ԳԱԹԻ ԾԱՌԸ

OLYMPUS DIGITAL CAMERA

Նա մեր սարերի ամենանշանավոր ու ամենահյուրընկալ ծառն էր: Հյուրընկալ, որովհետև սար բարձրացող ամեն հովեկ պարտադիր կանգ էր առնում նրա սաղարթների տակ, նստում սալ քարին, ուսապարկից հանում Մոշուտ աղբյուրի ջրից լցված տափաշիշն ու ծարավը հագեցնելուց հետո պատմում այս ծառի պատմությունը:
Իսկ ունկնդիր միշտ կգտնվեր, քանի որ գրեթե ոչ ոք մենակ սար չէր բարձրանում:
Մեր սարերն անվտանգ են. արջ հազարից մեկ է պատահում, իսկ գայլերը սովորաբար մարդկանց վրա չեն հարձակվում: Ուղղակի, պապական խոսք է` ՙՄենակ սարը չեն գնա: Քարից, ծառից վեր ընկնել կա, բան կա…՚:
Սարի ճամփան դիք է, դժվարանցանելի: Մինչև կապի գլուխը մանավանդ, հևիհև հազիվ բարձրանում ես, ու հաճախ ես հանգստի կարիք զգում: Գյուղացիք հազարամյակներով ձևավորված ավանդույթ ունեն: Առաջին կանգառը Մոշուտ աղբյուրն է, որի սառնորակ, ամառ թե ձմեռ բազկիդ հաստությամբ հորդացող ակից ջրի պաշար են վերցնում ու բարձրանում: Հաջորդ կանգառը սովորաբար Տափի ղաշն է: Առավել երիտասարդները կամ շտապողները Տափի ղաշում չեն հանգստանում, բայց Գաթի ծառի մոտ բոլորի կանգառը պարտադիր է:
Ապա ճանապարհը ձգվում է դեպի վեր, ու Կարմիրքար, Կապի գլուխ, Վարդանի բինատեղ ՙկայարաններից՚ հետո քո առջև բացվում է Սեդվի սարը` իր կուսական ու խիտ անտառներով, մաքրեմաքուր օդով ու գեղեցիկ բացատներով:
Սարից իջնողները` հովիվ լինի թե մոշ կամ մոռ հավաքող գյուղացի, մյուս կանգառներում կանգ չեն առնում, շտապում են րոպե առաջ տուն հասնել, համ էլ` վայրէջքն այնքան էլ դժվար չէ, բայց Գաթի ծառի տակ նրանք էլ անպայման կանգնում են մի պահ ու նրա փչակում սարից հետ բերած ուտելիք թողնում:
Բայց վերջապես ինչու՞մ է Գաթի ծառի խորհրդավորությունը, ի՞նչ հմայք ունի իր մեջ պարփակված:
Այդ փչակավոր կաղնու մասին շատ պատմություններ են պատմել, նրա անվանումը ամեն ոք տարբեր կերպ է մեկնում, ես էլ ձեզ կպատմեմ այնկերպ, ոնց որ լսել եմ իմ առաջին ուսուցչից` պապիցս, ով չորս տարեկան էի, երբ էշին նստեցրեց ու ինձ հետը առաջին անգամ սարը տարավ` ողջ ճանապարհին հոգիս լցնելով գյուղական անցած-գնացած օրերի մասին հին պատմություններով…
1896 թվականին գյուղում Արևմտյան Հայաստանից, ջարդերից փախած նոր ընտանիք հաստատվեց: Ամուսինն էր, հղի կինը, երեք երեխան: Եկվորները ոչինչ չունեին: Յաթաղանից մազապուրծ` փախել-հասել էին Լոռվա ձորերը: Թե ոնց էին մեր գյուղ ընկել` ոչ ոք չգիտեր: Ինչևէ, մի խարխուլ, փլեկ տուն էին գտել, գյուղացիների օգնությամբ նորոգել ու ծածկ ու տանիք սարքել:
Վարդանը արհեստ չգիտեր, իմանար էլ` մեր փոքրիկ գյուղում իր արհեստով չէր կարող ապրել, ու ճարահատյալ, գյուղացիների խորհրդով գյուղի այծարածը դարձավ:
Մեր գյուղում կով ու ոչխար պահող քիչ կա: Դրա համար հարմար նախ արոտ չկա, ծմակն էլ` լիքը փուշ: Ոչխարը լավ չի աճում, փուշը բռնում ա բրդից, գզգզում խեղճ անասունին: Այդ պատճառով գյուղացիք հիմնականում այծեր են պահում:
