետին հասավ միջնադարյան իմաստասեր, քերական, տոմարագետ, աստվածաբան Գրիգոր Տաթևացու րաբունապետության օրերին։

Տաթևի վանքը Սյունաց հոգևոր կենտրոնն էր և Սյունաց իշխաններն իրենց հոգածության տակ էին պահում Տաթևի համալսարանը։ Իշխան Սմբատ Օրբելյանը Գրիգոր Տաթևացուն 1393 թվականին հրավիրեց Տաթև։ Տաթևացին ընդունեց հրավերն ու մինչև իր կյանքի վերջը, 16 տարի գործեց Տաթևում։

Գրիգոր Տաթևացին ծնվել է 1346 թվականին, Վայոց Ձորում։ Կոնկրետ ծննդավայրն անհայտ է։ Ծնողները նրան Խութլուշահ են կոչել։ Գրիգոր անունով անվանակոչվել է հոգևորական ձեռնադրվելիս։

Պատանի հասակում Գրիգորն ընդունվում է Տաթևի համալսարան և այնտեղ աշակերտում Հովհան Որոտնեցուն։

1371 թվականին Գրիգոր Տաթևացին Հովհան Որոտնեցու հետ ուխտագնացության է մեկնում Երուսաղեմ, որտեղ էլ ստանում է աբեղայության (կուսակրոն քահանա) կարգ։ Ապա Դարանաղյաց գավառում գործում է մի քանի տարի և նույն Հովհան Որոտնեցուց ստանում է վարդապետաց կարգ։

1380 թվականին Գրիգոր Տաթևացին գործում էր Ապրակունյաց վանքում։ 1388 թվականին մահանում է Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին դառնում է Ապրակունյաց վանքի վանահայր։ Նա վանքի վարդապետանոցում դասավանդում է աստվածաբանություն, քերականություն, իմաստասիրություն, երաժշտություն, այլ առարկաներ։ Գրիգոր Տաթևացին  դասավանդել է նաև Սաղմոսավանքի և Մեծոփավանքի դպրոցներում։

1390 թվականին Սյունաց Սմբատ Օրբելյան իշխանի հրավերով Գրիգոր Տաթևացին հաստատվում է Տաթևի վանքում։

Տաթևացին նաև եղել է ծաղկող և գրիչ։ Եվ գիտական գործունեությանը զուգահեռ՝ զբաղվել է իր արհեստով։ Մեզ են հասել նրա ծաղկած երկու ավետարաններ։

Տաթևացին զբաղվել է նաև գրչության ու արվեստի տեսությամբ։ Նրա համոզմամբ, լավ ձևավորված գիրքը հոգեբանական ազդեցություն է թողնում մարդու տեսողության վրա։ Դրանով պայմանավորված՝ հորդորում էր, որ գրքերը մանրազնին ձևավորեն ու գեղեցիկ շարադասեն։

Տաթևի համալսարանն ավելի ծավալեց իր գործունեությունն ու մեծ հռչակ վայելեց հենց Գրիգոր Տաթևացու օրոք։ Այն միջնադարյան մատենագրության մեջ կոչվում էր Երկրորդ Աթենք, Կենտրոն Ամենայն Իմաստից։ Տաթևի համալսարան կրթություն ստանալու նպատակով այցելում էին ողջ պատմական Հայաստանից, Կիլիկիայից։

Գրիգոր Տաթևացու գործունեության օրոք Տաթևի համալսարանում սովորեցին ավելի, քան 300 ուսանողներ՝ պատկառելի թիվ այն ժամանակաշրջանի համար։

Համալսարանում դասավանդում էին իմաստասիրություն, աստվածաբանություն, մանրանկարչություն, գեղագրություն, երաժշտություն, հայոց լեզու և քերականություն, ճարտասանություն, պատմություն, գրչարվեստ, գեղանկար և մանրանկարչություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, բնագիտություն, ճարտարապետություն, երաժշտություն, հասարակական գիտություններ․․․

Տեսնում ենք, առարկայական ցանկը բնավ կրոնական չէ և ընդգրկունն էլ բավական մեծ է՝ ժամանակի կղերական տիրակալության համար։

