ԳՈՒԳԱՐԱՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

IMG_0223

Վաղուց էի որոշել սար բարձրանալ` նորից կոխկրտել մանկությանս արահետները, չափչփել մեր սարերի կածանները, շնչել անուշաբույր ուրցի հոտը…
Վերջապես ազատ ժամանակ գտա ու ուղևորվեցի Լոռի: Նպատակս Գուգարաց լեռնաշղթայի ամենաբարձր գագաթներից մեկը` Արջագլուխ բարձրանալն էր: Մեկ անգամ էի եղել այնտեղ` 15 տարեկանում, և հիշում էի, որ լեռան գագաթին խաչքար կա` արձանագրություններով:
Զինվեցի անհրաժեշտ պարագաներով` զինվորական հագուստ, ուսապարկ, կողմնացույց, չափագրման գործիքներ և` առաջ…
Սկզբից ինձ ուղեկցում էր զարմիկս` Վազգենը, ով բավականին մարզված երիտասարդ է ու ծառայում է ՀՀ Զինված ուժերում: Սկզբից… հետո մեզ միացան մանկությանս հուշերը, պապս, հայրս, ընկերներս, ովքեր գրեթե ողջ ճանապարհին մեր ուղեկիցներն էին:

Նեղոց.
Ախթալայի մեր բնակարանից շարժվեցինք ժամը 4-ին: Ճանապարհն անցնում էր իմ ծննդավայրով` Նեղոց գյուղով: Անհիշելի ժամանակներից գոյություն ունի Նեղոցը. այստեղ բոլորովին վերջերս նաև ժայռապատկերներ եմ հայտնաբերել:
Նեղոցի մասին հետաքրքիր զրույցներ է մեզ ավանդել պատմությունը, որ այստեղ առասպելական չորս քաջեր են բնակվել, որոնց ահից թուրքն ու լեզգին սիրտ չեն արել Լոռու ձորերը մտնել: Մինչ օրս ժողովրդական հիշողությունը պահպանում է պատառիկ` Նեղոցի մասին հյուսած խաղից.
-Մտի ի Նեղոց,
Ձեռս առա սղոց,
Խերխեցի լեզգիս,
Լավցավ ջանիս խոց,
Հանգավ սրտիս բոց…
Նեղոցն իմ մանկությունն է, պատանեկությունս, անմեղ խաղերս, առաջին սիրահարությունս, պապիս և հորս շիրիմներն են, մանկությանս ընկերների` Արթուրի ու Արմենի ուխտատեղի-գերեզմանները. նրանք զոհվեցին արցախյան ազատամարտի ժամանակ` փաստելով, որ նեղոցեցին այսօր էլ չի կորցրել իր ոգին, իր ուժը, նվիրումն առ հայրենիք….
Յոթանասուն տնտեսություն ունեցող գյուղը արցախյան ազատամարտին գրեթե երկու տասնյակ ազատամարտիկ տվեց…
Նեղոց նշանակում է նեղ ճանապարհ. և իրավամբ` գյուղը ձգվում է դեպի Գուգարաց լեռնաշղթայի բազուկներից մեկի գագաթը` Գուգութ տանող ճանապարհի երկայնքով: Տները շարված են այդ ճանապարհի աջ և ահյակ մասերում` ուլունքի պես` շարան-շարան…
Այստեղ ամեն տուն, ամեն մի թաղ իր պատմությունն ունի, իր կենսագրությունը…
Ահա Ճալեն` փոքրիկ մի հարթություն, ուր հիմա Նեղոցի դպրոցն է: Կոլխոզի ժամանակ այստեղ հող են մշակել… Ութսունականների վերջին ընկերներով Ճալի հողը հարթեցրինք, ֆուտբոլի դաշտ սարքեցինք, փայտյա գերաններով դարպասներ կանգնեցրինք ու ողջ օրը ֆուտբոլ էինք խաղում` թաղամասերի միջև առաջնություն անցկացնելով: Չէ, ողջ օրը չէ… օրվա մի մասը Դեբեդի ափին էինք անցկացնում: Լողանում էինք Դեբեդի մազութոտ ջրերում, անգամ քաղցը հագեցնելու համար տուն չէինք գնում. շրջակա այգիներից միրգ, կարտոֆիլ ու եգիպտացորեն էինք թռցնում. Կարտոֆիլն ու եգիպտացորենը տեղում խորովում էինք կրակին ու….
