ԳԱԳԻԿ Բ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

1041 թվականին մահացան Բագրատունյաց արքայատոհմի երկու գահակալները՝ թուլակամ Հովհաննես-Սմբատ Գ արքան (1020-1041) և նրա եղբայրը՝ Աշոտ Դ (1021-1041)։ Հայոց շահնշահ Հովհաննես-Սմբատ Գ ժառանգ չուներ․ նրա Երկաթ անունով որդին մահացել էր մանկահասակ տարիքում։ Ժառանգական իրավունքով Անվո գահը և Շահնշահի տիտղոսը պետք է անցներ Աշոտ Դ որդուն՝ 18-ամյա Գագիկին։ Սակայն քաղաքական խառնակ իրավիճակի պատճառով նա թաքնված էր։

Դեռ 1021 թվականին, դավաճան Պետրոս Գետադարձ կաթողիկոսն օգտվելով իրեն ընձեռնած լիազորություններից՝ Տրապիզոնում կտակ էր գրել ու հանձնել բյուզանդական Վասիլ Բ կայսրին, որ հայոց Հովհաննես-Սմբատ Գ արքայի մահից հետո հայոց երկիրը պետք է ժառանգեին բյուզանդացիները։

Արքայի մահից հետո բյուզանդական բանակները ներխուժեցին Հայաստան։ Սակայն հայոց բանակը քաջարի սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջարդեց նրանց և վտարեց Հայաստանից։

Ապա հայոց իշխանները Վահրամ Պահլավունու առաջնորդությամբ հավաքվեցին և երիտասարդ Գագիկ արքայազնին 1042 թվականին բազմեցրին Անվո գահին։ Հայոց պատմիչները 18-ամյա Գագիկին բնութագրում են որպես խոհեմ և աստվածասեր։

Օգտվելով երկրի խառնակ վիճակից՝ հայոց իշխաններից Վեստ Սարգիս Սյունեցին թալանել էր արքայական գանձարանն ու գանձերով ամրացել Սուրմարի բերդում։ Նորընծա արքայի առաջին գործը եղավ Սուրմարիի գրավումն ու արքայական գանձարանի ազատումը։ Սակայն երիտասարդ արքան հետևողական չեղավ Սարգիս Սյունեցու դավաճանությունը պատժելու գործում, նրան ներում շնորհեց։

Ապա Հայաստանին սպառնացին դելմիկների թյուրքական ցեղախմբերը, որոնք ներխուժեցին հայոց երկրի ներաշխարհ ու սպառնալիք ստեղծեցին պետության համար։ Սակայն 1042 թվականին Բջնիի ճակատամարտում նրանց ջախջախեց հայոց իշխանաց իշխան Գրիգոր Մագիստրոս Պահլավունին։

Բյուզանդական հայազգի կայսր Կոստանդին Մոնոմախը որոշում է վերջնականապես նվաճել Բագրատունիների թագավորությունն ու այն կցել կայսրությանը։ Հասկանալով, որ ռազմի դաշտում այդ ծրագիրն անիրագործելի է, կայսրը դիմում է խարդախության։ Նա հայոց երկրում իր հենարանները հանդիսացող կաթողիկոս Պետրոս Գետադարձի ու Վեստ Սարգիս Սյունեցու միջոցով իր մոտ բանակցությունների է հրավիրում հայոց արքային։ Չնայած, որ հայոց ավագանուց շատերը դեմ էին արքայի գնալուն, Գագիկ Բ հավատալով կաթողիկոսին ոչ միայն մեկնում է Պոլիս, այլև իրենից հետո երկրի տեր ու տնօրեն է կարգում նրան։

Պոլսում Գագիկ Բ արքայավայել ընդունելություն ցույց տվեցին։ Սակայն օրեր անց, Պետրոս Գետադարձ կաթողիկոսը Բյուզանդիա ուղարկեց Անվո բանալիները և կայսրն արդեն այլ դիրքերից սկսեց խոսել Գագիկ արքայի հետ։ Մեկ ամիս բանակցելուց հետո, Գագիկ Բ հայոց թագավորությունը զիջեց կայսրությանը, դրա փոխարեն ստանալով աննշան կալվածքներ՝ Պիզու և Կալոն Պեղատ բերդաքաղաքները Կապադովկիայում։ Այդպես անփառունակ վախճան ունեցավ Բագրատունիների թագավորությունը։

Գագիկ Բ կյանքի հետագա ընթացքը ողբերգական էր ու արկածներով լի։

Կայսրը Գագիկ Բ տիտղոսներ շնորհեց․ նրա կնիքի վրա դրված էր․ Գագիկ Անեցի, Խարսիանոնի պրոտոպրոեդրոս և պրոտոդուքս։ Սակայն, բնականաբար, դա ձևական տիտղոս էր և Գագիկ Բ կայսրության ներքաղաքական կյանքում որևէ ազդեցություն ունենալ անկարող էր։

