ԳԻՔՈՐԸ. վերլուծություն

Ցանկացած երևույթի, իրադարձության քննարկում պետք է կատարել տվյալ ժամանակահատվածի կոնտեքստում: Եվ եթե այդ իրադարձությունը կամ երևույթը սկսում ենք դիտարկել այդ ժամանակաշրջանից և տարածարջանից դուրս՝ բոլորովին այլ պատկեր ենք ստանում, և երևույթի ընկալումը ոչ միայն բարդ է, այլև՝ զավեշտալի:

Բայցևայնպես, փորձենք քննարկել հայ գրականության հսկայի՝ Հովհաննես Թումանյանի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ Գիքորը, որ ժամանակին՝ խորհրդային դպրոցում ուսուցման պարտադիր՝ ծրագրային նյութերից էր:

Բնականաբար, Գիքորը խորհրդանշում էր աշխատավոր, չարքաշ, բայոյական հարուստ նկարագրով բարի շինականին, իսկ Բազազ Արտեմը կոպիտ, գռեհիկ, շահագործող ոմն, ով ներկայացվում էր որպես կապիտալիստի դասական կերպար: Ի դեպ, այս կերպարները նույնակերպ ընկալում ունեն նաև համանուն ֆիլմում:

Այն, որ Թումանյանը հանճարեղ գրող է և նրա ստեղծագործություններն անմահ են ու ժամանակի և տարածության ամեն քննություն կարող են բռնել՝ կասկածից վեր է: Սակայն. Արդյո՞ք մենք ճիշտ ենք ընկալել մեծն Թումանյանի ստեղծագործությունը: Արդյո՞ք նրա այս ստեղծագործության  տողատակում ծաղր չէ թաքնված ժամանակի ընդունված արժեքների և գիքորների նկատմամբ:

Այս գրառումս իրավ, նաև հումորային բնույթ ունի, սակայն ի՞նչ կատակ, եթե դրա մի մասը գոնե… կատակ չէ…

Եվ այսպես…

Գյուղացի Համբոյի տանը կռիվ էր ընկել…

Այս հայտնի տողերով է սկսվում պատմվածքը:

Գյուղացի Համբո… Առհասարակ գյուղ և գյուղացի եզրերը 19-րդ դարավերջի հայ իրականության մեջ մռայլ գույներով են ներկայացված: Հայ գյուղն իրենից ներկայացնում էր կեղտոտ, անբարեկարգ մի միջավայր, իսկ հայ գյուղացին՝ տգետ, անգրագետ, անկիրթ, շատ դեպքերում՝ վատ սովորություններով, բարոյապես ու մտավոր առումներով աղճատված կերպար: Հենց նույն Թումանյանի ստեղծագործություններում՝ ,,Լոռվա ձորերում,, ,,Գաբո բիձու շերամապահությունը,, և այլն… Նույնկերպ են հայ գյուղն ու գյուղացուն ներկայացնում ժամանակի մյուս գրողները նույնպես:

Հետևաբար՝ Գյուղացի Համբոն Թումանյանի գրչով հենց այդ կերպարն է՝ տգետ, երբեմն՝ գռեհիկ, անկարող, անբարեհույս մի կերպար:

Համբոն ուզում էր տաս-տասներկու տարեկան երեխային՝ Գիքորին, քաղաք տանել…

Ներեցեք, բայց մեր ժամանակների արժեհամակարգով սա կոչվում է մանկական թրաֆիկինգ…

Որքա՞ն էր Համբոն անմեղսունակ ու անկարող, որ իր ընտանիքի հոգսը դնում էր մանուկ Գիքորի ուսերին: Ի դեպ. Եթե անգամ երևույթը քննարկենք 19-րդ դարավերջի Դսեղի իրականության կոնտեքստում, ապա Դսեղն իրենից ներկայացնում էր հիմնականում շեն ու առատ մի գյուղ, ուր մարդիկ հիմնականում բնակվում են առանց որոշակի սոցիալական խնդիրների: Չե՞ք հավատում… բարի եղեք Ազգային արխիվում նայել Դսեղի և Լոռվա տարածաշրջանի մյուս գյուղերի ծխամատյանները… տեսեք. Ամեն գերդաստան տասնյակ, երբեմն՝ հարյուրավոր անասուններ ուներ, ընդարձակ վարելահողեր… և եթե կային աղքատ մարդիկ, ապա այդ աղքատության մեղավորները հիմնականում հենց իրենք էին:

Բազազ Արտեմի կերպարը. Թե ինչու՞ է նա ներկայացվում բացասական երանգով՝ չեմ հասկանում: Մարդ, ով աշխատում է, վաստակում իր արդար քրտինքով: Ունի աշխատանք, մեծ ընտանիք, օրինակելի կերպար է: Չի՛ շորթում, չի՛ գռփում, վաշխառությամբ չի՛ զբաղվում: Իր հարկի տակ հյուրընկալեց Համբոյին, նրա անգրագետ, ոչինչ չիմացող, անբարեհույս զավակին գործի  ընդունեց…

Ո՞ր գործարարը հիմա իր հարկի տակ կընդունի գյուղից փախած որևէ մեկին, ով ցանկանում է քաղաքում հաստատվել:

Ի դեպ. Գիքորն իսկապես անպիտան էր ցանկացած աշխատանքի համար: Տարրական քաղաքավարությունից զուրկ, ոչինչ չի կարող անել, անպատասխանատու է, ծույլ, մարդկանց հետ շփման կարողություն չունի… (նրանից համակարգչային գիտելիքներ, օտար լեզուների իմացություն և դիպլոմներ չեն պահանջել):

Այն, որ  Բազազ Արտեմի դարբնոցում մարդիկ կարող էին աճել ու մի կտոր հացի տեր դառնալ՝ դա իր պատմվածքում ներկայացնում է Թումանյանը: Ահավասիկ՝ Վասոյի կերպարը, ով աշակերտից արդեն դարձել էր գործերի կառավարիչ: Հետևաբար՝ շահագործման մասին խոսք լինել չէր կարող:

Գուցե թե առարկեք, որ Բազազ Արտեմը Գիքորին ընդունել է մի քանի տարի անվճար աշխատելու պայմանով. Այո, բայց չէ՞ որ դա ժամանակին ընդունված աշխատաոճ էր և սույնով Արտեմը որևէ օրենք, նորմ, ո՛չ բարոյական, ո՛չ իրավական, չի խախտել:

Նա ապաստան է տվել գյուղից եկած և բացառապես անկարող Գիքորին՝ փորձելով սովորեցնել, փորձելով, Թումանյանի խոսքերով ասած՝ Մարդ սարքել…

Եվ, որևէ մեկդ, գործարար թե մտավորական. Կունենայի՞ք նույնքան համբերություն, ձեր տներում գյուղից փախած գիքորներին ապաստան տալու և Մարդ սարքելու համար… միայն թե անկեղծ եղեք;

Չստացվեց… և չստացվեց՝ միմիայն Գիքորի անբարեհույս ու անկարող լինելու պատճառով…

Մի խոսքով… ահա Գիքորի իմ ընկալումը: Եվ իմ խորին համոզմամբ՝ Թումանյանը հենց ա՛յս Գիքորին է կերտել:

Մանավանդ, չմոռանանք, որ իրենք, Թումանյաններն էլ հեռու էին աղքատ կենսակերպից և նրան չէր կարող խորթ լինել շենությունը, աշխատանքը, լիությունը, հարստությունը…

Գուցե իսկապես փորձե՞նք վերանայել մեր հայացքները իրերի և երևույթների նկատմամբ…

Facebooktwittergoogle_pluslinkedin