Քիչ վերև Կալն է: Հիմա Կալում խանութներ են: Առաջ` կոլխոզի ժամանակ այստեղ կալ են կալսել: Կալը մանկությանս հիշողություններում առանձնահատուկ տեղ ունի. այն գյուղի ամենամեծ ՙհրապարակն՚ է: Այստեղ ամռան երկար գիշերները կարճում էինք` հալա-մոլլա խաղալով: Խաղն առանձնակի հմայք էր ստանում, երբ մեզ միանում էին արձակուրդները գյուղում` բարեկամների մոտ անցկացնող քաղաքաբնակ աղջիկները:
Կալից վեր Հովհաննեսենց ախպիրն է: Նեղոցը հարուստ է աղբյուրներով` Ճալի ախպիր, Հովհաննեսի ախպիր, Զարըբի ախպիր, Քոսոտ ուլի ախպիր, Մոշուտ ախպիր…
Քոսոտ ուլի ախպիրը Նեղոցին կպած փոքրիկ հանդամասում է, ուր պապիս եղբայրը այգի էր գցել, ապա այն տվել պապիս, պապս` ինձ:
Սիրով էի մշակում այգիս: Աղբյուրի անալի ջրի վրա ավազան էի սարքել ու Շնողնա ջրից բռնած մանր ձկներ` փիչխուլներ գցել: Այգիս ջրելիս միշտ ավազանի տակ մի փոքր ջուր էի թողնում, որ ձկները չսատկեն: Մի օր հորեղբայրս այգումս խոտ հնձելիս ջրում է ծառերը, չիմանալով ձկների մասին` ողջ ջուրը բաց է թողնում…
Մեր թաղը Միջի թաղ էր կոչվում: Այստեղ իմ հասակակից տղաներ շատ կային: Չնայած գյուղի փոքրությանը` պատանիներով ընկերություն էինք անում թաղեթաղ… Հաճախ էին թաղերի միջև կռիվները, ազնիվ ու արդար կռիվները…
Երբ մեր պապերը բարձրանում էին Մեծ Տափը խոտհնձի` հաճախ իրենք էին նախաձեռնում այդ ՙկռիվները՚ կոխի տեսքով…
Ապա Կլուբի դուռն է. Այստեղ հիմա գյուղապետարանի շենքն է: Առաջ Նեղոցի ակումբն էր, ուր ամեն շաբաթ-կիրակի հնդկական ֆիլմեր էին ցուցադրում:
Հաճախ էինք տան խորդանոցից շշեր թռցնում, հանձնում խանութում, ու 40 կոպեկ վճարելով` կինո գնում: Մինչ հիմա ականջներիս մեջ են բացականչությունները` ՙԽաչո, զվուկ՚, ՙԽաչո կադր՚… Խաչոն կինոմեխանիկն էր` Ալավերդուց: Երբ ինչ որ տեխնիկական խնդիր էր առաջանում ֆիլմի ցուցադրման ժամանակ` հենց դահլիճից բոլորը միաբերան գոռում էին. ՙԽաչո…՚…
Կլուբի դռանն է նաև Հայրենականում զոհված նեղոցեցիների հուշարձանը. Բոլորս հպարտությամբ էինք կարդում մեր հարազատների անուններն այնտեղ. Առաջինը պապիս եղբոր անունն է` Ռուբեն Անթանեսյան… անհայտ կորած է… բայց Ռուբենի մասին հետո… Կարդում էինք ու հայհոյում…ՙՀիտլեր, քո մերը…՚…
Վերի թաղին նաև Բոշի թաղ էինք ասում…
Վերի թաղի ամենատեսարժան վայրն իհարկե, Մոշուտ ախպիրն էր: Ամառ թե ձմեռ այս աղբյուրից բազկիս հաստությամբ ջուր էր հոսում: Հիմա ջուրը չկար, ցամաքել էր… անտառահատման հետևանքով: Լավ է` տնից ջրի առատ պաշար էինք վերցրել:
Վերի թաղում երկու այգի ունեինք` Մոշուտ բաղն ու Ֆոնուտ բաղը…
Մոշուտ բաղում պապս ու հայրս դեղձենիներ, խնձորենիներ ու սալորենիներ էին տնկել: Այգու միջով փոքրիկ առու էր հոսում` Մոշուտա ջուրը: Այնտեղ գեղեցիկ տաղավար կար ու… շատ մանուշակներ…
Ֆոնուտ բաղում միայն վայրի հոն էր աճում: Ուղղակի պապս չափար` ցանկապատ էր արել ու ամռանը երբ հասնում էր հոնը` քաղում էր ու հոնից օղի թորում: Ֆոնուտ բաղի հսկողությունը պապիս քույրը` Մարուշ ձալոն էր իրականացնում:
Հանդ ու անտառ սիրող կին էր: Նրանց տունը գյուղի ամենավերին տունն էր:
Մարուշը ողջ օրն անտառում էր. քոլ ու ծաղիկ էր քաղում, վաճառում: Ասում էր` Հանդը լիքը փող ա, ալարիլ մեք, գնացեք հավաքեք…

Տափը…

Տափը մի ընդարձակ, հարթ տափարակ է, ուր մարդիկ երկրագործությամբ են զբաղվել, բնակվել անհիշելի ժամանակներից: Հին Նեղոցը հենց Մեծ Տափում էր տեղակայված, ուր մինչ օրս պահպանվում են տների հետքերը:
Մեծ Տափի դեմ դիմաց Պուճուր Տափն է, ուր կիկլոպյան ամրոցների հետքեր կան: 1918 թվականի հայ-վրացական պատերազմի ժամանակ այստեղից Նեղոցի աշխարհազորը գնդացրով գնդակոծել է Ախթալա կայարանում տեղակայված վրացական գունդը: Նեղոցեցիք հիմա էլ մատնացույց են անում Պլիմոտի քարը` այն քարը, որի վրա տեղակայված է եղել հայ աշխարհազորի միակ գնդացիրը…