Նա իր նստավայր Պիզու քաղաքում կառուցեց Պիզուի վանքը։

Ապա հայոց գազուրկ արքան ամուսնացավ Վասպուրականի թուլամորթ թագավոր Սենեքերիմ Արծրունու թոռնուհու՝ Դավիթ Արծրունի արքայազնի դստեր՝ Մարիամի հետ։ Մարիամը նրան երեք զավակ պարգևեց։

1064 թվականին սելջուկ թուրքերը Ալփ-Ասլանի գլխավորությամբ ջախջախելով բյուզանդական բանակը՝ գրավեցին հայոց մայրաքաղաք Անին։ Սելջուկների գլխավոր խնդիրը Բյուզանդիան ծնկի բերելն էր, որի համար նրանց դաշնակիցներ էին անհրաժեշտ։ Իսկ ամենահարմար դաշնակիցը կարող էին հայերը լինել, քանզի տարածաշրջանում ամենամեծ ռազմական ու տնտեսական կարողությունն ունեին, մեծ էր հայերի ազդեցությունը կայսրությունում, նաև՝ Բյուզանդիան թշնամի էր Հայաստանին ու հայությանը։

Եվ Ալփ-Ասլանը պատգամավոր է ուղարկում Գագիկի մոտ, դաշինք առաջարկում։ Թուրք սուլթանը պատրաստակամություն էր հայտնում նաև Անին նրան շնորհել, միայն թե՝ հայերը դաշնակցեն սելջուկների դեմ, ընդդեմ կայսրության։ Սակայն հայոց անհեռատես թագազուրկ արքան հրաժարվում է ընդունել Ալփ-Ասլանի առաջարկը, ինչպես պատմիչ Արիստակես Լաստիվերցին է նշում՝ հավատքի պատճառով։

Լինելով անհեռատես քաղաքագետ՝ Գագիկ Բագրատունին լավ աստվածաբան էր, ինչն էլ հիմք է տվել հայ կղերական պատմիչներին՝ փառաբանել նրան։

Կայսրությունը փորձեց Ատոմ և Աբուսահլ Արծրունիներին ստորագրել տալ փաստաթուղթ, որով հայերը համաձայնություն են տալիս  քաղկեդոնական եկեղեցու հետ միաբանվելու։ Անգամ Հայ առաքելական եկեղեցու, Պոլսում գտնվող ներկայացուցիչն ստորագրել էր միաբանման այդ թուղթը։ Սակայն Արծրունի եղբայրները ձեռնպահ են մնում փաստաթուղթն ստորագրելուց, պահանջելով, որ մայրաքաղաք կանչեն իրենց փեսային՝ Գագիկ Բ։ Գահազուրկ արքան Պոլիս գալով՝ Սուրբ Սոֆիա տաճարում դավանաբանական վեճի է բռնվում տասնյակ հույն հոգևորականների հետ և հաղթում, որով դավանական միության հարցը հանվում է օրակարգից։

Պատմիչները նաև հիացմունքով են խոսում գահազուրկ արքայի մի «մեծագործության» մասին։

Կեսարիայի հույն մետրոպոլ արքեպիսկոպոս Մարկոսը մի ամեհի շուն ուների, որին Արմեն էր անվանակոչել՝  դրանով նվաստացնելով հայությանը։ Գագիկ Բ շքախմբով այցելում է Մարկոսին։ Վերջինս ճոխ հյուրասիրություն է կազմակերպում արքայի համար։ Վերջում, գինովցած արքան նրան ասում է, որ լսել է ամեհի շան մասին, կուզեր տեսնել նրան։ Մարկոսը հարկադրաբար բերել է տալիս շանը։ Երբ արքան պնդում է, որ շանը մոտ կանչի՝ հոգևորականը կանչում է․

-Շու՛ն, մոտ եկ։

Բնականաբար, շունը չի արձագանքում։

-Շանն անունով կանչիր, որ մոտ գա,-պնդում է Գագիկ Բագրատունին։

Մարկոսը շիկնում է, արդարանում․- Նա քաջ շուն է, այդ պատճառով նրան Արմեն եմ կոչել։

Այնժամ, Գագիկն ասում է․-Հիմա կտեսնենք հույն հոգևորականն է քաջ, թե՞ նրա Արմեն անունով շունը։

Արքայի թիկնապահները բռնում են շանն ու Մարկոսին, երկուսին էլ խցկում են նախապես կարված կաշվե մեծ պարկի մեջ ու սկսում գանահարել շանը։ Կատաղած շունը խեղդամահ է անում Մարկոսին։