Ինչ խոսք՝ Գրիգոր Տաթևացին ազատ էր այդ կրոնական կապանքներից և նա ժանամակի ամենաուսյալ ու ամենալուսավորյալ գործիչներից էր, ով հասկանում էր ուսման կարևորությունն ու բնավ չէր սահմանափակում միտքը կրոնական դոգմատիզմով։

Տաթևացին շատ էր կարևորում ուսուցչի դերը սերունդների կրթության և հասրակության մեջ։ Ըստ նրա՝ ուսուցիչը պետք է լինի իր գործի նվիրյալն ու անարատ վարքի տեր։

Որպես Հայաստանյայց առաքելական եկեղեցու ամենաազդեցիկ հոգևորականներից մեկը՝ նա անհաշտ պայքար ծավալեց ունիթորների՝ կաթոլիկ եկեղեցու հետ միաբանման կողմնակիցների դեմ։

Տաթևացին բազում գրքերի ու աշխատությունների հեղինակ է։ Նրա կարևոր աշխատություններն են․ Գիրք Հարցմանց, Գիրք Քարոզության, Ոսկեփորիկ, Ամառան, Ձմեռան։ Գրել է բազում դավանաբանական, իմաստասիրական, աշխատություններ։ Իմաստասիրական երկերի մեջ աչքի են ընկնում Դավիթ Անհաղթի և Արիստոտելի ուսմունքների մեկնությունները։

Գրիգոր Տաթևացու աշխարհայացքն ու աշխարհընկալումը բնակենտրոն էր։ Ըստ նրա՝ իմաստասիրության հիմնական առարկան բնությունն է։ Տաթևացին ընդունում էր «Երկակի ճշմարտության» սկզբունքը՝ սահմանազատելով գիտությունն ու հավատը, իմաստասիրությունն ու աստվածաբանությունը։ Ընդունում էր ճանաչողության շնորհական՝ աստվածային էության և բնական՝ բնության ճանաչման ձևերը։

Ճիշտ է, նա հոգևորական էր և իր հայացքներով միշտ կրողն էր Հայաստանյաց առաքելական եկեղեցու դավանաբանական դրույթների, սակայն լայն մտածողությունն ու աշխարհընկալումը նրան շատ հաճախ դուրս էին տանում եկեղեցական աստվածապետական դոգմատիզմից անդին։

Տաթևացին նաև ժուժկալ էր կենցաղում։ Միշտ կրել է պարեգոտի և մազեղեն հագուստ։ Իրեն զերծ է պահել հոգևորականությանը հարիր ճոխությունից, արծաթասիրությունից, ընչաքաղցությունից, շքեղությունից։

Հետաքրքիր են Գրիգոր Տաթևացու հասարակագիտական հայացքները։ Նա դեմ է պետության կառավարման բացարձակ միապետական վարչակարգին։ Ըստ Տաթևացու՝ կարևորագույն խնդիրները պետք է լուծվեն՝ հաշվի առնելով ժողովրդի մեծամասնության կարծիքը։ Սա ինչ խոսք, հսկայական առաջադիմություն է միջնադարի համար։ Նա գտնում էր, որ միապետի կողքին, կառավարման համակարգում անպայման պետք է լինի խորհրդակցական մարմին։

Այնուամենայնիվ, որպես հասարակական գործիչ, Տաթևացին հանդիսանում է դասակարգային ներհակ շահերի պաշտպանը։ Նա նշում է, որ թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ իշխանություններն աստվածային են և առաջնությունն ամենայնիվ, տալիս է հոգևորին։

Մեծ իմաստասերը վախճանվել է 1409 թվականի դեկտեմբերի 27-ին, Տաթևի վանքում։

Հայաստանյայց Առաքելական եկեղեցին Գրիգոր Տաթևացուն սրբադասեց։ Նրա հիշատակը տոնվում է Մեծ Պասի  չորրորդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը։

 

Վահէ Լոռենց

 

 

Facebooktwittergoogle_pluslinkedin