Պուճուր տափի փեշերին վերջերս ժայռապատկերներ եմ գտել. համարակալել, չափագրել…
Պուճուր տափի փեշերը ժայռոտ են. այստեղ-այնտեղ ցաքուցրիվ բռնչենիներ են աճում: Հաճախ էինք ընկերներով գնում բռինչ հավաքելու…
Մեծ Տափը մանկությանս ամենասիրած վայրերից էր: Ասես մի անզուգական գաղտնի հմայք էր թաքնված այնտեղ:
Դեռևս մանկությանս տարիներին հաճախ ընկերներով Մեծ Տափն էինք բարձրանում` ծաղիկ քաղելու: Բարձրանում էինք երեկոյան, նախիրը գյուղ իջեցնելու ժամանակ, խաղում էինք Մեծ Տափի ընդարձակ դաշտերում, քնում բռնչենիների հովի ներքո ու անասունները քշում տուն…
Մեծ Տափից հիանալի տեսարան է բացվում` Դեբեդի հովիտը: Տափի եռանկյունաձև հրվանդանի մի հատված` Քնթանը, կախված է Նեղոցի վրա: Հաճախ հավաքվում էինք Քնթանի ծայրին ու մրցում` ով որքան երկար քարը ցած կնետի: Ընկերներիցս ոմանք շատ երկար էին նետում` մինչև Դեբեդ…
Հոգ չէր, որ ներքևում ճանապարհ է անցնում, մարդիկ կան…
Ձմեռը, սակավաթիվ ձյունառատ ժամանակ սահնակներով բարձրանում էինք Մեծ Տափն ու այնտեղից գլխապտույտ արագությամբ սահում ցած… Հաճախ այդ զվարճանքին միանում էին նաև մեծահասակները, երբեմն` նաև տարեցները…
Սեփականաշնորհման ժամանակ Մեծ Տափի հողերը բաժանվեցին գյուղացիների միջև: Քանի որ մեր Մոշուտ այգին պլանի տակ էր ընկել, այնտեղով ճանապարհ էին անցկացրել, մեզ էլ որպես փոխհատուցում, հող տվեցին… Մի քանի տարի կարտոֆիլ էինք ցանում հողում, լավ բերք էր ստացվում… Հիմա Մեծ տափը գրեթե մշակող չկա: Այն սոսկ արոտավայր է…

Սարի ճամփեն

Սարի ճամփան գեղեցիկ է: Այն անցնում է Գուգարաց թավ անտառների մեջով: Ճանապարհը, չնայած դժվարին վերելքին՝ չի հոգնեցնում իր միապաղությամբ: Այստեղ ամեն ծառ, ամեն քար կենսագրություն ունի, պատմություն ունի: Առաջին կանգառը Գաթի ծառի մոտ է:
Կայծակնահար, փչակավոր այս կաղնին ցանկալի հանգստի վայր է բոլոր անցորդների համար: Նրա սաղարթները ոչ միայն պաշտպանում են ամռան տապից, այլև ամեն ոք այստեղ իր ուղեկիցներին պատմում է Գաթի ծառի մասին իր պատմությունը: Ես էլ հակիրճ ձեզ կպատմեմ իմ լսածը:
Ցեղասպանությունից մազապուրծ մի ընտանիք է հաստատվում Նեղոցում: Շուտով մահանում է ընտանիքի կերակրող հայրը և բազմանդամ ընտանիքի հոգսն ընկնում է նրա ավագ որդու ուսերին, ով նախրապանն էր գյուղի: Սրա մայրը հղի էր, ու սիրտը գաթա էր ուզում: Եվ բարի համագյուղացիները ծառի փչակում օրեկան երկու գաթա են դնում, որ պատանին նախիրը սարից իջեցնելիս վերցնի ու մորը տանի: Այդ օրվանից սկսած՝ գյուղում ավանդույթ էր դարձել, որ սարից իջնող ամեն ոք իր մոտ ավելացած սնունդը դնում է Գաթի ծառի փչակում, որպեսզի պատահական անցորդը, մոշ, մոռ հավաքողը կամ մի հովիվ, ում ուտելիքը սպառվել էր, սոված չմնա:
Բայց հիմա Գաթի ծառի փչակը դատարկ էր…
Մենք փոքր ինչ շունչ առանք Գաթի ծառի մոտ ու շարունակեցինք մեր վերելքը:
Մեր ուսապարկը ծանր էր. Ստիպված էինք հաճախ կայանել. Ամեն քարի, ամեն ծառի մոտ, որի հետ մի գեղեցիկ պատմություն կամ հուշ է կապված:
Հասանք Պապի դուքանը:
Բագրատ պապը, Բեգջանյանների տոհմից, ամեն անգամ սար բարձրանալիս սովորություն ուներ այս բացատում նստել, չիբուխը լցնել ու անվրդով ծխել: Նրան ուղեկցող երիտասարդները հաճախ էին Բագրատ պապից թութուն խնդրում, որ ծխեն: Պապը միշտ սիրահոժար տալիս էր: Բայց մի օր Բագրատ պապը մոռացել էր չիբուխն էլ, թութունն էլ: Ու երբ սովորության համաձայն նստում է բացատում շունչ առնելու՝ նրա հետ սար բարձրացող երիտասարդները թութուն են խնդրում:
Պապը ջղայն ձայնով պատասխանում է.