Գագիկի մի որդին ամուսնացել էր Տարսոնի Ապլղարիբ իշխանի հետ։ Փեսայի և աներոջ հարաբերությունները սահուն չէին, և Ապլղարիբը կալանավորում է Գագիկի որդուն ու Տարսոնում բանտ նետում։

Դրա վրա զայրացած՝ Գագիկ գահազուրկ արքան ուղևորվեց Տարսոն՝ ազատելու որդուն։ Սակայն Ապլղարիբը հրաժարվեց ազատ արձակել իր փեսային։ Այնժամ, զայրացած արքան կալանավորեց Ապլղարիբի իշխանության տակ գտնվող մի քանի հայ և հույն ազնվականների և երկաթե շղթաներով տեղափոխելով իր մոտ՝ բանտարկեց Պիզուում։

Դրանից շատ չանցած՝ հայոց գահազուրկ արքան սպանվեց։ Հույները ցանկանում էին վերացնել Գագիկ Բագրատունուն։ Հերթական անգամ, երբ նա իր 1000 մարտիկներից բաղկացած թիկնազորով շրջում էր, Կիզիստրա բերդի տերերը՝ հույն Մադալե երեք եղբայրներ, նրան ընդառաջ գնալով՝ հրավիրեցին իրենց ամրոց։ Գագիկը միամտաբար իր զորքը թողնելով ամրոցից դուրս՝ միայն 3 հոգով մտավ հույների ապարանք։ Նրան ճոխ հյուրասիրեցին։ Արքան հարբեց և․․․ ուշքի եկավ, երբ արդեն զնդանում էր։

Հայոց իշխաններն անմիջապես զորահավաք արեցին ու արշավեցին Կիզիստրա ամրոցի վրա։ Սեբաստիայից զորքով ժամանեցին Գագիկի կնոջ եղբայրները՝ Ատոմ և Աբուսահլ Արծրունիները, Ծամդավի Գագիկ Աբասյան Բագրատունի գահազուրկ արքան (Կարսի նախկին արքան, ով 1055 թվականին իր երկիրը կամավոր հանձնեց Բյուզանդիային), Մանդալե եղբայրներին սպառնալից նամակ ուղարկեց Քեսունի տեր Փիլարտոս Վարաժնունին, բայց հույն եղբայրները ոչ միայն անդրդվելի մնացին, այլև մետաղալարով հայոց արքային կախեցին բերդի պարիսպներից։ Իսկ ամրոցը պաշարած հայոց զորքն անկարող լինելով որևէ բան անել՝ հետ քաշվեց։ Արքայի դիակը մեկ օր մնաց պարսպից կախ, ապա նրան հողին հանձնեցին ամրոցից ոչ հեռու։ Միայն վեց ամիս անց Բանիկ անունով մի մարդ կարողացավ գիշերը գաղտագողի արքայի շիրիմը քանդել և նրա մարմինը տեղափոխելով Պիզու ամրոց, թաղեց վանքում։

Գագիկի սպանության վրեժը հետագայում լուծեց Կիլիկիայի հայոց զորեղ իշխանապետ Թորոս Ռուբինյանը։

Շուտով սպանվեցին նաև Գագիկի ժառանգները։ Նրա ավագ որդին Հովհաննեսն էր։ Նա ամուսնացել էր Անիի բյուզանդական դքսի դստեր հետ և  ուներ Աշոտ անունով որդի։ Հովհաննեսն ընտանիքով բնակվում էր նախ Անիում, ապա այնտեղ հալածվելով բյուզանդացիների կողմից, անցավ Վրաստան, ապա՝ Պոլիս։ Այստեղ նրան թունավորելով սպանեցին բյուզանդացիները։  Իսկ Աշոտն Անի էր այցելել՝ տեսնելու իր նախնյաց հայրենիքը և այնտեղ թունավորվեց Մանուչե ամիրայի հրամանով։ Մանուչեն բնականաբար, ցանկանում էր ասպարեզից վերացնել Անիի իրավական ժառանգորդներին։

Իսկ Գագիկի մյուս որդին՝ Դավիթը, որ Ապլղարիբի փեսան էր, աներոջ կողմից ձերբակալվեց, Տարսոնում բանտ նետվեց և թունավորվելով, սպանվեց բանտում․․․ Ամենայն հավանականությամբ, Ապլղարիբն սպանելով իր փեսային, ցանկանում էր հաճոյանալ բյուզանդական իշխանություններին։

Գագիկ Բ ուներ նաև Մարիա անունով դուստր։ Գերմանիայի թանգարաններից մեկում կա պահպանված նրա կնիքը, մակագրված՝ Մարիա՝ դուստր Գագիկ Անեցու։

 

Վահէ Լոռենց

 

Facebooktwittergoogle_pluslinkedin