Եկվոր այծապանը մի քանի ամիս աշխատեց միայն, ու մահացավ թոքախտից:
Տան ողջ հոգսը մնաց նրա տասներկուամյա տղայի ուսերին: Գյուղացիք համայնական միջոցներով թաղումն արեցին ու տղային վստահեցին հոր գործը: Պատանին պատվախնդիր էր, պարտաճանաչ կատարում էր իրեն վստահված աշխատանքը: Մեր սարերին արդեն սովորել էր, գիտեր ամեն մի ծառը, թուփը, արոտը… Բայց դե երեխան երեխա է` միամիտ, պարզ…
Վերի թաղում մի բարի կին էր ապրում` Մարուշը: Այծերն անտառ տանելիս տղան միշտ նրանց տան մոտով էր անցնում, ուրախ-զվարթ ձայն տալիս. ՙՄարուշ բաբո, այծերը…՚
Մարուշն այծերը դուրս էր հանում գոմից ու խառնում մնացած հոտին, ձեռքի հետ էլ տղայի գրպանը խոթում մի բրթուճ` որ սոված չմնա, ուտի:
Ձմռան մի ցուրտ օր Եփրեմն այծերն առաջն արած` դարձյալ սար էր բարձրանում: Նա դարձյալ ձայնեց Մարուշ բաբոյին: Մարուշն այծերը հանեց գոմից, մոտեցավ պատանուն, նայելով նրա դալուկ, տխուր դեմքին, հարցրեց.
-Ի՞նչ է պատահել Եփրեմ ջան:
-Հեչ, Մարուշ բաբո, մամայի ազատվելու ժամանակն ա, հիվանդ ա, էսօր էլ սիրտը գաթա ուզեց… ես գաթա որտեղի՞ց ճարեմ խեղճ մորս համար:
Ասաց ու գլուխը կախ բարձրացավ իր գործին:
Երեկոյան սահմանված ժամին Եփրեմն այծերն առաջն արած իջնում է սարից: Գյուղի վերևում, սարի ճամփին մի փչակավոր կաղնի կար: Մարուշ բաբոն կաղնու մոտ ցախ էր դարսում պարանին, որ դնի էշին, գյուղ իջեցնի: Եփրեմը վրա հասավ բաբոյին, կապեց ցախը, կապոցն ամրացրեց էշի վրա ու շտապեց ցած` այծերի հետևից:
-Եփրեմ, այ բալա, գաթա չես ուտի՞:
Պատանին զարմացավ:
-Գաթա՞: Որտեղի՞ց…
-Արի, այ բալա, էս ծառը տեսնու՞մ ես, սա Գաթի ծառն ա, ամեն օր ալերը այս ծառի փչակում երկու կտոր գաթա են դնում: Ամեն օր անցնելիս թաքուն կվերցնես, տուն կտանես:
Պատանու դեմքը պայծառացավ: Դողացող ձեռքերով վերցրեց գաթաները, շոշափեց ու մոռացած այծերին էլ, Մարուշ բաբոյին էլ` վազեց գյուղ….
Դրանից հետո օրեր շարունակ, մինչ Եփրեմի մոր ծննդաբերությունը պատանին ծառի փչակից գաթա էր հանում…
Եփրեմի ուրախությանը չափ չկար: Չնայած Մարուշ բաբոյի զգուշացումներին` պատանին իր ուրախությունը կիսում էր ամենուր: Գյուղացիք սկզբից խենթի տեղ էին դնում պատանուն, բայց երբ պարզվեց իսկությունը` բոլորը միայն բարեհոգի ժպտում էին Մարուշի մեծահոգության վրա: Դժվար ժամանակներ էին…
Բայց ալերի բարությունը Եփրեմի հանդեպ դրանով չավարտվեցին: Պատանին ծառի փչակում երբեմն սնունդ էր գտնում, երբեմն` հին, կիսամաշ հագուստ, որ իրեն պետք էր…
Մարուշ բաբոն գեղեցիկ ավանդույթի հիմք դրեց գյուղում…
Շուտով մահացավ նաև բարեսիրտ կինը, բայց Գաթի ծառի փչակը չդատարկվեց….
Ու մինչ այսօր սարվոր կլինի թե անցորդ, միշտ սարից տուն դառնալիս մոլորյալ կամ պատահական հովեկի համար Գաթի ծառի փչակում մի բան է թողնում` թխվածք, աղ, հաց… ասում են սարից բերած հացը համեղ է… մանավանդ Գաթի ծառինը….
25.05.2014

Facebooktwittergoogle_pluslinkedin