-Այ բալա, սա խո Բագրատ պապի դուքանը չի, որ թութուն լինի: Չկա, տես չկա…,-գրպանները թափ տալով ու ձեռքի ափերն իրար զարկելով բացականչում է պապը: Եվ բացատն անվանակոչվում է Պապի դուքան:
Գեղեցիկ տեսարան է բացվում այստեղից՝ Լոռվա ձորը, Դեբեդի հովիտը…
Տակավին մանուկ՝ հինգ տարեկան էի, Անթանես պապս հետը սար բարձրացրեց: Երբ նստեցինք Պապի դուքանում հանգստանալու՝ կյանքում առաջին անգամ եղջերու տեսա:
-Ճուտ ջան, նայի, տես, պախրա է,-մատնացույց արեց պապս:
Հրաշք էր… արու եղջերուն վեհ, եղջյուրները ցցած հանդարտ կանգնած էր: Նրա կողքին արածում էին երկու էգ և թռչկոտում երկու ձագեր….
Շարունակեցինք ճամփան: Մեր դիմաց՝ Վիրահայոց լեռնաշղթան աստիճանաբար սուզվում էր Դեբեդի կիրճի մեջ: Հեռվում Հաղբատն էր, Ալավերդին… մշուշի մեջ թաղված: Լուսանում էր: Մոտենում ենք Չնգիլ Կալին:
Այս վայրի հետ տխուր պատմություն է կապված:
1918 թվականին թուրքերը գրավում են Լոռին, կեղեքում բնակչությանը: Գյուղացիների հիմնական մասը պատսպարվում է սարերում: Ոմանք զենք են վերցնում՝ կռիվ տալու թուրքի դեմ: Եվ նեղոցեցիներից մեկը, ցավոք, անունը չեմ հիշում. Սուրեն (Պուլուզ) Բեգջանյանի պապը, երկու թուրք է սպանում ու Տափի քնթանից ցած նետում դիակները:
Նրան մատնում է համագյուղացիներից մեկը՝ Բադալ Մաթոսյանի պապը. (ես անունը դարձյալ չեմ հիշում. Մեր գյուղում մատնիչների անունները սովորաբար բարձրաձայն չէին արտասանում) և թուրքերն այս վայրում դարանակալում են ու գնդակահարում Սուրեն Բեգջանյանի պապին ու նրա ընտանիքը….
Տխուր մտորումներով շարունակեցինք վերելքը դեպի Կարմիր քար…
Կարմիրքարը դեպի Սեդվի սար տանող ճանապարհի ուղիղ մեջտեղն է:
Այստեղից մեկ անգամ էլ հայացք ձգեցինք ձորին, Դեբեդի հովտին, ու շարժվեցինք առաջ: Քիչ անց Կապի գլխին ենք: Թե ինչու՞ է այդպես անվանված տեղանքը՝ դժվարանում եմ ասել:
Փոքր էի, յոթ տարեկան: Պապիս ղաբա (ղաբա են ասում այծերին, որ կոտոշներ չունեն) էծը, որի ծնելու օրերն էին, կորել էր:
Գյուղում առհասարակ, անասունները արոտ էին տանում հերթով: Խորենի չոբանության հերթն էր: Երեկոյան այծերը եկան, բայց սև ղաբեն չկար:
Վաղ առավոտյան այծերի հետ սար բարձրացան նաև մոտ տաս հոգի՝ պապիս այծը որոնելու: Ես ու պապս էլ նրանց թվում էինք: Այծը գտնվեց միայն երկու օր հետո, միացավ ընդհանուր հոտին: Իսկ նորածին ուլերը չկային: Նրանց հետքերը գտնվեցին Կապի գլխին. Գայլը կերել էր…
Կապի գլխից քիչ վերև Ուչիդայի քարն է: Դա մի փոքրիկ՝ շախմատի տախտակի չափսերով սալ քար է, որի վար փոսիկներ կան արած: Սարվորներն ու ճամփորդներն այդտեղ խաղ են խաղում և վիճակ գցում: Ինչ որ անհասկանալի բառեր արտասաներով՝ Ուչիդա, մուչիդա… մանր քարեր են զառերի պես բռի մեջ թափահարում և նետում այդ ՙշախմատի՚ տախտակի վրա: Ում նետումից շատ քար կտեղավորվի տախտակի մեջի փոսիկներում՝ նա հաղթել է: Մինչ օրս՝ փոսիկները քարով լի են…
Կապի գլխից մի փոքրիկ կածան է թեքվում դեպի աջ՝ դեպի Աջուցի ձորը, ուր բազում մոռենիներ են աճում: Նեղոցեցիք Վարդավառից մեկ շաբաթ անց, երբ հասնում է Մոշուտի մոշը, գիտեն, որ Աջուցի մոռը հասել է՝ սպասում է իր քաղողին: Առաջին անգամ մոռի գնացել եմ հորս հետ: Երբ տնից դուրս եկանք և տեսա հորս ձեռքի հինգ դույլերը՝ ծուլորեն սարսափեցի. Մի՞թե այդքան կարող ենք: Բայց երբ հասանք Աջուց ու տեսա ձորի կարմիր գորգը՝ սիրտս տեղն ընկավ: Այդ օրը ծանրաբեռնված դույլերով բարձրացանք դեպի Սեդվի: Ճանապարհին հայրս ցույց տվեց իր հորեղբոր՝ Ռուբենի գրառումը հաստ աճարենու վրա՝ Ռուբեն Անթանեսյան. 22.06.1941: Պատերազմի սկսվելու օրն էր արված: Ռուբենը հետ չեկավ պատերազմից: Նա անհայտ կորած էր համարվում: Սեդվի սարում նրա անունով հուշաղբյուր է կանգնեցված՝ վրայի արձանագրությունը սակայն անփութորեն տառասխալով է արված՝ Անթանեսյան Ռուբեն. 1924-1941. Պատերազմում զոված…
Տարիներ առաջ իմ հեռավոր բարեկամներից մեկը պատմեց, որ Հունաստանում հանգստանալիս հանդիպել է մի գերմանուհի բարոնուհու, ով պատմել է, թե իր հայրը հայ էր՝ Անթանեսյան ազգանունով, անունը՝ Ռուբեն: Նա գերի է ընկել պատերազմի ժամանակ, պատերազմի ավարտից հետո չի ցանկացել վերադառնալ Ռուսաստան և հանդիպել է իր մորը՝ գերմանուհի այրի բարոնուհու: Համատեղ ամուսնության ընթացքում երկու դուստր են ունեցել՝ ինքը և քույրը: Քույրը միանձնուհի է դարձել և մահացել երիտասարդ տարիքում, իսկ այդ տիկնոջը ես որքան էլ որոնեցի համացանցով՝ չգտա…
Կապի գլխից վեր Վարդանի բինատեղն է: Վարդանը պապիս եղբայրն էր: Թամանյան դիվիզիայի կազմում մասնակցել է Մեծ Հայրենականին: Գերի է ընկնում ֆաշիստների ձեռքը, ապա փախչում, Ֆրանսիայում միանում դիմադրության շարժմանը: Անձամբ ճանաչել է Միսաք Մանուշյանին: 1946 թվականին վերադառնում է հայրենիք ու… ձեռբակալվում: Դատարանը որպես հայրենիքի դավաճան՝ նրան աքսորի է դատապարտում, սակայն երկու օր անց վճիռը չեղյալ է համարում, քանզի փոստով տեղ է հասնում ինչ որ տեղ կորած պատվոգիրը, գրված և կնիքված պարտիզանական ջոկատի հրամանատար կապիտան Ղազարյանի կողմից՝ հասարակ աշակերտական թղթի վրա… այդ պատվոգիրը հիմա ձեռքիս է…
Քիչ անց մեր առջև բացվեց Սեդվու թալեն՝ իր ամբողջ գրավչությամբ…
Սեդվի՝ մանկությանս տարիների հմայքը… ինչքա՜ն վառ ու սիրուն հիշողություններ կան կապված նրա հետ…
Տակավին պատանի՝ երբ սար էինք բարձրանում, միշտ վայելում էինք սարվորների առատ հյուրասիրությունը: Սովորաբար կանգ էինք առնում ընկերներիս՝ Ծովակի ու Սևակի տատի՝ Վարդանուշ բաբոյի բինում՝ վրանում: Ըրաժան ու քամած մածուն էինք վերցնում ու մեր բերած պաշարները բացում Ռուբենի աղբյուրի մոտ:
Աղբյուրի ջուրը սառն էր, համեղ, ախորժակ գրգռող:
Ճաշում էինք ու շարունակում ճամփան դեպի վեր՝ դեպի Սեդվու Ղաշը՝ Գուգութ:
Հիմա Սեդվում այլևս հովեկներ չկային: Նեղոցից միայն երկու ընտանիք է անասունները սար բարձրացնում ամռանը: Նրանք հուլիսի սկզբին արդեն լքելով Սեդվին՝ Գուգութ են բարձրանում: Ողջ բացատը ծածկված էր մացառների ու մարդաբոյ բուսականության մեջ: Տեղ-տեղ այդ մացառները ճեղքել ու դեպի ջուրը ճանապարհ էին բացել վայրի կենդանիները՝ արջը, եղնիկը, գայլը, որ առատ էին մեր սարերում:
Սեդվու բացատը լուռ էր: Լռությամբ կարծես բողոքում էր մարդկանց դեմ, աշխարհի դեմ… առաջ որքա՜ն աշխուժություն կար այստեղ: Տաս-քսան վրաններ կողք-կողքի շարված… Քանի, քանի գիշեր եմ անցկացրել այստեղ…
Քսան տարեկան էի, երբ ապրիլ ամսին սունկ հավաքելու նպատակով սար բարձրացա, հետս տանելով տասնմեկամյա զարմիկիս՝ Վահանին: Ցերեկը տաք էր. Մթնեց, և երեկոյան պատսպարվեցինք մի լքված վրանում: Վրանը փայտյա մի խարխուլ շինություն էր՝ չորսը չորսի վրա:
Գիշերը ցրտեց. Փոթորիկ սկսվեց: Վայ նրան, ով խամ է մեր սարերի փոթորիկից, վայ նրան, ով կվախենա ու չի կարողանա ժամանակին կողմնորշվել ու գտնել իր անելիքը…
Ուժեղ քամին սուլում էր վրանի տախտակների արանքից, անտառը ճռռում էր… Հսկայական աճարենիները քամուց տարուբերվելով՝ միմյանց էին զարկվում, կարծես ցավից տնքում, ճչում…ու… լսվում է մի ուժեղ ճայթյուն…
Ոչ, կայծակը չէր դա: Աճարենիներից մեկը չդիմանալով քամու օրհասական ուժին՝ տապալվեց: Բայց չտապալվեց գետնին: Սեդվի սարում ծառերը խիտ են: Նա ընկավ ավելի ցած կանգնած ու քամու սարսափից տնքացող մեկ այլ ծառի վրա…
Սա էլ տապալվեց՝ ընկնելով ցածում կանգնածի վրա… ու այդպես, հաշված րոպեների ընթացքում ճարճատյունով տապալվում են հսկա ծառերը՝ վերից վար մի լայն կածան բացելով սարի լանջին… և կորած է նա՝ մարդ, թե կենդանի, ով կկանգնի այդ օրհասի ճանապարհին….
Կանցնի երեկոն, օրը կխաղաղվի, կանցնեն ամիսներ, և այդ տապալված ծառերի բների վրա մոռի թփեր կհայտնվեն….
Երեկոն սարսափելի էր… Ծառերի ճարճատյունին միացավ նաև ամպրոպը, կայծակը…Կարծես իսկական մարտադաշտ լիներ, ուր բնությունը կռիվ էր տալիս յոթգլխանի դևի կամ Լոռվա սարերում ապաստանած ալերի դեմ…
Վահանին թողեցի խարխուլ վրանում ու ուժեղ քամուց տարուբերվելով դուրս եկա՝ հարմար ապաստարան փնտրելու. Շրջակայքում քարանձավ չկար: Թարսի պես լապտեր էլ չունեի…
Բայց ի ուրախություն ինձ՝ հիսուն մետր հեռավորության վրա մի կարգին որսորդական փայտյա վրան գտա, ուր փայտյա մահճակալ կար, վառարան ու փայտ…
Մեր սարերում սովորություն կա՝ օգտվեցիր հարմարություններից, վառարանից և այլն, փայտ ջարդիր, դարսիր նրա մոտ, մեր պես մոլորյալ ու պատահական անցորդի համար… հրաշալի սովորույթ է…
Վերադարձա խարխուլ վրանը, ուր Վահանը վախից ու ցրտից կուչ էր եկել… րոպեներ անց մենք ապահով ու տաքուկ վրանում էինք…
Սեդվում ճաշեցինք ու շարունակեցինք մեր ճամփան դեպի Գուգութ…
Սիրուն է Գուգութի ճամփեն: Ձախ կողմում՝ փոքրիկ ձորակ, ուր Սեդվու ջուրն է հոսում, աջում՝ հսկա աճարենիներով ծածկված անտառ, որ ստեպ-ստեպ ընդհատվում է մոռու բացատներով:
Մոտ հազար մետր վերելքից հետո հասնում ենք Քաչալոյի թալեն՝ բացատը: Թե ո՞վ էր Քաչալոն և ինչու՞ է բացատն այդպես անվանակոչվել՝ ոչ ոք չգիտի: Բացատի ստորին հատվածում Ամրխանի ախպիրն է՝ հուշարձան-աղբյուր, որ կանգնեցրել են որդիները նեղոցեցի Ամիրխան Սարուխանյանի հիշատակին: Ամիրխանը տասնյակ տարիներ հովվեկություն է արել այս սարերում… Սառնորակ ու վճիտ ջուր է Քաչալոյի թալի աղբյուրը: Ճիշտ է՝ ջրահավաք մակերեսը մեծ չէ, բայց տարին բոլոր միալար ջուր է հոսում այնտեղ:
Մենք շունչ առանք, ջուր խմեցինք, լվացվեցինք ու շարունակեցինք ճանապարհը: Քիչ հեռվում շների հաչոցն ու կովերի բառաչը հուշում էին, որ մոտ ենք Գուգութին: Եվ իսկապես՝ քսան րոպե չանցած՝ Գուգութում էինք:
Գուգութը գագաթ բառից է առաջացել: Իսկապես, եթե ներքևից՝ Դեբեդի հովտից նայենք՝ Գուգութը շրջակա տեսանելի սարերի մեջ ամենաբարձրն է: Չնայած՝ այնտեղից նոր հորիզոններ են բացվում ճամփորդի համար: Միայն Գուգութից է երևում մեր նպատակակետը՝ Արջագլուխը…
Գուգութը մանկությանս ամենասիրելի վայրն էր: Երբ պապս առաջին անգամ ինձ սար տարավ՝ ուրախությանս ու հրճվանքիս չափ չկար: Ճչալով թռչկոտում էի, թավալ գալիս, գլուխկոնծի տալիս անվերջ կանաչի մեջ, ծաղիկ քաղում, վազվզում՝ հանց ցնորված մանուկ:
Հետագայում հաճախ էի ընկերներիս հետ սար բարձրանում՝ գարնանը ուրց, ղանթափի, ամռանը՝ մոռ կամ մոշ հավաքելու համար:
Գուգութում մի քանի փայտյա վրաններ կային, ուր հանգրվանում էինք գիշերները: Բայց որպես կանոն՝ վրանները մեզ պետք էին սոսկ վատ եղանակի դեպքում: Առհասարակ, մի մեծ խարույկ էինք վառում, հավաքվում նրա չորսն ու…
Պատանեկան անմեղ խաղեր, կատակներ… կա՞ մարդ, որ հուզմունքով չի հիշում դրանք: Իսկ մեր գրեթե բոլոր խաղերը բնության, սար ու ձորի հետ էին կապված…
Թե բախտ էր վիճարկվում մեզ հետ սար բարձրացնել գյուղում հանգստացող քաղաքաբնակներից մեկին՝ նրա ՙսևը տալիս էինք՚: Ողջ գիշեր զանազան մտածածին պատմություններ էինք պատմում Լոռվա սարերում բնակվող ալերի, մարդակեր վամպիրների, տաս մետրանոց վիշապների և այլնի մասին՝ վախեցներով նրանց: Առավոտվա կողմ, երբ հոգնությունից փակվում էին մեր կոպերը, հանկարծ, ինչ որ մեկը արջի նման գոռում էր… Ու դրան հետևում էր համընդհանուր քրքիջը, քանզի քաղաքաբնակները ուղղակի լեղաճաք էին լինում…
Գուգութում էին լինում մեր պատանեկան անմեղ ճակատամարտերը հարևան գյուղերի մեր հասակակիցների հետ: Գուգութի արևելյան երեսը Շնողին էր պատկանում և այնտեղ շնողցիների վրաններն էին: Սար բարձրանալով՝ մեր պարտքն էինք համարում էշ գողանալ շնողցիներից, ամբողջ երկու օր անվճար օգտվել այդ անմեղ կենդանու ծառայություններից ու պարծենալով վերադարձնել տիրոջը գյուղ իջնելիս: Շնողցի մեր հասակակիցներն էլ պարտքի տակ չէին մնում ու հաճախ նմանատիպ ՙհերոսություններ՚ էին գործում մեր գյուղացիների հանդեպ…
Գուգութում կանգ առանք նեղոցեցի Կոլոյի վրանում:
-Ապո ջան էդ վեշերը մի ղրաղ դրեք, հեսա կովերը կթեմ ու կասեմ,-հրահանգեց Կոլոն, նստեց կովի ստիքների մոտ դրած փոքրիկ աթոռին ու դույլն առավ ոտքերի արանքը….
Գործն ավարտեց տաս րոպեում ու կարգադրեց կնոջը՝ Հաց շինի…
Մեր ճաշը բաղկացած էր մածունից, ըրաժանից, լոլիկից ու Նեղոցի թթի թունդ օղուց…
Ինչ-ինչ, բայց սարում ախորժակից չես բողոքի. երկար, հոգնեցնող ճանապարհ, մաքուր, սառը օդ…
Կոլոյի մոտ գրեթե մեկ ժամ կանգ առանք ու շարժվեցինք դեպի Արջագլուխ:
Ցածում Լոռվա ձորով, համընդհանուր կանաչի մեջ հազիվ մի կապույտ գիծ էր նշմարվում՝ Դեբեդն էր… Ձորի մեջ սուզվել էին բնակավայրերը… երևում էին միայն սարեր, սարեր… իրենց զմրուխտյա կանաչով, թավ անտառներով, ու սարերի գլխին կպած ամպերով…
Զով, հաճելի եղանակ…
Քայլում էինք գրեթե մեկ կիլոմետր, ապա նստում, ականջ դնում սարերի լռությանը…
Ձորում տնքում է հողը մարդկանց ոտքերի, տրանսպորտի անիվների տակ, այնտեղ աղմուկից ոչինչ չես լսում, իսկ սարում, ունկնդրում ես բնության լռությունը… որ ստեպ-ստեպ կարող է խախտվել անտառներից եկող թռչյունների ծլվլոցով կամ բացատներում մենամարտող պախրաների բառաչով…
Նստեցինք արևի դեմ կռիվ տվող, սաղարթները տարածած մի կաղնու տակ: Ուսապարկս հանեցի ուսիցս ու պառկեցի գետնին. Չէ, չէի պառկել, այլ կարծես մեջքով հենվել էի մոլորակին… երբ քեզնից բարձր ոչինչ չկա, երբ քեզնից վեր միայն ամպերն են, զգացողություն է պատում, թե դու ես այս ամենի տերը, թե դու ամենազոր ես… ամենազոր այնքան, որ անգամ թիկունքով հրելով կարող ես մոլորակը շարժել…
Իսկ Վազգենը բերանքսիվայր փռվել էր գետնին՝ գրկել էր հողը, սարը, ու ննջում էր:
Մեր գլխավերևում ձիավոր կանգնեց.
-Բարիաջողում, ո՞վ եք, ինչ բանի եք, ինչո՞վ կարող եմ օգնել…
Այսպես է սարերի կարգը. բարևեցիր, ծանոթացար՝ օգնությունդ առաջարկիր օտարականին, ճամփորդին…
Շնողնեցի էր՝ Աբելանց Վաչոն:
-Աղբաշ եմ մնում, հիմի Գուգութ՝ Կոլոյի կուշտն եմ գնում, գործ ունեմ հետը: Արջագլխի գագաթին մնալու տեղ չի՝ ջուր չկա, բան չկա, ցուրտ կլինի. Մութն ընկավ՝ բինումն եմ, եկեք, համեցեք. Լավ էլ արաղ ունեմ: Սաղ գիշեր քեֆ կանենք…
Ասաց ու գնաց… լոռեցու պարզությամբ, հյուրընկալությամբ… Սարվորները ոչ միայն հյուրընկալ են: Տնից-տեղից ամիսներով կտրված՝ նրանք էլ շփման, զրույցի կարիք ունեն:
Վաչո ափսոս, չենք կարող ընդունել հրավերդ. Մենք պիտի Արջագլխի գագաթին գիշերենք:
Վերելքը ծանր էր. Հարթաչափը 50 աստիճան թեքություն էր ցույց տալիս: Բայց վերջին մետրերն էին…
Եվ ահա Արջագլխի գագաթը:
Ո՛վ հրաշք… կարծես երազ լինի…
Արջագլխի բարձրությունն ընդամենը 1910 մետր է, բայց նա գերագահ դիրք ունի շրջակա սարերի նկատմամբ ու այնտեղից հրաշալի տեսարան է բացվում:
Պարզ եղանակին, գիշերն անգամ Թիֆլիսի լույսերն են այնտեղից երևում:
Հրաշք տեսարան է՝ չորս դին՝ միայն սարեր, սարեր, թաղված կապույտ մշուշի մեջ: Ասես բնությունն այլ գույներ չունի իր ներկապնակում. Միայն կանաչ և կապույտ: Արևելքում Դեբեդի հովիտն է և Վիրահայոց լեռնաշղթան, արևմուտքում՝ Իջևանի լեռները, հյուսիսում Քռի հովիտն է, իսկ հարավում երևում են Բազումի լեռները…
Միայն այս տեսարանի համար արժեր Արջագլուխ բարձրանալ:
Առաջին գործը, որ արեցինք՝ վրան խփելն էր: Ապա սարերից հավաքած խոտաբույսերով թեյ պատրաստեցինք, խմեցինք ու… քուն մտանք վրանի տակ: Արդեն արևը մայր մտնելու վրա էր, երբ արթնացանք ու գործի անցանք: Վազգենը փայտ էր ժողովում գիշերվա համար, իսկ ես գագաթին գտնվող ավերված մատուռից մնացած խաչքարն էի ուսումնասիրում: 15-րդ դարի խաչքար էր՝ բազում արձանագրություններով, որոնք ցավոք, հողմնահարված են ու նրա վրայի հիշատակարանը անդարձ կորած է ուսումնասիրողի համար: Տեսնես ով և ինչու՞ է այս սարերում խաչքար կանգնեցրել, ի՞նչ կա նրա վրա արձանագրված…
Գիշերը գագաթին անկրկնելի էր… Վրանի առջև կամաց բոցավառվում էր խարույկը՝ իր մեջ աստիճանաբար խորովելով մեր նախաճաշը՝ կարտոֆիլը: Կողքին թշշում էր փոքրիկ, զինվորական կաթսան, որ մեզ համար թեյ էր թրմում ուրցից, ղանթափուց, դաղձից ու մոռենու տերևներից պատրաստած փնջով…
Իսկ մենք մեջք տված երկրին՝ աստղերի կայծկլտոցն ենք նայում ու նրանց ձայնն ունկնդրում: Այո, աստղերի ձայնը:
Փորձեք սար բարձրանալ ու անդորրի, բացարձակ լռության մեջ լսել բոցավառվող աստղերի ձայնը: Վայելք է… վերևում աստղերից կազմված գորգ է, ներքևում՝ կանաչը փակած մշուշն է…
Քնեցինք… քնապարկ ունեինք, բայց առավոտվա կողմ արթնացանք ցրտից: Լուսաբաց էր…
Հրաշք է լուսաբացը Գուգարաց լեռներում: Նրա մոտալուտը ազդարարում են անտառի թռչունները, ծառերի սվսվունը, ձորերի մեջից բարձրացող թուխպը…
Արևելքում սկզբից մի բարակ ասեղ ծագեց… արևի առաջին շողը, որ նետի պես բացվեց, տարածվեց ողջ տեսադաշտով: Ապա կամաց-կամաց արևի սկավառակը բարձրացավ վեր: Մեկեն չորս կողմդ աշխուժանում է, մեկեն կենդանություն ստանում ամեն ինչ: Փոխվում են գույները, երանգները…Օրը բացվում է…

Վահե Անթանեսյան

16.08.2014

Facebooktwittergoogle_pluslinkedin